Երիտասարդնե՛ր, ծառայեք Եհովային
«Հարատևի՛ր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր» (2 ՏԻՄՈԹ. 3։14)։
1. Ինչպիսի՞ն է Եհովայի վերաբերմունքը երիտասարդ Վկաների մատուցած ծառայության հանդեպ։
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ մատուցած սուրբ ծառայությունն այնքան կարևոր է Եհովայի համար, որ նա նրանց մասին մարգարեություն ներշնչեց իր ծառաներից մեկին։ «Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի սրբութեան զարդարանքով,— գրեց սաղմոսերգուն։— Արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը [«երիտասարդներդ», ԱԱ] ցօղի պէս կ’լինին» (Սաղ. 110։3)։ Այո՛, Եհովան թանկ է գնահատում այն երիտասարդներին, ովքեր պատրաստակամորեն ծառայում են իրեն։
2. Ինչպիսի՞ դժվարությունների են բախվում երիտասարդները, երբ որոշում են կայացնում, թե կյանքի ինչ ուղի ընտրեն։
2 Իսկ դու, երիտասա՛րդ, նվիրվե՞լ ես Եհովային։ Շատերը դժվարանում են ճշմարիտ Աստծուն ծառայելու որոշում կայացնել։ Առաջատար գործարարները, ուսուցիչներն ու դասախոսները, երբեմն էլ ընտանիքի անդամները և ընկերները խրախուսում են երիտասարդներին նյութապաշտական նպատակներ հետապնդել։ Աշխարհը հաճախ արհամարհում է այն երիտասարդներին, ովքեր հոգևոր նպատակներ են դնում իրենց առջև։ Սակայն իրողությունն այն է, որ ճշմարիտ Աստծուն ծառայելը կյանքի լավագույն ուղին է, որ դու կարող ես ընտրել (Սաղ. 27։4)։ Սրա հետ կապված՝ քննենք հետևյալ երեք հարցերը։ Ինչո՞ւ պետք է ծառայես Աստծուն։ Որպես Աստծու նվիրված ծառա՝ ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել կյանքում՝ անկախ այն բանից, թե ուրիշները ինչ կասեն կամ կանեն։ Ի՞նչ հրաշալի հնարավորություններ կարող է բացել քո առջև սուրբ ծառայությունը։
Եհովային ծառայելը կյանքի ամենաճիշտ ուղին է
3. Ինչպե՞ս պիտի ազդեն մեզ վրա Եհովայի ստեղծագործությունները։
3 Ինչո՞ւ պետք է ծառայես ճշմարիտ և կենդանի Աստծուն։ Հայտնություն 4։11–ում գրված է նրան ծառայելու հիմնական պատճառը. «Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»։ Եհովան չքնաղ Արարիչ է։ Ամեն ինչ նա է ստեղծել։ Որքա՜ն գեղեցիկ է երկրագունդը։ Ծառեր, ծաղիկներ, կենդանիներ, օվկիանոսներ, լեռներ, ջրվեժներ. այս ամենը Եհովան է ստեղծել։ «Երկիրը լիքն է [Աստծու] ստեղծուածներովը»,— կարդում ենք Սաղմոս 104։24–ում։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ նա մեզ տվել է այնպիսի մարմին և զգայարաններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս հիանալու երկրագնդով և վայելելու մեր մոլորակի բարիքները։ Մի՞թե մեր սրտում Աստծուն ծառայելու ցանկություն չի առաջանում։
4, 5. Եհովայի ո՞ր գործերը տեսավ Հեսուն, որոնց շնորհիվ նա ավելի մտերմացավ նրա հետ։
4 Եհովային ծառայելու մեկ այլ պատճառ գտնում ենք իսրայելացի առաջնորդ Հեսուի խոսքերի մեջ։ Իր կյանքի վերջում Հեսուն Աստծու ժողովրդին ասաց. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ.... կատարուեցաւ»։ Ինչի՞ հիման վրա նա կարող էր այսպես արտահայտվել (Յեսու 23։14)։
