Աստվածաշնչի գիրք համար 1. Ծննդոց
Գրողը՝ Մովսես
Գրվելու վայրը՝ անապատ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 1513թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ «Սկզբից» մինչև մ.թ.ա. 1657թ.
1. Ի՞նչ կարևոր տեղեկություն կա «Ծննդոց» գրքում։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ձեռքդ ես վերցնում մի գիրք, որը բաղկացած է 50 կարճ գլուխներից, և հենց առաջին-երկու էջում կարդում ես մարդկության պատմության ամենավաղ շրջանի ճշգրիտ արձանագրությունը։ Ընդամենը մի քանի էջ ընթերցելով՝ իմանում ես, թե ինչպիսին է մարդ արարածի դիրքը Աստծու՝ իր Արարչի հանդեպ, նաև թե ինչպես նա պետք է վերաբերվի երկրին և նրա վրա գոյություն ունեցող անթիվ-անհամար կենդանի արարածներին։ Դու սկսում ես հասկանալ, թե ինչու է Աստված մարդուն ստեղծել ու բնակեցրել երկրի վրա, ինչու են մարդիկ մահանում, և ինչու այսօր այդքան շատ խնդիրներ կան մեր կյանքում։ Շարունակելով ընթերցանությունը՝ իմանում ես, թե ով է խոստացված Սերունդը, որի միջոցով Աստված մարդկությանը փրկելու է, ու այդպես իսկական հիմք ես դնում հավատի ու հույսի համար։ Այս ամենի մասին պատմվում է «Ծննդոց» գրքում, որը Աստվածաշնչի 66 գրքերից առաջինն է։
2. Ի՞նչ նշանակություն ունի «Ծննդոց» բառը, և ո՞ր հավաքածուի առաջին գիրքն է այն համարվում։
2 Հայերեն «Ծննդոց» բառը նշանակում է «ծնունդ, սկիզբ»։ Այս անվանումը օգտագործված է հունարեն «Յոթանասնից» թարգմանությունում։ Եբրայերեն ձեռագրերում գիրքը կոչվել է Բերեշիթ, որը նշանակում է «սկզբում» (հունարեն՝ էն արխի)։ Այս գիրքը Հնգամատյանի առաջին գիրքն է (հունարեն՝ պենտատեուխոս, որը նշանակում է «հինգ փաթույթ», «հինգ գիրք»)։ Ակներևաբար, այս հավաքածուն սկզբնապես մեկ գիրք է եղել ու կոչվել է Թորա (Օրենք) կամ «Մովսեսի օրենքի գիրք», որը հետագայում հարմարության համար բաժանվել է հինգ գրքի (Հեսու 23։6; Եզր. 6։18)։
3. ա) Ո՞վ է «Ծննդոց» գրքի հեղինակը, բայց ո՞վ է այն գրի առել։ բ) Ինչպե՞ս է Մովսեսը տեղեկություն ստացել, որը գրի է առել «Ծննդոց»-ում։
3 Թեև Աստվածաշնչի հեղինակը Եհովա Աստված է, բայց այն գրի են առել մարդիկ։ «Ծննդոց» գիրքը Աստծու ներշնչմամբ գրել է Մովսեսը։ Իսկ ինչպե՞ս է նա տեղեկություններ ձեռք բերել գիրքը գրելու համար։ Որոշ բաներ գուցե Աստված է հայտնել նրան։ Հնարավոր է՝ որոշ տեղեկություններ տրվել են սուրբ ոգու առաջնորդությամբ՝ թերևս սերնդեսերունդ բանավոր կերպով փոխանցվելով։ Բացառված չէ նաև, որ մարդկության ծագման մասին Մովսեսը ունեցել է գրավոր փաստաթղթեր, որոնք նրան են հասել իր նախահայրերիցa։
4. ա) Որտե՞ղ և ե՞րբ է Մովսեսը ավարտել գրքի գրությունը։ բ) Ինչպե՞ս է Մովսեսը ձեռք բերել այն տեղեկությունը, որը գրի է առել գրքի վերջին մասում։
4 Ամենայն հավանականությամբ, Մովսեսը գիրքը ավարտել է Սինա անապատում մ.թ.ա. 1513թ.-ին (2 Տիմոթ. 3։16; Հովհ. 5։39, 46, 47)։ Իսկ ինչպե՞ս է նա տեղեկություններ ստացել այն դեպքերի մասին, որոնք գրել է «Ծննդոց» գրքի վերջին մասում։ Քանի որ Մովսեսի նախապապը՝ Ղևին, Հովսեփի եղբայրն էր, տրամաբանական է մտածել, որ նրա ընտանիքը լավատեղյակ է եղել այդ դեպքերի հետ կապված մանրամասներին։ Հնարավոր է՝ Ղևին դեռ կենդանի է եղել, երբ ծնվել է Մովսեսի հայրը՝ Ամրամը։ Ամեն դեպքում Աստվածաշնչի այս գիրքը գրի է առնվել Եհովայի ոգու առաջնորդությամբ, ուստի ոչ մի կասկած չի կարող լինել գրքի ճշգրտության վերաբերյալ (Ելք 6։16, 18, 20; Թվեր 26։59)։
5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը փաստում, որ գրողը Մովսեսն է։
5 «Ծննդոց» գիրքը Մովսեսն է գրել, և փաստերը թիկունք են կանգնում դրան։ Մովսեսի հաջորդի՝ Հեսուի գրքից սկսած՝ Աստվածաշնչում հաճախ է գրվել «Մովսեսի օրենքի գիրք» և «Մովսեսի օրենք» արտահայտությունները։ Նման դեպքերում խոսքը Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի, այդ թվում նաև «Ծննդոց» գրքի մասին է։ Ավելին, աստվածաշնչյան 27 գրքերում, որոնք գրի են առնվել Հնգամատյանից ավելի ուշ, մոտ 200 հիշատակում կա Մովսեսի մասին։ Հրեաների կողմից երբեք կասկածի չի ենթարկվել այն փաստը, որ Մովսեսն է գրի առել այս գիրքը։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում Մովսեսի մասին հաճախ խոսվում է որպես «օրենքը» գրողի։ Այդ մասին վկայել է անգամ Հիսուս Քրիստոսը։ Մովսեսը գրել է այն, ինչ Եհովան է նրան պատվիրել սուրբ ոգու ներշնչմամբ (Ելք 17։14; 34։27; Հեսու 8։31; Դան. 9։13; Ղուկ. 24։27, 44)։
6. Ինչի՞ց ենք իմանում, որ մարդկության պատմության վաղ շրջանում գոյություն է ունեցել գիր։
