ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՍԱՌԱ
«Դու գեղեցիկ կին ես»
ՍԱՌԱՆ կանգնած էր սենյակի մեջտեղում և մտախոհ նայում էր իր շուրջը։ Նա Միջին Արևելքի կանանց բնորոշ արտաքին ունեցող գեղանի մի կին էր՝ մուգ, արտահայտիչ աչքերով։ Բայց, հավանաբար, այդ պահին նրա խորունկ աչքերի մեջ թախիծ էր նշմարվում։ Եվ դրա համար կային պատճառներ։ Նա բազում ջերմ հուշեր ուներ այդ տան հետ կապված։ Սառան իր սիրելի ամուսնու՝ Աբրահամի հետ բազմաթիվ երջանիկ օրեր էր անցկացրել այնտեղ։a Միասնական ջանքերով նրանք այն դարձրել էին իրենց ջերմ ու ապահով հանգրվանը։
Աբրահամն ու Սառան ապրում էին Ուր քաղաքում՝ այն ժամանակվա ծաղկուն ու բարգավաճ քաղաքներից մեկում, որը հայտնի էր իր հմուտ վարպետներով, արհեստավորներով և վաճառականներով։ Տրամաբանական է եզրակացնել, որ Աբրահամն ու Սառան բավականին մեծ ունեցվածքի տեր էին։ Բայց Սառայի համար իրենց տունը պարզապես ունեցվածք պահելու տեղ չէր։ Այդտեղ նա և իր թանկագին ամուսինը ապրել էին երկար տարիներ, իրար հետ կիսել ուրախությունն ու տխրությունը և անթիվ-անհամար անգամներ աղոթել իրենց սիրելի Աստծուն՝ Եհովային։ Ահա թե ինչու էր այդ տունը այդքան հարազատ ու սիրելի Սառայի համար։
Այդուհանդերձ, Սառան պատրաստակամորեն համաձայնվել էր թողնել այն ամենը, ինչ հարազատ էր իրեն։ Թեև այդ ժամանակ նա մոտ 60 տարեկան էր, բայց պատրաստվում էր գնալ իր համար օտար վայրեր, որտեղ նրան սպասում էր վտանգներով ու դժվարություններով լի կյանք, ընդ որում տուն վերադառնալու որևէ հեռանկար չկար։ Ինչո՞ւ Սառայի կյանքում այդպիսի շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել ամուր հավատի տեր այս կնոջից։
«ՀԵՌԱՑԻՐ ՔՈ ԵՐԿՐԻՑ»
Հավանաբար, Սառան մեծացել էր հենց Ուր քաղաքում։ Այսօր այդ քաղաքից միայն ավերակներ են մնացել։ Բայց Սառայի օրերում այնտեղ կյանքը եռում էր։ Եփրատ գետի երկայնքով և դրան միացող ջրանցքներով շարունակ վերուվար էին անում վաճառականների նավերը, որոնք տարբեր տեղերից թանկարժեք ապրանքներ էին բերում։ Ուրի նեղ ու ոլորապտույտ փողոցները լի էին մարդկանցով։ Քաղաքի նավահանգիստներում հանգրվանող նավերն այնքան շատ էին, որ ասեղ գցելու տեղ չէր լինում, իսկ շուկաները լեփ լեցուն էին զանազան մթերքներով։ Մանկուց ապրելով այդ բազմամարդ քաղաքում՝ Սառան թերևս անունով գիտեր այնտեղ ապրող մարդկանցից շատերին։ Անկասկած, նրանք էլ Սառային էին ճանաչում, քանի որ նա բացառիկ գեղեցկություն ունեցող կին էր։ Բացի դրանից՝ Ուր քաղաքում էին ապրում նրա մեծ ընտանիքի անդամները։
