ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7
Որոնիր հեզություն և արժանացիր Եհովայի բարեհաճությանը
«Փնտրե՛ք Եհովային, ո՛վ երկրի բոլոր հեզեր.... որոնե՛ք հեզություն» (ՍՈՓ. 2։3)։
ԵՐԳ 80 «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. ա) Աստվածաշնչում Մովսեսն ինչպե՞ս է նկարագրված, և նա ինչե՞ր է արել։ բ) Ինչո՞ւ պետք է հեզություն զարգացնենք։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ Մովսեսի մասին ասվում է, որ նա «երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն էր» (Թվեր 12։3)։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Մովսեսը թույլ, անվճռական անձնավորություն էր, ով պարզապես վախենում էր հակառակությունից։ Ոմանք հենց այդպես են պատկերացնում հեզ մարդուն։ Բայց այդ պատկերացումը հեռու է ճշմարտությունից։ Մովսեսը ուժեղ, վճռական և քաջ մարդ էր։ Եհովայի օգնությամբ նա չվախեցավ դեմ գնալ Եգիպտոսի հզոր տիրակալին, կարողացավ անապատով անցկացնել և առաջնորդել մի ամբողջ ժողովրդի, որում հավանաբար 3 000 000 մարդ կար։ Նաև նրա միջոցով Եհովան իսրայելացիներին հաղթանակ շնորհեց իրենց թշնամիների դեմ։
2 Իհարկե, մենք չենք բախվում այնպիսի դժվարությունների, ինչպիսիք Մովսեսը հաղթահարեց, բայց ամեն օր գործ ենք ունենում այնպիսի մարդկանց հետ կամ հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնք փորձության են ենթարկում մեր հեզությունը։ Այդուհանդերձ, մենք այս հատկությունը զարգացնելու ծանրակշիռ դրդապատճառ ունենք։ Եհովան խոստանում է, որ «հեզերը կժառանգեն երկիրը» (Սաղ. 37։11)։ Իսկ դու քեզ համարո՞ւմ ես հեզ մարդ։ Ուրիշները համակարծի՞ք են քեզ հետ։ Որպեսզի կարողանաս պատասխանել այս կարևոր հարցերին, նախ եկ իմանանք, թե ինչ է նշանակում հեզ լինել։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵԶ ԼԻՆԵԼ
3–4. ա) Հեզությունը ինչի՞ հետ կարելի է համեմատել։ բ) Հեզ լինելու համար ո՞ր չորս հատկություններն են անհրաժեշտ և ինչո՞ւ։
3 Հեզությունը նման է գեղեցիկ նկարի։ Ճիշտ ինչպես նկարիչն է հաճելի գույներ համադրում գեղեցիկ նկար ստանալու համար, այնպես էլ մենք պետք է մի շարք լավ հատկություններ համադրենք, որպեսզի կարողանանք հեզություն դրսևորել և այդպիսով հաճեցնել Եհովային։ Այդ լավ հատկություններից են խոնարհությունը, հնազանդությունը, մեղմությունն ու քաջությունը։ Իսկ հեզ լինելու համար ինչո՞ւ են հենց այս հատկությունները անհրաժեշտ։b
4 Միայն խոնարհ մարդիկ են հնազանդվում Եհովայի կամքին։ Իսկ նրա կամքը նաև այն է, որ մեղմ լինենք (Մատթ. 5։5, ծնթ.; Գաղ. 5։23)։ Սակայն երբ կատարում ենք Աստծու կամքը, խիստ զայրացնում ենք Սատանային։ Դրա համար էլ, չնայած որ մեղմ ու խոնարհ ենք, Սատանայի աշխարհն ատում է մեզ (Հովհ. 15։18, 19)։ Ուստի մենք պետք է նաև քաջ լինենք, որ կարողանանք դիմադրել Սատանային։
