Այժմ ավելի քան երբևէ հարկավոր է արթուն մնալ
«Չը քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ 5։6)։
1, 2. ա) Ինչպիսի՞ քաղաքներ էին Պոմպեյն ու Հերկուլանումը։ բ) Ի՞նչ նախազգուշացումներ անտեսեցին Պոմպեյի ու Հերկուլանումի բնակիչները, և հետևանքը ի՞նչ եղավ։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ առաջին դարում Պոմպեյն ու Հերկուլանումը հռոմեական բարգավաճ քաղաքներից էին։ Նրանք գտնվում էին Վեզուվ լեռան մոտ։ Հարուստ հռոմեացիները սիրում էին այս քաղաքներում անցկացնել իրենց ազատ ժամանակը։ Այս քաղաքների թատրոններից ամեն մեկը կարող էր տեղավորել ավելի քան հազար մարդ, իսկ Պոմպեյում կար մի մեծ ամֆիթատրոն, որտեղ կտեղավորվեր քաղաքի գրեթե ողջ բնակչությանը։ Պոմպեյի պեղումների ժամանակ հայտնաբերվեց 118 պանդոկ, որոնցից մի քանիսը ծառայում էին որպես խաղատներ ու հասարակաց տներ։ Հայտնաբերված իրերն ու պատերի նկարները վկայում էին լայնատարած անբարոյականության ու նյութապաշտության մասին։
2 Մ.թ. 79–ի օգոստոսի 24–ին Վեզուվ լեռը սկսեց ժայթքել։ Հրաբխագետները ենթադրում են, որ առաջին ժայթքման ժամանակ, երբ մթնոլորտ արտանետվեցին պեմզայի բեկորներ ու մոխիր, այդ երկու քաղաքների բնակիչները կարող էին փախչել։ Անկասկած, շատերը թերևս հենց այդպես էլ վարվեցին։ Բայց նրանք, ովքեր թերագնահատեցին վտանգի լրջությունը կամ պարզապես անտեսեցին այն նշանները, որոնք վկայում էին հրաբխի մոտալուտ ժայթքման մասին, չփախան։ Հետո՝ կեսգիշերին մոտ, շիկացած գազերի, պեմզայի ու ժայռաբեկորների հսկայական զանգվածը դղրդյունով թափվեց Հերկուլանումի վրա՝ խեղդամահ անելով քաղաքում մնացած բնակչությանը։ Իսկ վաղ առավոտյան նման մի զանգված էլ ոչնչացրեց բոլոր նրանց, ովքեր գտնվում էին Պոմպեյում։ Ինչպիսի՜ ողբերգություն, որը տեղի ունեցավ այն պատճառով, որ մարդիկ ուշադրություն չդարձրեցին նախազգուշական նշաններին։
Հրեական համակարգի վախճանը
3. Ի՞նչ նմանություն կա Երուսաղեմի կործանման ու Պոմպեյի և Հերկուլանումի կործանման միջև։
3 Պոմպեյի ու Հերկուլանումի կործանումից ավելի սարսափելի էր Երուսաղեմի կործանումը, թեև դա կատարվեց մարդկանց ձեռքով՝ այս դեպքերից ինը տարի առաջ։ Երուսաղեմի պաշարումը համարվում է պատմության մեջ ամենասոսկալի պաշարումներից մեկը, և ըստ տվյալների՝ այդ ժամանակ ավելի քան մեկ միլիոն հրեա մահացավ։ Բայց ինչպես Պոմպեյի ու Հերկուլանումի կործանման դեպքում էր, Երուսաղեմի ավերման վերաբերյալ նույնպես նախազգուշացումներ էին տրվել։
4. Իր հետևորդներին նախազգուշացնելու համար, որ իրերի համակարգի վախճանը մոտ է, ի՞նչ մարգարեական նշան տվեց Հիսուսը, և ինչպե՞ս դա իրականացավ առաջին դարում։
