Ինչպես Աննան սրտի խաղաղություն գտավ
ՄԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ կին բարձրաձայն աղոթելով գովաբանում է Եհովային։ Նա այնպիսի զգացում ունի, կարծես Աստված նրան վեր է հանել փոշու միջից՝ փոխելով նրա ընկճվածությունը ցնծության։
Այս կնոջ անունը Աննա է։ Ինչո՞ւ է նա իրեն այդպես լավ զգում։ Ինչո՞ւ է նա այդքան ուրախ։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա հետ պատահածից։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար եկեք քննենք Աննայի պատմությունը։
Ընտանիք, որում լարված մթնոլորտ է տիրում
Աննան ղևտացի Եղկանայի երկու կանանցից մեկն է։ Նրանք բնակվում են Եփրեմի տարածքում (Ա Թագաւորաց 1:1, 2ա; Ա Մնացորդաց 6:33, 34)։ Թեպետ Աստված սկզբնապես չէր նախատեսել, որ տղամարդը մի քանի կին ունենա, սակայն բազմակնությունը թույլատրելի է և կանոնակարգվում է Մովսիսական օրենքով։ Ճիշտ է, Եղկանայի ընտանիքի անդամները Եհովայի երկրպագուներ են, բայցևայնպես նրա ընտանիքում լարվածություն է տիրում։ Ինչո՞ւ։ Որովհետև բազմակին ընտանիքներում հաճախ են տհաճ իրավիճակներ առաջանում։
Աննան ամուլ է, մինչդեռ Եղկանայի մյուս կինը՝ Փենանան, մի քանի երեխա ունի։ Փենանան Աննայի մրցակցուհին է (Ա Թագաւորաց 1:2բ)։
Իսրայելացի կնոջ համար ամլությունը խայտառակություն է և նույնիսկ համարվում է Աստծու տհաճության դրսևորում։ Սակայն ոչ մի հիմք չկա կարծելու, որ Աննայի ամուլ լինելը Աստծու անհավանության նշան է։ Փոխանակ մխիթարելու Աննային՝ Փենանան երեխա ունենալու իր կարողությունն օգտագործում է նրա սիրտը դառնացնելու համար։
Ուղևորություններ դեպի Եհովայի սրբարան
Չնայած լարված մթնոլորտին՝ Եղկանայի ընտանիքն ամեն տարի ճանապարհ է ընկնում Սելով՝ Եհովայի սրբարանում զոհաբերություններ մատուցելու։a Սելով գնալն ու այնտեղից վերադառնալը կազմում է մոտ 60 կիլոմետր, և նրանք հավանաբար ոտքով են կատարում այդ ճանապարհորդությունը։ Այս առիթները պետք է որ հատկապես դժվար լինեն Աննայի համար, քանի որ Փենանային և նրա երեխաներին տրվում է խաղաղության զոհի մի քանի բաժին, իսկ Աննային՝ միայն «մէկ բաժին» (ԷԹ)։ Փենանան այդ առիթներն օգտագործում է Աննային վշտացնելու համար, և վերջինիս թվում է, թե Եհովան «փակել [է իր] արգանդը»։ Նրա տառապանքները կրկնվում են ամեն տարի, և Աննան դրա պատճառով լաց է լինում և հաց չի ուտում։ Ուղևորությունները, որ պետք է ուրախալի լինեն նրա համար, տվայտանքների պատճառ են դառնում։ Սակայն, չնայած այդ ամենին, Աննան միշտ գնում է Եհովայի սրբարան (Ա Թագաւորաց 1:3–7)։
Ինչպե՞ս կարող ես հետևել Աննայի լավ օրինակին։ Երբ ընկճվում ես, ինչպե՞ս ես վարվում։ Մեկուսանո՞ւմ ես քո հավատակիցներից։ Հրաժարվո՞ւմ ես նրանց հետ շփվելուց։ Աննան այդպես չվարվեց։ Նա սովորություն էր դարձրել լինել Եհովայի երկրպագուների մեջ։ Մենք նույնը պետք է անենք՝ չնայած դժվար իրավիճակներին (Սաղմոս 26:12; 122:1; Առակաց 18:1, ԱԱ, ծնթ.; Եբրայեցիս 10:24, 25)։
Եղկանան փորձում է մխիթարել Աննային և հարցերով մղում է նրան արտահայտվելու։ «Աննա, ի՞նչու ես լաց լինում, եւ ի՞նչու չես ուտում, եւ ի՞նչու համար սիրտդ այդպէս տրտում է,— ասում է նա։— Մի՞թէ ես քեզ համար տասը որդիից լաւ չեմ» (Ա Թագաւորաց 1:8)։ Հավանաբար, Եղկանան չգիտի, որ Փենանան անբարյացակամորեն է վերաբերվում Աննային, իսկ վերջինս նախընտրում է լռակյաց տառապել և ոչ թե բողոքել։ Ինչևէ, հոգևոր մտածելակերպ ունեցող Աննան աղոթքով դիմում է Եհովային, որպեսզի սրտի խաղաղություն գտնի։
