Գլուխ վեցերորդ
Արարչագործության վերաբերյալ հնագույն մի աղբյուր՝ արժանահավա՞տ է արդյոք
«Ո՞վ կարող է ասել՝ որտե՞ղ է ամենի սկիզբը, և ինչպե՞ս է արարումը տեղի ունեցել»։ Այս հարցն է տրված «Ստեղծագործության երգը» պոեմում, որը շուրջ 3 000 տարի առաջ սանսկրիտերենով գրված հնդկական «Ռիգվեդա» սուրբ գրքի հիմներից է։ Պոետը կասկածում է, թե աստվածները «տեղյակ են արարչագործությունից», քանի որ «աստվածներն իրենք առաջ են եկել արարումից հետո» (շեղագիրը մերն է)։
Բաբելական և եգիպտական առասպելները համանման պատմություններ են ներկայացնում իրենց աստվածների ծագման մասին՝ ասելով, որ նրանք առաջ են եկել արդեն գոյություն ունեցող Տիեզերքում։ Բայց բանն այն է, որ այդ առասպելները չեն բացատրում, թե որտեղի՛ց է սկիզբ առել ինքը Տիեզերքը։ Սակայն կարող եք տեսնել, որ ստեղծագործության վերաբերյալ մի արձանագրություն բոլորովին այլ տեղեկություն է տալիս։ Այս առանձնահատուկ արձանագրությունն Աստվածաշունչն է, որը սկսվում է հետևյալ խոսքերով. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։
Այս պարզ ու տպավորիչ խոսքերը գրի է առել Մովսեսը շուրջ 3 500 տարի առաջ։ Այն կենտրոնանում է նյութական Տիեզերքին գերազանցող Ստեղծիչի՝ Աստծո վրա, քանի որ ինքն է ստեղծել այն, ուստի և դրանից առաջ է գոյություն ունեցել։ Գիրքը խոսում է նաև այն մասին, որ «Աստուած Հոգի» է. սա նշանակում է, որ նրա արտաքինն անտեսանելի է մեզ համար (Յովհաննէս 4։24)։ Գոյության նման ձևն այսօր, թերևս, ավելի հեշտ է պատկերացնել, քանի որ գիտնականները կարողանում են նկարագրել Տիեզերքում գտնվող հզոր նեյտրոնային աստղերն ու սև խոռոչները, որոնք անտեսանելի մարմիններ են և հայտնաբերվում են միայն իրենց թողած ազդեցության հետևանքով։
Ուշագրավ է Աստվածաշնչի հետևյալ արձանագրությունը. «Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների» (Ա Կորնթացիս 15։40, 44)։ Այս խոսքերը չեն վերաբերվում տիեզերական անտեսանելի մատերիային, որն ուսումնասիրվում է աստղագետների կողմից։ Նշված «երկնաւոր մարմինները» բանականությամբ օժտված հոգեղեն էակներ են։ Սակայն, թերևս զարմանաք, թե բացի Ստեղծիչից, ուրիշ էլ ո՞վ ոգեղեն մարմին ունի։
Երկնային անտեսանելի արարածները
Աստվածաշնչի արձանագրության համաձայն՝ տեսանելի ոլորտն առաջին ստեղծագործությունը չէ։ Արարչագործության մասին տեղեկություն պարունակող այս հնագույն աղբյուրը պատմում է, որ սկզբում ստեղծվել է ոգեղեն մի անձ՝ Աստծո անդրանիկ Որդին։ Վերջինս եղել է ‘բոլոր արարածների անդրանիկը’՝ «Աստծու արարածների Սկիզբը» (Կողոսացիս 1։15; Յայտնութիւն 3։14)։ Ստեղծված այս անձնավորությունն իրեն հավասարը չի ունեցել։
Այդ արարածը առաջինն էր, որին Աստված ստեղծեց առանց որևէ միջնորդության՝ օժտելով նրան անսպառ իմաստությամբ։ Ավելի ուշ, իր իմաստությամբ մեծ համբավ վայելող մի թագավոր այդ Որդուն նկարագրեց որպես «ճարտարապետ», որը մասնակցել էր ստեղծագործական հետագա բոլոր աշխատանքներին (Առակաց 8։22, 30; տե՛ս նաև Եբրայեցիս 1։1, 2)։ Նրա մասին Պողոս անունով առաջին դարի մի ուսուցիչ գրեց. «Նրանով ստեղծուեց այն ամէնը, ինչ որ երկնքում է եւ ինչ որ՝ երկրի վրայ, ինչ որ երեւում է եւ ինչ որ չի երեւում» (Կողոսացիս 1։16; համեմատեք Յովհաննէս 1։1–3)։
Որո՞նք են երկնքում գոյություն ունեցող անտեսանելի բաները, որ Ստեղծիչն արարել է իր Որդու միջոցով։ Մինչ աստղագետները տեղեկացնում են միլիարդավոր աստղերի և անտեսանելի սև խոռոչների մասին, Աստվածաշունչը խոսում է ոգեղեն մարմիններ ունեցող հարյուր միլիոնավոր արարածների մասին։ «Ինչո՞ւ են ստեղծվել այդ անտեսանելի, բանական էակները»,— գուցե հարցնեք։
