Մոտեցեք Աստծուն
Աստված արդարացիորեն է դատում
ՄԱՐԴԿԱՅԻՆ դատավորները կարող են անարդարացի կամ չափազանց դաժան դատավճիռ կայացնել, սակայն նույնը չի կարելի ասել Եհովա Աստծու՝ արդարություն սիրողի մասին (Սաղմոս 37։28)։ Թեև նա համբերատար է, բայց հանդուրժող չէ։ Նա արդարացիորեն է դատում։ Տեսնենք, թե ինչպես Եհովան վարվեց մի անգամ, երբ վեճ ծագեց ու մարդիկ ըմբոստացան։ Այդ դեպքն արձանագրված է «Թուոց» գրքի 20–րդ գլխում։
Երբ իսրայելացիները դեռ անապատում էին, մի խնդրի առաջ կանգնեցին՝ ջուր չկարa։ Ժողովուրդը սկսեց վիճել Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. «Ի՞նչու բերիք Եհովայի ժողովրդին այս անապատը, որ մենք եւ մեր անասունները այս տեղ մեռնենք» (համար 4)։ Ժողովուրդը գանգատվում էր, որ անապատը «վատ տեղ» է, որտեղ «խմելու համար անգամ ջուր», ինչպես նաև «թզենիներ եւ այգիներ եւ նռնենիներ» չկան. այն մրգերը, որ իսրայելացի լրտեսները տարիներ առաջ իրենց հետ բերել էին Ավետյաց երկրից (համար 5; Թուոց 13։23)։ Փաստորեն, նրանք Մովսեսին ու Ահարոնին էին մեղադրում, որ անապատը նման չէ այն պտղաբեր երկրին, ուր նրանց տրտնջացող հայրերը չէին ցանկացել մտնել։
Եհովան անմիջապես չմերժեց տրտնջացողներին։ Նա հրահանգ տվեց Մովսեսին երեք բան անել. «Առ գաւազանը, ժողովքը ժողովիր, եւ ... խօսեցեք ապառաժին նորանց աչքերի առաջին, եւ նա կ’տայ իր ջուրը» (համար 8)։ Մովսեսը հնազանդորեն կատարեց առաջին երկու հրահանգները, սակայն երրորդ հրահանգին չհնազանդվեց։ Եհովայի հանդեպ հավատով լցված՝ նա պետք է «խոսեր ապառաժին», սակայն բարկությամբ դիմեց ժողովրդին. «Լսեցէք հիմա, ով ապստամբներ, այս ապառաժիցը ջուր հանե՞նք ձեզ համար» (համար 10; Սաղմոս 106։32, 33)։ Այնուհետև Մովսեսը երկու անգամ հարվածեց ապառաժին, և «շատ ջուր դուրս ելաւ» (համար 11)։
Մովսեսն ու Ահարոնը լուրջ մեղք գործեցին։ Ուստի Աստված ասաց. «Դուք ապստամբեցիք .... իմ տված պատվերի դեմ» (Թուոց 20։24, ՆԱ)։ Եհովայի պատվերին դեմ գնալով՝ Մովսեսն ու Ահարոնը դարձան ըմբոստներ, մինչդեռ հենց այդպիսին լինելու մեջ մեղադրում էին ժողովրդին։ Աստծու դատավճիռը հստակ էր. նրանք չէին առաջնորդելու Իսրայել ազգին Ավետյաց երկիր։ Արդյոք Եհովայի կայացրած դատավճիռը շա՞տ խիստ էր։ Ո՛չ։ Դրա համար Եհովան մի շարք պատճառներ ուներ։
Առաջին՝ Աստված չէր պատվիրել Մովսեսին խոսել նրանց հետ, ոչ էլ ասել էր, որ նրանց դատապարտի որպես ըմբոստների։ Երկրորդ՝ Մովսեսն ու Ահարոնը փառքը Եհովային չվերագրեցին։ Նա ասաց. «Իսրայէլի որդկանց աչքերի առաջին չփառաւորեցիք [ինձ]» (համար 12)։ Մովսեսը, «ջուր հանե՞նք ձեզ համար» ասելով, ուզում էր ցույց տալ, թե ինքն ու Ահարոնն են հրաշքով ջուր հանելու, ոչ թե Աստված։ Երրորդ՝ այս դատավճիռը համապատասխանում էր անցյալում կայացրած դատավճիռներին։ Եհովան թույլ չէր տվել ըմբոստների սերնդին մտնել Քանան, ուստի նա նույնկերպ վարվեց Մովսեսի ու Ահարոնի հետ (Թուոց 14։22, 23)։ Չորրորդ՝ Մովսեսն ու Ահարոնը Իսրայելի առաջնորդներն էին։ Իսկ Աստված ում շատ պատասխանատվություններ է վստահում, շատ էլ պահանջում է (Ղուկաս 12։48)։
Եհովան արդարացիորեն է դատում։ Քանի որ արդարություն է սիրում, նա այնպիսի դատավճիռներ է կայացնում, որոնք արդար են։ Ինչ խոսք, այսպիսի Դատավորն արժանի է մեր վստահությանն ու հարգանքին։
[ծանոթագրություն]
a Եգիպտոսից դուրս գալուց հետո իսրայելացիները պատրաստվում էին մտնելու Քանան, մի երկիր, որն Աստված խոստացել էր տալ Աբրահամին։ Բայց երբ տասը լրտեսները վատ լուր բերեցին, ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ։ Ուստի Եհովան հայտարարեց, որ նրանք 40 տարի կդեգերեն անապատում, իսկ դա բավարար ժամանակ էր, որ ըմբոստների սերունդը մահանար։