Աստծո զավակների փառահեղ ազատագրումը մոտ է
«Ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին.... այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8:20, 21)։
1. Ինչպե՞ս էր Հիսուսի զոհաբերությունը խորհրդանշվում քավության օրը։
ԵՀՈՎԱն իր միածին Որդուն տվեց որպես զոհաբերական փրկանք, որը երկնային կյանքի ճանապարհ հարթեց 144 000 անհատների համար և երկրային հարատև հեռանկարներ բացեց մնացյալ մարդկության համար (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, հոգուց ծնված քրիստոնյաների համար մատուցված Հիսուսի զոհաբերությունը խորհրդանշվում էր Իսրայելի քահանայապետի կողմից տարեկան քավության օրը իր տան, Ղևիի ցեղի և սեփական անձի համար որպես մեղքի պատարագ զվարակ զոհաբերելով։ Նույն օրը որպես մեղքի պատարագ նաև նոխազ էր զոհաբերվում մնացած բոլոր իսրայելացիների համար. համանման կերպով Քրիստոսի զոհաբերությունը ընդհանուր մարդկության օգտին կծառայի։ Անապատում անհայտանալով՝ կենդանի նոխազը, այլ կերպ ասած, վերցնում էր ժողովրդի բոլոր մեղքերըa (Ղեւտացոց 16։7—15, 20—22, 26)։
2, 3. Ո՞րն է Հռովմայեցիս 8։20, 21–ում արձանագրված Պողոսի խոսքերի իմաստը։
2 «Աստծու [երկնային] որդիները» դառնալու ակնկալիք ունեցող մարդկանց հույսի մասին ակնարկելուց հետո Պողոսն ավելացրեց. «Ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար» (Հռովմայեցիս 8։14, 17, 19—21)։ Ի՞նչ իմաստ են կրում այս խոսքերը։
3 Կատարյալ ստեղծված մեր նախահայր Ադամը ‘Աստծո որդի էր’ (Ղուկաս 3։38)։ Գործած մեղքի պատճառով նա անցավ «ապականութեան ծառայութեան» տակ և այդ վիճակը փոխանցեց մարդկային ցեղին (Հռովմայեցիս 5։12)։ Մարդկանց ժառանգած անկատարության պատճառով էր, որ Աստված թույլատրեց նրանց «ունայնութեան» հեռանկարով աշխարհ գալ, սակայն հույս հայթայթեց «սերնդի»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Ծննդոց 3։15; 22։18; Գաղատացիս 3։16)։ Հայտնություն 21։1—4 խոսքերը մատնացույց են անում այն ժամանակները, երբ ‘չեն լինի այլևս ո՛չ մահ, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ էլ չարչարանք’։ «Մարդկությանը» վերաբերող այս խոստումը վստահեցնում է մեզ, որ Թագավորության կառավարության ներքո ապրող երկրային նոր հասարակությունը մտավորապես և ֆիզիկապես կվերափոխվի՝ որպես «Աստծո [երկրային] որդիներ» լիակատար առողջության և հավիտենական կյանքի հասնելով։ Քրիստոսի Հազարամյա կառավարության ընթացքում հնազանդ մարդկությունը ‘կազատվի ապականութեան ծառայութիւնից’։ Վերջնական փորձության ժամանակ Եհովայի հանդեպ իրենց հավատարմությունը փաստելուց հետո նրանք մեկընդմիշտ կազատվեն ժառանգած մեղքից ու մահից (Յայտնութիւն 20։7—10)։ Այն ժամանակ երկրի բնակիչները ‘կհասնեն Աստծու որդիների փառքի ազատութեանը’։
Ասում են՝ «Ե՛կ»
4. Ի՞նչ է նշանակում ‘առնել կեանքի ջուրը ձրի’։
