Ինչ հիշեց Հեսուն
«ԻՄ ԾԱՌԱՅ Մովսէսը մեռաւ, — ասաց Եհովան, — եւ հիմա վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու և այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը» (Յեսու 1։2)։ Ինչպիսի՜ դժվարին հանձնարարություն։ Մոտ 40 տարի Հեսուն եղել էր Մովսեսի սպասավորը։ Այժմ, սակայն, նրան առաջարկում են իր տիրոջ փոխարեն դեպի Ավետյաց երկիր առաջնորդել իսրայելացիներին՝ մի ժողովրդի, որ հաճախ էր անհնազանդություն ցուցաբերում։
Ապագայի մասին խորհրդածելով՝ Հեսուն հավանաբար հիշեց այն փորձությունները, որոնց արդեն հանդիպել էր, և որոնք կարողացել էր հաղթահարել։ Այն, ինչ նա հիշեց, անկասկած, անգնահատելի օգնություն հանդիսացավ իր համար և կարող է օգտակար լինել նաև մեր օրերում ապրող քրիստոնյաներին։
Ստրկական վիճակից՝ ղեկավար պաշտոնի
Հեսուն հիշեց այն երկար տարիները, որ անցկացրել էր ստրկության մեջ (Ելից 1։13, 14; 2։23)։ Թե ինչ էր այդ ընթացքում տեղի ունեցել նրա հետ, կարող ենք միայն ենթադրել, քանի որ Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի հայտնում։ Գուցե Եգիպտոսում Հեսուն կազմակերպչական հմտություններ էր ձեռք բերել և հետագայում իր օգնությունն էր ցույց տվել այդ երկրից հրեաների, ինչպես նաև «խառն բազմութ[յան]» փախուստը կազմակերպելու հարցում (Ելից 12։38)։
Հեսուն Եփրեմի ցեղից էր։ Նրա պապը՝ Եղիսաման, ցեղի իշխաններից էր և, ամենայն հավանականությամբ, Իսրայելի երեք ցեղերից ընտրված 108 100 զինյալների առաջնորդը (Թուոց 1։4, 10, 16; 2։18–24; Ա Մնացորդաց 7։20, 26, 27)։ Երբ Եգիպտոսից դուրս գալուց կարճ ժամանակ անց ամաղեկացիները հարձակվեցին Իսրայել ազգի վրա, պաշտպանության կազմակերպումը Մովսեսը հանձնարարեց Հեսուին (Ելից 17։8, 9 ա)։ Իսկ ինչո՞ւ հենց նրան և ոչ, ասենք, նրա պապին կամ հորը։ Համաձայն մի աղբյուրի՝ «առաջնորդ և զորքի ղեկավար լինելու հարցում Մովսեսը ամենահարմարը գտավ [Հեսուին] այն պատճառով, որ վերջինս մեծ և ազդեցիկ ցեղերից մեկի՝ Եփրեմի ցեղի իշխաններից էր, կազմակերպչական մեծ ձիրք ուներ, և ժողովուրդը նրան վստահում էր»։
Անկախ այն բանից, թե որն է եղել պատճառը՝ ընտրվելուց հետո Հեսուն գործեց ճիշտ այնպես, ինչպես պատվիրել էր Մովսեսը։ Իսրայելացիները պատերազմելու փորձ ընդհանրապես չունեին, բայց Հեսուն իր հույսը դրել էր Աստծո վրա։ Ուստի Մովսեսի՝ «էգուց ես բլրի գլխին կ’կանգնեմ Աստուծոյ գաւազանը ձեռքիս» խոսքերը բավական էին նրա մեջ վստահություն առաջ բերելու համար. Հեսուի մտքում դեռ թարմ էին հիշողություններն այն մասին, թե ինչպես Եհովան ջախջախիչ հարված հասցրեց այն օրերի ամենահզոր ռազմական տերությանը։ Երբ հաջորդ օրը Մովսեսը բարձրացրեց իր ձեռքերը և այդպես