4 Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր քաղաքի կործանումը, ինչպես նաև այն դեպքերը, որ նախորդելու էին դրան՝ պատերազմներ, սով, երկրաշարժեր և անօրենություն։ Չնայած կեղծ մարգարեների ակտիվ գործունեությանը՝ Աստծո Թագավորության բարի լուրը պետք է քարոզվեր ամբողջ աշխարհում (Մատթէոս 24։4–7, 11–14)։ Թեև Հիսուսի խոսքերը հիմնականում վերաբերում են մեր օրերին, սակայն փոքր մասշտաբով դրանք իրականացան նաև անցյալում։ Պատմությանը հայտնի է, որ մեծ սով է եղել Հրեաստանում (Գործք 11։28)։ Հրեա պատմաբան Հովսեպոսը տեղեկացնում է Երուսաղեմի շրջանում նախքան քաղաքի կործանումը տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Այդ ժամանակներում քաղաքում անընդհատ ապստամբություններ էին բռնկվում, հրեական քաղաքական խմբակցությունների միջև երկպառակտչական ընդհարումներ էին տեղի ունենում, իսկ մի քանի քաղաքներում էլ հրեաներն ու ոչ հրեաները կոտորում էին միմյանց։ Չնայած այս ամենին՝ Թագավորության բարի լուրը քարոզվում էր «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23)։
5, 6. ա) Հիսուսի ո՞ր մարգարեական խոսքերն իրականացան մ.թ. 66–ին։ բ) Ինչո՞ւ մ.թ. 70–ին այդքան շատ մարդ մահացավ։
5 Մ.թ. 66–ին հրեաները ապստամբեցին Հռոմի դեմ։ Երբ Կեստիոս Գալլոսը իր զորքերն առաջնորդեց դեպի Երուսաղեմ ու շրջապատեց այն, Հիսուսի հետևորդները հիշեցին նրա խոսքերը։ Նա ասել էր. «Երբոր կ’տեսնէք Երուսաղէմը զօրքերով շրջապատուած, այն ժամանակ գիտացէք, թէ նորա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նորանք, որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն. եւ նորանք, որ նորա միջումն են, թող հեռանան. եւ նորանք, որ նորա գաւառներումն են, թող չ’մտնեն նորա մէջ» (Ղուկաս 21։20, 21)։ Եկել էր ժամանակը, որ Հիսուսի հետևորդները հեռանային Երուսաղեմից։ Բայց ինչպե՞ս։ Գալլոսը անսպասելիորեն հեռացրեց իր զորքերը քաղաքից, ինչը Երուսաղեմի ու Հրեաստանի քրիստոնյաներին հնարավորություն տվեց հնազանդվելու Հիսուսի խոսքերին ու փախչելու սարերը (Մատթէոս 24։15, 16)։
6 Չորս տարի անց, երբ մոտենում էր Պասեքը, հռոմեական զորքերը վերադարձան գեներալ Տիտոսի գլխավորությամբ։ Տիտոսը վճռել էր վերջնականապես ճնշել հրեաների ապստամբությունը։ Նրա բանակը շրջապատեց Երուսաղեմը և քաղաքի շուրջ ‘պատնեշ կանգնեցրեց’ (ԱՆԹ)։ Հրեաների փախուստը անհնար դարձավ (Ղուկաս 19։43, 44)։ Չնայած պատերազմի սպառնալիքին՝ հրեաները Հռոմեական կայսրության բոլոր ծայրերից եկել էին Երուսաղեմ՝ տոնելու Պասեքը։ Եվ հիմա նրանք ծուղակի մեջ էին հայտնվել։ Ինչպես Հովսեպոսն է տեղեկացնում, այդ դժբախտները պաշարման մեջ հայտնված բնակչության մեծամասնությունն էին կազմում։a Երուսաղեմն ի վերջո ընկավ. սպանված հրեաները կազմում էին ամբողջ Հռոմեական կայսրության մեջ բնակվող հրեաների մոտ մեկ յոթերորդը։ Երուսաղեմի ու նրա տաճարի կործանումը նշանավորեց հրեական քաղաքական համակարգի ու Մովսիսական օրենքի վրա հիմնված կրոնական համակարգի վախճանըb (Մարկոս 13։1, 2)։
7. Ինչո՞ւ հավատարիմ քրիստոնյաները վերապրեցին Երուսաղեմի կործանումը։
