Նոր ուխտի փառավոր օրհնությունները
«Յիսուս.... միջնորդ է առաւել լաւ ուխտի» (Եբրայեցիս 8։6)։
1. Ո՞վ էր Եդեմում խոստացված «կնոջ սերունդը», և ինչպե՞ս նրա ‘գարշապարը խայթվեց’։
ԱԴԱՄԻ ու Եվայի մեղանչելուց անմիջապես հետո Եհովան դատավճիռ ներկայացրեց Սատանային, որն առաջին կնոջ մոլորության պատճառն էր եղել։ Ահա թե ինչ ասաց Աստված. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Երբ մ.թ. 29 թ.–ին Հիսուսը մկրտվեց Հորդանան գետում, այդ ժամանակ վերջապես հայտնվեց Եդեմի պարտեզում խոստացված Սերունդը։ Իսկ այդ հին մարգարեության մի մասը կատարվեց մ.թ. 33–ին, երբ Հիսուսը սյան վրա գամված տանջամահ արվեց։ Այդ հարվածով Սատանան ‘խայթեց Սերնդի գարշապարը’։
2. Համաձայն Հիսուսի խոսքերի՝ իր մահը ի՞նչ օգուտ պիտի բերեր մարդկությանը։
2 Բարեբախտաբար, վերքը թեև ծանր էր, սակայն մշտատև չէր։ Որպես անմահ ոգի հարություն առնելուն պես՝ Հիսուսը բարձրացավ երկինք Հոր մոտ, որտեղ էլ ներկայացրեց իր թափած արյան արժեքը՝ «որպէս փրկանք շատերի փոխարէն»։ Դրանով կատարվեցին իր իսկ խոսքերը, թե՝ «մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։14—16; Եբրայեցիս 9։12—14)։ Նոր ուխտը կարևոր դեր է խաղում Հիսուսի այս մարգարեության կատարման մեջ։
Նոր ուխտը
3. Առաջին անգամ ե՞րբ գործի դրվեց նոր ուխտը։
3 Մահից քիչ առաջ Հիսուսը հայտնեց աշակերտներին, որ իր թափվող արյունը «նոր ուխտի արիւնն է» (Մատթէոս 26։28; Ղուկաս 22։20)։ Նոր ուխտի ազդեցությունը սկսեց երևան գալ, երբ իր երկինք համբարձվելուց տասը օր անց Երուսաղեմում վերնատանը հավաքված հարյուր քսան աշակերտների վրա թափվեց սուրբ հոգին (Գործք 1։15; 2։1—4)։ Այս հարյուր քսան աշակերտների նոր ուխտի մեջ ընդգրկվելը ցույց տվեց, որ «առաջին» ուխտը (Օրենքի) արդեն հնացած էր (Եբրայեցիս 8։13)։
4. Թերի՞ էր արդյոք հին ուխտը։ Բացատրեցե՛ք։
4 Թերի՞ էր արդյոք հին ուխտը։ Բոլորովին էլ ոչ։ Իհարկե, այդ ուխտը փոխարինելու արդյունքը եղավ այն, որ Իսրայելը դադարեց Աստծո հատուկ ժողովուրդը համարվել (Մատթէոս 23։38)։ Սակայն պատճառն Իսրայելի անհնազանդությունն էր և Եհովայի Օծյալին մերժելը (Ելից 19։5; Գործք 2։22, 23)։ Մինչև Օրենքի փոխարինվելը, նրա միջոցով շատ բան էր իրականացվել։ Դարերի ընթացքում Օրենքն ապահովել էր Աստծուն մոտենալու հնարավորությունը և պաշտպանել կեղծ կրոնից։ Օրենքը նաև նոր ուխտի նախաշուքն էր՝ իր շարունակական զոհաբերություններով հիշեցնելով մարդկությանը մեղքից ու մահից փրկվելու իրենց խիստ կարիքի մասին։ Ինչ խոսք, Օրենքը ‘դաստիարակ էր Քրիստոսին բերելու’ (Գաղատացիս 3։19, 24; Հռովմայեցիս 3։20; 4։15; 5։12; Եբրայեցիս 10։1, 2)։ Այնուամենայնիվ, նոր ուխտի միջոցով էր, որ Աբրահամին խոստացված օրհնությունները պիտի ամբողջովին կատարվեին։
Աբրահամի Սերնդով օրհնված ազգերը
5, 6. Հոգևոր առումով աբրահամական ուխտի գլխավոր կատարման մեջ ո՞վ է Աբրահամի Սերունդը, և ո՞րն էր նրա միջոցով ստացված օրհնություններից օգտվող առաջին ազգը։
