ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈՎՍԵՓ
«Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել»
ՀՈՎՍԵՓԸ կարոտով նայում էր դեպի արևելք. որքա՜ն էր նա ցանկանում ազատվել ու փախչել քարավանից։ Բլուրների հետևում՝ ոչ շատ հեռու, իր տունն էր՝ Քեբրոնը։ Նրա հայր Հակոբը սովորականի պես պատրաստվում էր երեկոյին՝ միանգամայն անտեղյակ, թե ինչ էր պատահել իր սիրելի որդուն։ Բայց, ավա՜ղ, Հովսեփը չէր կարող վերադառնալ նրա մոտ։ Միակ բանը, որ երիտասարդը գիտեր, այն էր, որ թերևս էլ երբեք չի տեսնի այդ սիրելի, ծերացած դեմքը։ Հովսեփին գնել էին առևտրականները, ու նրանք իրենց աչքը նրա վրա էին պահում, մինչ ուղտերը տրորված ճանապարհով շարժվում էին դեպի հարավ։ Այդ մարդիկ իրենց տեսադաշտից չէին կորցնի տղային, քանի որ նա, իրենց բուրումնավետ խեժի ու յուղի բեռի նման, արժեքավոր ապրանք էր, որից շահույթ էին ստանալու հեռավոր Եգիպտոսում։
Հովսեփը 17 տարեկանից ավելի չէր լինի։ Պատկերացրու, թե ինչպես էր նա խեթ-խեթ նայում արևմտյան երկնքին, մինչ արևը մոտենում էր Մեծ ծովի հորիզոնին։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես իր աշխարհը փուլ եկավ։ Չէր կարողանում հավատալ, որ իր հարազատ եղբայրները ուզում էին սպանել իրեն, իսկ հետո վաճառեցին որպես ստրուկ։ Հովսեփը ջանում էր զսպել արցունքները։ Նա չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ էր սպասում իրեն ապագայում։
Ինչպե՞ս Հովսեփը հայտնվեց այսպիսի սարսափելի իրավիճակում։ Եվ ի՞նչ կարող ենք մենք սովորել այս երիտասարդի հավատից, որը ենթարկվեց դաժան վերաբերմունքի ու մերժվեց իր իսկ ընտանիքի անդամների կողմից։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՐԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հովսեփը մեծացել էր մեծ ընտանիքում, որը, սակայն, երջանիկ ու միավորված չէր։ Հակոբի ընտանիքի աստվածաշնչյան նկարագիրը վառ ապացույցն է այն բանի, թե ինչ բացասական հետևանքներ է ունենում բազմամուսնությունը՝ խոր արմատներ ունեցող սովորություն, որը Աստված հանդուրժեց իր ժողովրդի մեջ, մինչև որ իր Որդին վերականգնեց մենամուսնության վերաբերյալ ի սկզբանե սահմանված սկզբունքը (Մատթեոս 19:4–6)։ Հակոբը ուներ առնվազն 14 երեխա չորս տարբեր կանանցից. իր երկու կանանցից՝ Լիայից ու Ռաքելից, և նրանց աղախիններ Զելփայից ու Բալլայից։ Հակոբը հենց սկզբից սիրահարված էր գեղեցկուհի Ռաքելին։ Նա երբեք այդպիսի զգացմունքներ չէր ունեցել Լիայի՝ Ռաքելի ավագ քրոջ հանդեպ, որի հետ նրան խաբելով էին ամուսնացրել։ Երկու կնոջ միջև միշտ ուժգին մրցակցություն կար, և իրար հանդեպ նրանց խանդը փոխանցվեց երեխաներին (Ծննդոց 29:16–35; 30:1, 8, 19, 20; 37:35)։