7 Հրեա քրիստոնյաները մ.թ. 70–ին գուցե սպանվեին կամ գերվեին Երուսաղեմում մնացած մյուս մարդկանց հետ։ Բայց ըստ պատմական տվյալների՝ նրանք հետևել էին Հիսուսի նախազգուշացմանը, որ նա տվել էր 37 տարի առաջ. նրանք հեռացել էին քաղաքից և չէին վերադարձել։
Առաքյալների կողմից ճիշտ ժամանակին տրված նախազգուշացումներ
8. Ինչի՞ անհրաժեշտություն էր տեսնում Պետրոսը, և Հիսուսի ո՞ր խոսքերը, հավանաբար, նա նկատի ուներ։
8 Մեր օրերում շատ ավելի մեծ կործանում է սպասվում, այնպիսին, որը վերջ կդնի իրերի այս ողջ համակարգին։ Երուսաղեմի կործանումից վեց տարի առաջ Պետրոս առաքյալը ճիշտ ժամանակին տվեց անչափ կարևոր մի խորհուրդ, որը հատկապես վերաբերում է ժամանակակից քրիստոնյաներին, այն է՝ արթուն կացեք։ Պետրոսը գիտակցում էր քրիստոնյաների «մաքուր միտքը» ‘արթնացնելու’ անհրաժեշտությունը՝ այն, որ նրանք չանտեսեին Հիսուս Քրիստոսի՝ «Տիրոջ.... պատուիրանքները» (Բ Պետրոս 3։1, 2)։ Քրիստոնյաներին զգաստ մնալու հորդոր տալով՝ Պետրոսը հավանաբար նկատի ուներ այն, ինչ լսել էր Հիսուսից, երբ վերջինս իր մահվանից մի քանի օր առաջ իր առաքյալներին ասել էր. «Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է» (Մարկոս 13։33)։
9. ա) Ոմանք ի՞նչ վտանգավոր տեսակետ գուցե ձեռք բերեն։ բ) Մասնավորապես ինչո՞վ է թերահավատությունը վտանգավոր։
9 Այսօր ոմանք ծաղրանքով հարցնում են. «Ո՞ւր է նորա գալստեան խոստումը» (Բ Պետրոս 3։3, 4)։ Ինչպես երևում է, այդ անհատները կարծում են, թե իրերի դրությունը ամենևին էլ չի փոխվում, ու, ինչպես որ եղել է աշխարհի ստեղծագործությունից ի վեր, այդպես էլ կշարունակվի։ Նման թերահավատությունը վտանգավոր է։ Կասկածները կարող են թուլացնել մեր հրատապության զգացումը ու մղել մեզ զբաղվելու եսասիրական ցանկությունների իրագործմամբ (Ղուկաս 21։34)։ Բացի այդ, ինչպես Պետրոսն է մատնանշում, ծաղրողները մոռանում են, թե Նոյի օրերում ջրհեղեղն ինչպես կործանեց իրերի այն ժամանակվա ողջ համակարգը։ Այն օրերում աշխարհն իսկապես փոխվեց (Ծննդոց 6։13, 17; Բ Պետրոս 3։5, 6)։
10. Ո՞ր խոսքերով է Պետրոսը հորդորում նրանց, ովքեր գուցե դժվարանան համբերություն դրսևորել։
10 Պետրոսն օգնում է իր նամակն ընթերցողներին մշակելու համբերություն՝ հիշեցնելով նրանց, թե Աստված ինչու հաճախ անմիջապես չի գործում։ Նախ՝ նա ասում է. «Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր» (Բ Պետրոս 3։8)։ Քանի որ Եհովան հավիտյան է ապրում, նա կարող է հաշվի առնել բոլոր հանգամանքները ու ընտրել լավագույն պահը՝ գործելու։ Հետո՝ Պետրոսը նշում է, որ Եհովան ուզում է, որ մարդիկ ամենուրեք զղջան։ Աստծո համբերությունը շատերի համար փրկություն է նշանակում, քանզի եթե նա արագորեն գործեր, ապա նրանք կոչնչանային (Ա Տիմոթէոս 2։3, 4; Բ Պետրոս 3։9)։ Բայցևայնպես, դա չի նշանակում, թե Աստված երբևէ չի գործի։ «Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ»,— ասում է Պետրոսը (Բ Պետրոս 3։10)։
