Ընդօրինակեք նրանց հավատը
«Առաքինի կին»
ԱՐՏԵՐԻՆ հանգչում են արևի վերջին շողերը։ Մշակները, տան ճամփան բռնած, բարձրանում են դեպի Բեթլեհեմ՝ փոքր քաղաք, որ հառել է լեռան գագաթին։ Սակայն Հռութը նրանց հետ չէ։ Նա, ծնկի իջած, գարի է ծեծում. ողջ օրը՝ առավոտից երեկո, հասկեր է հավաքել։ Հոգնած մարմինը տնքում է, ձեռքերն այլևս չեն ուզում ենթարկվել, սակայն նա համառորեն շարունակում է հարվածել գարու հասկերին՝ գարեհատիկը հարդից անջատելով։ Հռութն ուրախ է. օրը բարի էր, շատ ավելի, քան նա կարող էր պատկերացնել։
Կբացվեի՞ն երջանկության դռները այս երիտասարդ այրու առջև։ Դեռ Մովաբի երկրում նա որոշել էր չթողնել իր սկեսրոջը՝ Նոեմիին, և երդվել էր նրա կողքին մնալ ու նրա Աստված Եհովային իր Աստվածը դարձնել։ Գալով Բեթլեհեմ և ծանոթանալով Իսրայել ազգին տրված Օրենքին՝ մովաբացի Հռութը տեսավ, թե ինչպես է Եհովան հոգում աղքատների, այդ թվում նաև օտարականների կարիքները, որպեսզի նրանք կարողանան արժանավայել կերպով ձեռք բերել իրենց ապրուստըa։ Եվ այն մարդիկ, ովքեր սիրում ու պահում էին այդ Օրենքը, իրենց վերաբերմունքով ու բարությամբ դարմանում էին նրա վիրավոր սիրտը։
Այդ մարդկանցից էր Բոոսը՝ հարուստ տարեց մարդ, որի արտում Հռութը հասկ էր հավաքել։ Այդ օրը նա հայրական հոգատարություն դրսևորեց նրա հանդեպ։ Հռութի սիրտը բերկրանք էր ապրում, երբ հիշում էր Բոոսի գովեստի խոսքերը այն բանի համար, որ հոգ է տանում տարեց Նոեմիին և որոշել է ճշմարիտ Աստված Եհովայի թևերի տակ ապաստան փնտրել (Հռութ 2։11–13)։
Այնուամենայնիվ, Հռութը թերևս մտածում էր ապագայի մասին։ Լինելով թշվառ մի օտարական, որը ո՛չ ամուսին ունի, ո՛չ էլ գեթ մի զավակ՝ ինչպե՞ս էր տարիների ընթացքում հոգալու իր և Նոեմիի կարիքները։ Բավական կլինե՞ր ուրիշի արտում բերքի մնացորդները հավաքելը։ Եվ ո՞վ կհոգար ի՛ր մասին, երբ ինքը ծերանար։ Ինչ խոսք, կարելի է հասկանալ նրա մտահոգությունները։ Մեր օրերում էլ՝ տնտեսապես այս ծանր պայմաններում, շատերս ենք ունենում նման անհանգստություններ։ Հռութի հավատը օգնեց հաղթահարելու իր դժվարությունները։ Տեսնենք, թե ինչում կարող ենք ընդօրինակել նրան։
Իսկական ընտանիք
Հռութը ծեծեց ողջ գարին, հավանաբար լցրեց մի կապոցի մեջ, բարձրացնելով դրեց գլխին ու վերջալույսին ճամփա ընկավ դեպի Բեթլեհեմ։ Այդ օրը նա մոտ մեկ արդու՝ 22 լիտրի չափ գարի տարավ տուն։ Նրա բեռը կշռում էր մոտ 14 կիլոգրամ (Հռութ 2։17)։
