ԳԼՈՒԽ 4
«Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
1, 2. ա) Ո՞ւր էին գնում Հռութն ու Նոեմին, և ի՞նչ ցավ ունեին իրենց սրտում։ բ) Ի՞նչ էր նշանակում այս ճանապարհորդությունը յուրաքանչյուրի համար։
ՄՈՎԱԲԻ լայնատարած սարահարթի վրա՝ հողմից ծեծված ճանապարհին, նշմարվում էր երկու կանանց ուրվագիծ։ Հռութն ու Նոեմին բռնել էին Բեթլեհեմի երկար ու ձիգ ճամփան։ Տեսնելով, որ արևը մայր է մտնում՝ Հռութը մտածեց, որ ժամանակն է՝ գիշերելու տեղ փնտրեն։ Նա շատ էր սիրում Նոեմիին՝ իր սկեսրոջը, և պատրաստ էր ձեռքից եկածն անելու, որ հոգ տանի նրան։
2 Երկուսի սիրտն էլ մորմոքվում էր ծանր վշտից։ Նոեմին երկար տարիներ էր, ինչ այրի էր։ Սակայն այժմ նա ողբում էր իր երկու որդիների՝ Քելլոնի և Մաալոնի մահը։ Իսկ Հռութը ողբում էր ամուսնու՝ Մաալոնի մահը։ Երկուսն էլ նույն վայրն էին գնում՝ Իսրայելի Բեթլեհեմ քաղաք։ Նոեմիի համար այս ճանապարհորդությունը նշանակում էր վերադարձ տուն, իսկ Հռութի համար՝ անորոշություն. հետևում թողնել հայրական տուն, հարազատ երկիր՝ իր սովորույթներով ու աստվածներով, և գնալ դեպի օտարություն (կարդա՛ Հռութ 1։3–6)։
3. Ո՞ր հարցերի պատասխաններն իմանալը կօգնի մեզ ընդօրինակելու Հռութի հավատը։
3 Ի՞նչն էր մղել այս երիտասարդ կնոջը նման որոշում կայացնելու։ Ինչպե՞ս նա կկարողանար նոր կյանք սկսել և հոգ տանել Նոեմիին։ Ընթերցելով մովաբացի Հռութի պատմությունը՝ ոչ միայն կգտնենք այս հարցերի պատասխանները, այլև կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրա հավատը (տե՛ս նաև «Արվեստի փոքր գլուխգործոց» շրջանակը)։ Սակայն նախ տեսնենք, թե ինչպես այս երկու կանայք հայտնվեցին Բեթլեհեմ տանող ճանապարհին։
Երբ դժբախտությունը թակում է դուռը
4, 5. ա) Ինչո՞ւ Նոեմիի ընտանիքը տեղափոխվեց Մովաբ։ բ) Ի՞նչ դժվարություններ ունեցավ Նոեմին Մովաբում։
4 Հռութը մեծացել է Մովաբում (փոքր երկիր, որը գտնվում է Մեռյալ ծովի արևելյան կողմում)։ Տարածքը հիմնականում լեռնային է՝ տեղ-տեղ անտառապատ սարահարթերով և խոր կիրճերով։ Մովաբի երկիրը բերքառատ էր։ Այն բերրի էր նույնիսկ այն տարիներին, երբ Իսրայելում սով էր։ Եվ դա պատճառ եղավ, որ Հռութը ծանոթանար Մաալոնի հետ և դառնար նրա ընտանիքի անդամը (Հռութ 1։1)։
5 Սովը ստիպեց Նոեմիի ամուսնուն՝ Ելիմելեքին, որ կնոջ ու երկու որդիների հետ հեռանա Իսրայելից և գա ու որպես պանդուխտ բնակվի Մովաբի երկրում։ Այս տեղափոխությունը կարող էր վատ անդրադառնալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հավատի վրա, քանի որ իսրայելացիները կանոնավորաբար պետք է երկրպագություն մատուցեին Եհովային նրա ընտրած սուրբ վայրում (2 Օրենք 16։16, 17)։ Նոեմին կարողացավ կենդանի պահել իր հավատը։ Սակայն մահացավ նրա ամուսինը, և նա մեծ վիշտ ապրեց (Հռութ 1։2, 3)։
6, 7. ա) Ինչո՞ւ Նոեմին ցավ ապրեց, երբ որդիները մովաբացի կանանց հետ ամուսնացան։ բ) Ինչո՞ւ է հարսների նկատմամբ Նոեմիի վերաբերմունքը գովելի։
