Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
ՍԱ ՄԻ սրտառուչ պատմություն է երկու կանանց մասին, որոնք նվիրված են եղել միմյանց, մի պատմություն՝ Եհովա Աստծու հանդեպ երախտագիտության ու նրա սահմանած կարգին վստահելու մասին։ Այն շեշտում է Եհովայի խոր հետաքրքրվածությունը Մեսիայի տոհմաբանությամբ։ Սա հուզիչ պատմություն է մի ընտանիքի ուրախությունների ու տխրությունների մասին։ Աստվածաշնչի «Հռութ» գիրքը այս և ուրիշ բաների մասին է պատմում։
«Հռութ» գիրքը ընդգրկում է Իսրայելում «դատաւորների կառավարութեան օրեր[ի]» 11 տարվա պատմություն (Հռութ 1։1)։ Գրքում նշված իրադարձությունները պետք է որ տեղի ունեցած լինեն դատավորների կառավարման վաղ շրջանում, քանի որ հողատեր Բոոսը, որն այս իրական պատմության կերպարներից մեկն է, Հեսուի օրերում ապրած Ռախաբի որդին էր (Յեսու 2։1, 2; Հռութ 2։1; Մատթէոս 1։5)։ «Հռութ» գիրքը հավանաբար գրել է Սամուել մարգարեն մ. թ. ա. 1090–ին։ Սա միակ աստվածաշնչային գիրքն է, որը ոչ իսրայելացի կնոջ անունով է կոչվում։ Նրանում պարփակված պատգամը «կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։
«ՈՒՐ ՈՐ ԳՆԱՍ ԳՆԱԼՈՒ ԵՄ»
Գալով Բեթլեհեմ՝ Նոեմին և Հռութը գրավում են մարդկանց ուշադրությունը։ Մատնացույց անելով այս երկու կանանցից ավելի տարեցին՝ քաղաքի կանայք հարցնում են. «Սա՞ է Նոեմին»։ Ի պատասխան՝ Նոեմին ասում է. «Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ։ Ես գնացի լիքն, բայց Տէրն ինձ դարտակ դարձրեց» (Հռութ 1։19–21)։
Երբ Իսրայելում եղած սովի պատճառով Նոեմիի ընտանիքը Բեթլեհեմից տեղափոխվել էր Մովաբի երկիր, նա «լիքն» էր այն իմաստով, որ ուներ ամուսին և երկու որդի։ Բայց Մովաբում որոշ ժամանակ ապրելուց հետո նրա ամուսինը՝ Ելիմելեքը, մահանում է։ Հետագայում նրա որդիները ամուսնանում են մովաբացիներ Որփայի և Հռութի հետ։ Մոտ տասը տարի անց Նոեմիի որդիները անզավակ մահանում են։ Երեք կանայք մնում են բոլորովին միայնակ։ Երբ նրանց սկեսուրը՝ Նոեմին, որոշում է վերադառնալ Հուդա, իր որդիների այրիները միանում են նրան։ Ճանապարհին Նոեմին համոզում է իր հարսներին ետ գնալ Մովաբ ու ամուսին գտնել իրենց ժողովրդի միջից։ Որփան համաձայնվում է։ Սակայն Հռութը մնում է Նոեմիի հետ՝ ասելով. «Ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Հռութ 1։16)։
Երկու այրիները՝ Նոեմին և Հռութը, Բեթլեհեմ են հասնում գարու բերքահավաքի սկզբներին։ Օգտվելով Աստծու Օրենքով վերապահված հնարավորությունից՝ Հռութը սկսում է բերքից մնացած հասկեր հավաքել մի արտում, որը, ինչպես պարզվում է, Ելիմելեքի բարեկամին է պատկանում՝ Բոոս անունով մի տարեց հրեայի։ Հռութը ձեռք է բերում Բոոսի բարեհաճությունը և շարունակում է արտում հասկեր հավաքել «մինչեւ գարիի հունձքի եւ ցորենի հունձքի վերջը» (Հռութ 2։23)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
