Խուսափի՛ր տրտնջալուց
«Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի» (ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2։14)։
1, 2. Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոս առաքյալը փիլիպպեցի և կորնթացի քրիստոնյաներին, և ինչո՞ւ։
ՊՈՂՈՍ առաքյալը, Աստծուց ներշնչված, գովասանքի շատ խոսքեր գրեց Փիլիպպեի քրիստոնեական ժողովին։ Նա գովեց իր հավատակիցներին նրանց առատաձեռնության ու եռանդի համար, ինչպես նաև հայտնեց իր ուրախությունը նրանց բարի գործերի համար։ Բայցևայնպես, Պողոսը մի հիշեցում տվեց նրանց՝ ասելով. «Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի» (Փիլիպպեցիս 2։14)։ Ինչո՞ւ առաքյալը նման խորհուրդ տվեց։
2 Պողոսը լավ գիտեր, թե տրտնջալը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Մի քանի տարի առաջ նա Կորնթոսի ժողովին գրել էր, որ տրտունջը կարող է վտանգավոր լինել, և հիշեցրել էր, որ անապատում իսրայելացիները բազմիցս բարկացրել էին Եհովային։ Ի՞նչ էին արել նրանք։ Իսրայելացիները ‘չար բաներ էին ցանկացել’, կռապաշտությամբ և պոռնկությամբ զբաղվել, փորձել էին Եհովային և տրտնջացել նրա դեմ։ Պողոսը կորնթացիներին քաջալերեց դասեր քաղել այդ օրինակներից։ Նա գրեց. «Չ’տրտնջաք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան» (Ա Կորնթացիս 10։6–8, 9 ՆԱ, 10, 11)։
3. Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում տրտնջալու թեման։
3 Մենք՝ Եհովայի ժամանակակից ծառաներս, փիլիպպեցի քրիստոնյաների ոգին ենք դրսևորում։ Մենք փութաջանորեն բարի գործեր ենք կատարում և սիրում ենք միմյանց (Յովհաննէս 13։34, 35)։ Հասկանալով, թե հնում տրտնջալն ինչ վնասներ պատճառեց Աստծու ժողովրդին՝ մենք, անշուշտ, ցանկանում ենք հետևել Պողոսի տված խորհրդին. «Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի»։ Եկեք՝ նախ քննենք տրտնջալու վերաբերյալ սուրբգրային մի քանի օրինակ։ Այնուհետև կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի չտրտնջանք և վնասներ չկրենք։
‘Չար ժողովքը’ տրտնջում է Եհովայի դեմ
4. Ո՞րն էր իսրայելացիների տրտունջի պատճառը։
4 Այն եբրայերեն բառը, որը նշանակում է «տրտնջալ, փնթփնթալ, գանգատվել, քրթմնջալ», Աստվածաշնչում օգտագործվել է այն դեպքերի հետ կապված, որ տեղի են ունեցել իսրայելացիների հետ անապատում։ Երբեմն իսրայելացիները դժգոհ էին իրենց կյանքից և դա արտահայտում էին տրտունջով։ Օրինակ՝ Եգիպտոսի գերությունից ազատվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց «Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը անապատումը Մովսէսի եւ Ահարօնի դէմ տրտունջ արին»։ Իսրայելացիները բողոքում էին սննդից և ասում. «Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք» (Ելից 16։1–3)։
5. Ո՞ւմ դեմ էր իրականում ուղղված իսրայելացիների տրտունջը։
5 Իրականում Եհովան իսրայելացիներին տալիս էր այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեին. հոգատարություն դրսևորելով՝ Աստված նրանց ապահովում էր սննդով և ջրով։ Նրանց երբեք չէր սպառնում անապատում սովից մահանալու վտանգը։ Սակայն դժգոհության ոգի ցուցաբերելով՝ իսրայելացիները չափազանցրեցին իրենց վիճակը և սկսեցին տրտնջալ։ Թեև նրանց բողոքներն ուղղված էին Մովսեսի և Ահարոնի դեմ, սակայն Եհովան դիտում էր դա որպես անձամբ իր դեմ ուղղված գանգատ։ Մովսեսը իսրայելացիներին ասաց. «Եհովան լսած է իր դէմ ձեր արած տրտունջը. եւ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեզ դէմ չէ, այլ Եհովայի դէմ» (Ելից 16։4–8)։