Ինչպես որ Տիեզերքի ուսումնասիրությունն է նրա Սկզբնապատճառի վերաբերյալ որոշ պատասխաններ հայթայթում, այնպես էլ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարևոր տեղեկություններ է տալիս գրքի Հեղինակի մասին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ նա ‘երանելի [«ուրախ», ՆԱ] Աստուած է’, որի նպատակներն ու գործերը նրա սերն են արտացոլում (Ա Տիմոթէոս 1։11; Ա Յովհաննէս 4։8)։ Տրամաբանորեն, ուրեմն, կարելի է եզրակացնել, որ Աստված կամեցել է ուրիշ ոգեղեն, բանական անձնավորությունների ընկերակցությունն ունենալ, որոնք նույնպես կարող էին վայելել կյանքը։ Նրանցից յուրաքանչյուրը գոհացուցիչ աշխատանք ուներ, որն օգտակար էր բոլորի համար և ծառայում էր Ստեղծիչի նպատակին։
Ոչ մի հիմք չկա՝ ենթադրելու, թե այս ոգեղեն արարածները մեքենայորեն պետք է հնազանդվեին Աստծուն։ Աստված նրանց օժտել էր բանականությամբ և ազատ կամքով։ Աստվածաշնչի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Աստված մտքի ազատության և ազատ քայլերի է հորդորում՝ վստահ լինելով, որ այդ ազատությունը անուղղելի սպառնալիք չի հանդիսանա Տիեզերքի խաղաղությանը և ներդաշնակությանը։ Պողոսը գրում է. «Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է» (Բ Կորնթացիս 3։17)։
Երկնային տեսանելի մարմինները
Իսկ որո՞նք են իր անդրանիկ Որդու միջոցով Աստծո ստեղծած տեսանելի գործերը։ Դրանք Տիեզերքը կազմող բոլոր նյութական մարմիններն են, այդ թվում նաև մեր Արեգակը և մնացած բոլոր միլիարդավոր աստղերը։ Տալի՞ս է արդյոք Աստվածաշունչը որևէ տեղեկություն, թե ինչպես է Աստված ոչնչից ստեղծել այդ ամենը։ Եկեք պարզենք՝ քննելով Աստվածաշունչը և միաժամանակ նկատի առնելով ժամանակակից գիտության տվյալները։
XVIII դարում գիտնական Անտուան Լորան Լավուազիեն նյութի զանգվածը ուսումնասիրելուց հետո տեսավ, որ քիմիական ռեակցիայի մեջ մտնող նյութերի ընդհանուր զանգվածը (կշիռը) հավասար է ռեակցիայի վերջանյութերի ընդհանուր զանգվածին։ Օրինակ՝ թուղթը թթվածնի մեջ այրելուց ստացված մոխրի և գազի կշիռը հավասար է սկզբնական թղթի և թթվածնի կշռին։ Լավուազիեն ձևակերպեց զանգվածի պահպանման օրենքը։ 1910 թ.–ին «Բրիտանական հանրագիտարանում» («The Encyclopædia Britannica») տրվեց հետևյալ բացատրությունը. «Նյութը ոչ կարելի է ստեղծել, ոչ էլ՝ ոչնչացնել»։ Այս եզրակացությունը համենայն դեպս տրամաբանական էր համարվում այն ժամանակվա համար։
Սակայն, 1945–ին Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա ատոմային ռումբի պայթյունն ակնառու կերպով ցույց տվեց Լավուազիեի օրենքի թերի լինելը։ Ուրանի զանգվածի այդ գերվտանգավոր պայթյունից հետո տարբեր նյութեր էին գոյացել, սակայն դրանց ընդհանուր զանգվածն ավելի քիչ էր կշռում ուրանի նախնական զանգվածից։ Ո՞րն էր նման կորստի պատճառը։ Ուրանի զանգվածի մի մասը բռնկման ժամանակ վերածվել էր հսկայական էներգիայի արտանետվածքի։
Լավուազիեի՝ զանգվածի պահպանման օրենքի հետ կապված՝ 1952 թ.–ին մեկ այլ խնդիր ծագեց, երբ փորձարկվեց ջերմամիջուկային սարքը (ջրածնային ռումբը)։ Դրա պայթյունից ջրածնի ատոմները միացան՝ կազմելով հելիում գազ։ Սակայն ստացված հելիումի կշիռն ավելի փոքր էր, քան ջրածնի նախնական զանգվածինը։ Ջրածնի զանգվածի մի մասը վեր էր ածվել պայթուցիկ էներգիայի. այդ պայթյունն իր հզորությամբ ավելի կործանիչ էր, քան Հիրոսիմայի վրա նետված ռումբինը։
Ինչպես ցույց տվեցին այդ պայթյունները, նյութի փոքր զանգվածը համազոր է վիթխարի քանակությամբ էներգիային։ Նյութի և էներգիայի այս հարաբերությամբ է բացատրվում մեր կյանքը պահպանող Արեգակի հզորությունը։ Ո՞րն է այդ կապը։ Այս իրադարձություններից շուրջ քառասուն տարի առաջ Էյնշտեյնը կանխագուշակել էր, որ նյութի և էներգիայի միջև գոյություն ունի փոխկապվածություն։ Շատերին է հայտնի E=mc2 հավասարումը։a Էյնշտեյնի կողմից այս հարաբերության ձևակերպումից հետո գիտնականները կարողացան բացատրել, թե ինչպես է Արեգակը միլիարդավոր տարիներ անընդմեջ շողում։ Արեգակի ներսում ջերմամիջուկային շարունակական ռեակցիաներ են տեղի ունենում, որի շնորհիվ յուրաքանչյուր վայրկյանում Արեգակը 564 միլիոն տոննա ջրածինը վերածում է 560 միլիոն տոննա հելիումի։ Դա նշանակում է, որ շուրջ չորս միլիոն տոննա նյութի զանգված փոխակերպվում է արեգակնային էներգիայի, որի մի մասը հասնում է Երկրին և պահպանում նրա վրա գոյություն ունեցող կյանքը։