6 Որոշ սկեպտիկներ պնդում են, որ Մովսեսը և նրա նախորդները չէին կարող որևէ բան արձանագրել, քանի որ գիրը ստեղծվեց հետագայում։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ գիրը գոյություն է ունեցել դեռևս մարդկության պատմության վաղ շրջանում, թերևս նախքան Նոյի Ջրհեղեղը, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 2370թ.-ին։ Իսկ կա՞ն ապացույցներ։ Հնագետները պեղումների ժամանակ գտել են կավե տախտակներ, որոնք թվագրվում են մինչև մ.թ.ա. 2370 թվականն ընկած ժամանակահատվածով։ Թեև այս թվագրումը պայմանական է, սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ դեռևս նախքան Ջրհեղեղը մարդիկ կառուցել են քաղաքներ, ստեղծել են երաժշտական գործիքներ, ունեցել են մետաղյա գործիքներ (Ծննդ. 4։17, 21, 22)։ Հետևաբար, գիր ստեղծելը, ինչ խոսք, մեծ խնդիր չէր լինի նրանց համար։
7. Ի՞նչ ապացույցներ կան, որ տեղի է ունեցել համաշխարհային ջրհեղեղ, և որ եղել է մարդկային ցեղի երեք խումբ, ինչպես որ նկարագրված է Աստվածաշնչում։
7 Հատկանշական է նաև, որ «Ծննդոց» գրքի բովանդակությունը նույնպես ներդաշնակ է պատմական փաստերին։ Օրինակ՝ բազմաթիվ ազգեր լեգենդներ ունեն ջրհեղեղի ու այն վերապրած մարդկանց մասին (դրանցից շատերում ասվում է, որ մարդիկ կենդանի են մնացել նավի մեջ լինելու շնորհիվ), սակայն միայն «Ծննդոց» գիրքն է ճշգրիտ և վստահելի տեղեկություններ հայտնում Ջրհեղեղի ու նրանց մասին, ովքեր փրկվել են։ Բացի այդ, «Ծննդոց» գիրքը հստակ նշում է, թե որտեղ սկսեցին բնակություն հաստատել տարբեր ազգի մարդիկ, որոնք սերել էին Նոյի երեք որդիներից՝ Սեմից, Քամից ու Հաբեթիցb։ Աստվածաշնչագետ Մելվին Ջ. Կայլը (Միսուրի, ԱՄՆ) նշում է. «Ոչ մի կասկած չի առաջացնում այն տեսակետը, որ Միջագետքում ինչ-որ տեղից Քամից սերած մարդիկ տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին հարավ-արևմուտքում, Հաբեթից սերած մարդիկ՝ հյուսիս-արևմուտքում, իսկ Սեմից առաջ եկած մարդիկ՝ արևելքում՝ «Սենաար երկրում»»c։
8. Ուրիշ ի՞նչ ապացույց կա, որը փաստում է «Ծննդոց» գրքի վավերականությունը։
8 Այն, որ «Ծննդոց» գիրքը ներշնչված է Աստծու կողմից, փաստվում է նաև գրքի ներդաշնակությամբ և աստվածաշնչյան մյուս գրքերի հետ լիարժեք համաձայնությամբ։ Գրողի անկեղծությունը, որն արտացոլված է գրքում, ցույց է տալիս, որ նա վախեցել է Եհովայից և սիրել է ճշմարտությունը, քանի որ համարձակորեն արձանագրել է թե՛ Իսրայել ազգի, թե՛ նրա հայտնի ներկայացուցիչների մեղքերը։ Ի հավելումն այս ամենի՝ ամենավառ ապացույցը, որ գիրքը ներշնչված է Եհովա Աստծու կողմից, նրանում գրի առնված մարգարեություններն են, որոնք կատարվել են ամենայն ճշգրտությամբ (օրինակները բերված են այս գլխի վերջում գտնվող աղյուսակում) (Ծննդ. 9։20–23; 37։18–35; Գաղ. 3։8, 16)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. ա) Ի՞նչ է ասվում «Ծննդոց» գրքի առաջին գլխում Աստծու ստեղծագործություն մասին։ բ) Ի՞նչ լրացուցիչ տեղեկություն է տրվում երկրորդ գլխում մարդու առնչությամբ։
9 Երկնքի ու երկրի արարումը, երկրի նախապատրաստումը մարդկանց բնակության համար (1։1–2։25)։ «Ծննդոց» գիրքը սկսվում է պարզ, բայցև տպավորիչ խոսքերով. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։ Խոսքն այն մասին է, ինչը թերևս տեղի է ունեցել միլիարդավոր տարիներ առաջ։ Հենց առաջին իսկ խոսքերից Աստված իրեն ներկայացնում է որպես երկնքի ու երկրի Արարիչ։ Գեղեցիկ, լավ ընտրված խոսքերով առաջին գլխում նկարագրվում է երկրի հետ կապված Աստծու արարչագործությունը։ Իր մեծամեծ գործերը նա կատարում է վեց ժամանակահատվածում, որոնք կոչվում են «օրեր»։ Այդպիսի յուրաքանչյուր օր սկսվում է երեկոյան, երբ Աստծու ստեղծագործությունները, ասես թաքնված կիսախավարում, դեռ հստակ չեն ուրվագծվում, և ավարտվում է առավոտյան, երբ արշալույսի վառ շողերում արդեն տեսանելի է նրա փառահեղ արարչագործության արդյունքը։ Այդ «օրերի» ընթացքում հայտնվում են լույսը, մթնոլորտային տարածությունը, ցամաքն ու բուսականությունը, լուսատուները, որոնք ցերեկը առանձնացնում են գիշերից, ձկներն ու թռչունները, կենդանիները և վերջապես մարդը։ Աստված օրենք է սահմանում, ըստ որի՝ ամեն բան կարող է բազմանալ միայն իր տեսակի համաձայն, ինչը անհնար է դարձնում մի տեսակը բարեշրջումը մեկ ուրիշ տեսակի։ Մարդուն ստեղծելով իր պատկերով՝ Աստված հայտնում է մարդկության առնչությամբ իր նպատակը՝ լցնել երկիրը արդար սերնդով, տիրել նրան ու իշխել երկրի բոլոր կենդանի արարածների վրա։ Եհովան օրհնում է յոթերորդ «օրը» և սուրբ դարձնում այն, որովհետև այդ օրը Աստված «սկսեց հանգստանալ իր ողջ աշխատանքից» (2։2)։ Երկրորդ գլխում ավելի մանրամասնորեն է նկարագրվում մարդու արարումը։ Նկարագրվում է Եդեմի պարտեզը և նրա տեղանքը, նշվում է Աստծու օրենքը, որն արգելում է ուտել կոնկրետ մի ծառի պտղից, Ադամին հանձնարարվում է կենդանիներին անուններ դնել, այնուհետև նշվում է, թե ինչպես է Եհովան Ադամի կողոսկրից ստեղծում նրա կնոջը ու վերջինիս ներկայացնում Ադամին՝ այդպիսով հաստատելով առաջին ամուսնությունը։
10. «Ծննդոց» գրքի համաձայն՝ ինչպե՞ս մեղքն ու մահը առաջ եկան, և ի՞նչ կարևոր նպատակի մասին է նշվում այնտեղ։