5 Եգիպտոսում Հեսուն մանկության տարիներին, ըստ ամենայնի, իմացել էր Եհովայի այն խոստման մասին, որ իսրայելացիները ապրելու են իրենց սեփական երկրում (Ծննդ. 12։7; 50։24, 25; Ելից 3։8)։ Հետագայում Հեսուն իր աչքերով տեսավ, թե ինչպես է Եհովան կատարում իր խոստումը. Աստված Եգիպտոսի վրա տասը պատուհասներ բերեց և ստիպեց համառ փարավոնին, որ թույլ տա Իսրայելի որդիներին գնալու։ Հեսուն նրանց մեջ էր, ովքեր անցան Կարմիր ծովով և տեսան, թե ինչպես ծովը կլանեց փարավոնին ու նրա բանակին։ Սինայի «մեծ ու ահագին անապատով» երկարատև ճանապարհորդության ժամանակ Հեսուն տեսավ, թե ինչպես է Եհովան իսրայելացիներին ապահովում ամեն անհրաժեշտ բաներով։ Ոչ ոք չմահացավ ծարավից կամ սովից (Բ Օրին. 8։3–5, 14–16; Յեսու 24։5–7)։ Իսկ երբ եկավ ժամանակը, որ իսրայելացիները պատերազմեն հզոր քանանական ազգերի դեմ և մտնեն խոստացված երկիրը, Հեսուն տեսավ, թե ինչպես է իրենց աջակցում Աստված, ում ինքը և մյուս իսրայելացիները երկրպագում էին (Յեսու 10։14, 42)։
6. Ինչպե՞ս կարող է քո մեջ Աստծուն ծառայելու ցանկություն առաջանալ։
6 Հեսուն տեսավ, որ Եհովան կատարում է իր խոստումները։ Ուստի նա հայտարարեց. «Ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Յեսու 24։15)։ Իսկ դո՞ւ։ Երբ մտածում ես այն խոստումների մասին, որ ճշմարիտ Աստվածը արդեն կատարել է և դեռ պետք է կատարի, քո մեջ ցանկություն չի՞ առաջանում Հեսուի պես ծառայելու Եհովային։
7. Ինչո՞ւ է մկրտությունը շատ կարևոր քայլ։
7 Եթե խորհրդածես Եհովայի ստեղծագործությունների, նրա տված հիանալի և լիովին վստահելի խոստումների շուրջ, ապա կցանկանաս ոչ միայն նվիրվել նրան, այլև քո նվիրումը խորհրդանշել ջրի մկրտությամբ։ Մկրտությունը շատ կարևոր քայլ է նրանց համար, ովքեր ուզում են ծառայել Աստծուն։ Այս բանը հստակ ցույց տվեց Հիսուսը, որին մենք պետք է ընդօրինակենք։ Նախքան որպես Մեսիա ծառայելը նա ներկայացավ Հովհաննես Մկրտչին, որպեսզի մկրտվի վերջինիս կողմից։ Ինչո՞ւ Հիսուսը կատարեց այդ քայլը։ «Որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ,— հետագայում ասաց նա,— այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ» (Հովհ. 6։38)։ Հիսուսը մկրտվեց, քանի որ ցանկանում էր իր անձը ներկայացնել իր Հոր կամքը կատարելու համար (Մատթ. 3։13–17)։
8. Ինչո՞ւ Տիմոթեոսը որոշեց երկրպագել ճշմարիտ Աստծուն, և դու ի՞նչ պետք է անես։
8 Քննենք նաև Տիմոթեոսի օրինակը։ Ժամանակի ընթացքում այդ երիտասարդ քրիստոնյան Եհովայից շատ հանձնարարություններ և առանձնաշնորհումներ ստացավ։ Ինչո՞ւ Տիմոթեոսը որոշեց երկրպագել ճշմարիտ Աստծուն։ Աստվածաշունչը ասում է, որ «նա սովորել էր բաներ և հաստատ համոզվել էր դրանցում» (2 Տիմոթ. 3։14)։ Եթե դու ուսումնասիրել ես Աստվածաշունչը և համոզվել ես, որ նրանում եղած ուսմունքները ճշմարիտ են, ապա այս առումով նմանվում ես Տիմոթեոսին։ Այժմ դու պետք է որոշում կայացնես։ Ծնողներիդ հետ խոսիր, թե ինչ ես ուզում անել։ Նրանք, ինչպես նաև ժողովի երեցները կարող են օգնել քեզ հասկանալ, թե մկրտության համար ինչ սուրբգրային պահանջներ կան (կարդա՛ Գործեր 8։12)։
9. Ինչպե՞ս մարդիկ գուցե արձագանքեն քո մկրտությանը։