Հետաքրքրականն այն է, որ հնարավոր է նաև հակառակ պրոցեսը։ «Էներգիան փոխակերպվում է մատերիայի, երբ ենթատոմական մասնիկները բարձր արագության տակ բախվում են և ստեղծում նոր, ավելի ծանր մասնիկներ»,— բացատրվում է «Ուորլդ բուք հանրագիտարանում» («The World Book Encyclopedia»)։ Գիտնականները նման փոխակերպումները ստանում են ավելի փոքր մասշտաբներով, մասնիկների արագացուցիչ կոչվող հսկայական մեքենաների օգնությամբ, որտեղ ենթատոմական մասնիկները ֆանտաստիկ արագության տակ բախվելով՝ վերածվում են մատերիայի։ «Մենք կրկնում ենք Տիեզերքի հրաշք–երևույթներից մեկը՝ էներգիան վեր ենք ածում մատերիայի»,— նշում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս Կարլո Ռուբիան։
«Այս բոլորը ճիշտ է, սակայն ի՞նչ կապ ունի նշված տեղեկությունը ստեղծագործության մասին Աստվածաշնչի հաղորդագրության հետ»,— գուցե մտածեք։ Բանն այն է, որ Աստվածաշունչը բոլորովին էլ գիտական տեղեկատու չէ, սակայն լիովին ժամանակակից գիրք է և գիտական տվյալների հետ ներդաշնակ։ Սկզբից մինչև վերջ Աստվածաշունչը խոսում է Նրա՝ Տիեզերքի ողջ մատերիան ստեղծողի, Մեծագույն Գիտնականի մասին (Նէեմիա 9։6; Գործք 4։24; Յայտնութիւն 4։11)։ Աստվածաշնչում պարզորոշ ի հայտ է բերվում էներգիայի և մատերիայի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապը։
Ահա թե Աստվածաշունչն ինչ է մեզ առաջարկում անել. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Այո՛, Աստվածաշնչում ասվում է, որ նյութական Տիեզերքը ստեղծել է հսկայական էներգիայի աղբյուրը՝ Ստեղծիչը։ Այս տեղեկությունը լիովին համընկնում է ժամանակակից գիտության տվյալներին։ Հենց միայն այս հաղորդագրության համար Աստվածաշունչն արժանի է մեր խորին հարգանքին։
Անտեսանելի ու տեսանելի բոլոր բաները երկնքում ստեղծելուց հետո Ստեղծիչն ու նրա անդրանիկ Որդին իրենց ուշադրությունը կենտրոնացրին Երկիր մոլորակի վրա։ Իսկ ինչպե՞ս էր առաջացել Երկիրը։ Բոլոր այն քիմիական տարրերը, որոնցից բաղկացած է մեր մոլորակը, կարող էին ստեղծված լինել անմիջապես Աստծո կողմից՝ անսպառ ու հզոր էներգիան մատերիայի վերածվելով, ինչն այսօր ֆիզիկոսները համարում են միանգամայն հավանական երևույթ։ Կամ, ինչպես գտնում են որոշ գիտնականներ, Երկիրը կարող էր կազմավորվել գերնոր աստղերի բռնկումից արտանետված մատերիայից։ Սակայն ո՞վ գիտի, գուցե այն տարբեր միջոցների համակցության արդյունք է, որոնց մեջ մտնում են ինչպես վերոհիշյալները, այնպես էլ գիտնականներին դեռևս անհայտ միջոցները։ Ինչ էլ որ եղած լինի, Ստեղծիչը մեր Երկիրը կազմող տարրերի՝ այդ թվում նաև մեր կյանքի համար անհրաժեշտ հանքանյութերի հզորագույն Աղբյուրն է։
Պարզ է, որ Երկիրը ստեղծելու համար բավական չէր միայն նյութերը համապատասխան չափով պատրաստելը։ Հարկավոր էր հաստատել Երկրի չափսերը, նրա պտույտը և Արեգակից ունեցած հեռավորությունը, ինչպես նաև առանցքի թեքումն ու Արեգակի շուրջը նրա գրեթե շրջանաձև ուղեծիրը ճիշտ այնպես, ինչպես որ նրանք կան ներկայումս։ Պարզ է, որ Ստեղծիչը գործի է դրել բնական շրջապտույտները, որպեսզի մեր մոլորակի վրա կյանքը բարգավաճեր։ Միանգամայն հիմնավոր պատճառներ ունենք դրանցով հիանալու։ Իսկ այժմ պատկերացրեք Երկրի ու նրա վրա կյանքի արարմանը ականատես դարձած երկնային ոգեղեն որդիների ունեցած զգացումները։ Աստվածաշնչի գրքերից մեկը պատմում է, որ նրանք ‘միասին ցնծում էին’ և ‘գովաբանում’ (Յոբ 38։4, 7)։
