Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ
ՀԱԿՈԲԻ կյանքը լի է եղել պայքարով ու դժբախտություններով։ Իր երկվորյակ եղբոր սարսափելի բարկությունից վախեցած՝ նա ստիպված էր փախչել, որպեսզի փրկեր իր կյանքը։ Իր սիրած աղջկա փոխարեն՝ նրան խորամանկությամբ կին տվեցին ուրիշ աղջկա։ Ի վերջո նա չորս կին ունեցավ և ստիպված եղավ հաղթահարել դրա հետ կապված բազում դժվարություններ (Ծննդոց 30։1–13)։ 20 տարի նա ծառայեց մի մարդու, որն իրեն շահագործում էր։ Նա գոտեմարտի բռնվեց հրեշտակի հետ, որից հետո մշտապես կրում էր դրա հետևանքով ստացած մարմնական վնասվածքը։ Նրա աղջիկը բռնաբարության ենթարկվեց, որդիները արյունահեղություն կազմակերպեցին, նա նաև սգաց իր սիրելի որդու կորուստը և կնոջ ողբերգական մահը։ Երբ մեծ տարիքում ստիպված եղավ երկրից երկիր ճանապարհ գնալ՝ սովից փրկվելու, նա խոստովանեց, որ իր կյանքի օրերը «քիչ եւ ցաւով եղան» (Ծննդոց 47։9)։ Չնայած այդ ամենին՝ Հակոբը մնաց հոգևոր անձնավորություն և չկորցրեց Աստծո հանդեպ իր վստահությունը։ Արդյո՞ք նա զուր տեղն էր հավատում։ Քննենք Հակոբի կյանքում տեղի ունեցած ընդամենը մի քանի դեպքեր ու տեսնենք, թե ինչ կարելի է սովորել նրա օրինակից։
Եղբորից չափազանց տարբեր
Եղբայրների միջև եղած հակասությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հակոբը գնահատանք ուներ հոգևոր արժեքների հանդեպ, մինչդեռ Եսավը՝ արհամարհանք։ Հակոբին հետաքրքրում էր ուխտի խոստմունքը, որ ժամանակին տրվել էր Աբրահամին, և նա իր ուժերը նվիրաբերեց՝ հոգ տանելու այն ընտանիքին, որի անդամներին Աստված նախորոշել էր որպես ժառանգորդների։ Ահա թե ինչու Եհովան Հակոբին էր ‘սիրել’։ Նրա մասին ասված «համեստ [«անարատ», ՆԱ] մարդ էր» խոսքերով ցույց է տրվում նրա բարոյական առաքինությունը։ Ի հակադրություն նրա՝ Եսավին այնքան քիչ էր հետաքրքրում իր հոգևոր ժառանգությունը, որ չնչին գնով վաճառեց դա Հակոբին։ Ու երբ Աստծո հավանությամբ Հակոբը պահանջեց իր հասանելիքը ու ստացավ այն օրհնությունը, որը սկզբնապես պատկանել էր իր եղբորը, Եսավը նրա հանդեպ կատաղի բարկությամբ լցվեց։ Այդ ժամանակ Հակոբը ստիպված եղավ հրաժեշտ տալ այն ամենին, ինչ սիրելի էր իրեն, ու հեռանալ։ Բայց իհարկե այն, ինչ եղավ հետագայում, ցրեց նրա վհատության զգացումը (Մաղաքիա 1։2, 3; Ծննդոց 25։27–34; 27։1–45)։
Աստված Հակոբին երազի մեջ ցույց տվեց հրեշտակների, որոնք վերուվար էին անում երկրի ու երկնքի միջև վեր խոյացող սանդուղքի՝ աստիճանաձև շարված քարերի շեղջի վրայով, և հայտնեց, որ պաշտպանելու է Հակոբին ու նրա սերունդը. «Քեզանով կ’օրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։ Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կ’պահեմ, եւ քեզ այս երկիրը կ’դարձնեմ. որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ» (Ծննդոց 28։10–15)։