6 Շատ չանցած՝ Նոեմին կրկին ցավ ապրեց, երբ որդիները ամուսնացան մովաբացի կանանց հետ (Հռութ 1։4)։ Նա գիտեր, որ իրենց նախահայր Աբրահամը մեծ ջանքեր էր թափել, որպեսզի իր որդի Իսահակի համար իր ժողովրդի միջից կին ընտրեր, այնպիսի կին, որը Եհովային էր երկրպագում (Ծննդ. 24։3, 4)։ Իսկ հետագայում Մովսիսական օրենքի միջոցով իսրայելացիներին նախազգուշացում էր տրվել, որ իրենց տղաներին ու աղջիկներին չամուսնացնեն օտարազգիների հետ, քանի որ վերջիններս նրանց կներքաշեին կռապաշտության մեջ (2 Օրենք 7։3, 4)։
7 Այնուամենայնիվ, Մաալոնը և Քելլոնը մովաբացի կանայք առան։ Թեպետ Նոեմին վհատվել էր ու հուսախաբ եղել, նա իր հարսների՝ Հռութի և Օրփայի հանդեպ անկեղծ սեր և բարություն դրսևորեց։ Հավանաբար նա հույս ուներ, որ մի օր նրանք էլ Եհովայի ծառաները կդառնան։ Հռութն ու Օրփան նույնպես սիրում էին Նոեմիին։ Նրանց լավ փոխհարաբերությունները օգնեցին դիմանալու կյանքի դաժան հարվածին։ Դեռ մայրության բերկրանքը չտեսած՝ այս երիտասարդ կանայք այրիացան (Հռութ 1։5)։
8. Հավանաբար ինչպե՞ս Հռութը մտերմացավ Եհովայի հետ։
8 Արդյոք Հռութի կրոնը կարո՞ղ էր օգնել նրան մխիթարություն գտնելու։ Դժվար թե։ Մովաբացիները շատ աստվածների էին պաշտում, որոնց մեջ գլխավորը Քամոսն էր (Թվեր 21։29)։ Նրանց կրոնը լի էր դաժան ու սարսափազդու արարողություններով, որոնց ժամանակ նույնիսկ երեխաների էին զոհաբերում։ Այն ամենը, ինչ Հռութը սովորում էր Իսրայելի Եհովա Աստծու մասին Մաալոնից կամ Նոեմիից, տպավորում էր նրան, քանի որ Եհովան միանգամայն տարբերվում էր այն աստծուց, որին մովաբացիներն էին երկրպագում։ Եհովան սիրո և մխիթարության Աստված է։ Նա իր ժողովրդին սիրով է առաջնորդում և ոչ թե ահ ու սարսափի մեջ պահում (կարդա՛ 2 Օրենք 6։5)։ Իսկ այժմ՝ կյանքի ամենածանր պահին, Հռութը, հավանաբար, ավելի շատ մտերմացավ Նոեմիի հետ։ Նա լսում էր, թե ինչպես է այդ ալեհեր կինը պատմում ամենակարող Աստծու՝ Եհովայի մեծամեծ գործերի մասին, որը քնքշությամբ է վարվում իր ժողովրդի հետ։
9-11. ա) Ի՞նչ որոշում կայացրին Նոեմին, Հռութը և Օրփան։ բ) Ի՞նչ ենք սովորում այս երեք կանանց հետ պատահածից։
9 Նոեմին, ականջը ձենի, հայրենի երկրից լուրի էր սպասում։ Մի օր, հավանաբար մի վաճառականից, նա իմացավ, որ Իսրայելում այլևս սով չէ։ Եհովան ուշադրություն էր դարձրել իր ժողովրդին։ Բեթլեհեմը դարձյալ համապատասխանում էր իր անվան նշանակությանը, այն է՝ «հացի տուն»։ Նոեմին որոշեց վերադառնալ Բեթլեհեմ (Հռութ 1։6)։
10 Իսկ ի՞նչ կանեին Հռութն ու Օրփան (Հռութ 1։7)։ Այս ծանր փորձությունը մտերմացրել էր հարսներին իրենց սկեսրոջ հետ։ Հռութին հատկապես գրավել էր Նոեմիի բարությունն ու Եհովայի հանդեպ աննկուն հավատը։ Ուստի երեք այրի կանայք ճամփա ընկան Հուդայի երկիր։
