ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35
Շարունակիր համբերատար լինել
«Հագեք.... համբերատարությունը» (ԿՈՂ. 3։12)։
ԵՐԳ 114 «Համբերող եղեք»
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչո՞ւ ես գնահատում համբերատար մարդկանց։
ԲՈԼՈՐՍ էլ սիրում ենք համբերատար մարդկանց։ Նրանք կարողանում են առանց նյարդայնանալու սպասել, ինչը հարգանքի է արժանի։ Մենք նաև թանկ ենք համարում այն մարդկանց, ովքեր համբերատար են լինում մեր հանդեպ, երբ սխալներ ենք թույլ տալիս։ Անշուշտ, մենք շնորհակալ ենք մեզ Աստվածաշունչ ուսուցանողին, ով համբերատարություն է դրսևորել, երբ դժվարացել ենք հասկանալ և ընդունել աստվածաշնչյան որոշ ուսմունքներ կամ կիրառել սուրբգրային որևէ սկզբունք։ Բայց ամեն բանից առավել մենք երախտապարտ ենք Եհովային, որ համբերատար է մեր հանդեպ (Հռոմ. 2։4)։
2. Ո՞ր իրավիճակներում գուցե դժվար լինի համբերատար լինել։
2 Ինչ խոսք, մեզ դուր է գալիս, երբ ուրիշները համբերատար են լինում, սակայն ինքներս գուցե դժվարանանք դրսևորել այս հատկությունը։ Օրինակ՝ թերևս դժվար լինի համբերություն դրսևորել, երբ խցանման մեջ ենք, հատկապես եթե ուշանում ենք։ Հնարավոր է նաև՝ հունից դուրս գանք, երբ ուրիշները նյարդայնացնում են մեզ։ Իսկ երբեմն էլ գուցե դժվար լինի, որ շարունակենք սպասել Եհովայի խոստացած նոր աշխարհին։ Կուզեի՞ր ավելի համբերատար լինել։ Հոդվածից կիմանանք, թե ինչը կօգնի մեզ այս հարցում։ Բայց նախ տեսնենք, թե ինչ է նշանակում լինել համբերատար, և ինչու է այդ հատկությունը շատ կարևոր։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ
3. Համբերատար մարդը ինչպե՞ս է արձագանքում, երբ նրան սադրում են։
3 Տեսնենք, թե որ չորս կերպերով կարող ենք համբերատարություն դրսևորել։ Առաջին՝ համբերատար մարդը «բարկանալու մեջ դանդաղ է»։ Երբ նրան սադրում են, կամ երբ նա սթրեսի մեջ է, նա հանդարտ է մնում և վատ վերաբերմունքին նույն կերպ չի արձագանքում։ «Բարկանալու մեջ դանդաղ» արտահայտությունը Աստվածաշնչում առաջին անգամ հանդիպում է Եհովայի առնչությամբ։ Կարդում ենք. «Ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6)։
4. Համբերատար մարդը ինչպե՞ս է արձագանքում, երբ սպասելու կարիք է առաջանում։
4 Երկրորդ՝ համբերատար մարդը կարողանում է հանդարտորեն սպասել։ Երբ որևէ բան ակնկալվածից ավելի երկար է տևում, նա ձգտում է չկորցնել համբերությունը և չդառնալ նյարդային (Մատթ. 18։26, 27)։ Մեր կյանքում շատ իրավիճակներ կան, երբ պետք է հանդարտորեն սպասենք։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը խոսում է, հարկավոր է համբերատարությամբ լսել և չընդհատել նրան (Հոբ 36։2)։ Բացի այդ՝ կարևոր է համբերատար լինել, երբ օգնում ենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասկանալ որևէ ուսմունք կամ հաղթահարել որևէ վատ սովորություն։
5. Ուրիշ ինչպե՞ս կարող ենք համբերատարություն դրսևորել։
5 Երրորդ՝ համբերատար մարդը չի շտապում։ Ինչ խոսք, որոշ իրավիճակներում պետք է արագ գործենք, բայց համբերատար մարդը կարևոր հանձնարարություն կատարելիս չի շտապում։ Նա բավարար ժամանակ է տրամադրում, որպեսզի ծրագրի իր անելիքը և, ինչպես հարկն է, իրականացնի այն։
6. Ինչպե՞ս է իրեն դրսևորում համբերատար մարդը, երբ բախվում է փորձությունների ու դժվարությունների։
