ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՌԵԲԵԿԱ
«Կգնա՛մ»
ՌԵԲԵԿԱՆ լուռ հիանում էր լեռնային բնաշխարհով։ Արդեն իջնում էր երեկոն, ու ստվերները հետզհետե երկարում էին։ Մի քանի շաբաթ ուղտով ճամփորդելուց հետո Ռեբեկան վերջապես սկսել էր հարմարվել այդ կենդանու օրորուն քայլքին։ Նա հետևում էր թողել իր հայրենի բնակավայրը՝ Խառանը, որն արդեն շատ հեռու էր՝ հարյուրավոր կիլոմետրեր դեպի հյուսիս-արևելք։ Նա գուցե էլ երբեք չտեսներ իր ընտանիքին։ Անկասկած, նրա մտքում պտտվում էին բազում հարցեր իր ապագայի մասին, հատկապես հիմա, երբ իրենց ճամփորդությունը մոտենում էր ավարտին։
Քարավանը կտրել-անցել էր Քանանի գրեթե ողջ տարածքը, և այժմ այն անցնում էր Նեգևի անհյուրընկալ տեղանքով, որտեղ, հավանաբար, կարելի էր տեսնել արածող ոչխարներ (Ծննդոց 24։62)։ Այս երկիրը, ըստ երևույթին, անբնակ էր և անջրդի, ուստի հարմար չէր հողագործության համար, սակայն այդ ընդարձակ խոտածածկ տարածքները հիանալի արոտավայրեր էին կենդանիների համար։ Այս վայրերը հարազատ էին Ռեբեկայի տարեց ուղեկցին։ Վերջինս անհամբերությամբ սպասում էր, թե երբ է տեսնելու իր տիրոջը, որպեսզի հայտնի նրան լավ լուրը. Ռեբեկան դառնալու էր նրա կինը։ Մինչդեռ Ռեբեկան թերևս մտածում էր այն մասին, թե իրեն ինչ կյանք է սպասում այս երկրում։ Ինչպիսի՞ն էր իր փեսացուն՝ Իսահակը. չէ՞ որ նրանք երբեք չէին հանդիպել։ Արդյոք Իսահակը կհավանի՞ իրեն։ Իսկ ինքը կհավանի՞ Իսահակին։
Այսօր աշխարհի շատ երկրներում ծնողների պայմանավորվածությամբ ամուսնությունները գուցե տարօրինակ բան համարվեն։ Սակայն որոշ երկրներում այդպիսի ամուսնությունները ընդունված են։ Ինչպիսի երկրում էլ որ ապրելիս լինեք, թերևս կհամաձայնեք, որ Ռեբեկան, համաձայնելով այդպիսի ամուսնության, իրականում գնում էր դեպի անորոշություն։ Նա իսկապես խիզախ և ամուր հավատի տեր անձնավորություն էր։ Մենք էլ այս հատկությունների կարիքն ունենք, հատկապես այն ժամանակ, երբ մեր կյանքում փոփոխություններ են տեղի ունենում։ Ռեբեկան դրսևորել է նաև այլ գեղեցիկ ու արժեքավոր հատկություններ։
«ՔՈ ՈՒՂՏԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՋՈՒՐ ԿՀԱՆԵՄ»
Մինչ Ռեբեկայի կյանքում այդպիսի մեծ փոփոխություններ տեղի կունենային, նա ապրում էր իր սովորական առօրյայով։ Աղջիկը մեծացել էր Միջագետքի Խառան քաղաքում կամ դրա մոտակայքում։ Նրա ծնողները տարբերվում էին Խառանում ապրող շատ մարդկանցից։ Նրանք չէին երկրպագում լուսնի աստված Սինին։ Նրանց Աստվածը Եհովան էր (Ծննդոց 24։50)։
