«Այցելէ՛ այս որթատունկին»
ՏԱՍՆԵՐԿՈՒ հետախույզները եղան Ավետյաց երկրի ամենատարբեր մասերում։ Մովսեսը պատվիրել էր նրանց ուսումնասիրել տեղի բնակիչներին և բերել այդ երկրի պտուղներից։ Ո՞ր պտուղը առանձնապես նրանց հետաքրքրեց։ Քեբրոնից ոչ շատ հեռու նրանք խաղողի այգի գտան։ Խաղողի ողկույզներն այնքան մեծ էին, որ ընդամենը մի ողկույզ տանելու համար երկու մարդ էր պետք։ Տպավորված լինելով այդ վայրի բերքառատությունից՝ հետախույզներն այն անվանեցին ‘Եսքողի [այսինքն՝ «Խաղողի ողկույզի»] ձոր’ (Թուոց 13։22–25)։
19–րդ դարում Պաղեստին այցելած մի մարդ գրեց. «Եսքողը, կամ՝ Խաղողի հովիտը.... մինչև օրս ծածկված է որթատունկերով և տալիս է պտուղներ, որոնք ամենամեծն ու ամենահամեղն են Պաղեստինում»։ Ճիշտ է, աստվածաշնչային ժամանակներում գրեթե ամբողջ Պաղեստինում բարձրորակ խաղող էր աճում, բայց Եսքողի խաղողը ամենալավն էր։ Ըստ հին եգիպտական աղբյուրների՝ փարավոնները Քանանից գինի էին ներմուծում։
«Շնորհիվ [Պաղեստինի] արևկող սարալանջերի խճաքարով հարուստ հողի, ամառվա տապի և ձմեռային անձրևաջրերի արագ հոսքի՝ այդ երկիրը կարող էր ստանալ «խաղողի երկիր» անունը»,— բացատրվում է մի գրքում («The Natural History of the Bible»)։ Եսայիայի մարգարեության մեջ նշվում է, որ որոշ վայրերում աճում էր մինչև հազար որթատունկ (Եսայիա 7։23)։
«Խաղողի երկիր»
Մովսեսն իսրայելացիներին ասաց, որ նրանք ապրելու էին մի երկրում, որն առատ էր լինելու «այգիներով [«որթատունկերով», ՆԱ], թզենիներով եւ նռնենիներով» (Բ Օրինաց 8։8)։ Ըստ աստվածաշնչային բույսերի վերաբերյալ մի հանրագիտարանի՝ «հին Պաղեստինում խաղողագործությունն այնքան շատ էր տարածված, որ խաղողի կորիզներ են հայտնաբերվել գրեթե բոլոր պեղված վայրերում» («Baker Encyclopedia of Bible Plants»)։ Ավետյաց երկրում աճող որթատունկերի բերքատվությունն այնքան բարձր էր, որ նույնիսկ մ. թ. ա. 607 թ.–ից հետո, երբ Նաբուգոդոնոսորի բանակը ամայացրեց Հուդան, երկրում մնացած ժողովուրդը «ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ» (Երեմիա 40։12; 52։16)։
Իսրայելացի հողագործը պետք է լավ խնամք տաներ իր խաղողի այգուն, որպեսզի մեծ քանակությամբ բերք հավաքեր։ Եսայիա մարգարեն նկարագրում է, թե սովորաբար ինչպես էր դա տեղի ունենում։ Նախքան իր ‘ընտիր որթերը’ տնկելը իսրայելացին հերկում էր սարի լանջին գտնվող հողը և հեռացնում մեծ քարերը։ Այնուհետև նա այդ քարերից պատնեշ էր սարքում։ Այդ պատը տնկիները պաշտպանում էր խոշոր եղջերավոր անասուններից և որոշ չափով՝ աղվեսից, վայրի խոզից և գողերից։ Հողագործը հնձան էր փորում, կառուցում էր փոքրիկ աշտարակ, որը ծառայում էր որպես հով տեղ բերքահավաքի շրջանում, երբ այգին հարկավոր էր ավելի լավ պաշտպանել։ Այս բոլոր նախապատրաստական աշխատանքներից հետո նա կարող էր առատ բերք ակնկալել (Եսայիա 5։1, 2)։a