11. Ի՞նչը կօգնի մեզ հոգևորապես արթուն մնալու, և ինչպե՞ս դա, այսպես ասած, կարագացնի Եհովայի օրը։
11 Պետրոսը շատ հետաքրքիր համեմատություն է կատարում։ Գողին հեշտ չէ բռնել, բայց շատ ավելի հավանական է, որ գողի ներկայությունը նկատի այն պահակը, որն ամբողջ գիշեր արթուն է մնում, քան նա, ով ժամանակ առ ժամանակ նիրհում է։ Իսկ ինչպե՞ս կարող է պահակն արթուն մնալ։ Նա շատ ավելի հեշտությամբ կպահպանի աչալրջությունը գիշերվա ընթացքում, եթե նստելու փոխարեն քայլի։ Նման ձևով, հոգևորապես ակտիվ լինելը կօգնի քրիստոնյային արթուն մնալ։ Այսպիսով, Պետրոսը մեզ հորդորում է ‘սուրբ վարմունք և աստվածապաշտ ընթացք’ ունենալ (Բ Պետրոս 3։11, ԷԹ)։ Դա կօգնի մեզ շարունակել «արագացնել Տիրոջ օրվա գալուստը» (ԱՆԹ) (Բ Պետրոս 3։12)։ Ճիշտ է, մենք չենք կարող փոխել Եհովայի սահմանած ժամանակները։ Նրա օրը կգա իր կողմից որոշված ժամին։ Բայց այն ժամանակը, որ դեռ կա մինչև այդ օրը, շատ ավելի արագ կանցնի, եթե զբաղված լինենք Աստծուն ծառայելով (Ա Կորնթացիս 15։58)։
12. Ինչպե՞ս կարող ենք անհատապես օգուտներ քաղել Եհովայի համբերությունից։
12 Ուրեմն, շատ լավ կլինի, եթե յուրաքանչյուր ոք, ով մտածում է, թե Եհովայի օրն ուշանում է, հետևի Պետրոսի խորհրդին ու համբերությամբ սպասի Եհովայի նշանակած ժամանակին։ Մենք կարող ենք խոհեմությամբ օգտագործել մնացած ժամանակը, որը Աստծո համբերության շնորհիվ դեռ չի վերջացել։ Կարող ենք, օրինակ, շարունակել մեր մեջ մշակել կարևոր քրիստոնեական հատկություններ, ինչպես նաև բարի լուրը քարոզել ավելի շատ մարդկանց, ինչը հակառակ դեպքում հնարավոր չէր լինի անել։ Եթե արթուն մնանք, ապա իրերի այս համակարգի վերջում «անբիծ եւ անարատ [կգտնվենք] նորա [Եհովայի] առաջին խաղաղութեան մէջ» (Բ Պետրոս 3։14, 15)։ Ինչպիսի՜ օրհնություն է դա լինելու։
13. Պողոսի՝ թեսաղոնիկեցի քրիստոնյաներին ուղղած ո՞ր խոսքերն են մասնավորապես համապատասխանում մեր օրերին։
13 Պողոսը նույնպես խոսեց արթուն մնալու մասին, երբ գրեց իր առաջին նամակը թեսաղոնիկեցի քրիստոնյաներին։ Նա խորհուրդ տվեց. «Չը քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։2, 6)։ Մեր օրերում, երբ համաշխարհային այս ամբողջ համակարգի կործանումը մոտ է, որքա՜ն կարևոր է հետևել նրա խորհրդին։ Եհովայի երկրպագուներն ապրում են մի աշխարհում, որը բոլորովին անտարբեր է հոգևորի հանդեպ, և այս հանգամանքը կարող է ազդեցություն գործել նրանց վրա։ Դա է պատճառը, որ Պողոսը հետևյալ խորհուրդն է տալիս. «Արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը» (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։ Կանոնավորաբար ուսումնասիրելով Աստծո Խոսքը և միշտ հանդիպումների ժամանակ եղբայրների հետ շփվելով՝ մենք կկարողանանք հետևել Պողոսի խորհրդին ու պահպանել մեր հրատապության զգացումը (Մատթէոս 16։1–3)։