Ինչպիսի՜ ջերմ հավաստիացում։ Եհովան հաստատեց, որ Աբրահամին ու Իսահակին տված իր խոստումները պիտի հոգևոր առումով հարստացնեին Հակոբի ընտանիքը։ Հակոբին հայտնի դարձավ, որ հրեշտակները կարող են ծառայել նրանց, ովքեր ունեն Աստծո հավանությունը, և նա հավաստիացավ, որ Աստված լինելու է իր պաշտպանը։ Երախտագիտության զգացումով լցված՝ նա ուխտեց հավատարիմ լինել Եհովային (Ծննդոց 28։16–22)։
Ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե Հակոբը անօրինական կերպով բռնագրավեց Եսավի ժառանգությունը։ Նախքան տղաների ծնվելը Եհովան ասել էր, որ «մեծը կ’ծառայէ փոքրին» (Ծննդոց 25։23)։ Գուցե որևէ մեկի մտքում հարց ծագի. «Ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե Աստված միանգամից այնպես աներ, որ առաջինը լույս աշխարհ գար Հակոբը»։ Սակայն հետագա դեպքերը կարևոր ճշմարտություններ են ուսուցանում մեզ։ Աստծո օրհնությունները նրանց համար չեն, ովքեր կարծում են, թե իրենք արտոնություն ունեն դրանք ձեռք ձգելու. Աստված իր շնորհը տալիս է նրանց, ում ինքն է ընտրում։ Ահա թե ինչու անդրանիկության իրավունքը բաժին հասավ Հակոբին, և ոչ իր ավագ եղբորը, որը չուներ գնահատանք դրա հանդեպ։ Նույն ձևով էլ՝ քանի որ հրեա ազգը դրսևորեց իրեն Եսավի նման, Եհովան նրանց փոխարինեց հոգևոր Իսրայելով (Հռովմայեցիս 9։6–16, 24)։ Մեր օրերում ևս Եհովայի հետ սերտ փոխհարաբերությունները հնարավոր չէ ձեռք բերել առանց ջանքերի գործադրման՝ զուտ ինքնաբերաբար ժառանգելով, որքան էլ աստվածավախ ընտանիք կամ շրջապատ ունենա անհատը։ Աստծո օրհնություններին արժանանալու համար անհրաժեշտ է, որ անհատն ինքը ձգտի լինել աստվածահաճո ու ճշմարտապես գնահատանք ունենա հոգևոր բաների հանդեպ։
Լաբանի հյուրընկալությունը
Իր ազգականների միջից կին փնտրելու նպատակով Փադան–արամ գալու ճանապարհին Հակոբը ջրհորի մոտ հանդիպեց իր մորեղբոր աղջիկ Ռաքելին (Լաբանի դստերը)։ Նա մի կողմ գլորեց ջրհորի ծանր քարը, որպեսզի ջրեր նրա հոտին։a Ռաքելը տուն վազեց՝ հայտնելու Հակոբի ժամանման մասին, ու Լաբանը շտապեց գալ նրա հետ հանդիպելու։ Եթե Լաբանի մտքում այն հարստություններն էին, որ իրենց ընտանիքը ստացել էր ժամանակին Աբրահամի ծառայից, ապա նա հիասթափություն ապրեց, քանի որ Հակոբը դատարկ ձեռքով էր եկել։ Այնուհանդերձ, ինչպես երևում է, Լաբանը տեսավ մի բան, որից կարող էր շահ ստանալ. իր առջև աշխատասեր անձնավորություն էր (Ծննդոց 28։1–5; 29։1–14)։
Հակոբը պատմեց իր մասին։ Հայտնի չէ՝ նշե՞ց նա առաջնեկության իրավունքը ձեռք բերելու առիթով գործադրած իր խորամանկության մասին, թե ոչ, սակայն լսելով «բոլոր այս բաները»՝ Լաբանն ասաց. «Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Աստվածաշնչի հետազոտությամբ զբաղվող մի գիտնական հայտնում է այն կարծիքը, որ այս արտահայտությունը կարելի է հասկանալ որպես հյուրընկալության ջերմ հրավեր՝ ուղղված Հակոբին, կամ որ Լաբանը գիտակցում էր, որ ազգակցական կապի պահանջով նա պարտավոր էր պաշտպանել նրան։ Այսպես թե այնպես, Լաբանը շուտով կողմնորոշվեց, թե ինչպես կարող էր շահագործել իր քրոջորդուն։