Ռեբեկան դարձել էր մի գեղանի օրիորդ։ Սակայն նա փափկասուն և սնապարծ գեղեցկուհի չէր, այլ աշխույժ, եռանդուն և անարատ մի աղջիկ էր։ Ռեբեկայի ծնողները բավականին ունևոր էին և նույնիսկ ծառաներ էին պահում, սակայն նրանք Ռեբեկային երես չէին տվել, ոչ էլ նրա հետ վարվում էին արքայադստեր պես։ Նրանք Ռեբեկային մանկուց սովորեցրել էին աշխատասեր լինել։ Այդ ժամանակներում ապրող շատ կանանց նման՝ Ռեբեկան անում էր ամենօրյա ծանր գործեր։ Նա ամեն երեկո սափորը ուսին գնում էր ջրհորից ջուր բերելու ողջ ընտանիքի համար (Ծննդոց 24։11, 15, 16)։
Մի երեկո, երբ Ռեբեկան լցրել էր իր սափորը ջրով, մի տարեց մարդ մոտեցավ նրան։ Այդ մարդն ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»։ Դա համեստ և շատ սիրալիր կերպով ասված խնդրանք էր։ Ռեբեկան հավանաբար հասկացավ, որ այդ մարդը երկար ճանապարհ է անցել։ Ուստի անմիջապես ուսից իջեցրեց սափորը և խմելու ջուր տվեց, սակայն ոչ թե պարզապես մի կում, այլ այնքան, որ այդ մարդը թարմ սառը ջրով հագեցնի իր ծարավը։ Ռեբեկան տեսավ, որ ջրհորից ոչ հեռու նստած են տասը ուղտեր, իսկ գուռի՝ ջրավազանի մեջ դեռ ոչ ոք ջուր չէր լցրել, որ կենդանիները խմեն։ Նա ակներևաբար նկատել էր, որ այդ մարդը ջերմ ու բարի հայացքով հետևում է իրեն։ Ռեբեկան ցանկանում էր ամեն կերպ բարություն ու հյուրասիրություն դրսևորել նրա հանդեպ, ուստի ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև որ հագենան» (Ծննդոց 24։17–19)։
Ուշագրավ է, որ Ռեբեկան առաջարկեց ոչ թե պարզապես մի քիչ ջուր տալ ուղտերին, այլ այնքան, որ կենդանիները հագենան։ Մեկ ուղտը, եթե շատ ծարավ է, կարող է խմել ավելի քան 95 լիտր ջուր։ Եթե բոլոր տասը ուղտերն էլ շատ ծարավ լինեին, դա կնշանակեր, որ Ռեբեկան պետք է ժամեր շարունակ տքնաջան աշխատեր, մինչև որ բոլոր ուղտերը հագեցնեին իրենց ծարավը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ուղտերը շատ ծարավ չէին։a Ռեբեկան ակներևաբար չգիտեր դա, երբ առաջարկեց ջուր տալ կենդանիներին։ Նա պատրաստ էր ամեն ջանք թափել այդ տարեց օտարականի հանդեպ հյուրասիրություն ցուցաբերելու համար։ Այդ մարդը համաձայնեց, որ Ռեբեկան իր ուղտերին ջուր տա։ Նա ուշադիր հետևում էր, թե ինչպես է աղջիկը կրկին ու կրկին վազում ջրհորի մոտ, սափորը ջրով լցնում և վերադառնալով դատարկում գուռի մեջ (Ծննդոց 24։20, 21)։
Ռեբեկան հրաշալի օրինակ է մեզ համար։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենուր տարածված է եսասիրությունը։ Ինչպես կանխագուշակվել էր, մարդիկ դարձել են «անձնասեր» ու չեն ցանկանում ջանք թափել ուրիշներին օգնելու համար (2 Տիմոթեոս 3։1–5)։ Քրիստոնյաները, ովքեր չեն ուզում ընկնել այդ եսասեր ոգու ազդեցության տակ, կարող են խորհել այդ երիտասարդ աղջկա օրինակի շուրջ, որը պատրաստ էր ամեն ջանք թափել դիմացինին օգնելու համար։