5–6. ա) Սատանան ինչո՞ւ է ատում հեզ մարդկանց։ բ) Այս հոդվածում ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք։
5 Ի տարբերություն հեզ մարդու՝ հպարտ մարդը չի հնազանդվում Եհովային և չի զսպում իր բարկությունը։ Սատանան հենց այսպիսին է։ Զարմանալի չէ, որ նա ատում է հեզ մարդկանց։ Վերջիններիս վարքը բացահայտում է նրա չար էությունը։ Ավելին՝ հեզ մարդիկ ապացուցում են, որ նա ստախոս է։ Ինչպե՞ս։ Ինչ էլ որ Սատանան ասում կամ անում է, միևնույնն է, չի կարողանում նրանց ստիպել, որ դադարեն հնազանդվել ու ծառայել Եհովային (Հոբ 2։3–5)։
6 Իսկ հեզություն դրսևորելը ե՞րբ գուցե դժվար լինի։ Եվ ինչո՞ւ պետք է շարունակենք «հեզություն որոնել»։ Այս հարցերին պատասխանելու համար կքննենք Մովսեսի, երեք հրեա գերիների և Հիսուսի օրինակները։
Ե՞ՐԲ Է ԴԺՎԱՐ ՀԵԶ ԼԻՆԵԼ
7–8. Մովսեսն ինչպե՞ս արձագանքեց, երբ իր հանդեպ հարգանք չդրսևորեցին։
7 Երբ մեզ որոշակի իշխանություն է տրված։ Հեզ լինելը կարող է դժվար լինել նրանց համար, ովքեր որոշակի իշխանություն ունեն, հատկապես երբ նրանց հոգածության տակ գտնվող մարդկանցից մեկը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս իրենց հանդեպ կամ քննադատում է իրենց կայացրած որոշումները։ Քեզ երբևէ նման բան պատահե՞լ է։ Ինչպե՞ս կարձագանքես, եթե ընտանիքիդ անդամներից մեկը այդպես վարվի։ Եկեք քննենք, թե նմանատիպ իրավիճակում Մովսեսն ինչ արեց։
8 Եհովան Մովսեսին Իսրայել ազգի առաջնորդ էր նշանակել և գրել էր տվել այն օրենքները, որոնցով պետք է ապրեր այդ ազգը։ Կասկած չկար, որ Մովսեսի թիկունքին Եհովան էր կանգնած։ Սակայն դա չխանգարեց Մարիամին ու Ահարոնին՝ Մովսեսի հարազատ քրոջն ու եղբորը, նրա դեմ խոսել և քննադատել այն բանի համար, թե նա ում հետ է ամուսնացել։ Եթե Մովսեսի տեղը այդպիսի դիրք ունեցող մեկ ուրիշ մարդ լիներ, ապա, ամենայն հավանականությամբ, կզայրանար և վրեժխնդիր կլիներ, բայց բնավ ոչ Մովսեսը։ Նա չէր շտապում վիրավորվել։ Այդ հեզ մարդը նույնիսկ աղաչեց Եհովային ողորմել Մարիամին (Թվեր 12։1–13)։ Իսկ ինչո՞ւ Մովսեսն այդպես արձագանքեց։
9–10. ա) Եհովան Մովսեսին ի՞նչ հասկացրեց։ բ) Ընտանիքի գլուխները և երեցները Մովսեսից ի՞նչ կարող են սովորել։
9 Մովսեսը թույլ էր տվել, որ Եհովան ձևավորի իրեն։ Գրեթե 40 տարի առաջ, երբ նա Եգիպտոսի թագավորական ընտանիքի անդամ էր, ամենևին էլ հեզ չէր։ Նա այնքան դյուրաբորբոք էր, որ մի անգամ նույնիսկ մարդ սպանեց, ով, իր կարծիքով, անարդարացի էր վարվել դիմացինի հետ։ Մովսեսը ենթադրում էր, թե Աստված հավանություն է տալիս իր գործերին։ 40 տարի պահանջվեց, որ Եհովան Մովսեսին մի կարևոր բան հասկացնի. իսրայելացիներին առաջնորդելու համար միայն քաջ լինելը բավական չէ, հարկավոր է նաև հեզ լինել։ Իսկ հեզ լինելու համար Մովսեսը պետք է խոնարհ, հնազանդ ու մեղմ լիներ։ Նա ինչպես հարկն է սերտեց այս դասը և դարձավ հիանալի առաջնորդ (Ելք 2։11, 12; Գործ. 7։21–30, 36)։
