Այժմ ավելի հրատապ է, որ աչալուրջ լինենք
«Արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ» (ՄԱՏԹԷՈՍ 24։42)։
1, 2. Ի՞նչն է վկայում, որ մենք ապրում ենք իրերի ներկա համակարգի ավարտական փուլում։
«ԱՄԵՆ ինչից առավել քսաներորդ դարի վրա մեծ ազդեցություն են թողել պատերազմները»,— ասում է գրող Բիլ Էմոթը։ Ընդունելով, որ մարդկությունը պատմության բոլոր փուլերում էլ իր վրա զգացել է պատերազմի ու բռնության ծանրությունը՝ նա ավելացնում է. «[Պատերազմների առումով] քսաներորդ դարը չի տարբերվում էությամբ, այն տարբերվում է մասշտաբով։ Սա առաջին դարն է, որն առանձնանում է իսկական համաշխարհային հակամարտություններով.... Եվ կարծես թե ընդգծելու համար այս փաստը, այդ դարը առանձնանում է ոչ թե մեկ այդպիսի հակամարտությամբ, այլ երկու»։
2 Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ կլինեն պատերազմներ, երբ «ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ»։ Սակայն դրանք ընդամենը մեկ երեսակն են Քրիստոսի ներկայության և «աշխարհքիս վերջի» նշանի։ Այս մեծ մարգարեության մեջ Հիսուսը հիշատակեց նաև սովեր, համաճարակներ ու երկրաշարժեր (Մատթէոս 24։3, 7, 8; Ղուկաս 21։6, 7, 10, 11)։ Այդ աղետները է՛լ ավելի մեծ չափեր են ընդգրկում, է՛լ ավելի դաժան դառնում։ Մարդիկ «առատ» են չարությամբ, ինչը երևում է Աստծո և մերձավորի հանդեպ նրանց վերաբերմունքից։ Բարոյականությունն անկում է ապրում, հանցագործությունն ու բռնությունը տարածվում են ամենուր. այս ամենն ակնհայտ է։ Մարդիկ դարձել են առավելաբար փողասեր, հաճոյասեր, քան աստվածասեր։ Այս բոլորը վկայում են, որ մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1–5)։
3. Ինչպե՞ս պետք է մեզ վրա ազդեն «ժամանակների նշանները»։
3 Ինչպիսի՞ն է քո արձագանքը մարդկության վատթարացող վիճակի առումով։ Շատերն անտարբեր են, նույնիսկ քարսիրտ այսօրվա ցավալի իրադարձությունների հանդեպ։ Ազդեցիկ ու մտավորական մարդիկ չեն ըմբռնում «ժամանակների նշանները». կրոնական առաջնորդները նույնպես այս առումով չեն տալիս հարկ եղած առաջնորդությունը (Մատթէոս 16։1–3)։ Այնինչ Հիսուսն իր հետևորդներին հետևյալ զգուշացումը տվեց. «Արթուն կացէք. որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ» (Մատթէոս 24։42)։ Հիսուսը քաջալերում է ոչ թե պարզապես կարճ ժամանակով աչալուրջ լինել, այլ միշտ ‘արթուն կենալ’։ Որպեսզի արթուն մնանք, մենք պետք է զգաստ ու զգոն լինենք։ Սա ավելին է նշանակում, քան պարզապես ընդունելը, որ ապրում ենք վերջին օրերում, քան պարզապես ասելը, որ այժմ իրոք դժվար ժամանակներ են։ Մենք պետք է հաստատապես համոզված լինենք, որ «ամեն բանի վերջը մօտեցել է» (Ա Պետրոս 4։7)։ Միայն այս դեպքում աչալուրջ կլինենք հրատապության զգացումով։ Ուստի մենք պետք է հետևյալ հարցի շուրջ խորհրդածենք. «Ի՞նչը կօգնի մեզ է՛լ ավելի համոզված լինել, որ վերջը մոտ է»։
4, 5. ա) Ի՞նչը կամրապնդի մեր համոզվածությունը, որ այս ամբարիշտ համակարգի վախճանը մոտ է, և ինչո՞ւ։ բ) Ո՞րն է Նոյի օրերի ու ‘մարդու Որդու գալստյան’ նմանություններից մեկը։
