ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 12
Կարեկից եղիր և զգա դիմացինիդ ցավը
«Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից.... խորապես կարեկցող» (1 ՊԵՏ. 3։8)։
ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչո՞ւ է հաճելի, երբ մեզ շրջապատում են այնպիսի հատկությունների տեր մարդիկ, ինչպիսիք նշված են 1 Պետրոս 3։8-ում։
ԲՈԼՈՐԻՍ էլ հաճելի է, երբ մեզ շրջապատում են կարեկից ու հոգատար մարդիկ։ Նրանք ձգտում են մտնել մեր դրության մեջ և հասկանալ, թե ինչ ենք մտածում ու զգում։ Այդ մարդիկ գլխի են ընկնում, թե մեզ ինչ է պետք, և օգնության ձեռք են մեկնում, երբեմն նույնիսկ նախքան մեր խնդրելը։ Ինչ խոսք, մենք անչափ երախտապարտ ենք նրանց, ովքեր ցավակից են և կարեկցում ենb մեզ (կարդա 1 Պետրոս 3։8)։
2. Ինչո՞ւ պետք է սովորենք կարեկից լինել։
2 Որպես քրիստոնյաներ՝ մենք ուզում ենք կարեկից ու սրտացավ լինել։ Սակայն անկեղծ ասած՝ այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ մենք անկատար ենք և ի ծնե հակված ենք ավելի շատ մեր մասին մտածելու (Հռոմ. 3։23)։ Ուստի պետք է պայքարենք այդ հակման դեմ։ Մեզանից ոմանք էլ դժվարանում են կարեկից լինել իրենց անցյալի կամ դաստիարակության պատճառով։ Հնարավոր է նաև, որ մեզ վրա ազդեցություն է գործում մեր շուրջն ապրող մարդկանց մտայնությունը։ Այս «վերջին օրերում» շատերին չի էլ հետաքրքրում, թե ինչ են զգում մյուսները, քանի որ, ինչպես նշված է Աստվածաշնչում, նրանք «անձնասեր» են (2 Տիմոթ. 3։1, 2)։ Ուրեմն ի՞նչը կարող է օգնել, որ չնայած այս ամենին՝ սովորենք կարեկից լինել։
3. ա) Ինչպե՞ս կարող ենք ավելի կարեկից դառնալ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Մենք կկարողանանք կարեկից լինել, եթե ընդօրինակենք Եհովա Աստծուն ու նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Եհովան սիրո Աստված է և կարեկցանք դրսևորելու հարցում մեծագույն օրինակն է (1 Հովհ. 4։8)։ Իսկ Հիսուսը կատարելապես արտացոլել է իր Հոր էությունը (Հովհ. 14։9)։ Երկրի վրա եղած ժամանակ նա ցույց է տվել, թե մարդն ինչպես կարող է կարեկցանք դրսևորել։ Այս հոդվածում նախ կքննենք, թե ինչպես են Եհովան ու Հիսուսը կարեկից եղել, ապա կտեսնենք, թե ինչպես կարող ենք հետևել նրանց օրինակին։
ԵՀՈՎԱՅԻ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՕՐԻՆԱԿՆԵՐ
4. Եսայիա 63։7–9 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան կարեկցում է իր ծառաներին։
4 Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան զգում է իր ծառաների ցավը։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե նա ինչ էր զգում, երբ իսրայելացիները տառապանքներ էին կրում։ «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում»,— գրված է Սուրբ Գրքում (կարդա Եսայիա 63։7–9)։ Ավելի ուշ Եհովան Զաքարիա մարգարեի միջոցով ասաց, որ երբ իր ժողովրդի հետ վատ են վերաբերվում, դա նույնն է, ինչ ի՛ր հետ են վատ վերաբերվում։ Նա իր ծառաներին ասաց. «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (Զաք. 2։8)։ Ի՜նչ տպավորիչ օրինակ։ Մեր երկնային Հայրը խորապես կարեկցում է իր ժողովրդին։