10 Ընտանիքի գլուխները և երեցները պետք է հետևեն Մովսեսի օրինակին։ Երբ ձեր հանդեպ հարգանք չեն դրսևորում, մի՛ շտապեք վիրավորվել։ Խոնարհաբար ընդունեք ձեր սխալները (Ժող. 7։9, 20)։ Հնազանդորեն հետևեք Եհովայի առաջնորդությանը և խնդիրները հարթեք այնպես, ինչպես նա է պատվիրել։ Միշտ մեղմությամբ խոսեք (Առակ. 15։1)։ Այն վերակացուները և ընտանիքի գլուխները, ովքեր այդպես են վարվում, արժանանում են Եհովայի բարեհաճությանը, նպաստում են խաղաղությանը և հեզության օրինակ են թողնում։
11–13. Երեք հրեաները ի՞նչ օրինակ են թողել։
11 Երբ մեզ հալածում են։ Մարդկության պատմության ընթացքում կառավարիչները գրեթե միշտ էլ հալածել են Աստծու ժողովրդին։ Նրանք մեզ մեղադրել ու մեղադրում են հազար ու մի «հանցանքի» մեջ, բայց դրա իրական պատճառն այն է, որ մենք առաջին հերթին «Աստծո՛ւն ենք հնազանդվում և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։ Մեզ, հնարավոր է, ծաղրեն, բանտարկեն կամ նույնիսկ բռնության ենթարկեն։ Սակայն Եհովայի օգնությամբ մենք չարին չարով չենք պատասխանի, այլ հանդարտությամբ կտանենք փորձությունը։
12 Նկատի առնենք այն լավ օրինակը, որ թողել են երեք հրեա գերիները՝ Հանանիան, Միսայելը և Ազարիան։c Բաբելոնի թագավորը նրանց հրամայեց երկրպագել իր կանգնեցրած ոսկե հսկա արձանին։ Սակայն նրանք թագավորին մեղմորեն բացատրեցին, թե ինչու չեն անի այդ բանը։ Նրանք հնազանդ մնացին Աստծուն, չնայած որ թագավորը սպառնաց նրանց գցել կրակով բորբոքված հնոցը։ Եհովան որոշեց անմիջապես միջամտել ու փրկել Հանանիային, Միսայելին և Ազարիային, թեև նրանք չէին ակնկալում, որ Աստված անպայման այդպես կվարվի։ Նրանք պատրաստ էին հավատարիմ մնալ Եհովային՝ անկախ այն բանից, թե նա ինչ թույլ կտար այդ իրավիճակում (Դան. 3։1, 8–28)։ Այդ երեք հրեաները փաստեցին, որ հեզ մարդիկ նաև քաջ են. ո՛չ մի թագավոր, ո՛չ մի սպառնալիք և ո՛չ մի պատիժ չեն կարող ստիպել մեզ, որ դավաճանենք մեր Աստված Եհովային (Ելք 20։4, 5)։
13 Երբ Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը փորձության ենթարկվի, ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այս երեք հրեաներին։ Մենք խոնարհաբար կապավինենք Եհովային՝ համոզված, որ նա հոգ կտանի մեր մասին (Սաղ. 118։6, 7)։ Մենք նաև մեղմությամբ ու հարգանքով կպատասխանենք նրանց, ովքեր անարդարացիորեն մեղադրում են մեզ (1 Պետ. 3։15)։ Եվ իհարկե, մենք կտրականապես կհրաժարվենք անել որևէ բան, ինչը կարող է վնասել Եհովայի հետ մեր ունեցած լավ փոխհարաբերությունները։
14–15. ա) Լարված վիճակում գուցե ինչպե՞ս վարվենք։ բ) Եսայիա 53։7, 10 համարները հաշվի առնելով՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը ամենաակնառու օրինակն է այն հարցում, թե ինչպես կարելի է լարված վիճակում հեզություն դրսևորել։
