ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
Օգնեք ձեր դեռահասին «բարգավաճել»
1, 2. Ի՞նչ խնդիրներ և միաժամանակ ուրախություններ կարող են իրենց հետ բերել պատանեկան տարիները։
ՏԱՆ մեջ դեռահաս ունենալը նույնը չէ, ինչ որ հինգ, նույնիսկ տասը տարեկան երեխա ունենալը։ Պատանեկան տարիներն իրենց հետ բազում խնդիրներ ու դժվարություններ են բերում, սակայն դրա հետ մեկտեղ բերում են նաև ուրախություններ ու վարձատրություններ։ Հովսեփի, Դավիթի, Հովսիայի և Տիմոթեոսի օրինակները ցույց են տալիս, որ երիտասարդները կարող են պատասխանատվության զգացում ունենալ և հիանալի փոխհարաբերություններ վայելել Եհովայի հետ (Ծննդոց 37։2–11; Ա Թագաւորաց 16։11–13; Դ Թագաւորաց 22։3–7; Գործք 16։1, 2)։ Այսօր էլ շատ պատանի աղջիկներ ու տղաներ իրենց գործերով դա են ապացուցում։ Հավանաբար ձեր շրջապատում էլ կան այդպիսի պատանիներ, որոնց դուք անձամբ ճանաչում եք։
2 Այնուհանդերձ, ոմանց համար պատանեկան տարիները փոթորկալից ու անհանգիստ մի ժամանակաշրջան է։ Պատանիները էմոցիոնալ առումով վերելքներ ու վայրէջքներ են ունենում։ Նրանք գուցե ձգտում են ավելի անկախ լինել և դժգոհում են, երբ ծնողներն իրենց առջև որոշ սահմանափակումներ են դնում։ Սակայն այդ պատանիները դեռևս շատ անփորձ են և ծնողական սիրառատ ու համբերատար հոգատարության կարիքն ունեն։ Այո, պատանեկան տարիները կարող են ուրախություն պատճառել, բայց դրանք կարող են նաև շփոթություն առաջ բերել ոչ միայն ծնողների, այլև իրենց՝ պատանիների համար։ Ինչպե՞ս կարելի է նրանց օգնել իրենց կյանքի այդ շրջանում։
3. Ինչպե՞ս կարող են ծնողները նախապատրաստել իրենց դեռահաս երեխային չափահաս կյանքի։
3 Այն ծնողները, ովքեր հետևում են Աստվածաշնչի խորհուրդներին, լավագույն հնարավորությունն են տալիս իրենց դեռահաս երեխաներին հաջողությամբ անցնելու այդ փորձությունների միջով և մեծանալու որպես պատասխանատվության զգացում ունեցող անձնավորություններ։ Բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մեջ իսկական օրհնություն են ստացել այն ծնողներն ու զավակները, ովքեր իրենց կյանքում միասնաբար են կիրառել Աստվածաշնչի սկզբունքները (Սաղմոս 119։1)։
ԱՆԿԵՂԾ, ԱԶԱՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. Ինչո՞ւ է խորհուրդը կարևոր հատկապես երեխայի պատանեկության շրջանում։
4 Աստվածաշունչն ասում է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս» (Առակաց 15։22)։ Եթե խորհուրդն անհրաժեշտ էր այն ժամանակ, երբ երեխաները դեռ փոքր էին, ապա որքան ավելի այն կարևոր է պատանեկության շրջանում, երբ նրանք, ամենայն հավանականությամբ, քիչ են լինում տանը և ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց համադասարանցիների ու ընկերների հետ։ Եթե բացակայում է խորհուրդը, այսինքն՝ չկա անկեղծ, ազատ հաղորդակցություն ծնողների ու երեխաների միջև, ապա պատանիները կարող են իրենց օտար զգալ տանը։ Ինչպե՞ս, ուրեմն, բաց պահել հաղորդակցության դռները։
5. Ինչպե՞ս պետք է դեռահասները վերաբերվեն ծնողների հետ հաղորդակցվելուն։