6, 7. Համաձայն Թուոց 14։1–3-ի՝ մտավիճակի ի՞նչ փոփոխություն էր կատարվել իսրայելացիների մեջ։
6 Որոշ ժամանակ անց իսրայելացիները դարձյալ տրտնջացին։ Մովսեսը 12 մարդ ուղարկեց հետախուզելու Ավետյաց երկիրը։ Նրանցից տասը վերադարձան վատ լուրով։ Հետևա՞նքը։ «Տրտնջեցին Իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։ Եւ ի՞նչու համար Եհովան մեզ այս երկիրը [Քանան] բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք» (Թուոց 14։1–3)։
7 Որքա՜ն էր փոխվել իսրայելացիների մտավիճակը։ Երբ Եհովան ազատեց նրանց Եգիպտոսից և փրկեց՝ անցկացնելով Կարմիր ծովով, երախտագիտությունը մղեց նրանց երգով փառաբանելու Եհովային (Ելից 15։1–21)։ Սակայն բախվելով անապատային կյանքի դժվարություններին և վախենալով քանանացիներից՝ Աստծու ժողովուրդը, երախտագիտության փոխարեն, սկսեց դժգոհության ոգի դրսևորել։ Փոխանակ Եհովային շնորհակալություն հայտնելու ստրկությունից իրենց ազատելու համար՝ նրանք Աստծուն անհիմն կերպով մեղադրում էին զրկանքներ պատճառելու մեջ։ Նրանց տրտունջը վկայում էր երախտագիտության բացակայության մասին, այն դեպքում երբ Եհովան շատ բարիքներ էր արել նրանց համար։ Զարմանալի չէ, որ Աստված ասաց. «Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են» (Թուոց 14։27; 21։5)։
Տրտունջ՝ առաջին դարում
8, 9. Տրտնջանքի ի՞նչ օրինակներ կան Քրիստոնեական Հունարեն Գրություններում։
8 Հիշյալ օրինակներում տեսնում ենք, որ մարդիկ խմբովի բարձրաձայն տրտունջ են արտահայտել։ Երբ Հիսուս Քրիստոսը մ.թ. 32–ին եկավ Երուսաղեմ Տաղավարահարաց տոնին, «ժողովուրդին մէջ շատ շշնջիւն կար անոր վրայով» (Յովհաննէս 7։12 ԱԱ, 13, 32)։ Նրանք իրար հետ փսփսալով խոսում էին, և ոմանք ասում էին, որ նա լավ մարդ է, իսկ մյուսներն ասում էին, որ՝ ոչ։
9 Մի անգամ էլ Հիսուսն ու իր աշակերտները հյուրընկալվել էին մաքսահավաք Ղևիի, կամ՝ Մատթեոսի տանը։ «Նորանց դպիրները եւ Փարիսեցիները տրտնջում էին նորա աշակերտների մօտ եւ ասում. ի՞նչու էք մաքսաւորների հետ ուտում եւ խմում» (Ղուկաս 5։27–30)։ Այս դեպքից որոշ ժամանակ անց Գալիլեայում «հրէաներն էլ տրտնջում էին նորանից, որ [Հիսուսն] ասեց, թէ Ես եմ երկնքից իջած հացը»։ Նույնիսկ Հիսուսի որոշ հետևորդներ գայթակղվեցին նրա խոսքերից և սկսեցին տրտնջալ (Յովհաննէս 6։41, 61, 62)։
10, 11. Ինչո՞ւ էին հունախոս հրեաները տրտնջում, և ի՞նչ կարող են քրիստոնյա երեցները սովորել այն բանից, թե ինչպես այդ խնդիրը լուծվեց։
10 Սակայն տրտունջի մի դեպք, որը տեղի ունեցավ մ.թ. 33–ի Պենտեկոստեից շատ չանցած, դրական արդյունք ունեցավ։ Օտար երկրներից եկած շատ նորահավատ աշակերտներ վայելում էին Հրեաստանի հավատակիցների հյուրասիրությունը, բայց այնպես եղավ, որ սննդի բաշխման հետ կապված խնդիրներ ծագեցին։ Կարդում ենք. «Հելլենախօսների [հունախոս հրեաների] կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների [եբրայախոս հրեաների] դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում» (Գործք 6։1)։