1։8 — Ինչո՞ւ Նոեմին իր հարսներին ասաց, որ «ամեն մէկը ետ դառնայ իր մօր տունը»՝ փոխանակ ասելու, որ նրանք վերադառնան իրենց հոր տունը։ Հայտնի չէ՝ արդյոք Որփայի հայրը այդ ժամանակ կենդանի էր, թե՝ ոչ։ Ինչ վերաբերում է Հռութի հորը, նա կենդանի էր (Հռութ 2։11)։ Այդուհանդերձ, Նոեմին հիշատակեց «մօր տունը»՝ թերևս կարծելով, որ մոր մասին հիշեցումը իր հարսների մտքում կարթնացներ մայրական գորովանքի ու մխիթարության պատկերներ։ Սա հատկապես մխիթարական կլիներ նրանց համար, քանի որ կթեթևացներ այն վիշտը, որ կբերեր իրենց սիրելի սկեսուրից բաժանումը։ Նոեմիի խոսքերը նաև կարող են նշանակել այն, որ ի տարբերություն իրեն՝ Հռութի ու Որփայի մայրերը ապահովված էին տնով։
1։13, 21 — Արդյո՞ք Եհովան դառնացրել էր Նոեմիի կյանքը ու դժբախտություններ բերել նրան։ Ոչ։ Նոեմին չէր մեղադրում Աստծուն ինչ–որ սխալ բան անելու մեջ։ Այնուամենայնիվ, տեսնելով, թե ինչեր անցան իր գլխով՝ նա խորհեց, թե Եհովան իր դեմ է։ Նա դառնացած ու հիասթափված էր։ Բացի այդ, այն օրերում որովայնի պտուղը համարվում էր օրհնություն Աստծուց, իսկ ամլությունը՝ անեծք։ Չունենալով թոռներ ու կորցրած լինելով երկու որդիներին՝ Նոեմին գուցե մտածում էր, որ դրանով Եհովան նվաստացնում է իրեն։
2։12 — Ի՞նչ ‘առատ վարձ’ ստացավ Հռութը Եհովայից։ Հռութը որդի ունեցավ ու ստացավ պատմության մեջ ամենակարևոր տոհմաբանության՝ Հիսուս Քրիստոսի ծննդաբանության մեջ տեղ ունենալու պատիվը (Հռութ 4։13–17; Մատթէոս 1։5, 16)։
Դասեր մեզ համար
1։8; 2։20. Չնայած իր տեսած ողբերգություններին՝ Նոեմին շարունակեց վստահ լինել Եհովայի ‘ողորմության’՝ սիրառատ բարության մեջ։ Մենք էլ պետք է նույն մտայնությունն ունենանք, մասնավորապես երբ դաժան փորձությունների ենք ենթարկվում։
1։9. Տունը չպետք է լինի պարզապես մի վայր, որտեղ ընտանիքի անդամները ուտում են և քնում։ Այն պետք է լինի հանգստի ու մխիթարության խաղաղավետ վայր։
1։14–16. Որփան «ետ դառաւ իր ժողովրդին եւ իր աստուածներին», Հռութը՝ ոչ։ Թողնելով իր հայրենի երկրի ապահով ու հարմարավետ կյանքը՝ Հռութը փաստեց Եհովայի հանդեպ իր հավատարմությունը։ Մենք ևս, Աստծու հանդեպ նվիրված սեր մշակելով ու անձնազոհ ոգի դրսևորելով, կկարողանանք խուսափել եսասիրական ցանկություններից և ‘ետ չենք քաշվի’ դեպի կործանում (Եբրայեցիս 10։39)։
2։2. Հռութը ցանկացավ օգտվել բերքից մնացած հասկերը հավաքելու հնարավորությունից, որը ընձեռվում էր օտարերկրացիներին ու զրկվածներին։ Նա սրտով խոնարհ էր։ Կարիքավոր քրիստոնյան չպետք է չափազանց հպարտ լինի, որ չընդունի հավատակիցների սիրառատ աջակցությունը կամ պետության կողմից տրվող օգնությունը, որի իրավունքը նա ունի։