Ռեբեկան անկասկած նկատել էր տարեց մարդու ուշադիր հայացքը և հասկանում էր, որ նա անպարկեշտ մղումներով չի նայում իրեն։ Աղջիկը նրա հայացքի մեջ տեսնում էր զարմանք, հիացմունք և ուրախություն։ Երբ Ռեբեկան վերջացրեց իր գործը, տարեց մարդը նրան նվերներ տվեց՝ թանկարժեք զարդեր, իսկ հետո հարցրեց նրան. «Ասա ինձ, խնդրեմ, դու ո՞ւմ աղջիկն ես։ Քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա՞»։ Երբ Ռեբեկան ասաց, թե ում աղջիկն է, տարեց մարդն ավելի ուրախացավ։ Ռեբեկան խանդավառությամբ ասաց. «Մենք հարդ ու շատ կեր ունենք, նաև գիշերելու տեղ»։ Դա իսկապես առատաձեռնության և հյուրասիրության դրսևորում էր աղջկա կողմից, քանի որ այդ օտարականը մենակ չէր ճամփորդում, նրա հետ այլ մարդիկ էլ կային։ Այնուհետև Ռեբեկան այդ մարդուց առաջ վազեց տուն և իր մորը պատմեց այն ամենը, ինչ եղել էր (Ծննդոց 24։22–28, 32)։
Հստակ է, որ Ռեբեկային սովորեցրել էին լինել հյուրասեր։ Դա մի արժեքավոր հատկություն է, որն այսօր գնալով հազվագյուտ է դառնում։ Ինչ խոսք, արժե որ ընդօրինակենք Ռեբեկայի այդ հատկությունը։ Աստծու հանդեպ հավատը պետք է մղի մեզ լինելու հյուրասեր։ Եհովան ինքն էլ հյուրասեր է. նա առատաձեռնություն է դրսևորում բոլոր մարդկանց հանդեպ և ցանկանում է, որ իրեն երկրպագողներն էլ նույն կերպ վարվեն։ Երբ հյուրասիրություն ենք դրսևորում մարդկանց հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր չեն կարող մեզ փոխհատուցել, ուրախացնում ենք մեր երկնային հոր սիրտը (Մատթեոս 5։44–46; 1 Պետրոս 4։9)։
«ԿԻՆ ԱՌ ՈՐԴՈՒՍ ՀԱՄԱՐ»
Ո՞վ էր այդ մարդը, որին Ռեբեկան հանդիպեց ջրհորի մոտ։ Նա Ռեբեկայի պապիկի եղբոր՝ Աբրահամի ծառան էր։ Ուստի նրան ջերմորեն ընդունեցին Ռեբեկայի հոր՝ Բաթուելի տանը։ Այս ծառայի անունը, հավանաբար, Եղիեզեր էր։b Տանտերերը նրա առաջ սեղան գցեցին, բայց նա հրաժարվեց հաց ուտելուց, մինչև չհայտնի իր գալու նպատակը (Ծննդոց 24։31–33)։ Ակներևաբար, նա մեծ ոգևորությամբ էր խոսում, քանի որ քիչ առաջ հստակ ապացույցներ էր տեսել, որ իր Աստվածը՝ Եհովան, օրհնում է իրեն իր ստացած կարևոր հանձնարարությունը կատարելու գործում։ Ինչպե՞ս էր Աստված օրհնել նրան։
Կարելի է պատկերացնել, թե ինչպես էին Ռեբեկայի հայրը՝ Բաթուելը, և նրա եղբայրը՝ Լաբանը, համակ ուշադրությամբ լսում Եղիեզերի պատմությունը։ Եղիեզերը պատմեց նրանց, որ Եհովան առատորեն օրհնել է Աբրահամին Քանանում, և որ Աբրահամն ու Սառան Իսահակ անունով մի որդի ունեն, որը ժառանգելու է իր հոր ողջ ունեցվածքը։ Աբրահամը այս ծառային մի շատ կարևոր հանձնարարություն էր տվել. նա պետք է Իսահակի համար կին գտներ Աբրահամի ազգականների միջից, որոնք ապրում էին Խառանում (Ծննդոց 24։34–38)։