Ինչ է ասվում Ծննդոցի առաջին գլխում
Աստվածաշնչի առաջին գլուխը որոշ տվյալներ է հաղորդում այն կարևոր քայլերի մասին, որոնք Աստված ձեռնարկել էր մարդկանց համար Երկիրը նախապատրաստելիս։ Այդ գլուխը բոլոր մանրամասնությունները չի ներկայացնում, և կարդալիս չպետք է շփոթվել՝ նկատելով, որ բաց են թողնված որոշ մանրամասնություններ, որոնք, միևնույն է, հնում կարդացողները չէին հասկանալու։ Օրինակ, այդ գլուխը գրելիս, Մովսեսը չի ներկայացրել միկրոսկոպիկ մեծության ծովային ջրիմուռի կամ մանրէի ֆունկցիան։ Կյանքի նման տեսակները մարդու համար առաջին անգամ տեսանելի դարձան միայն XVI դարում՝ մանրադիտակի գյուտի շնորհիվ։ Ոչ էլ առանձնահատուկ տեղեկություն է տվել դինոզավրերի մասին, որոնց գոյությունը հաստատվեց միայն XIX դարում հայտնաբերված բրածոների շնորհիվ։ Փոխարենը՝ ներշնչանքի տակ՝ Մովսեսը գործածել է այնպիսի բառեր, որոնք հասկանալի էին իր ժամանակների մարդկանց և, միևնույն ժամանակ, ճշգրիտ էին Երկրի արարմանը վերաբերող հարցերում։
Եթե կարդանք «Ծննդոցի» առաջին գլուխը երրորդ համարից սկսած՝ կտեսնենք, որ այն բաժանված է վեց ստեղծագործական «օրերի»։ Ոմանք պնդում են, թե դրանք բառացի քսանչորսժամյա տևողությամբ օրեր են, այսինքն՝ ողջ Տիեզերքը, ինչպես նաև կյանքը Երկրի վրա արարվել են գրեթե մեկ շաբաթում։ Սակայն ինքներդ հեշտությամբ կարող եք պարզել, որ Աստվածաշունչն այդպիսի բան չի սովորեցնում։ «Ծննդոց» գիրքը գրվել է հին եբրայերենով։ Այդ լեզվում «օր» բառն իրենից մի ամբողջ ժամանակահատված է ներկայացնում։ Դա կարող է նշանակել և՛ երկարատև, և՛ բառացի քսանչորսժամյա օր։ Ծննդոց գրքում նույնիսկ բոլոր վեց «օրերի» մասին խոսվում է որպես մեկ երկարացված ժամանակահատված՝ «այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ» (Ծննդոց 2։4; համեմատեք Բ Պետրոս 3։8)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ստեղծագործական «օրերը» կամ դարաշրջանները հազարավոր տարիներ են ընդգրկում։
Սա կարելի է տեսնել Աստվածաշնչի այն հատվածից, որտեղ խոսվում է յոթերորդ «օրվա» մասին։ Առաջին վեց «օրերի» մասին արձանագրություններն ավարտվում են հետևյալ խոսքերով. «Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ առաջին օրը» և այլն։ Սակայն այդ մեկնաբանությանն այլևս չենք հանդիպում յոթերորդ «օրվա» մասին արձանագրությունից հետո։ Իսկ մ.թ. I դարում՝ շուրջ 4 000 տարի անց, Աստվածաշնչում յոթերորդ՝ հանգստի «օրվա» վերաբերյալ ասվել է, որ այն դեռևս շարունակվում է (Եբրայեցիս 4։4–6)։ Այսպիսով՝ յոթերորդ «օրը» հազարավոր տարիներ է տևել, ուստի, կարող ենք տրամաբանորեն նույնը եզրակացնել առաջին վեց «օրերի» համար։
Առաջին և չորրորդ «օրերը»
Կարելի է ասել, որ մինչ ստեղծագործական գործունեության վեց «օրերի» կամ ժամանակահատվածների սկսվելը Երկիրն արդեն հաստատված էր իր ուղեծրում և ամբողջովին ջրով ծածկված մի գունդ էր։ «Եւ խաւար կար անդունդի վերայ» (Ծննդոց 1։2)։ Այդ վաղ շրջանում ինչ–որ գոյացություն՝ թերևս ջրի գոլորշու, այլ գազերի և հրաբխային փոշու խառնուրդ, խանգարում էր, որպեսզի արևի լույսն ընկնի Երկրի վրա։ Ահա թե ինչպես է Աստվածաշնչում նկարագրվում ստեղծագործական այդ առաջին ժամանակաշրջանը. «Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ» [«լույսն աստիճանաբար բացվեց», Ջ. Ուորթսի թարգմանություն], այսինքն՝ լույսը հասավ Երկրի մակերևույթին (Ծննդոց 1։3)։