Նոեմին ուրախ էր տեսնելու իր սիրելի հարսին և զարմացավ, որ նա այդքան շատ գարի է բերել։ Հռութն իր հետ վերցրել էր նաև իր բաժին ուտելիքից ավելացածը, որը աշխատողների համար բերել էր Բոոսը։ Երբ հարս ու սկեսուր կերան իրենց համեստ կերակուրը, Նոեմին հարցրեց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր։ Թող օրհնյալ լինի այն մարդը, ով քեզ ուշադրություն է դարձրել» (Հռութ 2։19)։ Հռութի ծանր բեռից Նոեմին հասկացել էր, որ ինչ-որ մեկը ուշադրություն է դարձրել նրան և բարի եղել նրա հանդեպ։
Նրանք զրույցի բռնվեցին, և Հռութը պատմեց Բոոսի բարության մասին։ Տպավորված Բոոսի վերաբերմունքից՝ Նոեմին ասաց. «Օրհնյալ լինի նա Եհովայից, որ իր սիրառատ բարությունը չպակասեցրեց ողջերից ու մեռածներից» (Հռութ 2։19, 20)։ Բոոսի դրսևորած բարության մեջ նա Եհովայի ձեռքը տեսավ, ով մղում է իր ժողովրդին առատաձեռն լինելու և խոստանում է վարձատրել այդ բարության դիմացb (Առակներ 19։17)։
Նոեմին խորհուրդ տվեց Հռութին, որ ընդունի Բոոսի առաջարկը. նրա արտում հասկերի մնացորդները հավաքի և մնա այնտեղ աշխատող կանանց հետ, որպեսզի հնձվորները նրան չնեղացնեն։ Հռութն ընդունեց նրա խորհուրդը։ Նա շարունակում էր իր սկեսրոջ հետ ապրել և հոգ տանել նրա մասին (Հռութ 2։22, 23)։ Դարձյալ տեսնում ենք Հռութի հրաշալի հատկությունները՝ սեր և նվիրվածություն։ Նրա օրինակը մղում է հարցնելու ինքներս մեզ. որքանո՞վ են ամուր մեր ընտանեկան կապերը, նվիրվա՞ծ ենք մեր հարազատներին, օգնության հասնո՞ւմ ենք նրանց, երբ կարիքի մեջ են։ Եհովայի աչքից երբեք չեն վրիպում մեր դրսևորած սերն ու նվիրվածությունը։
Մի՞թե Նոեմին ու Հռութը իսկական ընտանիք չէին։ Որոշ մշակույթներում ընդունված է, որ իսկական ընտանիքում պետք է լինի ամուսին, կին, որդի, դուստր, տատիկ և պապիկ։ Սակայն այս երկու կանանց օրինակը հիշեցնում է մեզ, որ Եհովայի ծառաները նույնիսկ ամենափոքր ընտանիքներում, որտեղ ոչ բոլոր անդամները կան, կարող են տունը ջերմությամբ, բարությամբ ու սիրով լցնել։ Թա՞նկ է քեզ համար քո ընտանիքը։ Հիսուսը հիշեցրեց իր հետևորդներին, որ քրիստոնեական ժողովը կարող է ընտանիք դառնալ նրանց համար, ովքեր զրկվել են դրանից (Մարկոս 10։29, 30)։
«Փրկագին տալու իրավունք»
Ապրիլից մինչև հունիս՝ գարու բերքահավաքից մինչև ցորենի բերքահավաք, Հռութը Բոոսի արտում բերքի մնացորդները հավաքեց։ Անցնում էին շաբաթներ, և Նոեմին, անկասկած, մտածում էր, թե ինչ կարող է անել իր սիրելի հարսի համար։ Դեռ Մովաբում նա համոզված էր, որ երբևէ չի կարողանա օգնել Հռութին ամուսին գտնելու (Հռութ 1։11–13)։ Բայց հիմա նա այլ կերպ էր մտածում։ Ուստի մոտեցավ Հռութին ու ասաց. «Աղջի՛կս, քեզ համար հանգստի տեղ չգտնե՞մ, որ քեզ լավ լինի» (Հռութ 3։1)։ Այն օրերում սովորություն կար, որ ծնողները կողակից գտնեին իրենց երեխաներին, իսկ Հռութը իր սկեսրոջ համար հարազատ աղջկա պես էր։ Նոեմին ուզում էր նրա համար ամուսին գտնել՝ «հանգստի տեղ», որտեղ նա իրեն պաշտպանված ու ապահով կզգար։ Բայց ի՞նչ կարող էր նա անել։