11 Հունախոս հրեաները նման չէին անապատում տրտնջացող իսրայելացիներին։ Նրանք իրենց կացության վերաբերյալ չարտահայտվեցին եսասիրաբար, այլ պարզապես ուշադրություն հրավիրեցին այն բանի վրա, որ որոշ այրիների կարիքները անտեսվում էին։ Բացի այդ, հունախոս հավատացյալներն իրենց չպահեցին խռովարարների պես և ոչ էլ իրենց ձայնը բարձրացրին Եհովայի դեմ։ Նրանք իրենց գանգատն ուղղեցին առաքյալներին, որոնք իսկույն միջոցներ ձեռնարկեցին հարցը լուծելու համար, քանի որ բողոքն արդարացի էր։ Ի՜նչ լավ օրինակ են թողել առաքյալները քրիստոնյա երեցների համար։ Մերօրյա հոգևոր հովիվները զգուշանում են, որ իրենց ‘ականջը չխցեն աղքատի աղաղակի դեմ’ (Առակաց 21։13; Գործք 6։2–6)։
Զգուշացի՛ր տրտնջալու քայքայիչ ազդեցությունից
12, 13. ա) Օրինակով բացատրե՛ք տրտնջալու հետևանքները։ բ) Ի՞նչը կարող է դրդել անհատին տրտնջալու։
12 Մեր քննարկած սուրբգրային օրինակների մեծ մասը ցույց է տալիս, որ տրտունջը անցյալում շատ վնասներ է պատճառել Աստծու ժողովրդին։ Տրտնջալը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ նաև այսօր, ուստի մենք պետք է լրջորեն վերաբերվենք այդ հարցին։ Քննենք հետևյալ օրինակը։ Մետաղի շատ տեսակներ բնականից քայքայվելու հատկություն ունեն։ Եթե քայքայման առաջին նշաններն անտեսվեն, մետաղը կարող է այն աստիճան քայքայվել, որ այլևս պիտանի չի լինի։ Անհամար ավտոմեքենաներ աղբանոց են նետվում ոչ թե մեխանիկական անսարքության պատճառով, այլ որ նրանց մետաղը այնքան է քայքայվել, որ այլևս անվտանգ չէ այդ փոխադրամիջոցներով երթևեկելը։ Ի՞նչ կապ ունի այս օրինակը տրտնջալու հետ։
13 Ճիշտ ինչպես որոշ մետաղներ քայքայվելու հատկություն ունեն, այնպես էլ անկատար մարդիկ հակված են գանգատվելու։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ իսկույն մեր մեջ նշմարենք գանգատվելու ցանկացած նշան։ Ինչպես որ խոնավությունն ու աղը արագացնում են քայքայման պրոցեսը, այնպես էլ դժվարությունները դրդում են մեզ տրտնջալու։ Սթրեսի պատճառով աննշան գրգռվածությունը կարող է վերածվել մեծ դժգոհության։ Քանի որ այս համակարգի վերջին օրերում պայմանները գնալով վատանում են, գանգատվելու պատճառները թերևս կշատանան (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ուստի, Եհովայի ծառաներից ինչ–որ մեկը գուցե սկսի տրտնջալ մյուսի դեմ։ Դրա պատճառը կարող է լինել ընդամենը մի փոքր հարց, ասենք՝ անհատի թերությունը, ընդունակությունը կամ ծառայության մեջ ունեցած առանձնաշնորհումը։
14, 15. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ գանգատվելու հակումը դուրս գա հսկողությունից։
14 Ինչ էլ որ լինի տհաճության պատճառը, եթե չհսկենք գանգատվելու հակումը, ապա այն մեր մեջ կառաջացնի դժգոհության ոգի, և մենք կդառնանք անձնավորություններ, որոնք տրտնջում են սովորության համաձայն։ Ի վերջո, տրտնջալը կարող է հոգևոր առումով լիովին քայքայել մեզ։ Իսրայելացիները, անապատում իրենց կյանքից դժգոհելով, հասան այն աստիճանի, որ մեղադրեցին Եհովային (Ելից 16։8)։ Թո՛ղ որ մենք երբեք այդպես չանենք։