Ռաքելը երկար ժամանակ ամուլ էր ու երբ վերջապես ունեցավ Հովսեփին, Հակոբը իր ծերության որդու հանդեպ հատուկ վերաբերմունք դրսևորեց։ Օրինակ՝ երբ ընտանիքը ճանապարհին պետք է վտանգավոր հանդիպում ունենար Հակոբի եղբայր Եսավի հետ, որը նախկինում սպառնացել էր սպանել նրան, Հակոբը Ռաքելին ու փոքրիկ Հովսեփին ամենաապահով դիրքում դրեց՝ խմբի ամենավերջում։ Հավանաբար, այդ լարված օրը խոր ազդեցություն թողեց Հովսեփի վրա։ Պատկերացրու, թե ինչ զգաց նա այդ առավոտ, երբ աչքերը լայն բացած մտածում էր, թե ինչու էր իր տարիքն առած, բայց առույգ հայրը այժմ կաղում։ Որքա՜ն նա ցնցվեց, երբ իմացավ պատճառը. նախորդ գիշեր իր հայրը մենամարտել էր զորեղ հրեշտակի հետ։ Բայց ինչո՞ւ։ Քանի որ Հակոբը ցանկացել էր Եհովա Աստծուց օրհնություն ստանալ։ Հակոբը վարձատրվեց նրանով, որ իր անունը փոխվեց ու դարձավ Իսրայել։ Մի ամբողջ ազգ կրելու էր այդ անունը (Ծննդոց 32:22–31)։ Ժամանակի ընթացքում Հովսեփը իմացավ, որ Իսրայելի որդիները այդ ազգի ցեղերի հայրերն էին դառնալու։
Հետագայում երիտասարդ Հովսեփը մեծ ողբերգություն ապրեց, երբ իր ամենասիրելի անձնավորությունը վաղաժամ լքեց իրեն։ Նրա մայրը մահացավ իր կրտսեր եղբայր Բենիամինին ծննդաբերելիս։ Տղայի հորը այդ կորուստը խոր վիշտ պատճառեց։ Պատկերացրու, թե ինչպես էր Հակոբը քնքշորեն սրբում Հովսեփի աչքերից հոսող արցունքները ու մխիթարում նրան այն նույն հույսով, որը մի անգամ մխիթարել էր իր պապին՝ Աբրահամին։ Թերևս որքա՜ն էր հուզվել Հովսեփը, երբ իմացել էր, որ Եհովան մի օր կյանքի է վերադարձնելու իր մորը։ Հավանաբար, նա նույնիսկ ավելի շատ սկսեց սիրել առատաձեռն Աստծուն՝ «ողջերի» Աստծուն (Ղուկաս 20:38; Եբրայեցիներ 11:17–19)։ Իր կնոջ կորստից հետո Հակոբը միշտ քնքուշ զգացմունքներ էր տածում այդ երկու տղաների՝ Ռաքելից ունեցած իր որդիների հանդեպ (Ծննդոց 35:18–20; 37:3; 44:27–29)։
Հատուկ վերաբերմունքի արժանանալիս շատ երեխաներ երես են առնում, բայց Հովսեփը չդարձավ այդպիսին։ Ընդհակառակը՝ նա շատ բան սովորեց իր ծնողների բազմաթիվ լավ հատկություններից, ամուր հավատ զարգացրեց, ինչպես նաև ճիշտը սխալից զատորոշելու կարողություն ձեռք բերեց։ 17 տարեկանում, երբ տղան հովվություն էր անում՝ օգնելով իր ավագ եղբայրներից մի քանիսին, նկատեց, որ նրանք վատ արարքներ են գործում։ Արդյոք նա տրվե՞ց այդ մասին լռելու գայթակղությանը, որպեսզի արժանանա նրանց բարեհաճությանը։ Ինչ էլ որ լիներ պարագան, նա արեց այն, ինչ ճիշտ էր։ Նա այդ մասին պատմեց հորը (Ծննդոց 37:2)։ Գուցե այդ խիզախ արարքը հաստատեց իր սիրելի որդու մասին Հակոբի բարձր կարծիքը։ Ի՜նչ հրաշալի օրինակ է նա քրիստոնյա երիտասարդների համար։ Երբ նրանք կանգնում են ուրիշի՝ թերևս հարազատ եղբոր, քրոջ կամ ընկերոջ լուրջ մեղքը ծածկելու գայթակղության առաջ, իմաստուն կլինի, որ ընդօրինակեն Հովսեփին ու տեղեկացնեն այդ մասին նրանց, ովքեր իրավասու են օգնելու մեղսագործին (Ղևտական 5:1)։