9 Քո մկրտությունը ճշմարիտ Աստծուն ծառայելու գերազանց սկիզբ կլինի։ Այս քայլն անելով՝ դու կմտնես մի երկար մրցավազք, որտեղ մասնակիցները այսօր իսկ պարգևատրվում են ուրախությամբ, որը գալիս է Աստծու կամքը կատարելուց, իսկ ապագայում որպես պարգև կստանան հավիտենական կյանքը (Եբր. 12։2, 3)։ Բացի այդ, դու ուրախություն կպատճառես ընտանիքիդ անդամներին և քրիստոնյա ընկերներիդ, ովքեր արդեն իսկ այդ մրցավազքում են։ Իսկ որ ամենակարևորն է՝ կուրախացնես Եհովայի սիրտը (կարդա՛ Առակաց 23։15)։ Ճիշտ է, ուրիշները գուցե չհասկանան, թե ինչու ես ընտրել Եհովային ծառայելը, և կարող են քո որոշումը սխալ համարել։ Նրանք գուցե նույնիսկ հակառակվեն։ Բայց դու կարո՛ղ ես հաղթահարել այդ դժվարությունները։
Երբ հարցեր տան կամ հակառակվեն քեզ
10, 11. ա) Ի՞նչ հարցեր գուցե քեզ տան Աստծուն ծառայելու քո որոշման հետ կապված։ բ) Ի՞նչ կարող ես սովորել այն բանից, թե ինչպես էր Հիսուսը պատասխանում ճշմարիտ երկրպագության վերաբերյալ հարցերին։
10 Եհովային ծառայելու քո որոշումը կարող է տարակուսանքի մեջ գցել դասընկերներիդ, հարևաններիդ և բարեկամներիդ։ Նրանք թերևս ցանկանան իմանալ, թե ինչու ես այդ ուղին ընտրել, և հարցեր տան քո համոզմունքների մասին։ Ինչպե՞ս կպատասխանես։ Ինչ խոսք, դու պետք է քննես քո մտածելակերպն ու համոզմունքները, որպեսզի ի վիճակի լինես նրանց բացատրություն տալու։ Համոզմունքներիդ վերաբերյալ պատասխան տալու հարցում քեզ համար, անշուշտ, լավագույն օրինակ կարող է լինել Հիսուսը։
11 Երբ հրեա կրոնական առաջնորդները Հիսուսին հարցեր տվեցին հարության մասին, վերջինս նրանց ուշադրությունը հրավիրեց մի սուրբգրային համարի վրա, որը նրանք հաշվի չէին առել (Ելից 3։6; Մատթ. 22։23, 31–33)։ Իսկ երբ մի դպիր հարցրեց նրան, թե որն է ամենամեծ պատվիրանը, Հիսուսը պատասխանեց՝ մեջբերելով համապատասխան համարները։ Այդ մարդը երախտապարտ էր Հիսուսին նրա տված պատասխանի համար (Ղեւտ. 19։18; Բ Օրին. 6։5; Մարկ. 12։28–34)։ Հիսուսի խոսելու և Գրություններն օգտագործելու ձևից «ժողովրդի մեջ բաժանում եղավ», և հակառակորդները չկարողացան որևէ վնաս հասցնել նրան (Հովհ. 7։32–46)։ Երբ հավատիդ վերաբերյալ հարցեր են տալիս, պատասխանիր Աստվածաշնչով՝ խոսելով «մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Եթե հարցի պատասխանը չգիտես, ընդունիր այդ փաստը և ասա, որ փնտրտուքներ կանես։ Այնուհետև այդ թեմայով տեղեկություններ փնտրիր՝ օգտվելով ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից» կամ ««Դիտարանի» գրադարանը» համակարգչային ծրագրից (եթե այն կա քեզ մատչելի լեզվով)։ Եթե լավ պատրաստվես, «կիմանաս, թե ինչպես պետք է պատասխան տաս» (Կող. 4։6)։
12. Ինչո՞ւ չպետք է թույլ տաս, որ հալածանքը վհատեցնի քեզ։
12 Հնարավոր է՝ հարցերից բացի, այլ դժվարությունների ևս բախվես քո դիրքորոշման և համոզմունքների պատճառով։ Չէ՞ որ, ի վերջո, Աստծու թշնամին՝ Բանսարկու Սատանան է իշխում աշխարհի վրա (կարդա՛ 1 Հովհաննես 5։19)։ Անիրական է հավանության և գովեստի խոսքեր ակնկալել բոլորից։ Դեռ ավելին, կլինեն մարդիկ, ովքեր կհակառակվեն քեզ։ Նրանցից ոմանք գուցե քո մասին «վիրավորական խոսքերով արտահայտվեն» և դա անեն ոչ մեկ անգամ (1 Պետ. 4։4)։ Բայց հիշիր, որ նման բան միայն քեզ հետ չի պատահում։ Ժամանակին Հիսուս Քրիստոսը նույնպես հալածվեց։ Հալածվեց նաև Պետրոս առաքյալը, որը գրեց. «Սիրելինե՛ր, ձեր մեջ այրվող կրակից [այսինքն՝ տառապանքից] տարակուսանքի մեջ մի՛ ընկեք, որը փորձության համար է լինում ձեզ, ասես թե մի տարօրինակ բան է ձեզ պատահում։ Ընդհակառակը՝ ուրախացե՛ք, քանի որ մասնակից եք Քրիստոսի չարչարանքներին» (1 Պետ. 4։12, 13)։