4 Քննենք, թե ինչպիսին էր իրավիճակը Նոյի օրերում նախքան մեծ Ջրհեղեղը՝ մի իրադարձություն, որը եզակի է իր տեսակի մեջ։ Մարդիկ այնքան չար էին, որ Եհովան «իր սրտի մէջ տրտմեց»՝ ցավ զգաց։ Նա ասաց. «Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի» (Ծննդոց 6։6, 7)։ Աստված հենց այդպես էլ արեց։ Զուգահեռ անցկացնելով այն օրերի ու մեր օրերի միջև՝ Հիսուսն ասաց. «Ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը» (Մատթէոս 24։37)։
5 Տրամաբանական է ենթադրել, որ Եհովան ներկա աշխարհի հանդեպ նույն զգացումն ունի, ինչ որ ուներ նախաջրհեղեղյան աշխարհի նկատմամբ։ Քանի որ նա վերջ դրեց Նոյի օրերի անաստված աշխարհին, նա, անշուշտ, նույնը կանի մերօրյա ամբարիշտ աշխարհին։ Հստակ պատկերացում ունենալով այն ժամանակների ու մեր օրերի նմանությունների մասին՝ մենք է՛լ ավելի կամրապնդենք մեր համոզվածությունը, որ ներկա աշխարհի վախճանը մոտ է։ Իսկ որո՞նք են այդ նմանությունները։ Դրանք ամենաքիչը հինգն են։ Առաջինն այն է, որ վերահաս կործանման մասին հստակ նախազգուշացում է տրվում։
Նախազգուշացում «դեռ չ’երեւացած բաների» մասին
6. Նոյի օրերում ի՞նչ մտադրվեց անել Եհովան։
6 Նոյի օրերում Եհովան ազդարարեց. «Իմ հոգին մարդի վերայ միշտ չ’մնայ, այն պատճառով որ նա մարմին է. այլ նորա օրերը հարիւր քսան տարի լինին» (Ծննդոց 6։3)։ Աստծո այս կարգադրությունը, որ նա արեց մ.թ.ա. 2490 թ.–ին, նշանավորեց այդ անաստված աշխարհի վերջի սկիզբը։ Միայն պատկերացրո՛ւ, թե դա ինչ էր նշանակում այն ժամանակվա մարդկանց համար։ Եվս 120 տարի, և Եհովան «երկրի վերայ ջրհեղեղ պիտի բերե[ր] այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վերայ կենդանութեան շունչ կայ երկնքի տակ» (Ծննդոց 6։17)։
7. ա) Ինչպե՞ս Նոյը արձագանքեց Ջրհեղեղի վերաբերյալ եղած նախազգուշացմանը։ բ) Ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք այս համակարգի վախճանի մասին եղած նախազգուշացումներին։
7 Նոյը մոտալուտ աղետի վերաբերյալ նախազգուշացում էր ստացել տասնամյակներ առաջ, և նա, իմաստություն դրսևորելով, ժամանակն օգտագործեց ապագա իրադարձությանը պատրաստվելու համար։ Պողոս առաքյալն ասում է. «Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար» (Եբրայեցիս 11։7)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մոտ 90 տարի է արդեն անցել 1914 թ.–ից, երբ սկսվեցին այս համակարգի վերջին օրերը։ Անտարակույս, մենք ապրում ենք ‘վերջի ժամանակում’ (Դանիէլ 12։4)։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք մեզ տրված նախազգուշացումներին։ «Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան»,— հստակորեն ասվում է Աստվածաշնչում (Ա Յովհաննէս 2։17)։ Ուստի հիմա ժամանակն է հրատապության խոր զգացումով կատարելու Եհովայի կամքը։
8, 9. Մեր ժամանակներում ի՞նչ նախազգուշացումներ են տրվում, և դրանք ինչպե՞ս են ազդարարվում։
8 Մեր ժամանակներում նրանք, ովքեր անկեղծորեն Աստվածաշունչ են ուսումնասիրում, տեղեկացել են Սուրբ Գրություններից, որ այս համակարգը դատապարտված է կործանման։ Հավատո՞ւմ ենք արդյոք, որ այդպես է։ Ուշադրություն դարձրու Հիսուս Քրիստոսի պարզորոշ խոսքերին. «Մեծ նեղութիւն կ’լինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չ’եղաւ, եւ ոչ էլ երբէք կ’լինի» (Մատթէոս 24։21)։ Հիսուսը նաև ասաց, որ ինքը կգա որպես Աստծո կողմից նշանակված Դատավոր և կբաժանի մարդկանց իրարից, ինչպես հովիվը՝ ոչխարներին այծերից։ Ովքեր անարժան կհամարվեն, «կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը» (Մատթէոս 25։31–33, 46)։