5. Եհովան ինչպե՞ս է օգնել իր ծառաներին, ովքեր դժվար իրավիճակում են եղել։
5 Եհովան ոչ միայն կարեկցանք է զգում իր ծառաների հանդեպ, ովքեր տառապում են, այլև օգնում է նրանց։ Օրինակ, երբ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկ էին և չարչարանքներ էին կրում, Աստված հասկացավ նրանց ցավը և մղվեց թեթևացնելու այն։ Նա Մովսեսին ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը.... և լսեցի.... նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները։ Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց եգիպտացիների ձեռքից» (Ելք 3։7, 8)։ Կարեկցանքից մղված՝ Եհովան իսրայելացիներին ազատեց ստրկությունից։ Իսկ ինչպե՞ս էր Աստված արձագանքում, երբ իսրայելացիները Ավետյաց երկրում հարձակումների էին ենթարկվում թշնամիների կողմից։ Նա «խղճում էր նրանց, երբ լսում էր կեղեքողների ու չարչարողների պատճառով նրանց հեծեծանքը»։ Եհովայի սրտացավությունը կրկին ու կրկին մղում էր նրան օգնել իր ժողովրդին։ Նա դատավորներ էր նշանակում և նրանց միջոցով թշնամիների ձեռքից փրկում էր իսրայելացիներին (Դատ. 2։16, 18)։
6. Եհովան ինչպե՞ս է ցույց տվել, որ հաշվի է առնում իր ծառաների զգացմունքները, անգամ երբ նրանց մտածելակերպը սխալ է եղել։
6 Եհովան հաշվի է առնում իր ծառաների զգացմունքները, անգամ երբ նրանց մտածելակերպը որոշ հարցերում սխալ է։ Նկատի առնենք Հովնանի օրինակը։ Աստված ուղարկեց իր այս մարգարեին, որ դատաստանական լուր քարոզի Նինվեի բնակիչներին։ Երբ այդ մարդիկ զղջացին իրենց արածների համար, Աստված որոշեց ողորմել նրանց։ Սակայն այդ որոշումը Հովնանին դուր չեկավ։ Նա «խիստ վրդովվեց», քանի որ կործանման մասին իր մարգարեությունը չկատարվեց։ Բայց Եհովան շատ համբերատար գտնվեց Հովնանի հանդեպ և օգնեց նրան փոխել իր մտածելակերպը (Հովն. 3։10–4։11)։ Ժամանակի ընթացքում մարգարեն ընդունեց այդ խրատը, և Աստված մեր օգտի համար նրան գրել տվեց այդ պատմությունը (Հռոմ. 15։4)։c
7. Եհովայի սրտացավ վերաբերմունքը ի՞նչ է փաստում։
7 Եհովայի սրտացավ վերաբերմունքը փաստում է, որ նա խորապես կարեկցում է իր ծառաներին։ Մեր երկնային Հայրը հասկանում է յուրաքանչյուրիս ցավը և գիտի, թե ինչ տառապանքներ ենք կրում։ Չէ՞ որ նա «ճանաչում է մարդկանց որդիների սրտերը» (2 Տար. 6։30)։ Աստված տեսնում է մեր ամենախոր մտքերն ու զգացմունքները և լավատեղյակ է մեր հանգամանքներին։ Նա «թույլ չի տա, որ [մեր] կարողությունից վեր փորձվենք» (1 Կորնթ. 10։13)։ Որքա՜ն մխիթարական է այս խոստումը։
ՀԻՍՈՒՍԻ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՕՐԻՆԱԿՆԵՐ
8–10. Ի՞նչն է նպաստել, որ Հիսուսը այդքան հոգատար դառնա։
