‘Քայլե՛ք Քրիստոսի հետ’
«Արդ՝ ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով [«քայլե՛ք նրա հետ», ՆԱ]» (Կողոսացիս 2։6)։
1, 2. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Եհովայի հավատարիմ ծառա Ենովքի կյանքը։ բ) Եհովան իր հետ քայլելու համար ինչպիսի՞ օգնություն է տվել մեզ, ինչպես դա երևում է Կողոսացիս 2։6, 7 համարներից։
ԵՐԲԵՎԷ նկատե՞լ եք, թե երեխան ինչպես է քայլում հոր հետ։ Այդ փոքրիկ էակը հիացմունքից հրճվում է, երբ իր յուրաքանչյուր քայլը նմանեցնում է հորը։ Իսկ հայրն իր հերթին օգնում է մանչուկին՝ սիրո և գորովանքի զգացումից փայլելով։ Եհովան ճիշտ այսպիսի նկարագիր է օգտագործում բնութագրելու համար իրեն հավատարիմ ծառայողի կյանքը։ Օրինակ՝ նրա Խոսքն ասում է, որ հավատարիմ Ենովքը «Աստուծոյ հետ քալեց» (Ծննդոց 5։24; 6։9, Արևմտահայերեն թարգմանություն)։
2 Ինչպես հոգատար հայրն է ցանկանում օգնել իր հետ քայլող փոքրիկին, այնպես էլ Եհովան, երկիր ուղարկելով իր միածին Որդուն, հնարավոր լավագույն օգնությունն է տվել մեզ։ Իր երկրային կյանքի ընթացքում կատարած յուրաքանչյուր քայլով Հիսուս Քրիստոսը կատարելապես արտացոլեց երկնային Հորը (Յովհաննէս 14։9, 10; Եբրայեցիս 1։3)։ Այսպիսով՝ Աստծու հետ քայլելու համար անհրաժեշտ է Քրիստոսի հետ քայլել։ Պողոս առաքյալը գրեց. «Արդ՝ ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով [«քայլե՛ք նրա հետ», ՆԱ]՝ արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ» (Կողոսացիս 2։6, 7)։
3. Համաձայն Կողոսացիս 2։6, 7–ի՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Քրիստոսի հետ քայլելու համար մկրտվելուց բացի ավելին է հարկավոր։
3 Աստվածաշնչի ազնվասիրտ ուսումնասիրողները մկրտվում են, քանի որ ցանկանում են քայլել Քրիստոսի հետ՝ ջանալով հետևել նրա կատարյալ քայլերին (Ղուկաս 3։21; Եբրայեցիս 10։7—9)։ Միայն 1997 թ.–ին այս վճռական քայլին դիմեցին ավելի քան 375 000 անհատներ, այսինքն՝ ամեն օր միջին հաշվով 1 000–ից ավել մարդ է մկրտվել։ Ինչպիսի՜ տպավորիչ աճ... Սակայն Պողոս առաքյալի՝ Կողոսացիս 2։6, 7–ում արձանագրված խոսքերը ցույց են տալիս, որ Քրիստոսի հետ քայլելու համար մկրտվելուց բացի ավելին է հարկավոր։ Հունարեն «ընթանալ» [«քայլել», ՆԱ] բայն արտահայտում է անընդհատ շարունակվող, առաջ ընթացող գործողություն։ Պողոսն ավելացնում է, որ Քրիստոսի հետ քայլելն իր մեջ չորս երեսակներ է ընդգրկում՝ լինել արմատավորված Քրիստոսի վրա, լինել կառուցված նրա վրա, հաստատ մնալ հավատի մեջ և աճել նրա մեջ՝ գոհությամբ։ Եկեք միասին խորհենք յուրաքանչյուր արտահայտության վրա և տեսնենք, թե դա մեզ ինչպես կօգնի, որպեսզի շարունակենք Քրիստոսի հետ քայլել։
‘Արմատաւորուա՞ծ էք Քրիստոսի վրայ’
4. Ի՞նչ է նշանակում լինել «արմատաւորուած Քրիստոսի վրայ»։