9 Եհովան իր ժողովրդի ուշադրությունն այս նախազգուշացումների վրա է հրավիրում՝ ժամանակահարմար հիշեցումներ տալով այն հոգևոր կերակուրի միջոցով, որը մատակարարում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» (Մատթէոս 24։45–47)։ Բացի այդ, ամեն մի ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի կոչ է արվում. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ» (Յայտնութիւն 14։6, 7)։ Եհովայի վկաները աշխարհի բոլոր ծայրերում քարոզում են Թագավորության բարի լուրը, և այդ քարոզչության մեջ կարևոր տեղ է հատկացվում մարդկանց նախազգուշացնելուն, որ Աստծո Թագավորությունը շուտով ասպարեզից կհեռացնի մարդկային իշխանությունը (Դանիէլ 2։44)։ Չպետք է մատների արանքով նայել այդ նախազգուշացմանը։ Ամենակարող Աստված միշտ պահում է իր խոսքը (Եսայիա 55։10, 11)։ Նա իր խոսքը պահեց Նոյի օրերում, կպահի և մեր օրերում (Բ Պետրոս 3։3–7)։
Անառակությունը համատարած բնույթ է կրում
10. Ի՞նչ կարելի է ասել Նոյի օրերում եղած անառակության մասին։
10 Մեր ժամանակները համապատասխանում են Նոյի օրերին ևս մեկ առումով։ Եհովան առաջին տղամարդուն և կնոջը պատվիրել էր ‘լցնել երկիրը’ մարդկանցով, և այդ հանձնարարությունն իրագործելու համար նրանք ամուսնական կառույցի շրջանակներում օգտագործելու էին իրենց սեռական կարողությունը, որ Աստված էր տվել (Ծննդոց 1։28)։ Նոյի օրերում անհնազանդ հրեշտակները, անբնական սեռական հարաբերությունների մեջ մտնելով մարդկանց հետ, ապականեցին նրանց. նրանք իջան երկիր, նյութականացան և սկսեցին ապրել գեղեցիկ կանանց հետ՝ ծնունդ տալով հսկաների, որոնք կես մարդ, կես դև էին (Ծննդոց 6։2, 4)։ Այս վավաշոտ հրեշտակների գործած մեղքը Աստվածաշնչում նմանեցվում է այն սեռական այլասերումներին, որ կատարվում էին Սոդոմում և Գոմորում (Յուդա 6, 7)։ Պարզ է, որ այն օրերում անառակությունը լայնորեն տարածված էր։
11. Բարոյականության առումով ի՞նչ նմանություն կա մեր և Նոյի օրերի միջև։
11 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերում տիրող բարոյականության վիճակի մասին։ Այս վերջին օրերում շատերի կյանքը պտտվում է սեքսի շուրջ։ Պողոսը պատկերավոր ձևով այդ մարդկանց նկարագրում է որպես «անզգայացած». նրանցից շատերն «իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով» (Եփեսացիս 4։19)։ Պոռնկագրությունը, մինչամուսնական սեռական հարաբերությունները, մանկապղծությունը և համասեռամոլությունը ամենուր տարածված են։ Ոմանք արդեն «իրենք իրենց անձերի մէջ ընդունում [են] իրենց մոլորութեան հատուցումը» (ԷԹ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ընտանիքի քայքայման և այլ սոցիալական խնդիրների տեսքով (Հռովմայեցիս 1։26, 27)։
12. Ինչո՞ւ պետք է մեր մեջ ատելություն զարգացնենք չարի հանդեպ։