8 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը մեծ հոգատարությամբ էր վերաբերվում մարդկանց։ Ամենաքիչը երեք պատճառ կար, թե ինչու էր նա այդքան հոգատար ու նրբանկատ։ Առաջին, ինչպես արդեն ասվեց, Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր երկնային Հոր հատկությունները։ Եհովայի պես նա էլ էր շատ սիրում մարդկանց։ Թեև Հիսուսին ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա Եհովային օգնել էր ստեղծել, սակայն նրան հատկապես ուրախացնում էր այն, ինչ «մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակ. 8։31)։ Եվ այդ սերը Հիսուսին մղում էր ուշադիր լինել մարդկանց զգացմունքների նկատմամբ։
9 Երկրորդ՝ Եհովայի պես Հիսուսը կարողանում էր տեսնել, թե ինչ կա մարդու սրտում, այսինքն՝ ինչ մղումներ ու զգացմունքներ ունի նա (Մատթ. 9։4; Հովհ. 13։10, 11)։ Ուստի երբ Հիսուսը նկատում էր, որ մարդու սիրտը կոտրված է, կարեկցանքից մղված՝ մխիթարում էր նրան (Ես. 61։1, 2; Ղուկ. 4։17–21)։
10 Երրորդ՝ Հիսուսն ինքն էլ է կրել դժվարություններ, որոնց բախվում են մարդիկ։ Օրինակ՝ նա մեծացել է աղքատ ընտանիքում։ Եվ իր հոր՝ Հովսեփի հետ աշխատելիս հասկացել է, թե ինչ է նշանակում ֆիզիկական ծանր աշխատանք անել (Մատթ. 13։55; Մարկ. 6։3)։ Նա նաև գիտեր, թե ինչ ցավ է պատճառում հարազատի մահը, քանի որ Հովսեփը, ըստ ամենայնի, մահացել է նրա ծառայության սկսվելուց որոշ ժամանակ առաջ։ Բացի այդ, Հիսուսը գիտեր, թե ինչ է զգում այն մարդը, ում ընտանիքի անդամները կրոնական այլ համոզմունքներ ունեն (Հովհ. 7։5)։ Այս ամենը օգնել է նրան հասկանալ, թե ինչ դժվարություններ ունեն մարդիկ և ինչ են զգում։
11. Հիսուսի հոգատարությունը հատկապես ե՞րբ ակնհայտ դարձավ (տես ամսագրի շապիկի նկարը)։
11 Հիսուսի հոգատարությունը հատկապես ակնհայտ դարձավ, երբ նա սկսեց հրաշքներ գործել։ Հիսուսը պարտքի զգացումից չէր, որ հրաշքներ էր անում։ Նա խղճում էր մարդկանց՝ տեսնելով նրանց տառապանքը (Մատթ. 20։29–34; Մարկ. 1։40–42)։ Օրինակ՝ մտածիր, թե նա ինչու խուլ մարդուն ամբոխից մի կողմ տարավ ու նոր բուժեց կամ թե ինչու հարություն տվեց այրու մինուճար որդուն (Մարկ. 7։32–35; Ղուկ. 7։12–15)։ Այո՛, կարեկցանքն էր, որ Հիսուսին մղեց օգնել նրանց։
12. Հովհաննես 11։32–35 համարների համաձայն՝ Հիսուսն ինչպե՞ս ցավակից եղավ Մարթային ու Մարիամին։
12 Հիսուսը ցավակից եղավ նաև Մարթային ու Մարիամին։ Երբ նա տեսավ, թե ինչպես են այդ քույրերը սգում իրենց եղբոր՝ Ղազարոսի մահը, իր «աչքերից արցունքներ հոսեցին» (կարդա Հովհաննես 11։32–35)։ Նա գիտեր, որ շուտով հարություն է տալու Ղազարոսին։ Բայց լաց եղավ, քանի որ հասկացավ և իր սրտում զգաց այն ցավը, որ իր մտերիմ ընկերները զգում էին իրենց եղբոր մահվան պատճառով։
13. Ինչո՞ւ ենք քաջալերվում՝ իմանալով, որ Հիսուսը խոր կարեկցանք է ցուցաբերել մարդկանց նկատմամբ։
