ԴԱՍ 24
Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին
Եհովան ուզում է, որ ծանոթանանք իր երկնային ընտանիքին։ Այդ ընտանիքի մի մաս են կազմում հրեշտակները, որոնք կոչվում են «Աստծու որդիներ» (Հոբ 38։7)։ Ի՞նչ է Աստվածաշնչում գրված հրեշտակների մասին։ Նրանք ի՞նչ ազդեցություն են գործում մարդկանց վրա։ Արդյո՞ք բոլոր հրեշտակներն են Աստծու ընտանիքի մի մասը կազմում։
1. Ովքե՞ր են հրեշտակները
Եհովան հրեշտակներին ստեղծել է նախքան երկիրն արարելը։ Իր նման նրանք էլ անտեսանելի ոգիներ են, որոնք ապրում են երկնքում (Եբրայեցիներ 1։14)։ Միլիոնավոր հրեշտակներ կան, և նրանցից յուրաքանչյուրը առանձին անհատականություն է (Հայտնություն 5։11)։ Նրանք «կատարում են [Եհովայի] խոսքը՝ լսելով նրա խոսքի ձայնը» (Սաղմոս 103։20)։ Հնում Եհովան երբեմն ուղարկում էր իր հրեշտակներին, որպեսզի նրանք տեղեկություններ փոխանցեին, աջակցեին և փրկեին իր ժողովրդին։ Այսօր հրեշտակները ուղղորդում են քրիստոնյաներին դեպի այն մարդկանց, որոնք ուզում են սովորել Աստծու մասին։
2. Ովքե՞ր են Սատանան և իր դևերը
Որոշ հրեշտակներ հավատարիմ չմնացին Եհովային։ Նրանցից առաջինը, որ ըմբոստացավ, «Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։ Սատանան ուզում էր իշխել ուրիշների վրա, ուստի նա դրդեց առաջին մարդկային զույգին և հետագայում նաև որոշ հրեշտակների միանալ իր ըմբոստությանը։ Այդ ըմբոստ հրեշտակները կոչվում են դևեր։ Եհովան վռնդեց նրանց երկնքից և գցեց երկիր ու պատրաստվում է ոչնչացնել նրանց (կարդա Հայտնություն 12։9, 12)։
3. Սատանան և իր դևերը ինչպե՞ս են փորձում մոլորեցնել մեզ
Սատանան և դևերը մարդկանց մոլորեցնում են ոգեհարցության միջոցով։ Այդպես մարդիկ փորձում են հաղորդակցվել ոգիների հետ, օրինակ՝ ոմանք դիմում են աստղագուշակների, բախտագուշակների, էքստրասենսների և հեքիմների օգնությանը։ Ոմանք էլ դիմում են բուժման այնպիսի ձևերի, որոնք ոգեհարցության հետ են կապված։ Ուրիշներն էլ հավատում են, թե կարող են խոսել մահացածների հետ։ Սակայն Եհովան զգուշացնում է. «Ոգեհարցներին չդիմեք և գուշակների հետ չխորհրդակցեք» (Ղևտական 19։31)։ Այս նախազգուշացման նպատակը մեզ Սատանայից ու դևերից պաշտպանելն է։ Նրանք Աստծու թշնամիներն են և ուզում են վնասել մեզ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե հրեշտակները ինչ լավ բաներ են անում, թե ինչ վտանգներ կան ոգեհարցության մեջ, և թե ինչպես կարող ենք պաշտպանվել Սատանայից ու դևերից։
4. Հրեշտակներն օգնում են մարդկանց սովորել Եհովայի մասին
Թեև հրեշտակները անմիջականորեն չեն քարոզում մարդկանց, սակայն նրանք օգնում են գտնել նրանց, ովքեր ցանկանում են սովորել Աստծու մասին։ Կարդացեք Հայտնություն 14։6, 7 և քննարկեք հետևյալ հարցերը։
Քարոզչական գործում ինչո՞ւ հրեշտակների օգնության կարիքն ունենք։
Քեզ համար քաջալերակա՞ն է այն փաստը, որ հրեշտակները կարող են օգնել քեզ գտնելու այնպիսի մարդու, որը ցանկանում է լսել Աստվածաշնչի մասին։ Ինչո՞ւ։
5. Մերժիր ոգեհարցությունը
Սատանան և դևերը Աստծու թշնամիներն են։ Նրանք նաև մեր թշնամիներն են։ Կարդացեք Ղուկաս 9։38–42 և պատասխանեք հետևյալ հարցին։
Ինչպե՞ս են դևերը վերաբերվում մարդկանց։
Մենք չենք ուզում առիթ տալ դևերին, որ ազդեցություն բանեցնեն մեզ վրա։ Կարդացեք 2 Օրենք 18։10–12 և պատասխանեք հետևյալ հարցերին։
Դևերը ի՞նչ կերպերով են փորձում ազդել մեզ վրա և ինչպե՞ս կարող են հաղորդակցվել մեզ հետ։ Ոգեհարցության ո՞ր ձևերն են տարածված ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ տեղի՞ն է, որ Եհովան արգելում է ոգեհարցությամբ զբաղվել։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։
Քո կարծիքով՝ Պալեսայի դստեր թալիսմանը վտանգավո՞ր էր։ Ինչո՞ւ։
Ի՞նչ պետք է աներ Պալեսան՝ դևերից պաշտպանվելու համար։
Ճշմարիտ քրիստոնյաները միշտ հակառակվել են դևերին։ Կարդացեք Գործեր 19։19 և 1 Կորնթացիներ 10։21 համարները ու քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ է կարևոր ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է ոգեհարցության հետ։
6. Հաղթիր Սատանային և նրա դևերին
Դևերի իշխանը Սատանան է, իսկ հավատարիմ հրեշտակների առաջնորդը հրեշտակապետ Միքայելն է, որը Հիսուսի մյուս անունն է։ Որքա՞ն հզոր է Միքայելը։ Կարդացեք Հայտնություն 12։7–9 և քննարկեք հետևյալ հարցերը։
Միքայելն ու իր հրեշտակնե՞րն են ավելի զորեղ, թե՞ Սատանան ու իր դևերը։
Հիսուսի հետևորդները պե՞տք է վախենան Սատանայից կամ դևերից։
Դու կարող ես հաղթել Սատանային ու իր դևերին։ Կարդացեք Հակոբոս 4։7 և քննարկեք հետևյալ հարցը։
Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել Սատանայից ու դևերից։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ոչ մի վատ բան չկա ոգեհարցություն պարունակող խաղեր խաղալու կամ ֆիլմեր դիտելու մեջ։ Ընդամենը զբաղմունք է»։
Ինչո՞ւ է այս մտածելակերպը վտանգավոր։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հավատարիմ հրեշտակները օգնում են մեզ, իսկ Սատանան ու իր դևերը Եհովայի թշնամիներն են և ոգեհարցության միջոցով փորձում են մոլորեցնել մարդկանց։
Վերհիշենք
Հրեշտակներն ինչպե՞ս են օգնում մարդկանց սովորել Եհովայի մասին։
Ովքե՞ր են Սատանան և իր դևերը։
Ինչո՞ւ ես ուզում հեռու մնալ ոգեհարցությունից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ փաստեր կան, որ Հիսուսը Միքայել հրեշտակապետն է։
Քննիր փաստեր այն մասին, որ Սատանան պարզապես մարդու ներսի չարությունը չէ։
Տես, թե մի կին ինչպես ազատվեց դևերի ազդեցությունից։