Մենք կարող ենք նաև սովորել Հովսեփի ընտանիքից։ Թեև այսօր բազմամուսնությունը չի սպառնում քրիստոնյաներին, այնուհանդերձ նրանց մեջ կան բազմաթիվ խառը ընտանիքներ՝ խորթ ծնողներով, խորթ երեխաներով ու խորթ եղբայր-քույրերով։ Նրանք բոլորը Հակոբի ընտանիքից կարող են սովորել, որ աչառությունն ու կողմնապահությունը թուլացնում են ընտանեկան միասնությունը։ Իմաստուն ծնողները իրենց ուժերից եկածը կանեն, որ հավաստիացնեն հարազատ, ինչպես նաև խորթ երեխաներին, որ յուրաքանչյուրը սիրված է ու օրհնված առանձնահատուկ պարգևներով, և որ յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ ընտանիքի երջանկության հարցում (Հռոմեացիներ 2:11)։
ՆԱԽԱՆՁԸ ԱՐՄԱՏՆԵՐ Է ԳՑՈՒՄ
Միգուցե այն պատճառով, որ Հովսեփը խիզախեց ճիշտ վարվել, Հակոբը պատվի արժանացրեց նրան։ Նա հատուկ հանդերձ պատրաստեց որդու համար (Ծննդոց 37:3)։ Հաճախ այն թարգմանել են որպես գծավոր կամ բազմագույն վերնազգեստ, բայց քիչ ապացույցներ կան նման եզրակացություն անելու համար։ Հավանաբար, դա մի երկար, նրբագեղ պատմուճան էր, որը հասնում էր մինչև ձեռքերի ու ոտքերի ծայրերը։ Հնարավոր է՝ այդպիսի հագուստ կրում էին ազնվական մարդիկ և իշխանները։
Անշուշտ, Հակոբը լավ միտումով էր դա արել, և Հովսեփը պետք է որ ազդված լիներ հոր դրսևորած ուշադրությունից ու սիրուց։ Բայց այդ հանդերձը շատ դժվարությունների պատճառ դարձավ։ Հիշենք, որ տղան հովիվ էր։ Դա նշանակում էր, որ նա ծանր ֆիզիկական աշխատանք էր անում։ Պատկերացրու, թե ինչպես է արքայական հագուստ հագած երիտասարդը հազիվհազ քարշ գալիս երկար խոտերի միջով, մագլցում ժայռերի վրա կամ փորձում կորած գառնուկին ազատ արձակել փշոտ թփից։ Բայց ամենավատն այն էր, թե ինչ ազդեցություն էր ունենալու Հակոբի հատուկ բարեհաճության այս դրսևորումը Հովսեփի ու իր եղբայրների փոխհարաբերությունների վրա։
Աստվածաշունչը ասում է. «Երբ եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան բոլոր եղբայրներից ավելի շատ է սիրում, սկսեցին ատել նրան և չէին կարողանում խաղաղությամբ խոսել նրա հետ» (Ծննդոց 37:4)a։ Կարելի է հասկանալ նրանց նախանձը, սակայն իմաստության դրսևորում չէր այդ թունավոր զգացումին տեղիք տալը (Առակներ 14:30; 27:4)։ Երբևէ նախանձը գլուխ բարձրացրե՞լ է քո մեջ, երբ տեսել ես, որ ինչ-որ մեկը ուշադրության կամ պատվի է արժանանում, որը դու կցանկանայիր ստանալ։ Հիշիր Հովսեփի եղբայրներին։ Նախանձի պատճառով նրանք այնպիսի արարքներ գործեցին, որոնց համար հետագայում խորապես զղջացին։ Եղբայրների օրինակը քրիստոնյաներին հիշեցնում է, որ շատ ավելի իմաստուն կլինի «ուրախացողների հետ ուրախանալ» (Հռոմեացիներ 12:15)։
