ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՍԱՌԱ
Աստված նրան «իշխանուհի» կոչեց
ՍԱՌԱՆ, գործը դադարեցնելով, ուղղեց իր մեջքը և շրջվեց դեպի հորիզոնը։ Նրա իմաստուն առաջնորդության ներքո ծառաները ուրախ-ուրախ ժրաջանորեն աշխատում էին։ Այս աշխատասեր կինը նույնպես անում էր իրեն բաժին ընկած գործը։ Այժմ նա մտազբաղ իրար էր շփում ցավից տնքացող ձեռքերը։ Գուցե նա կլանված էր եղել կարկատան դնելով պատռված վրանի վրա, որն իրենց տունն էր։ Այծի մազից պատրաստված այդ կոշտ կտորը, որը տարիների ընթացքում խունացել էր բարկ արևի և անձրևների պատճառով, հիշեցնում էր Սառային այն մասին, թե որքան երկար են նրանք ապրում քոչվորի կյանքով։ Կեսօրն արագ անցավ, և այժմ արևի շողերը ոսկեզօծել էին երկնակամարը։ Առավոտյան նա հայացքով ճանապարհել էր Աբրահամինa՝ հետևելով, թե ինչպես է նա հեռանում, և հիմա ակնդետ նայում էր նույն ուղղությամբ։ Երբ մոտակա բլրի մոտ նշմարվեց նրա ամուսնու ուրվագիծը, այդ գեղեցկադեմ կնոջ երեսին ժպիտ երևաց։
Մեկ տասնամյակ էր անցել այն բանից, երբ Աբրահամն իր ընտանիքի և բազմաթիվ ծառաների հետ անցել էր Եփրատ գետը և գնացել Քանան։ Սառան պատրաստակամորեն աջակցել էր ամուսնուն դեպի անհայտություն տանող այդ երկար ճանապարհորդության ընթացքում, քանի որ գիտեր, որ նա կարևոր դեր էր ունենալու շնորհընկալ սերունդ և ազգ առաջ բերելու Եհովայի խոստման իրագործման հարցում։ Բայց ի՞նչ դեր կարող էր ունենալ Սառան դրանում, եթե ամուլ էր և արդեն 75 տարեկան։ Նա գուցե մտածում էր. «Ինչպե՞ս կարող է Եհովայի խոստումը կատարվել, եթե Աբրահամի կինը ես եմ»։ Ինչ խոսք, կարելի է հասկանալ, թե ինչու էր նա մտահոգվում և նույնիսկ անհամբերություն դրսևորում։
Մենք էլ ենք գուցե երբեմն ցանկանում իմանալ, թե երբ են Աստծու խոստումներն իրականանալու, և հաճախ անհամբերություն ենք դրսևորում, հատկապես երբ անձկագին սպասում ենք մեր հույսի իրականացմանը։ Ի՞նչ կարող ենք սովորել այս հիանալի կնոջ հավատի օրինակից։
«ԵՀՈՎԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ»
Աբրահամի ընտանիքը վերջերս էր վերադարձել Եգիպտոսից (Ծննդոց 13։1–4)։ Նրանք վրան էին դրել Բեթելից կամ, ինչպես քանանացիներն էին այն կոչում, Լուզից դեպի արևելք գտնվող լեռնային շրջանում։ Այս սարահարթից Սառան կարող էր բավականին լավ տեսնել Ավետյաց երկրի մի մեծ հատված։ Այստեղ կային քանանական գյուղեր, և անցնում էին ճանապարհներ, որոնցով ճամփորդները գնում էին հեռավոր երկրներ։ Այս ամբողջ համայնապատկերի մեջ, սակայն, Սառային ոչինչ չէր հիշեցնում իր հայրենի քաղաքը։ Նա մեծացել էր Միջագետքում՝ Ուր քաղաքում, որն այդտեղից 1 900 կիլոմետր (1 200 մղոն) հեռու էր։ Այնտեղ նա թողել էր իր ազգականներից շատերին, վաճառատեղիներով և շուկաներով հարուստ այդ ծաղկուն քաղաքի հարմարությունները, ամուր տանիք և պատեր ունեցող իր հարմարավետ տունը, որտեղ, հավանաբար, նույնիսկ հոսող ջրի աղբյուր կար։ Սակայն եթե մտածենք, թե Սառան տխուր հայացքով նայում էր դեպի արևելք և կարոտով հիշում իր հայրենի տունը, որտեղ անցել էր իր մանկությունը, ուրեմն իրականում մենք չենք ճանաչում այդ աստվածավախ կնոջը։