Աստվածաշունչը Սառայի մասին խոսում է որպես մեծ հավատ ունեցող կնոջ։ Նա հավատում ու երկրպագում էր ճշմարիտ Աստծուն՝ Եհովային, ոչ թե լուսնի աստծուն, որի երկրպագությունը լայնորեն տարածված էր Ուր քաղաքում, և որի պատվին բարձր աստիճանավոր աշտարակ էր կառուցված այնտեղ։ Աստվածաշնչում չի ասվում, թե Սառան ինչպես էր սկսել երկրպագել ճշմարիտ Աստծուն։ Հայտնի է, որ նրա հայրը առնվազն մի որոշ ժամանակ կռապաշտ է եղել։ Ինչևէ, Սառան ամուսնացել էր ճշմարիտ Աստծուն երկրպագող մի մարդու՝ Աբրահամի հետ, որը նրանից տասը տարով մեծ էր (Ծննդոց 17։17)։b Հետագայում Աբրահամը հայտնի դարձավ որպես բոլոր հավատ ունեցողների հայր (Հռոմեացիներ 4։11)։ Նրանք միասին կազմել էին ամուր ու երջանիկ ընտանիք, որտեղ տիրում էր փոխադարձ հարգանքի, լավ հաղորդակցության և դժվարին խնդիրները միասնաբար հարթելու ոգի։ Սակայն ամենակարևորն այն էր, որ նրանց միության հիմքում ընկած էր Աստծու հանդեպ սերը։
Սառան շատ էր սիրում իր ամուսնուն։ Նրանք միասին հիմնել էին իրենց տունը Ուր քաղաքում, որտեղ շրջապատված էին իրենց հարազատներով։ Սակայն կար մի բան, որ մեծ հիասթափություն էր պատճառում նրանց։ Աստվածաշնչում ասվում է, որ Սառան «ամուլ էր. նա երեխա չուներ» (Ծննդոց 11։30)։ Այդ ժամանակներում նրանց մշակույթում ամուլ լինելը անպատվություն և լուրջ խնդիր էր կնոջ համար։ Չնայած դրան՝ Սառան մնաց հավատարիմ իր Աստծուն և իր ամուսնուն։ Աբրահամի ու Սառայի ազգական Ղովտը, որը հայր չուներ, ըստ երևույթին, նրանց համար հարազատ որդու պես դարձավ։ Նրանց կյանքը շարունակվեց իր հունով մինչև այն օրը, երբ ամեն բան փոխվեց։
Այդ օրը Աբրահամը, անչափ հուզված, եկավ Սառայի մոտ։ Դրանից քիչ առաջ մի անհավանական բան էր տեղի ունեցել. Աստված, որին նրանք երկրպագում էին, խոսել էր Աբրահամի հետ և նույնիսկ երևացել էր նրան, իհարկե ոչ թե անձամբ, այլ իր հրեշտակի միջոցով։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես արձագանքեց Սառան՝ լսելով այդ մասին. թերևս նա, հետաքրքրությամբ լի իր գեղեցիկ աչքերը ամուսնուն հառելով, անհամբերությամբ ասաց. «Խնդրում եմ, պատմիր, ի՞նչ ասաց նա քեզ»։ Աբրահամն էլ, հավանաբար, նախ նստեց, հավաքեց մտքերը, ապա սկսեց պատմել։ Եհովան նրան ասել էր. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից և եկ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ» (Գործեր 7։2, 3)։ Երբ առաջին րոպեների հուզմունքն անցավ, Աբրահամն ու Սառան սկսեցին խորությամբ մտածել Եհովայի տված հանձնարարության մասին։ Նրանք պետք է հետևում թողնեին իրենց կայուն, հարմարավետ կյանքը և ապրեին քոչվորի պես։ Ի՞նչ էր մտածում Սառան այս ամենի մասին։ Թերևս Աբրահամը ուշադիր զննում էր նրան ու փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում նրա ներսում. արդյոք այս քնքուշ կինը պատրա՞ստ էր նման կտրուկ փոփոխության և արդյոք կաջակցե՞ր իրեն այդ հարցում։