Երբ Հռութը առաջին անգամ խոսել էր Բոոսի մասին, Նոեմին ասել էր. «Այդ մարդը մեր ազգականն է։ Նա մեկն է այն մարդկանցից, ով փրկագին տալու իրավունք ունի» (Հռութ 2։20)։ Ի՞նչ էր դա նշանակում։ Աստծու Օրենքում տեղ գտած կանոնները հոգ էին տանում այն ընտանիքների մասին, որոնք կորուստ էին ունեցել և հայտնվել էին աղքատության ու նեղության մեջ։ Եթե ամուսինը մահանար առանց երեխա ունենալու, ապա նրա անունը «կջնջվեր»՝ չէր հիշվի ապագա սերունդներում։ Սակայն Օրենքը թույլ էր տալիս, որ ամուսնու եղբայրը ամուսնանար նրա կնոջ հետ, որպեսզի վերջինս սերունդ առաջ բերեր, որը կկրեր մահացած ամուսնու անունը և կտնօրիներ ընտանիքի սեփականությունըc (2 Օրենք 25։5–7)։
Նոեմին գտավ լուծումը։ Նա բացատրեց Հռութին, թե ինչ պետք է անի։ Կարելի է պատկերացնել Հռութի զարմանքը, երբ սկեսուրը ներկայացնում էր իր ծրագիրը։ Իսրայելի Օրենքը դեռևս նոր էր Հռութի համար, և այնտեղ ընդունված սովորություններն էլ օտար։ Սակայն նա այնքան շատ էր հարգում իր սկեսրոջը, որ ուշադիր լսում էր յուրաքանչյուր բառը։ Այն, ինչ խորհուրդ տվեց անել Նոեմին, գուցե Հռութին տարօրինակ կամ ամոթ բան թվար, թերևս նաև նվաստացուցիչ։ Սակայն Հռութը խոնարհաբար ընդունեց խորհուրդը և ասաց. «Ինչ որ ինձ ասացիր, կանեմ» (Հռութ 3։5)։
Երբեմն երիտասարդների համար դժվար է խորհուրդ ընդունել մեծահասակներից, որոնք ավելի փորձառու են։ Նրանք արագ եզրակացնում են, թե մեծահասակները չեն հասկանում երիտասարդների դժվարություններն ու խնդիրները։ Հռութի խոնարհության օրինակը հիշեցնում է մեզ, որ եթե ականջ դնենք մեծահասակների իմաստությանը, ովքեր սիրում են մեզ ու մեր լավն են ուզում, մեծապես կվարձատրվենք։ Իսկ ի՞նչ խորհուրդ տվեց Նոեմին, և արդյոք Հռութը վարձատրվե՞ց՝ հետևելով նրա խորհրդին։
Հռութը կալում
Այդ երեկո Հռութը գնաց կալը, ուր բերում էին հացահատիկը կալսելու և քամհարելու։ Սովորաբար որպես կալատեղ ընտրում էին բլրի լանջը կամ գագաթը, որտեղ երեկոյան կողմ քամիներ էին լինում և որտեղ հողը կոշտ էր։ Հացահատիկը հարդից ու մղեղից զատելու համար կալ անողները թիերով կամ եղաններով խառնուրդը օդ էին նետում։ Քամին քշում էր թեթև հարդը, իսկ հացահատիկը, որը հարդից ծանր էր, ընկնում էր գետին։