Միլիոնավոր մարդիկ արթուն են մնում
14. Վիճակագրությունն ինչպե՞ս է փաստում, որ այսօր շատերն են հետևում Պողոսի՝ արթուն մնալու խորհրդին։
14 Արդյոք շա՞տ են այսօր այն մարդիկ, ովքեր հաշվի են առնում արթուն մնալու՝ Աստծո ներշնչումով տրված խորհուրդը։ Այո՛, շատ են։ 2002 ծառայողական տարում քարոզիչների առավելագույն թիվը եղել է 6 304 645 որը 3, 1 տոկոսով ավելի է 2001 թ. համեմատությամբ։ Նրանց հոգևոր աչալրջության մասին են վկայում այն 1 202 381 302 ժամերը, որ նրանք անցկացրել են Աստծո Թագավորության մասին խոսելով։ Այդ գործը իմիջիայլոց չի արվել։ Ընդհակառակը, դա նրանց կյանքում կենտրոնական տեղ է զբաղեցրել։ Ահա երկու մարդկանց՝ Էդուարդոյի ու Նոեմիի օրինակը (Սալվադոր), որը ցույց է տալիս, թե ինչպես են շատ–շատերը վերաբերվում այդ գործին։
15. Ինչի՞ց է երևում, որ Սալվադորում շատերը շարունակում են հոգևորապես արթուն մնալ։
15 Տարիներ առաջ Էդուարդոն և Նոեմին ուշադրություն դարձրին Պողոսի հետևյալ խոսքերին. «Այս աշխարհի կերպարանքն անցնում է» (Ա Կորնթացիս 7։31)։ Նրանք պարզեցրին իրենց ապրելակերպը և սկսեցին ծառայել որպես լիաժամ ռահվիրաներ։ Ժամանակի ընթացքում Էդուարդոն և Նոեմին շատ օրհնություններ ստացան, նույնիսկ եղան մարզային ու շրջանային ծառայության մեջ։ Չնայած լուրջ պրոբլեմներին՝ նրանք համոզված են, որ ճիշտ են վարվել՝ լիաժամ ծառայությունը նախընտրելով նյութական ապահովվածությունից։ Սալվադորի 29 269 քարոզիչներից շատերը, այդ թվում՝ 2 454 ռահվիրաներ, նման անձնազոհություն են ցուցաբերել, և սա է պատճառներից մեկը, թե ինչու է այս երկրում անցած տարի քարոզիչների թիվն աճել 2 տոկոսով։
16. Կոտ դ’Իվուարում ապրող երիտասարդ եղբայրն ի՞նչ մտայնություն հանդես բերեց։
16 Կոդ դ’Իվուարում նման մտայնություն դրսևորեց մի երիտասարդ քրիստոնյա, որը մասնաճյուղին հետևյալը գրեց. «Ես ծառայող օգնական եմ։ Սակայն չեմ կարող եղբայրներին կոչ անել ռահվիրայական ծառայություն սկսելու, քանի որ ինքս օրինակ չեմ հանդիսանում այդ հարցում։ Ուստի թողեցի շահավետ աշխատանքս և այժմ ինքս եմ տնօրինում իմ աշխատաժամանակը, ինչը հնարավորություն է տալիս ինձ ավելի շատ ժամանակ տրամադրելու ծառայությանը»։ Այս երիտասարդը դարձավ ռահվիրա, և նա մտնում է այն 983 անհատների թվի մեջ, ովքեր Կոտ դ’Իվուարում ծառայում են որպես ռահվիրա։ Իսկ քարոզիչների ընդհանուր թիվն այս երկրում անցած տարվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով ու կազմել 6 701 մարդ։
17. Ինչպե՞ս մի երիտասարդ բելգիացի քույր փաստեց, որ չի վախենում մարդկանց կանխակալ կարծիքից։