պահած մնաց մինչև մայրամուտ, ոչ մի թշնամի չկարողացավ դիմակայել իսրայելացիներին. ամաղեկացիները պարտություն կրեցին։ Հետագայում Եհովան պատվիրեց Մովսեսին գրի առնել այդ դեպքը և ‘Հեսուի ականջը գցել’ իր հետևյալ որոշումը. «Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ» (Ելից 17։9 բ–14)։ Այո՛, ոչինչ չէր կարող խանգարել Եհովային՝ իրագործելու այդ դատավճիռը։
Որպես Մովսեսի սպասավոր
Ամաղեկացիների հետ տեղի ունեցածը հավանաբար ավելի մտերմացրեց Հեսուին և Մովսեսին։ Վերջինիս անձնական սպասավորը կամ «ծառան» լինելու պատվին Հեսուն արժանացել էր դեռևս երիտասարդ հասակից և 40 տարի շարունակ՝ մինչև Մովսեսի մահը, կատարել էր այդ գործը (Թուոց 11։28, Արևմտ. Աստ., տե՛ս ծան.–ը)։
Նման պաշտոնը պատվավոր էր, բայցև՝ պատասխանատու։ Երբ Մովսեսը, Ահարոնը, նրա որդիները և Իսրայելի ծերերից 70 հոգի Սինա լեռան վրա տեսան Եհովայի փառքը, հավանաբար նրանց թվում էր նաև Հեսուն։ Մովսեսի սպասավորը լինելով՝ Հեսուն շարունակեց նրա հետ վեր բարձրանալ, իսկ երբ Մովսեսը մտավ Եհովայի ներկայությունը խորհրդանշող ամպի մեջ, Հեսուն, հավանաբար, կանգ առավ որոշակի հեռավորության վրա։ Ուշագրավ է, որ հավատարմորեն սպասելով իր տիրոջը՝ նա մնաց այնտեղ 40 օր և 40 գիշեր. երբ Մովսեսը վկայության տախտակները ձեռքին իջնում էր սարից, Հեսուն նրա հետ էր (Ելից 24։1, 2, 9–18; 32։15–17)։
Ոսկե հորթի երկրպագության հետ կապված դեպքերից հետո Հեսուն շարունակեց ծառայել Մովսեսին բանակից դուրս գտնվող ժողովքի խորանում։ Այնտեղ Եհովան երես առ երես խոսում էր Մովսեսի հետ։ Երբ Մովսեսը գնում էր բանակ, Հեսուն «խորանի միջիցը չէր հեռանում»։ Ըստ երևույթին, նա մնում էր այնտեղ, որպեսզի թույլ չտա իսրայելացիներին անմաքուր վիճակում մտնել խորան։ Պատասխանատվության ինչպիսի՜ զգացում ուներ նա (Ելից 33։7, 11)։
Ընկերակցությունը Մովսեսի հետ, որն ըստ պատմիչ Հովսեպոսի՝ 35 տարով մեծ էր Հեսուից, պետք է որ մեծապես ամրացներ Հեսուի հավատը։ Նրանց փոխհարաբերությունները, որ կոչվել են «շփում հասուն մարդու և երիտասարդի, վարպետի ու սովորողի միջև», նպաստեցին, որ Հեսուն դառնա «վճռական և վստահելի անձնավորություն»։ Ճիշտ է, այսօր մենք Մովսեսի նման մարգարեներ չունենք, բայց Եհովայի վկաների ժողովներում կան տարեց մարդիկ, ովքեր իրենց փորձի և հոգևոր հասունության շնորհիվ քաջալերանքի իսկական աղբյուր կարող են լինել մեզ համար։ Գնահատո՞ւմ ես նրանց։ Օգուտներ քաղո՞ւմ ես արդյոք նրանց ընկերակցությունից։
Որպես հետախույզ
Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Իսրայել ազգին տրվեց Օրենքը, Հեսուի կյանքում մի շրջադարձային դեպք տեղի ունեցավ։ Նա՝ որպես իր ցեղի ներկայացուցիչ, ընդգրկվեց Ավետյաց երկիրը հետախուզելու ուղարկվածների կազմում։ Թե ինչ տեղի ունեցավ հետո, շատերին է հայտնի։ Բոլոր 12 հետախույզներն էլ միաբերան համաձայնեցին, որ այդ երկրում իսկապես «կաթ ու մեղր է բղխում», ճիշտ ինչպես Եհովան էր ասել։ Սակայն հետախույզներից տասը, անհավատություն դրսևորելով, իրենց մտավախությունը հայտնեցին այն մասին, որ Իսրայելը չի կարող այդ երկրի բնակիչներին դուրս հանել այնտեղից։ Միայն Հեսուն ու Քաղեբը քաջալերեցին ժողովրդին՝ ասելով, որ չվախենան ու ապստամբեն, քանի որ Եհովան անպայման իրենց հետ կլինի։ Դա առաջ բերեց ժողովրդի դժգոհությունը, ու նրանք որոշեցին քարկոծել այդ երկու անհատներին։ Հավանաբար նրանք այդպես էլ կանեին, եթե Եհովան չմիջամտեր՝ ցույց տալով իր փառքը։ Քանի որ ժողովուրդը հավատի պակաս ցուցաբերեց, Աստված հայտարարեց, որ 20 տարեկանից բարձր ոչ մի իսրայելացի չի մտնի Քանանի երկիր. նախքան դա՝ նրանք կմահանան։ Այդպես էլ եղավ. նրանց միջից փրկվեցին միայն Հեսուն, Քաղեբը և ղևտացիները (Թուոց 13։3–17, 26–30; 14։6–10, 26–30)։
Ի՞նչը օգնեց Հեսուին նման հավատ ցուցաբերել այն ժամանակ, երբ ժողովրի մեծ մասն ընկել էր կասկածանքների գիրկը. չէ՞ որ Եգիպտոսում Եհովայի արած հզոր գործերի ականատեսն էին եղել բոլորը։ Ըստ երևույթին, Հեսուն իր սրտում վառ էր պահում այն, ինչ խոստացել և արել էր Եհովան, և շարունակ խորհրդածում էր այդ ամենի շուրջ։ Տարիներ անց նա կարող էր ասել, որ ‘մի բան չպակասեց այն բարի խոսքերից, որ Տեր Աստված ասել էր. ամենն էլ կատարվեց’ (Յեսու 23։14)։ Հեսուն հավատում էր, որ ապագայի վերաբերյալ Եհովայի բոլոր խոստումներն անպայման կկատարվեն (Եբրայեցիս 11։6)։ Ելնելով սրանից՝ անհատը կարող է ինքն իրեն հարցնել. «Իսկ ի՞նչ կարելի է ասել իմ մասին։ Եհովայի խոստումների մասին իմանալն ու դրանց շուրջ խորհրդածելը ամրապնդե՞լ է արդյոք իմ վստահությունն այն բանում, որ դրանք ճշմարիտ են։ Հավատո՞ւմ եմ արդյոք, որ Աստված կկարողանա պաշտպանել իր ժողովրդին գալիք մեծ նեղության ժամանակ»։
Հեսուն ոչ միայն հավատ ցուցաբերեց, այլև քաջություն՝ ճիշտն անելու հարցում։ Միայն նա և Քաղեբն էին բռնել Եհովայի կողմը, մինչդեռ ամբողջ ժողովուրդը պատրաստվում էր քարկոծել նրանց։ Եթե դու լինեիր նրանց փոխարեն, ինչպե՞ս կզգայիր քեզ։ Կվախենայի՞ր... Հեսուն չվախեցավ. նա և Քաղեբը հաստատակամորեն ներկայացրին իրենց համոզմունքները։ Եթե Եհովայի հանդեպ հավատարիմ ենք, ապա պետք եղած ժամանակ մենք էլ նույնը կանենք։
