Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ իսկապե՞ս այդքան երկար են ապրել
ԺԱՆ ԼՈՒԻԶ ԿԱԼՄԱՆԸ մահացավ 1997թ. օգոստոսի 4-ին իր ծննդավայրում՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող մի քաղաքում։ Նա 122 տարեկան էր։
Գիտության, բժշկության և մյուս բնագավառների զարգացումը նպաստել է այն բանին, որ մարդիկ ավելի երկար են ապրում։ Չնայած դրան՝ քչերին է հաջողվում հատել հարյուրամյակի սահմանագիծը։ Դա է պատճառը, որ երկարակյաց մարդկանց մասին լսում ենք նորություններով։
Աստվածաշունչն ասում է, որ հնում մարդիկ շատ ավելի երկար են ապրել, որոշ դեպքերում՝ նույնիսկ մոտ հազար տարի։ Արդյո՞ք դա ճիշտ է, արդյո՞ք Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ այդքան երկար են ապրել։ Ինչո՞ւ պետք է այս թեման հետաքրքրի մեզ այսօր։
Մարդիկ, որոնք շատ երկար են ապրել
Աստվածաշնչի Ծննդոց գրքում խոսվում է յոթ մարդկանց մասին, ովքեր ապրել են 900 տարուց ավել։ Նրանք ծնվել են Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ։ Այդ մարդիկ են Ադամը, Սեթը, Ենոսը, Կենանը, Հարեդը, Մաթուսաղան և Նոյը (Ծննդոց 5։5–27; 9։29)։ Շատերին անծանոթ են այս մարդկանց անունները, բայց նրանք եղել են մարդկային ընտանիքի առաջին տասը սերնդի անդամներից։ Մաթուսաղան բոլորից երկարակյացն է եղել. նա ապրել է 969 տարի։
Աստվածաշնչում նշված է նաև առնվազն 25 հոգու մասին, որոնք նույնպես ավելի երկար են ապրել, քան այսօրվա մարդիկ։ Նրանցից ոմանք ապրել են 300, 400 և նույնիսկ 700 ու ավելի տարիներ (Ծննդոց 5։28–31; 11։10–25)։ Սակայն շատերը այս մարդկանց մասին Աստվածաշնչի արձանագրությունները առասպել են համարում։ Բայց մի՞թե դա այդպես է։
Առասպե՞լ, թե՞ իրական փաստեր
Մաքս Փլանկի ինստիտուտի դեմոգրաֆիկ (ժողովրդագրական) ուսումնասիրության վերաբերյալ հրատարակած մի փաստաթղթի համաձայն՝ հետազոտողները հաստատել են մադամ Կալմանի տարիքը՝ հիմնվելով որոշ «պարզ և ստույգ տեղեկությունների վրա», որոնք վերաբերում էին նրան ու նրա ազգականներին։ Այդ տեղեկությունները տալիս Կալմանը նշել է որոշ իրադարձությունների մասին, որ տեղի են ունեցել տվյալ ժամանակամիջոցում։ Նրա խոսքերը համեմատել են քաղաքացիական, նոտարական և եկեղեցական արխիվներում պահվող արձանագրությունների, ինչպես նաև թերթերում տպված հոդվածների ու մարդահամարի տվյալների հետ։ Հետաքրքիր է, որ չնայած հնարավոր չէ մանրամասնորեն ստուգել ու հաստատել յուրաքանչյուր տեղեկություն, սակայն եղած ուղղակի և անուղղակի փաստերը հնարավորություն են տալիս հաստատելու, որ Ժան Լուիզ Կալմանը այդքան երկար է ապրել։
Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստվածաշնչի արձանագրությունների մասին։ Փաստեր կա՞ն, որ դրանք վստահելի են։ Անշո՛ւշտ։ Թեև ոչ բոլոր տեղեկությունների մանրամասնությունների ճշգրտությունը կարելի է հաստատել աշխարհիկ աղբյուրների միջոցով, սակայն փաստերը ցույց են տալիս, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, համապատասխանում է իրականությանը և՛ պատմական, և՛ գիտական, և՛ ժամանակագրական տեսանկյուններիցa։ Դա չպետք է զարմացնի մեզ, քանի որ հենց Աստվածաշնչում է գրված. «Աստված ճշմարտությունն է խոսում, երբ նույնիսկ բոլորը ստում են» (Հռոմեացիներ 3։4, Contemporary English Version)։ Այո՛, քանի որ Աստվածաշունչը «ներշնչված է Աստծուց», այն չի կարող պարունակել ոչ ճշգրիտ տեղեկություններ (2 Տիմոթեոս 3։16)։