17 Բելգիայում ապրող 24 961 Թագավորության քարոզիչները շարունակում են բախվել այնպիսի պրոբլեմների, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, կանխակալ կարծիքը և խտրականությունը։ Չնայած դրան՝ նրանք պահպանում են իրենց եռանդը ու չեն վախենում մարդկանցից։ Երբ մի 16–ամյա դպրոցական Վկա բարոյագիտության դասի ժամանակ լսեց, որ Եհովայի վկաների մասին խոսում են որպես աղանդավորականների, նա թույլտվություն խնդրեց հայտնելու Վկաների տեսակետը։ Օգտվելով «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաերիզից ու «Եհովայի վկաներ. ովքե՞ր են» գրքույկից, քույրը բացատրեց, թե իրականում ովքեր են Եհովայի վկաները։ Նրա ներկայացրած ինֆորմացիան շատ բարյացակամորեն ընդունվեց բոլորի կողմից։ Հաջորդ շաբաթ աշակերտներին հանձնարարվեց պատասխանելու հարցերի, որոնք բոլորն էլ վերաբերում էին Եհովայի վկաների քրիստոնեական կրոնին։
18. Ի՞նչն է փաստում, որ Արգենտինայում և Մոզամբիկում տնտեսական խնդիրները չեն շեղում քարոզիչների ուշադրությունը Եհովայի ծառայությունից։
18 Այս վերջին օրերում քրիստոնյաների մեծ մասը ստիպված է ծանր խնդիրներ դիմագրավել, բայց նրանք ձգտում են չշեղվել իրենց ճանապարհից։ Չնայած Արգենտինայում տիրող տնտեսական ծանր իրավիճակին՝ անցած տարի այս երկրում քարոզիչների նոր բարձրագույն թիվ է գրանցվել՝ 126 709։ Մոզամբիկում համատարած աղքատություն է շարունակում տիրել։ Բայց չնայած դրան՝ այս երկրում քարոզչական գործին անցյալ տարի մասնակցեց 37 563 Եհովայի վկա, ինչը նշանակում է 4 տոկոս աճ։ Ալբանիայում շատերը ծանր կյանքով են ապրում։ Այդուհանդերձ, այս երկրում հրաշալի աճ է գրանցվել՝ 12 տոկոս, իսկ քարոզիչները թիվը հասել է 2 708–ի։ Միանգամայն հստակ է, որ երբ Եհովայի ծառաները Թագավորության շահերն առաջին տեղում են դնում, կյանքի դժվարությունները չեն կարող խանգարել Աստծո սուրբ ոգուն՝ գործելու (Մատթէոս 6։33)։
19. ա) Ի՞նչն է վկայում, որ դեռևս կան բազմաթիվ ոչխարանման անհատներ, ովքեր կարոտ են Աստվածաշնչի ճշմարտությանը։ բ) Տարեկան հաշվետվությունից ուրիշ ո՞ր մանրամասնություններն են ցույց տալիս, որ Եհովայի ծառաները հոգևորապես արթուն են (տե՛ս էջ 12–15)։
19 Անցած տարի ամբողջ աշխարհում միջին հաշվով անց է կացվել Աստվածաշնչի 5 309 289 ուսումնասիրություն, ինչը ցույց է տալիս, որ դեռևս կան բազմաթիվ ոչխարանման անհատներ, ովքեր կարոտ են աստվածաշնչյան ճշմարտությանը։ Հիշատակի երեկոյին ներկաների նոր բարձրագույն թիվ է գրանցվել՝ 15 597 746 մարդ։ Բայց այդ մարդկանց մեծամասնությունը դեռ ակտիվորեն չի ծառայում Եհովային։ Թող որ նրանք շարունակեն աճել Եհովայի և մեր եղբայրակցության մասին գիտելիքներ ձեռք բերելու և նրանց սիրելու մեջ։ Մեծ հիացմունք է պատճառում այն, որ «այլ ոչխարների» «մեծ բազմությունը» շարունակում է պտուղներ բերել՝ ծառայելով Արարչին «ցերեկ եւ գիշեր նորա տաճարի մէջ» ոգով օծված իրենց եղբայրների հետ (Յայտնութիւն 7։9, 15; Յովհաննէս 10։16)։
Դաս՝ Ղովտի հետ պատահածից
20. Ի՞նչ ենք սովորում Ղովտի ու նրա կնոջ հետ պատահած դեպքից։