10 Մեղքն ու մահը աշխարհ են մտնում, «սերնդի» միջոցով փրկություն է կանխագուշակվում (3։1–5։5)։ Կինը ուտում է արգելված պտուղը և ամուսնուն էլ է համոզում միանալ իրեն՝ ըմբոստանալով Աստծու դեմ։ Այսպիսով նրանց անհնազանդության պատճառով Եդեմի պարտեզը ապականվում է։ Աստված անմիջապես հայտնում է, թե ինչպես է իր նպատակը իրագործելու։ Եհովա Աստված օձին, այսինքն՝ Սատանային, որը այդ ըմբոստության անտեսանելի սադրիչն է, ասում է. «Ես թշնամություն եմ դնելու քո և կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը պիտի ջախջախի, իսկ դու նրա գարշապարը պիտի խայթես» (3։14, 15)։ Մարդը վտարվում է պարտեզից ու սկսում է ցավով ապրել, քրտինքով աշխատել, իսկ երկիրը փուշ ու տատասկ է աճեցնում։ Ի վերջո Ադամը մահանալու է և հետ է դառնալու դեպի հողը, քանի որ այնտեղից է վերցվել։ Միայն հետագա սերունդը կարող է հույս ունենալ, որ կփրկվի Սերնդի միջոցով։
11. Ինչպե՞ս է մեղքի քայքայիչ ազդեցությունը տարածվում Եդեմից դուրս։
11 Մեղքի քայքայիչ ազդեցությունը տարածվում է Եդեմից դուրս։ Կայենը՝ կնոջից ծնված առաջին մարդը, դառնում է մարդասպան՝ սպանելով իր եղբայր Աբելին, որը Եհովայի հավատարիմ ծառան է։ Եհովան արտաքսում է Կայենին Նայիդ երկիր, որտեղ նա սերունդ է առաջ բերում, որը Ջրհեղեղի ժամանակ կործանվում է։ Ադամը ևս մեկ որդի է ունենում և նրա անունը Սեթ է դնում։ Նա դառնում է Ենոսի հայրը։ Այդ ժամանակ մարդիկ սկսում են կանչել Եհովայի անունը, այսինքն՝ պղծել այն։ Ադամը մահանում է 930 տարեկանում։
12. Ինչո՞ւ է Նոյի օրերում երկիրը ապականվում։
12 Ամբարիշտ մարդիկ ու չար հրեշտակները ապականում են երկիրը, Աստված Ջրհեղեղ է բերում (5։6–11։9)։ «Ծննդոց» գրքի այս հատվածում թվարկվում է Սեթի տոհմաբանությունը։ Այս մարդկանց մեջ հատկապես աչքի է ընկնում Ենոքը, որը սրբացնում է Եհովայի անունը և «քայլում ճշմարիտ Աստծու հետ» (5։22)։ Հավատի մեկ ուրիշ օրինակ է Ենոքի ծոռը՝ Նոյը, որը ծնվում է Ադամի ստեղծվելուց 1056 տարի հետո։ Նոյի օրերում երկիրը բռնությամբ է լցվում։ Աստծու հրեշտակները թողնում են իրենց երկնային բնակավայրը, որպեսզի կին առնեն մարդկանց գեղեցիկ աղջիկներից։ Նման անօրեն կենակցության արդյունքում լույս աշխարհ է գալիս խառնածին հսկաների մի սերունդ, որը կոչվում է նեֆիլիմ (ուրիշներին տապալողներ)։ Այդ սերունդը փառք է փնտրում ոչ թե Աստծու, այլ իր համար։ Ուստի Եհովան հայտնում է Նոյին, որ երկրի երեսից սրբելու է մարդկանց ու կենդանիներին, քանի որ մարդիկ շարունակ բռնություն են գործում։ Միայն Նոյն է արժանանում Եհովայի հաճությանը։
13. Ինչպե՞ս է Եհովան սրբացնում իր անունը։
13 Նոյը ծնում է Սեմին, Քամին ու Հաբեթին։ Երկիրը գնալով ավելի ու ավելի շատ է լցվում բռնությամբ և ապականվում։ Եհովան հայտնում է Նոյին, որ սրբացնելու է իր անունը՝ մեծ ջրհեղեղ բերելով։ Ուստի նրան պատվիրում է փրկվելու համար մի տապան կառուցել՝ մանրամասն հրահանգներ տալով շինարարության վերաբերյալ։ Նոյն անմիջապես հնազանդվում է և հավաքում է կենդանիներին ու թռչուններին, ինչպես նաև ութ հոգուց բաղկացած իր ընտանիքը։ Նա 600 տարեկան է լինում, երբ սկսվում է Ջրհեղեղը (մ.թ.ա. 2370թ.)։ Երկրի վրա հեղեղը տեղում է 40 օր։ Ջրերը այն աստիճան են հեղեղում երկիրը, որ ծածկում են երկնքի տակ գտնվող բոլոր բարձրաբերձ լեռները՝ մինչև 15 կանգուն (մոտ 6,5 մետր) բարձրանալով լեռներից։ Մեկ տարի հետո Նոյը կարողանում է իր ընտանիքին դուրս բերել տապանից, և առաջին բանը, որ նա անում է, Եհովային երախտագիտության զոհ մատուցելն է։
14. Ի՞նչ է Եհովան պատվիրում, ի՞նչ ուխտ է կապում, և ի՞նչ է տեղի ունենում Նոյի կյանքում։
14 Այժմ Եհովան օրհնում է Նոյին ու նրա ընտանիքին և պատվիրում է լցնել երկիրը իրենց սերունդներով։ Աստված օրենք է տալիս, ըստ որի՝ նրանք կարող են միս ուտել, բայց արյունից պետք է հեռու մնան, քանի որ այն մարմնի հոգին է, կամ՝ կյանքը։ Բացի այդ, օրենքը պահանջում է, որ մարդասպանը մահվան մատնվի։ Աստված ուխտ է կապում. երկնքում ծիածան է առաջ բերում՝ ի նշան այն բանի, որ այլևս երբեք ջրհեղեղ չի բերի երկրի վրա։ Հետագայում Քամը Եհովայի մարգարեի՝ Նոյի հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորում։ Դա իմանալով՝ Նոյը անիծում է Քամի որդի Քանանին, բայց օրհնում է Սեմին ու Հաբեթին՝ ասելով, որ Սեմը առանձնահատուկ կերպով կվայելի Եհովայի հաճությունը։ Նոյը մահանում է 950 տարեկանում։
15. Ինչպե՞ս են մարդիկ փորձում իրենց համար հռչակավոր անուն ստեղծել, և ինչպե՞ս է Եհովան խափանում նրանց ծրագրերը։