14 Երբ լարված վիճակում ենք։ Բոլորս էլ այս կամ այն պատճառով սթրես ենք տանում։ Մեկս լարված է, քանի որ դպրոցում քննություն պիտի հանձնի, մյուսս՝ քանի որ ինչ-որ խնդրի է բախվել աշխատանքի վայրում։ Կամ գուցե բժշկական միջամտության կարիք ունենք, և այդ միտքն արդեն իսկ սթրես է պատճառում մեզ։ Լարված վիճակում հեշտ չէ հեզ լինել։ Այն բաները, որոնք սովորաբար մեզ նեղություն չեն պատճառում, այդ պահերին սկսում են խիստ նյարդայնացնել։ Լարված վիճակում գուցե կոպիտ խոսքեր ասենք կամ ձայնի սառը տոնով խոսենք։ Եթե երբևէ այդպիսի վիճակում եղել ես, ապա մեր Մեծ Ուսուցչի օրինակը կարող է մեծապես օգնել քեզ։
15 Հիսուսի համար իր երկրային կյանքի վերջին ամիսները շատ լարված ժամանակներ էին։ Նա գիտեր, որ անասելի տառապանքներ է կրելու և սպանվելու է (Հովհ. 3։14, 15; Գաղ. 3։13)։ Իր մահից դեռևս մի քանի ամիս առաջ նա ասաց, որ շատ մտահոգված է (Ղուկ. 12։50)։ Իսկ մահից մի քանի օր առաջ ասաց. «Հոգիս խռովված է»։ Սակայն Հիսուսի սրտագին աղոթքից կարող ենք տեսնել, որ նույնիսկ այդ վիճակում նա խոնարհ էր ու հնազանդ. «Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել։ Հա՛յր, փառավորի՛ր քո անունը» (Հովհ. 12։27, 28)։ Երբ ժամը հասավ, Հիսուսը քաջաբար թույլ տվեց, որ Աստծու թշնամիները բռնեն իրեն։ Նրանք ծայրաստիճան տանջալից ու նվաստացուցիչ մահապատիժ կիրառեցին նրա նկատմամբ։ Չնայած սաստիկ լարվածությանը և անասելի տառապանքներին՝ Հիսուսը հեզությամբ կատարեց Աստծու կամքը։ Ուստի վստահությամբ կարող ենք ասել, որ նա ամենաակնառու օրինակն է այն հարցում, թե ինչպես կարելի է լարված իրավիճակում հեզություն դրսևորել (կարդա Եսայիա 53։7, 10)։
16–17. ա) Հիսուսի ընկերները ինչպե՞ս փորձության ենթարկեցին նրա հեզությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
16 Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը նրա ամենամտերիմ ընկերները փորձության ենթարկեցին նրա հեզությունը։ Միայն պատկերացրու, թե Հիսուսը որքան լարված էր այդ գիշեր։ Նա մտահոգվում էր, թե արդյոք մինչև վերջին շունչը կկարողանա կատարյալ հավատարմություն պահել։ Դրանից մարդկության ապագան էր կախված (Հռոմ. 5։18, 19)։ Բայց որ ամենակարևորն է, դրանից կախված էր իր Հոր հեղինակությունը (Հոբ 2։4)։ Այժմ պատկերացրու. այդ մտքերով տարված՝ նա վերջին անգամ ընթրում է իր ամենամտերիմ ընկերների՝ առաքյալների հետ, և վերջիններիս զրույցը հանկարծ վերածվում է «մի բուռն վիճաբանության», թե «իրենցից ով է մեծը»։ Հիսուսը բազմիցս ուղղել էր նրանց մտածելակերպը և վերջին անգամ դա արել էր հենց այդ երեկո։ Ուստի հատկանշական է, որ Հիսուսը ափերից դուրս չեկավ։ Փոխարենը՝ մեղմորեն խոսեց նրանց հետ։ Բարությամբ, բայց հաստատակամորեն նա կրկին բացատրեց, թե իր ընկերները ինչպիսի մտայնություն պետք է ունենան։ Ապա գովեց նրանց, որ միշտ հավատարմորեն իր հետ են մնացել (Ղուկ. 22։24–28; Հովհ. 13։1–5, 12–15)։