13 Մենք շատ ենք քաջալերվում, երբ հասկանում ենք, թե Հիսուսն ինչ կարեկցանքով էր վերաբերվում մարդկանց։ Դա ավելի է մեծացնում մեր սերը նրա նկատմամբ (1 Պետրոս 1։8)։ Որքա՜ն հաճելի է իմանալ, որ նա այժմ իշխում է որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Շուտով Հիսուսը վերջ կդնի տառապանքին։ Նա շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է բուժել այն վերքերը, որ մարդկությունը ստացել է Սատանայի իշխանության օրոք, չէ՞ որ մի ժամանակ նա ևս մարդ է եղել։ Իսկապես որ, մեծ օրհնություն է ունենալ այնպիսի Թագավոր, որը «ցավակից [է] մեր թուլություններին» (Եբր. 2։17, 18; 4։15, 16)։
ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՀԻՍՈՒՍԻՆ
14. Եփեսացիներ 5։1, 2 համարները մեզ ի՞նչ անելու են մղում։
14 Երբ մտորում ենք Եհովայի և Հիսուսի օրինակների շուրջ, մղվում ենք ավելի կարեկից լինել (կարդա Եփեսացիներ 5։1, 2)։ Ճիշտ է, մենք նրանց պես չենք կարող տեսնել, թե ինչ կա մարդկանց սրտում, սակայն կարող ենք փորձել հասկանալ, թե ինչ են ուրիշները զգում և ինչի կարիք ունեն (2 Կորնթ. 11։29)։ Ի տարբերություն այս եսասեր աշխարհի՝ մենք ձգտում ենք «ոչ միայն [մեր] շահը փնտրել, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպ. 2։4)։
15. Հատկապես ովքե՞ր պետք է կարեկից լինեն։
15 Հատկապես ժողովի երեցները պետք է կարեկից լինեն։ Նրանք գիտեն, որ հաշիվ պիտի տան իրենց հոգածությանը հանձնված գառնուկների համար (Եբր. 13։17)։ Իրենց հավատակիցներին օգնելու համար երեցները պետք է հասկացող ու սրտացավ լինեն։ Ինչպե՞ս։
16. Կարեկից երեցը ի՞նչ է անում, և ինչո՞ւ է դա կարևոր։
16 Կարեկից երեցը ժամանակ է հատկացնում իր եղբայրների և քույրերի հետ շփվելու համար։ Երբ հավատակիցը խոսում է, նա ուշադրությամբ ու համբերությամբ լսում է և հարցեր է տալիս։ Սա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ Եհովայի թանկագին գառնուկը ուզում է բացել իր սիրտը, բայց դժվարանում է ձևակերպել իր մտքերը (Առակ. 20։5)։ Պատրաստակամորեն ժամանակ տրամադրելով հավատակիցներին՝ երեցը շահում է նրանց վստահությունն ու սերը և ջերմ ընկերական կապեր է ստեղծում նրանց հետ (Գործ. 20։37)։
17. Շատ եղբայրներ ու քույրեր երեցների մեջ ամենից շատ ո՞ր հատկությունն են արժևորում։ Բեր օրինակ։
17 Շատ եղբայրներ ու քույրեր ասել են, որ երեցների մեջ ամենից շատ կարեկցանքն են արժևորում։ Ինչո՞ւ։ «Կարեկից երեցի հետ ավելի հեշտ է զրուցել, քանի որ գիտես, որ նա կհասկանա քեզ»,— ասում է Ադելաիդա անունով մի քույր։ Նա ավելացնում է. «Այդպիսի երեցի սրտացավությունը զգացվում է այն բանից, թե նա ինչպես է արձագանքում, երբ խոսում ես»։ Մի եղբայր էլ, ում տպավորել է ցավակից երեցի վերաբերմունքը, պատմում է. «Երբ նկարագրում էի իմ իրավիճակը, երեցի աչքերը արցունքներով լցվեցին։ Երբեք դա չեմ մոռանա» (Հռոմ. 12։15)։
18. Ինչպե՞ս կարող ենք կարեկցանք զարգացնել։