4 Սկզբում Պողոսը գրեց, որ մեզ հարկավոր է ‘արմատաւորուած լինել Քրիստոսի վրայ’ (համեմատեք Մատթէոս 13։20, 21)։ Ինչպե՞ս կարող է անհատն այդ ուղղությամբ աշխատել։ Վերցնենք մի օրինակ։ Բույսերի արմատները թաքնված են մեր տեսադաշտից, բայց դրանք վճռորոշ դեր են խաղում բույսերի կյանքում, քանի որ սնունդ են մատակարարում և ամրացնում են նրանց։ Նույն կերպով Քրիստոսի օրինակն ու ուսուցումն են ներգործում մեզ վրա. նախ՝ աննկատելիորեն մեր մտքերում և սրտերում են տպավորվում, ապա՝ սնում և ամրացնում են մեզ։ Երբ թույլ ենք տալիս նրանց կառավարել մեր մտքերը, գործողություններն ու որոշումները, մեր կյանքերը Եհովային նվիրելու ցանկություն է առաջգալիս (Ա Պետրոս 2։21)։
5. Ինչի՞ շնորհիվ կարող ենք ‘փափագող լինել’ հոգևոր կերակուրին։
5 Հիսուսը սիրեց Աստծուց ստացած գիտությունը և այն նույնիսկ նմանեցրեց կերակուրի (Մատթէոս 4։4)։ Ահա թե ինչու իր Լեռան քարոզում նա Եբրայերեն գրությունների 8 տարբեր գրքերից 21 մեջբերում արեց։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ ինչպես Պետրոս առաքյալն է կոչ անում, մենք պետք է ‘փափագող լինենք’ հոգևոր կերակուրին «որպէս նորածին երեխաներ» (Ա Պետրոս 2։2)։ Երբ նորածին երեխան ձգտում է մայրական կաթին, բուռն ցանկությունն իր պահվածքով է արտահայտում։ Եթե մենք ներկայումս հոգևոր կերակուրի նկատմամբ չունենք նման ցանկություն, ապա Պետրոս առաքյալի խոսքերը խրախուսում են մեզ ‘փափագել’ նրան։ Ինչպե՞ս։ Սաղմոս 34։8–ում գրված սկզբունքը կարող է օգնել մեզ. «Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է»։ Եթե կանոնավորապես ‘ճաշակենք’ Եհովայի Խոսքը՝ Աստվածաշունչը, օրական թերևս մի հատված ընթերցելով, ապա կտեսնենք, որ դա հոգևոր առումով սննդարար է ու «համեղ», և ժամանակի ընթացքում կաճի մեր բուռն ցանկությունը։
6. Ինչո՞ւ է կարևոր կարդացածի շուրջը խորհելը։
6 Սակայն կարևոր է, որ կերակուրն ընդունելուց հետո այն լավ յուրացվի։ Հետևաբար, մենք կարիք ունենք կարդացածի շուրջը խորհելու (Սաղմոս 77։11, 12)։ Օրինակ՝ «Երբևիցե ապրած մեծագույն մարդը» գիրքն ընթերցելիս յուրաքանչյուր գլխից մեծ օգուտներ կքաղենք, եթե մեզ հետևյալ հարցն ուղղենք. «Քրիստոսի բնավորության ո՞ր գիծն եմ տեսնում այս պատմության մեջ և ինչպե՞ս կարող եմ դա անձնական կյանքումս կիրառել»։ Նման մտորումների շնորհիվ հնարավոր կլինի կարդացածը կիրառել։ Իսկ երբ որևէ որոշում կայացնելիս լինենք, կարող ենք մտածել, թե տվյալ պարագայում ինչպես կվարվեր Հիսուսը։ Եթե մեր որոշումը ներդաշնակ է նրա որոշման հետ, դա կապացուցի, որ իսկապես արմատավորված ենք Քրիստոսի վրա։
7. Ո՞րն է հոգևոր պինդ կերակուր ստանալու նպատակը։