Ինչ խոսք, Հովսեփը զգում էր եղբայրների թշնամանքը։ Երբ վերջիններս մոտակայքում էին գտնվում, արդյոք նա թաքցնո՞ւմ էր իր շքեղ պատմուճանը, որպեսզի նրանք չտեսնեին։ Գուցե նա ուզում էր այդպես վարվել։ Հիշիր, սակայն, որ Հակոբի ցանկությունն էր, որ այդ պատմուճանը ծառայեր որպես իր բարեհաճության ու սիրո նշան։ Իսկ Հովսեփը ցանկանում էր արդարացնել հոր վստահությունը իր հանդեպ, ուստի հավատարմորեն կրում էր այդ հագուստը։ Նրա օրինակը օգտակար է մեզ համար։ Թեև մեր երկնային Հայրը երբեք կողմնապահություն չի անում, երբեմն նա առանձնացնում է իր նվիրված ծառաներից ոմանց ու բարեհաճություն է դրսևորում նրանց հանդեպ։ Բացի այդ, Հովսեփի հատուկ պատմուճանի նման՝ ճշմարիտ քրիստոնյաները իրենց վարքի շնորհիվ առանձնանում են շրջապատի մարդկանցից, քանի որ Աստված պահանջում է, որ նրանք տարբերվեն այս ապականված ու անբարո աշխարհից։ Այդպիսի վարքը երբեմն նախանձ ու թշնամանք է առաջ բերում (1 Պետրոս 4:4)։ Պե՞տք է արդյոք քրիստոնյան թաքցնի Աստծու ծառայի իր ինքնությունը։ Ո՛չ, ինչպես որ Հովսեփը չպետք է թաքցներ իր պատմուճանը (Ղուկաս 11:33)։
ՀՈՎՍԵՓԻ ԵՐԱԶՆԵՐԸ
Շատ չանցած՝ Հովսեփը երկու արտասովոր երազ տեսավ։ Առաջին երազում նա տեսավ, որ ինքն ու իր եղբայրները հացահատիկի խուրձ էին կապում։ Հետո եղբայրների խրձերը շրջապատեցին իր խրձին ու խոնարհվեցին նրա առաջ, երբ այն ուղիղ կանգնած էր։ Երկրորդ երազում արևը, լուսինը և 11 աստղեր խոնարհվում էին Հովսեփի առաջ (Ծննդոց 37:6, 7, 9)։ Ի՞նչ պետք է Հովսեփը աներ՝ տեսնելով այդ տարօրինակ ու տպավորիչ երազները։
Այդ երազները Եհովա Աստծուց էին։ Դրանք մարգարեական նշանակություն ունեին, և Աստված ցանկանում էր, որ Հովսեփը փոխանցեր դրանց պարունակած պատգամը։ Ինչ-որ իմաստով Հովսեփը պետք է աներ այն, ինչ հետագայում բոլոր մարգարեներն էին անում, երբ Աստծու պատգամներն ու դատաստանները հայտնում էին իր կամակոր ժողովրդին։
Հովսեփը նրբանկատորեն իր եղբայրներին ասաց. «Խնդրում եմ, լսեցեք, թե ինչ երազ եմ տեսել»։ Եղբայրները հասկացան երազը, բայց նրանց դա դուր չեկավ։ Այդ պատճառով պատասխանեցին. «Մի՞թե պատրաստվում ես թագավոր դառնալ մեզ վրա կամ մի՞թե տիրելու ես մեզ»։ Այնուհետև արձանագրությունն ասում է. «Ուստի իր երազների ու խոսքերի համար է՛լ ավելի ատեցին նրան»։ Երբ Հովսեփը իր երկրորդ երազը պատմեց հորը, ինչպես նաև եղբայրներին, արձագանքը ավելի լավը չեղավ։ Կարդում ենք. «Իր հայրը սաստեց նրան ու ասաց. «Ի՞նչ է նշանակում այս քո տեսած երազը։ Մի՞թե ես, քո մայրը և եղբայրներդ պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք քո առաջ»»։ Այդուհանդերձ, Հակոբը շարունակ մտածում էր այդ մասին։ Գուցե Եհովան հաղորդակցվո՞ւմ էր տղայի հետ (Ծննդոց 37:6, 8, 10, 11)։