11 Հռութի պատմությունը մեզ հիշեցնում է, որ դժբախտությունը թակում է թե՛ բարի ու ազնիվ, թե՛ չար ու ամբարիշտ մարդկանց դուռը (Ժող. 9։2, 11)։ Նաև ցույց է տալիս, որ ծանր պահերին իմաստուն կլինի մխիթարություն և սփոփանք փնտրել հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր իրենց ապաստանն են դարձրել Եհովային, այն Աստծուն, որին երկրպագում էր Նոեմին (Առակ. 17։17)։
Նվիրվածության և սիրո օրինակ
12, 13. Ինչո՞ւ էր Նոեմին ուզում, որ Հռութն ու Օրփան վերադառնան իրենց տուն, և ինչպե՞ս նրանք արձագանքեցին։
12 Քարի պես ծանր մի բան ճնշում էր Նոեմիին։ Ճանապարհին նա մտածում էր իր կողքով քայլող այս երկու երիտասարդ կանանց մասին և այն սիրո, որ նրանք դրսևորել էին իր որդիների ու իր հանդեպ։ Նա չէր ցանկանում նրանց տառապանքն ավելի սաստկացնել։ Եթե իր հարսները թողնեն իրենց հայրենիքն ու գան իր հետ, ի՞նչ կկարողանա անել նրանց համար Բեթլեհեմում։
13 Վերջապես Նոեմին խոսեց։ «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր մոր տուն։ Թող Եհովան սիրառատ բարություն ցուցաբերի ձեր հանդեպ, ինչպես որ դուք ցուցաբերեցիք ձեր մահացած ամուսինների ու իմ հանդեպ»,— ասաց նա։ Նաև հուսադրեց, որ Եհովան կօրհնի նրանց՝ օգնելով նոր կյանք սկսելու և տալով նոր ամուսիններ։ Ապա համբուրեց հարսներին, և նրանք, ձայները բարձրացնելով, լաց եղան։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու էին Հռութն ու Օրփան այսքան կապվել այս բարի ու անձնազոհ կնոջ հետ։ Ուստի երկուսն էլ շարունակ պնդում էին. «Ո՛չ։ Քեզ հետ քո ժողովրդի մոտ կգանք» (Հռութ 1։8–10)։
14, 15. ա) Ո՞ւմ մոտ վերադարձավ Օրփան։ բ) Ինչպե՞ս փորձեց Նոեմին համոզել Հռութին վերադառնալ տուն։
14 Սակայն Նոեմիին համոզելը հեշտ չէր։ Նա շատ լավ գիտեր, որ Իսրայելում նրանց համար հեռանկար չկա. Նոեմին ամուսին չուներ, որը հոգ կտաներ նրանց, չուներ որդիներ, որոնք կամուսնանային նրանց հետ, և չէր էլ կարող ունենալ։ Այս անկարողությունը դառնությամբ էր լցնում նրա սիրտը։ Օրփան ականջ դրեց Նոեմիի խոսքերին։ Մովաբում նա ուներ տուն, մայր, ազգականներ։ Ուստի մտածեց, որ իր համար ավելի խելամիտ է մնալ այնտեղ։ Նա համբուրեց Նոեմիին և տխուր-տրտում հեռացավ (Հռութ 1։11–14)։
15 Իսկ ինչպե՞ս վարվեց Հռութը։ Չէ՞ որ Նոեմիի խոսքերը ուղղված էին նաև նրան։ Կարդում ենք. «Հռութը մնաց նրա հետ»։ Երբ Օրփան հեռացավ, ըստ ամենայնի, Նոեմին շարունակեց ճանապարհը, բայց հանկարծ նկատեց, որ Հռութը իր հետևից է գալիս։ Նա սկսեց համոզել. «Ահա տեգրոջդ այրիացած կինը հետ դարձավ իր ժողովրդի ու իր աստվածների մոտ։ Դո՛ւ էլ հետ դարձիր նրա հետ» (Հռութ 1։15)։ Նոեմիի խոսքերում հետաքրքիր մանրամասնություն ենք նկատում։ Օրփան վերադարձավ ոչ միայն իր ժողովրդի մոտ, այլև «իր աստվածների»։ Նա շարունակեց երկրպագել Քամոսին և ուրիշ կեղծ աստվածների։ Ինչպիսի՞ ընտրություն կաներ Հռութը։
16-18. ա) Ինչպե՞ս Հռութը նվիրվածություն և սեր դրսևորեց։ բ) Ի՞նչ ենք սովորում Հռութից նվիրվածության ու սիրո մասին (տե՛ս նաև երկու կանանց նկարները)։