Լաբանը խոսակցություն բացեց մի բանի մասին, որ պիտի վիճարկման առարկա դառնար հետագա մոտ 20 տարիների ընթացքում. «Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը»։ Թեև Լաբանը փորձում էր «բարի քեռու» դեր տանել, սակայն նա Հակոբի հանդեպ ունեցած իր արյունակցական պարտավորությունը վերածեց վարձկան բանվորի հետ կապած համաձայնագրի։ Քանի որ Հակոբը սիրահարվել էր Ռաքելին, նա պատասխանեց. «Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ» (Ծննդոց 29։15–20)։
Հարսնախոսությանը սովորաբար հաջորդում էր հարսնագնի վճարումը հարսնացուի ընտանիքին։ Հետագայում Մովսիսական օրենքով հաստատվեց կույս աղջկան խաբելու դեպքում պահանջվող գումարը՝ 50 սիկղ արծաթ։ Գիտնական Գորդոն Վենհամը կարծում է, որ դա «մեծագույն չափի հարսնավճարն է եղել»։ Սովորաբար հարսնացուի դիմաց վճարվող գումարը դրանից «շատ ավելի փոքր» էր (Բ Օրինաց 22։28, 29)։ Հակոբը չէր կարող գումար վճարել, և նա Լաբանին առաջարկեց յոթ տարվա ձրի ծառայություն։ «Հին բաբելոնյան ժամանակներում վարձու բանվորը մի ամսվա իր աշխատանքի դիմաց ստանում էր կես սիկղից մինչև մեկ սիկղ արծաթ (յոթ տարվա ընթացքում՝ 42–ից 84 սիկղ),— շարունակում է Վենհամը,— այնպես որ Հակոբը մեծ առատաձեռնություն հանդես բերեց՝ առաջարկելով նման վճար Ռաքելի հետ ամուսնանալու դիմաց»։ Լաբանը իսկույն տվեց իր համաձայնությունը (Ծննդոց 29։19)։
Հակոբն այնքան շատ էր սիրում Ռաքելին, որ յոթ տարիները նրա համար անցան «մի քանի օրերի պէս»։ Այնուհետև նա ստացավ իր քողածածկ հարսնացուին՝ չկասկածելով անգամ, որ Լաբանն իր հանդեպ կարող էր նենգամտորեն վարվել։ Պատկերացրեք, թե ի՜նչ հարված պիտի լիներ նրա համար, երբ հաջորդ օրը տեսավ, որ իր հետ անկողնում ոչ թե Ռաքելն էր, այլ նրա քույրը՝ Լիան։ Նա վրդովված դիմեց Լաբանին. «Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր»։ Վերջինս պատասխանեց. «Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։ Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կ’տամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ» (Ծննդոց 29։20–27)։ Հուսահատ ու խաբված՝ Հակոբին ուրիշ ոչ մի ելք չէր մնում, բացի այս նոր պայմաններին համաձայնվելուց, եթե ուզում էր, որ Ռաքելն իր կինը դառնար։
Ի տարբերություն առաջին յոթ տարիների՝ հետագա տարիների ծառայությունն անցավ շատ ծանր ու տհաճ։ Ինչպե՞ս պիտի կարողանար Հակոբը մոռացության տալ Լաբանի դաժան կատակը։ Ինչպե՞ս պիտի նա կարողանար ներել Լիային, որն այդ հարցում եղել էր իր հոր մեղսակիցը։ Իհարկե, Լաբանին բոլորովին չէր հետաքրքրում, թե ինչ անհանգիստ ապագա է նա նախապատրաստում այդպիսով Լիայի ու Ռաքելի համար։ Նրան միայն իր սեփական շահն էր մտահոգում։ Ռաքելի վիրավորվածության զգացումին գումարվեց նաև խանդը, երբ Լիան մեկը մյուսի ետևից ծնունդ տվեց չորս որդիների, մինչդեռ Ռաքելը շարունակում էր մնալ անզավակ։ Հույսը կորցրած, թե երբևէ երեխա կունենա՝ Ռաքելն իր սպասավորուհուն առաջարկեց զավակ ծնել իր համար Հակոբից։ Մրցակցության ոգուց մղված՝ Լիան ևս դիմեց նույն քայլին։ Եկավ ժամանակ, որ Հակոբը 4 կին ու 12 զավակ ուներ, բայց դժվար թե կարելի լիներ նրանց ընտանիքը համարել երջանիկ։ Այնուամենայնիվ, Եհովան այնպես էր անում, որ Հակոբից մեծ ժողովուրդ առաջ գար (Ծննդոց 29։28–30։24)։