Ուշագրավ է այն, թե մոտ 2 000 տարի անց Աստծու ներշնչմամբ ինչ գրեց Պողոս առաքյալը։ Աբրահամի և Սառայի հավատի մասին խոսելով՝ նա ասաց. «Եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել, ապա հնարավորություն կունենային վերադառնալու» (Եբրայեցիներ 11։8, 11, 15)։ Բայց ո՛չ Սառան և ո՛չ էլ Աբրահամը երբեք հետադարձ հայացք չնետեցին անցյալին՝ փափագելով հետևում թողած բաները։ Եթե նրանք անձնատուր լինեին նման մտքերին, գուցե որոշեին վերադառնալ տուն։ Սակայն վերադառնալով Ուր քաղաք՝ Աբրահամն ու Սառան չէին ունենա այն հրաշալի առանձնաշնորհումը, որը Եհովան առաջարկել էր իրենց։ Արդյունքում՝ նրանց մասին հիշատակը կկորչեր պատմության էջերից, և նրանք հավատի հարցում ոգեշնչող օրինակ չէին լինի, օրինակ, որը հուզում է միլիոնավոր մարդկանց սրտերը։
Ինչևէ, հետ նայելու փոխարեն՝ Սառան առաջ էր նայում։ Ուստի նա շարունակում էր աջակցել իր ամուսնուն՝ օգնելով նրան հավաքել վրանները, տեղափոխվել նոր բնակատեղի՝ իրենց հետ տանելով հոտերը, և կրկին վրան դնել։ Նա տոկունություն դրսևորեց նաև հետագա դժվարությունների ու փոփոխությունների ժամանակ։ Եհովան կրկնեց Աբրահամին տված իր խոստումը, բայց այս անգամ էլ Սառայի մասին չհիշատակեց (Ծննդոց 13։14–17; 15։5–7)։
Ի վերջո, Սառան որոշեց, որ ժամանակն է Աբրահամի հետ խոսելու մի ծրագրի մասին, որը ծնվել էր իր մտքում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ հակասական զգացումներ էր արտահայտում նրա դեմքը, երբ նա ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Եհովան թույլ չի տվել, որ երեխա ունենամ»։ Ապա խնդրեց իր ամուսնուն հարաբերություն ունենալ իր աղախնի՝ Հագարի հետ, որպեսզի վերջինս երեխա ունենա նրա համար։ Պատկերացնո՞ւմ ես Սառայի տառապանքը, երբ նա իր ամուսնուն նման բան էր խնդրում։ Դա մեզ համար այսօր գուցե տարօրինակ խնդրանք թվա, սակայն այդ ժամանակներում տարօրինակ չէր, որ տղամարդը հարճ ունենար, որպեսզի վերջինս նրա համար ժառանգ ծներ։b Հնարավո՞ր է, որ Սառան մտածում էր, թե այդպիսով կիրագործվի Աբրահամի միջոցով ազգ առաջ բերելու Աստծու նպատակը։ Չգիտենք։ Համենայն դեպս, Սառան պատրաստ էր մեծ զոհողություն անելու։ Ինչպե՞ս արձագանքեց Աբրահամը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա «լսեց [Սառայի] ձայնին» (Ծննդոց 16։1–3)։
Արդյոք կարելի՞ է ասել, որ Սառային Եհովան մղեց նման բան առաջարկելու իր ամուսնուն։ Ո՛չ։ Ավելի շուտ նրա առաջարկը ցույց է տալիս, որ նա մարդկային տեսանկյունից էր նայում այդ հարցին։ Սառան մտածում էր, թե Աստված է պատասխանատու իր դժվարությունների համար, և չէր պատկերացնում, որ նա ուրիշ լուծում էր տալու։ Սառայի մտածած լուծումը ցավ ու տառապանք էր պատճառելու իրեն։ Այնուամենայնիվ, նրա առաջարկը ցույց տվեց հիացմունքի արժանի նրա անեսասիրությունը։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ իրենց ցանկությունները ամեն ինչից վեր են դասում, Սառայի անձնուրաց ոգին իրոք որ տպավորիչ է։ Եթե մենք պատրաստ ենք Աստծու նպատակները մեր շահերից վեր դասելու, ուրեմն ընդօրինակում ենք Սառայի հավատը։
