Իմաստությունը համեստների հետ է
«Տէրը ի՞նչ է ուզում քեզանից.... խոնարհութեամբ [«համեստորեն», ՆԱ] վարուիլ [«քալել», Արևմտ. Աստ.] քո Աստուծոյ հետ» (ՄԻՔԻԱ 6։8)։
1, 2. Ի՞նչ է համեստությունը, և ինչո՞վ է այն տարբերվում ամբարտավանությունից։
ԲՈԼՈՐԻ կողմից ճանաչված առաքյալը խուսափում է ուշադրության կենտրոնում գտնվել։ Իսրայելացի քաջ դատավորը իրեն համարում է իր հայրական տան ամենափոքր անդամը։ Երբևիցե ապրած մեծագույն մարդը հայտարարում է, որ իր իշխանությունը անսահմանափակ չէ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը համեստություն է դրսևորում։
2 Համեստությունը ամբարտավանությանը հակառակ հատկություն է։ Համեստ անձնավորությունը զուսպ է իր ընդունակությունները և արժանիքները գնահատելու մեջ և զերծ է փառասիրության, սնապարծության զգացումից։ Գոռոզ, պարծենկոտ ու փառամոլ լինելու փոխարեն՝ համեստ անձնավորությունը միշտ ընդունում է, որ սահմանափակ կարողություններ ունի։ Ուստի նա հարգում է ուրիշների զգացումներն ու կարծիքները և պատշաճ վերաբերմունք ցույց տալիս նրանց հանդեպ։
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ իմաստությունը համեստների հետ է։
3 Լիովին հիմնավոր պատճառներով Աստվածաշունչը հայտարարում է. «Խոնարհների [«համեստների», ՆԱ] հետ իմաստութիւն կայ» (Առակաց 11։2)։ Համեստ անձնավորությունը իմաստուն է, որովհետև ընթանում է Աստծո հավանությունն ունեցող ճանապարհով և խուսափում է անարգանքի տանող ամբարտավան ոգի դրսևորելուց (Առակաց 8։13; Ա Պետրոս 5։5)։ Այն, որ համեստ լինելը իմաստություն է, ապացուցել են Աստծո բազմաթիվ ծառաները իրենց վարած կյանքով։ Այժմ քննարկենք այդ օրինակներից երեքը, որոնք բերված են առաջին պարբերության մեջ։
Պողոսը՝ որպես «սպասաւոր» և «տնտես»
4. Ի՞նչ առանձնաշնորհումներ է ունեցել Պողոսը։
4 Պողոսը հայտնի էր առաջին դարի քրիստոնյաների շրջանում, և հասկանալի է, թե ինչու։ Իր ծառայության ընթացքում՝ լիներ դա ծովով, թե ցամաքով, նա հազարավոր կիլոմետրեր էր կտրել–անցնել ու բազմաթիվ ժողովներ հաստատել։ Բացի այդ, Եհովան օրհնել էր Պողոսին՝ տալով տեսիլքներ և օտար լեզուներով խոսելու շնորհ (Ա Կորնթացիս 14։18; Բ Կորնթացիս 12։1–5)։ Եհովան նաև իր սուրբ ոգին էր տվել նրան, ինչի առաջնորդությամբ էլ վերջինս գրել էր իր տասնչորս նամակները, որոնք ներկայումս քրիստոնեական Հունարեն գրությունների մի մասն են կազմում։ Կարելի է ասել, որ մնացած առաքյալների հետ համեմատած, Պողոսի կատարած աշխատանքը ամենածավալունն էր (Ա Կորնթացիս 15։10)։
5. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց, որ իր մասին համեստ կարծիք ունի։