16 Հռութը հստակ գիտեր, թե ինչ է ուզում։ Նա սիրում էր թե՛ Նոեմիին և թե՛ այն Աստծուն, ում Նոեմին էր ծառայում։ Ուստի ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ։ Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ, որտեղ էլ որ գիշերն անցկացնես, ես էլ այնտեղ կանցկացնեմ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի։ Որտեղ էլ որ դու մեռնես, ես էլ այնտեղ կմեռնեմ ու կթաղվեմ։ Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի ինձ, թե որ մահից բացի մեկ ուրիշ բան բաժանի ինձ քեզանից» (Հռութ 1։16, 17)։
17 Նվիրվածության և սիրո ի՜նչ սքանչելի խոսքեր։ 3000 տարի առաջ ասված այս խոսքերը կենդանի են մինչ օրս։ Հռութն այնքա՜ն էր սիրում Նոեմիին և այնքա՜ն նվիրված էր նրան, որ պատրաստ էր նրա կողքին լինելու, ուր էլ որ նա գնար։ Միայն մահը կարող էր բաժանել նրանց։ Հռութը պատրաստ էր թողնելու այն ամենը, ինչ ուներ Մովաբում, նույնիսկ աստվածներին, և Նոեմիի ժողովրդին դիտելու որպես իր ժողովրդի։ Ի տարբերություն Օրփայի՝ նա ասաց, որ ուզում է՝ Նոեմիի Աստված Եհովան նաև իր Աստվածը լինիa։
18 Նոեմին ու Հռութը շարունակեցին իրենց երկար ճանապարհը դեպի Բեթլեհեմ։ Կարծիք կա, որ այդ ճանապարհորդությունը տևում էր մոտ մեկ շաբաթ։ Անկասկած, ճանապարհին այս երկու վշտահար կանայք խոսել են իրենց զգացումների մասին և իրար սփոփել։
19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հռութին ընտանիքում, ընկերների շրջապատում և ժողովում։
19 Ներկայիս աշխարհը լի է տառապանքով ու զրկանքով։ Մեր օրերում, որոնց Աստվածաշունչը կոչում է «չափազանց դժվար ժամանակներ», շատ զրկանքներ ենք կրում և վշտանալու բազում պատճառներ ունենք (2 Տիմոթ. 3։1)։ Ուստի այսօր ավելի քան երբևէ կարևոր է դրսևորել այն հատկությունները, որ Հռութն էր դրսևորում՝ նվիրվածություն և սեր, հատկություններ, որոնք անքակտելի կապերով միավորում են մարդկանց և դարձնում նրանց անբաժան, հատկություններ, որոնց մարդիկ կարոտ են այս խավար ու սառը աշխարհում։ Մենք նվիրվածության ու սիրո կարիք ունենք թե՛ ընտանիքում, թե՛ մեր ընկերների շրջապատում և թե՛ քրիստոնեական ժողովում (կարդա՛ 1 Հովհաննես 4։7, 8, 20)։ Այս հատկությունները զարգացնելով՝ մենք կհետևենք Հռութի հրաշալի օրինակին։
Բեթլեհեմում
20-22. ա) Ի՞նչ հետք էին թողել Նոեմիի վրա Մովաբում անցկացրած տարիները։ բ) Ի՞նչ սխալ կարծիք ուներ Նոեմին իր դժբախտությունների վերաբերյալ (տե՛ս նաև Հակոբոս 1։13-ը)։
20 Ինչ խոսք, մի բան է խոսել սիրո և նվիրվածության մասին, մեկ այլ բան՝ դրանք դրսևորել։ Այժմ Հռութը հնարավորություն ուներ դրսևորելու այս հատկությունները թե՛ Նոեմիի և թե՛ այն Աստծու հանդեպ, որին նա ընտրել էր։
21 Վերջապես երկու այրիները հասան Բեթլեհեմ (Երուսաղեմի հարավային կողմում 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքր քաղաք)։ Հավանաբար Նոեմին և իր ընտանիքը մի ժամանակ ճանաչված են եղել այս քաղաքում, քանի որ ամենուրեք նրա վերադարձի մասին էին խոսում։ Կանայք նայում էին նրան ու ասում. «Մի՞թե սա Նոեմին է»։ Ըստ երևույթին, Մովաբում անցկացրած տարիներին նա շատ էր փոխվել։ Դժվարություններն ու վիշտը իրենց անջնջելի դրոշմն էին թողել Նոեմիի դեմքին (Հռութ 1։19)։