Գուցե թվա, թե Սառայի կյանքում ստեղծված իրավիճակը մեզ հետ կապ չունի։ Հնարավոր է՝ մտածենք. «Աստված երբեք ինձ կամ իմ կողակցին նման պատվեր չի տվել»։ Սակայն մի՞թե այսօր բոլորս էլ նմանատիպ ընտրության առաջ չենք կանգնում։ Մենք ապրում ենք նյութապաշտ աշխարհում, որը մեզ խրախուսում է առաջին տեղում դնել մեր հարմարավետությունը, ունեցվածքը և ապահովությունը։ Մինչդեռ Աստվածաշունչը հորդորում է այլ կերպ վարվել. առաջին տեղում դնել հոգևոր բաները և ավելի կարևոր համարել ոչ թե մեր ցանկությունները, այլ Աստծուն հաճեցնելը (Մատթեոս 6։33)։ Եկեք տեսնենք, թե ինչպես վարվեց Սառան և նրա օրինակի շուրջ խորհրդածելով՝ հարցնենք ինքներս մեզ. «Իսկ ե՞ս ինչ ընտրություն կանեմ կյանքում»։
ՆՐԱՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ «ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐԻ ԵՐԿՐԻՑ»
Երբ Սառան սկսեց հավաքել իրերը, կանգնեց դժվար որոշման առաջ՝ ինչը տանել և ինչը թողնել։ Նա չէր կարող վերցնել այնպիսի իրեր, որոնք շատ մեծ էին ուղտերի կամ էշերի վրա բարձելու համար, կամ որոնք պետք չէին գա քոչվորական կյանքում։ Այնպես որ իրենց ունեցած իրերից շատերը պետք է վաճառեին կամ տային ուրիշներին։ Սառան նաև զրկվելու էր քաղաքում ապրելու հարմարություններից. այլևս չէին լինի շուկաներ, որտեղից նա կարող էր գնել ինչ ուզեր՝ հացահատիկ, միս, մրգեր, հագուստ և այլ անհրաժեշտ բաներ, ինչպես նաև կյանքի հարմարավետության համար նախատեսված զանազան պարագաներ։
Թերևս Սառայի համար դժվար էր թողնել նաև իրենց տունը։ Եթե նրանց տունն էլ Ուր քաղաքի այն բազմաթիվ ճոխ տներից էր, որ հայտնաբերել են հնագետները, ապա կարելի է ասել, որ դա շատ մեծ զոհողություն էր նրա համար։ Կային տներ, որ ունեին տասներկուսից ավելի սենյակներ, ինչպես նաև խմելու ջրի աղբյուրներ և ջրատար համակարգ։ Նույնիսկ ամենահամեստ տները ունեին ամուր պատեր, տանիք և սողնակով փակվող դուռ. բաներ, որոնց շնորհիվ մարդն իրեն պաշտպանված էր զգում։ Իսկ վրանը հազիվ թե նրանց պաշտպաներ գողերից կամ վայրի գազաններից՝ առյուծներից, ընձառյուծներից, արջերից ու գայլերից, որոնք այն ժամանակ շատ տարածված էին Միջին Արևելքում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել հարազատների մասին։ Աստված ասել էր. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից»։ Այդ պատվերին հնազանդվելը պետք է որ շատ դժվար լիներ Սառայի համար։ Ըստ ամենայնի, նա ուներ եղբայրներ, քույրեր, զարմիկներ, զարմուհիներ, մորաքույրեր, հորաքույրեր, քեռիներ ու հորեղբայրներ։ Լինելով ջերմ ու քնքուշ սիրտ ունեցող կին՝ նա, հավանաբար, շատ կապված էր իր ազգականների հետ, այնինչ ստիպված էր լինելու բաժանվել նրանցից։ Եվ ո՞վ գիտի, գուցե էլ երբեք չտեսներ նրանց։ Չնայած այդ ապրումներին՝ Սառան, վճռականությամբ լցված, օրեր շարունակ պատրաստվում էր առաջիկա ճամփորդությանը։
