«Յոթանասնից». օգտակար՝ անցյալում և այսօր
ԵԹՈՎՊԱՑԻ մի ազդեցիկ պաշտոնյա Երուսաղեմից վերադառնում էր հայրենի երկիրը։ Մինչ իր կառքն անցնում էր ամայի ճանապարհով, նա բարձրաձայն ինչ–որ բան էր կարդում կրոնական մի մագաղաթից։ Կարդացածի բացատրությունը այնքան մեծ ազդեցություն գործեց նրա վրա, որ փոխեց իր ողջ կյանքը (Գործք 8։26–38)։ Այդ մարդը կարդում էր Եսայիա 53։7, 8 խոսքերը Աստվածաշնչի ամենաառաջին թարգմանությունից՝ հունարեն «Յոթանասնից»–ից։ Վերջինս դարեր շարունակ այնքան մեծ դեր է խաղացել աստվածաշնչյան լուրի տարածման գործում, որ կոչվել է՝ «Թարգմանություն, որ փոխեց աշխարհը»։
Ի՞նչ պարագաներում է ստեղծվել «Յոթանասնիցը»։ Ինչո՞ւ էր նման թարգմանությունն անհրաժեշտ։ Ի՞նչ օգուտ է բերել այն դարերի ընթացքում։ Եվ ի՞նչ կարող է տալ այսօր մեզ։
Թարգմանված՝ հունախոս հրեաների համար
Մ.թ.ա. 332 թ.–ին՝ Փյունիկիայի Տյուրոս քաղաքը կործանելուց հետո, Ալեքսանդր Մակեդոնացին մտավ Եգիպտոս, որտեղ նրան ընդունեցին որպես ազատարարի։ Այնտեղ նա կառուցեց Ալեքսանդրիա քաղաքը՝ հին աշխարհի կրթական կենտրոններից մեկը։ Իր կողմից հպատակեցված ժողովուրդների շրջանում հունական մշակույթը տարածելու նպատակով Ալեքսանդրը իր հսկայական տերության մեջ ընդհանուր լեզու մտցրեց. դա համահունական լեզուն էր՝ կոյնեն։
Մ.թ.ա. երրորդ դարում Ալեքսանդրիայում բնակություն հաստատեցին բազմաթիվ հրեաներ։ Նրանցից շատերը, որ բաբելոնական գերությունից հետո ապրել էին Պաղեստինից դուրս՝ առանձին համայնքներով, տեղափոխվեցին Ալեքսանդրիա։ Արդյո՞ք նրանք լավ գիտեին եբրայերեն լեզուն։ Մի հանրագիտարանում ասվում է. «Հայտնի է, որ Բաբելոնի գերությունից հետո հրեաները բավականին կորցրել էին հին եբրայերենի իրենց իմացությունը։ Պաղեստինի սինագոգներում Մովսեսի գրքերի բացատրությունը տրվում էր քաղդեերեն լեզվով.... Իսկ Ալեքսանդրիայի հրեաներն, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ գիտեին եբրայերեն. նրանց լեզուն Ալեքսանդրիայում ընդունված հունարենն էր» («McClintock and Strong’s Cyclopedia»)։ Ակնհայտ է, ուրեմն, որ այնտեղ պայմանները հասունացել էին Եբրայերեն Գրությունները հունարեն թարգմանելու համար։
Արիստոբուղոսը (հրեա, որ ապրել է մ.թ.ա. երկրորդ դարում) գրում է, որ Հրեական օրենքը սկսեց թարգմանվել հունարեն և իր ավարտին հասցվեց Պտղոմեոս Փիլադելփոսի օրոք (մ.թ.ա. 285–246)։ Տարբեր կարծիքներ կան այն հարցի վերաբերյալ, թե «օրենք» ասելով՝ ինչ նկատի ուներ Արիստոբուղոսը։ Ոմանք գտնում են, որ նա խոսում էր միայն «Հնգամատյանի» մասին, ոմանք էլ՝ ողջ Եբրայերեն Գրությունների։
Ինչևէ, համաձայն ավանդության՝ մոտ 72 հրեա գիտնականներ կատարեցին Սուրբ Գրությունների առաջին գրավոր թարգմանությունը՝ եբրայերենից հունարեն։ Ավելի ուշ այդ թիվը կլորացվեց, և թարգմանությունը կոչվեց «Յոթանասնից» ու նշանագրվեց LXX (70) հռոմեական թվով։ Մ.թ.ա. երկրորդ դարի վերջում արդեն Եբրայերեն Գրությունների բոլոր գրքերը մատչելի էին հունարենով։ Եվ այսպես՝ «Յոթանասնից» անվանումը սկսեց վերաբերել հունարեն թարգմանված Եբրայերեն Գրություններին ամբողջությամբ։
Օգտակար՝ առաջին դարում