22 Ազգականներին ու հարևաններին Նոեմին պատմեց իր դժբախտությունների մասին։ Նույնիսկ ասաց, որ իրեն չկոչեն Նոեմի, որը նշանակում է «հաճելի», այլ Մարա ասեն, որ նշանակում է «դառը»։ Խե՜ղճ Նոեմի։ Հոբի պես՝ այս կինն էլ էր մտածում, թե Եհովա Աստվածն է իր կյանքը դառնությամբ լցրել (Հռութ 1։20, 21; Հոբ 2։10; 13։24–26)։
23. Ինչի՞ մասին սկսեց մտածել Հռութը, և ի՞նչ հնարավորություն էր տալիս աղքատներին Մովսիսական օրենքը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
23 Հռութը մտածում էր, թե ինչպես հոգա իր և սկեսրոջ՝ Նոեմիի մասին։ Նա ծանոթացավ Իսրայել ժողովրդին տրված Աստծու Օրենքին, ըստ որի՝ բերքահավաքի ժամանակ աղքատները կարող էին հնձվորների հետևից գնալ և հավաքել բերքի մնացորդը, ինչպես նաև արտի եզրերին աճած հասկերըb (Ղևտ. 19։9, 10; 2 Օրենք 24։19–21)։
24, 25. Ի՞նչ արեց Հռութը՝ մտնելով Բոոսի արտը, և արդյո՞ք հեշտ էր նրա գործը։
24 Գարու հնձի ժամանակն էր, հավանաբար ապրիլ ամիսը։ Հռութը գնաց արտ՝ տեսնելու, թե ով թույլ կտա իր արտում հասկաքաղ անել։ Պատահաբար նա մտավ Բոոս անունով մարդու արտը, որը Նոեմիի ամուսնու՝ Ելիմելեքի բարեկամն էր և մեծ կարողության տեր էր։ Թեպետ Օրենքով Հռութն իրավունք ուներ հասկերի մնացորդը հավաքելու, սակայն նախ թույլտվություն խնդրեց հնձվորների վրա նշանակված երիտասարդ տղամարդուց, ապա անմիջապես գործի անցավ (Հռութ 1։22–2։3, 7)։
25 Հնձվորները հասկերը հնձելով առաջ էին գնում, իսկ Հռութը կռացած նրանց հետևից հավաքում էր մնացորդները, ապա խուրձ-խուրձ կապում և մի կողմ դնում։ Օրվա վերջում նա պետք է գարին ծեծեր ու տուն տաներ։ Ինչ խոսք, հոգնեցնող ծանր աշխատանք էր, և հատկապես դժվար էր կեսօրվա ժամերին, սակայն Հռութին դա չէր վախեցնում։ Նա կանգ էր առնում միայն ճակատից քրտինքը սրբելու համար։ Երբ եկավ ճաշի ժամը, նա մի փոքր դադար տվեց և այն «տանը», որը արևից պաշտպանվելու համար պատրաստված ծածկ էր, կերավ իր համեստ ուտելիքը։
26, 27. Ինչպիսի՞ մարդ էր Բոոսը և ինչպե՞ս վերաբերվեց Հռութին։
26 Հռութը հավանաբար մտածում էր, որ իրեն չեն նկատի։ Սակայն Բոոսը նկատեց նրան և հնձվորների վրա նշանակված երիտասարդին հարցրեց, թե ով է այդ կինը։ Բոոսը մեծ հավատի տեր մարդ էր։ Իր աշխատողներին, որոնց մեջ կային օրավարձուներ և նույնիսկ այլազգիներ, նա այսպիսի բառերով էր ողջունում. «Եհովան ձեզ հետ լինի»։ Աշխատողներն էլ նույն կերպ էին ողջունում նրան։ Այս հոգևոր մարդը, որը տարիքով բավականին մեծ էր, հայրական հոգատարություն դրսևորեց Հռութի հանդեպ (Հռութ 2։4–7)։
27 Բոոսը Հռութին «աղջիկս» կոչեց և առաջարկեց, որ շարունակի իր արտ գալ և իրեն ծառայող աղջիկների մոտ մնալ, որպեսզի հնձվորներից ոչ ոք չնեղացնի նրան։ Նաև հոգ տարավ, որ ճաշի ժամին Հռութը ուտելու բան ունենա (կարդա՛ Հռութ 2։8, 9, 14)։ Բացի այդ, Բոոսը գովեց ու քաջալերեց նրան։