5 Եհովան խոստացավ Աբրահամին, որ «երկրի բոլոր ազգերը [նրա] սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։18)։ Հին ուխտի ներքո բազում հեզաբարո օտարականներ օրհնվեցին այն փոխհարաբերության շնորհիվ, որն ունեին Իսրայելի՝ արդեն Աբրահամի ժողովուրդ դարձած սերնդի հետ։ Հոգևոր իմաստով, սակայն, այդ խոստումի գլխավոր կատարման մեջ Աբրահամի Սերունդը մեկ կատարյալ մարդ էր։ Պողոսը դա բացատրեց՝ գրելով. «Խոստումը Աբրահամի՛ն արուեց եւ նրա շառաւիղին. չի ասում՝ շառաւիղներին, չակնարկելու համար շատերին, այլ ակնարկում է մէկին՝ «Եւ քո զաւակին», որ Քրիստոսն է» (Գաղատացիս 3։16)։
6 Այո՛, Հիսուսն Աբրահամի Սերունդն է, և Նրա միջոցով ազգերի ստացած օրհնությունը մեծապես գերազանցում է Իսրայելի ունեցած օրհնություններին։ Իհարկե, այդ օրհնությունից օգտված առաջին ժողովուրդը հենց Իսրայելն էր։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեից շատ չանցած՝ Պետրոս առաքյալը, դիմելով մի խումբ հրեաների, ասաց. «Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն»։ Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ ետ դարձնելու համար ձեր չար գործերից» (Գործք 3։25, 26)։
7. Ո՞ր ազգերն օրհնվեցին Հիսուսի՝ Աբրահամի Սերնդի միջոցով։
7 Կարճ ժամանակ անց օրհնությունը տարածվեց նաև նախ՝ սամարացիների, ապա՝ հեթանոսների վրա (Գործք 8։14—17; 10։34—48)։ Մ.թ. 50–52 թթ–ի միջև ընկած ժամանակահատվածում Պողոսը գրեց Գաղատիայի (Փոքր Ասիա) քրիստոնյաներին. «Սուրբ Գիրքը կանխատեսում էր, թէ Աստուած հեթանոսներին հաւա՛տով է արդարացնելու. նախապէս խոստացաւ Աբրահամին, թէ՝ «Բոլոր ազգերը քեզնով են օրհնուելու»։ Այսպէս ուրեմն, նրանք, որ հաւատից են, օրհնւում են հաւատացեալ Աբրահամի հետ» (Գաղատացիս 3։8, 9; Ծննդոց 12։3)։ Չնայած նրան, որ գաղատացի շատ քրիստոնյաներ «հեթանոսներից» էին, իրենց հավատի շնորհիվ օրհնվեցին Հիսուսի միջոցով։ Ինչպե՞ս։
8. Ի՞նչ էր նշանակում Պողոսի օրերի քրիստոնյաների համար Աբրահամի Սերնդի միջոցով օրհնվելը, և որքա՞ն է այդ անհատների վերջնական թիվը։
8 Հաշվի չառնելով գաղատացի քրիստոնյաների ծագումը՝ Պողոսը դիմեց նրանց. «Եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման» (Գաղատացիս 3։29)։ Աբրահամի Սերնդի միջոցով գաղատացիների օրհնվելը նշանակում էր, որ նրանք նոր ուխտի մասնակիցներն ու Հիսուսի ժառանգակիցները՝ Աբրահամի սերնդի մեջ նրա ընկերակիցներն էին դառնում։ Հայտնի չէ, թե որքան էր կազմում հին Իսրայելի բնակչությունը։ Գիտենք միայն, որ այն «ինչպէս ծովի եզերքի շատ աւազի» չափ էր դարձել (Գ Թագաւորաց 4։20)։ Սակայն տեղյակ ենք հոգևոր սերնդի Հիսուսի ընկերակիցների վերջնական թվի մասին՝ 144 000 (Յայտնութիւն 7։4; 14։1)։ Այդ 144 000–ը հավաքվել են մարդկության «բոլոր ցեղերից եւ լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից», և իրենք էլ իրենց հերթին ուրիշներին են ներկայացնում Աբրահամի հետ կապված ուխտի օրհնությունները (Յայտնութիւն 5։9)։
Կատարված մարգարեություն