«ԾԻԾԱՂԵՑԻՐ»
Շատ չանցած՝ Հագարը հղիացավ։ Թերևս համոզված լինելով, որ իր հղիությունը իրեն ավելի կարևոր է դարձնում Սառայից՝ Հագարը սկսեց արհամարհել իր տիրուհուն։ Ի՜նչ մեծ հարված էր դա Սառայի համար, որն ամուլ էր։ Ի վերջո, Աբրահամի թույլտվությամբ և Աստծու աջակցությամբ Սառան, հայտնի չէ՝ ինչպես, բայց սկսեց նվաստացնել Հագարին։ Հագարը մի որդի ունեցավ, որի անունը դրեցին Իսմայել։ Անցան տարիներ (Ծննդոց 16։4–9, 16)։ Հաջորդ արձանագրությունն այն մասին է, որ Եհովան մի լուր հայտնեց Աբրահամին։ Այդ ժամանակ Սառան 89 տարեկան էր, իսկ Աբրահամը՝ 99։ Աստծու հայտնած այդ լուրը ապշեցուցիչ էր։
Եհովան կրկին խոստացավ իր ընկերոջը՝ Աբրահամին, որ խիստ կշատացնի նրա սերունդը։ Աստված նաև փոխեց նրա անունը։ Մինչ այդ նրա անունը Աբրամ էր։ Բայց Եհովան վերանվանեց նրան՝ կոչելով Աբրահամ, որը նշանակում է «բազմության հայր»։ Այդ ժամանակ էր, որ Եհովան առաջին անգամ ցույց տվեց, թե ինչ դեր ունի Սառան այս ամենում։ Աստված նրա Սարա անունը, որը թերևս նշանակում է «կռվարար», փոխեց և կոչեց նրան բոլորիս քաջածանոթ Սառա անունով։ Այդ անունը նշանակում է «իշխանուհի»։ Եհովան բացատրեց Աբրահամին, թե ինչու էր այդ անունը ընտրել այս շատ սիրված կնոջ համար։ Նա ասաց. «Ես կօրհնեմ նրան և քեզ որդի կտամ նրանից, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր ու ժողովուրդների թագավորներ կսերվեն» (Ծննդոց 17։5, 15, 16)։
Եհովայի ուխտը՝ առաջ բերել մի սերունդ, որով օրհնվելու էին բոլոր ազգերը, իրագործվելու էր Սառայի որդու միջոցով։ Տղայի համար Աստծու ընտրած անունը՝ Իսահակ, նշանակում էր «ծիծաղ»։ Երբ Աբրահամն առաջին անգամ իմացավ, որ Եհովայի նպատակն է օրհնել Սառային ու երեխա պարգևել, «երեսնիվայր ընկավ», և «հետո նա ծիծաղեց» (Ծննդոց 17։17)։ Աբրահամն ապշած էր և անչափ ուրախ (Հռոմեացիներ 4։19, 20)։ Իսկ ինչպե՞ս Սառան արձագանքեց այդ լուրին։
Կարճ ժամանակ անց երեք անծանոթներ այցելեցին Աբրահամին։ Օրվա շոգ ժամանակն էր, բայց տարեց զույգը իսկույն շտապեց հյուրընկալել նրանց։ Աբրահամն ասաց Սառային. «Շո՛ւտ արա, վերցրո՛ւ երեք գրիվ բարձրորակ ալյուր, խմո՛ր հունցիր և բլիթնե՛ր պատրաստիր»։ Այդ օրերին հյուրասիրություն ցույց տալու համար շատ ջանքեր էին պահանջվում։ Աբրահամը ամբողջ գործը չթողեց Սառայի վրա։ Նա շտապեց, որ մի մատղաշ ցուլ մորթի ու ավելի շատ կերակուր և խմելու բան պատրաստի (Ծննդոց 18։1–8)։ Պարզվեց, որ այդ «տղամարդիկ» Եհովայի հրեշտակներն էին։ Պողոս առաքյալը, հավանաբար, հենց այս դեպքը ի մտի ուներ, երբ գրեց. «Մի՛ մոռացեք հյուրասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին» (Եբրայեցիներ 13։2)։ Կհետևե՞ս Աբրահամի և Սառայի ցուցաբերած հյուրասիրության հիանալի օրինակին։