4 Ի՜նչ հիասքանչ հույս է սպասվում մարդկությանը։ Անշուշտ, դեռևս երկրի վրա բնակվող հոգուց ծնված քրիստոնյաները ժրաջանորեն առաջնորդություն են վերցնում այդ մասին ուրիշներին պատմելու համար։ Որպես փառավորված Գառան՝ Հիսուս Քրիստոսի «հարսնացուի» մի մաս՝ օծյալ մնացորդն իր մասնակցությունն է բերում հետևյալ մարգարեական խոսքերի կատարման մեջ. «Հոգին եւ հարսն ասում են. Եկ. եւ լսողն ասէ, Եկ. եւ նա ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 21։2, 9; 22։1, 2, 17, ԱԹ)։ Սակայն Հիսուսի զոհաբերական փրկանքի օգուտները չեն սահմանափակվում միայն 144 000 օծյալներով։ Աստծո հոգին շարունակում է գործել և, տվյալ դեպքում, այս «հարս» դասակարգի մնացած անդամների միջոցով երկրի վրա հայտարարում՝ ե՛կ։ Լսողներից յուրաքանչյուրը, ով ծարավ է արդարության, հրավիրվում է ասելու՝ ե՛կ՝ պիտանի դառնալով փրկության համար Եհովայի կատարած բազում կարգադրություններին։
5. Ո՞ր միջավայրում են Եհովայի վկաներն ուրախ գտնվելու։
5 Եհովայի վկաները հավատում են Հիսուս Քրիստոսի միջոցով կյանքի համար Աստծո հայթայթած կարգադրություններին (Գործք 4։12)։ Նրանք ուրախ են գտնվելու ազնվասիրտ մարդկանց միջավայրում, այնպիսի մարդկանց, որոնք ցանկանում են իմանալ Աստծո նպատակների մասին և կատարել նրա կամքը։ Նրանց Թագավորության սրահների դռները բաց են բոլորի առջև, ովքեր ցանկանում են այս «վերջին ժամանակում» ‘գալ և առնել կեանքի ջուրը ձրի’ (Դանիէլ 12։4)։
Փոփոխություններ ժամանակի ընթացքում
6. Ինչպե՞ս է Աստծո հոգին տարբեր ժամանակաշրջաններում ներգործել Եհովայի ծառաների վրա։
6 Աստված իր նպատակները կատարելու սահմանված ժամանակ ունի, և դա իր ազդեցությունն է թողնում մարդկանց հետ ունեցած իր վարվելակերպի վրա (Ժողովող 3։1; Գործք 1։7)։ Թեև Աստծո հոգին կար նախաքրիստոնեական ժամանակների նրա ծառաների վրա, վերջիններս ծնված չէին որպես իր հոգևոր որդիներ։ Հիսուսի ժամանակներից ի վեր, սակայն, սուրբ հոգին գործի դնելու Եհովայի ժամանակը հասավ, որպեսզի հայր դառնար երկնային ժառանգության հույսով օժտվող նվիրված տղամարդկանց և կանանց։ Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Միևնույն հոգին գործում է Հիսուսի «այլ ոչխարների» մեջ, սակայն տվյալ դեպքում երկնային կյանքի հույս կամ ցանկություն չի առաջացնում նրանց սրտերում (Յովհաննէս 10։16)։ Հին աշխարհից դեպի Աստծո արդար նոր աշխարհն անցնելու այս ժամանակահատվածում նրանք, դրախտ– երկրի վրա հավիտենական կյանք ունենալու իրենց հույսով հանդերձ, քարոզելով աջակցում են օծյալ մնացորդին (Բ Պետրոս 3։5—13)։
7. Ինչպիսի՞ հունձով էին զբաղված Աստվածաշունչն ուսումնասիրողները, սակայն միաժամանակ ի՞նչ գիտեին դրախտի վերաբերյալ։
7 Աստված սկսեց ‘բազում որդիներին փառքի բերել’՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին սուրբ հոգին թափելով և, ակնհայտորեն, ժամանակ սահմանեց ամբողջացնելու «Աստծու [հոգևոր] Իսրայէլն» իր 144 000 անդամներով (Եբրայեցիս 2։10; Գաղատացիս 6։16; Յայտնութիւն 7։1—8)։ 1879–ից սկսած՝ սույն ամսագրի համարներում հաճախակի էր նշվում օծյալ քրիստոնյաներին ընդգրկող հունձի մասին։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրողները (ներկայիս Եհովայի վկաները) գիտեին, որ Գրությունները տալիս են նաև դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքի հույսի մասին տեղեկությունը։ Օրինակ՝ 1883 թ. «Դիտարանի» հուլիսի համարում ասվում էր. «Երբ Հիսուսը հաստատած կլինի իր թագավորությունը, կոչնչացնի չարին, երկիրը կվերածվի դրախտի.... բոլոր գերեզմաններում