15 Մետաղի քայքայումը կարելի է նվազեցնել, եթե նրա վրա հակաքայքայիչ ներկ քսվի, ինչպես նաև անհապաղ հեռացվեն քայքայման առաջին իսկ նշանները։ Նմանապես, եթե մեր մեջ նկատում ենք գանգատվելու հակում, ապա կկարողանանք այն վերահսկել, եթե աղոթենք այդ մասին և անհապաղ քայլեր ձեռնարկենք այդ հակման դեմ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։
Իրերին նայիր Եհովայի աչքերով
16. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել գանգատվելու հակումը։
16 Երբ տրտնջում ենք, կենտրոնանում ենք մեր անձնավորության և մեր անհանգստությունների վրա, և այդպես ետին պլան են մղվում մեր այն օրհնությունները, որ վայելում ենք որպես Եհովայի վկաներ։ Տրտնջալու հակումը հաղթահարելու համար պետք է մեր օրհնությունները միշտ մեր ուշադրության կենտրոնում պահենք։ Օրինակ՝ մեզանից յուրաքանչյուրը մեծ պատիվ ունի իր վրա կրելու Եհովայի անձնական անունը (Եսայիա 43։10)։ Մենք կարող ենք մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել նրա հետ և ցանկացած ժամանակ խոսել ‘աղոթք Լսողի’ հետ (Սաղմոս 65։2; Յակոբոս 4։8)։ Մեր կյանքն իրական իմաստ ունի, քանի որ հասկանում ենք տիեզերական գերիշխանության հարցի էությունը և հիշում ենք, որ պատիվ ունենք պահելու մեր անարատությունը Աստծու առաջ (Առակաց 27։11)։ Կարող ենք կանոնավորաբար մասնակցել Թագավորության բարի լուրի քարոզչությանը (Մատթէոս 24։14)։ Հավատը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ հնարավորություն է տալիս մաքուր խիղճ ունենալու (Յովհաննէս 3։16)։ Սրանք այնպիսի օրհնություններ են, որոնք վայելում ենք՝ անկախ մեր կրած դժվարություններից։
17. Ինչո՞ւ պետք է ջանանք իրերին նայել Եհովայի աչքերով, նույնիսկ եթե գանգատվելու հիմնավոր պատճառ ունենք։
17 Մենք պետք է ջանանք իրերին նայել Եհովայի աչքերով և ոչ թե մեր։ Սաղմոսերգու Դավիթը երգեց. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4)։ Եթե գանգատվելու հիմնավոր պատճառ ունենք, ապա դա Եհովայի աչքից չի վրիպի։ Նա կարո՛ղ է անմիջապես խնդիրը լուծել։ Այդ դեպքում ինչո՞ւ է երբեմն թույլ տալիս, որ դժվարությունները շարունակվեն։ Պատճառը կարող է լինել այն, որ այդ կերպով Եհովան օգնում է մեզ զարգացնել այնպիսի լավ հատկություններ, ինչպիսիք են համբերությունը, տոկունությունը, հավատը և երկայնամտությունը (Յակոբոս 1։2–4)։
18, 19. Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, եթե անտրտունջ տանենք դժվարությունները։
18 Դժվարություններն անտրտունջ տանելով՝ մենք բարելավում ենք մեր անձնավորությունը, ինչպես նաև լավ տպավորություն ենք թողնում մարդկանց վրա, որոնք տեսնում են մեր վարքը։ 2003 թ.–ին Եհովայի վկաների մի խումբ ավտոբուսով Գերմանիայից ուղևորվեց Հունգարիա՝ համաժողովի։ Վարորդը, որ Վկա չէր, սկզբում ուրախ չէր, որ տասը օր շարունակ լինելու էր Եհովայի վկաների հետ։ Բայց ճանապարհորդության վերջում նրա տեսակետը լիովին փոխվեց։ Ինչո՞ւ։
19 Ճանապարհին որոշ դժվարություններ առաջացան։ Բայց Եհովայի վկաները չտրտնջացին։ Վարորդն ասաց, որ ուղևորների այս խումբը լավագույնն է, որ ինքը երբևէ տեսել է։ Նա նույնիսկ խոստացավ, որ հաջորդ անգամ, երբ Վկաներն այցելեն իրենց տուն, նա անպայման կընդունի նրանց և ուշադիր կլսի։ Ի՜նչ հրաշալի տպավորություն թողեցին ուղևորները՝ ‘ամեն բան գործելով առանց տրտնջանքի’։