28, 29. ա) Ի՞նչ համբավ ուներ Հռութը։ բ) Ինչպե՞ս կարող ես Հռութի պես ապաստան գտնել Եհովայի մոտ։
28 Երբ Հռութը հարցրեց Բոոսին, թե ինչպես է օտարական լինելով հանդերձ արժանացել նրա բարեհաճությանը, վերջինս պատասխանեց, որ լսել է այն ամենի մասին, ինչ Հռութն արել է իր սկեսրոջ համար։ Հավանաբար Նոեմին գովել էր իր սիրելի հարսին Բեթլեհեմի կանանց մոտ, և այդ խոսքերը Բոոսի ականջին էին հասել։ Նա նաև գիտեր, որ Հռութը Եհովայի ծառան է դարձել։ Ուստի ասաց. «Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար, և թող քո վարձատրությունը լիակատար լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ դու եկել ես ապաստան փնտրելու» (Հռութ 2։12)։
29 Որքա՜ն մխիթարեցին այս խոսքերը Հռութին։ Նա, անկասկած, որոշել էր ապաստան գտնել Եհովա Աստծու մոտ, ինչպես փոքրիկ թռչնակն է պաշտպանություն գտնում իր մոր տաքուկ թևերի տակ։ Հռութը շնորհակալություն հայտնեց Բոոսին այդ բարի խոսքերի համար և շարունակեց մինչև երեկո աշխատել (Հռութ 2։13, 17)։
30, 31. Ի՞նչ կարող ենք սովորել Հռութից աշխատասիրության, երախտագիտության, նվիրվածության և սիրո մասին։
30 Հռութը հավատի հրաշալի օրինակ է մեզ համար հատկապես այսօր՝ տնտեսապես դժվար ժամանակներում։ Նա չէր մտածում, թե ինչ-որ մեկը պարտական է իրեն, ուստի գնահատում էր այն ամենը, ինչ անում էին իր համար։ Ծանր ֆիզիկական աշխատանքը, որն անելու համար խոնարհություն էր պահանջվում, նա ամոթ չէր համարում և պատրաստ էր կատարելու ցանկացած աշխատանք, որպեսզի հոգ տաներ իր սիրելի սկեսրոջը։ Նա երախտագիտությամբ ընդունեց իմաստուն խորհուրդը, թե ինչպես կարող է ապահով աշխատել լավ մարդկանց շրջապատում։ Իսկ ամենակարևորը, նա երբեք չմոռացավ, թե ում մոտ կարող է իսկական ապաստան գտնել. իհարկե իր հոգատար Հոր՝ Եհովա Աստծու մոտ։
31 Եթե Հռութի պես նվիրվածություն և սեր դրսևորենք, լինենք խոնարհ, աշխատասեր և երախտագետ, մենք էլ ընդօրինակման արժանի հավատ կունենանք։ Իսկ թե ինչպես Եհովան հոգ տարավ Հռութի և Նոեմիի մասին, կիմանանք հաջորդ գլխում։
a Ուշագրավ է, որ Հռութը պարզապես չօգտագործեց «Աստված» տիտղոսը, ինչպես այլազգիներից շատերն էին անում, այլ օգտագործեց անունը՝ «Եհովա»։ Մի աշխատության մեջ նրա մասին հետևյալն է ասվում. «Այդպիսով գրողն ընդգծում է այն փաստը, որ այս այլազգին ճշմարիտ Աստծու հետևորդ է» (The Interpreter’s Bible)։
b Դա մի հրաշալի օրենք էր։ Մովաբում Հռութը նման բան երբեք չէր տեսել։ Հին Մերձավոր Արևելքում այրիներին շատ վատ էին վերաբերվում։ Մի աշխատության մեջ այդ մասին գրված է. «Ամուսնու մահից հետո այրիացած կնոջ հույսը իր որդիներն էին, որ հոգ տանեն իր մասին։ Իսկ եթե նա որդի չուներ, կա՛մ պետք է իրեն ստրկության վաճառեր, կա՛մ մարմնավաճառությամբ զբաղվեր, կա՛մ էլ մեռներ»։