գտնվողները հարություն կառնեն երկրի վրա։ Եվ երկրի օրենքներին հնազանդվելու շնորհիվ հավիտյան կապրեն նրա վրա»։ Ժամանակի ընթացքում օծյալների հունձը սկսեց նվազել. Եհովայի կազմակերպության մեջ աստիճանաբար սկսեցին հավաքվել այն անհատները, որոնք երկնային հույս չէին տածում։ Միևնույն ժամանակ Աստված իր օծյալ ծառաներին՝ վերստին ծնված քրիստոնյաներին աչքի ընկնող իմաստությամբ օժտեց (Դանիէլ 12։3; Փիլիպպեցիս 2։15; Յայտնութիւն 14։15, 16)։
8. Ինչպե՞ս է աստիճանաբար պարզ դարձել երկրային կյանքի հույսին վերաբերող հասկացողությունը 1930–ականներին։
8 Երկրային հույս ունեցող անհատները հատկապես 1931–ից ի վեր սկսեցին համագործակցել քրիստոնեական ժողովի հետ։ Այդ տարի Եհովան լուսավորեց հոգուց ծնված քրիստոնյաների մնացորդին, որի շնորհիվ նրանք հասկացան, որ Եզեկիելի իններորդ գլխում խոսվում է Աստծու նոր աշխարհ ողջ անցնելու համար նշան ստացող հենց այս երկրային դասակարգի մասին։ 1932–ին եզրակացվեց, որ այդ ժամանակի ոչխարանման անհատների նախապատկերը Հեուի համագործակից Հովնադաբն է (Դ Թագաւորաց 10։15—17)։ 1934–ին պարզ դարձավ, որ «հովնադաբները» պետք է «սրբվեն» կամ նվիրվեն Աստծուն։ 1935–ին «մեծ բազմութիւնը», որը մինչ այդ որպես երկրորդական հոգևոր դասակարգ էր կարծվում, և որի անդամները պետք է լինեին Քրիստոսի հարսի «ընկերները» երկնքում, ճանաչվեցին որպես երկրային հույս ունեցող ուրիշ ոչխարներ (Յայտնութիւն 7։4—15; 21։2, 9; Սաղմոս 45։14, 15)։ Եվ հատկապես 1935–ից սկսած՝ օծյալները դրախտ–երկրի վրա ապրելու փափագ ունեցող ուղղամիտ անհատներին փնտրելու գործում առաջատար ուժ հանդիսացան։
9. Ինչո՞ւ որոշ քրիստոնյաներ 1935–ից ի վեր դադարեցին օգտվել Տիրոջ ընթրիքի խորհրդանիշներից։
9 Այդ տարվանից հետո Տիրոջ ընթրիքի խորհրդանիշներից օգտվող որոշ քրիստոնյաներ դադարեցին ընդունել դրանք։ Ինչո՞ւ։ Քանի որ գիտակցեցին, որ իրենց ունեցած հույսը երկնային չէ, այլ երկրային։ Ահա 1930–ին մկրտված մի կնոջ խոսքերը. «Թեև [մասնակցելը] համարվում էր պատշաճ, հատկապես ժրաջան լիաժամ ծառայողների համար, բայց ինքս երբեք վստահ չեմ եղել, որ երկնային հույս եմ տածում։ Իսկ 1935–ին մեզ համար պարզ դարձավ, որ երկրի վրա հավիտյան ապրելու հույսով մի մեծ բազմություն է հավաքվում։ Շատերս էինք ուրախ հասկանալու, որ այդ մեծ բազմության մասն ենք կազմում, որից հետո դադարեցինք ընդունել խորհրդանիշներից»։ Փոփոխություններ մտցվեցին նաև քրիստոնեական հրատարակություններում։ Եթե նախկին տարիների հրատարակություններն ուղղված էին գլխավորապես Հիսուսի՝ հոգուց ծնված հետևորդներին, ապա 1935–ից ի վեր «հաւատարիմ ծառայի» «Դիտարանը» և այլ գրականությունները և՛ օծյալների, և՛ նրանց երկրային հույս տածող համագործակիցների կարիքներին համապատասխանող հոգևոր սնունդ են մատակարարում (Մատթէոս 24։45—47)։
10. Ինչպե՞ս կարող է անհավատարիմ օծյալը փոխարինվել։
10 Ենթադրենք, օծյալներից մեկն անհավատարիմ է դառնում։ Հնարավո՞ր է, որ նրան փոխարինող գտնվի։ Պողոսը հենց դա ցույց տվեց այլաբանական ձիթենու օրինակով (Հռովմայեցիս 11։11—32)։ Եթե հոգուց ծնվածին փոխարինելու կարիք է զգացվում, Աստված երկնային կոչումը տալիս է նրան, ում հավատը երկար տարիների ընթացքում օրինակ է հանդիսացել սուրբ ծառայություն իրեն մատուցելիս (համեմատել Ղուկաս 22։28, 29; Ա Պետրոս 1։6, 7)։