9. Նոր ուխտի մեջ գտնվողներն ի՞նչ իմաստով են Եհովայի օրենքն իրենց սրտերում կրում։
9 Կանխագուշակելով նոր ուխտի մասին՝ Երեմիան գրեց. «Այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն» (Երեմիա 31։33)։ Սա նոր ուխտի մեջ գտնվող անհատներին բնորոշող մի գիծ է՝ այն, որ սիրուց դրդված նրանք ծառայում են Եհովային (Յովհաննէս 13։35; Եբրայեցիս 1։9)։ Եհովայի օրենքը գրված է նրանց սրտերում, և նրանք ջերմորեն ցանկանում են կատարել նրա կամքը։ Ճիշտ է, հին Իսրայելում Եհովայի օրենքն իրոք սիրող հավատարիմ մարդիկ կային (Սաղմոս 119։97)։ Շատերը, սակայն, նման զգացումից զերծ, շարունակում էին այդ ժողովրդի անդամները համարվել։ Ինչ վերաբերվում է նոր ուխտին, ապա այս դեպքում անկարելի է ուխտի մեջ մնալ, եթե Աստծո օրենքը գրված չէ անհատի սրտում։
10, 11. Ինչպե՞ս է Եհովան նոր ուխտի մեջ գտնվողների ‘Աստվածը դառնում’, և ինչպե՞ս նրանք բոլորը կճանաչեն իրեն։
10 Նոր ուխտի մեջ գտնվողների վերաբերյալ Եհովան շարունակում է իր խոսքը. «Ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն» (Երեմիա 31։33)։ Հին Իսրայելում շատերն, իսրայելացի լինելով հանդերձ, հեթանոսական աստվածներ էին պաշտում։ Մարմնավոր Իսրայելը փոխարինելու համար Եհովան նոր ուխտի հիման վրա հոգևոր ազգ ստեղծեց՝ «Աստծու Իսրայէլը» (Գաղատացիս 6։16; Մատթէոս 21։43; Հռովմայեցիս 9։6—8)։ Սակայն ոչ ոք չի կարող նոր հոգևոր ազգի անդամ մնալ, եթե զլանում է երկրպագել միմիայն Եհովային։
11 Եհովան ասաց նաև. «Նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը» (Երեմիա 31։34)։ Իսրայելում շատերն ուղղակի արհամարհում էին Եհովային, ըստ էության, ասելով. «Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք» (Սոփոնիա 1։12)։ Եհովային արհամարհող կամ մաքուր պաշտամունքն արատավորող մարդկանցից ոչ մեկը չի կարող Աստծո Իսրայելի անդամը լինել (Մատթէոս 6։24; Կողոսացիս 3։5)։ Հոգևոր Իսրայելացիներն ‘իրանց Աստուծուն ճանաչող ժողովուրդ’ են (Դանիէլ 11։32)։ Նրանք ուրախ են ‘ճանաչելու միակ ճշմարիտ Աստծուն և Յիսուս Քրիստոսին’ (Յովհաննէս 17։3)։ Հիսուսին ճանաչելով՝ խորացնում ենք մեր գիտությունն Աստծու մասին, քանի որ միայն նրա մասին կարելի է ասել, որ «նա՛ յայտնեց [Աստծուն]» (Յովհաննէս 1։18; 14։9—11)։
12, 13. ա) Ինչի՞ հիման վրա է Եհովան ներում նոր ուխտի մեջ գտնվողների մեղքերը։ բ) Ինչ վերաբերվում է մեղքերի թողությանը՝ ի՞նչ իմաստով է նոր ուխտը գերազանց հնի համեմատությամբ։
12 Վերջում Եհովան խոստանում է. «Պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլեւս պիտի չ’յիշեմ» (Երեմիա 31։34բ)։ Մովսիսական օրենքը հարյուրավոր գրավոր կանոններ էր պարունակում, և իսրայելացիներից ակնկալվում էր հնազանդվել դրանց (Երկրորդ Օրինաց 28։1, 2, 15)։ Օրենքը խախտողները զոհաբերություններ էին մատուցում մեղքերը ծածկելու համար (Ղեւտացոց 4։1—7; 16։1—31)։ Շատ հրեաներ սկսեցին հավատալ, թե կարող են Օրենքի համաձայն կատարվող սեփական գործերով արդարանալ։ Քրիստոնյաները, սակայն, գիտակցում