Աննան խոստում է տալիս
Հին Իսրայելում խաղաղության զոհերը ուտում էին Եհովայի սրբարանում։ Աննան հեռանում է ճաշասրահից, որպեսզի աղոթի Աստծուն (Ա Թագաւորաց 1:9, 10)։ «Ով Զօրաց Տէր,— աղերսում է նա,— եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ» (Ա Թագաւորաց 1:11)։
Աննայի աղոթքը յուրահատուկ է։ Նա արու զավակ է խնդրում և խոստանում, որ նրան կնվիրի Եհովային, և որ իր զավակը ուխտավոր կլինի մինչև իր կյանքի վերջը (Թուոց 6:1–5)։ Որպեսզի այդ խոստումը, կամ՝ «ուխտը», վավերական լինի, այն պետք է հաստատվի նրա ամուսնու կողմից, և Եղկանայի հետագա քայլերից պարզ է դառնում, որ նա հավանություն է տալիս իր սիրելի կնոջ խոստմանը (Թուոց 30:6–8)։
Աննայի աղոթելու ձևից քահանայապետ Հեղին կարծում է, թե նա հարբած է։ Կնոջ շրթունքները շարժվում են, բայց ոչինչ չի լսվում, քանի որ Աննան մտքում է աղոթում։ Դա շատ ջերմեռանդ աղոթք է (Ա Թագաւորաց 1:12–14)։ Պատկերացրու, թե ինչ է զգում Աննան, երբ Հեղին հանդիմանում է նրան՝ ասելով, որ նա հարբած է։ Չնայած դրան՝ նա հարգալից կերպով է պատասխանում քահանայապետին։ Երբ Հեղին հասկանում է, որ Աննան աղոթում էր իր «վիշտերի ու նեղութեան շատութեան համար», ասում է. «Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը» (Ա Թագաւորաց 1:15–17)։ Դրանից հետո Աննան «գնում է իր ճանապարհը և ուտում, և նրա երեսն այլևս տրտում չի լինում» (Ա Թագաւորաց 1:18)։
Ի՞նչ կարող ենք սովորել այս ամենից։ Երբ մեզ հուզող հարցերի մասին աղոթում ենք Եհովային, կարող ենք մեր սիրտը բացել նրա առջև՝ պատմելով մեր զգացմունքների մասին։ Մենք պետք է խնդիրը հանձնենք Աստծուն այն բանից հետո, երբ ամեն ինչ արել ենք այն լուծելու համար, սակայն արդյունքների չենք հասել։ Ավելի ճիշտ վարվելակերպ չկա (Առակաց 3:5, 6)։
Ջերմեռանդորեն աղոթելուց հետո Եհովայի ծառաները, ամենայն հավանականությամբ, վայելում են այնպիսի ներքին խաղաղություն, ինչպիսին որ Աննան էր վայելում։ Աղոթքի առնչությամբ Պողոս առաքյալը գրեց. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն: Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4:6, 7)։ Եթե մեր հոգսը գցում ենք Եհովայի վրա, ուրեմն պետք է թույլ տանք, որ նա հոգ տանի մեր մասին։ Այդ դեպքում այլևս տրտմելու կարիք չկա, ինչպես որ Աննան դադարեց տրտմել (Սաղմոս 55:22)։
Որդի, որը «փոխ տրվեց» Եհովային
Աստված այժմ ուշադրություն է դարձնում Աննային. նա հղիանում է և որդի ծնում (Ա Թագաւորաց 1:19, 20)։ Սա Աստվածաշնչում հիշատակված այն եզակի դեպքերից է, երբ Աստված իր հոգածության տակ է առնում այն անձնավորության ծնունդը, որը դառնալու է իր ծառան։ Աննայի ու Եղկանայի որդին՝ Սամուելը, դառնալու է Եհովայի մարգարեն։ Նա կարևոր դեր է խաղալու Իսրայելի թագավորության հաստատման գործում։
Անկասկած, Աննան Սամուելին մանկուց սովորեցնում է Եհովայի մասին։ Բայց արդյո՞ք նա մոռանում է, թե ինչ խոստում է տվել Եհովային։ Ամենևի՛ն։ Աննան իր ամուսնուն ասում է. «Կ’նստեմ մինչեւ տղայի կաթից կտրուիլը. յետոյ կ’տանեմ նորան որ Տիրոջ առաջին երեւայ, եւ միշտ այնտեղ կենայ»։ Երբ Սամուելը կաթից կտրվում է (այդ ժամանակ նա թերևս մոտ երեք տարեկան էր կամ մի փոքր ավելի մեծ), Աննան նրան տանում է Եհովայի սրբարան, ինչպես որ խոստացել էր (Ա Թագաւորաց 1:21–24; Բ Մնացորդաց 31:16)։