Բերքատվությունը բարձրացնելու նպատակով այգեպանը պարբերաբար էտում էր որթատունկերը։ Նա նաև փխրեցնում էր հողը, որպեսզի կասեցներ մոլախոտերի և փշերի աճը։ Ամառային ամիսներին նա այգին ջրում էր, եթե գարնանը բավականաչափ տեղումներ չէին լինում (Եսայիա 5։6; 18։5; 27։2–4)։
Ամառվա վերջում սկսվում էր խաղողի բերքահավաքը, որը մեծ ուրախության ժամանակ էր (Եսայիա 16։10)։ Աստվածաշնչի երեք սաղմոսներ ունեն ենթախորագրեր, որտեղ հանդիպում է «Կիթթիթով» կամ «Կիթթիթի վերայ» արտահայտությունները (Սաղմոս 8, 81, 84)։ Այս երաժշտական արտահայտությունը, որի իմաստը պարզ չէ, «Յոթանասնից»–ում թարգմանված է «հնձաններ» բառով, հետևաբար կարելի է եզրակացնել, որ իսրայելացիներն այս սաղմոսները երգում էին խաղողի բերքահավաքի ժամանակ։ Իսրայելացիները հիմնականում խաղողն օգտագործում էին գինի ստանալու համար։ Սակայն նրանք նաև այն ուտում էին թարմ վիճակում, ինչպես նաև չորացնելով չամիչ էին պատրաստում և օգտագործում կարկանդակներ թխելու համար (Բ Թագաւորաց 6։19, ԷԹ; Ա Մնացորդաց 16։3, ՆԱ)։
Իսրայելի որթատունկը
Աստվածաշնչում Աստծու ժողովուրդը մի քանի անգամ հիշատակվում է որպես որթատունկ։ Սա համապատասխան նկարագրություն է, որովհետև իսրայելացիների համար խաղողը կարևոր նշանակություն ուներ։ 80–րդ սաղմոսում Ասափը Իսրայել ազգին նմանեցնում է որթատունկի, որը Եհովան տնկել է Քանանում։ Երկիրն արդեն մաքրված էր, ուստի Իսրայելի որթատունկը կարող էր հողում արմատ գցել և ամրանալ։ Սակայն տարիներն անցան, և նրան պաշտպանող պատերը քանդվեցին։ Ազգն այլևս չէր վստահում Եհովային, ուստի Աստված ետ քաշեց իր պաշտպանությունը։ Թշնամի ազգերը ագահաբար կուլ տվեցին Իսրայելի հարստությունը, ինչպես որ վայրի խոզն է ոտնատակ անում խաղողի այգին։ Ասափն աղոթում է, որ Եհովան օգնի Իսրայելին, և ազգի նախկին փառքը վերականգնվի։ «Այցելէ՛ այս որթատունկին» (ԱԱ),— աղաչում է Ասափը (Սաղմոս 80։8–15)։
Եսայիան ‘Իսրայելի տունը’ նմանեցրեց խաղողի այգու, որը աստիճանաբար սկսեց «ազոխ», այսինքն՝ վայրի, կամ՝ փչացած ու նեխած պտուղներ բերել (Եսայիա 5։2, 7)։ Վայրի խաղողի պտուղը շատ ավելի մանր է, քան մշակովի խաղողինը. նրա պտղամիսն այնքան քիչ է, որ, փաստացի, կորիզներն են հանդես գալիս որպես հատապտուղ։ Այդպիսի պտուղները պիտանի չեն գինի պատրաստելու կամ ուտելու համար։ Դրանք բավական դիպուկ կերպով ներկայացնում են հավատուրաց ազգին, որի տված պտուղը անօրենությունն էր և ոչ թե արդարությունը։ Որթատունկի Մշակի մեղքով չէր, որ այդ ազգը անպիտան պտուղներ բերեց։ Եհովան ամեն ինչ արել էր, որ Իսրայել ազգը պտղաբեր լիներ։ «Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան»,— հարցրեց նա (Եսայիա 5։4)։