15 Նոյի երեք որդիները հնազանդվում են բազմանալու վերաբերյալ Աստծու պատվերին, և նրանցից առաջ են գալիս 70 ընտանիքներ, որոնց անդամները դառնում են այսօրվա մարդկային ցեղի նախածնողները։ Նեբրովթը՝ Քամի թոռը, չի ընդգրկվում այս ցուցակի մեջ թերևս այն պատճառով, որ դառնում է «հզոր որսորդ ընդդեմ Եհովայի» (10։9)։ Նա թագավորություն է հիմնում և սկսում է քաղաքներ կառուցել։ Այդ ժամանակ երկրի վրա բոլորը մեկ լեզվով էին խոսում։ Ողջ երկրով ցրվելու և այն մշակելու փոխարեն՝ մարդիկ որոշում են քաղաք ու մինչև երկինք հասնող աշտարակ կառուցել իրենց համար հռչակավոր անուն ստեղծելու նպատակով։ Սակայն Եհովան խափանում է այդ ծրագրերը՝ խառնելով նրանց լեզուն, որպեսզի ցրվեն երկրով մեկ։ Այդ քաղաքը կոչվում է Բաբելոն (նշանակում է «խառնաշփոթություն»)։
16. ա) Ինչո՞ւ է Սեմի սերնդաբանությունը կարևոր։ բ) Ինչո՞ւ է Աբրամը կոչվում «Եհովայի ընկերը» և ի՞նչ օրհնություններ է ստանում։
16 Աստծու փոխհարաբերությունը Աբրահամի հետ (11։10–25։26)։ Այս հատվածում կարևոր սերնդաբանության մասին է նշվում՝ Սեմի հետնորդների թվարկումը մինչև Աբրամ՝ Թարայի որդին, և տրվում են ժամանակագրական տեղեկություններ։ Աբրամը ոչ թե իր համար է փառք փնտրում, այլ հավատ է դրսևորում Աստծու հանդեպ։ Աստծու պատվերով 75 տարեկանում նա թողնում է քաղդեացիների Ուր քաղաքը։ Անցնելով Եփրատ գետը՝ հասնում է Քանան, որտեղ կանչում է Եհովայի անունը։ Իր հավատի, հնազանդության ու Եհովայի հանդեպ սիրո շնորհիվ նա կոչվում է «Եհովայի ընկերը», այդ պատճառով Եհովան նրա հետ ուխտ է կապում (Հակ. 2։23; 2 Տար. 20։7; Ես. 41։8)։ Աստված պաշտպանում է Աբրամին ու նրա կնոջը, երբ նրանք կարճ ժամանակով բնակություն են հաստատում Եգիպտոսում։ Քանանի երկիր վերադառնալուց հետո Աբրամը, ցանկանալով իր զարմիկ ու Եհովայի երկրպագու Ղովտի հետ խաղաղության մեջ ապրել, մեծահոգություն է դրսևորում և հնարավորություն է ընձեռում նրան ընտրելու երկրի ամենալավ մասը։ Հետագայում նա փրկում է Ղովտին այն չորս թագավորներից, որոնք գերի էին տարել նրան։ Կռվից վերադառնալով՝ Աբրամը հանդիպում է Մելքիսեդեկին՝ Սաղեմի թագավորին, որը լինելով Աստծու քահանա՝ օրհնում է նրան։ Այդ ժամանակ Աբրամը ամեն ինչի տասներորդ մասը տալիս է Մելքիսեդեկին։
17. Ի՞նչ լրացուցիչ տեղեկություն է հայտնում Աստված ուխտի առնչությամբ և ի՞նչ է ասում Աբրամին նրա սերնդի վերաբերյալ։
17 Այնուհետև Աստված հայտնվում է Աբրամին և ասում, որ նրա վահանն է։ Եհովան լրացուցիչ տեղեկություններ է հայտնում ուխտի առնչությամբ՝ ասելով, որ Աբրամի սերունդը երկնքի աստղերի չափ է լինելու։ Հետո Աստված նրան ասում է, որ նրա հետնորդները ուրիշ երկրում 400 տարի պիտի չարչարվեն, սակայն նա ազատելու է նրանց՝ դատելով այն ազգին, որին նրանք ծառայելու են։ Երբ Աբրամը 85 տարեկան է, Սարան, որը դեռ անզավակ է, իր եգիպտացի աղախին Հագարին տալիս է ամուսնուն, որ նա երեխա ծնի նրա համար։ Ծնվում է Իսմայելը, որը համարվում է ժառանգ։ Սակայն Եհովայի մտադրությունն այլ է։ Երբ Աբրամը 99 տարեկան է, Եհովան փոխում է նրա անունը և Աբրահամ կոչում, իսկ Սարային՝ Սառա, ու խոստանում է, որ Սառան որդի է ունենալու։ Նա Աբրահամի հետ թլփատության ուխտ է կապում, և վերջինս անմիջապես իր տան մեջ եղող բոլոր տղամարդկանց թլփատում է։
18. Ի՞նչ է տեղի ունենում Ղովտի կյանքում։
18 Աստված իր ընկեր Աբրահամին հայտնում է, որ մտադիր է կործանել Սոդոմն ու Գոմորը, քանի որ նրանց մեղքը շատ ծանր է։ Եհովայի հրեշտակները զգուշացնում են Ղովտին և օգնում նրան փախչելու Սոդոմից իր կնոջ ու երկու դստրերի հետ։ Սակայն նրա կինը դանդաղում է և հետ է նայում, ինչի պատճառով աղի արձան է դառնում։ Սերունդ առաջ բերելու համար Ղովտի աղջիկները հարբեցնում են հորը գինով ու հարաբերություն ունենում նրա հետ, այնուհետև երկու որդի են ունենում, որոնք դառնում են մովաբացիների ու ամմոնացիների հայրերը։
19. Ի՞նչ փորձություն է հաղթահարում Աբրահամը խոստացված Սերնդի առնչությամբ, և ուրիշ ի՞նչ է Եհովան հայտնում իր խոստման վերաբերյալ։
19 Աստված պաշտպանում է Սառային և թույլ չի տալիս, որ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պղծի նրան։ Խոստացված ժառանգը՝ Իսահակը, ծնվում է, երբ Աբրահամը 100 տարեկան է լինում, իսկ Սառան՝ մոտ 90։ Հինգ տարի անց 19-ամյա Իսմայելը սկսում է ծաղրել Իսահակին՝ օրինական ժառանգին։ Դա պատճառ է դառնում, որ Աբրահամը Աստծու հավանությամբ Հագարին ու նրա որդուն արձակի։ Մի քանի տարի անց Աստված փորձում է Աբրահամին՝ պատվիրելով նրան Իսահակին զոհաբերել Մորիա երկրի լեռներից մեկի վրա։ Եհովայի հանդեպ Աբրահամի ամուր հավատը չի սասանվում։ Երբ նա արդեն ուզում է զոհաբերել իր որդուն և ժառանգին, Եհովան կանգնեցնում է նրան ու մի խոյ է տալիս, որ որդու փոխարեն ողջակեզ մատուցի։ Եհովան կրկին ամրապնդում է Աբրահամին տրված իր խոստումը՝ ասելով, որ կշատացնի նրա սերունդը երկնքի աստղերի և ծովափի ավազահատիկների չափ։ Աստված հայտնում է, որ նրա սերունդը կտիրի իր թշնամիների դարպասներին, և որ բոլոր ազգերը կօրհնվեն Սերնդի միջոցով։
20. Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Աբրահամը Իսահակին կին գտնելու նպատակով, և ինչպե՞ս է Իսահակը դառնում միակ ժառանգը։