են, որ երբեք չեն կարող իրենց քրտինքով արդարություն վաստակել։ Նրանք չեն կարող շրջանցել մեղքը (Հռովմայեցիս 5։12)։ Նոր ուխտի ներքո Աստծո առջև արդար կեցվածքը հնարավոր է միայն Հիսուսի զոհաբերության հիման վրա։ Այնուամենայնիվ, այդպիսի կեցվածքը պարգև է՝ մեր հանդեպ ցուցաբերած Աստծո անարժան բարությունը (Հռովմայեցիս 3։20, 23, 24)։ Եհովան այսօր էլ հնազանդություն է պահանջում իր ծառաներից։ Պողոսը հայտնում է, որ նոր ուխտի տակ գտնվողները «Քրիստոսի՛ օրէնքի տակ» են գտնվում (Ա Կորնթացիս 9։21)։
13 Այսպիսով՝ կարող ենք ասել, որ քրիստոնյաները ևս մեղքի համար մատուցվող զոհ ունեն, բայց շատ ավելի արժեքավոր, քան Օրենքի ուխտի ներքո կատարվող զոհաբերությունները։ Պողոսը գրեց. «Ամէն մի քահանայապետ [Օրենքի ուխտի տակ] ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար և շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։ Իսկ Յիսուս միայն մէ՛կ պատարագ մատուցեց մեղքերի համար և մշտնջենապէս նստեց Աստծու աջ կողմում» (Եբրայեցիս 10։11, 12)։ Քանի որ նոր ուխտի մեջ գտնվող քրիստոնյաները հավատ են ընծայում Հիսուսի զոհաբերությանը, Եհովան նրանց արդար է հռչակում՝ մեղքից զերծ, և հասցնում մի դիրքի, որը թույլ է տալիս օծվել որպես իր հոգևոր որդիներ (Հռովմայեցիս 5։1; 8։33, 34; Եբրայեցիս 10։14—18)։ Երբ նրանք մարդկային անկատարության պատճառով մեղանչում են, կարող են Եհովայից թողություն խնդրել, և Եհովան Հիսուսի զոհաբերության հիման վրա կների (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Սակայն գիտակից մեղքի ուղի ընտրելով՝ նրանք կորցնում են իրենց արդար դիրքը, ինչպես նաև նոր ուխտի մեջ մասնակցություն ունենալու իրենց առանձնաշնորհումը (Եբրայեցիս 2։2, 3; 6։4—8; 10։26—31)։
Հին ու նոր ուխտերը
14. Օրենքի ուխտի ներքո ինչպիսի՞ թլպատություն էր պահանջվում, իսկ նոր ուխտի՞։
14 Հին ուխտի ներքո տղամարդիկ թլպատվում էին ցույց տալու համար, որ Օրենքի տակ են (Ղեւտացոց 12։2, 3; Գաղատացիս 5։3)։ Քրիստոնեական ժողովի հիմնադրումից հետո ոմանք գտնում էին, որ ոչ հրեա քրիստոնյաները նույնպես պետք է թլպատվեն։ Սակայն Աստծո Խոսքով և սուրբ հոգով առաջնորդվող Երուսաղեմի առաքյալներն ու երեցները եկան այն հասկացողության, որ դա անհրաժեշտություն չէ (Գործք 15։1, 5, 28, 29)։ Մի քանի տարի անց Պողոսը գրեց. «Բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։ Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի» (Հռովմայեցիս 2։28, 29)։ Բառացի թլպատությունը, նույնիսկ հրեաների կողմից կատարվող, այլևս ոչ մի արժեք չուներ Եհովայի աչքին։ Նոր ուխտի տակ մտնողները պետք է իրենց սրտերը, ոչ թե մարմինները թլպատեն։ Այն ամենը, ինչը տհաճ և արատավոր է Եհովայի աչքին՝ իրենց մտածելակերպի, ցանկությունների և դրդումների մեջ, հարկավոր է կտրել և մի կողմ նետելa։ Շատերն այսօր այն բանի կենդանի վկայությունն են, որ սուրբ հոգին զորություն ունի նման ձևով փոխելու մարդու մտածելակերպը (Ա Կորնթացիս 6։9—11; Գաղատացիս 5։22—24; Եփեսացիս 4։22—24)։