7 Պողոս առաքյալը հորդորում է մեզ նաև ճաշակել «պինդ կերակուրը»՝ Աստծո Խոսքի ավելի խորը ճշմարտությունները (Եբրայեցիս 5։14)։ Աստվածաշնչի ամբողջական ընթերցումը այս հարցում կարող է մեր առաջին նպատակը դառնալ։ Դրան զուգընթաց կա նաև տարբեր թեմաներ քննարկող գրականություն, ինչպես օրինակ՝ Քրիստոսի զոհաբերական փրկանքի, իր ժողովրդի հետ Եհովայի կնքած ուխտերի մասին թեմաները, կամ էլ Աստվածաշնչի աչքի ընկնող մարգարեական հաղորդագրությունները։ Հումքի այսպիսի առատությունը կօգնի մեզ հոգևոր պինդ կերակուրը նախ՝ կլանելու, ապա՝ լավ յուրացնելու մեջ։ Իսկ ո՞րն է նման գիտություն ստանալու նպատակը. ինչ խոսք, ոչ պարծենալը, այլ՝ մեր սերը Եհովայի հանդեպ հաստատելն ու նրան է՛լ ավելի մերձենալը (Ա Կորնթացիս 8։1; Յակոբոս 4։8)։ Եթե մենք ցանկանալով ենք ձեռք բերում այս գիտությունը, կիրառում մեր կյանքում և այն օգտագործում ուրիշներին օգնելու համար, ապա ճշգրտությամբ կընդօրինակենք Քրիստոսին։ Դա պետք է մեզ օգնի, որպեսզի ինչպես հարկն է արմատավորվենք Քրիստոսի վրա։
‘Կառուցուա՞ծ եք Քրիստոսի վրայ’
8. Ի՞նչ է նշանակում լինել «կառուցուած Քրիստոսի վրայ»։
8 Քրիստոսի հետ քայլելու հաջորդ երեսակը նկարագրելու համար Պողոս առաքյալը բույսով պատկերված համեմատությունը հմտորեն փոխարինում է մեկ ուրիշով՝ կառույցով։ Երբ դիտում ենք գեղեցիկ շենքն ու պատկերացնում շինարարության ընթացքը, ակամա մտածում ենք ոչ միայն գցված հիմքի, այլ նաև կառուցվածքի մասին, որը հսկայական աշխատանքի շնորհիվ է մեր առջև այժմ կանգնած։ Նմանապես մենք էլ շատ ջանք պիտի թափենք Քրիստոսին հատուկ հատկանիշներն ու առանձնահատկությունները զարգացնելու համար։ Ինչպես Պողոս առաքյալը գրեց Տիմոթեոսին, այսպիսի աշխատանքն աննկատ չի մնում. ‘Թող առաջադիմութիւնդ յայտնի լինի բոլորին’ (Ա Տիմոթէոս 4։15; Մատթէոս 5։16)։ Որո՞նք են մեզ կառուցող քրիստոնեական գործերը։
9. ա) Որպեսզի մեր ծառայության մեջ ընդօրինակենք Քրիստոսին, ի՞նչ գործնական նպատակներ կարող ենք մեր առջև դնել։ բ) Որտեղի՞ց ենք իմանում, որ Եհովայի ցանկությունն է, որպեսզի ուրախությամբ ծառայենք իրեն։
9 Հիսուսը պատվիրել է մեզ քարոզել և սովորեցնել բարի լուրը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Նա թողել է համարձակ և ազդեցիկ վկայություն տալու կատարյալ օրինակ։ Իհարկե, մենք չենք կարող կատարելապես ընդօրինակել նրան։ Այնուհանդերձ, Պետրոս առաքյալն առաջարկում է մեզ. «Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին սո՛ւրբ պահեցէք ձեր սրտերում. պատրա՛ստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, որ կը հարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը» (Ա Պետրոս 3։15)։ Եթե դուք զգում եք, որ ‘պատրաստ չեք պատասխան տալու’, մի՛ հուսահատվեք։ Դրեք խոհեմ նպատակներ, որոնք ձեզ կօգնեն հետզհետե առաջադիմել սպասված արդյունքին հասնելու համար։ Կարող եք նախօրոք պատրաստվել և մշակել մարդկանց