5 Այս հարցում իրենց դերը պետք է ունենան ինչպես պատանիները, այնպես էլ ծնողները։ Ճիշտ է, դեռահասների համար գուցե հիմա ավելի դժվար է ծնողների հետ զրուցելը, քան երբ դեռ փոքր էին։ Սակայն լավ կլիներ հիշել հետևյալ խոսքերը. «Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի» (Առակաց 11։14)։ Այս խոսքերը վերաբերում են բոլորին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այն պատանիները, ովքեր գիտակցում են այս խոսքերի ճշմարիտ լինելը, կհասկանան, որ առաջվա պես կարիք ունեն հմուտ առաջնորդության. չէ՞ որ այժմ ստիպված են երես առ երես բախվել շատ ավելի բարդ խնդիրների հետ։ Նրանք պետք է ընդունեն, որ իրենց աստվածավախ ծնողները պատրաստ են լավ խորհրդատուներ լինել, քանզի կյանքի ավելի մեծ փորձ ունեն և արդեն երկար ժամանակ է՝ ցույց են տալիս իրենց սերն ու հոգատարությունը։ Ուստի կյանքի այս շրջանում խելամիտ պատանիները երես չեն թեքի իրենց ծնողներից։
6. Ի՞նչ մոտեցում կցուցաբերեն սիրող և իմաստուն ծնողները իրենց դեռահաս երեխաների հետ հաղորդակցվելու հարցում։
6 Բաց հաղորդակցությունը ենթադրում է, որ ծնողները պետք է աշխատեն միշտ պատրաստ լինել լսելու, երբ իրենց դեռահաս երեխան արտահայտվելու կարիք է զգում։ Եթե դուք էլ ծնող եք, հոգ տարեք, որ գոնե ձեր կողմից հաղորդակցության դռները միշտ բաց լինեն։ Երբեմն դա այնքան էլ հեշտ չէ։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (Ժողովող 3։7)։ Երբ ձեր զավակը որոշի, որ ժամանակն է խոսելու, գուցե այդ պահը ձեզ համար «լռելու ժամանակն» էր։ Հնարավոր է՝ այդ ժամանակը հատկացրել էիք անձնական ուսումնասիրությանը, հանգստին կամ էլ տան գործերին։ Սակայն, եթե զգում եք, որ նա ցանկանում է խոսել ձեզ հետ, աշխատեք փոխել ձեր պլանները. միգուցե երկրորդ անգամ նա այլևս ձեզ չդիմի։ Հիշեք Հիսուսի օրինակը։ Մի օր նա որոշել էր փոքր–ինչ հանգիստ առնել։ Բայց երբ շուրջը մարդիկ հավաքվեցին՝ նրան լսելու, Հիսուսը հետաձգեց իր հանգիստը և սկսեց նրանց ուսուցանել (Մարկոս 6։30–34)։ Պատանիների մեծամասնությունը գիտակցում է, թե որքան ծանրաբեռնված են իրենց ծնողները, սակայն շատ կարևոր է, որ նրանք վստահ լինեն, որ հարկ եղած դեպքում ծնողներն իրենց կողքին կլինեն։ Ուստի եղեք մատչելի և հասկացող։
7. Ինչի՞ց պետք է խուսափեն ծնողները։
7 Փորձեք հիշել, թե ինչ էիք զգում, երբ դուք ինքներդ էիք պատանի, և մի կորցրեք ձեր հումորի զգացումը։ Երեխաների հետ շփումը պետք է հաճույք պատճառի ծնողներին։ Ինչո՞վ են զբաղվում ծնողներն իրենց ազատ ժամերին։ Եթե ձգտում են այդ ժամանակն անցկացնել ընտանիքից դուրս, ապա պատանիները դա անմիջապես կնկատեն։ Եվ եթե վերջիններս սկսեն մտածել, որ դպրոցական ընկերներն ավելի են գնահատում իրենց, քան իրենց ծնողները, ապա դա լուրջ խնդիրներ առաջ կբերի։
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ
8. Ինչպե՞ս կարելի է երեխաների մեջ գնահատանք սերմանել դեպի ազնվությունը, քրտնաջան աշխատանքն ու պարկեշտ վարքը։