5 Ոմանք գուցե կարծեն, որ եթե Պողոսի դերն այդքան մեծ է եղել քրիստոնեական գործունեության մեջ, ապա նա թերևս սիրել է միշտ ուշադրության կենտրոնում լինել և նույնիսկ շեշտել իր ունեցած հեղինակությունը։ Սակայն, իրականում դա այդպես չի եղել, քանի որ Պողոսը համեստ մարդ էր։ Նա իրեն կոչեց «առաքեալների յետինն» և ավելացրեց, որ «արժանի չէ առաքեալ կոչուելու, որովհետեւ Աստուծոյ եկեղեցին հալածեց» (Ա Կորնթացիս 15։9, ԱԹ)։ Քրիստոնյաներին նախկինում հալածող այդ մարդը չէր մոռանում, որ միմիայն Աստծո բարության շնորհիվ էր, որ նա կարող էր առհասարակ որևէ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ՝ առավել ևս հատուկ առանձնաշնորհումներ ստանալ ծառայության մեջ (Յովհաննէս 6։44; Եփեսացիս 2։8)։ Ուստի, նա այն կարծիքը չուներ, որ ծառայության մեջ իր ունեցած արտակարգ հաջողությունները իրեն բարձր պիտի դասեին մյուսներից (Ա Կորնթացիս 9։16)։
6. Պողոսն ինչպե՞ս համեստություն դրսևորեց կորնթացիների հետ շփվելիս։
6 Պողոսի համեստությունը հատկապես երևում է կորնթացիների հանդեպ ցուցաբերած իր վերաբերմունքից։ Ամենայն հավանականությամբ, կորնթացիներից ոմանք անչափ տպավորված էին այն մարդկանցով, որոնց աչքի ընկնող վերակացուներ էին համարում. դրանց թվում էին Ապողոսը, Կեփասը և հենց ինքը՝ Պողոսը (Ա Կորնթացիս 1։11–15)։ Վերջինս, սակայն, չողջունեց իրեն ուղղված գովաբանությունները և նաև չօգտվեց իր հանդեպ դրսևորած նրանց հիացմունքից։ Նրանց այցելելիս Պողոսը հանդես չեկավ «խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնով», այլ, ընդհակառակը՝ իր և իր ընկերակիցների մասին հետևյալ ձևով արտահայտվեց. «Մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստծու խորհուրդների»a (Ա Կորնթացիս 2։1–5; 4։1)։
7. Նույնիսկ խրատելիս՝ ինչպե՞ս էր Պողոսը համեստություն դրսևորում։
7 Պողոսը համեստություն էր դրսևորում նույնիսկ խրատներ ու հրահանգներ տալիս։ Հավատակիցների հետ առաքյալի իր դիրքից խոսելու փոխարեն, նա ‘սիրուց դրդված’ աղաչեց նրանց «ողորմութեամբ Աստծու» (Հռովմայեցիս 12։1, 2; Փիլիմոն 8, 9)։ Ինչո՞ւ էր Պողոսն այդպես վարվում։ Քանի որ իրեն իսկապես համարում էր իր եղբայրների «գործընկերը» և նրանց «հաւատքի վերայ» չէր տիրապետում (Բ Կորնթացիս 1։24, ԱԹ)։ Կասկած չկա, որ հենց համեստությունն էր պատճառը, որ առաջին դարի քրիստոնյաները սիրում էին Պողոսին (Գործք 20։36–38)։
Համեստ կարծիք մեր առանձնաշնորհումների հանդեպ
8, 9. ա) Ինչո՞ւ է հարկավոր սեփական անձի մասին համեստ կարծիք ունենալ։ բ) Ինչպե՞ս կարող են պատասխանատվություն ունեցողները համեստություն դրսևորել։