20 Սառան մահանում է 127 տարեկանում և թաղվում է այն քարայրում, որը Աբրահամը գնում է Քետի որդիներից։ Հետո Աբրահամը իր ամենամեծ ծառային ուղարկում է իր երկիր՝ ազգականների մոտ՝ Իսահակի համար կին բերելու։ Եհովան առաջնորդում է ծառային Նաքորի որդի Բաթուելի տուն, և նա ստանում է Ռեբեկայի ընտանիքի համաձայնությունը, որ նա Իսահակի կինը դառնա։ Հարազատները օրհնում են Ռեբեկային, որը պատրաստակամորեն գնում է ծառայի հետ և դառնում Իսահակի հարսնացուն։ Աբրահամը դարձյալ կին է առնում՝ Քետուրային, որը վեց որդի է ունենում նրա համար։ Սակայն Աբրահամը նրանց նվերներ է տալիս և ուղարկում, իսկ Իսահակին դարձնում է իր միակ ժառանգը։ 175 տարեկանում Աբրահամը մահանում է։
21. Ինչպե՞ս են Իսահակն ու Ռեբեկան երկվորյակներ ունենում։
21 Ինչպեսև Եհովան կանխագուշակել էր, Իսահակի եղբայր Իսմայելից մեծ ազգ է սերում, նրանից ծնվում են 12 որդիներ, որոնք դառնում են տոհմապետներ։ 20 տարի Ռեբեկան երեխա չի ունենում, սակայն Իսահակը աղերսում է Եհովային, ու Ռեբեկան հղիանում է և երկվորյակ ծնում՝ Եսավին ու Հակոբին։ Նախքան նրանց ծնվելը Եհովան Ռեբեկային ասում է, որ մեծը ծառայելու է փոքրին։ Այդ ժամանակ Իսահակը 60 տարեկան է։
22. Ինչպե՞ս են Եսավն ու Հակոբը վերաբերվում Աբրահամին տրված ուխտին և ի՞նչ է լինում արդյունքում։
22 Հակոբն ու իր 12 որդիները (25։27–37։1)։ Եսավը դառնում է որսորդ։ Մի անգամ նա վերադառնում է դաշտից և իր առաջնեկության իրավունքը վաճառում Հակոբին ընդամենը ոսպի ապուրի դիմաց, քանի որ արհամարհում է Աբրահամի հետ կապած Աստծու ուխտը։ Նա նաև ամուսնանում է քետացի աղջիկների հետ (հետագայում նաև իսմայելացի աղջկա հետ), որոնք շատ են վշտացնում Իսահակին ու Ռեբեկային։ Հակոբը մոր աջակցությամբ ձևանում է, թե Եսավն է, ու ստանում է առաջնեկի օրհնությունը։ Եսավը, որը Իսահակին չի ասել, որ վաճառել է առաջնեկության իրավունքը, իմանալով այս մասին՝ որոշում է սպանել Հակոբին։ Սակայն Ռեբեկան խորհուրդ է տալիս վերջինիս փախչել Խառան՝ իր եղբայր Լաբանի մոտ։ Նախքան Հակոբի հեռանալը Իսահակը նորից է օրհնում նրան և պատվիրում, որ ուրիշ ազգի աղջիկներից կին չառնի, այլ ամուսնանա իր մոր ազգականներից մի աղջկա հետ։ Բեթելում՝ Խառան գնալու ճանապարհին, Հակոբը երազում Եհովային է տեսնում, որը զորացնում է նրան և կրկնում Աբրահամին տված խոստումը։
23. ա) Ինչպե՞ս է Հակոբը 12 որդի ունենում։ բ) Ինչո՞ւ է Ռուբենը զրկվում առաջնեկության իրավունքից։
23 Խառանում Հակոբը աշխատում է Լաբանի համար, ամուսնանում նրա երկու աղջիկների՝ Լիայի ու Ռաքելի հետ։ Նա երկու կին է առնում այն պատճառով, որ ընկնում է Լաբանի ծուղակը։ Այդուհանդերձ, Աստված օրհնում է Հակոբին՝ տալով 12 որդիներ և մեկ դուստր նրա կանանց և նրանց երկու աղախինների՝ Զելփայի ու Բալլայի միջոցով։ Աստված նաև այնպես է անում, որ Հակոբի հոտերը խիստ շատանան։ Այնուհետև նա պատվիրում է Հակոբին վերադառնալ իր նախահայրերի երկիր։ Լաբանը հետապնդում է Հակոբին և հասնում նրան այն վայրում, որը կոչվեց Գաղաադ, ինչպես նաև Դիտարան (եբրայերեն՝ համմիցպահ)։ Այստեղ նրանք ուխտ են կապում։ Հակոբը շարունակում է իր ճանապարհը, և հանդիպում է հրեշտակների, որոնք զորացնում են նրան։ Գիշերը նա գոտեմարտում է հրեշտակի հետ, որը ի վերջո օրհնում է նրան և փոխում նրա անունը՝ անվանելով Իսրայել։ Հակոբը խաղաղությամբ է հանդիպում Եսավին և հետո ճանապարհ ընկնում դեպի Սյուքեմ։ Այստեղ նրա աղջկան՝ Դինային, բռնաբարում է խևացի տոհմապետի որդին։ Նրա եղբայրները՝ Շմավոնն ու Ղևին, գնում են Սյուքեմ ու սպանում բոլոր տղամարդկանց։ Դա մեծ տհաճություն է պատճառում Հակոբին, քանի որ որպես Եհովայի ներկայացուցիչ՝ վատ համբավ է ձեռք բերում այդ երկրում։ Աստված ասում է նրան գնալ Բեթել ու այնտեղ մի զոհասեղան շինել։ Բեթելից հեռանալիս Ռաքելը սկսում է ծննդաբերել ու ցավերից մահանում է։ Ծնվում է Հակոբի 12-րդ որդին՝ Բենիամինը։ Ռուբենը բռնաբարում է Ռաքելի աղախին Բալլային, որը Հակոբի երկու որդիների մայրն է, և այդ պատճառով զրկվում է առաջնեկության իրավունքից։ Շատ չանցած՝ 180 տարեկանում Իսահակը մահանում է, և Եսավն ու Հակոբը թաղում են նրան։
24. Ինչո՞ւ է Եսավը իր ընտանիքի հետ տեղափոխվում Սեիրի լեռնային շրջան։
24 Եսավն ու Հակոբը մեծ հարստություն են կուտակել։ Նրանց ունեցվածքն այնքան շատ է, որ չեն կարող միասին բնակվել, այդ պատճառով Եսավը վերցնում է իր ընտանիքը և ունեցվածքը ու տեղափոխվում Սեիրի լեռնային շրջան։ Թվարկվում են Եսավի սերունդները, նաև Եդոմի ցեղապետների ու թագավորների սերունդները։ Հակոբը շարունակում է բնակվել Քանանում։
25. Ինչպե՞ս է Հովսեփը հայտնվում Եգիպտոսում որպես ստրուկ։