Աբրահամը Եղիեզերին երդվել էր տվել, որ նա Իսահակի համար կին չընտրի քանանացիների միջից։ Ինչո՞ւ։ Քանի որ քանանացիները ո՛չ հարգում էին, ո՛չ էլ երկրպագում Եհովա Աստծուն։ Աբրահամը գիտեր, որ Եհովան իր նշանակած ժամանակին պատժելու էր այդ ժողովրդին նրա չարագործությունների համար։ Նա չէր ուզում, որ իր սիրելի որդին՝ Իսահակը, ինչ-որ առնչություն ունենա այդ ժողովրդի և նրա անբարո ապրելակերպի հետ։ Նա նաև գիտեր, որ իր որդին կարևոր դեր է ունենալու Աստծու խոստումների կատարման մեջ (Ծննդոց 15։16; 17։19; 24։2–4)։
Այնուհետև Եղիեզերը պատմում է, որ երբ ինքը հասավ Խառանի մոտակայքում գտնվող ջրհորի մոտ, աղոթեց Եհովա Աստծուն։ Նրա խնդրանքը, ըստ էության, այն էր, որ Եհովան ընտրի Իսահակի ապագա կնոջը։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Եղիեզերը իր աղոթքում Աստծուն խնդրել էր, որ նա ցույց տա, թե ով է լինելու Իսահակի կինը. այդ աղջիկը պետք է գար ջրհորի մոտ, և երբ Եղիեզերը խմելու ջուր խնդրեր նրանից, ջուր կտար ոչ միայն նրան, այլ նաև ուղտերին (Ծննդոց 24։12–14)։ Ո՞վ եկավ և արեց ճիշտ այնպես, ինչպես իր աղոթքում խնդրել էր Եղիեզերը. Ռեբեկան։ Եթե Ռեբեկան լսում էր այդ ամբողջ պատմությունը, կարելի է պատկերացնել, թե ինչ էր նա զգում։
Բաթուելն ու Լաբանը շատ տպավորվեցին՝ լսելով Եղիեզերի պատմությունը։ Նրանք ասացին. «Այս բանը Եհովայից է»։ Եվ ինչպես այն ժամանակ ընդունված էր, նրանք ամուսնության համաձայնություն կնքեցին՝ նշանելով Ռեբեկային Իսահակի հետ (Ծննդոց 24։50–54)։ Սակայն արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ Ռեբեկայի համար արդեն ամեն ինչ որոշված էր և նա այլևս ոչ մի կերպ չէր կարող ազդել այդ որոշման վրա։
Մի քանի շաբաթ առաջ Եղիեզերը հենց դրա մասին էր խոսել Աբրահամի հետ։ Նա հարցրել էր. «Իսկ եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գա՞լ»։ Աբրահամն ասել էր նրան. «Ինձ տված երդման պարտավորությունից ազատված կլինես» (Ծննդոց 24։39, 41)։ Բաթուելի ընտանիքում նույնպես կարևոր էր երիտասարդ աղջկա կարծիքը։ Եղիեզերը, գործի հաջող ընթացքից ուրախացած ու ոգևորված, հենց հաջորդ առավոտ հարցրեց տանտերերին, թե արդյոք կարող է Ռեբեկայի հետ անմիջապես գնալ Քանան։ Սակայն Ռեբեկայի ընտանիքը ուզում էր, որ աղջիկը տասը օր էլ մնա։ Վերջապես նրանք որոշեցին հետևյալ կերպ լուծել հարցը։ Նրանք ասացին. «Եկեք կանչենք օրիորդին ու նրան հարցնենք» (Ծննդոց 24։57)։