Երբ հրեշտակներից մեկը Աբրահամին ասաց Աստծու այն խոստման մասին, համաձայն որի՝ Սառան որդի էր ունենալու, Սառան այնտեղ չէր. նա վրանում լսում էր նրանց զրույցը։ Այդ տարիքում երեխա ունենալը այնպիսի արտառոց բան էր նրա համար, որ նա չկարողացավ զսպել իրեն ու իր մտքում ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես իսկապես ուրախություն պիտի ունենամ, երբ արդեն զառամյալ եմ, և տերս էլ ծեր է»։ Հրեշտակը ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց»։ Ապա ուղղելով Սառայի մտածելակերպը՝ դիպուկ հարց տվեց. «Կա՞ արդյոք Եհովայի համար որևէ անհնարին բան»։ Սառան, վախեցած, փորձեց պաշտպանվել, ինչը բնորոշ է մարդ արարածին։ Նա ակամայից ասաց. «Ես չծիծաղեցի»։ Իսկ հրեշտակը պատասխանեց. «Ո՛չ, ծիծաղեցիր» (Ծննդոց 18։9–15)։
Արդյո՞ք Սառայի ծիծաղը վկայում էր այն մասին, որ նա հավատի պակաս ուներ։ Բոլորովին։ Աստվածաշունչն ասում է. «Հավատով Սառան հղիացավ, նույնիսկ երբ նրա տարիքն արդեն անցել էր, քանի որ հավատարիմ համարեց խոստացողին» (Եբրայեցիներ 11։11)։ Սառան ճանաչում էր Եհովային և գիտեր, որ նա կարող է իրագործել իր յուրաքանչյուր խոստումը։ Մեզնից ո՞վ չունի այդպիսի հավատի կարիք։ Հարկավոր է լավ ճանաչել Աստծուն՝ Աստվածաշնչի Հեղինակին՝ հասկանալու համար, թե ինչու Սառան այդպիսի հավատ ուներ։ Եհովան իսկապես որ հավատարիմ է և կատարում է իր բոլոր խոստումները։ Դրանք իրագործելիս նա երբեմն այնպես կարող է զարմացնել մեզ, որ մենք էլ ապշահար կամ թերահավատորեն սկսենք ծիծաղել։
«ԼՍԻՐ ՆՐԱ ՁԱՅՆԻՆ»
90 տարեկանում Սառան վերջապես վայելեց այն պահը, որին փափագել էր իր ողջ գիտակից կյանքի ընթացքում։ Նա մի որդի պարգևեց իր սիրելի ամուսնուն, որն այժմ 100 տարեկան էր։ Աբրահամը փոքրիկի անունը Իսահակ, այսինքն՝ «ծիծաղ» դրեց, ինչպես որ Աստված էր պատվիրել։ Կարող ենք պատկերացնել, թե ինչպես Սառան, թեև ուժասպառ եղած, բայց ժպիտը դեմքին ասաց հետևյալ խոսքերը. «Աստված ուրախության ծիծաղ պատրաստեց ինձ համար. ով որ լսի այդ մասին, կծիծաղի ինձ վրա» (Ծննդոց 21։6)։ Անկասկած, Եհովայի տված այս հրաշալի պարգևը ուրախություն պարգևեց նրան մինչև իր կյանքի վերջը։ Սակայն այն նաև մեծ պատասխանատվություն դրեց նրա ուսերին։
Երբ Իսահակը հինգ տարեկան էր, Աբրահամն իր ընտանիքով մի մեծ խնջույք արեց երեխայի՝ կաթից կտրվելու առիթով։ Բայց ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Սառան «նկատում էր», որ Հագարի 19-ամյա որդին՝ Իսմայելը, ծաղրում էր Իսահակին։ Դա զուտ երեխայական կատակ չէր։ Ավելի ուշ Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, Իսմայելի վարքը հալածանք կոչեց։ Սառան այս ծաղրանքը համարում էր իր որդու բարօրությանը սպառնացող լուրջ վտանգ։ Նա լավ գիտեր, որ Իսահակը իր որդին լինելուց ավելին է. նա նշանակալից դեր էր ունենալու Եհովայի նպատակի իրագործման մեջ։ Այդ պատճառով Սառան, քաջություն հավաքելով, ուղիղ խոսեց Աբրահամի հետ։ Սառան խնդրեց նրան դուրս անել Հագարին և Իսմայելին (Ծննդոց 21։8–10; Գաղատացիներ 4։22, 23, 29)։