Հետախույզների հետ կապված դեպքից իմանում ենք նաև, որ Հեսուի անունը փոխվել էր։ Սկզբում նրա անունն էր Օսես, որ նշանակում է «Փրկություն»։ Մովսեսը այդ անվանը ավելացրեց Աստծո անունը մատնանշող մի վանկ և անվանեց նրան Եհոշուա կամ Հեսու, որ նշանակում է «Եհովան մեր փրկությունն է»։ Ի դեպ, «Յոթանասնից» թարգմանության մեջ նրա անունը փոխանցվել է «Հիսուս» ձևով (Թուոց 13։9, 17)։ Իր այդ վսեմ անվանը համապատասխան՝ Հեսուն հայտարարում էր, որ Եհովան է փրկությունը։ Մովսեսը հենց այնպես չփոխեց Հեսուի անունը։ Իր այդ քայլով նա ցույց տվեց, որ հավանում է Հեսուի բնավորությունը։ Նաև այդ անունը համապատասխանում էր այն առանձնաշնորհյալ դերին, որ Հեսուն պիտի կատարեր՝ նոր սերնդին դեպի Ավետյաց երկիր առաջնորդելով։
Անապատում իսրայելացիները թափառեցին 40 տարի՝ այնքան ժամանակ, մինչև որ մահացան նրանց հայրերը։ Թե ինչ է արել Հեսուն այդ տարիներին, հայտնի չէ։ Սակայն նա պետք է որ շատ բան սովորած լիներ։ Հավանաբար նա դարձել է Կորխի, Դաթանի, Աբիրոնի ու նրանց հետևորդների, ինչպես նաև Բելփեգովրի պիղծ երկրպագության մասնակիցների հանդեպ կայացված դատաստանի ականատեսը։ Անկասկած, Հեսուն մեծ ցավով էր ընդունել այն լուրը, որ Մերիբայի ջրերի մոտ Եհովային չփառաբանելու պատճառով Մովսեսը նույնպես չէր մտնելու Խոստացյալ երկիրը (Թուոց 16։1–50; 20։9–13; 25։1–9)։
Նշանակված՝ Մովսեսի փոխարեն
Երբ Մովսեսը մահվան շեմին էր, նա խնդրեց Աստծուն իր փոխարեն մի մարդ նշանակել, որպեսզի Իսրայելը չլինի «ոչխարների պէս որ հովիւ չ’ունեն»։ Ի՞նչ պատասխան տվեց Եհովան. ամբողջ ժողովրդի առջև առաջնորդ նշանակվեց Հեսուն, «որի վերայ Հոգի կա[ր]»։ Ժողովուրդը պետք է հնազանդվեր նրան։ Ի՜նչ մեծ պատիվ։ Եհովան տեսել էր, թե ինչ հավատի ու կարողությունների տեր էր նա։ Իսրայելին առաջնորդելու համար հնարավոր չէր գտնել նրանից ավելի պատրաստված անհատի (Թուոց 27։15–20)։ Բացի այդ, Մովսեսը գիտեր, որ Հեսուն իր կյանքում մեծ դժվարությունների է հանդիպել։ Ուստիև քաջալերեց նրան՝ ասելով. «Ուժովացիր եւ քաջ եղիր». Եհովան շարունակելու էր նրա հետ լինել (Բ Օրինաց 31։7, 8)։
Քաջալերական այսպիսի խոսքեր Հեսուին ասաց նաև Աստված ինքը՝ ավելացնելով. «Պահ[իր] եւ [արա] այն ամեն օրէնքի պէս, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրել է. նորանից չ’խոտորուես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Այս օրէնքի գիրքը քո բերանիցը չ’հեռանայ, այլ գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նորա միջի գրուածի պէս. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես։ Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տէղ ուր որ գնաս» (Յեսու 1։7–9)։