2։7. Չնայած որ Հռութը հասկերը հավաքելու իրավունք ուներ, նա նախքան դա անելը թույլտվություն խնդրեց (Ղեւտացոց 19։9, 10)։ Դա նրա կողմից հեզության ու խոնարհության ցուցաբերում էր։ Մենք իմաստուն կլինենք, եթե ‘որոնենք խոնարհություն’, քանի որ «խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սոփոնիա 2։3; Սաղմոս 37։11)։
2։11. Հռութը իր վարքով փաստեց, որ Նոեմիի համար բարեկամից էլ ավելին է։ Նա իսկական ընկեր էր (Առակաց 17։17)։ Նրանց մտերմությունը ամուր էր, քանի որ հիմնված էր այնպիսի հատկությունների վրա, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը, կարեկցանքը, բարությունը և անձնազոհությունը։ Իսկ որ ավելի կարևոր է, այդ մտերմությունը հաստատվել էրայն բանի շնորհիվ, որ նրանք հոգևոր անձնավորություններ էին՝ ցանկանում էին ծառայել Եհովային և լինել նրա երկրպագուների մեջ։ Մենք նույնպես գերազանց հնարավորություններ ունենք իսկական մտերմություն հաստատելու ճշմարիտ երկրպագուների հետ։
2։15–17. Նույնիսկ երբ Բոոսը հնարավորություն տվեց Հռութին ավելի քիչ աշխատելու, վերջինս շարունակեց «մինչեւ իրիկուն այն արտի մէջ ժողովե[լ]»։ Հռութը աշխատասեր էր։ Քրիստոնյան պետք է աշխատասեր մարդու հեղինակություն ունենա։
2։19–22. Նոեմին ու Հռութը երեկոյան ժամերին հաճելի զրույցներ էին ունենում։ Տարեց Նոեմին հետաքրքրվում էր երիտասարդ Հռութի գործերով։ Նրանք երկուսն էլ ազատորեն արտահայտում էին իրենց մտքերն ու զգացումները։ Արդյո՞ք քրիստոնեական ընտանիքում պետք է այլ կերպ լինի։
2։22, 23. Ի տարբերություն Հակոբի դուստր Դինայի՝ Հռութը ձգտում էր շփվել Եհովայի երկրպագուների հետ։ Ի՜նչ լավ օրինակ մեզ համար (Ծննդոց 34։1, 2; Ա Կորնթացիս 15։33)։
ՆՈԵՄԻՆ «ԼԻՔՆ» Է ԴԱՌՆՈՒՄ
Նոեմին երեխա ունենալու համար չափազանց ծեր է։ Ուստի նա Հռութին առաջարկում է ամուսնանալ իր փոխարեն՝ համաձայն տագրության պարտավորության մասին օրենքի։ Հետևելով Նոեմիի ցուցումներին՝ Հռութը դիմում է Բոոսին՝ խնդրելով նրան՝ որպես մոտ ազգականի, կատարել տագրության պարտավորությունը։ Բոոսը համաձայնվում է։ Սակայն կա ավելի մոտ ազգական, որին պետք է առաջինը տրվի այդ պարտավորությունը կատարելու հնարավորությունը։
Բոոսը ժամանակ չի կորցնում այդ հարցը լուծելու համար։ Հենց հաջորդ առավոտյան նա հավաքում է Բեթլեհեմի ծերերից տասը հոգու այդ ազգականի առաջ ու հարցնում է նրան, թե արդյոք նա ցանկանում է կատարել ազգականության պարտավորությունը։ Ազգականը հրաժարվում է։ Ուստի այդ պարտավորությունը կատարում է Բոոսը և ամուսնանում է Հռութի հետ։ Նրանք որդի են ունենում և նրա անունը դնում Ովբեդ (Դավիթ թագավորի պապը)։ Այժմ Բեթլեհեմի կանայք ասում են Նոեմիին. «Օրհնեալ լինի Տէրը.... Այս լինի քո հոգիի մխիթարութիւն եւ ծերութեանդ խնամողութիւնը. որովհետեւ քեզ սիրող հարսդ ծնեց նորան, որ քեզ համար եօթը որդիից լաւ է» (Հռութ 4։14, 15)։ Այն կինը, որ «դարտակ» էր վերադարձել Բեթլեհեմ, վերստին «լիքն» է դառնում (Հռութ 1։21)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ.