15. Թագավորական իշխանության առումով ինչպե՞ս կարելի է մարմնավոր Իսրայելին համեմատել Աստծո Իսրայելի հետ։
15 Օրենքի ուխտի կարգադրության ներքո Եհովան Իսրայելի Թագավորն էր, և կար ժամանակ, երբ նա իր գերիշխանությունը ցուցաբերում էր Երուսաղեմում թագավորող մարդկանց միջոցով (Եսայիա 33։22)։ Եհովան նաև հոգևոր Իսրայելի Թագավորն է և մ.թ. 33–ից ի վեր ղեկավարում է նրանց Հիսուս Քրիստոսի միջոցով, որին «տրուած է ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ» (Մատթէոս 28։18; Եփեսացիս 1։19—23; Կողոսացիս 1։13, 14)։ Ներկայումս Աստծո Իսրայելը Հիսուսին ճանաչում է որպես Աստծո երկնային Թագավորության Թագավոր, որը հաստատվել է 1914 թ.–ին։ Որպես Թագավոր՝ Հիսուսը շատ ավելի լավն է, քան Եզեկիան, Հովսիան կամ հին Իսրայելի մյուս հավատարիմ թագավորները (Եբրայեցիս 1։8, 9; Յայտնութիւն 11։15)։
16. Ինչպիսի՞ քահանայական համակարգ է իրենից ներկայացնում Աստծո Իսրայելը։
16 Իսրայելը ոչ միայն թագավորություն էր իրենից ներկայացնում, այլ նաև օծված քահանայություն ուներ։ Աստծո Իսրայելը մ.թ. 33–ին փոխարինեց մարմնավոր Իսրայելին և դարձավ Եհովայի «ծառան», նրա «վկաները» (Եսայիա 43։10)։ Եսայիա 43։21–ի և Ելից 19։5, 6–ի իսրայել ազգին ուղղված Եհովայի խոսքերն արդեն վերաբերվում էին Աստծո հոգևոր Իսրայելին։ Աստծո հոգևոր նոր ժողովուրդն այժմ ‘ընտիր ազգ էր, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ’՝ նշանակված ‘նորա [Եհովայի] առաքինութիւնները քարոզելու’ (Ա Պետրոս 2։9, ԱԹ)։ Աստծո Իսրայելի թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ընդհանուր քահանայություն են կազմում (Գաղատացիս 3։28, 29)։ Աբրահամի սերնդի այս երկրորդական մասն այժմ գոչում է. «Ազգե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ» (Երկրորդ Օրինաց 32։43, ԷԹ)։ Հոգևոր Իսրայելից դեռևս երկրի վրա գտնվող անհատները «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» դասակարգն են կազմում (Մատթէոս 24։45—47)։ Միայն նրանց հետ համագործակցելու շնորհիվ կարելի է Աստծուն ընդունելի մաքուր ծառայություն մատուցել։
Աստծո Թագավորությունը մարգարեության եզրափակումն է
17. Ի՞նչ ծնունդ են ստանում նոր ուխտի մասնակիցները։
17 Մ.թ.ա. 1513 թ–ից սկսած՝ իսրայելացին Օրենքի ուխտի տակ է գտնվում իր ծնված օրից։ Նրանց մասին, որոնց Եհովան վերցնում է նոր ուխտի մեջ, կարելի ասել, որ նույնպես ծնունդ են ստանում՝ ծնունդ հոգևոր առումով։ Հիսուսն այդ մասին նշեց փարիսեցի Նիկոդեմոսի հետ զրուցելիս. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել» (Յովհաննէս 3։3)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը հավաքված հարյուր քսան աշակերտներն առաջին անկատար մարդկանցից էին, որոնք ստացան այդ նոր ծնունդը։ Նոր ուխտի ներքո արդար հայտարարված՝ նրանք սուրբ հոգի ստացան՝ որպես իրենց արքայական «ժառանգութեան առհաւատչեա» (Եփեսացիս 1։14)։ Նրանք ‘ծնվեցին հոգուց’ Աստծո որդեգիր որդիները դառնալու համար, ինչի շնորհիվ և Հիսուսի եղբայրները դարձան, ուստի նաև՝ «ժառանգակիցները Քրիստոսի» (Յովհաննէս 3։6; Հռովմայեցիս 8։16, 17)։ Նրանց «վերստին ծնուելը» հրաշալի հեռանկարների ճանապարհ բացեց։