Մովսեսը, որը Եհովա Աստծու կողմից առաջնորդվելով գրեց Հնգամատյանը, կամ՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, պետք է դասվի մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ և հարգված մարդկանց շարքին։ Հրեաները նրան համարում են ամենամեծ ուսուցիչը։ Մուսուլմանները նրան ընդունում են որպես իրենց մեծ մարգարեներից մեկը։ Իսկ քրիստոնյաների համար նա Հիսուս Քրիստոսի նախակարապետն էր։ Ուրեմն մի՞թե տրամաբանական չէ եզրակացնել, որ այս հանրահայտ պատմական անձնավորության գրած տեղեկությունները ճշգրիտ են ու վստահելի։
Արդյո՞ք ժամանակը այլ կերպով են հաշվել
Ոմանք պնդում են, որ հնում ժամանակը այլ կերպով են հաշվել և որ ամիսն են տարի անվանել։ Սակայն «Ծննդոց» գրքի ուսումնասիրությունը ոչ մի կասկածի տեղ չի թողնում, որ մարդիկ հնում ժամանակն ընկալել են այնպես, ինչպես մենք այսօր։ Քննենք երկու օրինակ։ Առաջին՝ Ջրհեղեղի մասին արձանագրության մեջ կարդում ենք, որ Ջրհեղեղը սկսվեց «Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարվա երկրորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը»։ Այնուհետև նշվում է, որ երկիրը 150 օր մնաց ջրի տակ, որից հետո «յոթերորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատի լեռների վրա» (Ծննդոց 7։11, 24; 8։4)։ Ուստի հինգ ամիսները՝ երկրորդ ամսի 17-ից մինչև յոթերորդ ամսի 17-ը, տևեցին 150 օր։ Պարզ է ուրեմն, որ այն պնդումը, թե ամիսը կոչվել է տարի, հիմնավոր չէ։
Քննենք երկրորդ օրինակը։ Ծննդոց 5։15–18 համարների համաձայն՝ Մաղաղիելը որդի ունեցավ, երբ 65 տարեկան էր, որից հետո ապրեց 830 տարի և մահացավ 895 տարեկանում։ Նրա թոռ Ենոքը նույնպես որդի ունեցավ 65 տարեկանում (Ծննդոց 5։21)։ Եթե մեկ տարին իսկապես մեկ ամիս լիներ, ուրեմն այս մարդիկ երեխա են ունեցել 5 տարեկանում։ Մի՞թե դա տրամաբանական է։
Հնագիտությունը նույնպես փաստում է, որ երկարակյաց մարդկանց մասին Աստվածաշնչում գրված տեղեկությունները ճշգրիտ են։ Աբրահամ նահապետի մասին Աստծու Խոսքն ասում է, որ նա ապրել է Ուր քաղաքում, հետո տեղափոխվել է Խառան, այնուհետև ապրել է Քանանի տարածքում։ Գրված է նաև այն մասին, որ նա կռվել է Էլամի թագավոր Քոդողագոմորի դեմ և հաղթել է նրան (Ծննդոց 11։31; 12։5; 14։13–17)։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այս տարածքները և այս մարդիկ իսկապես գոյություն են ունեցել։ Հայտնաբերված փաստերը նաև օգնել են լուսաբանելու այն երկրների առանձնահատկությունները և ժողովուրդների սովորությունները, որոնց մասին նշվում է Աբրահամին առնչվող տեղեկությունների մեջ։ Ուստի քանի որ Աբրահամի մասին Աստվածաշնչի այս արձանագրությունները ճշգրիտ են, ինչո՞ւ պետք է կասկածի տակ դնենք այն տեղեկությունը, համաձայն որի նա ապրել է 175 տարի (Ծննդոց 25։7)։