«Յոթանասնիցը» լայնորեն օգտագործվում էր հունախոս հրեաների շրջանում թե՛ Հիսուս Քրիստոսից ու նրա առաքյալներից առաջ, թե՛ նրանց օրերում։ Մ.թ. 33 թ.–ի Պենտեկոստեին Երուսաղեմում հավաքված հրեաներից ու պրոզելիտներից շատերը եկել էին Ասիա պրովինցիայից, Եգիպտոսից, Լիբիայից, Հռոմից և Կրետեից. շրջաններ, որտեղ մարդիկ խոսում էին հունարեն։ Անկասկած, նրանք սովորության համաձայն օգտվում էին «Յոթանասնից» թարգմանությունից (Գործք 2։9–11)։ Ուստի այդ թարգմանությունը առաջին դարում մեծ դեր է խաղացել բարի լուրի տարածման գործում։
Օրինակ՝ Կիրենայից, Ալեքսանդրիայից, Կիլիկիայից և Ասիայից եկած մարդկանց հետ խոսելիս Ստեփանոս աշակերտն ասաց. «Յովսէփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայր Յակոբին, եւ բոլոր ազգատոհմին [Քանանից]՝ եօթանասունեւհինգ հոգի» (Գործք 6։8–10; 7։12–14)։ Եբրայերեն տեքստում Ծննդոց 46–րդ գլխում արձանագրված այս խոսքերի համաձայն՝ Հովսեփի ազգականները թվով յոթանասուն էին։ Մինչդեռ «Յոթանասնիցում» ասվում է, որ նրանք յոթանասունհինգ հոգի էին։ Ակնհայտ է, ուրեմն, որ Ստեփանոսը մեջբերում էր արել «Յոթանասնից» թարգմանությունից (Ծննդոց 46։20, 26, 27)։
Փոքր Ասիայով ու Հունաստանով իր երկրորդ ու երրորդ միսիոներական ուղևորությունները կատարելու ընթացքում Պողոս առաքյալը քարոզեց բազում աստվածապաշտ ոչ հրեաների և ‘աստվածավախ հույների’ (Գործք 13։16, 26; 17։4)։ Այդ մարդիկ աստվածավախ էին դարձել, այսինքն՝ սկսել էին պաշտել Աստծուն շնորհիվ այն բանի, որ որոշ գիտելիքներ էին ձեռք բերել նրա մասին. և այդ հարցում նրանց օգնել էր «Յոթանասնիցը»։ Պողոսը հաճախ դիմում էր հենց այդ թարգմանության օգնությանը, երբ քարոզում էր հունախոս մարդկանց (Ծննդոց 22։18; Գաղատացիս 3։8)։
Քրիստոնեական Հունարեն Գրություններում մոտ 320 անգամ ուղղակիորեն մեջբերվում են հատվածներ Եբրայերեն Գրություններից, իսկ ընդհանուր առմամբ՝ այնտեղ կա գրեթե 890 մեջբերում՝ թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի, մեծամասնությունը՝ «Յոթանասնից»–ից։ Այսպիսով՝ Աստծո կողմից ներշնչված Քրիստոնեական Հունարեն Գրությունների մաս են դարձել հենց այդ թարգմանությունից, և ոչ թե եբրայերեն ձեռագրերից վերցված մեջբերումները։ Ի՜նչ ուշագրավ հանգամանք։ Հիսուսը կանխագուշակել էր, որ Թագավորության բարի լուրը քարոզվելու է ողջ աշխարհում (Մատթէոս 24։14)։ Դա իրականացնելու համար Եհովան այնպես արեց, որ իր ներշնչած Խոսքը թարգմանվի տարբեր լեզուներով, որպեսզի համայն աշխարհում մարդիկ կարողանան կարդալ այն։
Օգտակար՝ այսօր
«Յոթանասնիցը» մինչև օրս էլ շատ արժեքավոր է, քանզի օգնում է բացահայտել աննկատ կերպով եբրայերեն ձեռագրեր ներթափանցած և հետագայում այդ ձևով էլ արտագրված սխալները։ Քննենք մի օրինակ։ Ծննդոց 4։8–ում (ԷԹ) կարդում ենք. «Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան»։
Չակերտներում գրված մասը՝ «Արի գնանք դաշտ», չի հանդիպում մ.թ. տասներորդ դարով թվագրված եբրայերեն ձեռագրերում, բայց հանդիպում է «Յոթանասնիցի» ձեռագրերում, որ ավելի հին են, և մի քանի վաղեմի աղբյուրներում։ Թեև եբրայերեն տեքստում կա այն բառը, որին սովորաբար հետևում է ուրիշի ուղղակի խոսքը, նրանից հետո ոչինչ չի գրված։ Ի՞նչ կարող էր պատահած լինել։ Ծննդոց 4։8–ում «դաշտ» թարգմանված եբրայերեն բառով են վերջանում երկու իրար հաջորդող մտքեր, ուստի համաձայն վերը հիշատակված հանրագիտարանի՝ «հրեա գրագրին, ըստ երևույթին, շփոթության մեջ է գցել [նույն այդ] բառը.... որով երկու մտքերն էլ վերջանում են»։ Կարելի է ենթադրել, որ գրագիրը բաց է թողել վերևի «դաշտ» բառը։ Ինչպես տեսնում ենք, «Յոթանասնիցը» և մինչ օրս գոյություն ունեցող այլ հին ձեռագրեր շատ օգտակար են, քանի որ օգնում են բացահայտել հետագայում եբրայերեն տեքստ ներթափանցած սխալները։
