ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ
Խոսիր դեռահաս երեխայիդ հետ՝ առանց վիճելու
«Տասնչորս տարեկանում աղջիկս սկսեց անընդհատ հակաճառել ինձ։ Երբ ասում էի՝ «արի ճաշելու», նա պատասխանում էր՝ «կուտեմ, երբ կուզեմ»։ Իսկ երբ հարցնում էի, թե արդյոք վերջացրել է իր գործերը, նա ասում էր՝ «ինձ հանգիստ թող»։ Հաճախ էինք ձայներս բարձրացնում և իրար վրա գոռում» (ՄԱԿԻ, ՃԱՊՈՆԻԱ)a։
Եթե դու դեռահաս երեխա ունես, վեճերը կարող են մեծ խնդիր դառնալ և փորձել քո համբերությունը։ Մարիան (Բրազիլիա), որի աղջիկը 14 տարեկան է, ասում է. «Երբ աղջիկս սկսում է հակաճառել, դա ինձ հունից հանում է։ Այն աստիճան ենք նյարդայնանում, որ սկսում ենք գոռալ իրար վրա»։ Կարմելան (Իտալիա) նույն խնդրին է բախվում։ «Տղայիս հետ վեճերը միշտ թեժ են լինում,— ասում է նա,— և ամեն ինչ վերջանում է նրանով, որ նա մտնում է իր սենյակ և դուռը շրխկացնում»։
Ինչո՞ւ են որոշ դեռահասներ հակված վիճելու։ Հասակակիցնե՞րն են պատճառը։ Հնարավոր է։ Աստվածաշունչն ասում է, որ ընկերները կարող են մեծ ազդեցություն թողնել, լինի լավ, թե վատ (Առակներ 13։20; 1 Կորնթացիներ 15։33)։ Բացի այդ, երիտասարդների համար նախատեսված զվարճության ձևերը այսօր խրախուսում են ըմբոստություն և անհարգալից վերաբերմունք դրսևորել։
Սակայն կան նաև այլ գործոններ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։ Դա կօգնի հասկանալու, թե ինչպես են դրանք ազդում քո երեխայի վրա։ Քննենք մի քանի օրինակ։
«ԽՈՐՀԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ» ԶԱՐԳԱՑՆԵԼ
Պողոս առաքյալը գրել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա, այդ մանկական բաներին վերջ դրեցի» (1 Կորնթացիներ 13։11)։ Ինչպես տեսնում ենք Պողոսի խոսքերից, երեխաներն ու չափահասները տարբեր կերպով են մտածում։
Երեխաները մտածում են՝ այս բանը ճիշտ է կամ սխալ։ Իսկ չափահասները կարողանում են տրամաբանել նաև այնպիսի հարցերի շուրջ, որոնք այդքան էլ հստակ չեն, և եզրակացություններ անելուց ու որոշումներ կայացնելուց առաջ ավելի խորն են մտածում։ Օրինակ՝ նրանք հաշվի են առնում հարցի բարոյական կողմը և թե ինչպես իրենց արարքները կազդեն ուրիշների վրա։ Իսկ դեռահասները դեռ սովորում են այդպես մտածել։
Աստվածաշունչը երիտասարդներին քաջալերում է «խորհելու կարողություն» զարգացնել (Առակներ 1։4)։ Իրականում այն բոլոր քրիստոնյաներին է հորդորում գործի դնել իրենց բանականությունը (Հռոմեացիներ 12։1, 2; Եբրայեցիներ 5։14)։ Սակայն երեխայիդ տրամաբանելու կերպը գուցե երբեմն դրդի նրան նույնիսկ փոքր թվացող հարցերում վիճելու քեզ հետ։ Հնարավոր է՝ նրա տեսակետը որոշ դեպքերում սխալ լինի (Առակներ 14։12)։ Ինչպե՞ս կարող ես վիճելու փոխարեն՝ տրամաբանել նրա հետ։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Պատկերացրու՝ քո երեխան ասում է մի միտք, որում, սակայն, այդքան էլ համոզված չէ։ Ստուգելու համար, թե իրականում որն է նրա տեսակետը, նախ գովիր նրան, որ գործի է դնում մտածելու ունակությունը [«Թեպետ համաձայն չեմ քեզ հետ, բայց հետաքրքիր ձևով ես տրամաբանում»]։ Հետո օգնիր նրան քննելու իր տեսակետը [«Ի՞նչ ես կարծում, քո ասածը ամե՞ն իրավիճակում է կիրառելի»]։ Թերևս զարմանաս՝ տեսնելով, որ երեխադ վերանայում է իր տեսակետը և փոխում այն։