Աղջիկը կանգնած էր մի շատ կարևոր որոշման առաջ։ Ի՞նչ կաներ նա։ Արդյոք կխնդրե՞ր իր հորն ու եղբորը, որ չգնա այդ անծանոթ երկիրը, որտեղ իրեն չգիտես՝ ինչ էր սպասում։ Թե՞ առանձնաշնորհում կհամարեր Եհովայի առաջնորդությամբ կատարվող այդ դեպքերի մեջ դեր ունենալը։ Նրա պատասխանը ցույց տվեց, թե ինչպես էր նա վերաբերվում այդ անակնկալ և գուցե փոքր-ինչ երկյուղալի փոփոխություններին, որ պետք է տեղի ունենային իր կյանքում։ Նա հստակ ասաց. «Կգնա՛մ» (Ծննդոց 24։58)։
Ի՜նչ հիանալի ոգի ուներ Ռեբեկան։ Այսօր ամուսնության հետ կապված մեր սովորությունները գուցե շատ են տարբերվում այդ սովորություններից, սակայն մենք շատ բան կարող ենք սովորել Ռեբեկայի օրինակից։ Նրա համար ամենակարևորը ոչ թե իր անձնական նախընտրությունն էր, այլ իր Աստծու՝ Եհովայի կամքը։ Այսօր էլ Աստված իր Խոսքի միջոցով լավագույն առաջնորդությունն է տալիս ամուսնության վերաբերյալ, օրինակ՝ այնպիսի հարցերի վերաբերյալ, թե ինչպիսի կողակից ընտրել և ինչպես լինել լավ ամուսին կամ կին (2 Կորնթացիներ 6։14, 15; Եփեսացիներ 5։28–33)։ Ճիշտ վարված կլինենք, եթե հետևենք Ռեբեկայի օրինակին և ձգտենք ամեն ինչ անել Աստծու կամքին ներդաշնակ։
«Ո՞Վ Է ԱՅՆ ՄԱՐԴԸ»
Բաթուելը և ընտանիքի մյուս անդամները օրհնեցին իրենց սիրելի Ռեբեկային։ Այնուհետև Ռեբեկան, նրա դայակը՝ Դեբորան, և մի քանի աղախիններ Եղիեզերի ու նրա մարդկանց հետ ճանապարհ ընկան (Ծննդոց 24։59–61; 35։8)։ Շուտով Խառանը մնաց հեռվում։ Ճանապարհը երկար էր՝ մոտ 800 կիլոմետր, և ողջ ուղևորությունը հավանաբար տևեց երեք շաբաթ։ Ճամփորդությունը ակներևաբար այդքան էլ հեշտ չէր և կապված էր որոշ անհարմարությունների հետ։ Ճիշտ է, Ռեբեկան իր կյանքում ուղտեր շատ էր տեսել, բայց հիմք չկա ենթադրելու, թե նա փորձ ուներ ուղտ հեծնելու հարցում։ Աստվածաշնչում Ռեբեկայի ընտանիքի մասին ասվում է, որ նրանք ոչխարներ էին պահում. նրանք առևտրականներ չէին, որոնք ճամփորդում են ուղտերի քարավաններով (Ծննդոց 29։10)։ Սովորաբար առաջին անգամ ուղտ հեծած մարդիկ դժգոհում են անհարմարությունից, անգամ եթե շատ կարճ ճանապարհ են անցնում։
Չնայած այդ հանգամանքներին՝ Ռեբեկան համբերատարորեն շարունակում էր ճանապարհը և անկասկած փորձում էր Եղիեզերից հնարավորինս շատ բան իմանալ Իսահակի ու նրա ընտանիքի մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էր այդ տարեց մարդը երեկոյան խարույկի մոտ պատմում այն խոստման մասին, որ Եհովան տվել էր Աբրահամին, որին իր ընկերն էր համարում։ Աստված խոստացել էր, որ Աբրահամի շառավղից սերելու էր մեկը, ով օրհնություններ էր բերելու ողջ մարդկությանը։ Հավանաբար, Ռեբեկան ակնածանքով էր լցվել՝ հասկանալով, որ Եհովայի խոստումը իրականանալու էր իր ապագա ամուսնու՝ Իսահակի, հետևաբար նաև իր միջոցով (Ծննդոց 22։15–18)։