8 Եթե ձեր երեխաների մեջ դեռևս գնահատանք չեք սերմանել դեպի ազնվությունն ու քրտնաջան աշխատանքը, ապա ժամանակն է դա անելու նրանց պատանեկության տարիներին (Ա Թեսաղոնիկեցիս 4։11; Բ Թեսաղոնիկեցիս 3։10)։ Ծնողները պետք է նաև համոզված լինեն այն բանում, որ իրենց երեխաները ամբողջ սրտով գիտակցում են բարոյապես մաքուր կյանք վարելու կարևորությունը (Առակաց 20։11)։ Այս հարցում մեծ դեր է խաղում ծնողների անձնական օրինակը։ Ինչպես որ անհավատ ամուսինները գուցե իրենց «կանանց վարքովը առանց խօսքի շահուին», այնպես էլ դեռահասները, իրենց ծնողների վարքը տեսնելով, կարող են կյանքում ճիշտ սկզբունքներ ձեռք բերել (Ա Պետրոս 3։1)։ Սակայն միայն օրինակը դեռ բավական չէ, քանի որ տանից դուրս երեխաները բազում վատ օրինակներ են տեսնում և մշտապես գայթակղեցնող պրոպագանդայի անվերջանալի տարափի տակ են գտնվում։ Ուստի հոգատար ծնողները պետք է տեղյակ լինեն, թե ինչպես է իրենց դեռահաս աղջիկը կամ տղան վերաբերվում իր տեսածին ու լսածին, իսկ դրա համար բովանդակալից զրույցների կարիք է զգացվում (Առակաց 20։5)։
9, 10. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ծնողները սեռական դաստիարակություն տան իրենց երեխաներին, և ինչպե՞ս կարող են դա անել։
9 Սա հատկապես տեղին է, երբ խոսքը սեռական դաստիարակության մասին է։ Ծնողնե՛ր, գուցե անհարմա՞ր եք զգում ձեր երեխաների հետ խոսել սեռին վերաբերող հարցերի շուրջ։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա ջանք թափեք խեղդել ձեր մեջ այդ զգացումը, քանի որ ձեր երեխաները, միևնույն է, այդ մասին ուրիշներից կիմանան։ Եվ եթե անձամբ ձեզանից դա չլսեն, ապա ո՞վ գիտե՝ ի՛նչ տեղեկություններ նրանք կստանան դրսից։ Աստվածաշնչում Եհովան չի խուսափում սեռական կյանքին վերաբերող հարցերի մասին խոսելուց. չպետք է խուսափեք նաև դուք (Առակաց 4։1–4; 5։1–21)։
10 Ի ուրախություն մեզ՝ Աստվածաշունչը հստակ առաջնորդություն է տալիս սեռական վարքի վերաբերյալ։ Այս առնչությամբ Եհովայի վկաների կազմակերպությունը նույնպես բավականին օգտակար տեղեկություններ է մատակարարում՝ ցույց տալով, որ այդ առաջնորդությունը գործնական է նաև մեր օրերում։ Ինչո՞ւ չօգտվել այդ օգնությունից։ Ինչո՞ւ, օրինակ, ձեր որդու կամ դստեր հետ չքննարկեք համապատասխան գլուխներ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ (ռուս.) հատորներից։ Արդյունքները գուցե զարմացնեն ձեզ։
11. Ինչպե՞ս կարող են ծնողները լավագույն կերպով սովորեցնել երեխաներին, թե ինչպես ծառայել Եհովային։
11 Ո՞րն է, սակայն, ձեր զրույցների գլխավոր թեման։ Այդ մասին նշեց Պողոս առաքյալը՝ գրելով. «Մեծացրէք [ձեր երեխաներին] խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Անհրաժեշտ է, որ երեխաները գնալով ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեն Եհովայի մասին։ Հատկապես կարևոր է, որ սովորեն Եհովային սիրել և ցանկություն ունենան ծառայել նրան։ Այստեղ ևս շատ բան կարելի է սովորեցնել անձնական օրինակով։ Տեսնելով, որ իրենց ծնողները սիրում են Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով և մտքով, և որ դա բարերար ազդեցություն է թողնում նրանց կյանքի վրա՝ պատանիների մեջ ցանկություն կառաջանա նրանց օրինակին հետևելու (Մատթէոս 22։37)։ Նաև, երբ նրանք տեսնում են, որ իրենց ծնողները հավասարակշռված տեսակետ ունեն նյութականի հանդեպ և Աստծո Թագավորությունն իրենց կյանքում առաջին տեղն են դնում, դա մղում է նրանց համանման մտածելակերպ զարգացնելու (Ժողովող 7։12; Մատթէոս 6։31–33)։
