«Մենք պետք է առավել աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»
«Պատերազմը Տիրոջն է»
ԵՐԿՈՒ բանակներ կանգնած են դեմ հանդիման։ Նրանց բաժանում է հովիտը։ 40 օր շարունակ իսրայելացի ռազմիկները դողում են վախից. Գողիաթը՝ փղշտացիների ամենաուժեղ մարտիկը, նրանց վրա վիրավորանքների տարափ է տեղում (Ա Թագաւորաց 17։1–4, 16)։
Գողիաթը բարձրաձայն ծաղրում է իսրայելացիներին՝ ասելով. «Ձեր միջիցը մի մարդ ընտրեցէք, որ իջնէ ինձ մօտ։ Եթէ նա կարողանայ ինձ հետ մենամարտել, եւ ինձ մեռցնէ, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք. բայց եթէ ես յաղթեմ եւ նորան մեռցնեմ, այն ժամանակ դուք մեր ծառաները լինէք եւ մեզ ծառայէք.... Ես այսօր Իսրայէլի գունդերին նախատեցի. ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամարտենք» (Ա Թագաւորաց 17։8–10)։
Հին ժամանակներում ընդունված էր, որ հակամարտող կողմերից երկու ամենաուժեղ ռազմիկները դուրս գան մենամարտի։ Հաղթում էր այն բանակը, որի ներկայացուցիչը հաղթում էր մենամարտում։ Բայց Իսրայելին անարգող այդ մարդը սովորական զինվոր չէ։ Նա մի դաժան ու ահասարսուռ հսկա է։ Ինչևէ, ծաղրուծանակի ենթարկելով իսրայելական բանակը՝ Գողիաթը վերջնականապես կանխորոշում է իր կործանումը։
Դա պարզապես մի ռազմական բախում չէ։ Այս ընդհարմանը ներգրավված են Եհովան և փղշտացիների աստվածները։ Իսրայելի Սավուղ թագավորը, փոխանակ իր բանակին Աստծու թշնամիների դեմ քաջաբար առաջնորդելու, վախից կարծես կաթվածահար է եղել (Ա Թագաւորաց 17։11)։
Երիտասարդը ապավինում է Եհովային
Ահա այսպիսի դրություն է տիրում, երբ մի երիտասարդ, որն արդեն օծվել է որպես Իսրայելի թագավոր, գալիս է Սավուղի բանակ՝ իր եղբայրներին տեսակցելու։ Նրա անունը Դավիթ է։ Գողիաթի խոսքերի մասին լսելով՝ նա ասում է. «Այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ» (Ա Թագաւորաց 17։26)։ Դավթի համար Գողիաթը մի անձնավորություն է, որը ներկայացնում է փղշտացիներին ու նրանց աստվածներին։ Լցված արդարացի բարկությամբ՝ Դավիթը ցանկանում է պաշտպանել Եհովայի անունը և Իսրայելին ու կռվել այդ հեթանոս հսկայի դեմ։ Բայց Սավուղ թագավորն ասում է. «Դու չես կարող այն Փղշտացիի վերայ գնալ եւ նորա հետ մարտնչել, որովհետեւ դու երիտասարդ ես» (Ա Թագաւորաց 17։33)։
Որքա՜ն տարբեր են մտածում Սավուղն ու Դավիթը։ Սավուղը Դավթի մեջ տեսնում է ընդամենը մի պատանի հովվի, որն ուզում է դուրս գալ վայրենի հսկայի դեմ։ Այնինչ, Դավիթը՝ հանձին Գողիաթի, տեսնում է մի մարդու, որը մարտահրավեր է նետում Գերիշխան Տեր Եհովային։ Դավթի անվախությունը հիմնված է այն համոզման վրա, որ Աստված անպատիժ չի թողնի իր անունն ու ժողովրդին ծաղրողին։ Գողիաթը պարծենում է իր բազկի զորությամբ, բայց Դավիթն իր հույսը դնում է Եհովայի վրա՝ իրավիճակը գնահատելով Նրա աչքերով։
‘Ես գալիս եմ քեզ վրա Եհովայի անունով’
Դավիթը ամուր հավատ ունի։ Նա հիշում է, որ Աստված օգնել է իրեն ազատել ոչխարներին արջից և առյուծից։ Երիտասարդ հովիվը վստահ է, որ Եհովան հիմա էլ կօգնի իրեն, որ հաղթի այդ ահարկու փղշտացուն (Ա Թագաւորաց 17։34–37)։ Զինված լինելով մի հասարակ պարսատիկով և հինգ ողորկ քարերով՝ Դավիթը գնում է Գողիաթի դեմ։
Թվում է՝ երիտասարդ Դավիթը անհնարին բան է ձեռնարկում։ Բայց նա Եհովայի զորությանն է ապավինում։ Նա փղշտացուն խիզախորեն ասում է. «Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։ Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կ’մատնէ.... որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի. եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կ’մատնէ» (Ա Թագաւորաց 17։45–47)։
Ինչպե՞ս ավարտվեց մենամարտը։ Աստվածաշունչն ասում է. «Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չ’կար» (Ա Թագաւորաց 17։50)։ Թեև նրա ձեռքում սուր չկար, սակայն նա ուներ Եհովա Աստծու զորեղ աջակցությունը։a
Այս դեպքը վառ կերպով ցույց է տալիս, որ Դավթի հավատը Եհովայի հանդեպ զուր չէր։ Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հարկավոր լինի ընտրություն կատարել՝ վախենա՞լ մարդկանցից, թե՞ ապավինել Եհովայի փրկարար բազկին, ապա միանգամայն պարզ է, թե ինչ անել. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29, ՆԱ)։ Բացի այդ, եթե միշտ դժվար իրավիճակներին նայենք Եհովա Աստծու տեսանկյունից, ապա նույնիսկ ամենահուսահատ դրության մեջ կկարողանանք ճիշտ մտայնություն ունենալ։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 2006 թ. «Եհովայի վկաների օրացույցը», մայիս–հունիս (ռուս.)։
[նկար/շրջանակ 9-րդ էջի վրա]
ՈՐՔԱ՞Ն ՄԵԾ ԷՐ ԳՈՂԻԱԹԸ
Ա Թագաւորաց 17։4–7-ում նկարագրվում է, որ Գողիաթի հասակը ավելի քան «վեց» (ԱԱ) կանգուն էր՝ մոտ երեք մետր։ Փղշտացու չափսերի և զորության մասին վառ կերպով վկայում է նրա պղնձե զրահը։ Այն կշռում էր 57 կիլոգրամ։ Նրա նիզակի կոթը նման էր գերանի, նիզակի տեգը կշռում էր 7 կիլոգրամ։ Եվ շատ հավանական է, որ Գողիաթի զենքուզրահը ավելի ծանր էր, քան ինքը Դավիթը։