20 Իհարկե, նույնիսկ Աստծո հավատարիմ ծառաները գուցե մի պահ թուլացնեն հրատապության զգացումը։ Խորհենք այն մասին, ինչ պատահեց Աբրահամի եղբորորդի Ղովտի հետ։ Իրեն այցելած երկու հրեշտակներն ասացին, որ Աստված շուտով ոչնչացնելու է Սոդոմ և Գոմոր քաղաքները։ Այս լուրը չզարմացրեց Ղովտին, որը «զզվել էր նրանց [սոդոմացիների ու գոմորացիների] անբարո և անառակ կենցաղից» (Բ Պետրոս 2։7, ԱՆԹ)։ Սակայն նա «ուշանում էր», երբ երկու հրեշտակները եկել էին իրեն դուրս հանելու Սոդոմից։ Հրեշտակները գրեթե ուժ գործադրելով նրան ու իր ընտանիքին հանեցին քաղաքից։ Բայց Ղովտի կինը չհնազանդվեց հրեշտակների այն նախազգուշացմանը, որ իրենք ետ չպիտի նայեին, ու հետևանքը եղավ այն, որ նա իր կյանքով վճարեց դրա դիմաց (Ծննդոց 19։14–17, 26)։ Հիսուսը նախազգուշացրեց. «Յիշեցէք Ղովտի կինը» (Ղուկաս 17։32)։
21 Պոմպեյի ու Հերկուլանումի աղետը, Երուսաղեմի կործանման հետ կապված դեպքերը, ինչպես նաև Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղը և Ղովտի հետ պատահածը՝ այս բոլորը ցույց են տալիս, թե որքան կարևոր է լրջորեն վերաբերվել նախազգուշացումներին։ Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք գիտենք, թե որ նշաններն են բնորոշում վախճանի ժամանակները (Մատթէոս 24։3)։ Մենք առանձնացել ենք կեղծ կրոնից (Յայտնութիւն 18։4)։ Առաջին դարի քրիստոնյաների նման՝ մենք նույնպես պետք է մեր մտքում վառ պահենք Եհովայի օրը (Բ Պետրոս 3։12, ԱՆԹ)։ Այո՛, այժմ հարկավոր է ավելի քան երբևէ արթուն մնալ։ Ի՞նչ քայլեր կարող ենք անել և ի՞նչ հատկություններ պետք է մշակենք արթուն մնալու համար։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն այս հարցերը։
[ծանոթագրություններ]
a Անհավանական է թվում, որ առաջին դարում Երուսաղեմն ունենար 120 000–ից ավելի բնակիչ։ Եվսեբիոսը հաշվարկել է, որ մ.թ. 70–ի Պասեքին Հրեաստանի բոլոր կողմերից Երուսաղեմ էր եկել ավելի քան 300 000 մարդ։ Պաշարվածների մնացած մասը պետք է որ եկած լինեին կայսրության մյուս մասերից։
b Անտարակույս, Եհովայի տեսակետից՝ Մովսիսական օրենքը փոխարինվել էր նոր ուխտով մ.թ. 33–ին (Եփեսացիս 2։15)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Դեպքերի ինչպիսի՞ զարգացումը հրեա քրիստոնյաներին հնարավորություն տվեց փրկվելու Երուսաղեմի կործանումից։
• Պետրոս և Պողոս առաքյալների գրություններում հնչած խորհուրդներն ինչպե՞ս են մեզ օգնում արթուն մնալու։
• Ովքե՞ր են այսօր փաստում, որ լիովին արթուն են։
• Ի՞նչ դաս ենք քաղում Ղովտի ու նրա կնոջ հետ պատահած դեպքից։
21. Ինչո՞ւ այժմ ավելի քան երբևէ կարևոր է արթուն մնալ։
[աղյուսակ 12–15-րդ էջերի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2002–Ի ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(Տե՛ս միահյուսված հատորը)
[նկար 9–րդ էջի վրա]
Մ.թ. 66–ին Երուսաղեմի քրիստոնեական համայնքը ականջ դրեց Հիսուսի նախազգուշացմանը
[նկարներ 10–րդ էջի վրա]
Գործով զբաղված լինելը քրիստոնյաներին օգնում է արթուն մնալ