Ակնհայտ է ուրեմն, որ ոչ մի հիմք չունենք թերահավատորեն վերաբերվելու Աստվածաշնչի այն արձանագրություններին, որոնց համաձայն հնում ապրել են մարդիկ, որոնք շատ երկարակյաց են եղել։ Բայց գուցե մտածես. «Ինչո՞ւ ինձ պետք է հետաքրքրի նախկինում ապրած մարդկանց կյանքի տևողությունը»։
Դու կարող ես ապրել ավելի՛ երկար, քան կարծում ես
Ջրհեղեղից առաջ ապրած մարդկանց զարմանալի երկարակեցությունը ցույց է տալիս, որ մարդու մարմինը երկար ապրելու բավականին մեծ ներուժ ունի։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գիտնականներին ավելի մանրամասնորեն ուսումնասիրելու մարդու մարմինը և նրա զարմանահրաշ կառուցվածքը, այդ թվում նաև վերարտադրվելու և վերականգնվելու նրա ապշեցուցիչ կարողությունը։ Ի՞նչ եզրահանգման են նրանք եկել։ Այն կարող է ապրել անվերջ։ Բժշկական գիտությունների պրոֆեսոր Թոմ Կիրկվուդը ասում է. «[Ծերանալու] պրոցեսը բժշկության մեջ ամենամեծ առեղծվածներից մեկն է»։
Եհովա Աստծու համար, սակայն, ծերանալու պրոցեսը ո՛չ առեղծված է և ո՛չ էլ անլուծելի խնդիր։ Նա առաջին մարդուն՝ Ադամին, կատարյալ ստեղծեց, այնպես որ նա, ինչպես նաև նրա ժառանգները պետք է ապրեին հավիտյան։ Ցավոք, Ադամը երես թեքեց Եհովայից։ Նա մեղք գործեց ու դարձավ անկատար։ Սա է այն բացատրությունը, որ փորձում են գտնել գիտնականները. «Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմեացիներ 5։12)։ Մեղքի և անկատարության պատճառով է, որ մենք հիվանդանում, ծերանում և մահանում ենք։
Սակայն մեր սիրառատ Ստեղծչի նպատակը երբեք չի փոխվել։ Որպես ապացույց նա մեզ համար տվել է իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի կյանքը, ինչը կատարյալ և հավիտենական կյանքի դուռ է բացել մեր առաջ։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթացիներ 15։22)։ Ջրհեղեղից առաջ ապրող մարդիկ ավելի մոտ են եղել կատարելությանը ու այդ պատճառով շատ ավելի երկար են ապրել, քան այսօր մենք։ Բայց հիմա մենք ավելի մոտ ենք այն ժամանակին, երբ Աստծու խոստումը կիրականանա։ Շուտով մեղքի ու անկատարության բոլոր հետքերը կջնջվեն, և մարդիկ այլևս չեն ծերանա ու մահանա (Եսայիա 33։24; Տիտոս 1։2)։
Ինչպե՞ս կարող ես դու էլ այդպիսի օրհնություններ վայելել։ Մի՛ կարծիր, թե Աստծու խոստումը պարզապես երազանք է։ Հիսուսն ինքն ասաց. «Ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի» (Հովհաննես 5։24)։ Ուստի ուսումնասիրիր այն, ինչ գրված է Աստվածաշնչում, և հետևիր նրա խոսքերին։ Եթե այդպես վարվես, դու կընդօրինակես այն մարդկանց, որոնց մասին Պողոս առաքյալը գրեց, որ «գանձեր են կուտակում իրենց համար, այսինքն՝ լավ հիմք ապագայի համար, որպեսզի ամուր կառչեն իսկական կյանքից» (1 Տիմոթեոս 6։19)։ Վստահ եղիր՝ Աստված, որը երկար տարիների կյանք էր տվել այն մարդկանց, որոնց մասին նշված է Աստվածաշնչում, կարող է հավիտենական կյանք շնորհել քեզ։
[ծանոթագրություն]
a Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Աստվածաշունչը Աստծո՞ւ Խոսքն է, թե՞ մարդկանց» գիրքը (ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[գծապատկեր 12–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
1000*
969* ՄԱԹՈՒՍԱՂԱ
950* ՆՈՅ
930* ԱԴԱՄ
900*
800*
700*
600*
500*
400*
300*
200*
100* ՄԱՐԴՆ ԱՅՍՕՐ
*ՏԱՐԻՆԵՐ