12 Նոյի օրերում Եհովան մեծ Ջրհեղեղով վերջ տվեց այդ՝ սեքսով համակված աշխարհին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ մեր օրերը ճիշտ և ճիշտ նման են Նոյի օրերին։ Մոտալուտ ‘մեծ նեղությունը’ կմաքրի երկիրը ‘պոռնիկներից, շնացողներից, իգացողներից, արվագետներից’ (Մատթէոս 24։21; Ա Կորնթացիս 6։9, 10; Յայտնութիւն 21։8)։ Որքա՜ն հրատապ է, ուրեմն, որ մեր մեջ ատելություն զարգացնենք չարի հանդեպ և հեռու մնանք այն հանգամանքներից, որոնք կարող են առաջնորդել անբարոյության (Սաղմոս 97։10; Ա Կորնթացիս 6։18)։
Երկիրը բռնությամբ է լցվում
13. Նոյի օրերում ինչո՞ւ էր երկիրը բռնությամբ լցված։
13 Նշելով Նոյի օրերի ևս մեկ հատկանշական կողմ՝ Աստվածաշունչն ասում է. «Երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ» (Ծննդոց 6։11)։ Անօրենությունն ու բռնությունը այն օրերում նոր երևույթ չէր։ Ադամի որդի Կայենը սպանել էր իր արդար եղբորը (Ծննդոց 4։8)։ Ղամեքը, իր օրերում տիրող բռնության ոգուն համապատասխան, մի բանաստեղծություն էր հորինել, որտեղ պարծենում էր, թե ինչպես է իբրև թե ինքնապաշտպանության նպատակով սպանել մի երիտասարդի (Ծննդոց 4։23, 24)։ Նոյի օրերում բռնության առումով նորը դրա տարածվածության աստիճանն էր։ Երբ Աստծո որդիները՝ անհնազանդ հրեշտակները, երկիր իջնելով, ամուսնացան կանանց հետ և ծնունդ տվեցին հսկաների, բռնությունը սկսեց չտեսնված չափեր ընդունել։ Համաձայն «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններով հրատարակության (անգլ.)՝ այդ ամեհի հսկաներին վերաբերող եբրայերեն բառը նշանակում է «տապալողներ»՝ նրանք, ովքեր գետին էին տապալում մարդկանց (Ծննդոց 6։4)։ Հետևանքն այն էր, որ երկիրը «անիրաւութեամբ լցուած» էր (Ծննդոց 6։13)։ Պատկերացրե՛ք, թե ինչ խնդիրներ պետք է դիմագրավեր Նոյը՝ նման միջավայրում իր երեխաներին դաստիարակելու համար։ Չնայած դրան՝ Նոյն իրեն դրսևորեց որպես ‘այդ դարի մեջ արդար անձնավորություն Եհովայի առաջ’ (Ծննդոց 7։1)։
14. Ի՞նչ աստիճանի է ներկայումս երկիրը լցված բռնությամբ։
14 Բոլոր դարերում էլ մարդիկ բռնություն են գործել։ Սակայն մեր օրերում այն հասել է աննախադեպ չափերի, ինչպես որ Նոյի օրերում։ Անընդհատ լսում ենք հաղորդումներ ընտանիքում տեղի ունեցող բռնության, ահաբեկչական գործողությունների, ցեղասպանության արշավների ու առանց որևէ հստակ շարժառիթի կատարված զանգվածային սպանությունների մասին։ Դրանց կարելի է ավելացնել արյունահեղ պատերազմները։ Երկիրը դարձյալ լցվել է բռնությամբ։ Իսկ ինչո՞ւ։ Ի՞նչն է նպաստել դրան։ Պատասխանը գտնում ենք մեկ ուրիշ նմանության մեջ, որ ունեն Նոյի ու մեր օրերը։
15. ա) Ի՞նչն է նպաստել, որ վերջին օրերում բռնության չափերն է՛լ ավելի մեծանան։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
