«Այլախառն լծակից մի լինիք»
ԻՆՉՊԵՍ երևում է նկարից, միասին լծված ուղտն ու եզը իրենց բոլորովին լավ չեն զգում։ Երկու կենդանիներն էլ տանջվում են, որովհետև լուծը, որ նրանք կրում են, նախատեսված է այնպիսի կենդանիների համար, որոնք նույն չափի և նույն ուժի տեր են։ Այդպիսի լծկան կենդանիների բարօրությամբ մտահոգված՝ Աստված պատվիրել էր իսրայելացիներին. «Էշը եւ եզը մէկտեղ վարելու չ’գործածես» (Բ Օրինաց 22։10)։ Նույն սկզբունքը կարելի էր կիրառել եզի և ուղտի դեպքում։
Հողագործը սովորաբար նման դժվար վիճակի մեջ չէր դնի իր անասուններին։ Սակայն երկու եզ չունենալու դեպքում հնարավոր է, որ նա օգտագործեր իր տրամադրության տակ եղած երկու տարբեր կենդանիներ։ Ակներևաբար 19–րդ դարի այս հողագործը, որին տեսնում ենք նկարում, հենց այդպես էլ որոշել է վարվել։ Չափի ու կշռի տարբերությունը կարող էր պատճառ հանդիսանալ, որ թույլ կենդանին ստիպված լիներ մեծ ջանքեր գործադրել ետ չընկնելու համար, իսկ ուժեղին սովորականից շատ ավելի մեծ բեռ բաժին ընկներ։
Պողոս առաքյալը օգտագործեց անհավասար լծի պատկերավոր օրինակը՝ սովորեցնելու մի կարևոր դաս։ Նա գրեց. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք»։ Ապա ավելացրեց. «Որովհետեւ ի՞նչ մասնակցութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ ի՞նչ հաղորդութիւն ունի լոյսը խաւարին հետ» (Բ Կորնթացիս 6։14)։ Իսկ ինչպե՞ս կարող է քրիստոնյան անհավասար լծակից դառնալ։
Այդպես կարող է լինել, օրինակ, երբ քրիստոնյան իրեն ամուսնական զույգ ընտրի այնպիսի անհատի, որն իր հավատալիքները չի կիսում։ Նման միությունը երկու կողմին էլ դժվարությունների առջև կկանգնեցնի։ Նրանք համաձայնության չեն գա հիմնական հարցերում։
Երբ Եհովան հիմնեց ամուսնական կառույցը, նա կնոջը հատկացրեց ‘հարմար օգնականի’ դեր (Ծննդոց 2։18)։ Իսկ Մաղաքիա մարգարեի միջոցով Աստված կնոջ մասին ասաց, որ նա իր ամուսնու «ընկերն է» (Մաղաքիա 2։14)։ Մեր Ստեղծիչը ցանկանում է, որ ամուսնական զույգերը գործեն իրար ներդաշնակ, և հոգևոր առումով քայլեն նույն ուղղությամբ՝ հավասարապես կիսելով դժվարություններն ու օրհնությունները։
Ամուսնանալով «միայն.... Տէրով»՝ քրիստոնյան ցույց է տալիս, որ հարգում է մեր երկնային Հոր խորհուրդը (Ա Կորնթացիս 7։39)։ Սա հիմք է դնում համերաշխ ամուսնական միության, որը փառք ու պատիվ կարող է բերել Աստծուն, քանի որ ամուսինները երկուսն էլ նրան ծառայում են որպես ‘հարազատ լծակիցներ’՝ յուրահատուկ իմաստով (Փիլիպպեցիս 4։3)։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Camel and ox: From the book La Tierra Santa, Volume 1, 1830