3։11 — Ինչի՞ շնորհիվ Հռութը ‘առաքինի կնոջ’ հեղինակություն ձեռք բերեց։ «Դրսեւանց մազերի հիւսելը» կամ «ոսկեղէնների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը» չէր պատճառը, որ մարդիկ հիանում էին Հռութով, այլ «սրտի ծածուկ մարդը»՝ նրա նվիրվածությունն ու սերը, խոնարհությունն ու հեզությունը, աշխատասիրությունն ու անձնազոհությունը։ Յուրաքանչյուր աստվածավախ կին, որը ցանկանում է Հռութի պես լավ հեղինակություն ունենալ, պետք է ձգտի իր մեջ զարգացնել նշված հատկությունները (Ա Պետրոս 3։3, 4; Առակաց 31։28–31)։
3։14 — Ինչո՞ւ Հռութն ու Բոոսը արթնացան նախքան լույսը բացվելը։ Պատճառն այն չէր, որ նրանք գիշերը անբարո արարք էին գործել ու ցանկանում էին թաքցնել դա։ Այդ գիշեր Հռութի կատարած քայլերը, ակներևաբար, ներդաշնակ էին այն գործողություններին, որոնք սովորաբար անում էր այն կինը, որը ցանկանում էր հասնել տագրության պարտավորության օրենքով նախատեսված իր իրավունքների կատարմանը։ Հռութը գործեց Նոեմիի ցուցումների համաձայն։ Բացի այդ, Բոոսի արձագանքը պարզ ցույց տվեց, որ նա ոչ մի սխալ բան չի տեսնում Հռութի արածի մեջ (Հռութ 3։2–13)։ Ըստ ամենայնի, Հռութն ու Բոոսը վաղ արթնացան, որպեսզի ոչ ոք հիմք չունենար ասեկոսեներ տարածելու։
3։15 — Ի՞նչ էր նշանակում այն, որը Բոոսը Հռութին վեց չափ գարի տվեց։ Հավանաբար, դա նշանակում էր, որ Հռութի հանգստության օրը մոտ էր, ինչը նման էր այն բանին, որ վեց աշխատանքային օրերին հետևում էր հանգստյան օրը։ Բոոսն ուզում էր հավաստիացնել Հռութին, որ նա «հանգստութիւն» կունենա իր ամուսնու տանը (Հռութ 1։9; 3։1)։ Դա կարող էր նաև նշանակել, որ Հռութը իր գլխի վրա ի վիճակի էր տանել ամենաշատը վեց չափ գարի։
3։16 — Համաձայն եբրայերեն բնագրի՝ Նոեմին Հռութին հարցրեց. «Ո՞վ ես դու, աղջի՛կս»։ Ինչո՞ւ նա այսպիսի հարց տվեց։ Արդյոք չճանաչե՞ց իր հարսին։ Շատ հավանական է, որ այդպես էր, քանի որ երբ Հռութը վերադարձավ տուն, հավանաբար, դեռևս մութ էր։ Նոեմիի հարցը, սակայն, կարող էր նաև նշանակել, որ նա ուզում էր իմանալ, թե արդյոք Հռութը նոր կարգավիճակ է ստացել ազգականության պարտավորության օրենքի հետ կապված։
4։6 — Ինչպե՞ս կարող էր ազգականը իր ժառանգությունը ‘խանգարել’՝ կատարելով ազգականության պարտավորությունը։ Նախ և առաջ եթե մեկը աղքատացել էր ու վաճառել իր ժառանգական հողերը, ապա նրա մոտ ազգականը պետք է գներ այդ հողերը այն գնով, որը որոշվելու էր մինչև հաջորդ Հոբելյան տարին մնացած տարիների թվով (Ղեւտացոց 25։25–27)։ Այդպես անելով՝ ազգականը կնվազեցներ իր նյութական կարողության չափը։ Բացի այդ, եթե Հռութը տղա ծներ, ապա վերագնված հողը կժառանգեր այդ որդին և ոչ թե ազգականի հարազատները։