Հովսեփը Եհովայի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին ծառան է եղել, որից պահանջվել է մարգարեական պատգամ փոխանցել, որը չի ողջունվել մարդկանց կողմից և նույնիսկ հալածանք է հրահրել։ Այդպիսի պատգամ հայտնողներից մեծագույնը Հիսուսն էր, որն իր հետևորդներին ասաց. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20)։ Բոլոր տարիքի քրիստոնյաները շատ բան կարող են սովորել երիտասարդ Հովսեփի դրսևորած հավատից ու քաջությունից։
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ
Այդ իրադարձություններից շատ ժամանակ չէր անցել, երբ Հակոբը երիտասարդ Հովսեփին մի հանձնարարություն տվեց։ Ավագ որդիները իրենց հոր հոտը արածեցնում էին հյուսիսում՝ Սյուքեմի մոտակայքում, որտեղ ոչ շատ վաղուց իրենց համար կատաղի թշնամիներ էին ձեռք բերել։ Բնական է, որ Հակոբը անհանգստանում էր նրանց համար, ուստի Հովսեփին ուղարկեց, որ իմանա, թե արդյոք ողջ-առողջ են։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր զգում Հովսեփը։ Նա գիտեր, թե որքան ուժգին էր իր հանդեպ եղբայրների ատելությունը։ Ինչպե՞ս կարձագանքեին, երբ գնար նրանց մոտ որպես իրենց հոր ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, Հովսեփը հնազանդվեց ու ճամփա ընկավ (Ծննդոց 34:25–30; 37:12–14)։
Ճանապարհը բավականին երկար էր՝ քայլելով ընդհանուր առմամբ չորսից հինգ օր։ Սյուքեմը Քեբրոնից 80 կիլոմետր դեպի հյուսիս էր գտնվում։ Սակայն հասնելով Սյուքեմ՝ Հովսեփն իմացավ, որ եղբայրները հեռացել են այդտեղից ու գնացել են Դոթայիմ, որտեղ հասնելու համար նա ևս մոտ 22 կիլոմետր պետք է գնար դեպի հյուսիս։ Երբ ի վերջո Հովսեփը մոտենում էր Դոթայիմին, եղբայրները հեռվից տեսան նրան։ Անմիջապես նրանց ատելությունը ջրի երես դուրս եկավ։ Արձանագրության մեջ կարդում ենք. «Իրար ասացին. «Նայե՛ք, գալիս է այն երազատեսը։ Հիմա եկեք սպանենք նրան և գցենք ջրափոսերից մեկի մեջ։ Հետո կասենք, թե գիշատիչ գազան է կերել նրան։ Այդ ժամանակ տեսնենք, թե նրա երազներից ինչ դուրս կգա»»։ Սակայն Ռուբենը համոզեց նրանց, որ Հովսեփին ողջ-ողջ գցեն ջրափոսի մեջ՝ հույս ունենալով, որ հետո կկարողանա փրկել տղային (Ծննդոց 37:19–22)։
Ոչինչ չկասկածելով՝ Հովսեփը մոտեցավ նրանց։ Իհարկե, նա հույս ուներ, որ հանդիպումը խաղաղ կանցներ։ Փոխարենը՝ եղբայրները հարձակվեցին նրա վրա։ Կոպտորեն պատռելով հանեցին նրա առանձնահատուկ հանդերձը, ապա քարշ տալով տարան մի դատարկ ջրափոսի մոտ ու մեջը գցեցին։ Հովսեփը ընկավ դրա մեջ։ Ուշքի գալով ցնցումից՝ փորձեց ոտքի կանգնել, բայց չկարողացավ դուրս գալ փոսից։ Նա տեսնում էր միայն կլոր երկինքը, իսկ եղբայրների ձայները ավելի ու ավելի հեռվից էին լսվում։ Հովսեփը կանչում էր, աղերսում էր նրանց, բայց նրանք բանի