Երախտագիտության բազում պատճառներ
11. Անկախ մեր տածած հույսի բնույթից, ո՞ր հարցում է մեզ վստահեցնում Յակոբոս 1։17–ը։
11 Որտեղ էլ որ հավատարմորեն ծառայենք Եհովային, նա միշտ կբավարարի մեր կարիքներն ու ճիշտ ցանկությունները (Սաղմոս 145։16; Ղուկաս 1։67—74)։ Երկնային հույս ենք արդյոք տածում, թե երկրի վրա ապրելու հեռանկար ունենք մեր առջև, բոլորս էլ Աստծուց շնորհակալ լինելու հիմնավոր պատճառներ ունենք։ Նրա կատարած գործերը միշտ էլ իրեն սիրողների շահերին են ծառայում։ Հիսուսի աշակերտ Հակոբոսի խոսքերն են. «Ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից»՝ Եհովայ Աստծուց (Յակոբոս 1։17)։ Եկեք մի փոքր կանգ առնենք այդ շնորհներից և օրհնություններից մի քանիսի վրա։
12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան իր ծառաներից յուրաքանչյուրին հիասքանչ հույս է տվել։
12 Եհովան հրաշալի հույս է շնորհել իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրին։ Ոմանց նա երկնային կյանքի կոչում է տվել։ Նախաքրիստոնեական ժամանակների իր ծառաներին Եհովան հարության հիասքանչ հույսն է տվել, որի միջոցով նրանք երկրի վրա հավիտենական կյանքով ապրելու հնարավորություն կունենան։ Օրինակ՝ Աբրահամը հավատում էր հարությանը և սպասում «հիմքերով հաստատուած քաղաքին»՝ երկնային Թագավորությանը, որի ներքո նա հարություն կառնի երկրի վրա (Եբրայեցիս 11։10, 17—19)։ Եվ նորից, այս վերջին ժամանակներում Աստված միլիոնավոր մարդկանց շնորհում է դրախտ–երկրի վրա հավիտենական կյանք ունենալու հույսը (Յովհաննէս 17։3)։ Վստահաբար, այսպիսի հոյակապ հույսով օժտված յուրաքանչյուր անհատ պետք է խորապես շնորհակալ լինի Եհովա Աստծուց։
13. Ինչպիսի՞ ազդեցություն է սուրբ հոգին բանեցրել Աստծո ժողովրդի վրա։
13 Իր սուրբ հոգին Եհովան որպես շնորհ է տալիս իր ժողովրդին։ Երկնային հույսով օժտված քրիստոնյաներն օծված են սուրբ հոգով (Ա Յովհաննէս 2։20; 5։1—4, 18)։ Սակայն երկրային կյանքի հեռանկարն ունեցող Աստծո ծառաները հոգու աջակցությունն ու առաջնորդությունն ունեն։ Եհովայի հոգին ունեցողների թվում են եղել Մովսեսը, ինչպես նաև վերջինիս օգնելու համար նշանակված յոթանասուն տղամարդիկ (Թուոց 11։24, 25)։ Սուրբ հոգու ազդեցության տակ Բեսելիելը վարպետորեն կառուցեց Իսրայելի խորանը (Ելից 31։1—11)։ Ժամանակին Աստծո հոգին եկել էր Գեդեոնի, Հեփթայեի, Սամսոնի, Դավիթի, Եղիայի, Եղիսեի և ուրիշների վրա։ Թեև հնում ապրած այս անհատները երբեք չեն բերվել երկնային փառքի, բայց նրանք միշտ առաջնորդվել են սուրբ հոգով և շարունակ ունեցել են դրա աջակցությունն այնպես, ինչպես Հիսուսի այլ ոչխարներն այսօր։ Ուստի, սուրբ հոգին ունենալու հանգամանքը անպայմանորեն չի նշանակում, որ երկնային կոչում ունենք։ Բայց և այնպես, Եհովայի հոգին առաջնորդություն է հայթայթում, օգնում է մեզ քարոզել և հաջողության հասնել իրենից ստացած այլ նշանակումների մեջ, տալիս է զորության գերազանցությունը և մեր մեջ մշակում իր պտուղները՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Յովհաննէս 16։13; Գործք 1։8; Բ Կորնթացիս 4։7—10; Գաղատացիս 5։22, 23)։ Մի՞թե չպետք է շնորհակալ լինել Աստծո այս ողորմած շնորհի համար։