18 Իհարկե, միայն երեցները չեն, որ պետք է կարեկից լինեն։ Բոլորս էլ կարող ենք զարգացնել այս հատկությունը։ Ինչպե՞ս։ Փորձիր հասկանալ, թե ընտանիքիդ անդամները և հավատակիցներդ ինչ դժվարությունների միջով են անցնում։ Հետաքրքրվիր ժողովի պատանիներով, տարեցներով, առողջական խնդիրներ ունեցող կամ հարազատ կորցրած մարդկանցով։ Հարցրու նրանց որպիսությունը։ Ուշադիր լսիր, երբ նրանք պատմում են իրենց մասին։ Թող նրանք զգան, որ իսկապես հասկանում ես իրենց։ Առաջարկիր քո օգնությունը, եթե որևէ հարցում կարող ես աջակցել։ Այդպես վարվելով՝ մենք գործով կապացուցենք մեր անկեղծ սերը (1 Հովհ. 3։18)։
19. Ինչո՞ւ պետք է նրբանկատ ու լայնախոհ լինենք, երբ փորձում ենք օգնել ուրիշներին։
19 Մենք պետք է նրբանկատ ու լայնախոհ լինենք, երբ փորձում ենք օգնել ուրիշներին։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ տարբեր ձևով են արձագանքում դժվարություններին։ Ոմանք անկաշկանդ խոսում են իրենց խնդիրներից, իսկ ոմանք չեն սիրում խոսել դրանց մասին։ Ուստի, չնայած որ մենք ուզում ենք օգնել նրանց, պետք է զգույշ լինենք, որ խիստ անձնական հարցեր չտանք (1 Թեսաղ. 4։11)։ Երբ մարդը մեր առաջ բացում է իր սիրտը, գուցե նկատենք, որ ոչ միշտ ենք համաձայն նրա արտահայտած մտքերին։ Սակայն նման դեպքերում պետք է ընդունենք, որ նա այդպես է զգում։ Այո՛, մենք պետք է «արագ լինենք լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Մատթ. 7։1; Հակ. 1։19)։
20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
20 Ժողովում կարեկցանք դրսևորելը շատ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ այս գրավիչ հատկությունը ցուցաբերել նաև ծառայության ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Այս հարցի պատասխանը կքննենք հաջորդ հոդվածում։
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
a Եհովան և Հիսուսը խորապես կարեկից են և սրտացավ։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանց օրինակից։ Նաև կքննարկենք, թե ինչու պետք է կարեկից լինենք և ինչպես։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Կարեկցել նշանակում է մասնակից լինել ուրիշի կարիքին, նեղությանը և հոգեկան ապրումներին, ձգտել հասկանալ ու զգալ այն, ինչ նա է զգում (Հռոմ. 12։15)։ Ցավակից լինել նշանակում է զգալ դիմացինի ցավը, նրա ցավին ու վշտին մասնակից լինել։
c Եհովան կարեկցանք է ցուցաբերել նաև իր մյուս ծառաների նկատմամբ, ովքեր վհատված կամ վախով համակված են եղել։ Նրանցից են Աննան (1 Սամ. 1։10–20), Եղիան (1 Թագ. 19։1–18) և Աբդիմելեքը (Երեմ. 38։7–13; 39։15–18)։
d ՆԿԱՐ։ Թագավորության սրահում տեղի ունեցող հանդիպումները ջերմ շփման բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում։ Տեսնում ենք, որ 1) երեցներից մեկը ջերմորեն զրուցում է մի պատանի քարոզչի և նրա մոր հետ, 2) հայրն ու իր դուստրը մի տարեց քրոջ օգնում են մեքենա նստել, 3) երկու երեց ուշադիր լսում են մի քրոջ, ով խորհուրդ է հարցնում իրենցից։