Վերջապես եկավ այն օրը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Արդեն իջել էր իրիկնային մթնշաղը։ Քարավանն անցնում էր Նեգևով։ Այդ ժամանակ Ռեբեկան տեսավ մի մարդու, որը քայլում էր դաշտում։ Երևում էր, որ այդ մարդը խորասուզված է մտքերի մեջ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Ռեբեկան «իջավ ուղտի վրայից»։ Նա հավանաբար նույնիսկ չսպասեց, որ ուղտը ծնկի գա և արագ իջնելով՝ հարցրեց տարեց մարդուն. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում քայլելով մեզ ընդառաջ է գալիս»։ Երբ նա իմացավ, որ դա Իսահակն է, գլխաշորով ծածկեց գլուխը (Ծննդոց 24։62–65)։ Ինչո՞ւ։ Ակներևաբար, դրանով նա ցանկացավ իր հարգանքը ցույց տալ իր ապագա ամուսնու հանդեպ։ Այդպիսի հարգանքն ու հնազանդությունը այսօր ոմանք կարող են հնացած համարել։ Սակայն իրականում և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար Ռեբեկայի խոնարհության օրինակը շատ ուսանելի է, քանի որ բոլորն էլ կարիք ունեն ավելի շատ զարգացնելու այս գեղեցիկ հատկությունները։
Իսահակը, որը մոտ 40 տարեկան էր, դեռ սգում էր իր մոր՝ Սառայի կորուստը, որը մահացել էր երեք տարի առաջ։ Դրանից կարելի է եզրակացնել, որ Իսահակը ջերմ անձնավորություն էր։ Ինչպիսի՜ օրհնություն կլիներ այսպիսի տղամարդու համար աշխատասեր, խոնարհ և հյուրասեր կին ունենալը։ Ի՞նչ փոխհարաբերություններ հաստատվեցին Իսահակի ու Ռեբեկայի միջև։ Աստվածաշունչը ասում է. «Իսահակը սիրեց նրան» (Ծննդոց 24։67; 26։8)։
Այսօր, թեև արդեն մոտ 39 դար է անցել, մենք շարունակում ենք հիանալ Ռեբեկայի չքնաղ հատկություններով։ Իսկապես, ո՞վ չի հիանա նրա քաջությամբ, աշխատասիրությամբ, հյուրասիրությամբ և խոնարհությամբ։ Բոլորս էլ՝ լինենք երիտասարդ, թե տարեց, տղամարդ, թե կին, ամուսնացած, թե ամուրի, կարող ենք ընդօրինակել նրա հավատը և գեղեցիկ հատկությունները։
a Այդ ժամանակ արդեն երեկո էր։ Աստվածաշնչի արձանագրության մեջ չի նշվում, թե Ռեբեկան ժամերով մնացել է ջրհորի մոտ։ Ոչ էլ ակնարկ կա այն մասին, թե նրա ընտանիքը արդեն քնած էր, երբ նա, վերջացնելով իր գործը, վերադարձավ տուն, կամ թե ինչ-որ մեկը եկավ նրա հետևից՝ պարզելու համար, թե ինչու է ուշանում։
b Այս արձանագրության մեջ չի նշվում Եղիեզերի անունը, սակայն, ակներևաբար, այս պատմության մեջ հիշատակվող ծառան հենց նա էր։ Մի անգամ Աբրահամը ասաց, որ իր ողջ ունեցվածքը կտակելու է Եղիեզերին, եթե ինքը ժառանգ չունենա։ Ուստի, անկասկած, Եղիեզերը Աբրահամի ծառաներից տարիքով ամենամեծը և ամենավստահելին էր։ Այս պատմության մեջ հիշատակվող ծառան հենց այդպես է նկարագրվում (Ծննդոց 15։2; 24։2–4)։