17 Ինչպե՞ս կարձագանքես, եթե նման իրավիճակում հայտնվես։ Կարո՞ղ ես Հիսուսի պես հանդարտ մնալ և մեղմորեն խոսել, անգամ եթե շատ լարված ես։ Եկեք բոլորս էլ պատրաստակամորեն հնազանդվենք Եհովայի պատվերին և «շարունակենք համբերել իրար» (Կող. 3։13)։ Մենք դա կանենք, եթե հիշենք, որ յուրաքանչյուրս էլ ասում կամ անում է բաներ, որոնք նյարդայնացնում են ուրիշներին (Առակ. 12։18; Հակ. 3։2, 5)։ Նաև լավ կլինի՝ չմոռանանք գովել մարդկանց այն լավ հատկությունների համար, որ նկատում ենք նրանց մեջ (Եփես. 4։29)։
ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ «ՀԵԶՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼ»
18. Եհովան ինչպե՞ս է հեզ մարդկանց օգնում ճիշտ որոշումներ կայացնել, բայց նրանք իրենց հերթին ի՞նչ պետք է անեն։
18 Եթե հեզ լինենք, ավելի իմաստուն որոշումներ կկայացնենք։ Երբ կյանքում դժվար ընտրության առաջ կանգնենք, Եհովան կօգնի մեզ ճիշտ որոշումներ կայացնել, բայց միայն այն դեպքում, եթե հեզ լինենք։ Նա խոստանում է, որ կլսի «հեզերի ցանկությունը» (Սաղ. 10։17)։ Եվ նա մեր ցանկությունը լսելուց ավելին կանի։ Աստվածաշունչը հավաստիացնում է. «Նա հեզերին կօգնի քայլել իր դատավճիռների համաձայն և կսովորեցնի իր ճանապարհը» (Սաղ. 25։9)։ Եհովան այդ առաջնորդությունը տալիս է Աստվածաշնչի, ինչպես նաև «հավատարիմ և իմաստուն ծառայի» պատրաստած հրատարակություններիd ու ծրագրերի միջոցով (Մատթ. 24։45–47)։ Սակայն մենք էլ պետք է մեր բաժինն անենք. խոնարհաբար ընդունենք, որ Եհովայի օգնության կարիքն ունենք, ուսումնասիրենք Սուրբ Գիրքն ու մեր հրատարակությունները և պատրաստակամորեն կիրառենք սովորածը։
19–21. Կադեսում Մովսեսը ի՞նչ սխալ գործեց, և ի՞նչ ենք սովորում դրանից։
19 Եթե հեզ լինենք, ավելի քիչ կսխալվենք։ Կրկին անդրադառնանք Մովսեսին։ Տասնամյակներ շարունակ նա հեզ մնաց և հաճեցրեց Եհովային։ Բայց երբ անապատում իսրայելացիների դեգերումները մոտենում էին ավարտին, Մովսեսը մի պահ կորցրեց հեզությունը։ Նրա քույրը, ով Եգիպտոսում օգնել էր փրկել իր կյանքը, նոր էր մահացել, ու նրան թաղել էին Կադեսում։ Եվ այժմ իսրայելացիները կրկին բողոքում էին, որ իրենց մասին ինչպես հարկն է հոգ չի տարվում։ Նրանք «վիճում էին Մովսեսի հետ» ջուր չունենալու պատճառով։ Չնայած այն բոլոր հրաշքներին, որ Եհովան գործել էր այդ մարդու միջոցով, և չնայած այն բանին, որ Մովսեսը այդ բոլոր տարիների ընթացքում անձնուրացաբար առաջնորդել էր իսրայելացիներին՝ նրանք, միևնույնն է, սկսեցին տրտնջալ։ Նրանք դժգոհում էին ոչ միայն ջրի բացակայությունից, այլև Մովսեսից, իբր նրա մեղքով էր, որ իրենք ծարավ էին մնացել (Թվեր 20։1–5, 9–11)։