8 Պողոսը հիանալի օրինակ է թողել ներկայիս քրիստոնյաներին։ Անկախ նրանից, թե ինչ պատասխանատվություններ են մեզ վրա դրված՝ մեզանից ոչ մեկը չպետք է իրեն մյուսներից բարձր դասի։ «Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ,— գրել է Պողոսը,— ինքն իրեն է խաբում» (Գաղատացիս 6։3)։ Ինչո՞ւ։ Որովհետև «բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից» (Հռովմայեցիս 3։23; 5։12)։ Այո՛, չպետք է մոռանալ, որ բոլորս էլ Ադամից մեղք ու մահ ենք ժառանգել, և որ հատուկ առանձնաշնորհումները մեզ չեն ազատում այդ մեղավոր վիճակից (Ժողովող 9։2)։ Պողոսի նման, այսօր էլ մարդիկ Աստծո անսահման բարության շնորհիվ է, որ նրա հետ սերտ փոխհարաբերության մեջ մտնելու և առավել ևս՝ իրենց ծառայության մեջ որևէ առանձնաշնորհում ունենալու հնարավորությունն ունեն (Հռովմայեցիս 3։12, 24)։
9 Գիտակցելով դա՝ համեստ անձնավորությունը իր առանձնաշնորհումներով ու ձեռքբերումներով չի հրճվում ու պարծենում (Ա Կորնթացիս 4։7)։ Ուրիշներին խորհուրդ կամ որևէ ուղղություն տալիս նա իրեն դրսևորում է որպես իսկական գործընկեր, և ոչ թե՝ գործատեր։ Եվ, ինչ խոսք, պատասխանատվություններ ունեցող անձնավորության կողմից բոլորովին սխալ կլիներ գովեստներ ակնկալել հավատակիցներից, կամ էլ իր հանդեպ ունեցած համակրանքն օգտագործել անձնական նպատակներով (Առակաց 25։27; Մատթէոս 6։2–4)։ Իսկապես արժեք ունի միայն այն գովեստը, որը գալիս է ուրիշների կողմից ինքնաբերաբար՝ առանց մեր ակնկալիքների։ Իսկ երբ մենք դրան արժանանում ենք, դա չպետք է առիթ հանդիսանա, որ սկսենք մեր մասին խորհել ավելին, քան իրականում կանք (Առակաց 27։2; Հռովմայեցիս 12։3)։
10. Բացատրե՛ք, թե ինչպես կարող են աչքի չընկնող մարդիկ «հարուստ» լինել իրենց հավատով։
10 Որևէ պատասխանատվություն ստանալիս համեստությունը մեզ կօգնի խուսափել մեր ունեցած դերը անհարկի շեշտելուց և այնպիսի տպավորություն ստեղծելուց, կարծես ժողովի առաջընթացը պայմանավորված է զուտ մեր ջանքերով ու ընդունակություններով։ Ենթադրենք՝ ուսուցանելու հատուկ ընդունակություններ ունենք (Եփեսացիս 4։11, 12)։ Սակայն, համեստությունը կօգնի մեզ գիտակցել, որ ժողովում ստացած որոշ կարևոր դասեր բեմահարթակից չեն հնչում. որքա՜ն քաջալերանք ենք ստանում՝ տեսնելով երեխաների հետ միասին կանոնավորաբար Թագավորության սրահ հաճախող միայնակ ծնողներին. շփվելով այնպիսի անհատների հետ, ովքեր, ջանալով հաղթահարել անընդհատ հյուծող ընկճվածության և անձի թերարժեքության զգացումը, հավատարմորեն շարունակում են հաճախել հանդիպումներին, և երիտասարդների հետ, որոնք, չնայած դպրոցում կամ այլուր տիրող վատ ազդեցություններին, հոգևորապես առաջադիմում են (Սաղմոս 84։10)։ Հնարավոր է, որ այս մարդիկ աննկատ մնան և մենք մեծ մասամբ անտեղյակ լինենք նրանց հավատարմության փորձություններին։ Մինչդեռ իրենց հավատով նրանք նույնքան «հարուստ» կարող են լինել, որքան՝ աչքի ընկնողները (Յակոբոս 2։5)։ Վերջիվերջո, հավատարմությամբ է, որ շահելու ենք Եհովայի բարեհաճությունը (Մատթէոս 10։22; Ա Կորնթացիս 4։2)։
Իր «հոր տան կրտսեր» Գեդեոնը
11. Գեդեոնը ինչպե՞ս համեստություն դրսևորեց Աստծո հրեշտակի հետ խոսելիս։