25 Տեղափոխվում են Եգիպտոս՝ կյանքը պահպանելու համար (37։2–50։26)։ Հովսեփը Եհովայի հավանությունն ունի։ Նա հատուկ նշանակություն ունեցող երազներ է տեսնում, ինչի պատճառով ավագ եղբայրները սկսում են ատել նրան։ Նրանք ծրագրում են սպանել Հովսեփին, սակայն այնպես է ստացվում, որ վաճառում են իսմայելացի վաճառականներին։ Այնուհետև մի նոխազ են մորթում, Հովսեփի հանդերձը թաթախում արյան մեջ և այն ներկայացնում Հակոբին՝ ասելով, որ 17 տարեկան տղային գիշատիչ գազան է կերել։ Հովսեփին տանում են Եգիպտոս ու վաճառում Պետափրեսին՝ փարավոնի թիկնապահների պետին։
26. Ինչո՞ւ է Փարեսի ծնունդի մասին պատմությունը կարևոր։
26 38-րդ գլխում այս պատմությունը ընդհատվում է ու նկարագրվում է, թե ինչպես է Թամարը ծնում Փարեսին։ Հատուկ մարտավարությամբ Թամարը այնպես է անում, որ իր սկեսրայրը՝ Հուդան, կատարի ամուսնական պարտականությունը իր որդու փոխարեն։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան մանրամասնորեն են գրի առնվել խոստացված Սերնդի հետ կապված բոլոր դեպքերը։ Հուդայի որդի Փարեսը Հիսուսի նախածնողներից մեկն է դառնում (Ղուկ. 3։23, 33)։
27. Ինչպե՞ս է Հովսեփը դառնում Եգիպտոսի երկրորդ կառավարիչը։
27 Այս ընթացքում Եհովան օրհնում է Հովսեփին Եգիպտոսում, ու նա դառնում է Պետափրեսի տան վերակացուն։ Սակայն նա դժվար իրավիճակի մեջ է հայտնվում, երբ Աստծու անվան վրա անարգանք չբերելու նպատակով հրաժարվում է Պետափրեսի կնոջ հետ պոռնկություն գործելուց։ Հովսեփի դեմ սուտ մեղադրանքներ են ներկայացվում, ու նա բանտ է գցվում։ Այնտեղ Եհովայի օգնությամբ նա մեկնում է երկու բանտարկյալների երազները, որոնցից մեկը փարավոնի գինեմատույցն է, իսկ մյուսը՝ հացագործը։ Ավելի ուշ, երբ փարավոնը վատ երազ է տեսնում, որը անչափ անհանգստացնում է իրեն, նրան հայտնում են Հովսեփի արտասովոր ունակության մասին։ Փարավոնի հրամանով՝ Հովսեփին անհապաղ դուրս են բերում բանտի փոսից։ Փառքը տալով Աստծուն՝ նա մեկնում է երազը՝ կանխագուշակելով, որ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն է լինելու, որին հաջորդելու են սովի յոթ տարիներ։ Փարավոնը հասկանում է, որ «Աստծու ոգին» Հովսեփի մեջ է, և նրան նշանակում է երկրորդ կառավարիչը երկրում, որպեսզի կարգավորի ամեն բան (Ծննդ. 41։38)։ Հովսեփը 30 տարեկան է։ Առատության յոթ տարիների ընթացքում նա իմաստությամբ ղեկավարում է ամբողջ սննդամթերքի ամբարումը և հացահատիկ է կուտակում։ Իսկ երբ ողջ աշխարհում սով է սկսվում, վաճառում է հացահատիկը եգիպտացիներին և այլ ազգերի մարդկանց, որոնք գալիս են Եգիպտոս՝ սնունդ գնելու։
28. Ինչո՞ւ է Հակոբի ողջ ընտանիքը տեղափոխվում Եգիպտոս։
28 Հակոբը իր տասը որդիներին ուղարկում է Եգիպտոս՝ հացահատիկ գնելու։ Հովսեփը ճանաչում է նրանց, բայց նրանք՝ ոչ։ Շմավոնին իր մոտ պահելով՝ նա պահանջում է, որ նրանք գնան ու հաջորդ անգամ, երբ նորից գան հացահատիկ գնելու, իրենց հետ բերեն կրտսեր եղբորը։ Երբ ինը եղբայրները վերադառնում են՝ իրենց հետ բերելով Բենիամինին, Հովսեփը հայտնում է իր ով լինելը և ներում է իր տասը մեղավոր եղբայրներին։ Նա պատվիրում է նրանց գնալ ու Հակոբին բերել Եգիպտոս և այդտեղ ապրել, քանի դեռ սով է։ Հակոբը և իր սերունդը՝ մոտ 66 հոգի, տեղափոխվում են Եգիպտոս։ Փարավոնը նրանց է տալիս իր երկրի ամենալավ մասը՝ Գեսեմ երկիրը։
29. Ի՞նչ կարևոր մարգարեություններ է ասում Հակոբը մահից առաջ։
29 Զգալով, որ մահը մոտենում է՝ Հակոբը օրհնում է Եփրեմին ու Մանասեին՝ Հովսեփի որդիներին, հետո կանչում է իր 12 որդիներին, որ ասի, թե ինչ է պատահելու նրանց «վերջին օրերում» (49։1)։ Նա մի շարք մարգարեություններ է ասում, որոնք հետագայում ճշգրտությամբ կատարվում ենd։ Հակոբը կանխագուշակում է, որ գավազանը, կամ՝ թագավորական իշխանությունը չի հեռանա Հուդայից, մինչև որ գա Սելովը (նշանակում է «նա, ում պատկանում է»)՝ խոստացված Սերունդը։ Իր 12 որդիներին՝ տոհմապետներին, օրհնելուց և Ավետյաց երկրում իրեն թաղելու վերաբերյալ հրահանգներ տալուց հետո Հակոբը 147 տարեկանում մահանում է։ Հովսեփը շարունակում է հոգ տանել իր եղբայրներին ու նրանց ընտանիքներին մինչև իր մահը։ Նա մահանում է 110 տարեկանում։ Մահից առաջ նա արտահայտում է իր վստահությունը, որ Աստված իսրայելացիներին կվերադարձնի Ավետյաց երկիր, և պարտավորեցնում է նրանց իր ոսկորները այնտեղ տանել։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
30. ա) Ինչո՞ւ առանց «Ծննդոց» գրքի չէինք կարողանա հասկանալ Աստվածաշնչի մյուս գրքերը։ բ) Այս գրքի համաձայն՝ ո՞ր նպատակին պետք է ձգտեն մարդիկ։