ներկայանալու զանազան կերպեր, կամ էլ ներգրավել մեկ–երկու նոր աստվածաշնչային համարներ։ Կարող եք նպատակ դնել հետաքրքրություն ցուցաբերող անհատներին ավելի շատ աստվածաշնչային գրականություն բաժանել, ավելի հաճախակի կատարել վերայցելություններ կամ սկսել աստվածաշնչային ուսումնասիրություն։ Բայց շեշտը պիտի դրվի ոչ թե տների, բնակարանների կամ ուսումնասիրությունների որոշակի քանակի, այլ՝ որակի վրա։ Խոհեմ նպատակներն ու դրանց հասնելու ջանքերը կօգնեն մեզ ուրախությամբ ծառայել։ Ահա՛ թե ինչ է ցանկանում Եհովան, որպեսզի մենք «ուրախութիւնով» ծառայենք նրան (Սաղմոս 100։2; համեմատեք Բ Կորնթացիս 9։7)։
10. Որո՞նք են այն քրիստոնեական գործերը, որ մենք պետք է կատարենք, և ինչպե՞ս են դրանք օգնում մեզ։
10 Քրիստոսի վրա կառուցվելուն նպաստող այլ գործեր էլ կան, որ պիտի ժողովում իրագործենք։ Ամենից կարևորը դիմացինի հանդեպ սեր ցուցաբերելն է, ի նկատի ունենալով, որ դա ճշմարիտ քրիստոնյաներին ճանաչելու հիմնական հատկանիշն է (Յովհաննէս 13։34, 35)։ Աստվածաշունչն ուսումնասիրելու ժամանակ մեզանից շատերի մոտ կապվածության զգացում է առաջ գալիս մեզ ուսուցանողների նկատմամբ, և դա լիովին հասկանալի է։ Սակայն կարո՞ղ ենք հետևել Պողոս առաքյալի «լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը» խորհրդին և ձգտել ծանոթություն հաստատել ժողովի այլ անդամների հետ (Բ Կորնթացիս 6։13)։ Երեցները նույնպես մեր սիրո և երախտագիտության կարիքն ունեն։ Եթե համագործակցենք նրանց հետ, որոնենք և ընդունենք նրանց աստվածաշնչային խորհուրդը, ապա որոշ չափով կթեթևացնենք երեցների ծանր աշխատանքը (Եբրայեցիս 13։17)։ Այս ամենը կաջակցի մեր՝ Քրիստոսի վրա կառուցվելուն։
11. Ինչպիսի՞ ռեալ տեսակետ պիտի ունենանք մկրտության վերաբերյալ։
11 Մկրտությունը հուզիչ իրադարձություն է։ Բայց մեզ չպետք է թվա, թե դրանից հետո մեր կյանքի յուրաքանչյուր պահին միևնույն ցնծությունը պիտի ապրենք։ Քրիստոսի վրա կառուցվելու մեծ մասն իր մեջ ներառում է ‘նո՛յն կանոնի համաձայն ընթանալը’ (Փիլիպպեցիս 3։16)։ Դա չի նշանակում միապաղաղ, ձանձրալի կյանքով ապրել, այլ՝ պարզապես առաջ ընթանալ ճշմարիտ ճանապարհով, այլ կերպ ասած, կառուցել հոգևոր լավ հատկություններ և օրեցօր, տարեցտարի շարունակել դրանցով ապրել։ Եկեք հիշենք. «Ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի» (Մատթէոս 24։13)։
‘Հաստա՞տ եք հաւատի մէջ’
12. Ի՞նչ է նշանակում լինել «հաստատ հաւատի մէջ»։