Քանի որ Իսրայելի որթատունկը անպտուղ էր, Եհովան զգուշացրեց, որ ինքը կքանդի այն պաշտպանիչ պատը, որ կառուցել էր իր ժողովրդի շուրջ։ Նա այլևս չէր էտելու իր փոխաբերական որթատունկը և չէր փխրեցնելու նրա հողը։ Գարնանային անձրևները, որոնցից կախված էր բերքատվությունը, չէին գալու, և փշերն ու մոլախոտերը ծածկելու էին խաղողի այգին (Եսայիա 5։5, 6)։
Մովսեսը մարգարեացել էր, որ իսրայելացիների հավատուրացության պատճառով նրանց որթատունկերը չորանալու էին։ «Այգիներ կ’տնկես եւ կ’դարմանես, բայց գինի չես խմիլ, եւ խաղողը չես ժողովիլ. որովհետեւ որդերը պիտի ուտեն նորան» (Բ Օրինաց 28։39)։ Որթատունկը կարող է չորանալ մի քանի օրվա ընթացքում, եթե որդը մտնի նրա բնի մեջ և սկսի ներսից ուտել (Եսայիա 24։7)։
«Ճշմարիտ որթատունկը»
Հիսուսը նույնպես որթատունկի հետ կապված համեմատություն արեց։ Վերջին ընթրիքի ժամանակ նա իր աշակերտներին ասաց. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է» (Յովհաննէս 15։1, ԷԹ)։ Հիսուսն իր աշակերտներին նմանեցրեց որթատունկի ճյուղերի։ Որթատունկի ճյուղերը իրենց կենսական զորությունը ստանում են բնից։ Նման կերպով, Քրիստոսի աշակերտները պետք է նրա հետ միության մեջ լինեն, որպեսզի նրանից զորություն ստանան։ «Առանց ինձ չէք կարող ոչինչ անել»,— ասաց Հիսուսը (Յովհաննէս 15։5)։ Այգեգործները խաղողը աճեցնում են բերք ստանալու համար, իսկ Եհովան իր ժողովրդից ակնկալում է հոգևոր պտուղներ։ Այդպիսի պտուղները Աստծուն՝ որթատունկի Մշակին, բավականություն են պատճառում և փառք բերում նրան (Յովհաննէս 15։8)։
Որթատունկի պտղատվությունը կախված է էտելուց և մաքրելուց։ Հիսուսը հիշատակեց այդ երկու գործողությունների մասին։ Խաղողագործը սովորաբար տունկը էտում է տարին երկու անգամ, որպեսզի հնարավորին չափ առատ բերք ստանա։ Նա ձմեռային ամիսներին որթատունկի շատ ճյուղեր կտրում է։ Այգեպանը նախորդ տարում աճած ճյուղերի մեծ մասը հեռացնում է։ Նա բնի վրա թողնում է երեքից չորս ճյուղ, որոնցից յուրաքանչյուրն ունենում է մեկ կամ երկու ընձյուղ։ Այդ մատղաշ ընձյուղները, որ աճել են նախորդ տարում, հաջորդ ամռանը կդառնան պտղաբեր ճյուղեր։ Վերջացնելով էտումը՝ խաղողագործը կտրված ճյուղերն այրում է։
Հիսուսը այդպիսի էտումը նկարագրում է հետևյալ կերպ. «Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է» (Յովհաննէս 15։6)։ Ճիշտ է, գուցե թվա, թե որթատունկը զրկվել է ճյուղերից, բայց գարնանը նրան սպասում է մեկ ուրիշ էտում։
«Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան»,— ասաց Հիսուսը (Յովհաննէս 15։2)։ Հնարավոր է, սա վերաբերում է հետագա էտմանը, երբ որթատունկը բավականաչափ նոր ճյուղեր է արձակում, և փոքրիկ ողկույզներն արդեն հստակ երևում են։ Այգեպանը յուրաքանչյուր նոր ճյուղ ամենայն ուշադրությամբ զննում է, որպեսզի տեսնի, թե որի վրա պտուղ կա և որի վրա՝ ոչ։ Եթե անպտուղ ճյուղերը մնան որթատունկի վրա, ապա նրանք կշարունակեն բնից ստանալ սնուցիչ նյութեր և ջուր։ Այդ պատճառով էլ այգեգործը կտրում է այդ ճյուղերը, որպեսզի սնվեն միայն պտղավոր ճյուղերը։
Հիսուսը խոսեց նաև մաքրման պրոցեսի մասին։ Նա բացատրեց. «Ամեն պտուղ բերողին [նա] մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի» (Յովհաննէս 15։2)։ Անպտուղ ճյուղերը հեռացնելուց հետո խաղողագործը յուրաքանչյուր պտղավետ ճյուղ ուշադիր ստուգում է։ Այդ ճյուղի հիմքի մասում նա միշտ հայտնաբերում է փոքրիկ նոր ընձյուղներ, որոնք նույնպես ենթակա են հեռացման։ Եթե նրանք չկտրվեն, ապա կքաշեն որթատունկի հյութը, որը պետք է գնա դեպի խաղողի հատիկները։ Մի քանի մեծ տերևներ նույնպես գուցե կտրվեն, որպեսզի արևի լույսը հասնի մատղաշ պտուղներին։ Այս բոլոր գործողությունները նպաստում էին պտղավոր ճյուղերի առատ բերքատվությանը։
«Շատ պտուղ բերէք»
‘Ճշմարիտ որթատունկի’ այլաբանական ճյուղերը ներկայացնում են օծյալ քրիստոնյաներին։ Սակայն «ուրիշ ոչխարները» ևս պետք է փաստեն, որ իրենք Քրիստոսի արդյունավետ աշակերտներ են (Յովհաննէս 10։16)։ Նրանք նույնպես կարող են «շատ պտուղ» բերել և դրանով փառաբանել իրենց երկնային Հորը (Յովհաննէս 15։5, 8)։ Ճշմարիտ որթատունկի վերաբերյալ Հիսուսի պատմած օրինակը մեզ հիշեցնում է, որ փրկությունը կախված է այն բանից, թե արդյոք միության մեջ կլինենք Քրիստոսի հետ և արդյոք առատ հոգևոր պտուղներ կբերենք։ Հիսուսն ասաց. «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ» (Յովհաննէս 15։10)։
Զաքարիայի օրերում Աստված իսրայելացիների հավատարիմ մնացորդին խոստացավ, որ երկիրը դարձյալ կվայելի ‘խաղաղության սերմը’ (ԱԱ). «որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ» (Զաքարիա 8։12)։ Որթատունկը նաև հիշատակվում է նկարագրելու համար այն խաղաղությունը, որ Աստծու ժողովուրդը կվայելի Քրիստոսի Հազարամյա Իշխանության ժամանակ։ Միքիան մարգարեացավ. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4)։
[ծանոթագրություն]
a Ըստ «Հրեական հանրագիտարանի» (անգլ.)՝ իսրայելացի հողագործը նախընտրում էր խաղողի «սորեկ» տեսակը, որը տալիս էր կարմրասև պտուղներ։ Հավանաբար Եսայիա 5։2–ում խոսվում է հենց այս տեսակի մասին։ Այդ խաղողից ստանում էին քաղցր կարմիր գինի։
[նկար 18-րդ էջի վրա]
Չորացած որթատունկ
[նկար 18-րդ էջի վրա]
Ձմեռային էտում
[նկար 19-րդ էջի վրա]
Կտրված ճյուղերը այրում են