Երբ տրամաբանում ես երեխայիդ հետ, մի՛ փորձիր ապացուցել, որ դու ճիշտ ես, իսկ նա՝ սխալ։ Եթե նույնիսկ թվա, թե քո ասածները նրա մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս, ամենայն հավանականությամբ նա մեծ օգուտ կքաղի այդ զրույցից կամ բոլոր ասածներդ էլ կընդունի։ Չզարմանաս, եթե մի քանի օր անց նրա բերանից լսես քո տեսակետը, որն արդեն իրենն է դարձրել։
«Երբեմն ես ու որդիս վիճում էինք փոքր բաների, օրինակ՝ փողը վատնելու կամ քրոջը անընդհատ նյարդայնացնելու համար։ Սակայն շատ դեպքերում նա պարզապես ուզում էր, որ հարցնեի նրա տեսակետը, հասկանայի նրան և ասեի՝ «հիմա պարզ է, թե որն է խնդիրը» կամ «հասկանում եմ քո տեսակետը»։ Այժմ հետ եմ նայում ու մտածում, որ եթե նման ձևով արձագանքեի նրա ասածներին, հավանաբար այդքան շատ չէինք վիճի» (Կենջի, Ճապոնիա)։
ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Ծնողը երեխային պետք է պատրաստի այն օրվան, երբ նա թողնելու է հայրական տունը և ապրելու է որպես պատասխանատվության զգացում ունեցող հասուն անհատ (Ծննդոց 2։24)։ Դա ներառում է նրա անհատականության ձևավորման գործընթացը, այն, թե ինչ բնավորություն, համոզմունքներ և բարոյական արժեքներ նա կունենա։ Եթե դեռահասը որոշել է, թե ինչպիսի անձնավորություն է ուզում դառնալ, ապա սխալ անելու ճնշման տակ լինելիս ոչ միայն կմտածի հետևանքների մասին, այլև կհարցնի ինքն իրեն. «Ինչպիսի՞ն եմ ես։ Ի՞նչ արժեքներ ունեմ։ Նման արժեքներ ունեցողը ինչպե՞ս կվարվի տվյալ իրավիճակում» (2 Պետրոս 3։11)։
Աստվածաշնչում խոսվում է Հովսեփի մասին, որը երիտասարդ տղամարդ էր և ուժեղ անհատականություն։ Օրինակ՝ երբ Պետափրեսի կինը ուզում էր նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ, Հովսեփը ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդոց 39։9)։ Թեև պոռնկության մասին օրենքը դեռ տրված չէր իսրայելացիներին, նա հասկանում էր, թե ինչ տեսակետ ունի Աստված այս հարցի վերաբերյալ։ «Ինչպե՞ս կարող եմ» բառերը ցույց են տալիս, որ նա Աստծու տեսակետը իրենն էր դարձրել (Եփեսացիներ 5։1)։
Քո դեռահաս երեխան այն տարիքում է, երբ ձևավորվում է նրա անհատականությունը։ Դրա շնորհիվ նա կունենա իր համոզմունքները, որոնք կօգնեն ընդդիմանալու հասակակիցների կողմից եկող ճնշումներին (Առակներ 1։10–15)։ Սակայն նրա համոզմունքները գուցե դրդեն, որ նա քեզ էլ ընդդիմանա։ Ի՞նչ կարող ես անել նման իրավիճակում։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Վեճի բռնվելու փոխարեն՝ պարզապես հստակեցրու նրա տեսակետը [«Ես քեզ ճի՞շտ հասկացա։ Ուզում ես ասել, որ....»]։ Այնուհետև հարցեր տուր [«Ինչո՞ւ ես այդպես մտածում»]։ Օգնիր երեխայիդ արտահայտելու իր կարծիքը։ Եթե նրա տեսակետը տարբերվում է քո տեսակետից, սակայն սխալ չէ, ցույց տուր, որ հարգում ես նրա տեսակետը, նույնիսկ եթե լիովին համաձայն չես նրա հետ։