Ինչպե՞ս արձագանքեց Աբրահամը։ Կարդում ենք. «Աբրահամին հաճելի չէր իր որդու մասին այդ բանը լսելը»։ Նա սիրում էր Իսմայելին, և նրա հայրական զգացմունքները թույլ չէին տալիս իրեն ճիշտ նայել այդ հարցին։ Սակայն Եհովան իրատեսորեն էր նայում այդ իրավիճակին, ուստի միջամտեց։ Աստվածաշնչում գրված է. «Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ չտրտմեցնեն Սառայի խոսքերը, որ շարունակ ասում է աղախնիդ մասին։ Լսիր նրա ձայնին, որովհետև Իսահակի միջոցով է, որ առաջ կգա քեզ խոստացված սերունդը»»։ Եհովան Աբրահամին հավաստիացրեց, որ հոգ կտանի Հագարի ու տղայի մասին։ Եվ հավատարիմ Աբրահամը ենթարկվեց (Ծննդոց 21։11–14)։
Սառան լավ կին էր Աբրահամի համար, իսկական լրացում։ Նա Աբրահամին չասաց միայն այն, ինչ վերջինս ցանկանում էր լսել։ Երբ Սառան մի այնպիսի խնդիր տեսավ, որը էապես կարող էր ազդել իր ընտանիքի և իրենց ապագայի վրա, նա անկեղծորեն զրուցեց ամուսնու հետ։ Սառայի ուղիղ խոսքը չպետք է շփոթել անհարգալից խոսքի հետ։ Պետրոս առաքյալը, որը նույնպես ամուսնացած էր, հետագայում նրա մասին խոսեց որպես ընդօրինակման արժանի կնոջ, որը խոր հարգանք էր տածում իր ամուսնու հանդեպ (1 Կորնթացիներ 9։5; 1 Պետրոս 3։5, 6)։ Իրականում, եթե Սառան լռեր, նա հարգանք դրսևորած չէր լինի ամուսնու հանդեպ, քանի որ Աբրահամը և իր ողջ ընտանիքը շատ թանկ կարող էին վճարել դրա պատճառով։ Սառան նրբանկատորեն ասաց այն, ինչ անհրաժեշտ էր ասել։
Բազմաթիվ կանանց համար Սառան հրաշալի օրինակ է։ Նրանք Սառայից սովորում են անկեղծորեն և հարգալից խոսել իրենց ամուսինների հետ։ Որոշ կանայք գուցե երբեմն ցանկանան, որ Եհովան ինչ-ինչ հարցերում իրենց պարագայում էլ միջամտի, ինչպես որ արեց Սառայի պարագայում։ Անկախ իրենց հանգամանքներից՝ նրանք, այնուամենայնիվ, շատ բաներ են սովորում Սառայի դրսևորած ակնառու հավատից, սիրուց և համբերությունից։
Եհովան Սառային կոչեց «իշխանուհի», բայց վերջինս չէր ակնկալում, որ իրեն թագուհու պես կվերաբերվեն
Չնայած այս շատ սիրված կնոջը Եհովան «իշխանուհի» կոչեց, սակայն Սառան չէր ակնկալում, որ իրեն թագուհու պես կվերաբերվեն։ Ուստի զարմանալի չէ, որ երբ 127 տարեկանում նա մահացավ, Աբրահամը «ողբաց ու լաց եղավ Սառայի համար» (Ծննդոց 23։1, 2)։c Նա անչափ կարոտում էր իր սիրելի «իշխանուհուն»։ Անկասկած, Եհովա Աստված նույնպես կարոտում է այս հավատարիմ կնոջը, և նա նպատակ ունի կյանքի բերելու նրան երկրային դրախտում։ Սառային, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ընդօրինակում են նրա հավատը, սպասում է հրաշալի ապագա և հավիտենական կյանք (Հովհաննես 5։28, 29)։
a Այս ամուսնական զույգի անունն էր Աբրամ և Սարա, մինչև որ հետագայում Աստված փոխեց նրանց անունները, սակայն այս հոդվածում կօգտագործենք նրանց այն անունները, որոնցով նրանք հայտնի են։
b Եհովան որոշ ժամանակ հանդուրժում էր բազմակնությունն ու հարճ ունենալը։ Սակայն ավելի ուշ նա Հիսուս Քրիստոսին իրավասություն տվեց վերականգնելու մենամուսնության վերաբերյալ Եդեմում սահմանված սկզբնական չափանիշը (Ծննդոց 2։24; Մատթեոս 19։3–9)։
c Սառան Աստվածաշնչում հիշատակված միակ կինն է, որի մասին նշվում է, թե որ տարիքում է մահացել։