15 1914 թ.–ին երկնքում հաստատվեց Աստծո Մեսիական Թագավորությունը, և նրա Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, պատմական քայլ ձեռնարկեց. Բանսարկու Սատանան և իր դևերը դուրս վռնդվեցին երկնքից դեպի երկրի մերձակայքը (Յայտնութիւն 12։9–12)։ Ջրհեղեղից առաջ անհնազանդ հրեշտակները կամավոր լքեցին իրենց երկրային դիրքը, բայց մեր ժամանակներում նրանց այնտեղից ուժով հանեցին։ Բացի այդ, այժմ նրանք չեն կարող մարդկային մարմին հագնել ապօրինի մարմնական հաճույքներ ստանալու նպատակով։ Ուստի նրանք այժմ բարկացած են ու լցված վախով անխուսափելի դատաստանի պատճառով և ներգործում են մարդկանց ու կազմակերպությունների վրա, որպեսզի վերջիններս անմարդկային հանցագործություններ ու բռնարարքներ կատարեն, ընդ որում նույնիսկ ավելի մեծ չափով, քան Նոյի օրերում։ Եհովան վերացրեց նախաջրհեղեղյան աշխարհը այն բանից հետո, երբ անհնազանդ հրեշտակներն ու նրանց ժառանգները երկիրը լցրեցին չարությամբ։ Վստա՛հ եղիր, որ նա նույնը կանի մեր օրերում (Սաղմոս 37։10)։ Իսկ նրանք, ովքեր աչալուրջ են մնում, գիտեն, որ իրենց ազատագրումը մոտ է։
Պատգամը քարոզվում է
16, 17. Ո՞րն է Նոյի ու մեր օրերի չորրորդ նմանությունը։
16 Ներկա աշխարհի ու նախաջրհեղեղյան աշխարհի չորրորդ նմանությունը տեսնում ենք այն աշխատանքի մեջ, որ Աստված հանձնարարեց Նոյին։ Նոյը կառուցեց մի մեծ տապան։ Նա նաև ‘քարոզիչ’ էր (Բ Պետրոս 2։5)։ Ի՞նչ էր նա քարոզում։ Նոյը, ակներևաբար, մարդկանց կոչ էր անում զղջալ, ինչպես նաև նրանց զգուշացնում էր գալիք աղետի մասին։ Հիսուսն ասաց, որ մարդիկ Նոյի օրերում «չ’գիտացին [«ուշադրություն չդարձրեցին», ՆԱ], մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ» (Մատթէոս 24։38, 39)։
17 Նման ձևով, Եհովայի վկաները փութաջանորեն կատարում են քարոզելու իրենց հանձնարարությունը և Աստծո Թագավորության պատգամը հռչակում են ամբողջ աշխարհում։ Երկրագնդի գրեթե բոլոր մասերում մարդիկ հնարավորություն ունեն մայրենի լեզվով լսելու և կարդալու Թագավորության լուրը։ «Դիտարան» պարբերագիրը, որը ծանուցանում է Եհովայի Թագավորությունը, լույս է տեսնում ավելի քան 25 000 000 օրինակով և տպագրվում է ավելի քան 140 լեզվով։ Իրոք, Աստծո Թագավորության բարի լուրը «բոլոր տիեզերքումը [քարոզվում է] ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար»։ Երբ Աստված համարի, որ արդեն բավական է այդ գործն անել, վախճանն անշուշտ վրա կհասնի (Մատթէոս 24։14)։
18. Այն, թե ինչպես են շատերն արձագանքում մեր քարոզչական գործունեությանը, ինչպե՞ս է համեմատվում Նոյի օրերում մարդկանց մեծ մասի կողմից ցուցաբերված վերաբերմունքի հետ։
18 Երբ հայտնի է դառնում, թե հոգևոր և բարոյական տեսակետից ինչ խայտառակ վիճակ էր տիրում նախաջրհեղեղյան օրերում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչու էին Նոյի թերահավատ հարևանները ծաղրում ու վիրավորում նրան ու նրա ընտանիքի անդամներին։ Բայցևայնպես վերջը եկավ։ Նման ձևով, այս վերջին օրերում խիստ շատ են ‘ծաղր անողները’։ «Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ»,— ասվում է Աստվածաշնչում (Բ Պետրոս 3։3, 4, 10)։ Եհովայի օրը կգա որոշված ժամին։ Այն չի ուշանա (Ամբակում 2։3)։ Որքա՜ն իմաստուն կվարվենք, եթե շարունակ արթուն մնանք։
Միայն քչերն են փրկվում
19, 20. Ի՞նչ զուգահեռ կարող ենք անցկացնել Ջրհեղեղի ու ներկա համակարգի կործանման միջև։