Եհովայով հարստացած
Չնայած փորձություններին՝ Հակոբը տեսնում էր, որ Աստված իր հետ էր, ինչպես որ խոստացել էր։ Դա տեսնում էր նաև Լաբանը, որովհետև նախկինում նա քիչ անասուններ ուներ, այնինչ Հակոբի խնամքի տակ նրա անասունների քանակը հասել էր մեծ չափերի։ Չկամենալով Հակոբին ազատ արձակել՝ Լաբանը նրան առաջարկեց հայտնել, թե ինչ վճարի դեպքում նա կշարունակի աշխատել իր համար։ Հակոբը խնդրեց, որ իրեն տրվեն Լաբանի հոտում ծնված անսովոր գունավորում ունեցող կենդանիները։ Հայտնի է, որ այդ տարածքներում ոչխարները հիմնականում լինում էին սպիտակ, իսկ այծերը՝ սև կամ շագանակագույն. հատուկենտ էին լինում խայտաբղետ գունավորում ունեցողները։ Մտածելով, որ դա իր համար բավական ձեռնտու գործարք կլիներ՝ Լաբանը իսկույն համաձայնվեց ու շուտափույթ առանձնացրեց իր հոտի բոլոր խայտավոր կենդանիներին, տարավ բավականին մեծ հեռավորության վրա, որպեսզի կանխի նրանց հնարավոր շփումը իր հոտի կենդանիների հետ։ Ակներևաբար, նա համոզված էր, որ իրենց պայմանավորվածությունը քիչ չափով էր օգուտ բերելու Հակոբին և որ նրա բաժինը հաստատ ավելի քիչ էր ստացվելու, քան այն ժամանակներում հովիվներին տրվող վարձը, որ սովորաբար կազմում էր նորածին գառների ու այծերի 20 տոկոսը։ Բայց Լաբանը սխալվում էր, քանի որ Եհովան Հակոբի հետ էր (Ծննդոց 30։25–36)։
Աստծո առաջնորդությամբ Հակոբը բուծեց առողջ անասուններ՝ ցանկալի գունավորմամբ (Ծննդոց 30։37–42)։ Կենդանիների սելեկցիայի վերաբերյալ նրա պատկերացումները թեև սխալ էին, սակայն, ինչպես բացատրում է Նաում Սարնան, «գիտականորեն ապացուցված է, որ կարելի է հասնել ցանկալի արդյունքների՝ հաջորդաբար խաչասերելով.... միագույն անասունների, որոնք կրում են խայտավորության ռեցեսիվ գեներ», և «այդպիսի կենդանիները աչքի են ընկնում.... [իրենց] հիբրիդային ակտիվությամբ»։
Արդյունքները տեսնելով՝ Լաբանը փորձեց վերափոխել այն պայմանավորվածությունը, թե իր քրոջորդուն պետք է պատկանեին խայտավոր, ոչ միագույն, խալեր ու բծեր ունեցողները։ Նա իր սեփական շահն էր փնտրում, սակայն ինչպես էլ որ փոխում էր պայմանը, դարձյալ Եհովան այնպես էր անում, որ միշտ Հակոբը շահող դուրս գար։ Լաբանին մնում էր միայն ատամները կրճտացնել։ Շուտով Հակոբը տեր դարձավ մեծաքանակ հարստության, հոտերի, ծառաների, ուղտերի ու էշերի, և դա ոչ թե զուտ իր հնարամտության շնորհիվ, այլ Եհովայի աջակցության։ Հետագայում նա բացատրեց Ռաքելին ու Լիային. «Ձեր հայրն ինձ խաբեց, եւ իմ վարձքը տասը անգամ փոխեց. բայց Աստուած նորան թոյլ չ’տուաւ ինձ վնասելու.... Աստուած ձեր հօր հօտերն առաւ եւ ինձ տուաւ»։ Եհովան հավաստիացրեց Հակոբին, որ ինքը տեսել է Լաբանի արածները և որ անհանգստանալու կարիք չկար։ «Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը,— ասաց նա,— եւ քեզ բարիք կ’անեմ» (Ծննդոց 31։1–13; 32։9)։