12 Նկարագրելով Քրիստոսի հետ քայլելու երրորդ երեսակը՝ Պողոսը հորդորում է մեզ լինել ‘հաստատ հաւատի մէջ’։ Մի թարգմանության համաձայն՝ «հաստատակամություն հավատի նկատմամբ» արտահայտության մեջ Պողոս առաքյալի օգտագործած հունարեն բառը «հաստատելու, երաշխավորելու և վերջնականապես օրինական դարձնելու» իմաստն ունի։ Եթե շարունակենք աճել գիտության մեջ, ապա լրացուցիչ պատճառներ կունենանք տեսնելու, որ Եհովա Աստծու նկատմամբ մեր հավատը հիմնված է փաստերի վրա, այլ խոսքով՝ օրինականորեն հաստատված է։ Արդյունքում՝ կաճենք հաստատակամության մեջ։ Սա բերում է այն բանին, որ Սատանայի աշխարհի համար գնալով ավելի դժվար է դառնում մեզ վրա ազդեցություն գործադրելը։ Հիշում ենք Պողոս առաքյալի հորդորը՝ ‘գալ չափահասներին սահմանուած ուսուցման’ (Եբրայեցիս 6։1)։ Իսկ հասունությունն ու հաստատակամությունը միասնաբար են գործում։
13, 14. ա) Առաջին դարի կողոսացի քրիստոնյաներն իրենց հաստատակամությանը սպառնացող ի՞նչ վտանգի հետ բախվեցին։ բ) Ի՞նչն էր մտահոգում Պողոս առաքյալին։
13 Առաջին դարի կողոսացի քրիստոնյաները իրենց հաստատակամությանը սպառնացող վտանգի հետ բախվեցին։ Պողոս առաքյալը նախազգուշացրեց նրանց. «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ» (Կողոսացիս 2։8)։ Պողոսը չէր ցանկանում, որ կողոսացիները, որոնք ‘[Աստծու] սիրելի Որդու արքայության’ հպատակներն էին դարձել, հրապուրվեին և հեռանային իրենց օրհնված դիրքից (Կողոսացիս 1։13)։ Ո՞րն էր մոլորվելու պատճառը։ Պողոս առաքյալն ընդգծեց «ճարտարամտութիւն» [«փիլիսոփայություն», ՆԱ] բառը, որն, ի դեպ, Աստվածաշնչում մեկ անգամ է գործածված։ Առաքյալը հույն փիլիսոփաներ Պլատոնին ու Սոկրատեսի՞ն էր արդյոք ակնարկում։ Թեև նրանց ազդեցությունը վտանգավոր էր քրիստոնյաների համար, սակայն այն օրերին «փիլիսոփայություն» բառը լայն կիրառում ուներ։ Սովորաբար այն մատնանշում էր տարբեր խմբակցությունների և դպրոցների դավանած ուսմունքները՝ անգամ կրոնական բնույթի։ Օրինակ՝ առաջին դարի հրեաներ Հովսեպոս Փլավիոսն ու Փիլոն Ալեքսանդրացին իրենց կրոնն անվանում էին փիլիսոփայություն՝ հավանաբար վերջինիս գրավչություն տալու նպատակով։
14 Պողոսին մտահոգող որոշ փիլիսոփայություններ կրոնական բնույթ էին կրում։ Կողոսացիներին ուղղած իր նամակում Պողոսը նույն գլխում գրված խոսքերը հենց նրանց հասցեագրեց, ովքեր սովորեցնում էին՝ «մի՛ մօտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր»՝ դրանով ակնարկելով Մովսիսական Օրենքի առանձնահատկությունները, որն իր վերջն էր գտել Հիսուսի մահով (Հռովմայեցիս 10։4)։ Այսպիսով՝ հեթանոսական փիլիսոփայությունների հետ զուգընթաց գործում էին նաև նման ազդեցություններ, որոնք սպառնում էին ժողովի հոգևոր վիճակին (Կողոսացիս 2։20—22)։ Պողոսը կրկին զգուշացնում է հեռու մնալ փիլիսոփայությունից, որն «աշխարհքիս սկզբունքների» (ԱԹ) մի մասն էր կազմում։ Այսպիսի կեղծ ուսուցումը մարդկային ծագում ուներ։
15. Ինչպե՞ս կարող ենք խուսափել Գրությունների վրա չհիմնված գաղափարների ազդեցությունից, որոնց հետ հաճախ ենք բախվում։