6 Չորրորդ՝ փորձությունների ժամանակ համբերատար մարդը ձգտում է անտրտունջ դիմանալ։ Համբերատարությունը սերտորեն կապված է դիմանալու հետ։ Ինչ խոսք, սխալ չէ, դժվարությունների ժամանակ մեր սիրտը բացել մտերիմ ընկերոջ առաջ և ասել նրան, թե ինչ ենք զգում։ Այդուհանդերձ, համբերատար մարդը ամեն ինչ կանի, որ շարունակի դիմանալ՝ չկորցնելով դրական տրամադրվածությունը (Կող. 1։11)։ Որպես քրիստոնյաներ՝ կարևոր է, որ համբերատար լինենք վերոնշյալ բոլոր չորս իրավիճակներում։ Ինչո՞ւ։ Տեսնենք մի քանի պատճառ։
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼԻՆԵԼ
7. Հակոբոս 5։7, 8 համարները ինչպե՞ս են ընդգծում համբերատար լինելու կարևորությունը (տես նաև նկարը)։
7 Համբերատարությունը անչափ կարևոր է փրկության համար։ Անցյալում ապրած Աստծու հավատարիմ ծառաների նման՝ կարևոր է, որ համբերությամբ սպասենք Աստծուն, մինչ նա կիրագործի իր խոստումները (Եբր. 6։11, 12)։ Աստվածաշունչը մեզ համեմատում է հողագործի հետ (կարդա Հակոբոս 5։7, 8)։ Հողագործը տքնաջան աշխատում է, որպեսզի սերմ ցանի և ջրի այն, բայց նա չգիտի, թե այդ սերմը կոնկրետ երբ կսկսի աճել։ Ուստի համբերատար կերպով սպասում է՝ համոզված լինելով, որ մի օր բերք կհավաքի։ Նմանապես մենք զբաղված ենք մնում հոգևոր գործերով, թեև «չգիտենք, թե որ օրն է [մեր] Տերը գալու» (Մատթ. 24։42)։ Ուստի համբերատար կերպով սպասում ենք՝ համոզված լինելով, որ ճիշտ ժամանակին Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները։ Եթե անհամբեր դառնանք, գուցե հոգնենք սպասելուց և աստիճանաբար հեռանանք ճշմարտությունից։ Հնարավոր է նաև, որ սկսենք հետամուտ լինել այնպիսի բաների, որոնք, մեր կարծիքով, հենց այսօր մեզ երջանիկ կդարձնեն։ Բայց եթե համբերատար լինենք, կկարողանանք դիմանալ մինչև վերջ ու կփրկվենք (Միք. 7։7; Մատթ. 24։13)։
8. Համբերատարությունն ինչպե՞ս է օգնում, որ լավ փոխհարաբերություններ ունենանք մարդկանց հետ (Կողոսացիներ 3։12, 13)։
8 Համբերատար լինելը օգնում է նաև, որ լավ փոխհարաբերություններ ունենանք ուրիշների հետ։ Այս հատկության շնորհիվ մենք ուշադրությամբ լսում ենք, երբ դիմացինը խոսում է (Հակ. 1։19)։ Այն նաև օգնում է, որ խաղաղություն ունենանք մարդկանց հետ։ Եթե համբերատար լինենք, սթրեսային վիճակում չափազանց արագ չենք արձագանքի և չենք ասի մի բան, ինչը գուցե վիրավորի ուրիշներին։ Իսկ երբ ինչ-որ մեկը ցավ պատճառի մեզ, արագ չենք բարկանա։ Ի պատասխան՝ մենք չենք վիրավորի նրան, այլ «կշարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (կարդա Կողոսացիներ 3։12, 13)։
9. Համբերատարությունն ինչպե՞ս է օգնում որոշումներ կայացնելիս (Առակներ 21։5)։
9 Համբերատար լինելը կարող է օգնել նաև, որ ավելի լավ որոշումներ կայացնենք։ Իմպուլսիվ լինելու և հապճեպ որոշումներ կայացնելու փոխարեն մենք ժամանակ կտրամադրենք տվյալ հարցի ուսումնասիրությանը և ծանրութեթև կանենք մեր ունեցած տարբերակները (կարդա Առակներ 21։5)։ Օրինակ՝ եթե աշխատանք ենք փնտրում, գուցե հակված լինենք ընդունելու առաջին իսկ տարբերակը, նույնիսկ եթե այդ աշխատանքը կխանգարի մեր հոգևոր գործերին։ Սակայն համբերատար մարդը ժամանակ կտրամադրի, որ մտածի հետևյալի մասին. «Որքա՞ն հեռու է այդ աշխատավայրը։ Քանի՞ ժամ պետք է աշխատեմ։ Այն ինչպե՞ս կանդրադառնա ընտանիքիս և իմ հոգևոր վիճակի վրա»։ Համբերատար լինելը կօգնի, որ սխալ որոշում չկայացնենք։
ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ
10. Քրիստոնյան ինչպե՞ս կարող է համբերություն զարգացնել և պահպանել այն։