14. Մեզ համար ինչո՞վ են օգտակար Աստծո շնորհած գիտությունն ու իմաստությունը։
14 Գիտությունն ու իմաստությունը շնորհներ են Աստծուց, որոնց համար պետք է երախտապարտ լինենք, անկախ նրանից, երկնային է մեր ունեցած հույսը, թե՝ երկրային։ Եհովայի մասին ճշգրիտ գիտությունը օգնում է մեզ ‘լաւն [ավելի կարևորը, ՆԱ] ընտրելու’ և «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով» (Փիլիպպեցիս 1։9—11; Կողոսացիս 1։9, 10)։ Աստվածային իմաստությունը պաշտպանում և առաջնորդում է կյանքում (Առակաց 4։5—7; Ժողովող 7։12)։ Ճշմարիտ գիտությունն ու իմաստությունը հիմնված են Աստծո Խոսքի վրա. սակավաթիվ օծյալներին հատկապես գրավում է այն, թե ինչ է այնտեղ ասվում երկնային հույսի մասին։ Այնուամենայնիվ, սերն Աստծո Խոսքի հանդեպ և վերջինիս լավ ըմբռնումը չեն մատնանշում այն, որ Աստված դրանով մեզ երկնային կյանքի կոչում է շնորհել։ Մովսեսի և Դանիելի նման անհատները, մասնակցելով նույնիսկ Աստվածաշնչի գրությանը, հարություն են առնելու երկրի վրա։ Երկնային կյանքի կոչումն ունենք, թե՝ երկրային, բոլորս էլ մեր հոգևոր կերակուրը ստանում ենք Եհովայի հավանությունը գտած «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով (Մատթէոս 24։45—47)։ Որքա՜ն շնորհակալ է մեզանից յուրաքանչյուրը այդ ճանապարհով ձեռք բերված գիտության համար։
15. Ո՞րն է Աստծո ամենամեծ շնորհներից մեկը, և ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը վերջինիս հանդեպ։
15 Աստծո տված ամենամեծ շնորհներից է Հիսուսի զոհաբերական փրկանքը տալու սիրառատ միջոցառումը, որից օգտվում են թե՛ երկնային հեռանկար ունեցողները, թե՛ երկրի վրա ապրելու հույս ունեցող անհատները։ «Աստուած այնքան սիրեց աշխարհը [մարդկությանը], որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Իսկ Հիսուսի սերը մղեց նրան «իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28)։ Ինչպես բացատրեց Հովհաննես առաքյալը, Հիսուս Քրիստոսը ‘քաւութիւն է մեր [օծյալների] մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի’ (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Այսպիսով՝ բոլորս էլ պետք է խորապես երախտապարտ լինենք հավիտենական կյանքի հնարավորություն տվող փրկության այս սիրառատ միջոցառման համար։b
Ներկա կլինե՞ք արդյոք
16. Ո՞ր կարևոր իրադարձությունն է նշվելու 1998 թ. ապրիլի 11–ին՝ մայրամուտից հետո, և ովքե՞ր են ներկա գտնվելու։
16 Իր Որդու միջոցով Աստծո հայթայթած փրկանքի հանդեպ երախտագիտությունը կդրդի մեզ ներկա գտնվելու Թագավորության սրահներում կամ այլ տեղերում, որտեղ Եհովայի վկաները հավաքված կլինեն 1998 թ. ապրիլի տասնմեկին՝ մայրամուտից հետո՝ Քրիստոսի մահվան հիշատակը նշելու։ Հիսուսն այս տոնակատարությունը սահմանեց հավատարիմ առաքյալների հետ միասին անցկացրած իր երկրային կյանքի վերջին գիշերը՝ ասելով. «Այս արէ՛ք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19, 20; Մատթէոս 26։26—30)։ Միայն փոքրաթիվ օծյալներն են ընդունում Հիսուսի մարդկային անմեղ մարմինը ներկայացնող անթթխմոր հացն ու չխմորված կարմիր գինին, որը