12, 13. Ինչի՞ մասին է պետք հիշել, որպեսզի ընտանեկան ուսումնասիրությունը հաջողությամբ ընթանա։
12 Հոգևոր արժեքները դեռահաս երեխաների մեջ սերմանելու հարցում մեծ օգնություն է ամեն շաբաթ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելը (Սաղմոս 119։33, 34; Առակաց 4։20–23)։ Անչափ կարևոր է այդ ուսումնասիրություններն անցկացնել կանոնավորաբար (Սաղմոս 1։1–3)։ Հարկ է, որ ինչպես ծնողները, այնպես էլ երեխաները հասկանան, որ մնացած բոլոր գործերը պետք է պլանավորել՝ ելնելով ընտանեկան ուսումնասիրությունից, և ոչ թե հակառակը։ Բացի այդ՝ այն, թե որքանով ընտանեկան ուսումնասիրությունը արդյունավետ կլինի, կախված է յուրաքանչյուրի դրսևորած ճիշտ մոտեցումից։ «Գաղտնիքն այն է,— պատմում է մի հայր,— որ ուսումնասիրություն վարողը պետք է ձգտի անկաշկանդ, բայց հարգալից, ոչ պաշտոնական, բայց նաև ոչ անլուրջ մթնոլորտ ստեղծել ընտանեկան ուսումնասիրության ընթացքում։ Երբեմն դժվար է լինում հավասարակշռություն պահպանել, ուստի հաճախ հարկ է լինում շտկել ուսումնասիրության նկատմամբ մեր դեռահաս երեխաների ցուցաբերած վերաբերմունքը։ Եթե մեկ– երկու անգամ ինչ–որ բան այնպես չի ստացվում, մի՛ հուսահատվեք, այլ մտածեք, թե ինչպես դա անել հաջորդ ուսումնասիրության ժամանակ»։ Այս նույն հայրն ասում է նաև, որ ամեն ուսումնասիրությունից առաջ նա աղոթքով խնդրում էր Եհովային օգնել բոլոր մասնակիցներին ճիշտ վերաբերմունք ունենալ ուսումնասիրության հանդեպ (Սաղմոս 119։66)։
13 Ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելը աստվածավախ ծնողների պարտականությունն է։ Ճիշտ է, որոշ ծնողներ հեռու են տաղանդավոր ուսուցիչներ լինելուց, և դժվարանում են ուսումնասիրությունը հետաքրքիր անցկացնել։ Բայց եթե սիրում եք ձեր երեխաներին «գործով եւ ճշմարտութիւնով», ապա ցանկություն կունենաք հեզությամբ և անկեղծորեն օգնել նրանց հոգևորապես աճելու (Ա Յովհաննէս 3։18)։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է պատանիներն այդ հարցում իրենց դժգոհությունն արտահայտեն, սակայն, ամենայն հավանականությամբ, կհասկանան, որ դուք խորապես մտահոգված եք նրանց բարօրությամբ։
14. Ինչպե՞ս կարելի է կիրառել Բ Օրինաց 11։18, 19 խոսքերը պատանիների հետ հոգևոր հարցերի շուրջ զրուցելիս։
14 Ընտանեկան ուսումնասիրությունը հոգևոր առումով կարևոր հարցեր շոշափելու համար հաղորդակցվելու միակ առիթը չէ։ Հիշո՞ւմ եք՝ Եհովան ինչ պատվիրան տվեց ծնողներին։ «Եւ այս իմ խօսքերը,— ասել էր նա,— ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ նորանց նշանի համար ձեր ձեռքերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը։ Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ» (Բ Օրինաց 11։18, 19; տե՛ս նաև Բ Օրինաց 6։6, 7)։ Սա չի նշանակում, որ ծնողները պետք է անդադար քարոզեն իրենց երեխաներին։ Սակայն ընտանիքում գլխավորություն ունեցող հոգատար ծնողը չպետք է իր ձեռքից բաց թողնի ընտանիքի հոգևոր վիճակը բարելավելու առիթները։
ԽՐԱՏ և ՀԱՐԳԱՆՔ
15, 16. Ի՞նչ է նշանակում խրատել։ բ) Ո՞վ է պատասխանատու երեխային խրատելու հարցում և ով՝ այդ խրատն ընդունելու։
15 Խրատը ուսուցում է, որի նպատակն է ուղղել անհատին։ Խրատի մաս է կազմում նաև հաղորդակցությունը։ Խրատել՝ ավելի շուտ նշանակում է՝ ուղղել, քան թե պատժել, չնայած երբեմն հնարավոր չի լինում խուսափել պատժելուց։ Ինչ խոսք, ձեր երեխաները փոքր հասակում կարիք ունեին խրատի։ Հիմա էլ, երբ նրանք դեռահաս տարիքում են, դարձյալ դրա կարիքն ունեն, և թերևս ավելի շատ, քան առաջ։ Խելացի պատանիները հասկանում են, որ դա այդպես է։
16 Աստվածաշնչում կարդում ենք. «Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է» (Առակաց 15։5)։ Այս համարից կարելի է շատ բան սովորել։ Այստեղ շեշտվում է, որ խրատ պե՛տք է տրվի, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կկարողանար դեռահասը «հանդիմանությունը պահել», եթե այն չտրվեր։ Խրատելու պարտականությունը Եհովան դրել է ծնողների՝ հատկապես հոր ուսերին։ Մինչդեռ այդ խրատն ընդունելու պատասխանատվությունը կրում է պատանին։ Ականջ դնելով իր ծնողների իմաստուն խրատներին՝ նա շատ բան կսովորի և քիչ սխալներ կգործի կյանքում (Առակաց 1։8)։ Աստվածաշունչն ասում է. «Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կ’պատուի» (Առակաց 13։18)։
17. Ի՞նչ առումով պետք է ծնողները հավասարակշռություն պահպանեն դեռահասներին խրատելիս։
17 Դեռահասներին խրատելիս ծնողները պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն։ Նրանք պետք է զգուշանան չափազանց խիստ լինելուց, որը կարող է ‘զայրացնել’ երեխային և նույնիսկ սեփական անձի հանդեպ անվստահության զգացում առաջ բերել (Կողոսացիս 3։21)։ Սակայն նաև խորհուրդ չի տրվում լինել այնքան ներողամիտ, որ դեռահասները զրկվեն խիստ անհրաժեշտ դաստիարակությունից։ Նման ներողամտությունը կամ թողտվությունը կարող է կործանարար լինել։ Առակաց 29։17–ում կարդում ենք. «Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին»։ Իսկ 21–րդ համարն ասում է. «Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կ’դառնայ [«անշնորհակալ կդառնա», ՆԱ]»։ Թեև այս համարում հիշատակվում է «ծառա» բառը, սակայն այն հավասարապես վերաբերում է նաև տան դեռահասներին։
18. Ինչի՞ ապացույցն է դաստիարակությունը, և, դաստիարակության հարցում հետևողական լինելով, իրականում ինչի՞ց են խուսափում ծնողները։
18 Անշուշտ, ճիշտ դաստիարակությունը ծնողական սիրո ապացույցն է (Եբրայեցիս 12։6, 11)։ Եթե ծնող եք, ապա լավ գիտեք, թե երեխայի դաստիարակության հարցում որքան դժվար է հետևողական ու խոհեմ լինել։ Երբեմն կարող է թվալ, որ տան անդորրը պահպանելու համար ավելի հեշտ է թույլ տալ համառ երեխային իր ուզածն անել։ Սակայն կգա ժամանակ, որ նման դիրք բռնած ծնողները թանկ կվճարեն իրենց ամենաթողության համար, քանի որ երեխաները գնալով ավելի անկառավարելի կդառնան (Առակաց 29։15; Գաղատացիս 6։9)։
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԺԱՄԱՆՑ
19, 20. Ինչ վերաբերում է երեխաների համար ժամանցներ ընտրելուն, ինչպե՞ս կարող են ծնողները խոհեմ վարվել այս հարցում։
19 Հնում երեխաներից սովորաբար ակնկալվում էր, որ օգնեին իրենց ծնողներին ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Այսօր դեռահասները ազատ ժամանակ շատ ունեն, որը դուրս է մեծերի հսկողությունից։ Այդ ժամանակը լրացնելու համար առևտրի աշխարհն անթիվ–անհամար զվարճալի զբաղմունքներ է առաջարկում։ Եթե սրան ավելացնենք նաև այն իրողությունը, թե ժամանակակից աշխարհը ինչպիսի թեթևամտությամբ է վերաբերվում աստվածաշնչյան բարոյականության չափանիշներին, ապա մեզ համար պարզ կդառնան հնարավոր դժբախտության բոլոր պատճառները։
20 Ուստի ողջամիտ ծնողներն իրենց են վերապահում ժամանցների հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունքը։ Սակայն մի մոռացեք. դեռահասը մեծանում է։ Նա, հավանաբար, հույս է տածում, որ տարեցտարի մեծանալով՝ իր հետ այլևս չեն վերաբերվի ինչպես փոքրի հետ։ Այնպես որ, դեռահասի մեծանալու հետ զուգընթաց, ծնողների կողմից խելացի քայլ կլիներ աստիճանաբար ազատություն տալ նրան ժամանցների ընտրության հարցում, եթե այդ ընտրությունը խոսում է նրա հոգևոր հասունության մասին։ Երբեմն դեռահասները ճիշտ ընտրություն չեն կատարում երաժշտության, ընկերակցության և այլ հարցերում։ Նման դեպքերում հարկավոր է զրուցել նրանց հետ, որպեսզի ապագայում կարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել։
21. Ինչպե՞ս կարող է ողջամտությունն այն հարցում, թե որքան ժամանակ է պետք տրամադրել ժամանցներին, պաշտպանել պատանիներին։
21 Որքա՞ն ժամանակ է պետք հատկացնել ժամանցին։ Որոշ երկրներում դեռահասները հակված են մտածելու, թե իրենք իրավունք ունեն անընդմեջ զվարճանալու։ Ծնողները պետք է սովորեցնեն երեխային, որ հարկավոր է ժամանակ տրամադրել նաև այլ բաների, ինչպես՝ ընտանիքին և անձնական ուսումնասիրությանը, հոգևոր հասուն քրիստոնյաների հետ շփվելուն, ժողովի հանդիպումներին մասնակցելուն և տնային գործերը կատարելուն։ Այսպիսի պլանավորումը թույլ չի տա, որ «կեանքի զուարճութիւնները» պատանիների սրտում խեղդեն Աստծո Խոսքը (Ղուկաս 8։11–15)։
22. Ինչի՞ հետ պետք է պատանին հավասարակշռի զվարճությունները։
22 Սողոմոն թագավորն ասել է. «Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։ Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։12, 13)։ Այո, զվարճությունը հավասարակշռված կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Սակայն նույնը կարելի է ասել նաև քրտնաջան աշխատանքի մասին։ Բազում դեռահասներ այսօր չգիտեն, թե բավարարվածության ի՛նչ զգացում կարող է պարգևել քրտնաջան աշխատանքը, կամ ինքնահարգանքի ի՛նչ զգացում է մարդ ունենում որևէ դժվարություն հաղթահարելիս։ Բոլորը չէ, որ այսօր