«Աստիճանաբար.... բացվեց» արտահայտությունը ճշգրտորեն փոխանցում է եբրայերեն բայի նշանակությունը ու ցույց տալիս աստիճանաբար զարգացող գործողություն, որի ավարտի համար ժամանակ է պահանջվում։ Եբրայերեն լեզվին տիրապետող անհատները «Ծննդոց» գրքի առաջին գլխում բայի այս ձևին կհանդիպեն շուրջ քառասուն անգամ. վերջինս այդ գլխի բուն իմաստի հիմքն է։ Թե Աստված ինչն էր սկսել ստեղծագործական ժամանակահատվածի կամ շրջանի այլաբանական երեկոյի ընթացքում, աստիճանաբար պարզ կամ ակնհայտ է դառնում միայն այդ «օրվա» այլաբանական առավոտյան։b Նաև այն, ինչը սկսել էր կատարվել մի ժամանակահատվածի ընթացքում, անպայմանորեն չպետք է ավարտված լիներ հաջորդ ժամանակահատվածը սկսվելիս։ Օրինակի համար՝ լույսն աստիճանաբար սկսել էր երևալ արդեն առաջին «օրը», սակայն ստեղծագործական չորրորդ ժամանակաշրջանում միայն արևը, լուսինը և աստղերը նշմարելի դարձան (Ծննդոց 1։14–19)։
Երկրորդ և երրորդ «օրերը»
Մինչ արարման երրորդ «օրը» ցամաքի դուրս բերելը՝ Ստեղծիչը բարձրացրեց ջրերի որոշ մասը։ Արդյունքում Երկիրը պարուրվեց ջրի գոլորշիով։c Այս հին հաղորդագրությունը չի նկարագրում, թե այդ երևույթն ինչպես է տեղի ունեցել, և դրա կարիքը չկա էլ։ Աստվածաշունչը կենտրոնանում է այն տեղեկության վրա, որ վերին և մակերեսային ջրերի միջև տարածություն հայտնվեց։ Այդ անջրպետն Աստվածաշնչում կոչվում է երկինք։ Այսօր էլ մարդիկ երկինք են անվանում մթնոլորտի այն մասը, որտեղ ճախրում են թռչունները, և սավառնում ինքնաթիռները։ Հետզհետե Աստված երկինքը լցրեց կյանքի համար անհրաժեշտ գազերով։
Ստեղծագործական «օրերի» ընթացքում Երկրի մակերեվույթի վրայի ջրի մակարդակը սկսեց իջնել, ուստի, որոշ ժամանակ անց, երևան եկավ ցամաքը։ Թերևս երկրաբանական ուժերի օգնությամբ, որոնք այժմ էլ շարժում են Երկրի սկավառակը, Աստված օվկիանոսի հատակում գտնվող ժայռերից կազմավորեց մայրցամաքները։ Այդպես հայտնվեց ցամաքը, և առաջացան օվկիանոսային իջվածքները, որոնք օվկիանագետները նշել են քարտեզների վրա և ջանասիրաբար ուսումնասիրում են (համեմատեք Սաղմոս 104։8, 9)։ Ցամաքի ձևավորվելուց հետո սկսեցին ուրիշ հրաշալի իրադարձություններ էլ տեղի ունենալ, որոնց մասին կարդում ենք. «Եւ Աստուած ասեց. Երկիրը կանաչ խոտ բուսցնէ՝ սերմ տուող խոտ եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տայ իր տեսակի պէս, որի սերմը իրանում լինի՝ երկրի վերայ» (Ծննդոց 1։11)։
Ինչպես արդեն խոսվեց նախորդ՝ «Ստեղծագործություն՝ իսկ հեղինա՞կը» գլխում, ֆոտոսինթեզի երևույթը խիստ կարևոր է բույսերի համար։ Կանաչ բույսի բջիջն ունի որոշակի քանակությամբ բավականին փոքր մասնիկներ՝ քլորոպլաստներ, որոնք էներգիա են կլանում արևի ճառագայթներից։ «Այս միկրոսկոպիկ գործարանները,— բացատրվում է մի գրքում,— բուսաշաքար և օսլա են արտադրում.... Մարդն ի վիճակի չէ կառուցելու այնպիսի գործարան, որն ավելի արտադրողական լինի կամ առավել անհրաժեշտ արտադրանք տա, ինչպիսին քլորոպլաստն է տալիս» («Planet Earth»)։
Ինչ խոսք, հետագայում ստեղծվելիք կենդանական աշխարհի կյանքը կախված էր քլորոպլաստից։ Եվ, իհարկե, առանց բուսականության՝ Երկրի մթնոլորտը անչափ կհարստանար ածխածնով, և մենք կմահանայինք շոգից ու թթվածնի անբավարարությունից։ Ապշեցուցիչն այն է, թե որոշ գիտնականներ ինչպես են բացատրում ֆոտոսինթեզից կախված կյանքի զարգացումը։ Նրանք այն կարծիքին են, որ երբ ջրում միաբջիջ օրգանիզմների կերակուրի պաշարը սկսեց վերջանալ, «մի քանի նորարար բջիջներ ի վերջո գտան լուծումը՝ «հնարելով» ֆոտոսինթեզը»։ Բայց արդյո՞ք նման երեվույթը հնարավոր էր։ Ֆոտոսինթեզի պրոցեսն այնքան բարդ է, որ գիտնականները մինչև օրս փորձում են բացատրել դրա գաղտնիքները։ Մի՞թե գտնում եք, որ ինքնարտադրողական ֆոտոսինթետիկ կյանքը ծագել է անբացատրելիորեն և տարերայնորեն։ Ավելի տրամաբանական չէ՞ ենթադրել, որ այն բանականությամբ լի, նպատակահաս արարման արդյունք է, ինչպես հաղորդում է «Ծննդոց» գիրքը։