11 Մանասեի ցեղից Գեդեոն անունով խիզախ երիտասարդն ապրում էր Իսրայելի պատմության անհանգիստ ժամանակներում։ Յոթ տարի շարունակ Աստծո ժողովուրդը տառապում էր մադիանացիների լծի տակ։ Սակայն հասել էր ժամանակը, երբ Եհովան պետք է ազատեր իր ժողովրդին։ Պատահեց այնպես, որ Գեդեոնին հայտնվեց մի հրեշտակ ու ասաց. «Ով հզօր զօրաւոր, Տէրը քեզ հետ»։ Քանի որ իր էությամբ Գեդեոնը համեստ անձնավորություն էր, այս խոսքերը չշոյեցին նրա փառասիրությունը, այլ ի պատասխան՝ նա հարգալից ասաց. «Ոհ, Տէր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ի՞նչու համար այս բոլոր բաները մեզ հասան»։ Հրեշտակը հստակեցրեց իր խոսքերը՝ ասելով. «Գնա.... եւ ազատիր Իսրայէլին Մադիանացիների ձեռքիցը»։ Ինչպե՞ս արձագանքեց Գեդեոնը։ Առիթից օգտվելու և այդ նշանակումը ազգային հերոս դառնալու նպատակով օգտագործելու փոխարեն՝ Գեդեոնը պատասխանեց. «Ոհ, Տէր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայէլին, ահա իմ ազգատոհմը Մանասէի մեջ ամենից աղքատն է, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ»։ Համեստության ինչպիսի՜ օրինակ (Դատաւորաց 6։11–15)։
12. Ինչպե՞ս Գեդեոնը շրջահայաց գտնվեց իր առաջադրանքը կատարելիս։
12 Մինչև ճակատամարտ ուղարկելը Եհովան փորձեց Գեդեոնին։ Նա պատվիրեց նրան քանդել իր հոր կողմից շինած Բահաղի զոհասեղանը և կոտրել Աստարովթի պատկանելիքները։ Այս առաջադրանքը կատարելը քաջություն էր պահանջում, սակայն, դրանից բացի, Գեդեոնը նաև համեստություն ու շրջահայեցություն ցուցաբերեց։ Ի ցույց ամենքին զոհասեղանը քանդելու փոխարեն՝ Գեդեոնը օգտվեց գիշերվա խավարից, երբ նա, ամենայն հավանականությամբ, մարդկանց աչքից աննկատ կմնար։ Դեռ ավելին. Գեդեոնը իր հանձնարարությանը պատշաճ զգուշությամբ մոտեցավ։ Նա իր հետ վերցրեց իր ծառաներից տասը հոգու՝ ըստ երևույթին նրա համար, որպեսզի մի քանիսին պահակ կանգնեցնի, իսկ մյուսներն օգնեն իրեն քանդելու զոհասեղանն ու մնացած բաները։b Վերջիվերջո, Եհովայի օրհնությամբ Գեդեոնին հաջողվեց կատարել իր առաջադրանքը, և Աստված ժամանակին նրա միջոցով ազատագրեց իսրայելացիներին մադիանացիների ձեռքից (Դատաւորաց 6։25–27)։
Լինել համեստ ու շրջահայաց
13, 14. ա) Ինչպե՞ս կարող ենք համեստություն դրսևորել, երբ ծառայության մեջ որևէ պատասխանատվություն ենք ստանում։ բ) Համեստության ի՞նչ հիանալի օրինակ է թողել եղբայր Ա. Մակմիլանը։