Վերջապես երկդիմի Լաբանից օձիքն ազատած՝ Հակոբը բռնեց ետդարձի ճամփան։ Թեև անցել էր արդեն 20 տարի, սակայն նա դեռևս երկյուղ էր զգում Եսավի հանդեպ՝ մանավանդ այն պահին, երբ լուր հասավ, որ վերջինս իր չորս հարյուր մարդկանցով գալիս է Հակոբին ընդառաջ։ Ի՞նչ պիտի աներ Հակոբը։ Լինելով հոգևոր անձնավորություն և վստահելով Աստծուն՝ նա գործեց հավատով։ Նա աղոթեց՝ խոստովանելով, որ Եհովան իր հանդեպ այնպիսի առատաձեռնություն է դրսևորել, որին նա արժանի չի եղել, ապա Աստծո տված խոստումների հիման վրա դիմելով նրան՝ խնդրեց փրկել իրեն ու իր ընտանիքին Եսավի ձեռքից (Ծննդոց 32։2–12)։
Այնուհետև տեղի ունեցավ անսպասելի մի բան։ Մի օտարական, որը, ինչպես պարզվեց, հրեշտակ էր, գիշերը ըմբշամարտի բռնվեց Հակոբի հետ ու տեղից դուրս գցեց նրա ազդրը։ Հակոբը նրան չէր թողնում գնալ, մինչև որ նրանից օրհնություն չստանար։ Ովսեե մարգարեն հետագայում ասաց, որ Հակոբը «լացաւ եւ անկէ շնորհք խնդրեց» (Ովսէէ 12։2–5, ԱԱ; Ծննդոց 32։24–29)։ Հակոբը տեղյակ էր նախկինում հրեշտակի երևալու դեպքերի, որոնք կատարվել էին Աբրահամին տրված խոստման առնչությամբ, որ պիտի իրականանար Աբրահամի սերնդի միջոցով։ Ուստիև նա իր բոլոր ուժերը լարած պայքարի մեջ մտավ ու ստացավ իր բաժին օրհնությունը։ Այդ ժամանակ էր, որ Աստված նրա անունը փոխեց Իսրայելի, որ նշանակում է «Աստծո հետ մարտնչող» կամ «Աստված մարտնչում է»։
Դու էլ պատրա՞ստ ես մաքառել
Հրեշտակի հետ պայքարի մեջ մտնելն ու Եսավի հետ հաշտություն փնտրելը եզակի ճգնաժամային պահեր չէին, որ Հակոբը կյանքում ստիպված է եղել հաղթահարել։ Սակայն նմանօրինակ դեպքերի քննարկումը օգնում է պատկերացնել, թե ինչպիսի անձնավորություն է նա եղել։ Եսավը նույնիսկ չկարողացավ դիմանալ թեթևակի քաղցածությանը, որպեսզի պահեր իր անդրանիկության իրավունքը, մինչդեռ Հակոբը ողջ կյանքում ջանքեր թափեց օրհնություններ ստանալու համար՝ անգամ հրեշտակի հետ մարտնչելով։ Ինչպես որ Աստված խոստացել էր, Հակոբը ստացավ նրա կողմից առաջնորդություն և պաշտպանություն, ծնունդ տվեց մի մեծ ազգի և դարձավ Մեսիայի նախահայրերից մեկը (Մատթէոս 1։2, 16)։
Դու էլ պատրա՞ստ ես ջանքեր թափելու, որպեսզի արժանանաս Եհովայի հավանությանը, ասես՝ մարտնչելու հանուն դրա։ Նրանց համար, ովքեր ցանկանում են Աստծո կամքը կատարել, կյանքն այսօր լի է բազում դժվարություններով ու փորձություններով, և երբեմն ճիշտ վճիռ կայացնելը մի պայքար է։ Ինչևէ, Հակոբի հիանալի օրինակը մեզ մեծապես օգնում է ամուր պահել Եհովայի խոստացած վարձատրության հույսը, որ այսօր ունենք։
[ծանոթագրություն]
a Վերոհիշյալ հանդիպումը հիշեցնում է այն դրվագը, երբ Հակոբի մայր Ռեբեկան ջրեց Եղիազարի ուղտերին։ Ռեբեկան վազելով գնաց տուն՝ տեղեկացնելու օտարականի ժամանման մասին։ Լաբանը, տեսնելով իր քրոջ ստացած ոսկե ընծաները, շտապեց Եղիազարին դիմավորելու (Ծննդոց 24։28–31, 53)։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Աստծո օրհնություններին արժանանալու համար Հակոբը ողջ կյանքում պայքարեց