Ինչպե՞ս կարող էր Հեսուն կասկածել. չէ՞ որ նա միշտ իր մտքում էր պահում Եհովայի խոսքը։ Բացի այդ, նա մեծ փորձ ուներ։ Իսրայելացիները անպատճառ նվաճելու էին Ավետյաց երկիրը։ Դժվարություններ, ինչ խոսք, կլինեին. առաջինը իր ափերից դուրս եկած Հորդանան գետն էր, որ հարկավոր էր անցնել։ Սակայն «Վեր կաց անցիր այդ Յորդանանովը» խոսքերն ասել էր Եհովան։ Ի՞նչը, ուրեմն, կարող էր արգելք հանդիսանալ այդ քայլի իրագործմանը (Յեսու 1։2)։
Հետագայում տեղի ունեցած դեպքերը՝ Երիքովի նվաճումը, մեկը մյուսի ետևից թշնամի ազգերի հպատակեցումը և ցեղերի միջև գրավված տարածքների բաժանումը ցույց են տալիս, որ Հեսուն երբեք չէր մոռանում Աստծո խոստումները։ Երբ Եհովան Իսրայելին հանգիստ տվեց իր թշնամիներից, Հեսուն, որ արդեն մահվան շեմին էր, հավաքեց ժողովրդին՝ հիշեցնելու նրանց այն բոլոր գործերը, որ Աստված արել էր, ինչպես նաև քաջալերելու, որ նրանք ողջ սրտով ծառայեն Եհովային։ Արդյունքում՝ իսրայելացիները հանդիսավոր կերպով նորացրին իրենց ուխտը Եհովայի հետ և, անշուշտ, իրենց առաջնորդի օրինակից ոգեշնչված՝ «Տիրոջը պաշտեց[ին] Յեսուի բոլոր օրերումը» (Յեսու 24։16, 31)։
Հեսուն գերազանց օրինակ է մեզ համար։ Այսօր քրիստոնյաները հավատի բազում փորձությունների են բախվում։ Դրանք հաջողությամբ հաղթահարելը կենսական նշանակություն ունի, քանի որ այդպես վարվելով՝ կկարողանանք պահպանել Եհովայի բարեհաճությունը և ի վերջո տեսնել նրա խոստումների իրականացումը։ Հեսուի հաջողությունը պայմանավորված էր նրա ամուր հավատով։ Ճիշտ է, մենք չենք տեսել Եհովայի այն զորեղ գործերը, որ տեսել է Հեսուն, բայց վերջինիս անունը կրող աստվածաշնչյան գիրքը վկայում է Եհովայի խոսքի ճշմարտացիության մասին, և այդ վկայությունը տրվում է ականատեսի կողմից։ Հեսուի նման մենք էլ իմաստություն ձեռք կբերենք և հաջողություն կունենանք, եթե ամեն օր կարդանք Աստծո Խոսքն ու ձգտենք կիրառել այն ամենը, ինչ սովորում ենք այդ գրքից։
Պատահե՞լ է այնպես, որ երբեմն քեզ վիրավորված ես զգացել հավատակցիդ վարվելակերպի պատճառով։ Եթե այո, ապա լավ կլիներ մտածեիր, թե ինչպիսի տոկունություն էր հարկավոր Հեսուին այն 40 տարիների ընթացքում, երբ նա, որևէ մեղավորություն չունենալով հանդերձ, ստիպված էր անհավատ մարդկանց հետ թափառել անապատում։ Եղե՞լ է այնպես, որ դժվարացել ես պաշտպանել քո համոզմունքները։ Հիշիր Հեսուին և Քաղեբին։ Իրենց ցուցաբերած հավատի և հնազանդության համար նրանք մեծապես պարգևատրվեցին։ Այո՛, Հեսուն իսկապես հավատում էր, որ Եհովան կիրականացնի իր բոլոր խոստումները։ Թող որ մենք էլ նույն հավատն ունենանք (Յեսու 23։14)։
[նկար 10–րդ էջի վրա]
Մովսեսի հետ ընկերակցելը ամրացրեց Հեսուի հավատը
[նկար 10–րդ էջի վրա]
Հեսուն ու Քաղեբը վստահում էին Եհովայի զորությանը
[նկար 10–րդ էջի վրա]
Հեսուի առաջնորդությունը մղեց ժողովրդին Եհովայից կառչած մնալու