Հռութը մինչև գիշեր աննկատ հետևեց ողջ գործընթացին։ Բոոսը վերահսկում էր իր ցորենը կալսողների աշխատանքը։ Այնուհետև կուշտ ուտելուց հետո նա պառկեց ցորենի մեծ դեզի մոտ։ Հավանաբար սովորություն կար գիշերը կալատեղում անցկացնելու, որպեսզի տքնաջան աշխատանքի արդյունքը գողերի ու ավազակների բաժին չդառնար։ Հռութը տեսավ, որ Բոոսը պառկեց քնելու։ Ժամանակն էր Նոեմիի ծրագիրը գործի դնելու։
Որքան Հռութը մոտենում էր, այնքան սիրտն ավելի արագ էր բաբախում։ Տեսնելով, որ Բոոսը խոր քուն է մտել, Նոեմիի ասածի պես՝ նա ոտքերի կողմից բացեց ծածկոցը ու պառկեց։ Հռութը սպասում էր, թե ինչ է լինելու հետո։ Րոպեները հավիտենություն էին թվում։ Հանկարծ կեսգիշերին Բոոսը շարժվեց։ Ցրտից դողալով՝ նա տեղից բարձրացավ հավանաբար ոտքերը ծածկելու նպատակով։ Սակայն նկատեց, որ ինքը մենակ չէ՝ իր ոտքերի մոտ մի կին է պառկել (Հռութ 3։8)։
«Դու ո՞վ ես»,— հարցրեց նա։ Հռութը, հավանաբար դողդոջուն ձայնով, պատասխանեց. «Քո աղախին Հռութն եմ, փեշդ տարածի՛ր քո աղախնի վրա, քանի որ դու փրկագնելու իրավունք ունես» (Հռութ 3։9)։ Մեր օրերում ոմանք Հռութի արարքն ու խոսքերը մեկնաբանում են որպես սեռական հարաբերություն ունենալու ակնարկ, բայց նրանք անտեսում են երկու պարզ փաստ։ Նախ՝ Հռութը վարվեց այն օրերում ընդունված սովորությունների համաձայն, որոնցից շատերը անհասկանալի են մեզ համար։ Ուստի ճիշտ չի լինի նրա արարքը այսօրվա ցածր բարոյական չափանիշների լույսի ներքո դիտել։ Երկրորդ՝ Բոոսի արձագանքը պարզ ցույց է տալիս, որ Հռութի արածը բարոյական տեսանկյունից մաքուր և գովելի արարք էր։
Բոոսը ասաց Հռութին. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս։ Սիրառատ բարությունը, որ հիմա ցուցաբերեցիր, առաջինից ավելի մեծ է, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների հետևից չգնացիր» (Հռութ 3։10)։ Նրա խոսքերը, մեղմ ու հանդարտ ձայնը, անշուշտ, հանգստացրին Հռութին։ Հռութը սիրառատ բարություն էր դրսևորել՝ Նոեմիի հետ Իսրայել գալով և նրա մասին հոգ տանելով։ Իսկ իր այս վերջին արարքով նա ավելի մեծ սիրառատ բարություն դրսևորեց։ Բոոսը նշեց, որ Հռութը, լինելով երիտասարդ կին, կարող էր իր համար ամուսին ընտրել երիտասարդ տղամարդկանցից՝ հարուստ կամ աղքատ։ Սակայն Հռութն ուզում էր բարի լինել ոչ միայն Նոեմիի, այլև իր մահացած ամուսնու հանդեպ, որպեսզի վերջինիս անունը չմոռացվի Իսրայելում։ Դժվար չէ հասկանալ, թե Բոոսն ինչու էր տպավորված այս երիտասարդ կնոջ նվիրվածությամբ։