20 Զայրույթից կուրացած՝ Մովսեսը կորցրեց իր հեզությունը։ Նա ոչ միայն չասաց ժայռին, որ ջուր տա, ինչպես որ Եհովան էր պատվիրել, այլև դառնությամբ խոսեց ժողովրդի հետ և իրեն վերագրեց այն հրաշքը, որ շուտով կատարվելու էր։ Ապա երկու անգամ հարվածեց ժայռին, և դրանից շատ ջուր դուրս եկավ։ Հպարտությունն ու բարկությունը մի պահ այնպես համակեցին Մովսեսին, որ նա ցավալի սխալ գործեց (Սաղ. 106։32, 33)։ Քանի որ նա մի պահ կորցրեց իր հեզությունը, նրան թույլ չտրվեց մտնել Ավետյաց երկիր (Թվեր 20։12)։
21 Այս դրվագից արժեքավոր դասեր ենք քաղում։ Առաջին՝ հեզ մնալու համար շարունակական ջանքեր են հարկավոր։ Եթե անգամ մի պահ անտեսենք դա, հպարտությունը գլուխ կբարձրացնի, և դրա պատճառով կսկսենք անխոհեմ բաներ ասել ու անել։ Երկրորդ՝ սթրեսը կարող է մեզ խոցելի դարձնել, ուստի առավել ևս նման իրավիճակներում պետք է ջանքեր թափենք, որ հեզ լինենք՝ անկախ այն բանից, թե որքան լարված ենք։
22–23. ա) Ինչո՞ւ պետք է շարունակենք «հեզություն որոնել»։ բ) Սոփոնիա 2։3-ը ի՞նչ է ցույց տալիս։
22 Եթե հեզ լինենք, կփրկվենք Եհովայի բարկության օրը։ Շուտով Եհովան կվերացնի բոլոր չար մարդկանց։ Երկրի վրա կմնան միայն հեզերը։ Այդ ժամանակ երկիրը իսկապես խաղաղ բնակավայր կդառնա (Սաղ. 37։10, 11)։ Իսկ դու կլինե՞ս այդ հեզ մարդկանց թվում։ Կարո՛ղ ես լինել, եթե հետևես Եհովայի ջերմ հորդորին՝ գրված Սոփոնիա մարգարեի գրքում (կարդա Սոփոնիա 2։3)։
23 Բայց ինչո՞ւ է Սոփոնիա 2։3-ում ասվում՝ «գուցե ծածկված լինեք»։ Այս արտահայտությունը չի նշանակում, թե Եհովան ի վիճակի չէ պաշտպանելու նրանց, ովքեր ուզում են հաճեցնել իրեն, և ում նա սիրում է։ Այն պարզապես ցույց է տալիս, որ շատ բան մեզանից է կախված։ Մենք կկարողանանք «Եհովայի բարկության օրը» կենդանի մնալ և հավիտյան ապրել, եթե այժմ ջանադրաբար «հեզություն որոնենք» և հաճեցնենք Եհովային։
ԵՐԳ 120 Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը
a Ոչ ոք ի ծնե հեզ չի լինում։ Մենք պետք է մեր մեջ զարգացնենք այդ հատկությունը։ Իհարկե, երբ գործ ես ունենում խաղաղասեր մարդու հետ, դժվար չէ հեզ լինել, բայց եթե դիմացինդ հպարտ է, դա գուցե այդքան էլ հեշտ չլինի։ Այս հոդվածում կքննարկենք, թե հեզություն զարգացնելու ճանապարհին ինչ խոչընդոտների գուցե հանդիպենք և ինչպես կարող ենք հաղթահարել դրանք։
b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հեզություն։ Հեզ մարդիկ մեղմությամբ են վարվում ուրիշների հետ և հանդարտ են մնում, նույնիսկ երբ իրենց փորձում են հունից հանել։ Խոնարհություն։ Խոնարհ մարդիկ զերծ են հպարտությունից կամ մեծամտությունից։ Նրանք մյուսներին իրենցից բարձր են դասում։ Սակայն երբ «խոնարհություն» բառը Եհովայի առնչությամբ է կիրառվում, դա նշանակում է, որ նա իր ստեղծած արարածներին, ովքեր ստորադաս են իրեն, սիրալիրությամբ ու ողորմածությամբ է վերաբերվում։
d Օրինակ՝ տես «Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն» հոդվածը «Դիտարանի» 2011 թ. ապրիլի 15-ի համարում։
e ՆԿԱՐ։ Հիսուսը հանդարտ է մնում և մեղմությամբ ուղղում է իր աշակերտներին, երբ նրանք վիճում են, թե իրենցից ով է մեծը։