30 «Ծննդոց» գիրքը, որով սկսվում է Աստծու ներշնչված Խոսքը, անգնահատելի է նրանով, որ հայտնում է Եհովա Աստծու փառավոր նպատակները։ Առանց այս գրքի՝ չէինք կարողանա հասկանալ Աստվածաշնչի մյուս գրքերը։ Դրանում նկարագրվում են Եդեմի արդար աշխարհի սկիզբն ու վերջը, անաստված մարդկանց առաջին աշխարհը և ջրհեղեղով դրա կործանումը, ինչպես նաև այսօրվա չար աշխարհի ի հայտ գալը։ Ուշագրավ է, որ հենց «Ծննդոց» գրքում է ընդգծվում ողջ Աստվածաշնչի գլխավոր թեման, այն է՝ Եհովայի գերիշխանության արդարացումը Թագավորության միջոցով, որի ղեկավարը խոստացված «սերունդն» է։ Այս գրքից իմանում ենք, թե ինչու է մարդը մահանում։ Ծննդոց 3։15-ից սկսած (հատկապես Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ Աստծու գործելակերպի մասին արձանագրությունում)՝ խոսվում է Սերնդի ղեկավարությամբ Թագավորության իշխանության ներքո նոր աշխարհում ապրելու կյանքի հույսի մասին։ Գիրքը նաև մատնանշում է այն գլխավոր նպատակը, որին պետք է ձգտի ողջ մարդկությունը՝ անարատություն պահել ու սրբացնել Եհովայի անունը (Հռոմ. 5։12, 18; Եբր. 11։3–22, 39, 40; 12։1; Մատթ. 22։31, 32)։
31. Աղյուսակից ցույց տուր, որ «Ծննդոց» գրքում կան ա) կարևոր մարգարեություններ և բ) արժեքավոր սկզբունքներ։
31 Բոլոր կարևոր իրադարձություններն ու մարդիկ, որոնց մասին նշված է «Ծննդոց» գրքում, հիշատակվում են Քրիստոնեական Հունարեն Գրություններում։ Բացի այդ, «Ծննդոց»-ում արձանագրված մարգարեությունները, ինչպես ցույց է տալիս Սուրբ Գիրքը, կատարվել են ամենայն ճշգրտությամբ։ Դրանցից մեկը այն մարգարեությունն է, ըստ որի՝ Աբրահամի սերունդը պետք է 400 տարի չարչարվեր։ Դա սկսվեց մ.թ.ա. 1913թ.-ին, երբ Իսմայելը ծաղրում էր Իսահակին, և ավարտվեց մ.թ.ա. 1513թ.-ին, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից (Ծննդ. 15։13)e։ Այլ կարևոր մարգարեությունների և դրանց կատարման մասին նշված է կից աղյուսակում։ «Ծննդոց» գիրքն արժեքավոր է նաև նրանով, որ հենց այստեղ են առաջին անգամ նշվում Աստծու սկզբունքներից շատերը։ Դրանք ամրացնում են մեր հավատը և խորացնում հասկացողությունը։ Հին մարգարեները, նաև Հիսուսն ու իր աշակերտները հաճախ են մեջբերումներ արել «Ծննդոց» գրքից։ Մենք նույնպես կարող ենք հետևել նրանց օրինակին, և այս հարցում մեզ կօգնի աղյուսակը ուսումնասիրելը։
32. Ի՞նչ կարևոր տեղեկություններ է հաղորդում «Ծննդոց» գիրքը ամուսնության, սերնդաբանության և ժամանակագրության վերաբերյալ։
32 «Ծննդոց» գիրքը հստակ ցույց է տալիս, թե որն է Աստծու կամքն ու նպատակը ամուսնության և ամուսնու ու կնոջ միջև եղած փոխհարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև նշում է սկզբունքներ գլխավորության և ընտանեկան պարտականությունների վերաբերյալ։ Հիսուսը նույնպես ուշադրություն դարձրեց այս տեղեկությանը՝ մեջբերում անելով «Ծննդոց» գրքի առաջին և երկրորդ գլուխներից. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»» (Մատթ. 19։4, 5; Ծննդ. 1։27; 2։24)։ Այս գիրքը մեկ ուրիշ արժեքավոր առանձնահատկություն էլ ունի. նրանով կարելի է ուսումնասիրել մարդկային ընտանիքի տոհմաբանությունը և հաշվարկել մարդու արարման ժամանակը (Ծննդ., գլ. 5, 7, 10, 11)։
33. Նշիր նահապետական հասարակության մի քանի սկզբունքներ և սովորություններ, որոնք կարևոր են Աստվածաշունչը հասկանալու համար։
33 Աստվածաշունչ ուսումնասիրողների համար «Ծննդոց» գիրքը օգտակար է նաև նրանով, որ տեղեկություններ է հաղորդում նահապետական ժամանակաշրջանի կենսաձևի մասին։ Նահապետական հասարակությունը մի կառույց էր, որում իշխանությունը պատկանում էր նահապետին։ Այս կառույցը գործել է Աստծու ժողովրդի մեջ Նոյի օրերից մինչև այն ժամանակը, երբ Սինա լեռան մոտ տրվեց Օրենքը։ Շատ սկզբունքներ և սովորություններ, որ հետագայում տեղ գտան Օրենքի մեջ, իրականում սկիզբ են առել նահապետական ժամանակներից։ Օրինակ՝ կոլեկտիվ արժանիք (18։32), կոլեկտիվ պատասխանատվություն (19։15), մահապատիժ, արյան ու կյանքի սրբություն (9։4–6), ատելություն մարդկանց փառավորելու հանդեպ, ինչը դրսևորել է Աստված (11։4–8)։ Այս սկզբունքները մեծ դեր են ունեցել մարդկանց կյանքում ողջ պատմության ընթացքում։ Շատ իրավական գործողություններ և հասկացություններ լույս են սփռում այնպիսի իրադարձությունների վրա, որ տեղի են ունեցել հետագայում, անգամ Հիսուսի օրերում։ Աստվածաշունչը լավ հասկանալու համար հարկավոր է իմանալ նահապետական օրենքները։ Այդ օրենքները որոշում էին, թե ինչ պատասխանատվություն է կրում մարդը, որի հոգածությանը անհատներ և ունեցվածք է վստահվել (Ծննդ. 31։38, 39; 37։29–33; Հովհ. 10։11, 15; 17։12; 18։9), կանոններ էին սահմանում ունեցվածքը մեկ ուրիշին փոխանցելու վերաբերյալ (Ծննդ. 23։3–18), ինչպես նաև սկզբունքներ էին որոշում առաջնեկության իրավունքով ժառանգություն ստանալու վերաբերյալ (48։22)։ Ավելին, հետագայում Օրենքի մեջ մտան նահապետական հասարակության այնպիսի սովորություններ, ինչպիսիք են զոհաբերությունները, թլփատությունը (առաջին անգամ տրվեց Աբրահամին), ուխտեր հաստատելը, տեգրի հետ ամուսնանալը (38։8, 11, 26) և խոստումը հաստատելու համար երդումներ տալը (22։16; 24։3)f։
34. Քրիստոնյաների համար ի՞նչ արժեքավոր դասեր կան «Ծննդոց» գրքում։