Անհատականության և համոզմունքների ձևավորումը բնական ու անհրաժեշտ ընթացք է։ Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները չպետք է լինեն փոքր երեխաների պես՝ «ասես ալիքներից տարուբերված և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված» (Եփեսացիներ 4։14)։ Ուստի թույլ տուր երեխայիդ և նույնիսկ քաջալերիր, որ ունենա իր անհատականությունը և համոզմունքները։
«Երբ աղջիկներս տեսնում են, որ պատրաստ եմ լսելու նրանց, ավելի հակված են լինում իմ տեսակետը հաշվի առնելու, նույնիսկ երբ նրանց կարծիքը տարբերվում է։ Ես ուշադիր եմ, որ հանկարծ իմ տեսակետը չպարտադրեմ նրանց» (Իվանա, Չեխիա)։
ՎՃՌԱԿԱՆ, ԲԱՅՑԵՎ ԽՈՀԵՄ
Փոքր երեխաների պես՝ որոշ դեռահասներ փորձում են շարունակ նույն հարցին անդրադառնալով հոգնեցնել ծնողներին և իրենց ուզածին հասնել։ Եթե քո տանը հաճախ է նման բան լինում, ուշադիր եղիր։ Ճիշտ է, եթե զիջես երեխայիդ, գուցե լարված իրավիճակը անցնի, սակայն այդպես նա կսովորի, որ վիճելով կարող է հասնել իր ուզածին։ Ի՞նչ է պետք անել. հետևել Հիսուսի խորհրդին. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։ Եթե հետևողական լինես, երեխադ ավելի քիչ հակված կլինի շարունակ իրենը պնդելու։
Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է խոհեմ լինել։ Օրինակ՝ եթե երեխադ որևէ առիթով պետք է ինչ-որ տեղ գնա և բացատրում է, որ հանգամանքների բերումով չի կարողանա նշանակված ժամին տանը լինել, նրան ստիպելու փոխարեն, որ ենթարկվի սահմանված կանոնին՝ լավ կլինի հետևել Աստվածաշնչի խորհրդին. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5)։
ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ընտանիքով քննարկեք, թե որ ժամին պետք է երեխան տանը լինի և դրա նման այլ կանոններ։ Ցույց տուր, որ դու պատրաստ ես լսելու դեռահաս երեխայիդ, և որոշում կայացնելուց առաջ հաշվի առ բոլոր հանգամանքները։ Բրազիլիայում ապրող Ռոբերտո անունով մի հայր խորհուրդ է տալիս. «Դեռահաս երեխան պետք է տեսնի, որ ծնողները պատրաստ են չմերժելու խնդրանքը, եթե այն չի հակասում որևէ աստվածաշնչյան սկզբունքի»։
Ինչ խոսք, կատարյալ ծնող չկա։ Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։ Եթե նկատում ես, որ ծագած վեճում դու քո մեղավորության բաժինն ունես, մի՛ վարանիր ներողություն խնդրել։ Ընդունելով քո սխալները՝ խոնարհության օրինակ կլինես երեխայիդ համար, որպեսզի նա էլ նման կերպ վարվի։
«Մի անգամ, երբ վեճից հետո հանդարտվեցի, որդուցս ներողություն խնդրեցի բռնկվելու համար։ Նա էլ հանդարտվեց, և հետո նրա համար ավելի հեշտ եղավ լսել ինձ» (Կենջի, Ճապոնիա)։
a Անունները փոխված են։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ
Ինչո՞վ եմ պատճառ դառնում, որ իմ և դեռահաս երեխայիս միջև վեճեր լինեն։
Ինչպե՞ս կարող է այս հոդվածը օգնել, որ ավելի լավ հասկանամ նրան։
Ի՞նչ կարող եմ անել, որ երեխայիս հետ հաղորդակցվեմ առանց վիճելու։