Ավովդը կոտրում է կեղեքիչների լուծը
ՍԱ ՔԱՋՈՒԹՅԱՆ ու հնարամտության մի իրական պատմություն է, որը տեղի է ունեցել մոտ 3 000 տարի առաջ։ Աստվածաշունչը հետևյալն է պատմում. «Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու. եւ Տէրը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագաւորին Իսրայէլի դէմ, որովհետեւ Տիրոջ առաջին չարութիւն արին։ Եւ նա Ամմոնի ու Ամաղէկի որդկանցն իր մօտ ժողովեց, եւ գնաց Իսրայէլին զարկեց եւ Արմաւենեաց քաղաքին տիրեց։ Եւ Իսրայէլի որդիքը ծառայութիւն արին Մովաբի Էգղոն թագաւորին տասեւութը տարի» (Դատաւորաց 3:12–14)։
Մովաբացիների տարածքն ընկնում էր Հորդանան գետից ու Մեռյալ ծովից արևելք։ Նրանք, սակայն, անցել էին գետը, իրենց հսկողության տակ վերցրել Երիքովի՝ ‘Արմավենյաց քաղաքի’ շրջակա տարածքները ու իրենց ծանր լուծը դրել իսրայելացիների վրա (Բ Մնացորդաց 28:15)։ Մովաբի Էգղոն թագավորը՝ մի «խիստ գէր մարդ», գրեթե քսան տարի էր, ինչ Իսրայելի վրա ծանր ու ստորացուցիչ հարկ էր դրել (Դատաւորաց 3:17)։ Սակայն հենց այդ հարկահանությունն էլ հնարավորություն ընձեռեց իսրայելացիներին ոչնչացնել բռնակալին։
Աստվածաշնչում կարդում ենք. «Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, եւ Տէրը նորանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Բենիամինեան Գերայի որդի Աւովդին որ ձախաձեռն էր. եւ Իսրայէլի որդիքը նորա ձեռքովը Մովաբի Էգղոն թագաւորին ընծայ ուղարկեցին» (Դատաւորաց 3:15)։ Ամենայն հավանականությամբ, Եհովան այնպես էր արել, որ հենց Ավովդն ընտրվեր՝ այդ ‘ընծան’՝ հարկը, տանելու թագավորին։ Հայտնի չէ, թե նա արդյոք նախկինում կատարել էր այդ պարտականությունը, թե՝ ոչ։ Սակայն այն, որ Ավովդն ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվեց այդ հանդիպմանը, և այն, թե ինչպես նա գործեց, վկայում է, որ նա, ըստ երևույթին, ծանոթ էր Էգղոնի պալատին ու գիտեր, թե ինչ կարող էր իր հետ պատահել այնտեղ։ Բացի այդ, Ավովդի ծրագրի իրագործմանը նպաստեց այն հանգամանքը, որ նա ձախլիկ էր։
Հաշմանդա՞մ, թե՞ ռազմիկ
Եբրայերենում «ձախաձեռն» բառը նշանակում է «աջ ձեռքը փակ, հաշմված կամ կապված»։ Հետևո՞ւմ է այստեղից, որ Ավովդը հաշմանդամ էր՝ գուցե աջ ձեռքը ձևախախտված։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է Աստվածաշունչն ասում «եօթը հարիւր ընտրուած ձախաձեռն» մարդկանց մասին, որոնք Բենիամինի ցեղից էին։ Դատաւորաց 20:16–ում ասվում է. «[Նրանց] ամենն էլ պարսատիկով մազի վերայ քար էին գցում առանց սխալուելու»։ Շատ հավանական է, որ նրանք ընտրված էին իրենց մարտական հմտությունների շնորհիվ։ Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ «ձախաձեռն» թարգմանված եբրայերեն բառը մատնանշում է անձնավորության, որը «երկու ձեռքով էլ յաջող էր գործում» (Դատաւորաց 3:15, ԷԹ)։