15 Մարդկային վեհ գաղափարներն ու պատկերացումները, որոնք հիմնավորված չեն Աստծո Խոսքի վրա, կարող են մեծ սպառնալիք հանդիսանալ քրիստոնյաների հաստատակամությանը։ Այսօր մենք էլ պետք է զգուշանանք նման վտանգներից։ Հովհաննես առաքյալը զգուշացնում է. «Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները [«ներշնչված արտահայտությունները», ՆԱ], թէ արդեօք Աստծո՞ւց են» (Ա Յովհաննէս 4։1)։ Այսպիսով՝ եթե համադասարանցիդ փորձում է համոզել քեզ, որ Աստվածաշնչի նորմերով ապրելը հնացած է. հարևանդ դրդում է քեզ նյութապաշտության. գործընկերդ հմտորեն ճնշում է գործադրում, որպեսզի ոտնահարես Աստվածաշնչով դաստիարակված խիղճդ. կամ եթե նույնիսկ հավատակիցդ, իր անձնական կարծիքից ելնելով, ժողովի անդամների մասին քննադատական, անբարեհաճ դիտողություններ է անում, մի՛ միացիր թվարկվածներից որևէ մեկին։ Հեռացի՛ր այն ամենից, ինչը համաձայն չէ Աստծո Խոսքի հետ։ Եթե այսպես վարվենք, կպահպանենք մեր հաստատակամությունը՝ Քրիստոսի հետ քայլելով։
«Աճէք նրա մէջ գոհութեամբ»
16. Ո՞րն է Քրիստոսի հետ քայլելու չորրորդ երեսակը, և ինչպիսի՞ հարց կարող ենք մենք մեզ տալ։
16 Պողոս առաքյալը նշում է, որ մենք պետք է ‘աճէնք Քրիստոսի մէջ գոհութեամբ’, որը նրա հետ քայլելու չորրորդ երեսակն է (Կողոսացիս 2։7)։ Դա նշանակում է, որ՝ որպես քրիստոնյաներ, մեր շնորհակալությունը պիտի լինի մշտական կամ մեր կյանքի անբաժանելի մասը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարց տալ. «Արդյոք շնորհակա՞լ եմ»։
17. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ բոլորս էլ այս դժվարին ժամանակներում շնորհակալ լինելու շատ պատճառներ ունենք։ բ) Որո՞նք են Եհովայի մի քանի պարգևները, որոնց համար դուք հատկապես շնորհակալ եք։
17 Իրոք որ, մենք բոլորս ամեն օր Եհովային գոհություն հայտնելու բավարար պատճառներ ունենք։ Նույնիսկ ամենադժվարին պահերին հասարակ արարքները կարող են սփոփել։ Ընկերոջ կարեկցանքը մխիթարող է։ Հարազատի նուրբ փաղաքշանքը ոգևորիչ է։ Իսկ որքա՜ն կազդուրիչ է գիշերային լիարժեք հանգիստը։ Համեղ կերակուրը հագեցնում է մեր քաղցը։ Թռչնի երգը, երեխայի ծիծաղը, շողացող, կապույտ երկինքը, թարմացնող քամին, այս բոլորը և ուրիշ շատ բաներ կարող են օրն ավելի լիարժեք դարձնել։ Սակայն այս ամենը կարող է սովորական մի բան թվալ։ Արդյոք չարժե՞ այդ ամենի համար շնորհակալություն հայտնել։ Դրանք բոլորը գալիս են Եհովայից, որն «ամէն բարի շնորհի եւ ամէն կատարեալ պարգեւի» Սկզբնաղբյուրն է (Յակոբոս 1։17)։ Նա նաև վերը թվարկված պարգևներից ավելին է մեզ տվել՝ բուն կյանքը (Սաղմոս 36։9)։ Բացի այդ, նա մեզ հավիտյան ապրելու հնարավորություն է տվել։ Այս պարգևն ապահովելու համար Եհովան զոհեց իր միածին Որդուն՝ տալով մեծագույն զոհը, որը ‘նորա ուրախութիւնն էր ամեն օր’ (Առակաց 8։30; Յովհաննէս 3։16)։