Հնարավոր է, որ երրորդ ստեղծագործական «օրով» չի ավարտվել բույսերի նորանոր տեսակների առաջացումը։ Այն թերևս շարունակվել է մինչև վեցերորդ «օրը», երբ Ստեղծիչը «Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց» և «բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր» (Ծննդոց 2։8, 9)։ Բայց, ինչպես արդեն նշվեց, Երկրի մթնոլորտը չորրորդ «օրն» արդեն պարզվել էր, այնպես որ Արեգակից և երկնային այլ մարմիններից մոլորակի մակերևույթի վրա լույսն ավելի առատությամբ էր ընկնում։
Հինգերորդ և վեցերորդ «օրերը»
Ստեղծագործական հինգերորդ «օրվա» ընթացքում Ստեղծիչը շարունակեց օվկիանոսներն ու երկինքը լցնել կյանքի նոր տեսակներով՝ ‘կենդանի շունչ ունեցող զեռուններով եւ թռչուններով [կենդանի հոգիներով, ՆԱ]’՝ բուսականությունից լիովին տարբերվող տեսակներով։ Հետաքրքրական է, որ կենսաբանները խոսում են բուսական և կենդանական աշխարհների մասին՝ բաժանելով դրանք ենթադասակարգումների։ «Հոգի» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «շնչող»։ Աստվածաշնչում ասվում է նաև, որ «կենդանի հոգիները» արյուն ունեն։ Ուստի, կարելի է եզրակացնել, որ շնչառական և սիրտ–անոթային համակարգ ունեցող արարածները՝ ծովի և երկնքի շնչող բնակիչները, սկսել են հայտնվել ստեղծագործական հինգերորդ ժամանակահատվածում (Ծննդոց 1։20; 9։3, 4)։
Վեցերորդ «օրն» Աստված իր ուշադրությունն ավելի կենտրոնացրեց ցամաքի վրա։ Նա ստեղծեց «անասուններ» և «գազաններ». այս խոսքերի իմաստը հասկանալի էր Մովսեսի ժամանակվա մարդկանց, երբ նա արձանագրում էր հաղորդագրությունը (Ծննդոց 1։24)։ Այսպիսով իմանում ենք, որ երկրի կաթնասուն կենդանիները ստեղծվել են ստեղծագործական վեցերորդ ժամանակահատվածում։ Իսկ մա՞րդը։
Հնագույն այս հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Աստված վերջապես ձեռնարկեց ստեղծել կյանքի մի անզուգական տեսակ։ Նա, դիմելով իր երկնային Որդուն, ասաց. «Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ» (Ծննդոց 1։26)։ Հետևաբար մարդը պետք է արտացոլեր իր Ստեղծիչի հոգևոր պատկերը՝ դրսևորելով Նրա հատկությունները։ Մարդը նաև ընդունակ էր անսահման քանակությամբ գիտելիքներ ընկալելու, որի շնորհիվ կարող էր շատ ավելի բանականորեն գործել, քան ցանկացած կենդանի։ Ի տարբերություն կենդանիների, որոնք առաջնորդվում են զուտ բնազդով, մարդն օժտվել էր նաև ազատ կամքով գործելու ընդունակությամբ։
Վերջին տարիների ընթացքում գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել են մարդու գեները։ Համեմատելով համայն մարդկության գենետիկական համակարգերը՝ նրանք հայտնաբերել են այն հստակ փաստը, որ մարդիկ մեկ ընդհանուր նախահայր են ունեցել՝ երբևիցե ապրած բոլոր մարդկանց կյանքի, այդ թվում նաև մեր ԴՆԹ–ի աղբյուրը։ 1988–ին «Նյուսուիք» շաբաթաթերթում հրատարակվել էր «Ադամի ու Եվայի որոնումները» («The Search for Adam and Eve») վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում էր վերը նշված հետազոտությունների մասին։ Այդ ուսումնասիրությունները հիմնված էին միտոքոնդրիումական ԴՆԹ–ի մի տիպի՝ գենետիկական նյութի վրա, որը փոխանցվում է միայն կանանց միջոցով։ Արական ԴՆԹ–ի հետազոտությունների վերաբերյալ 1995 թ. տեղեկագրությունները նշում էին միևնույն եզրակացության մասին, այն, որ գոյություն է ունեցել «ժառանգական «Ադամ», որի Y–քրոմոսոմի գենետիկական նյութը աշխարհում ապրող բոլոր տղամարդկանց համար ընդհանուր է» («Թայմ»)։ Ճշգրիտ են արդյոք այդ հայտնագործությունները բոլոր մանրամասնություններում, թե ոչ, դրանք ցույց են տալիս, որ Ծննդոցում արձանագրված պատմությունն արժանահավատ է, որովհետև Հեղինակը իրադարձությունների ականատեսն էր։