Նշանակված օրը արդեն ամեն բան հավաքված էր, և Սառան պատրաստ էր մեկնելու։ Սառայի ու Աբրահամի հետ պետք է մեկնեին նաև Ղովտը և իրենց հայրը՝ Թարան, թեև նա այդ ժամանակ արդեն մոտ 200 տարեկան էր (Ծննդոց 11։31)։ Անկասկած, Սառան շատ ջանք պետք է թափեր իր տարեց ծնողին հոգ տանելու համար։ Այսպիսով՝ հնազանդվելով Եհովայի տված պատվերին՝ նրանք դուրս եկան «քաղդեացիների երկրից» (Գործեր 7։4)։
Նրանց քարավանը, գնալով Եփրատ գետի հոսանքի ուղղությամբ, նախ ուղևորվեց Խառան՝ մոտ 1 000 կիլոմետր (600 մղոն) դեպի հյուսիս-արևմուտք։ Նրանք ժամանակավորապես բնակություն հաստատեցին Խառանում։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Թարան հիվանդ էր և ի վիճակի չէր շարունակելու ճանապարհորդությունը։ Նրանց ընտանիքը մնաց այնտեղ մինչև Թարայի մահը. նա մահացավ 205 տարեկանում։ Նախքան նրանք նորից ճանապարհ կընկնեին, Եհովան կրկին խոսեց Աբրահամի հետ և պատվիրեց հեռանալ այդ երկրից ու գնալ այն երկիրը, որ ինքը ցույց կտար։ Այս անգամ Եհովան նաև մի հրաշալի խոստում տվեց. «Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ» (Ծննդոց 12։2–4)։ Սակայն Խառանից հեռանալիս Աբրահամն արդեն 75 տարեկան էր, իսկ Սառան՝ 65, և նրանք դեռ անզավակ էին։ Ինչպե՞ս էր Աբրահամից մեծ ազգ առաջ գալու։ Մի՞թե նա պետք է ուրիշ կին առներ իր համար։ Ըստ երևույթին, Սառան մտածում էր այս մասին, քանի որ այդ ժամանակներում բազմակնությունը սովորական երևույթ էր։
Եվ այսպես՝ նրանք դուրս եկան Խառանից ու շարունակեցին իրենց ճանապարհը։ Սակայն այս անգամ նրանց հետ այլ մարդիկ էլ կային։ Աստվածաշնչում նշվում է, որ Աբրահամի ընտանիքը մեկնեց՝ վերցնելով «իրենց կուտակած ողջ ունեցվածքը, ինչպես նաև Խառանում ձեռք բերած իրենց ծառաներին» (Ծննդոց 12։5)։ Ովքե՞ր էին այդ ծառաները։ Անկասկած, Աբրահամն ու Սառան իրենց հավատի մասին պատմում էին բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին լսել։ Հրեական որոշ վերապատմումներում ասվում է, որ այս համարներում նշված ծառաները հավատափոխ եղած մարդիկ էին, որոնք սկսել էին, Աբրահամի ու Սառայի պես, երկրպագել Եհովային։ Եթե դա իրոք ճիշտ է, ապա այս հարցում, անկասկած, մեծ դեր է ունեցել նաև Սառան. նրա ամուր հավատը թերևս մղել է նրան համոզվածությամբ խոսելու ուրիշների հետ իր Աստծու և իր ունեցած հույսի մասին։ Սառայի թողած օրինակի շուրջ խորհելը շատ օգտակար է, քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատ շատերը չունեն հույս ու հավատ։ Ուստի երբ Աստվածաշնչից լավ բաներ ենք իմանում, կարևոր է, որ այդ մասին պատմենք ուրիշներին։
ԳՆՈՒՄ ԵՆ ԵԳԻՊՏՈՍ