Ներողամտությունը նպաստում է միությանը
20. Ինչո՞ւ պետք է իրար ներենք։
20 Ի՞նչ կարող ենք անել, եթե գանգատ ունենք հավատակցի դեմ։ Եթե հարցը լուրջ է, ապա պետք է հետևենք Հիսուսի ասած սկզբունքներին, որ գրված են Մատթէոս 18։15–17-ում։ Սակայն միշտ չէ, որ հարկ կա այդ քայլին դիմելու, քանի որ հիմնականում դժգոհությունները փոքր հարցերի են վերաբերում։ Ինչո՞ւ չդիտենք տվյալ իրավիճակը որպես ներողամտություն դրսևորելու լավ հնարավորություն։ Պողոսը գրեց. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն [«Եհովան», ՆԱ] էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք. եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան [«միասնության կատարյալ», ՆԱ] կապն է» (Կողոսացիս 3։13, 14)։ Դժվարանո՞ւմ ենք ներել։ Իսկ Եհովան չունի՞ հիմքեր՝ մեզանից դժգոհելու։ Բայցևայնպես, նա բազմիցս մեր հանդեպ ցուցաբերում է կարեկցանք և ներողամտություն։
21. Տրտունջը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել լսողների վրա։
21 Անկախ դժգոհության պատճառից՝ տրտնջալը հարց չի լուծի։ «Տրտնջալ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել նաև «քրթմնջալ»։ Ամենայն հավանականությամբ, մենք մեզ լավ չենք զգում, երբ մեր կողքին ինչ–որ մեկն անընդհատ տրտնջում է. մենք ցանկանում ենք նրանից հեռու մնալ։ Իսկ եթե մենք տրտնջանք, կամ՝ քրթմնջանք, ապա լսողները նույն զգացումը կունենան։ Այո, նրանց համար այնքան տհաճ կլինի, որ կցանկանան հեռու լինել մեզանից։ Բարձրաձայն տրտնջալը գուցեև գրավի մեկի ուշադրությունը, բայց այդպիսի վարքը, անշուշտ, ոչ մեկի սիրտը չի շահի։
22. Ի՞նչ ասաց մի աղջիկ Եհովայի վկաների մասին։
22 Ներողամտությունը նպաստում է միությանը, մի բան, որը շատ թանկ է Եհովայի ժողովրդի համար (Սաղմոս 133։1–3)։ Եվրոպական երկրներից մեկում ապրող մի 17–ամյա կաթոլիկ աղջիկ նամակ գրեց Եհովայի վկաների մասնաճյուղ։ Արտահայտելով իր հիացմունքը Եհովայի վկաներով՝ նա ասաց. «Դա իմ իմացած միակ կազմակերպությունն է, որտեղ չկա ատելություն, ագահություն, անհանդուրժողականություն, եսասիրություն և պառակտվածություն»։
23. Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
23 Երախտագիտությունը այն հոգևոր օրհնությունների համար, որ ստանում ենք՝ որպես ճշմարիտ Աստծու՝ Եհովայի երկրպագուներ, կնպաստի, որ միասնական լինենք և չտրտնջանք միմյանց դեմ անձնական հարցերի պատճառով։ Հաջորդ հոդվածում կխոսվի այն մասին, թե աստվածահաճո հատկություններ դրսևորելն ինչպես է օգնում մեզ խուսափել տրտնջալու ավելի վտանգավոր ձևից, այն է՝ Եհովայի կազմակերպության երկրային մասի դեմ տրտնջալուց։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է տրտունջը։
• Ի՞նչ օրինակով կարելի է ցույց տալ տրտնջալու հետևանքները։
• Ի՞նչը կարող է օգնել մեզ հաղթահարելու տրտնջալու հակումը։
• Ինչպե՞ս կարող է ներողամտությունն օգնել մեզ, որ չտրտնջանք։
[նկար 14-րդ էջի վրա]
Իսրայելացիներն իրականում տրտնջում էին Եհովայի դեմ
[նկար 17-րդ էջի վրա]
Ջանո՞ւմ ես իրերին նայել Եհովայի աչքերով
[նկարներ 18-րդ էջի վրա]
Ներողամտությունը նպաստում է քրիստոնեական միությանը