34 «Ծննդոց» գրքից շատ բան ենք սովորում այնպիսի հատկությունների մասին, ինչպիսիք են անարատությունը, հավատը, հավատարմությունը, հնազանդությունը, հարգանքը, ուրիշների հանդեպ լավ վերաբերմունքը և քաջությունը։ Ահա մի քանի օրինակ։ Այս գրքում նկարագրվում է, թե ինչ հավատ ու քաջություն ուներ Ենոքը, որը քայլեց Աստծու հետ՝ ապրելով դաժան մարդկանց մեջ, նշվում է Նոյի արդարության, անարատության և անվերապահ հնազանդության մասին, իմանում ենք, թե ինչ հավատ, վճռականություն և տոկունություն դրսևորեց Աբրահամը, որը հասկանում էր, որ որպես ընտանիքի գլուխ և ուսուցիչ՝ պատասխանատվություն ունի սովորեցնելու իր երեխաներին Աստծու պատվիրանները, նաև իմանում ենք, թե որքան առատաձեռն ու սիրող էր նա, նկարագրվում է նաև, թե ինչպես էր Սառան հնազանդվում իր ամուսնուն, և թե որքան աշխատասեր կին էր նա, խոսվում է նաև, թե որքան հեզ էր Հակոբը և ինչ մեծ հավատ ուներ Աստծու խոստման հանդեպ, իմանում ենք, որ Հովսեփը հնազանդ էր իր հորը, որ նա բարոյապես մաքուր էր, քաջ էր, բանտում օրինակելի վարք դրսևորեց, հարգում էր վերին իշխանություններին, համեստ էր, քանի որ փառքը Աստծուն էր տալիս, ինչպես նաև ներողամիտ էր, քանի որ ողորմածաբար ներեց իր եղբայրներին. մի խոսքով՝ բոլոր այս մարդիկ ուզում էին սրբացնել Եհովայի անունը։ Այս հատկությունները դրսևորեցին նրանք, ովքեր քայլեցին Աստծու հետ 2369 տարիների ընթացքում՝ Ադամի արարումից սկսած մինչև Հովսեփի մահը։ Հենց այդ ժամանակահատվածն էլ ընդգրկված է «Ծննդոց» գրքում։
35. Ինչո՞ւ է «Ծննդոց» գիրքը ամրացնում հավատը։
35 Իսկապես, «Ծննդոց» գիրքը ամրացնում է հավատը, քանի որ այս գրքում խոսվում է այնպիսի մարդկանց հրաշալի օրինակի մասին, որոնց հավատը փորձության միջով է անցել։ Այդ մարդիկ ձգտել են հասնել այն քաղաքին, որի կառուցողն ու ստեղծողը Աստված է, Թագավորություն, որը Եհովան վաղուց ի վեր նպատակադրել էր հաստատել խոստացված Սերնդի միջոցով, որը ամբողջությամբ կսրբացնի իր մեծ անունը (Եբր. 11։8, 10, 16)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 919, 920; հատ. 2, էջ 1212 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 328, 329 (անգլ.)։
c «Biblical History in the Light of Archaeological Discovery», 1934, Դ. Ի. Հարտ-Դեյվիս, էջ 5։
d «Դիտարան», 1962, էջ 360–374 (անգլ.) [«Դիտարան», 1963, հուլիսի 1, էջ 99–107 (ռուս.)], «Դիտարան», 1962, էջ 392–408 (անգլ.) [«Դիտարան», 1963, օգոստոսի 1, էջ 115–125 (ռուս.)]։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 460, 461, 776 (անգլ.)։
f «Դիտարան», 1952, էջ 432–445 (անգլ.)։
«Ծննդոց»-ի Սկզբունք Մյուս գրքերում
համարները հիշատակումը
սրբությունն ու ամրությունը Մատթ. 19։4, 5
2։7 Մարդը հոգի է 1 Կորնթ. 15։45
2։22, 23 Գլխավորություն 1 Տիմոթ. 2։13;
9։4 Արյան սրբություն Գործ. 15։20, 29
20։3 Շնությունը մեղք է 1 Կորնթ. 6։9
24։3; 28։1–8 Ամուսնանալ միայն Աստծու ծառայի հետ 1 Կորնթ. 7։39
28։7 Հնազանդվել ծնողներին Եփես. 6։1
Կատարված մարգարեություններ և մարգարեական զուգահեռներ
12։1–3; Աբրահամի Սերնդի
22։15–18 բնորոշումը Գաղ. 3։16, 29
14։18 Մելքիսեդեկը Քրիստոսի նախատիպն է Եբր. 7։13–15
16։1–4, 15 Սառայի, Հագարի, Իսմայելի, Իսահակի,
կերպարների խորհրդանշական նշանակությունը Գաղ. 4։21–31
17։11 Թլփատության խորհրդանշական
իմաստը Հռոմ. 2։29
49։1–28 12 ցեղերին Հակոբի
տված օրհնությունը Հեսու 14։1–21։45
49։9 Հուդայի ցեղից
սերված առյուծը Հայտն. 5։5
Այլ համարներ, որոնց վրա որպես օրինակ և բացատրություն հիմնվել են մարգարեները, Հիսուսը և աշակերտները՝ այդպիսով ընդունելով «Ծննդոց»-ի վավերականությունը
1։1 Աստված ստեղծեց երկինքն
ու երկիրը Ես. 45։18; Հայտն. 10։6
1։26 Մարդը ստեղծված է Աստծու պատկերով 1 Կորնթ. 11։7
1։27 Մարդու արարումը. տղամարդ և կին Մատթ. 19։4; Մարկ. 10։6
2։2 Աստված սկսեց հանգստանալ յոթերորդ օրը Եբր. 4։4
3։1-6 Օձը խաբեց Եվային 2 Կորնթ. 11։3
3։20 Ողջ մարդկությունը առաջ է եկել
մեկ զույգից Գործ. 17։26
4։8 Կայենը սպանեց Աբելին Հուդա 11; 1 Հովհ. 3։12
4։9, 10 Աբելի արյունը Մատթ. 23։35
Գլ. 5, 10, 11
Տոհմաբանություն Ղուկ., գլ. 3
5։29 Նոյ Եզեկ. 14։14;
6։13, 17–20 Ջրհեղեղ Ես. 54։9; 2 Պետ. 2։5
12։1–3, 7 Աբրահամական ուխտ Գաղ. 3։15–17
15։6 Աբրահամի հավատը Հռոմ. 4։3; Հակ. 2։23
15։13, 14 Ժամանակավոր բնակություն Եգիպտոսում Գործ. 7։1–7
18։1–5 Հյուրասիրություն Եբր. 13։2
19։24, 25 Սոդոմի ու Գոմորի
կործանումը 2 Պետ. 2։6; Հուդա 7
19։26 Ղովտի կինը Ղուկ. 17։32
20։7 Աբրահամ՝ մարգարե Սաղ. 105։9, 15
21։9 Իսմայելը ծաղրում է Իսահակին Գաղ. 4։29
22։10 Աբրահամը փորձում է զոհ
մատուցել Իսահակին Եբր. 11։17
25։23 Հակոբ ու Եսավ Հռոմ. 9։10–13;
25։32–34 Եսավը վաճառում է
առաջնեկության իրավունքը Եբր. 12։16, 17
28։12 Սանդուղք, որը խորհրդանշում է
կապը երկնքի հետ Հովհ. 1։51
37։28 Հովսեփին վաճառում են Եգիպտոս Սաղ. 105։17
41։40 Հովսեփը փարավոնից հետո երկրորդն է Սաղ. 105։20, 21