Շուտով Աբրահամի ընտանիքը անցավ Եփրատը (ամենայն հավանականությամբ, մ. թ. ա. 1943 թ. նիսանի 14- ին) և գնաց հարավ՝ դեպի այն երկիրը, որ Եհովան խոստացել էր տալ նրանց (Ելք 12։40, 41)։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էր Սառան հիացած նայում իր շուրջը, զմայլվում այդ գեղատեսիլ երկրի բազմազան տեսարաններով և վայելում տեղի մեղմ ու հաճելի կլիման։ Սյուքեմի մոտակայքում՝ Մորեի մեծ ծառերի մոտ, Եհովան կրկին հայտնվեց Աբրահամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ «Սերունդ» բառը, հավանաբար, այնքա՜ն խոր իմաստ ուներ Աբրահամի համար։ Թերևս դա նրան հիշեցրեց Եդեմի պարտեզում Եհովայի խոստացած սերնդի մասին, որն ի վերջո ոչնչացնելու էր Սատանային։ Եհովան ասել էր Աբրահամին, որ նրանից առաջ եկած ազգի միջոցով էր օրհնություններ բերելու ողջ մարդկությանը (Ծննդոց 3։15; 12։2, 3, 6, 7)։
Թեև Աբրահամի ընտանիքը վայելում էր Եհովայի հավանությունը, սակայն պաշտպանված չէր դժվարություններից։ Քանանի երկրում սով սկսվեց, և Աբրահամը որոշեց իր ընտանիքի հետ գնալ դեպի հարավ՝ Եգիպտոս։ Սակայն նա անհանգստանում էր, որ այդ երկրում իրենց գուցե վտանգ սպառնար։ Ուստի դրա մասին խոսեց Սառայի հետ. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես, և, անշուշտ, երբ եգիպտացիները տեսնեն քեզ, կասեն՝ «սա նրա կինն է», ու անպատճառ կսպանեն ինձ, իսկ քեզ կենդանի կթողնեն։ Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես, որպեսզի ինձ լավ լինի, և քո շնորհիվ իմ հոգին ապրի» (Ծննդոց 12։10–13)։ Ինչո՞ւ Աբրահամը նման բան խնդրեց։
Աբրահամը ո՛չ ստախոս էր, ո՛չ էլ վախկոտ, ինչպես ասում են որոշ քննադատներ։ Սառան իսկապես նրա քույրն էր՝ նրա հոր աղջիկը։ Բացի այդ՝ Աբրահամը հիմնավոր պատճառներ ուներ նման զգուշություն դրսևորելու համար։ Աբրահամն ու Սառան հասկանում էին, որ Աստծու նպատակի իրականացումից ավելի կարևոր բան չկար, իսկ Աստծու նպատակն էր հատուկ սերունդ և ազգ առաջ բերել Աբրահամից։ Այդ պատճառով չափազանց կարևոր էր, որ Աբրահամը ողջ մնար։ Բացի այդ՝ հնագիտական փաստերը ցույց են տալիս, որ Եգիպտոսում իսկապես եղել են այդպիսի դեպքեր, որ առևանգել են կնոջը և սպանել նրա ամուսնուն։ Ուստի Աբրահամը խորագիտությամբ վարվեց, և Սառան խոնարհաբար թիկունք կանգնեց նրա որոշմանը։
Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ Աբրահամի անհանգստությունները միանգամայն հիմնավոր էին. փարավոնի իշխաններից մի քանիսը նկատեցին Սառայի բացառիկ գեղեցկությունը, ինչը այդ տարիքի կնոջ համար զարմանալի բան էր։ Նրանք Սառայի մասին պատմեցին փարավոնին, և նա հրամայեց, որ Սառային բերեն պալատ։ Դժվար թե պատկերացնենք՝ ինչ ծանր հոգեկան ապրումների մեջ էր Աբրահամը, և թե ինչ վախեր ու անհանգստություններ էին պատել Սառային։ Սակայն, ըստ ամենայնի, Սառային վերաբերվում էին ոչ թե որպես պատանդի, այլ որպես պատվավոր հյուրի։ Թերևս փարավոնը ցանկանում էր շահել նրա սիրտը և տպավորել նրան իր հարստությամբ, իսկ հետո բանակցելով նրա «եղբոր» հետ՝ նրան իր կինը դարձնել (Ծննդոց 12։14–16)։