տեղ չէին դնում նրան։ Կարծրասիրտ եղբայրները նստեցին մոտակայքում՝ հաց ուտելու։ Մինչ Ռուբենը բացակայում էր, նրանք կրկին մտածեցին տղային սպանելու մասին, բայց Հուդան համոզեց նրանց, որ վաճառեն անցնող վաճառականներին։ Դոթայիմը մոտ էր գտնվում դեպի Եգիպտոս գնացող առևտրական ճանապարհին։ Այդ պահին իսմայելացիների և մադիանացիների մի քարավան էր անցնում նրանց կողքով։ Նախքան Ռուբենի վերադառնալը գործարքը արվեց։ Նրանք իրենց եղբորը ստրկության վաճառեցին 20 սիկղով (Ծննդոց 37:23–28; 42:21)b։
Այժմ վերադառնանք այնտեղ, որտեղից սկսեցինք այս պատմությունը։ Մինչ Հովսեփին Եգիպտոս տանող ճանապարհով տանում էին հարավ, թվում էր, թե նա ամեն ինչ կորցրել է։ Նրան ուժով բաժանել էին ընտանիքի անդամներից։ Տարիներ շարունակ նա ոչինչ չէր իմանալու իր ընտանիքի մասին, ոչինչ՝ Ռուբենի տանջանքների մասին, երբ վերջինս վերադարձավ ու իմացավ, որ Հովսեփին տարել են, ոչինչ՝ Հակոբի վշտի մասին, երբ նրան խաբեցին՝ հավատացնելով, թե իր սիրելի Հովսեփը մահացել է, ոչինչ՝ իր տարեց պապ Իսահակի մասին, որը դեռ կենդանի էր, ոչինչ՝ իր սիրելի կրտսեր եղբոր՝ Բենիամինի մասին, որին անչափ կարոտելու էր։ Բայց մի՞թե Հովսեփը զրկվել էր ամեն ինչից (Ծննդոց 37:29–35)։
Հովսեփը ուներ մի բան, որն իր եղբայրները երբեք չէին կարող վերցնել իրենից՝ հավատ։ Նա շատ բան գիտեր իր Աստված Եհովայի մասին, և ոչինչ չէր կարող խլել դա իրենից՝ ո՛չ տան կորուստը, ո՛չ գերության դժվարությունները Եգիպտոս գնալու երկար ճանապարհին և ո՛չ էլ այն ստորացումը, որին նա ենթարկվեց՝ որպես ստրուկ վաճառվելով Պետափրես անունով մի հարուստ եգիպտացու (Ծննդոց 37:36)։ Հովսեփի հավատն ու իր Աստծուն մոտ մնալու վճռականությունը միայն ավելի զորացան այդ դժվարությունների ներքո։ Հետագա հոդվածներում մենք կտեսնենք, թե ինչպես այդ հավատի շնորհիվ նա ավելի օգտակար եղավ իր Աստված Եհովայի, ինչպես նաև դժվար կացության մեջ գտնվող իր ընտանիքի համար։ Որքա՜ն իմաստուն կլինենք, եթե ընդօրինակենք Հովսեփի հավատը։
a Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Հովսեփի եղբայրները իրենց հոր նվերը մեկնեցին որպես այն բանի ապացույց, որ նա մտադիր էր առաջնեկության իրավունքը տալ այդ որդուն։ Նրանք գիտեին, որ Հովսեփը Հակոբի սիրելի կնոջ առաջին զավակն էր, այն կնոջ, որի հետ նա պետք է առաջինը ամուսնանար։ Ավելին, Հակոբի առաջնեկ Ռուբենը պառկել էր իր հոր հարճի հետ՝ անպատվելով իր հորը, և այդպիսով զրկվել առաջնեկության իրավունքից (Ծննդոց 35:22; 49:3, 4)։
b Աստվածաշնչյան արձանագրությունը ճշգրիտ է անգամ այս չնչին մանրամասնության մեջ։ Նույն ժամանակահատվածով թվագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ 20 սիկղը Եգիպտոսում ստրուկների համար սահմանված գինն էր։