13. Ինչո՞ւ քրիստոնյաները կարող են ուրախանալ, երբ հալածվում են։
13 Հալածանքի կամ հակառակության ներքո տոկալը քեզ՝ որպես քրիստոնյայի, ուրախություն կպատճառի։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։ Որովհետև այս աշխարհի հավանությունն ունենալը կնշանակի, որ դու ապրում ես Սատանայի չափանիշներով և ոչ թե՝ Աստծու։ Հիսուսն ասաց. «Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին» (Ղուկ. 6։26)։ Հալածանքը ցույց է տալիս, որ Սատանան և իր աշխարհը բարկացած են քո վրա, որովհետև դու Եհովային ես ծառայում (կարդա՛ Մատթեոս 5։11, 12)։ Այո՛, «Քրիստոսի անվան համար նախատվելը» ուրախանալու պատճառ է (1 Պետ. 4։14)։
14. Ի՞նչ դրական արդյունքներ կարող են լինել, եթե անհատը հալածանքի ներքո հավատարիմ մնա Եհովային։
14 Հալածանքի ներքո Եհովային հավատարիմ մնալը դրական արդյունքներ կբերի առնվազն չորս առումով։ Դու վկայություն կտաս Աստծու և նրա Որդու մասին։ Հավատարմորեն տոկալով՝ կքաջալերես քո հավատակիցներին։ Ոմանք, ովքեր չեն ճանաչում Եհովային, նայելով քո օրինակին, գուցե ցանկանան փնտրել նրան (կարդա՛ Փիլիպպեցիներ 1։12–14)։ Զգալով, թե ինչպես է Եհովան ուժ տալիս դիմանալու փորձություններին՝ դու ավելի շատ կսիրես նրան։
«Լայն դուռ է բացվել» քո առաջ
15. Պողոս առաքյալի առաջ ի՞նչ «լայն դուռ» էր բացվել։
15 Պողոս առաքյալը իր ծառայության մասին, որ անում էր Եփեսոսում, գրեց. «Գործունեության առաջնորդող լայն դուռ է բացվել իմ առաջ» (1 Կորնթ. 16։8, 9)։ Այդ դռնով մտնելը նրան մեծ հնարավորություն էր տալու Եփեսոսում բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու։ Եվ իրոք, Պողոսը օգնեց շատերին սովորել Եհովայի մասին և երկրպագել նրան։
16. 1919 թ.–ին օծյալ մնացորդն ինչպե՞ս մտավ «լայն դռնով»։
16 1919 թ.–ին փառավորված Հիսուս Քրիստոսը «լայն դուռ» բացեց օծյալ մնացորդի առջև (Հայտն. 3։8)։ Անցնելով այդ դռնով՝ նրանք սկսեցին բարի լուրը քարոզել և աստվածաշնչյան ճշմարտությունները սովորեցնել ավելի մեծ եռանդով, քան երբևէ։ Ի՞նչ արդյունքներ բերեց նրանց ծառայությունը։ Այժմ բարի լուրը հասել է մինչև երկրի ծայրերը, և մոտ յոթ միլիոն անհատներ Աստծու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս ունեն։
17. Ինչպե՞ս կարող են երիտասարդները մտնել «գործունեության առաջնորդող լայն դռնով»։
17 «Գործունեության առաջնորդող լայն դուռը» դեռևս բաց է Եհովայի բոլոր ծառաների առջև։ Նրանք, ովքեր մտնում են այդ դռնով, երջանկություն և բավարարվածություն են ստանում, քանի որ ավելի շատ են մասնակցում բարի լուրը քարոզելու գործին։ Եհովայի երիտասարդ ծառանե՛ր, դուք պատիվ ունեք օգնելու մարդկանց, որ «հավատան բարի լուրին»։ Իսկ որքա՞ն բարձր եք գնահատում ձեր այդ առանձնաշնորհումը (Մարկ. 1։14, 15)։ Երբևէ մտածե՞լ եք ընդհանուր ռահվիրայական կամ ենթառահվիրայական ծառայություն սկսելու մասին։ Թագավորության սրահների շինարարությունը, Բեթելի ծառայությունը և միսիոներությունը ևս ձեզ հնարավորություն են ընձեռում մտնելու լայն դռնով։ Քանի որ Սատանայի ամբարիշտ աշխարհին հատկացված ժամանակը սպառվում է, Թագավորական ծառայության այս ձևերից որևէ մեկին մասնակցելը ամեն օր ավելի հրատապ է դառնում։ Կմտնե՞ք «լայն դռնով», քանի դեռ ժամանակ կա։