ներկայացնում է զոհաբերությամբ թափված նրա արյունը։ Միմիայն հոգուց ծնված քրիստոնյաները պետք է մասնակցություն ցուցաբերեն, քանի որ միայն նրանք են գտնվում նոր ուխտի և Թագավորության ուխտի մեջ և միայն նրանք ունեն Աստծո սուրբ հոգու անժխտելի վկայությունն այն բանում, որ երկնային կյանքի հույս են տածում։ Միլիոնավոր ուրիշները ներկա կգտնվեն որպես հարգալից դիտորդներ, որոնք երախտապարտ են Աստծո սիրո և հավիտենական կյանքը հնարավոր դարձնող Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ ցուցաբերված սիրո համար (Հռովմայեցիս 6։23)։
17. Ի՞նչ պետք է հիշենք հոգով օծված լինելու կապակցությամբ։
17 Կրոնական նախկին տեսակետները, հարազատի մահվան պատճառով երևան եկած խորը հույզերը, ներկա երկրային կյանքին հատուկ նեղությունները կամ Եհովայից որևէ առանձնահատուկ օրհնություն ունենալու զգացումը կարող են սխալմամբ բերել այն եզրակացության, որ երկնային կյանքի կոչումն իրենց համար է։ Սակայն բոլորս էլ պետք է հիշենք, որ Գրությունները չեն պատվիրում մասնակցել Հիշատակատոնի խորհրդանիշների ընդունմանը մեր երախտագիտությունը Քրիստոսի զոհաբերական փրկանքի հանդեպ ցույց տալու նպատակով։ Դեռ ավելին, հոգով օծվելը «կախում չունի նրանից, ով կամենում է եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց»՝ Նրանից, ով «ծնեց» Հիսուսին որպես հոգևոր Որդի և միայն 144 000 այլ որդիների է փառքի բերում (Հռովմայեցիս 9։16; Եսայիա 64։8)։
18. Ի՞նչ օրհնություններ են սպասվում Եհովայի ներկա ծառաներին։
18 Դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքն այս վերջին օրերում Եհովային ծառայող մարդկանց մեծամասնության աստվածատուր հույսն է (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Շուտով նրանք կվայելեն այդ ցանկալի դրախտը։ Երկնային կառավարության ներքո իշխանները կառաջնորդեն երկրի գործերը (Սաղմոս 45։16)։ Խաղաղ պայմաններն այն դեպքում գոյություն կունենան, երբ երկրի բնակիչներն Աստծո օրենքների համաձայն կապրեն և Եհովայի ճանապարհների մասին ավելին կսովորեն (Եսայիա 9։6, 7; Յայտնութիւն 20։12)։ Բավականին շատ աշխատանք կլինի անելու՝ տներ կառուցելու և հողը մշակելու (Եսայիա 65։17—25)։ Պատկերացրեք երջանիկ ընտանիքների միությունը, երբ մահացածները կյանքի կվերադառնան (Յովհաննէս 5։28, 29)։ Վերջնական փորձությունից անմիջապես հետո չարն ընդմիշտ կվերանա (Յայտնութիւն 20։7—10)։ Այնժամ երկիրը մեկընդմիշտ լցված կլինի կատարյալ մարդկանցով, որոնք ‘ազատուած [են] ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար’։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Գրությունների ըմբռնում» (անգլ.) հ. 1–ին, էջ 225—226։
b Տես «Դիտարան» մարտի 15, 1991, էջ 19–22 (ռուս.)։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ի՞նչ է նշանակում ‘առնել կենաց ջուրը՝ ձրի’
◻ Աստծուն երախտապարտ լինելու ի՞նչ պատճառներ ունենք՝ անկախ այն բանից՝ երկնային է մեր հույսը, թե՝ երկրային
◻ Տարեկան ո՞ր տոնակատարությանը պետք է ներկա գտնվենք
◻ Ապագան ի՞նչ է պատրաստել Եհովայի ժողովրդի մեծամասնության համար
[նկար 14–րդ էջի վրա]
Միլիոնավորները ‘առնում են կենաց ջուրը՝ ձրի’. իսկ դու նրանց հե՞տ ես արդյոք