Պետք է նշել, սակայն, որ «Յոթանասնիցի» ձեռագրերում նույնպես կան սխալներ, և երբեմն դրանք ուղղելու համար օգտագործվում է եբրայերեն տեքստը։ Այսպիսով՝ համեմատելով եբրայերեն ձեռագրերը հունարեն և այլ լեզուներով կատարված թարգմանությունների հետ՝ հնարավոր է լինում բացահայտել թարգմանչի և գրագրի կողմից թույլ տված սխալները։ Իսկ դա իր հերթին նպաստում է, որ ավելացնենք մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Աստծո Խոսքը ճշգրտությամբ է փոխանցվել։
«Յոթանասնից» թարգմանության մինչև օրս պահպանված ամբողջական օրինակները թվագրվում են մ.թ. չորրորդ դարով։ Այդ ձեռագրերում և հետագայում արտագրված օրինակներում չի հանդիպում Եհովա անունը՝ եբրայերենում քառագրով (ՅՀՎՀ) ներկայացված։ Քառագրի փոխարեն՝ բոլոր տեղերում օգտագործվում են «Աստված» և «Տեր» բառերը։ Մոտ 50 տարի առաջ, սակայն, Պաղեստինում հայտնաբերվեց մի բան, որը լուծեց այս խնդիրը։ Մեռյալ ծովի արևմտյան ափի քարայրների հետազոտման ժամանակ հայտնաբերվեցին հին մագաղաթի կտորներ։ Մագաղաթը պարունակում էր 12 մարգարեների գրքերը (Ովսէէից՝ Մաղաքիա)՝ գրված հունարենով։ Գրվածքները թվագրվեցին մ.թ.ա. 50 թ.–ից–մ.թ. 50 թ.–ով։ Այդ ձեռագրերում, որ ավելի հին էին, քառագիրը փոխարինված չէր «Տեր» և «Աստված» բառերով, և դա ապացույցն էր այն բանի, որ «Յոթանասնից» թարգմանության վաղ օրինակներում օգտագործվել է Աստծո անունը։
1971 թ.–ին լույս տեսավ մի հրատարակություն, որում ներկայացված էին հատվածներ մի հին պապիրուսից («Fouad 266 papyri»)։ Ի՞նչ հնարավոր եղավ բացահայտել «Յոթանասնից» թարգմանության այս հատվածներից, որ թվագրվում են մ.թ.ա. երկրորդից առաջին դարերով։ Աստծո անունը պահպանվել էր նաև այնտեղ։ Դրանով հիմնավորապես ապացուցվեց, որ Հիսուսն ու նրա առաջին աշակերտները գիտեին և օգտագործում էին Աստծո անունը։
Այսօր Աստվածաշունչը պատմության մեջ ամենաշատ թարգմանված գիրքն է։ Աշխարհի բնակչության ավելի քան 90 տոկոսը հնարավորություն ունի այդ գրքի գոնե մի մասը իր իսկ լեզվով կարդալու։ Մենք հատկապես երախտապարտ ենք ճշգրտորեն կատարված «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանության» համար, որ մասամբ թե ամբողջովին մատչելի է ավելի քան 40 ժամանակակից լեզուներով։ Գոյություն ունի նաև «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանություն» մեջբերումներով։ Այն իր մեջ ներառում է հարյուրավոր ծանոթագրություններ, որ վկայակոչում են «Յոթանասնիցը» կամ այլ հին ձեռագրեր։ Իրոք որ, «Յոթանասնիցը» առ այսօր շարունակում է մնալ Աստվածաշունչն ուսումնասիրողների հետաքրքրության առարկան և բարձր է գնահատվում նրանց կողմից։
[նկար 26–րդ էջի վրա]
Փիլիպպոսը բացատրեց «Յոթանասնից» թարգմանությունից ընթերցված մի հատված
[նկարներ 29–րդ էջի վրա]
Պողոս առաքյալը հաճախ էր մեջբերումներ անում «Յոթանասնից» թարգմանությունից