10 Համբերություն խնդրիր Եհովայից։ Համբերատարությունը ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի կարող ենք աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգին տա մեզ և օգնի զարգացնել դրա պտուղը։ Երբ մեր համբերությունը փորձվում է, մենք «շարունակում ենք խնդրել» Աստծուց իր սուրբ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։9, 13)։ Կարող ենք նաև Եհովային խնդրել, որ օգնի՝ հարցերին նայենք իր տեսանկյունից։ Դրանից հետո լավ կլինի՝ մեր ձեռքից եկածն անենք, որ ամեն օր համբերություն դրսևորենք։ Եթե շարունակ Եհովայից համբերություն խնդրենք և ձգտենք դրսևորել այդ հատկությունը, այն խոր արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր անհատականության մի մասը։
11-12. Ինչպե՞ս է Եհովան համբերություն դրսևորել։
11 Խորհրդածիր աստվածաշնչյան օրինակների շուրջ։ Աստծու Խոսքում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ կսովորենք, թե ինչպես կարելի է համբերություն դրսևորել։ Մենք կքննենք դրանցից մի քանիսը, բայց մինչ այդ եկեք խոսենք համբերության ամենաակնառու օրինակի՝ Եհովայի մասին։
12 Եդեմում Սատանան զրպարտեց Եհովային՝ արատավորելով նրա անունը, և հարցականի տակ դրեց նրա՝ որպես սիրառատ ու արդար Ղեկավարի համբավը։ Եհովան գիտեր, որ ժամանակ է պետք փաստելու համար, որ իշխելու իր կերպը լավագույնն է, ուստի իրեն զրպարտողին անմիջապես ոչնչացնելու փոխարեն նա համբերություն և ինքնատիրապետում դրսևորեց։ Այդ ողջ ընթացքում նա դիմանում է իր անվանը բերված նախատինքին։ Եհովան համբերություն է դրսևորում նաև այն պատճառով, որ ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ապրելու հավիտյան (2 Պետ. 3։9, 15)։ Արդյունքում՝ միլիոնավոր մարդիկ են ճանաչել իրեն և մտերմացել իր հետ։ Եթե կենտրոնանանք այն օգուտների վրա, որ բերում է Եհովայի համբերությունը, մեզ համար ավելի հեշտ կլինի սպասել, մինչ Նա իր որոշած ժամանակին կբերի վերջը։
13. Ինչպե՞ս էր Հիսուսը կատարելապես ընդօրինակում իր Հոր համբերատարությունը (տես նաև նկարը)։
13 Հիսուսը կատարելապես ընդօրինակում է իր Հոր համբերատարությունը։ Երբ երկրի վրա էր, նա դրսևորում էր այդ հատկությունը, թեև միշտ չէ, որ հեշտ էր համբերատար լինել, հատկապես կեղծավոր դպիրների ու փարիսեցիների հետ առնչվելիս (Հովհ. 8։25-27)։ Բայց իր Հոր նման Հիսուսը դանդաղ էր բարկանալու մեջ. երբ նրան վիրավորում կամ սադրում էին, նա չարությամբ չէր հատուցում (1 Պետ. 2։23)։ Բացի այդ՝ Հիսուսը դիմանում էր փորձություններին առանց տրտնջալու։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը հորդորում է «լրջորեն մտածել նրա մասին, ով դիմացավ մեղավորների թշնամական խոսքերին» (Եբր. 12։2, 3)։ Եհովայի օգնությամբ մենք նույնպես կարող ենք համբերությամբ դիմանալ ցանկացած փորձության։
14. Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից (Եբրայեցիներ 6։15; տես նաև նկարը)։
14 Մեզանից ոմանք մտածում էին, որ այս համակարգի վերջը վաղուց արդեն պետք է եկած լիներ։ Հիմա էլ գուցե անհանգստանանք, որ այդքան չենք ապրի, որ տեսնենք այն։ Ի՞նչը կօգնի, որ շարունակենք համբերությամբ սպասել։ Քննենք Աբրահամի օրինակը։ Եհովան 75-ամյա Աբրահամին, ով զավակ չուներ, հետևյալը խոստացավ. «Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ» (Ծննդ. 12։1-4)։ Արդյո՞ք Աբրահամը տեսավ այդ խոստման կատարումը։ Մասամբ։ Եփրատ գետն անցնելուց հետո նա 25 տարի սպասեց, մինչև որ հրաշքով ծնվեց նրա որդի Իսահակը։ Եվ դրանից 60 տարի անց միայն ծնվեցին նրա թոռները՝ Եսավն ու Հակոբը (կարդա Եբրայեցիներ 6։15)։ Սակայն Աբրահամը այդպես էլ չտեսավ, որ իր սերունդները մեծ ազգ են դարձել և ժառանգել են Ավետյաց