Փաստորեն, Բենիամինի ցեղը հայտնի էր ձախլիկ մարդկանցով։ Ա Մնացորդաց 12:1, 2–ում ասվում է, որ բենիամինցիները «քաջեր էին՝ պատերազմում օգնողներ։ Աղեղնաւորներ էին, պարսով քարեր էին գցում աջով եւ ձախով եւ աղեղով նետեր»։ Նման ունակություն կարելի է ձեռք բերել, ինչպես մի աշխատության մեջ է ասվում, «կապելով երեխայի աջ ձեռքը (այստեղից՝ «աջ ձեռքը կապված») և սովորեցնելով նրան ճարպկորեն գործել ձախով»։ Իսրայելի թշնամիները սովորաբար վարժված էին աջլիկ հակառակորդի դեմ կռվելու։ Ուստի թշնամին մեծամասամբ անկարող էր լինում որևէ բան անելու՝ անսպասելիորեն իր դիմաց տեսնելով ձախլիկ զինվորի։
«Ծածուկ խօսք» թագավորի համար
Ավովդի առաջին քայլերից մեկը ‘երկսայրի սուր շինելն էր իր համար’, որը բավականաչափ կարճ էր, ու նա կարող էր այն թաքցնել իր հագուստի տակ։ Նա գուցե ակնկալում էր, որ իրեն կստուգեն։ Սուրը սովորաբար կրում էին ձախ կողմում, և դա հարմար էր աջլիկներին, որ արագորեն հանեին այն։ Լինելով ձախլիկ՝ Ավովդը «կապեց [իր զենքը] իր հանդերձների տակից իր աջ ազդրի վերայ», ինչը նվազեցնում էր հավանականությունը, որ թագավորի պահապանները կնկատեն զենքը։ Ուստի նա, առանց խոչընդոտի, «ընծան տարաւ Մովաբի Էգղոն թագաւորին» (Դատաւորաց 3:16, 17)։
Էգղոնի պալատում տեղի ունեցած սկզբնական դեպքերի մանրամասնությունները մեզ հայտնի չեն։ Աստվածաշունչը պարզապես ասում է. «Երբոր [Ավովդը] ընծան տուաւ վերջացաւ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց» (Դատաւորաց 3:18)։ Ավովդը հարկը տվեց, ուղեկցեց հարկը կրող մարդկանց մինչև Էգղոնի պալատից անվտանգ հեռավորություն, նրանց հրաժեշտ տվեց ու վերադարձավ։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Այդ մարդիկ նրա հետ էին, որ պաշտպանեի՞ն նրան, որ պարզապես այդպե՞ս էր ընդունված, թե՞ որ նրանք ընդամենը հարկը բերողներ էին։ Իսկ միգուցե Ավովդը ցանկանում էր, որ նրանք անվտանգ տեղո՞ւմ լինեին, նախքան ինքը կանցներ իր ծրագրի իրագործմանը։ Ինչ էլ որ լիներ պատճառը, նա մեն–մենակ խիզախորեն իր քայլերն ուղղեց դեպի պալատ։
«[Ավովդը] Գաղգայումն եղած կուռքերի մօտիցը [«քարահանքէն», ԱԱ] ետ դառաւ եւ ասեց. Ով թագաւոր, քեզ հետ մէկ ծածուկ խօսք ունեմ»։ Գրություններում չի ասվում, թե ինչպես նա կարողացավ մտնել Էգղոնի մոտ։ Մի՞թե պահապանները ոչինչ չկասկածեցին։ Գուցե նրանք մտածեցին, որ մեկ իսրայելացին իրենց տիրոջ համար ոչ մի սպառնալիք չէ՞ր ներկայացնում։ Կամ գուցե Ավովդի միայնակ գալը այնպիսի տպավորություն ստեղծեց, թե նա դավաճանե՞լ է հայրենակիցներին։ Ամեն դեպքում, Ավովդը ցանկացավ անձամբ խոսել թագավորի հետ, և նրան թույլ տրվեց դա անել (Դատաւորաց 3:19)։