18. Ինչպե՞ս կարող ենք մեր երախտապարտությունը ցույց տալ Եհովային։
18 Հետևապես, որքան ճշմարիտ են սաղմոսերգուի խոսքերը. «Բարի է գոհանալ Տէրիցը» (Սաղմոս 92։1)։ Սաղմոսերգուի նման, Պողոս առաքյալն էլ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին հիշեցրեց. «Ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։18; Եփեսացիս 5։20; Կողոսացիս 3։15)։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է էլ ավելի երախտապարտ լինել։ Մեր աղոթքները չպիտի պարունակեն լոկ մեր ցանկությունների մասին Աստծուն ուղղված խնդրանքներ։ Գովելի է, երբ մեր աղոթքներում որոշակի խնդրանքներ ենք ներառում։ Բայց պատկերացրեք մի ընկերոջ, որը շփվում է ձեզ հետ միայն այն ժամանակ, երբ ինչ–որ բան է ուզում ձեզանից։ Ուրեմն ինչո՞ւ չաղոթենք Եհովային՝ շնորհակալություն և գովաբանություն հղելով նրան։ Այս անշնորհակալ աշխարհին երկնքից դիտելիս որքա՜ն հաճույք պիտի նրան պատճառեն նման աղոթքները։ Այսպիսի աղոթքների հավելյալ օգուտն այն է, որ վերջիններիս օգնությամբ կարող ենք կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա։ Դրանք նաև հիշեցնում են, թե իրականում ինչքա՜ն օրհնված ենք մենք։
19. Ինչպե՞ս են Կողոսացիս 2։6, 7–ում արձանագրված Պողոս առաքյալի խոսքերը պատկերում, որ մենք կարող ենք շարունակ բարելավել Քրիստոսի հետ մեր քայլելու ընթացքը։
19 Արդյոք ուշագրավ չէ՞ այն փաստը, որ Աստծո խոսքի ընդամենը մեկ համարից կարող ենք այսքան իմաստուն ղեկավարություն հայթայթել։ Քրիստոսի հետ քայլել շարունակելու Պողոս առաքյալի խորհուրդը յուրաքանչյուրիս կողմից պետք է սրտանց ընդունվի։ Եկեք, ուրեմն, վճռականություն ցուցաբերենք, երբ «արմատաւորվում ենք Քրիստոսի վրայ», «կառուցվում նրա վրայ», «հաստատ մնում հաւատի մէջ» և «աճում գոհութեամբ»։ Այսպիսի խորհուրդը շատ կարևոր է նոր մկրտվածների համար։ Բայց դա վերաբերվում է նաև մեզ բոլորիս։ Եկեք խորհենք այն մասին, թե բույսի գլխավոր արմատն ինչպես է աստիճանաբար հողի մեջ մխրճվում, և թե ինչպես է հիմքի վրա քայլ առ քայլ կառուցվում ամբողջ շենքը։ Այսպիսով՝ Քրիստոսի հետ մեր քայլքը վերջ չի ունենալու։ Կարիք ունենք հոգևորապես աճելու մեր կյանքի այլ ոլորտներում։ Եհովան պիտի օրհնի և օգնի մեզ, որովհետև ցանկանում է, որ շարունակենք քայլել իր և իր սիրելի որդու հետ՝ հավիտյան։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Ի՞նչ է իր մեջ ներառում Քրիստոսի հետ քայլելը
◻ Ի՞նչ է նշանակում լինել «արմատաւորուած Քրիստոսի վրայ»
◻ Ինչպե՞ս կարող ենք լինել «կառուցուած Քրիստոսի վրայ»
◻ Ինչո՞ւ այդքան կարևոր է լինել «հաստատ հաւատի մէջ»
◻ Ի՞նչ հիմքեր ունենք «աճելու գոհութեամբ»
[նկար 20–րդ էջի վրա]
Չնայած ծառերի արմատները չեն երևում, բայց նրանք սնունդ են մատակարարում ծառերին և ամրացնում նրանց