13 Գեդեոնի դրսևորած համեստությունից շատ բան կարող ենք սովորել։ Օրինակ՝ ինչպե՞ս ենք արձագանքում, երբ ծառայության մեջ որևէ պատասխանատվություն ենք ստանում։ Արդյոք առաջին հերթին մտածում ենք երևելի դիրքի ու հեղինակությա՞ն մասին, թե՞ համեստորեն, աղոթքի միջոցով խորհում ենք, թե ինչպես կարելի է լավագույնս կատարել այդ հանձնարարությունը։ Եղբայր Ա. Մակմիլանը, որն իր երկրային ընթացքն ավարտել է 1966–ին, այս հարցում հրաշալի օրինակ է թողել։ «Դիտարան» ընկերության առաջին նախագահ Չ. Ռասելը հարցրել էր եղբայր Մակմիլանին, թե նրա կարծիքով ո՞վ կարող է իր բացակայության դեպքում իրեն փոխարինել։ Ամբողջ զրույցի ընթացքում եղբայր Մակմիլանը ակնարկ անգամ չէր արել իր մասին, թեև կարծես առիթն իր ոտքով էր եկել իր մոտ։ Վերջում եղբայր Ռասելը առաջարկել էր եղբայր Մակմիլանին մտածել այդ պատասխանատվությունը ստանձնելու շուրջը։ «Զարմանքից քար կտրած՝ մի քանի վայրկյան լուռ կանգնած մնացի,— տարիներ անց գրեց եղբայր Մակմիլանը,— հետո այդ ուղղությամբ սկսեցի լրջորեն մտածել ու մի որոշ ժամանակ անընդհատ աղոթում էի՝ նախքան պատասխանելս, թե ուրախությամբ պատրաստ կլինեմ ամեն բան անել նրան օգնելու համար»։
14 Այդ դեպքից շատ չանցած՝ եղբայր Ռասելը մահացավ՝ թափուր թողնելով «Դիտարան» ընկերության նախագահի պաշտոնը։ Քանի որ նրա քարոզչական վերջին ճանապարհորդության ժամանակ նախագահի պարտականությունները կատարում էր եղբայր Մակմիլանը, մի եղբայր դիմեց նրան՝ ասելով. «Մա՛կ, մեծ հնարավորություն ունես նախագահի տեղը զբաղեցնելու։ Դու եղել ես եղբայր Ռասելի հատուկ ներկայացուցիչը նրա բացակայության ժամանակ, իսկ նա մեզ ասել էր, որ բոլոր հարցերում հետևենք քեզ։ Հիմա, երբ նա արդեն չկա և այլևս չի վերադառնա, կարծում ենք, որ դու ես այն անձնավորությունը, որը ղեկավարությունն իր ձեռքը պիտի վերցնի»։ Եղբայր Մակմիլանը պատասխանել էր. «Եղբա՛յր, պետք չէ խնդրին այդպես մոտենալ։ Սա Տիրոջ գործն է, և նրա կազմակերպության մեջ կզբաղեցնենք այն դիրքը, որը Տերը կմատնանշի։ Ես վստահ եմ, որ ե՛ս չեմ հարմար թեկնածուն»։ Ապա, եղբայր Մակմիլանը ուրիշի թեկնածությունն է առաջարկում։ Գեդեոնի նման, նա ևս համեստ կարծիքի էր իր անձի մասին, մի բան, որն արժանի է ընդօրինակման։
15. Ինչպե՞ս կարելի է մարդկանց քարոզելիս շրջահայաց լինել։
15 Մենք էլ պետք է համեստություն դրսևորենք մեզ տրված հանձնարարությունները կատարելիս։ Գեդեոնը շրջահայաց էր և աշխատում էր անտեղի չգրգռել իր հակառակորդների բարկությունը։ Ինչ վերաբերում է մեզ, ապա քարոզչական ծառայության ընթացքում մարդկանց հետ զրուցելիս պետք է աշխատենք համեստ ու շրջահայաց լինել։ Ճիշտ է, մեր պատերազմը հոգևոր է, և պետք է քանդենք «ամրութիւնները» ու «գաղտնի մտածումները» (Բ Կորնթացիս 10։4, 5)։ Սակայն մեր խոսքը չպետք է նսեմացնի մարդկանց, կամ էլ մեր բերած լուրը վիրավորվելու որևէ առիթ տա։ Փոխարենը, պետք է հարգենք նրանց կարծիքը, մեր ուշադրությունը բևեռենք այն ընդհանուրի վրա, որ գտնել ենք զրույցի ընթացքում և կենտրոնանանք մեր լուրի դրական կողմերի վրա (Գործք 22։1–3; Ա Կորնթացիս 9։22; Յայտնութիւն 21։4)։
Հիսուսը որպես համեստության գերազանց օրինակ
16. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ համեստ կարծիքի է իր անձի մասին։
16 Համեստության մեծագույն օրինակը թողել է Հիսուս Քրիստոսը։c Չնայած Հոր հետ ունեցած իր սերտ փոխհարաբերությանը՝ նա չվարանեց ընդունելու, որ կան բաներ, որոնք դուրս են իր իշխանության ազդեցության սահմաններից (Յովհաննէս 1։14)։ Օրինակ՝ երբ Հակոբոսի ու Հովհաննեսի մայրը խնդրեց իր որդիներին Հիսուսի թագավորությունում նրա երկու կողմերը նստեցնել, վերջինս պատասխանեց. «Նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից» (Մատթէոս 20։20–23)։ Մեկ այլ առիթով Հիսուսն ասաց. «Ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող.... որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց» (Յովհաննէս 5։30; 14։28; Փիլիպպեցիս 2։5, 6, Արևմտ. Աստ., ծան.)։
17. Ինչպե՞ս էր Հիսուսը համեստություն դրսևորում ուրիշների հետ շփվելիս։
17 Բոլոր առումներով Հիսուսը բարձր էր կանգնած անկատար մարդկանցից և անհամեմատ մեծ իշխանություն ուներ ստացած իր Հորից՝ Եհովա Աստծուց։ Այնուհանդերձ, իր հետևորդների հետ շփվելիս նա համեստություն էր դրսևորում։ Հիսուսը երբեք չէր ծանրաբեռնում նրանց իր ունեցած գիտելիքներով։ Նա նրբանկատ էր, կարեկից և հաշվի էր առնում մարդկանց կարիքները (Մատթէոս 15։32; 26։40, 41; Մարկոս 6։31)։ Այսպիսով՝ թեև Հիսուսն ինքը կատարյալ էր, սակայն մարդկանցից կատարելություն չէր սպասում։ Նա իր աշակերտներից երբեք ավելին չէր պահանջում, քան իրականում նրանք ի վիճակի էին տալու, և երբեք նրանց չէր ծանրաբեռնում իրենց ուժերից վեր աշխատանքով (Յովհաննէս 16։12)։ Զարմանալի չէ, որ շատերն էին նրա կողքին թարմություն գտնում (Մատթէոս 11։29)։
Հետևեք Հիսուսի թողած համեստության օրինակին
18, 19. Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի համեստության օրինակին այն հարցում, թե՝ ա) ինչ կարծիքի ենք մեր մասին, բ) ինչպես ենք վերաբերվում ուրիշներին։
18 Եթե երբևիցե ապրած մեծագույն մարդն է համեստություն դրսևորել, ապա որքան ավելի պետք է ջանանք համեստ լինել մե՛նք։ Անկատար մարդիկ հաճախ դժկամությամբ են ընդունում, որ իրենց ձեռքում չունեն բացարձակ իշխանություն։ Սակայն, հետևելով Հիսուսի օրինակին, քրիստոնյաները ամեն կերպ ձգտում են համեստ լինել։ Նրանք թույլ չեն տալիս, որ հպարտությունը խանգարի արժանի մարդկանց պատասխանատվություններ տալու, ոչ էլ մեծամիտ են ու անպատրաստակամ՝ հրահանգներ ընդունելու նրանցից, ովքեր լիազորված են դա անելու։ Համագործակցության ոգի ցուցաբերելով՝ նրանք աջակցում են, որ ժողովում «ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» լինի (Ա Կորնթացիս 14։40)։