Որքա՜ն հուզիչ է եղել այն պահը, երբ Աստված, հավաքելով երկրի առանձին տարրերը, ստեղծեց իր առաջին մարդկային որդուն ու կոչեց Ադամ (Ղուկաս 3։38)։ Պատմական հաղորդագրությունը տեղեկացնում է, որ երկրագնդի ու նրա վրա գոյություն ունեցող կյանքի Ստեղծիչն իր արարած մարդուն դրեց պարտեզանման մի տարածքում, որպեսզի վերջինս «նորան մշակէ եւ պահէ» (Ծննդոց 2։15)։ Այդ ժամանակ Ստեղծիչը, թերևս, շարունակում էր կենդանիների նոր տեսակներ ստեղծել։ Աստվածաշունչը նշում է. «Աստուածը շինեց հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, եւ բերաւ Ադամի մօտ, որ տեսնէ թէ նորանց ինչ անուն կ’կոչէ, եւ ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանին կոչեց՝ նա է նորա անունը» (Ծննդոց 2։19)։ Աստվածաշունչը չի ասում, թե առաջին մարդը՝ Ադամը, ընդամենը առասպելական կերպար է եղել։ Ընդհակառակը՝ նրան ներկայացնում է որպես իրական անձնավորություն՝ բանականությամբ և զգացմունքներով օժտված, որն ի վիճակի էր Դրախտ–տան մեջ վայելելու իր աշխատանքը։ Ամեն օր Ադամը նորանոր բաներ էր սովորում իր Արարչի ստեղծագործությունների, Նրա ո՛վ լինելու, հատկությունների և Նրա անձնավորության մասին։
Որոշ ժամանակ անց Աստված ստեղծեց առաջին կին արարածին Ադամին կին լինելու համար։ Ապա Աստված ընդլայնեց նրանց կյանքի նպատակը՝ տալով հետևյալ կարեվոր հանձնարարությունը. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։27, 28)։ Ոչինչ չի կարող փոխել Ստեղծիչի նպատակը, այն է՝ ամբողջ Երկիրը դրախտի պիտի վերածվի՝ միմյանց, ինչպես նաև կենդանական աշխարհի հետ խաղաղության մեջ ապրող երջանիկ մարդկանցով լցված։
Նյութական Տիեզերքը՝ այդ թվում մեր մոլորակը և նրա վրա եղած կյանքը, հաստատում են Աստծո իմաստությունը։ Ուստի պարզ է, որ նա կարող էր կանխատեսել, որ թեև ինքն է Ստեղծիչն ու Կենարարը, բայց ժամանակի ընթացքում մարդկանցից ոմանց մոտ հնարավոր է անկախ և ապստամբ ընթացք բռնելու ցանկություն առաջանար։ Նման ապստամբությունը կխափաներ համաշխարհային դրախտ ստեղծելու մեծ աշխատանքը։ Աստված Ադամի ու Եվայի առջև հասարակ պայման դրեց, որը նրանց շարունակ պիտի հիշեցներ հնազանդության անհրաժեշտության մասին։ Աստված ասաց, որ անհնազանդությունը կզրկի նրանց կյանքից, որն Աստծուց էին ստացել։ Ստեղծիչը հոգատարություն դրսևորեց՝ մեր առաջին նախածնողներին զգուշացնելով, որ իրենց սխալ արարքները կազդեն մարդկային հետագա ողջ ցեղի վրա (Ծննդոց 2։16, 17)։
Վեցերորդ «օրվա» ավարտին Ստեղծիչն իր նպատակի ամբողջացման համար անհրաժեշտ բոլոր պատրաստություններն արդեն տեսել էր։ Նա իրավամբ կարող էր իր ստեղծագործության մասին հայտարարել, որ «շատ բարի էր» (Ծննդոց 1։31)։ Այստեղ Աստվածաշունչը ներկայացնում է մեկ այլ կարևոր ժամանակահատված՝ ասելով, որ Աստված «եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ» (Ծննդոց 2։2)։ Սակայն, եթե Ստեղծիչը «չի յոգնիլ», ինչո՞ւ է ասվում, որ նա հանգստացավ (Եսայիա 40։28)։ Դա ցույց է տալիս, որ նա դադարեց նյութական բաներ ստեղծագործել, բացի այդ գիտեր, որ ոչ մի բան՝ նույնիսկ երկնային կամ երկրային ապստամբությունը, չի կարող կասեցնել իր հոյակապ նպատակի իրագործումը։ Աստված վստահությամբ օրհնեց ստեղծագործական յոթերորդ «օրը»։ Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Աստծո հավատարիմ, բանական ստեղծագործությունները՝ մարդիկ և անտեսանելի ոգեղեն արարածները, կարող են վստահ լինել, որ յոթերորդ «օրվա» ավարտին խաղաղությունն ու երջանկությունը կիշխեն ողջ Տիեզերքում։
Կարելի՞ է վստահել Ծննդոցի հաղորդագրությանը