«Ճաշակեցէք եւ տեսէք, որ Տէրը քաղցր է»
18, 19. ա) Ի՞նչը օգնեց Դավթին, որ Եհովային ծառայելու մեծ ցանկություն ունենա։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Դավիթը երբեք չափսոսաց Աստծուն ծառայելու համար։
18 Սաղմոսերգուն՝ Աստծու ներշնչանքով, հորդորում է «ճաշակել և տեսնել, որ Եհովան քաղցր է» (Սաղ. 34։8)։ Հին Իսրայելի Դավիթ թագավորը, երբ պատանի հովիվ էր, տեսել էր Եհովայի փրկարար բազուկը. Աստված նրան բազմիցս ազատել էր գազանների ճիրաններից։ Եհովան Դավթի հետ էր, երբ նա դուրս եկավ Գողիաթի դեմ։ Աստված թիկունք կանգնեց նրան նաև այլ իրավիճակներում (Ա Թագ. 17։32–51; Սաղ. 18, ենթախորագիր)։ Տպավորված լինելով Աստծու սիրառատ բարությամբ՝ Դավիթը գրեց. «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ» (Սաղ. 40։5)։
19 Դավիթը Եհովային շատ էր սիրում և ցանկանում էր ամբողջ սրտով և մտքով փառաբանել նրան (կարդա՛ Սաղմոս 40։8–10)։ Նա տարիներ շարունակ երկրպագեց Եհովային և երբեք չափսոսաց, որ իր կյանքը անցկացրել է Եհովային ծառայելով։ Նա շատ թանկ էր գնահատում աստվածանվեր կյանքով ապրելը և անսահման ուրախություն էր ստանում դրանից։ Տարեց հասակում Դավիթը գրեց. «Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։ Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած» (Սաղ. 71։5, 18)։ Թեև Դավիթը ֆիզիկապես տկարացավ, բայց Եհովայի հանդեպ նրա վստահությունը ավելի մեծացավ, և նրա հետ մտերմությունը ավելի խորացավ։
20. Ինչո՞ւ Աստծուն ծառայելը կյանքի լավագույն ուղին է։
20 Հեսուի, Դավթի և Տիմոթեոսի ապրած կյանքը վառ կերպով ապացուցում է, որ Եհովային ծառայելը լավագույն ուղին է։ Աշխարհային կարիերայի բերած կարճատև նյութական օգուտները չեն կարող համեմատվել այն երկարատև օգուտների հետ, որոնք ստանում ենք «Եհովային բոլոր սրտով և հոգով պաշտելուց» (Յեսու 22։5)։ Եթե աղոթքով դեռ չես նվիրվել Աստծուն, հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչն է ինձ հետ պահում Եհովայի վկա դառնալուց»։ Իսկ եթե արդեն մկրտվել ես, կցանկանա՞ս ավելացնել ուրախությունդ։ Եթե այո, ուրեմն ընդարձակիր ծառայությունդ և շարունակիր հոգևորապես աճել։ Հաջորդ հոդվածից կիմանաս, թե ինչպես կարող ես հոգևորապես աճել՝ Պողոս առաքյալի օրինակին հետևելով։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Բեր երկու պատճառ, թե ինչու պետք է ծառայենք Աստծուն։
• Ինչո՞ւ Տիմոթեոսը որոշեց ծառայել Աստծուն։
• Ինչո՞ւ պետք է հաստատակամ լինես հալածանքի ժամանակ։
• Ծառայելու ի՞նչ հնարավորություններ կարող են բացվել քո առջև։
[նկար 18–րդ էջի վրա]
Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է
[նկար 19–րդ էջի վրա]
Կարո՞ղ ես պատասխանել քո հավատի մասին տրված հարցերին