19 Համեստությունը նաև կմղի մեզ ողջամիտ լինել ուրիշներից մեր ունեցած սպասելիքների հարցում և ուշադիր լինել նրանց կարիքների հանդեպ (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Գուցե մեզանից որևէ մեկը իր ընդունակություններով և արժանիքներով գերազանցում է մյուսներին։ Սակայն, համեստություն հանդես բերելիս չենք ակնկալի, որ մարդիկ պետք է մեզ հետ միշտ վարվեն այնպես, ինչպես որ մենք կուզենայինք։ Հասկանալով, որ յուրաքանչյուրս էլ սահմանափակ կարողությունների տեր ենք՝ համեստորեն կանտեսենք մեզ շրջապատողների աննշան սխալները։ Պետրոսը գրեց. «Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք, քանի որ սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» (Ա Պետրոս 4։8)։
20. Ի՞նչ կարող ենք անել անհամեստության ցանկացած հակում հաղթահարելու համար։
20 Ինչպես տեսանք, իմաստությունն իրոք համեստների հետ է։ Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ քո մեջ անհամեստության ու ամբարտավանության հակումներ են ի հայտ գալիս։ Առաջին հերթին՝ պետք չէ հուսահատվել։ Հետևի՛ր Դավիթի օրինակին, որն աղոթեց. «Ամբարտավան մեղքերէն ալ պահէ քու ծառադ, թող անոնք ինծի չտիրեն» (Սաղմոս 19։13, Արևմտ. Աստ.)։ Ձգտելով ընդօրինակել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Պողոսը, Գեդեոնը և հատկապես Հիսուս Քրիստոսը՝ մենք անձամբ կզգանք Առակաց 11։2 (ՆԱ) խոսքի ճշմարտացիությունը, թե՝ իմաստությունը համեստների հետ է։
[ծանոթագրություններ]
a «Սպասաւորներ» թարգմանված հունարեն բառը կարող է վերաբերել մեծ նավերի վրա թիավարող ստրուկներին։ Ի տարբերություն նրանց՝ «տնտեսներին» ավելի մեծ պատասխանատվություններ էին տրվում, օրինակ՝ կալվածքի խնամքը։ Այնուհանդերձ, մեծ մասամբ, տերերի համար տնտեսը նույն կախվածության մեջ էր գտնվում, ինչ որ մեծ թիանավերի վրա թիավարողը։
b Գեդեոնի շրջահայեցությունն ու զգուշությունը չի կարելի շփոթել վախկոտության հետ։ Նրա քաջության ապացույցն են Եբրայեցիս 11։32–38-ի խոսքերը, որտեղ Գեդեոնի անունը հիշատակվում է այն մարդկանց շարքերում, ովքեր «զօրացան տկարութիւնից յետոյ, կտրիճներ եղան պատերազմի մէջ»։
c Քանի որ համեստությունը սեփական անձի սահմանափակ կարողությունները գիտակցելն է, ուստի Եհովայի մասին չի կարելի ասել, որ նա համեստ է։ Եհովան, սակայն, խոնարհ է։ Սաղմոս 18։35–ում ասվում է. «Քո քաղցրութիւնը [«խոնարհությունը», ՆԱ] մեծացնում է ինձ»։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է համեստությունը։
• Ինչպե՞ս կարելի է հետևել Պողոսի թողած համեստության օրինակին։
• Ի՞նչ ենք սովորում համեստության մասին Գեդեոնի օրինակից։
• Համեստության ինչպիսի՞ գերազանց օրինակ է թողել Հիսուսը։
[նկար 15–րդ էջի վրա]
Պողոսի համեստությունը ստիպեց իր քրիստոնյա հավատակիցներին սիրել իրեն։
[նկար 17–րդ էջի վրա]
Գեդեոնը շրջահայեցություն դրսևորեց Աստծո կամքը կատարելիս։
[նկար 18–րդ էջի վրա]
Հիսուսը՝ Աստծո Որդին, իր բոլոր գործերում համեստություն դրսևորեց։