Կարելի՞ է արդյոք վստահել ստեղծագործության մասին այս հաղորդագրությանը և հավատալ տրված խոստումներին։ Ինչպես նախօրոք նշեցինք, ժամանակակից գենետիկական հետազոտությունները գիտնականներին բերում են մի եզրակացության, որը վաղուց արդեն Աստվածաշնչում արձանագրված է եղել։ Որոշ գիտնականներ ուշադրություն են դարձնում նաև Ծննդոցում նկարագրված դեպքերի հերթականությանը։ Ահա թե ինչ է ասում ականավոր երկրաբան Ուոլաս Փրաթը. «Եթե ինձ՝ երկրաբանիս ասվեր երկրագնդի ծագման և նրա վրա կյանքի զարգացման վերաբերյալ մեր ժամանակակից գաղափարները համառոտակի ներկայացնել հասարակ, գյուղացի մարդկանց, ինչպես, օրինակ, այն ցեղերին, որոնց ուղղված է եղել «Ծննդոց» գիրքը, հազիվ թե կարողանայի ավելի պարզ արտահայտվել, ավելի շուտ կհետևեի «Ծննդոց» գրքի առաջին գլխի լեզվին»։ Փրաթը նաև նկատեց, որ Ծննդոցի դեպքերի հերթականությունը (ինչ վերաբերում է օվկիանոսների ծագմանը և ցամաքի հայտնվելուն, ինչպես նաև ծովային կյանքի, թռչունների ու կաթնասունների առաջացմանը), իրոք համապատասխանում է երկրաբանական ժամանակաշրջանների բաժանման սկզբունքի հերթականությանը։
Եկեք մտածենք. եթե հենց Ստեղծիչը և Կառուցողը չփոխանցեր Մովսեսին այդ ամենը, ինչպե՞ս կարող էր նա հազարավոր տարիներ առաջ տալ այդ ճիշտ հերթականությունը։
«Հաւատո՛վ ենք իմանում,— հաստատում է Աստվածաշունչը,— որ աշխարհներն ստեղծուել են Աստծու խօսքով՝ անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով» (Եբրայեցիս 11։3)։ Շատերը տրամադրված չեն ընդունելու այս փաստը և նախընտրում են հավատալ պատահականությանը կամ ինչ–որ կույր պրոցեսի, որն իբր եղել է Տիեզերքի և կյանքի ծագման պատճառը։d Բայց, ինչպես տեսանք, մեծաթիվ և տարբեր պատճառներ կան հավատալու, որ Տիեզերքն ու երկրային կյանքը՝ ներառյալ նաև մերը, բանական Սկզբնապատճառ են ունեցել, Ստեղծիչ, Աստված։
Աստվածաշունչն անկեղծորեն ընդունում է այն իրողությունը, որ «բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։ Սակայն իր հերթին հավատը դյուրահավատություն չէ, այլ հիմնված է իսկությունն ըմբռնելու վրա։ Գրքի հաջորդ գլխում նկատի կառնվեն հավելյալ այն հավաստի և համոզեցուցիչ պատճառները, թե ինչո՛ւ կարող ենք առանց երկմտանքի վստահել Աստվածաշնչին և մեր մասին անձամբ հոգ տանող Մեծ Ստեղծիչին։
[Ծանոթագրություններ]
a Էներգիան հավասար է մարմնի զանգվածը բազմապատկած լույսի արագության քառակուսուն։
b Եբրայեցիներն օրը հաշվում էին երեկոյից մինչև հաջորդ երեկոյի մայրամուտը։
c Ջրերը բարձրացնելու և այդ վիճակում պահելու համար Ստեղծիչը կարող էր բնական պրոցեսներն օգտագործել։ Այդ ջուրը երկրի վրա թափվեց Նոյի օրերում (Ծննդոց 1։6–8; Բ Պետրոս 2։5; 3։5, 6)։ Պատմական այս իրադարձությունը, ինչպես հաստատում են մարդաբանները, անջնջելի հետք է թողել վերապրողների, ինչպես նաև նրանց հետնորդների հիշողության մեջ։ Ջրհեղեղի մասին պատմվում է աշխարհի բոլոր ժողովուրդների լեգենդներում։
d Երկրի վրա կյանքի տեսակների ծագման պատմության մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար տեսեք «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» գիրքը (ռուս.), հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
[Նկար 86–րդ էջի վրա]
Փոշե սկավառակները, ինչպես օրինակ՝ NGC 4261 գալակտիկայում երևացողը, հզորագույն, անտեսանելի սև խոռոչների գոյության ապացույցներն են։ Աստվածաշունչը տեղեկացնում է մի այլ ոլորտում գոյություն ունեցող հզոր արարածների մասին, որոնց տեսնել հնարավոր չէ։
[Նկար 89–րդ էջի վրա]
Գիտափորձերը պաշտպանել են այն տեսությունը, որի համաձայն զանգվածը կարող է վերածվել էներգիայի, իսկ էներգիան՝ զանգվածի
[Նկար 94–րդ էջի վրա]
Առաջին երեք «օրվա» ընթացքում կատարված ստեղծագործական աշխատանքների արդյունքը բուսականությունն էր՝ իր հսկայական բազմազանությամբ
[Նկար 99–րդ էջի վրա]
Աստվածաշունչն ամենապարզ բառերով, ճշգրտորեն նկարագրում է Երկրի վրա կյանքի տեսակների առաջացման հաջորդականությունը
[Նկար 101–րդ էջի վրա]
«Եթե ինձ՝ երկրաբանիս ասվեր.... հազիվ թե կարողանայի ավելի պարզ արտահայտվել, ավելի շուտ կհետևեի Ծննդոց գրքի առաջին գլխի լեզվին» (Ուոլաս Փրաթ)