Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ի՞նչ չորս իմաստներով է օգտագործվում «ժողով» բառը Քրիստոնեական Հունարեն Գրություններում։
«Ժողով» բառը հիմնականում կիրառվում է օծյալ քրիստոնյաների խմբի առնչությամբ (որոշ համարներում վերաբերում է նաև Քրիստոսին)։ «Աստծու ժողովը» արտահայտությունը վերաբերում է նաև որոշակի ժամանակահատվածում ապրող բոլոր քրիստոնյաներին։ Երրորդ իմաստը վերաբերում է որոշակի աշխարհագրական վայրում ապրող բոլոր քրիստոնյաներին։ Չորրորդը վերաբերում է տեղի ժողովի անդամների ամբողջությանը (15.04, էջ 21–23)։
• Ե՞րբ է քրիստոնյաների երկնային կանչն ավարտվելու։
Աստվածաշունչը կոնկրետ պատասխան չի տալիս այս հարցին։ Այդ կանչը սկսվել է մ.թ. 33–ից և շարունակվում է մեր օրերում։ 1935 թ.–ից հետո աշակերտ պատրաստելու գործում հիմնական շեշտը դրվեց մեծ բազմությունը հավաքելու վրա։ Որոշ քրիստոնյաներ, ովքեր մկրտվել են 1935 թ.–ից հետո, սուրբ ոգու կողմից վկայություն են ստացել, որ երկնային հույս ունեն։ Այսպիսով՝ մենք չենք կարող կոնկրետ թվական նշել, թե երբ է քրիստոնյաների երկնային կանչն ավարտվում։ Օծյալները չունեն ավելի շատ սուրբ ոգի, քան «ուրիշ ոչխարները», և հատուկ վերաբերմունք չեն ակնկալում։ Անկախ իրենց ունեցած հույսից՝ քրիստոնյաները պետք է հավատարիմ մնան և շարունակեն կատարել Աստծու կամքը (01.05, էջ 30, 31)։
• Այն, որ Հեփթայեն երդում տվեց, արդյո՞ք նշանակում էր, որ նա մտադիր էր իր աղջկան մատուցել որպես ողջակեզ։
Ո՛չ։ Հեփթայեն նկատի ուներ, որ այն անհատին, ում ինքը հանդիպեր, հատուկ ծառայություն կատարելու նպատակով կնվիրեր Աստծուն. Մովսիսական օրենքով հնարավոր էր այդպիսի բան (Ա Թագաւորաց 2։22)։ Հեփթայեի աղջիկը իրականացրեց իր հոր տված երդումը՝ ծառայելով խորանում։ Դա շատ մեծ զոհողություն էր, քանի որ նրա համար այդ երդումը կատարելը նշանակում էր երբեք չամուսնանալ (15.05, էջ 9, 10)։
• Ի՞նչ դեր է խաղացել մատյանը վաղ քրիստոնյաների համար։
Ըստ երևույթին, քրիստոնյաները մինչև առաջին դարի վերջը հիմնականում օգտագործել են գլանաձև փաթեթներ։ Երկրորդ դարում պայքար է ընթացել մատյանի կողմնակիցների և փաթեթի կողմնակիցների միջև։ Մասնագետները կարծում են, որ քրիստոնյաների կողմից մատյանի օգտագործումը նշանակալից դեր խաղաց դրա տարածման գործում (01.06, էջ 14, 15)։
• Ի՞նչ է «Գազերի օրացույցը»։
Այն փոքրիկ կրաքարե սալիկ է, որը հայտնաբերվել է 1908 թ.–ին մի վայրում, որտեղ գտնվել է աստվածաշնչյան Գազեր քաղաքը։ Շատերն այն կարծիքին են, որ դա դպրոցական տղայի տնային աշխատանք է։ Օրացույցում համառոտ ներկայացվում է հողագործական տարին. այն սկսվում է մի ամսից, որը համապատասխանում է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին. այդ ժամանակ տեղի էր ունենում բերքահավաքը։ Օրացույցում նշվում են գյուղատնտեսական զանազան կուլտուրաներ և աշխատանքներ (15.06, էջ 8)։
• Ի՞նչ է նշանակում մեղք գործել սուրբ ոգու դեմ։
Եհովայի սուրբ ոգու դեմ հնարավոր է մեղք գործել։ Այդպիսի մեղքը չի ներվում (Մատթեոս 12։31)։ Աստված է որոշում, թե արդյոք աններելի մեղք ենք գործել, և միայն նա կարող է իր ոգին վերցնել մեզանից (Սաղմոս 51։11)։ Եթե խոր վիշտ ենք ապրում մեր գործած մեղքի համար, շատ հավանական է, որ իսկապես զղջում ենք, ուստիև մեղք չենք գործել սուրբ ոգու դեմ (15.07, էջ 16, 17)։
• Ինչո՞ւ Սավուղ թագավորը հարցրեց Դավթին՝ «ո՞ւմ տղան ես դու», այն դեպքում երբ արդեն իսկ գործ էր ունեցել նրա հետ (Ա Թագաւորաց 16։22; 17։58)։
Սավուղը ցույց տվեց, որ ինքը միայն Դավթի հոր անունով չէր հետաքրքրված։ Տեսնելով, որ Դավիթը մեծ հավատի և քաջության տեր անձնավորություն է, որը քիչ առաջ էր հաղթել Գողիաթին՝ Սավուղը ցանկացավ իմանալ, թե ինչպիսի մարդ է դաստիարակել այդ տղային։ Նա գուցե մտածում էր Հեսսեին կամ նրա ընտանիքի մյուս անդամներին ընդգրկել իր բանակի մեջ (01.08, էջ 31)։