Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարանի» վերջին համարներն ընթերցելուց։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
• Ո՞ւմ հետևորդների կողմից առաջ քաշվեց նախասահմանության ուսմունքը։
Կալվինականությունը առաջ է քաշել նախասահմանության ուսմունքը։ Եկեղեցու ռեֆորմատոր համարվող Ժան Կալվինի ուսմունքները ծաղկում են բողոքականության տարբեր ուղղություններում՝ ռեֆորմատական, պրեսբիտերական, կոնգրեգացիոնալ և պուրիտան եկեղեցիներում (9/1, էջ 18–21)։
• Որտեղի՞ց Կայենը կին գտավ իր համար։
Կայենի կինը սերել է Եվայից, քանի որ Ադամն ու Եվան ունեցել են «որդիներ և աղջիկներ» (Ծննդ. 5։4; 9/1, էջ 25)։
• Իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից ազատելու համար Եհովան ո՞ր հրեշտակին ուղարկեց (Ելք 23։20, 21)։
Հիմքեր կան վստահ լինելու, որ Եհովայի անունը կրող հրեշտակը Աստծու անդրանիկ Որդին էր, որը հետագայում երկրի վրա հայտնի դարձավ Հիսուս անունով (9/15, էջ 21)։
• Ինչո՞ւ է Աստվածաշնչի «1 Կորնթացիներ» գրքում խոսվում կուռքերին զոհաբերված մսի մասին։
Կենդանական զոհեր մատուցելը հունական և հռոմեական տաճարներում կատարվող հիմնական արարողությունն էր, սակայն զոհաբերված կենդանիների ամբողջ միսը չէին ուտում։ Մնացած միսը տաճարից տարվում էր շուկա։ Ճիշտ է, քրիստոնյաները չպետք է մասնակցեին հեթանոսական երկրպագությանը, սակայն պետք է հասկանային, որ շուկայում վաճառվող զոհաբերված միսը պիղծ չէր։ Պողոս առաքյալն ասաց. «Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով կերեք, որովհետև «Եհովայինն է երկիրը և նրանում եղող ամեն բան»» (1 Կորնթ. 10։25, 26; 10/1, էջ 12)։
• Ճշմարիտ երկրպագության հետ կապված՝ ո՞ր արդարացումներն են անընդունելի Աստծուն։
«Շատ դժվար է։ Ես չեմ ուզում։ Ես շատ զբաղված եմ։ Ես համապատասխան ունակություններ չունեմ։ Ինձ նեղացրել են»։ Դրանք հիմնավոր պատճառաբանություններ չեն, որ չկատարենք Աստծու հրահանգները (10/15, էջ 12–15)։
• Ինչպե՞ս կարող ես քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնել քեզ և ուրիշների համար։
Նախօրոք պատրաստվիր։ Կանոնավորաբար հաճախիր։ Ժամանակին արի։ Բեր անհրաժեշտ իրերը։ Մի՛ շեղվիր։ Մասնակցիր։ Կարճ մեկնաբանություններ տուր։ Կատարիր հանձնարարություններդ։ Գովիր մասնակիցներին։ Շփվիր հանդիպումներից առաջ և հետո (10/15, էջ 22)։
• Աստվածաշնչյան ո՞ր պատմության մեջ է խոսվում բորոտությամբ հիվանդ մարդու մասին, որին օգնեց իսրայելացի աղջիկը։
Երկրորդ Թագավորներ 5-րդ գլուխը պատմում է մի իսրայելացի աղջկա մասին, որը Ասորիքի բանակի զորագլուխ Նեեմանի տանը ծառա էր։ Նեեմանը տառապում էր մի հիվանդությամբ, որը ներկայումս կոչվում է Հանսենի հիվանդություն։ Այդ աղջկա խորհրդով նա գնում է Եղիսե մարգարեի մոտ և բուժվում է (11/1, էջ 22)։
• Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Ահարոնը տեղի տվեց շրջապատի ճնշմանը։
Երբ Մովսեսը ներկա չէր, իսրայելացիները դրդեցին Ահարոնին մի աստված պատրաստելու իրենց համար։ Նա փոխզիջման գնաց ու պատրաստեց այն։ Սա ցույց է տալիս, որ ուրիշների ճնշմանը ենթարկվում են ոչ միայն պատանիները, այլև նույնիսկ տարիքով ավելի մեծ մարդիկ, ովքեր ուզում են ճիշտն անել։ Մենք պետք է դիմադրենք հասակակիցների ճնշմանը (11/15, էջ 8)։
• Ի՞նչն է ճիշտ և ի՞նչը ոչ։
Սատանան իրական անձնավորություն է. ճիշտ է (2 Կորնթ. 11։14)։ Մահից հետո բոլորը անցնում են ոգեղեն ոլորտ. ճիշտ չէ (Ժող. 9։5)։ Հավատարիմ հրեշտակները հետաքրքրված են մեր բարօրությամբ. ճիշտ է (Սաղ. 34։7)։ Հիսուսը հավասար է Աստծուն. ճիշտ չէ (1 Կորնթ. 11։3; 12/1, էջ 8, 9)։