Աստծո ներշնչյալ Խոսքը շարունակում է. «Աւովդը [Էգղոնին] մօտեցաւ, եւ նա նստած էր իր յատկացեալ ամարանոցի վերնատանը, եւ Աւովդը նորան ասեց. Ես Աստուծոյ խօսք ունեմ քեզ համար»։ Ավովդը չէր ուզում ասել, թե նա Աստծուց տրված պատգամ ունի փոխանցելու. Ավովդի նպատակն էր գործի դնել իր սուրը։ Թագավորը, հավանաբար մտածելով, որ ինչ–որ բան պետք է լսի իր աստված Քամովսից, «աթոռի վերայիցը վեր կացաւ»։ Կայծակնային արագությամբ հանելով զենքը՝ Ավովդը այն խրեց Էգղոնի փորը։ Ամենայն հավանականությամբ, սուրը կռվան չուներ։ Այդ պատճառով էլ «սուրի ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկուեցաւ.... եւ աղբը դուրս ելաւ» վերքի տեղից, կամ աղիքները բնական ճանապարհով ակամա դատարկվեցին (Դատաւորաց 3:20–22)։
Բարեհաջող փախուստ
Ժամանակ չկորցնելով սուրը հանելու վրա՝ «Աւովդը դուրս եկավ սրահը եւ վերնատան դռները ետեւիցը գոցեց եւ կողպեց. եւ ինքը դուրս եկաւ գնաց։ Եւ [Էգղոնի] ծառաները գնացին նայեցին, որ ահա վերնատան դռները կողպուած էին. եւ ասեցին. Նա անտարակոյս իր ամարանոցի սենեակի մէջ հարկաւորութեան է գնացել» (Դատաւորաց 3:23, 24)։
Այդ ի՞նչ սրահ էր, որտեղ դուրս եկավ Ավովդը։ Մի գրքում ասվում է, որ «պարզ չէ, թե ինչ է [«սրահ» թարգմանված եբրայերեն բառի] ճշգրիտ իմաստը, սակայն ենթադրվում է, որ այդ բառը կարող էր ունենալ «սյունաշարք», «նախասրահ» իմաստները»։ Փակե՞ց Ավովդը դուռը ներսից և հետո այլ ճանապարհով դուրս գնաց, թե՞ նա դրսից փակեց՝ մեռած թագավորից վերցված բանալիով։ Անցա՞վ նա հանդարտ քայլերով պահապանների մոտով, այնպես, որ կարծես թե ոչինչ էլ չէր պատահել։ Գրությունները ոչինչ չեն ասում։ Ինչ ձևով էլ որ Ավովդը վարված լիներ, փաստն այն է, որ Էգղոնի ծառաները, դռները փակ գտնելով, այդ րոպեին ոչինչ չկասկածեցին։ Նրանք պարզապես մտածեցին, թե թագավորը «հարկաւորութեան է գնացել»։
Մինչ թագավորի ծառաները հապաղում էին, Ավովդը փախավ։ Հետո նա հավաքեց իր երկրացիներին ու ասաց. «Իմ ետեւիցն եկէք, որովհետեւ Տէրը ձեր թշնամի Մովաբացիներին ձեր ձեռքը տուաւ»։ Հորդանանի ռազմավարական կարևորություն ունեցող ‘անցքերը բռնելով’՝ Ավովդի մարդիկ փակեցին առաջնորդից զրկված մովաբացիների փախուստի ճանապարհը դեպի հայրենիք։ Այսպես «այն ժամանակ [իսրայելացիները] Մովաբիցը տասը հազարի չափ մարդ զարկեցին՝ ամենն էլ յաղթանդամ եւ զօրաւոր մարդիկ, եւ մէկը չ’ազատուեցաւ։ Եւ այն օրը Մովաբն Իսրայէլի ձեռքի տակ նուաճուեցաւ. եւ երկիրը ութսուն տարի հանգըստացաւ» (Դատաւորաց 3:25–30)։
Դասեր մեզ համար
Ավովդի օրերում պատահածից սովորում ենք, որ եթե անենք այն, ինչ չար է Եհովայի աչքում, ապա դա աղետալի հետևանքներ կբերի։ Իսկ եթե զղջանք ու դառնանք Եհովային, ապա նա կօգնի մեզ։
Ավովդը կարողացավ իր ծրագիրն իրագործել ոչ այն պատճառով, որ խելացի էր, կամ որ թշնամին անձեռնհաս էր։ Աստծո նպատակների իրագործումը կախված չէ մարդկային գործոնից։ Ավովդը հաջողության հասավ գլխավորապես Աստծո աջակցության շնորհիվ, քանի որ գործեց նրա անկոտրում կամքի համաձայն, այն է՝ ազատել նրա ժողովրդին։ Աստված էր ‘կանգնեցրել’ Ավովդին, «եւ երբոր Տէրը [իր ժողովրդի] համար դատաւորներ էր կանգնեցնում, Տէրը այն դատաւորի հետն էր լինում» (Դատաւորաց 2:18; 3:15)։