Եհովային զոհաբերություն մատուցելուց հետո Աննան և նրա ամուսինը Սամուելին տանում են Հեղիի մոտ։ Ամենայն հավանականությամբ, Աննան իր փոքրիկ որդու ձեռքը բռնած է լինում, երբ Հեղիին ասում է. «Ո՜հ, տէր իմ, քո անձը կենդանի է. ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մօտ կանգնեցի Տիրոջը աղօթք անելու համար: Ես այս տղայի համար աղօթք արի, եւ Տէրն իմ խնդրուածքն ինձ տուաւ՝ ինչ որ նորանից խնդրեցի: Հիմա ես էլ նորան փոխ եմ տալիս Տիրոջը. իր բոլոր կեանքի մէջ Տիրոջը փոխ տրուած լինի»։ Այսպես Սամուելը սկսում է հատուկ ծառայություն կատարել Աստծու համար, որը տևում է նրա ողջ կյանքի ընթացքում (Ա Թագաւորաց 1:25–28; 2:11)։
Ժամանակն անցնում է, բայց Աննան, իհարկե, չի մոռանում Սամուելին։ Աստվածաշունչն ասում է. «Նորա մայրը տարուց տարի պզտիկ պատմուճան էր շինում նորա համար եւ բերում նորա համար, երբոր իր մարդի հետ վեր էր գալիս տարեկան զոհը անելու» (Ա Թագաւորաց 2:19)։ Աննան, անշուշտ, միշտ աղոթում է Սամուելի համար։ Անկասկած, ամեն տարի այցելելով սրբարան՝ նա իր որդուն քաջալերում է հավատարիմ մնալ Աստծուն և շարունակել ծառայել նրան։
Այդ այցելություններից մեկի ժամանակ Հեղին օրհնում է Սամուելի ծնողներին։ Նա Եղկանային ասում է. «Տէրը քեզ այս կնկանից զաւակներ տայ Տիրոջը փոխ տուածի փոխարէն»։ Իսկապես, Աստված օրհնում է Աննային ու Եղկանային՝ տալով նրանց երեք որդի և երկու դուստր (Ա Թագաւորաց 2:20, 21)։
Ի՜նչ լավ օրինակ են Եղկանան և Աննան քրիստոնյա ծնողների համար։ Բազմաթիվ մայրեր և հայրեր պատրաստ են եղել իրենց որդիներին ու դուստրերին, այսպես ասած, փոխ տալու Եհովային. նրանք քաջալերել են իրենց զավակներին որևէ հեռավոր վայրում բաժին ունենալ լիաժամ ծառայության ձևերից մեկում։ Այս ծնողները, որ շատ են սիրում իրենց երեխաներին, պատրաստ են զոհողությունների գնալու, և նրանք արժանի են գովասանքի։ Եհովան անպայման կպարգևատրի նրանց։
Աննան աղոթում է ուրախ սրտով
Որքա՜ն երջանիկ է այժմ Աննան, այն կինը, որ մի ժամանակ ամուլ էր։ Գրություններում գրեթե չկան կանանց կողմից ասված աղոթքներ։ Սակայն Աննայի աղոթքներից երկուսը գրի են առնված Աստվածաշնչում։ Առաջինում նա արտահայտում է իր վիշտն ու նեղությունը, իսկ երկրորդում ուրախ սրտով շնորհակալություն է հայտնում Աստծուն։ «Իմ սիրտն ուրախացաւ Տէրովը»,— սկսում է իր աղոթքը Աննան։ Նա շատ ուրախ է, որ նույնիսկ «ամուլը.... զաւակ ծնեց», և որ Եհովան «Բարձրացնող» է ու «կանգնեցնում է աղքատին փոշիից»։ Այո՛, նա «աղբիւսից [աղբակույտից] բարձրացնում է կարօտին» (Ա Թագաւորաց 2:1–10)։
Աննայի մասին ներշնչյալ այս պատմությունը ցույց է տալիս, որ հոգեկան ծանր ապրումներ կարող ենք ունենալ ուրիշների անկատարության կամ չարակամության պատճառով։ Բայցևայնպես, չպետք է թույլ տանք, որ նման փորձությունները զրկեն մեզ Եհովայի ծառայության մեջ ուրախություն ստանալուց։ Աստված լսո՛ւմ է մեր աղոթքները։ Նա պատասխանում է իր հավատարիմ ծառաների աղաղակներին, ազատում նրանց նեղությունից, տալիս մեծ խաղաղություն և շատ այլ օրհնություններ (Սաղմոս 22:23–26; 34:6–8; 65:2)։
[ծանոթագրություն]
a Աստվածաշունչը ճշմարիտ երկրպագության այս կենտրոնը կոչում է Եհովայի «տաճար»։ Իսրայելի պատմության այս շրջանում ուխտի տապանակը դեռևս գտնվում է վրանում, կամ՝ խորանում։ Եհովային նվիրված առաջին տաճարը կառուցվեց Սողոմոնի կառավարման շրջանում (Ա Թագաւորաց 1:9; Բ Թագաւորաց 7:2, 6; Գ Թագաւորաց 7:51; 8:3, 4)։
[նկար 17–րդ էջի վրա]
Աննան Սամուելին «փոխ տվեց» Եհովային