18. Նոր ուխտի մասնակիցների համար ինչպիսի՞ հրաշալի հեռանկարներ են բացվում վերստին ծնվելու դեպքում։
18 Նոր ուխտը կապելիս՝ Հիսուսը նաև լրացուցիչ ուխտ կապեց իր հետևորդների հետ՝ ասելով. «Ես ուխտում եմ ձեզ հետ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» (Ղուկաս 22։29, ԱԹ)։ Թագավորության ուխտը ճանապարհ պատրաստեց Դանիէլ 7։13, 14, 22, 27 խոսքերում նկարագրված հրաշք–տեսիլքի կատարման համար։ Դանիելը տեսավ «մարդի որդիի նման» մեկին, որը թագավորության իշխանություն ստացավ «Հինաւուրցից»՝ Եհովա Աստծուց։ Ապա Դանիելը տեսավ, որ ‘սուրբերը առան թագաւորութիւնը’։ «Մարդի որդիի նման» մեկը Հիսուսն է, որը 1914–ին Եհովա Աստծուց ստացավ երկնային Թագավորությունը։ Հոգով օծված իր աշակերտները «սրբերն» են, որոնց հետ նա կիսում է իր թագը (Ա Թեսաղոնիկեցիս 2։12)։ Ինչպե՞ս։
19, 20. ա) Ինչպիսի՞ փառահեղ կատարում կունենա Աբրահամին տված Եհովայի խոստումը նոր ուխտի մասնակիցների համար։ բ) Հետագա ի՞նչ հարցեր ենք պատրաստվում քննարկել։
19 Այս օծյալները Հիսուսի նման իրենց մահից հետո հարություն են առնում որպես անմահ հոգևոր արարածներ՝ երկնքում նրա հետ թագավորներ և քահանաներ լինելու (Ա Կորնթացիս 15։50—53; Յայտնութիւն 20։4, 6)։ Ի՜նչ փառահեղ հույս։ Նրանք պիտի «թագաւորեն երկրի վրայ», ոչ թե միայն Քանանի հողերի։ (Յայտնութիւն 5։10)։ Արդյո՞ք նրանք ‘կժառանգեն իրենց թշնամիների դուռը’ (Ծննդոց 22։17)։ Անշո՛ւշտ, և այն էլ վճռականորեն, երբ վկայություն կտան անբարյացակամ կրոնական պոռնիկի՝ Մեծն Բաբելոնի կործանման մասին, և երբ հարություն առած օծյալները Հիսուսի հետ միասին ազգերին ‘կհովուեն երկաթէ գաւազանով’ ու կխորտակեն Սատանային։ Այդպիսով նրանք մասնակցություն կունենան Ծննդոց 3։15–ի մարգարեության վերջնական մասի կատարման մեջ (Յայտնութիւն 2։26, 27; 17։14; 18։20, 21; Հռովմայեցիս 16։20)։
20 Թերևս մտածենք՝ մի՞թե միայն այդ 144 000 հավատարիմ անձինք են ընդգրկված Աբրահամի հետ կապած ուխտի և նոր ուխտի մեջ։ Ո՛չ. ինչպես դեռ կտեսնենք հաջորդ հոդվածում, ուրիշներն էլ կան, որոնք անմիջականորեն չեն գտնվում այս ուխտի մեջ, սակայն օրհնություն կվայելեն հենց նրանց միջոցով։
[ծանոթագրություն]
a Տեսե՛ք «Գրությունների ըմբռնում», հ. 1–ին, էջ 470, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Հիշո՞ւմ ես
◻ Ե՞րբ առաջին անգամ գործի դրվեց նոր ուխտը
◻ Ի՞նչ ամբողջացվեց հին ուխտի միջոցով
◻ Ո՞վ է Աբրահամի գլխավոր Սերունդը, և ազգերն ի՞նչ հերթականությամբ են այդ Սերնդի միջոցով օրհնվել
◻ Ո՞րն է աբրահամական ուխտի, ինչպես նաև նոր ուխտի վերջնական կատարումը 144 000–ի համար
[նկար 23–րդ էջի վրա]
Նոր ուխտի տակ գտնվողների համար մեղքերի թողությունը ավելի խորը իմաստ է կրում, քան՝ հին ուխտի տակ եղած անհատների