Իսկ ի՞նչ էր անցնում Սառայի մտքով, մինչ նա պալատի պատուհանից կամ պատշգամբից դիտում էր իր առջև բացված տեսարանը՝ Եգիպտոսի ընդարձակ, հարուստ երկիրը։ Ի՞նչ էր նա զգում այդ ժամանակ, երբ կրկին ապրում էր ամուր պատերի ներսում, իր գլխավերևում տանիք կար և իրեն մատուցում էին զանազան ճոխ կերակուրներ։ Արդյոք նրան գայթակղո՞ւմ էր պալատական շքեղ ու հարմարավետ կյանքը, որ գուցե նույնիսկ ավելի պերճաշուք էր, քան Ուր քաղաքում իր ունեցած ամեն հարմարություն։ Որքա՜ն ուրախ կլիներ Սատանան, եթե Սառան որոշեր թողնել Աբրահամին ու դառնալ փարավոնի կինը։ Սակայն Սառան այդպիսի բան չարեց։ Նա հավատարիմ մնաց իր ամուսնուն, իր ամուսնական ուխտին և իր Աստծուն։ Որքա՜ն լավ կլիներ, եթե այս անբարո աշխարհում յուրաքանչյուր ամուսնացած անհատ նման հավատարմություն դրսևորեր։ Իսկ դուք կարո՞ղ եք ընդօրինակել Սառային ձեր հարազատների կամ ընկերների հետ ունեցած փոխհարաբերություններում։
Այս հավատարիմ կնոջը պաշտպանելու համար Եհովան միջամտեց և պատուհասներ բերեց փարավոնի ու նրա ընտանիքի վրա։ Երբ փարավոնը ինչ-որ կերպով իմացավ, որ Սառան Աբրահամի կինն է, նրան հետ ուղարկեց իր ամուսնու մոտ և ասաց, որ նրանց ողջ ընտանիքը հեռանա Եգիպտոսից (Ծննդոց 12։17–20)։ Կարելի է պատկերացնել, թե որքան ուրախ էր Աբրահամը, որ իր սիրելի կինը կրկին իր կողքին էր։ Հիշենք, որ նա մի առիթով քնքշորեն ասել էր նրան. «Ես գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես»։ Բայց Սառայի մեջ Աբրահամը ամենից շատ գնահատում էր մեկ այլ գեղեցկություն, որը շատ ավելի արժեքավոր է, քան լոկ արտաքին գրավչությունը։ Սառան օժտված էր ներքին գեղեցկությամբ, որը շատ արժեքավոր է նաև Եհովայի համար (1 Պետրոս 3։1–5)։ Այսպիսի գեղեցկություն կարող ենք ունենալ բոլորս։ Այսպիսով՝ եթե մենք էլ հոգևոր բաները նյութականից ավելի կարևոր համարենք, Աստծու մասին մեր իմացածը պատմենք ուրիշներին և ցանկացած գայթակղության առաջ կանգնելիս հավատարմորեն պահենք Եհովայի բարոյական չափանիշները, ցույց կտանք, որ իսկապես ընդօրինակում ենք Սառայի հավատը։
a Սկզբում նրանց անուններն էին՝ Աբրամ և Սարա, բայց նրանք ավելի հայտնի են այն անուններով, որ ավելի ուշ Եհովան տվեց նրանց (Ծննդոց 17։5, 15)։
b Սառան Աբրահամի քույրն էր։ Նրանց երկուսի հայրն էլ Թարան էր, բայց նրանք ծնվել էին տարբեր մայրերից (Ծննդոց 20։12)։ Այսօր այդպիսի ամուսնություններն անընդունելի են, սակայն կարևոր է հիշել, որ այն օրերում ամեն ինչ այլ էր։ Այն ժամանակ մարդիկ ավելի մոտ էին Ադամի ու Եվայի կորցրած կատարելությանը և ավելի լավ առողջություն ունեին։ Հավանաբար այդ պատճառով մոտ ազգականների միջև ամուսնությունը նրանց սերունդների մեջ գենետիկական շեղումներ չէր առաջացնում։ Սակայն մոտ 400 տարի հետո, երբ մարդիկ ավելի էին հեռացել կատարելությունից, Մովսիսական օրենքով արգելվեց մոտ ազգականների միջև ցանկացած սեռական կապ (Ղևտական 18։6)։