19 Նոյի օրերի ու մեր օրերի միջև անցկացվող զուգահեռները չեն սահմանափակվում միայն մարդկանց ամբարշտությամբ ու կործանումով։ Ինչպես որ Ջրհեղեղից վերապրողներ եղան, այնպես էլ կլինեն իրերի ներկա համակարգի վախճանը վերապրողներ։ Ջրհեղեղից փրկվողները հեզ անհատներ էին, որոնք չէին ապրում այնպես, ինչպես մարդկանց մեծամասնությունը։ Նրանք ականջ դրեցին Աստծո նախազգուշացմանը և հեռու մնացին այն ժամանակվա ամբարիշտ աշխարհից։ Աստվածաշունչն ասում է. «Նոյը Եհովայի առաջին շնորհք գտաւ։ ....Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը» (Ծննդոց 6։8, 9)։ Ամբողջ մարդկությունից միայն մեկ ընտանիք՝ «քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան» (Ա Պետրոս 3։20)։ Եհովա Աստված նրանց պատվեր տվեց՝ ասելով. «Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը» (Ծննդոց 9։1)։
20 Աստծո Խոսքը վստահեցնում է մեզ, որ «մի շատ ժողովուրդ»՝ մի մեծ բազմություն, դուրս կգա «մեծ նեղութիւնիցը» (Յայտնութիւն 7։9, 14)։ Քանի՞ հոգի կլինեն նրանք։ Հիսուսն ինքը ասաց. «Նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները» (Մատթէոս 7։13, 14)։ Երկրագնդի ներկայիս վեց միլիարդ բնակչության հետ համեմատած՝ վերահաս մեծ նեղությունից վերապրողների թիվը փոքր է լինելու։ Սակայն լիովին հնարավոր է, որ նրանք էլ, Ջրհեղեղը վերապրողների պես, առանձնաշնորհում ունենան մի որոշ ժամանակ սերունդ առաջ բերելու, որը նոր երկրային հասարակության մի մասը կկազմի (Եսայիա 65։23)։
«Արթուն կացէք»
21, 22. ա) Ջրհեղեղի վերաբերյալ այս քննարկումն ի՞նչ օգուտ բերեց քեզ։ բ) Ո՞րն է 2004 թ. տարվա խոսքը, և ինչո՞ւ պետք է հետևենք այդ խոսքում հնչող խորհրդին։
21 Գուցե թվա, թե Ջրհեղեղը կապ չունի մեր ժամանակների հետ, քանի որ դա եղել է դարեր առաջ, սակայն այն հստակ նախազգուշացում է մեզ տալիս, որը չպետք է անտեսենք (Հռովմայեցիս 15։4)։ Նոյի և մեր օրերի նմանությունները պետք է մեզ ավելի ու ավելի մղեն գիտակցելու ներկայումս տեղի ունեցող դեպքերի նշանակությունը ու զգաստաբար սպասելու Հիսուսին, երբ նա «գողի պես» կգա ամբարիշտների դատաստանն անելու։
22 Ներկայումս Հիսուս Քրիստոսը ղեկավարում է մի վիթխարի՝ հոգևոր շինարարության գործ։ Եհովայի ճշմարիտ երկրպագուների ապահովության ու փրկության համար գոյություն ունի տապանանման հոգևոր դրախտ (Բ Կորնթացիս 12։3, 4)։ Մեծ նեղությունից ազատվելու համար մենք պետք է մնանք այդ դրախտում։ Հոգևոր դրախտի տիրույթները շրջապատված են Սատանայի աշխարհով, որը պատրաստ է կլանելու յուրաքանչյուրին, ով սկսում է հոգևորապես քնել։ Ուստի ստիպողական է, որ ‘արթուն կենանք’ ու պատրաստ լինենք Եհովայի օրվան (Մատթէոս 24։42, 44)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ զգուշացրեց Հիսուսը իր գալստյան առնչությամբ։
• Իր ներկայության ժամանակներն ինչի՞ հետ Հիսուսը համեմատեց։
• Ո՞ր առումներով են մեր ժամանակները նմանվում Նոյի օրերին։
• Նոյի ու մեր օրերի նմանությունների շուրջ խորհրդածելն ինչպե՞ս պետք է ներգործի մեզ վրա հրատապության զգացում ունենալու առումով։
[մեջբերում 18–րդ էջի վրա]
2004 թ. տարվա խոսքն է. «Արթո՛ւն կացեք....պատրա՛ստ եղեք» (Մատթէոս 24։42, 44, ԱՆԹ)։
[նկար 15–րդ էջի վրա]
Նոյը ականջ դրեց Աստծո նախազգուշացմանը։ Իսկ մենք այդպե՞ս ենք վարվում
[նկարներ 16–րդ և 17–րդ էջերի վրա]
«Ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը»