Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Երկրորդ Օրինաց» գրքից
ՄԵՐ թվարկությունից առաջ 1473 թվականն է։ Քառասուն տարի է անցել, ինչ Եհովան Իսրայելի որդիներին ազատագրել է Եգիպտոսի գերությունից։ Իսրայելացիներն այդ տարիները անց են կացրել անապատում, և նրանք դեռևս չունեն իրենց սեփական երկիրը։ Վերջապես նրանք կանգնած են Ավետյաց երկրի շեմին։ Ի՞նչ է սպասվելու առջևում, երբ նրանք տիրանան այդ երկրին։ Ի՞նչ խնդիրներ են ունենալու, և ինչպե՞ս պետք է լուծեն դրանք։
Նախքան իսրայելացիները կանցնեն Հորդանան գետը ու կմտնեն Քանանի երկիր, Մովսեսը նրանց նախապատրաստում է՝ առջևում սպասող մեծ առաջադրանքը կատարելու։ Ինչպե՞ս։ Նա մի քանի բանախոսություններ է անում՝ քաջալերելով ու կոչ անելով, հորդորելով ու նախազգուշացնելով։ Նա իսրայելացիներին հիշեցնում է, որ Եհովա Աստված արժանի է բացարձակ նվիրվածության, և որ իրենք չպետք է ընդօրինակեն հարևան ազգերին։ Այս բանախոսությունները «Երկրորդ Օրինաց» գրքի մեծ մասն են կազմում։ Մովսեսի տված խորհուրդները միանգամայն այժմեական են մեզ համար, քանի որ մենք նույնպես ապրում ենք մի աշխարհում, որտեղ Եհովային բացարձակ նվիրվածությամբ երկրպագելը մեծ դժվարություն է ներկայացնում (Եբրայեցիս 4։12)։
«Երկրորդ Օրինաց» գիրքը գրել է Մովսեսը՝ բացառությամբ վերջին գլխի, և այն ընդգրկում է երկու ամսից մի քիչ ավելի շատ ժամանակa (Բ Օրինաց 1։3; Յեսու 4։19)։ Եկեք տեսնենք, թե այս գրքում պարփակված խորհուրդներն ինչպես կարող են օգնել մեզ, որ սիրենք Եհովա Աստծուն մեր ամբողջ սրտով ու ծառայենք նրան հավատարմորեն։
‘Մի մոռացիր այն, ինչ քո աչքերը տեսել են’
Իր առաջին խոսքում Մովսեսը պատմում է անապատում տեղի ունեցած դեպքերից, մասնավորապես նրանք, որոնք օգտակար են լինելու իսրայելացիների համար, երբ նրանք սկսեն նախապատրաստվել տիրելու Ավետյաց երկրին։ Դատավորների նշանակումը պետք է որ հիշեցնի իսրայելացիներին, որ Եհովան իր ժողովրդին կազմակերպում է սիրառատորեն։ Մովսեսը նաև պատմում է, որ տասը հետախույզների բացասական տեղեկատվության հետևանքը եղավ այն, որ նախորդ սերունդը չմտավ խոստացված երկիր։ Պատկերացրո՜ւ, թե այս նախազգուշական օրինակը ի՛նչ ազդեցություն պետք է թողած լիներ Մովսեսի ունկնդիրների վրա, որոնց աչքերի առջև էր այդ երկիրը։
Հիշելով, թե ինչ հաղթանակներ է Եհովան տվել իրենց Հորդանանի այս կողմում՝ Իսրայելի որդիները պետք է որ ներշնչված լինեն քաջությամբ ու պատրաստ լինեն սկսելու իրենց նվաճումները գետի մյուս կողմում։ Այն երկիրը, որը նրանց տիրապետության տակ պետք է անցներ, վխտում է կռապաշտությամբ։ Ուստի որքա՜ն տեղին է, որ Մովսեսը խստորեն նախազգուշացնում է ժողովրդին կռապաշտությամբ չզբաղվել։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
2։4–6, 9, 19, 24, 31–35; 3։1–6 — Ինչո՞ւ իսրայելացիները Հորդանանից արևելք ապրող որոշ ժողովուրդների ոչնչացրին, իսկ որոշ ժողովուրդների՝ ոչ։ Եհովան Իսրայելին պատվիրեց ‘չծեծվել’, կամ՝ ‘չկռվել’ (ԱԱ) Եսավի որդիների հետ։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք Հակոբի եղբոր ժառանգներն էին։ Իսրայելացիները չպետք է անհանգստացնեին մովաբացիներին ու ամմոնացիներին կամ պատերազմեին նրանց դեմ, քանի որ նրանք Աբրահամի եղբորորդի Ղովտի սերունդներն էին։ Սակայն ամորհացի թագավորներ Սեհոնն ու Ովգը որևէ առնչություն չունեին Իսրայելի հետ, ուստի չէին կարող հավակնություններ ունենալ իրենց իշխանության տակ գտնվող երկրի նկատմամբ։ Հետևաբար երբ Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր տարածքով, իսկ Ովգն էլ եկավ կռվելու նրանց դեմ, Եհովան հրամայեց իսրայելացիներին, որ ոչնչացնեն նրանց քաղաքները՝ ոչ մի կենդանի շունչ չթողնելով։
4։15–20, 23, 24 — Արդյո՞ք կուռք պատրաստելու արգելքը նշանակում է, որ սխալ է գեղարվեստական նպատակներով որևէ բանի նմանությունը ստեղծել։ Ոչ, չի նշանակում։ Այս համարներում նշված խոսքերը արգելում են պաշտամունքի նպատակով պատկերներ պատրաստելը՝ ‘կուռքերին երկրպագություն անելը և պաշտելը’։ Գրությունները չեն արգելում գեղարվեստական նպատակներով քանդակելը կամ նկարելը (Գ Թագաւորաց 7։18, 25)։
Դասեր մեզ համար
1։2, 19. Իսրայելի որդիները անապատում թափառեցին մոտ 38 տարի, չնայած որ «Քորեբից [լեռնային շրջան, որը կենտրոնանում էր Սինա լեռան շուրջ, որտեղ տրվեցին Տասը պատվիրանները] մինչեւ Կադէս–բառնեայ տասնեւմէկ օր է[ր] Սէիր սարի ճանապարհովը»։ Որքա՜ն թանկ վճարեցին իսրայելացիները Եհովա Աստծուն անհնազանդ լինելու համար (Թուոց 14։26–34)։
1։16, 17. Աստծո դատավարական չափանիշները նույնն են մնում նաև այսօր։ Նրանք, ում վստահվել է ծառայել իրավական կոմիտեում, չպետք է թույլ տան, որ կողմնապահությունը կամ մարդավախությունը խանգարի իրենց պահպանել առողջ դատողություն։
4։9. Հաջողությունների հասնելու համար խիստ կարևոր էր, որ իսրայելացիները ‘չմոռանային այն բոլոր բաները, որ իրենց աչքերը տեսան’։ Խոստացված նոր աշխարհը մոտենում է, ուստի կենսական է, որ մենք նույնպես մեր տեսադաշտում պահենք Եհովայի սքանչելի գործերը։ Դա կարող ենք անել նրա Խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելով։
ՍԻՐԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ ՈՒ ՀՆԱԶԱՆԴՎԻՐ ՆՐԱ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԻՆ
Իր երկրորդ խոսքում Մովսեսը պատմում է Սինա լեռան մոտ Օրենքը տալու մասին ու անդրադառնում է Տասը պատվիրաններին։ Յոթ ազգեր դատապարտված են բնաջնջման։ Իսրայելի որդիներին հիշեցվում է այն կարևոր դասը, որ նրանք քաղել էին անապատում. «Ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ»։ Հայտնվելով նոր հանգամանքներում՝ նրանք պետք է ‘պահեն ամեն պատվիրանները’ (Բ Օրինաց 8։3; 11։8)։
Երբ որ իսրայելացիները բնակություն հաստատեն խոստացված երկրում, նրանք օրենքների կարիք կունենան ոչ միայն երկրպագության, այլև դատերի, կառավարման, պատերազմի և հասարակական ու անձնական ամենօրյա կյանքի վերաբերյալ։ Մովսեսը քննարկում է այդ օրենքները և շեշտում Եհովային սիրելու և նրա պատվիրաններին հնազանդվելու կարևորությունը։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
8։3, 4 — Ինչպե՞ս եղավ, որ անապատային դեգերումների ժամանակ իսրայելացիների հագուստը չհնացավ ու նրանց ոտքերը չուռեցին։ Դա հրաշքով էր տեղի ունենում, ինչպես որ մանանան հրաշքով կանոնավորաբար մատակարարվում էր։ Իսրայելացիները օգտագործում էին այն նույն հագուստն ու կոշիկը, որ ունեին նախքան իրենց թափառումները սկսելը, և հավանաբար դրանք փոխանցում էին երեխաներին, որոնք մեծանում էին, իսկ այդ ընթացքում մեծահասակները մահանում։ Քանի որ իսրայելացիների թիվը, համաձայն անապատային դեգերումների սկզբում և վերջում անցկացված երկու մարդահամարների, չէր աճել, կարելի է ենթադրել, որ սկզբնական շրջանում եղած հագուստի ու կոշիկի քանակը բավարարում էր այդ կարիքը (Թուոց 2։32; 26։51)։
14։21 — Ինչո՞ւ իսրայելացիները կարող էին պանդուխտին տալ կամ օտարազգուն վաճառել արյունը չթափված սատկած կենդանին, որն իրենք չէին ուտի։ Աստվածաշնչում «պանդուխտ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել «ոչ իսրայելացի», որը դարձել է պրոզելիտ, կամ կարող է մատնանշել այն բնակչին, որն ապրում է տվյալ երկրի հիմնական օրենքներով, սակայն չի երկրպագում Եհովային։ Այն օտարազգին կամ պանդուխտը, որը չէր դարձել պրոզելիտ, Օրենքի տակ չէր ու կարող էր տարբեր ձևերով օգտագործել արյունը չթափված սատկած կենդանին։ Իսրայելացիներին թույլ էր տրված այդ կենդանին տալ կամ վաճառել նրանց։ Պրոզելիտը, սակայն, Օրենքի ուխտի տակ էր։ Ինչպես երևում է Ղեւտացոց 17։10–ից, այդ անհատին արգելվում էր ուտել կենդանու արյուն։
24։6 — Ինչո՞ւ է «աղօրիքը կամ նորա վերի քարը» ‘գրավ առնելը’ համեմատվում ‘կյանքը գրավ առնելու’ հետ։ ‘Աղօրիքը» և նրա «վերի քարը» ներկայացնում էին անհատի ‘կյանքը’, այսինքն՝ ապրուստի միջոցները։ Դրանք ‘առնելը’ կնշանակեր մի ամբողջ ընտանիքի զրկել օրվա հացից։
25։9 — Ինչո՞ւ պետք է հանեին այն մարդու կոշիկը ու թքեին նրա երեսին, որը հրաժարվում էր կատարել տագրության պարտավորությունը։ Համաձայն այն բանի, որ «Իսրայէլի մէջ առաջուց այս էր իրաւունք կատարելու [վերագնման հետ կապված].... մարդ իր կօշիկը հանում էր եւ իր ընկերին տալիս» (Հռութ 4։7)։ Տագրության պարտավորությունը կատարելուց հրաժարվող մարդու կոշիկը հանելով հաստատվում էր այն, որ նա հրաժարվում է հանգուցյալ եղբոր համար սերունդ առաջ բերելու իր հնարավորությունից և իրավունքից։ Սա ամոթալի էր (Բ Օրինաց 25։10)։ Նրա երեսին թքելը նվաստացում էր նշանակում (Թուոց 12։14)։
Դասեր մեզ համար
6։6–9. Ճիշտ ինչպես որ իսրայելացիներին էր պատվիրված իրենց «սրտի մէջ» ունենալ Օրենքը, այնպես էլ մեզ է պատվիրված իմանալ Աստծո պատվերները, միշտ հիշել դրանք ու ‘կրկնել’ մեր երեխաների համար, այսինքն՝ արմատավորել նրանց սրտում։ Մենք պետք է ‘դրանք կապենք նշանի համար մեր ձեռքին’ այն իմաստով, որ մեր գործերը՝ ներկայացված մեր ձեռքերով, պետք է արտացոլեն մեր հնազանդությունը Եհովային, և դա պետք է տեսանելի լինի բոլորին, ինչպես մի ‘ճակատանոց մեր աչքերի մեջտեղում’։
6։16. Թող որ երբեք Եհովային չփորձենք, ինչպես որ իսրայելացիները անհավատորեն փորձեցին նրան Մասսայի մոտ, որտեղ տրտնջացին ջրի բացակայության պատճառով (Ելից 17։1–7)։
8։11–18. Նյութապաշտությունը կարող է ստիպել մեզ մոռանալ Եհովային։
9։4–6. Մենք պետք է զգուշանանք ինքնագոհությունից։
13։6. Մենք ոչ ոքի չպիտի թույլ տանք, որ մեզ շեղի Եհովայի երկրպագությունից։
14։1. Անհատը ինքն իրեն հաշմելով անհարգալից վերաբերմունք է դրսևորում մարդկային մարմնի հանդեպ։ Ինքնահաշմումը, ըստ ամենայնի, կապված է կեղծ կրոնի հետ, ու դրանից հարկավոր է խուսափել (Գ Թագաւորաց 18։25–28)։ Քանի որ մենք հարության հույս ունենք, ուստի մահացածների համար նման ծայրահեղ ձևով սգալը տեղին չէ։
20։5–7; 24։5. Հարկավոր է ուշադիր լինել հատուկ հանգամանքների մեջ գտնվող անձանց հանդեպ, նույնիսկ եթե տվյալ հանձնարարությունը կարևոր է։
22։23–27. Բռնաբարության վտանգի դեպքում պաշտպանության լավագույն միջոցներից մեկը ճչալն է։
«ԿԵԱՆՔԸ ԸՆՏՐԻՐ»
Իր երրորդ խոսքում Մովսեսն ասում է, որ իսրայելացիները Հորդանանն անցնելուց հետո պետք է Օրենքը արտագրեն մեծ քարերի վրա, ինչպես նաև անեծքներ ազդարարեն անհնազանդության համար և օրհնություններ հնազանդության համար։ Չորրորդ խոսքը սկսվում է նրանով, որ Մովսեսը կրկնում է Եհովայի ու Իսրայելի միջև կնքված ուխտը։ Նա դարձյալ նախազգուշացնում է ժողովրդին, որ անհնազանդ չլինեն, ու քաջալերում է նրան ‘ընտրել կյանքը’ (Բ Օրինաց 30։19)։
Բացի այս չորս բանախոսություններից՝ Մովսեսը խոսում է նաև նոր առաջնորդ նշանակելու մասին, սովորեցնում է իսրայելացիներին Եհովային փառաբանող մի գեղեցիկ երգ, նախազգուշացնում է նրանց այն վայերի մասին, որ կգան անհավատարմության դեպքում։ Ցեղերին օրհնելուց հետո Մովսեսը մահանում է 120 տարեկան հասակում և թաղվում։ Սուգը տևում է 30 օր. այս ժամանակահատվածը կազմում է գրեթե կեսը այն ժամանակի, որն ընդգրկված է «Երկրորդ Օրինաց» գրքում։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
32։13, 14 — Քանի որ իսրայելացիներին արգելված էր ճարպ ուտել, ի՞նչ է նշանակում այն, որ նրանք սնվեցին «նոխազների ճարպով»։ Այս արտահայտությունն այստեղ փոխաբերական իմաստով է գործածված ու նշանակում է՝ հոտի լավագույն անասուններ։ Այն, որ այստեղ գեղարվեստական ոճ է կիրառված, երևում է նրանից, որ այդ նույն համարում հիշատակվում է նաև ‘ցորենի երիկամունքի ճարպի’ ու ‘խաղողի արյան’ մասին։
33։1–29 — Ինչո՞ւ Շմավոնը հատուկ չի հիշատակվում այն օրհնության մեջ, որը Մովսեսը տվեց Իսրայելի որդիներին։ Պատճառն այն էր, որ Շմավոնի, ինչպես նաև Ղևիի «բարկութիւնը.... խիստ էր, եւ նորանց սրտմտութիւնը.... սաստիկ էր» (Ծննդոց 34։13–31; 49։5–7)։ Նրանց ժառանգությունը ամենևին էլ հավասար չէր մյուս ցեղերի ստացած ժառանգությանը։ Ղևին ստացավ 48 քաղաք, իսկ Շմավոնի բաժինը Հուդայի տարածքի միջից էր (Յեսու 19։9; 21։41, 42)։ Եվ այսպես, Մովսեսը Շմավոնին առանձին չօրհնեց, սակայն Շմավոնը բաժին ունեցավ ամբողջ Իսրայելին տրված օրհնության մեջ։
Դասեր մեզ համար
31։12. Ժողովի հանդիպումների ժամանակ երեխաները պետք է նստեն մեծահասակների հետ ու ջանան լսել ու սովորել։
32։4. Աստծո բոլոր գործերը կատարյալ են, քանի որ նա իր հատկանշական գծերը՝ արդարությունը, իմաստությունը, սերը և զորությունը, կատարյալ հավասարակշռվածությամբ է դրսևորում։
Մեծ արժեք ունի մեզ համար
«Երկրորդ Օրինացում» գրված է. «Եհովան մէկ է» (Բ Օրինաց 6։4)։ Այս գիրքը պատմում է մի ժողովրդի մասին, որը եզակի հարաբերություններ էր վայելում Աստծո հետ։ Նաև, «Երկրորդ Օրինացը» զգուշացնում է մեզ կռապաշտության վտանգից ու շեշտում է, որ հարկավոր է բացարձակապես նվիրված լինել ճշմարիտ Աստծուն։
Անկասկած, աստվածաշնչյան այս գիրքը մեծ արժեք ունի մեզ համար։ Թեպետ Մովսիսական օրենքի տակ չենք, մենք կարող ենք շատ բան սովորել «Երկրորդ Օրինացից», և ստացած գիտելիքները կօգնեն մեզ ‘սիրել մեր Եհովա Աստծուն բոլոր սրտով, հոգով և զորությամբ’ (Բ Օրինաց 6։5)։
[ծանոթագրություն]
a Վերջին գլուխը, որտեղ խոսվում է Մովսեսի մահվան մասին, հավանաբար գրել է Հեսուն կամ Եղիազար քահանայապետը։
[քարտեզ 24–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Կադես–բառնեա
Սեիր
Սինա (Քորեբ) լեռ
Կարմիր ծով
[թույլտվությամբ]
Based on maps copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel
[նկար 24–րդ էջի վրա]
Մովսեսի բանախոսությունները «Երկրորդ Օրինացի» հիմնական մասն են կազմում
[նկար 26–րդ էջի վրա]
Ի՞նչ կարելի է սովորել այն բանից, որ Եհովան մանանա էր մատակարարում
[նկար 26–րդ էջի վրա]
‘Աղորիքը կամ նրա վերի քարը գրավ առնելը’ նման էր ‘կյանքը գրավ առած’ լինելուն