երկիրը։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Ստեղծչի հետ (Հակ. 2։23)։ Երբ նա հարություն առնի, անչափ կուրախանա՝ իմանալով, որ իր հավատի ու համբերության շնորհիվ բոլոր ազգերը օրհնվել են (Ծննդ. 22։18)։ Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից։ Գուցե հիմա անձամբ չտեսնենք Եհովայի բոլոր խոստումների կատարումը։ Բայց եթե Աբրահամի պես համբերատար լինենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կվարձատրի մեզ այսօր, և շատ ավելին կանի մեզ համար իր խոստացած նոր աշխարհում (Մարկ. 10։29, 30)։
15. Ինչի՞ մասին կարելի է անձնական ուսումնասիրություն անել։
15 Աստվածաշնչում համբերատար մարդկանց շատ այլ օրինակներ էլ կան (Հակ. 5։10)։ Լավ կլինի՝ անձնական ուսումնասիրության ժամանակ ուսումնասիրես դրանք։b Օրինակ՝ թեև Դավիթը Իսրայելի թագավոր էր օծվել, երբ դեռ պատանի էր, բայց նախքան թագավոր դառնալը նա պետք է երկար տարիներ սպասեր։ Իսկ Սիմեոնն ու Աննան, մինչ սպասում էին խոստացված Մեսիային, հավատարմորեն շարունակում էին պաշտել Եհովային (Ղուկ. 2։25, 36-38)։ Նրանց օրինակներն ուսումնասիրելիս փորձիր գտնել հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչն է օգնել նրանց համբերություն դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են նրանք քաղել համբերատար լինելու շնորհիվ։ Ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել նրանց»։ Դու կարող ես սովորել նաև այն մարդկանց օրինակներից, ովքեր համբերություն չեն դրսևորել (1 Սամ. 13։8-14)։ Դրանք ուսումնասիրելիս մտածիր այս հարցերի շուրջ. «Թերևս ի՞նչն է եղել նրանց անհամբերության պատճառը։ Ի՞նչ վատ հետևանքների է դա հանգեցրել»։
16. Որո՞նք են համբերատար լինելու օգուտներից մի քանիսը։
16 Մտածիր համբերատար լինելու օգուտների մասին։ Համբերատար մարդիկ ավելի երջանիկ են ու հանգիստ։ Ուստի համբերատար լինելը կարող է բարելավել մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը։ Երբ համբերատար ենք լինում մարդկանց հանդեպ, ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում նրանց հետ։ Այդպես նաև նպաստում ենք ժողովի միասնությանը։ Եվ երբ ինչ-որ մեկը սադրում է մեզ, մենք «չենք շտապում բարկանալ» և իրավիճակը ավելի չենք սրում (Սաղ. 37։8; Առակ. 14։29)։ Իսկ որ ամենակարևորն է, համբերատար լինելով՝ մենք ընդօրինակում ենք մեր երկնային Հորը և ավելի ենք մտերմանում նրա հետ։
17. Ի՞նչ նպատակ արժե դնել։
17 Համբերատարությունը իրոք որ գրավիչ և օգտակար հատկություն է։ Թեև երբեմն դժվար է համբերատար լինել, բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք զարգացնել այս հատկությունը։ Մինչ համբերությամբ սպասում ենք նոր աշխարհին, մենք համոզված ենք, որ «Եհովայի աչքը իրենից վախեցողների վրա է, նրանց վրա, ովքեր իր սիրառատ բարությանն են սպասում» (Սաղ. 33։18)։ Եկեք բոլորս նպատակ դնենք «հագնել համբերատարությունը» և միշտ դրսևորել այն։
ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր
a Սատանայի աշխարհում մարդկանց մեծամասնությունը համբերատար չէ, սակայն Աստվածաշունչը հորդորում է մեզ «հագնել» համբերատարությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչու է այս հատկությունը շատ կարևոր, և թե ինչպես կարող ենք ավելի համբերատար լինել։
b Համբերատար լինելու վերաբերյալ աստվածաշնչյան օրինակներ կարող ես գտնել «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի «Զգացմունքներ, հատկություններ, վարք» թեմայի «Համբերություն» վերնագրի տակ։