Դասեր մեզ համար
3։12; 4։1–6. Բոոսը ամենայն մանրամասնությամբ հետևեց Եհովայի սահմանած կարգին։ Արդյոք մենք բարեխղճորեն հետևո՞ւմ ենք աստվածապետական կարգին ու կանոններին (Ա Կորնթացիս 14։40)։
3։18. Նոեմին վստահություն ուներ Բոոսի նկատմամբ։ Չպե՞տք է մենք էլ վստահություն ունենանք մեր հավատարիմ հավատակիցների նկատմամբ։ Հռութը պատրաստ էր տագրության պարտավորության հիման վրա ամուսնանալու մի մարդու հետ, որին նա, ըստ ամենայնի, չէր ճանաչում, մի մարդ, որի անունը չի նշված Աստվածաշնչում (Հռութ 4։1)։ Ինչո՞ւ։ Քանի որ նա վստահում էր Եհովայի սահմանած կարգին։ Ունե՞նք մենք այդպիսի վստահություն։ Օրինակ՝ երբ հարցը վերաբերում է ամուսնական կողակից փնտրելուն, հետևո՞ւմ ենք ‘միայն Տերով’ ամուսնանալու խորհրդին (Ա Կորնթացիս 7։39)։
4։13–16. Ի՜նչ պատիվ ստացավ Հռութը, չնայած որ մովաբացի էր ու Քամովս աստծու նախկին երկրպագու։ Սա ակնառու օրինակ է այն սկզբունքի, որ պատիվ ստանալը «ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է» (Հռովմայեցիս 9։16)։
Աստված ‘ձեզ բարձրացնի ժամանակին’
«Հռութ» գիրքը Եհովային ներկայացնում է որպես սիրառատ բարություն ցուցաբերող Աստված (Բ Մնացորդաց 16։9)։ Երբ խորհրդածում ենք Հռութի ստացած օրհնությունների շուրջ, տեսնում ենք, թե որքան կարևոր է լիովին ապավինել Աստծուն՝ ամենևին չկասկածելով, որ «նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։
Հռութը, Նոեմին և Բոոսը լիովին վստահում էին Եհովայի սահմանած կարգին, ուստի դեպքերի ընթացքը նրանց օգտին ծառայեց։ Այսօր էլ Աստված իր գործերն այնպես է անում, որ դրանք ծառայեն իրեն սիրողների օգտին, որոնք կանչված են համաձայն իր նպատակի (Հռովմայեցիս 8։28, ՆԱ)։ Թող որ մեր սրտում տեղ գտնի Պետրոս առաքյալի հետևյալ խորհուրդը. «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով։ Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։6, 7)։
[նկար 26–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե Հռութն ինչու չթողեց Նոեմիին
[նկար 27–րդ էջի վրա]
Ինչի՞ շնորհիվ Հռութը ‘առաքինի կնոջ’ հեղինակություն ձեռք բերեց
[նկար 28–րդ էջի վրա]
Ո՞րն է այն ‘առատ վարձը’, որ Հռութը ստացավ Եհովայից