հնարավորություն ունեն որևէ արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելու, որը կօգնի նրանց հետագայում իրենց ապրուստը հոգալու։ Դա իրոք որ դժվարին խնդիր է ծնողների համար։ Հոգ կտանե՞ք արդյոք, որ ձեր երեխան այդ հնարավորությունն ունենա։ Ձեր որդուն կամ աղջկան սովորեցնելով գնահատել և նույնիսկ սիրել աշխատանքը՝ կօգնեք նրան ճիշտ տեսակետ ունենալ աշխատանքի հանդեպ, ինչը պիտանի կլինի նրան իր ողջ կյանքի ընթացքում։
ԴԵՌԱՀԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՉԱՓԱՀԱՍ
23. Ինչպե՞ս կարող են ծնողները քաջալերել իրենց դեռահաս զավակներին։
23 Նույնիսկ երբ խնդիրներ եք ունենում ձեր դեռահաս երեխայի հետ, Աստվածաշնչի խոսքերը՝ «սէրը երբէք չի վերջանալ», մնում են ճշմարիտ (Ա Կորնթացիս 13։8)։ Մի՛ վարանեք ցույց տալ այն սերը, որն, անկասկած, տածում եք ձեր զավակի հանդեպ։ Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյոք գովո՞ւմ եմ երեխաներիս անհատապես այն բանի համար, որ կարողանում են հաջողությամբ լուծել իրենց խնդիրները կամ հաղթահարել դժվարությունները։ Օգտագործո՞ւմ եմ նրանց հանդեպ սեր և գնահատանք արտահայտելու յուրաքանչյուր առիթ, թե՞ աչքաթող եմ անում դրանք։ Թեև ժամանակ առ ժամանակ կարող են տարաձայնություններ առաջ գալ, սակայն եթե ձեր դեռահաս զավակը վստահ է, որ իրեն սիրում եք, ապա հավանականությունը մեծ է, որ նա էլ նույն սիրով փոխհատուցի։
24. Աստվածաշնչի ո՞ր սկզբունքն է, որպես ընդհանուր կանոն, շարունակում ճշմարիտ մնալ երեխաների դաստիարակության հարցում, սակայն ինչի՞ մասին պետք չէ մոռանալ։
24 Ինչ խոսք, կանգնելով չափահասության շեմին՝ երեխաներն աստիճանաբար կսկսեն կարևոր հարցերում իրենք որոշումներ կայացնել։ Որոշ դեպքերում ծնողները հնարավոր է հավանություն չտան այդ որոշումներին։ Ինչպե՞ս վարվել, եթե երեխան որոշի, որ չի ծառայելու Եհովա Աստծուն։ Դա հնարավոր է։ Նույնիսկ Եհովայի ոգեղեն որդիների որոշ մասը մերժեց նրա խորհուրդն ու ապստամբեց նրա դեմ (Ծննդոց 6։2; Յուդա 6)։ Երեխաները մեքենաներ չեն, որոնց կարելի է ծրագրավորել և ստիպել, որ անեն այն, ինչ մենք ենք ուզում։ Նրանք ազատ կամքի տեր էակներ են և իրենց կայացրած որոշումներով պատասխանատու են Եհովա Աստծո առաջ։ Բայցևայնպես, որպես ընդհանուր կանոն՝ շարունակում են ճշմարիտ մնալ Առակաց 22։6 խոսքերը. «Կրթիր երեխային իր ճանապարհի համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։
25. Ո՞րն է ամենահոյակապ միջոցը, որով կարող են ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնել Եհովային ծնող լինելու իրենց առանձնաշնորհման համար։
25 Ուրեմն սիրով շրջապատեք ձեր երեխաներին։ Ձեր ուժերից եկած ամեն բան արեք, որպեսզի նրանց մեծացնեք աստվածաշնչյան սկզբունքներով։ Աստվածահաճո վարքի գերազանց օրինակ եղեք նրանց համար։ Այդպես վարվելով՝ ձեր երեխաներին լավագույն հնարավորությունը կտաք դառնալու պատասխանատու և աստվածավախ անհատներ։ Սա Եհովային ձեր երախտագիտությունը հայտնելու ամենահոյակապ միջոցն է ծնող լինելու առանձնաշնորհումն ունենալու համար։