Բոոսն ավելացրեց. «Իսկ հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր։ Ինչ որ ասես, ամեն ինչ կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի քաղաքում բոլորը գիտեն, որ դու մի առաքինի կին ես» (Հռութ 3։11)։ Նրան դուր եկավ Հռութի հետ ամուսնանալու միտքը։ Հավանաբար Բոոսին այդքան էլ չզարմացրեց նրան փրկագնելու խնդրանքը։ Սակայն նա արդար մարդ էր և չէր պատրաստվում գործելու պարզապես իր նախասիրությամբ։ Ուստի Հռութին ասաց, որ, իրենից բացի, Նոեմիի ամուսնուն ուրիշ ավելի մոտ ազգական էլ կա, որ փրկագնելու իրավունք ունի, և նախ պետք է խոսի այդ մարդու հետ և նրան Հռութի ամուսինը դառնալու հնարավորություն տա։
Բոոսը խորհուրդ տվեց Հռութին պառկել այնտեղ ու հանգստանալ, իսկ առավոտ կանուխ աննկատ հեռանալ։ Նա ուզում էր պահպանել թե՛ իր, թե՛ Հռութի բարի համբավը, քանի որ մարդիկ կարող էին սխալ հասկանալ՝ մտածելով, թե անբարոյություն են գործել։ Բոոսի դրական արձագանքը հանգստացրեց Հռութին, և նա նորից պառկեց Բոոսի ոտքերի մոտ։ Առավոտյան՝ լույսը դեռ չբացված, Բոոսը նրա թիկնոցը լիքը գարի լցրեց, և նա վերադարձավ Բեթլեհեմ։
Որքա՜ն հաճելի էր Հռութին մտածել Բոոսի խոսքերի շուրջ, որ մարդիկ իրեն ճանաչում են որպես «առաքինի կին»։ Ինչ խոսք, Եհովա Աստծուն ճանաչելու և նրան ծառայելու ձգտումը մեծ դեր էր ունեցել այդպիսի համբավ ձեռք բերելու մեջ։ Նա նաև մեծ բարություն ու նրբանկատություն էր դրսևորել Նոեմիի ու նրա ժողովրդի հանդեպ՝ հոժարակամորեն ընդունելով նրանց վարքն ու բարքը։ Ընդօրինակելով Հռութի հավատը՝ հարգանքով կվերաբերվենք ուրիշներին ու նրանց սովորություններին։ Այդպես վարվելով՝ մենք նույնպես առաքինի մարդու համբավ կունենանք։
«Հանգստի տեղ» Հռութի համար
«Ո՞վ ես դու, աղջի՛կս»,— հարցրեց Նոեմին, երբ Հռութը եկավ տուն։ Նա այդ հարցը տվեց հավանաբար այն պատճառով, որ օրը դեռ չէր լուսացել և սենյակում մութ էր։ Նոեմիին հետաքրքրում էր նաև, թե ինչ նորություն ունի Հռութը։ Հռութը պատմեց սկեսրոջը այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նաև ցույց տվեց այն «վեց չափ» գարին, որ Բոոսը ուղարկել էր Նոեմիի համարd (Հռութ 3։16, 17)։
Նոեմին իմաստուն խորհուրդ տվեց Հռութին։ Նա ասաց, որ լավ կլինի՝ այդ օրը չգնա արտերը հասկեր հավաքելու, այլ տանը մնա ու սպասի։ Ապա վստահեցրեց. «Այդ մարդը չի հանգստանա, մինչև որ այս գործը չվերջացնի այսօր» (Հռութ 3։18)։
Նոեմին ճիշտ էր։ Բոոսը գնաց քաղաքի դարպասի մոտ, որտեղ սովորաբար հավաքվում էին քաղաքի երեցները, և սպասեց, մինչև որ եկավ ավելի մոտ ազգականը։ Վկաների ներկայությամբ Բոոսը առաջարկեց նրան օգտվել փրկագնելու իր իրավունքից՝ ամուսնանալով Հռութի հետ։ Սակայն այդ մարդը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ այդպես կվնասի իր ժառանգությունը։ Հետևաբար Բոոսը քաղաքի դարպասի մոտ վկաների առաջ ասաց, որ ինքը կփրկագնի՝ կգնի Նոեմիի մահացած ամուսնու՝ Ելիմելեքի ողջ ունեցվածքը և կամուսնանա Հռութի՝ Ելիմելեքի որդի Մաալոնի այրիացած կնոջ հետ։ Նաև ավելացրեց, որ այդպիսով «մահացածի անունը կվերականգնվի նրա ժառանգության վրա» (Հռութ 4։1–10)։ Բոոսն իրոք որ արդար ու անշահախնդիր մարդ էր։
Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Այնուհետև Հռութի մասին կարդում ենք. «Եհովան նրան հղիություն շնորհեց, և նա մի որդի ծնեց»։ Բեթլեհեմի կանայք օրհնում էին Նոեմիին և գովում Հռութին, որ նա իր սկեսրոջ համար յոթ որդուց էլ լավ է։ Հետագայում Հռութի որդին դարձավ Դավիթ թագավորի նախահայրը (Հռութ 4։11–22)։ Իսկ Դավթի շառավղից սերեց Հիսուս Քրիստոսը (Մատթեոս 1։1)e։
Հռութն, անշուշտ, օրհնվեց։ Օրհնվեց նաև Նոեմին, որն օգնեց Հռութին մեծացնելու երեխային իր հարազատ որդու պես։ Այս երկու կանանց կյանքը մեր մտքում դրոշմում է այն փաստը, որ Եհովա Աստծու աչքից չեն վրիպում իրեն նվիրված այն բոլոր խոնարհ մարդիկ, ովքեր իրենց քրտինքով ապրուստ են վաստակում և իր ժողովրդի հետ հավատարմորեն ծառայում իրեն։ Նա երբեք չի մոռանում վարձատրել այդ հավատարիմներին, ովքեր Հռութի պես առաքինի մարդու համբավ ունեն իր աչքում։
a Տե՛ս «Ընդօրինակեք նրանց հավատը. «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»» հոդվածը «Դիտարանի» 2012թ. հուլիսի 1-ի համարում։
b Ինչպես ցույց են տալիս Նոեմիի խոսքերը, Եհովայի բարությունը չի սահմանափակվում միայն ողջերի հանդեպ դրսևորվելով։ Նոեմին կորցրել էր ամուսնուն ու երկու որդիներին։ Հռութը կորցրել էր ամուսնուն։ Անշուշտ, այդ երեք տղամարդիկ երկուսի համար էլ թանկ էին։ Այն բարությունը, որ դրսևորվում էր Նոեմիի և Հռութի հանդեպ, իրականում դրսևորվում էր նաև այդ տղամարդկանց հանդեպ, որոնք կցանկանային, որ այս երկու կանայք նեղության մեջ չլինեին։
c Այրիացած կնոջ հետ պետք է ամուսնանար նրա տեգրը, իսկ եթե ամուսինը եղբայր չուներ, ապա՝ ամենամոտ ազգականը, ինչպես որ արվում էր ժառանգություն ստանալու դեպքում (Թվեր 27։5–11)։
d Հռութին «վեց չափ» գարի տալով Բոոսը հավանաբար ուզում էր հասկացնել, որ ինչպես աշխատանքային վեց օրերին էր հաջորդում հանգստի Շաբաթը, այնպես էլ Հռութի՝ որպես այրու «աշխատանքային վեց օրերին» շուտով հաջորդելու էր «հանգիստը»՝ ապահով կյանք, որ կարող էր տալ ամուսինը։ Հնարավոր է նաև, որ «վեց չափ» գարին այնքան էր, որքան որ Հռութը կկարողանար տանել։
e Հռութը մեկն է այն չորս կանանցից, որոնց անունները նշվում են Աստվածաշնչում Հիսուսի տոհմաբանության մեջ։ Նրանցից մեկն էլ Ռախաբն է, որը Բոոսի մայրն էր (Մատթեոս 1։3, 5, 6)։ Հռութի պես՝ նա էլ իսրայելացի չէր։