ԳԼՈՒԽ 9
Նա խոհեմությամբ վարվեց
1-3. ա) Ի՞նչ վտանգ էր սպառնում Աբիգեայի տան անդամներին։ բ) Ի՞նչ ենք իմանալու այս կնոջ մասին։
ԱԲԻԳԵԱՆ սարսափ տեսավ երիտասարդի աչքերում։ Վերջինս խուճապի մեջ էր. մոտ 400 ռազմիկներ ճանապարհ էին ընկել և գալիս էին սպանելու Աբիգեայի ամուսնուն՝ Նաբաղին, և նրա տան բոլոր տղամարդկանց։ Ինչո՞ւ։
2 Բանն այն է, որ Նաբաղը սովորականի պես դաժանորեն և հանդգնորեն էր վարվել։ Սակայն այս անգամ նա վիրավորել էր մի մարդու, որը նվիրված և փորձառու ռազմիկների հրամանատար էր։ Դա էր պատճառը, որ Նաբաղի ծառաներից մեկը, որը հավանաբար հովիվ էր, շտապեց Աբիգեայի մոտ՝ վստահ լինելով, որ նա մի բան կձեռնարկի իրենց փրկելու համար։
Ի՞նչ կարող էր մի կին անել մի ամբողջ զորքի դեմ
3 Իսկ ո՞վ էր Աբիգեան, և ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։ Ինչպե՞ս էր ստեղծվել այս իրավիճակը։ Եվ ի՞նչ կարող էր անել այս կինը մի ամբողջ զորքի դեմ։
Խոհեմ և գեղեցիկ
4. Ինչպիսի՞ մարդ էր Նաբաղը։
4 Աբիգեան և Նաբաղը համապատասխան զույգ չէին։ Նաբաղը դժվար թե կարողանար ավելի լավ կողակից գտնել, ինչը չենք կարող ասել Աբիգեայի մասին։ Նաբաղը հարուստ մարդ էր։ Այդ պատճառով էլ ինքն իրեն կարևոր անձնավորություն էր համարում, մինչդեռ ուրիշները այլ կարծիք ունեին նրա մասին։ Աստվածաշնչում ուրիշ ոչ մեկի մասին այսքան անարգանքով չի խոսվում։ Նրա անունը նշանակում է «անմիտ», կամ՝ «հիմար»։ Հայտնի չէ՝ այդ անունը նրան ծնողնե՞րն էին տվել, թե՞ նա հետագայում էր այն ձեռք բերել։ Ամեն դեպքում, Նաբաղ անունը լիովին համապատասխան էր նրան։ Նա «կոպիտ ու չարագործ մարդ էր», և քանի որ հարբեցող էր ու կռվարար, շատերը չէին սիրում նրան և նույնիսկ վախենում էին նրանից (1 Սամ. 25։2, 3, 17, 21, 25)։
5, 6. ա) Ըստ քեզ՝ որո՞նք են Աբիգեայի ամենագրավիչ հատկությունները։ բ) Հավանաբար ինչո՞ւ է Աբիգեան ամուսնացել Նաբաղի հետ։
5 Աբիգեան բոլորովին այլ անձնավորություն էր։ Նրա անունը նշանակում է «իմ հայրը ուրախացավ»։ Շատ հայրեր հպարտանում են, որ գեղեցիկ աղջիկ ունեն, սակայն իմաստուն հայրը ավելի շատ ուրախանում է երեխայի ներքին գեղեցկությամբ։ Հաճախ արտաքնապես գեղեցիկ անձնավորությունը չի գիտակցում լավ հատկություններ զարգացնելու կարևորությունը, օրինակ՝ խոհեմության, իմաստության, քաջության կամ հավատի։ Սակայն Աբիգեան այդպիսին չէր։ Աստվածաշունչը գովում է նրան թե՛ խոհեմության, թե՛ արտաքին գեղեցկության համար (կարդա՛ 1 Սամուել 25։3)։
6 Իսկ ինչո՞ւ էր այդ խելացի աղջիկը ամուսնացել այդպիսի տղամարդու հետ։ Պետք է նշել, որ աստվածաշնչային ժամանակներում երիտասարդները հիմնականում ծնողների ընտրությամբ էին ամուսնանում։ Անգամ եթե ծնողները չէին միջամտում, միևնույնն է, նրանք պետք է տային իրենց համաձայնությունը։ Արդյո՞ք Աբիգեայի ծնողները հավանություն էին տվել կամ նույնիսկ միջնորդել, որ նա ամուսնանա Նաբաղի հետ, քանի որ վերջինս հարուստ էր։ Գուցե աղքատությո՞ւնն էր դրդել նրանց այդ քայլին։ Չենք կարող ստույգ ասել։ Այնուհանդերձ, այն, որ Նաբաղը հարուստ էր, դեռ չէր նշանակում, որ կարող էր լավ ամուսին լինել։
7. ա) Ի՞նչ չպետք է անեն ծնողները, եթե ուզում են սովորեցնել երեխաներին ճիշտ տեսակետ ունենալ ամուսնության վերաբերյալ։ բ) Ի՞նչ էր ձգտում անել Աբիգեան։
7 Իմաստուն ծնողները սովորեցնում են իրենց երեխաներին, որ ամուսնության վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենան։ Նրանք չեն հորդորում երեխաներին ամուսնանալ հանուն փողի և ոչ էլ ստիպում են ժամանակից շուտ ընկերություն անել, երբ դեռ պատրաստ չեն պատասխանատվություններ կրելու (1 Կորնթ. 7։36)։ Ցավոք, Աբիգեայի համար նման հարցերի շուրջ մտածելը շատ ուշ էր։ Նա ամուսնացած էր Նաբաղի հետ և ձգտում էր լավագույնն անել այդ իրավիճակում։
«Նա կշտամբանքներ տեղաց նրանց վրա»
8. Ո՞ւմ էր վիրավորել Նաբաղը, և ինչո՞ւ էր այդ արարքը անմիտ։
8 Նաբաղը իր անմտության պատճառով Աբիգեային շատ վատ դրության մեջ գցեց։ Նա վիրավորել էր Դավթին՝ Եհովայի հավատարիմ ծառային, ում Սամուել մարգարեն օծել էր որպես թագավոր, որը հաջորդելու էր Սավուղ թագավորին (1 Սամ. 16։1, 2, 11–13)։ Այդ ժամանակ Դավիթը փախուստի մեջ էր և իր 600 նվիրված ռազմիկների հետ ապրում էր անապատում, քանի որ Սավուղ թագավորը նախանձից դրդված ուզում էր սպանել նրան։
9, 10. ա) Ի՞նչ դժվարություններ էին դիմագրավում Դավիթն ու իր ռազմիկները։ բ) Ինչո՞ւ Նաբաղը պետք է շնորհակալ լիներ Դավթին ու նրա մարդկանց (տե՛ս նաև 10-րդ պարբերության ծանոթագրությունը)։
9 Նաբաղը ապրում էր Մաոնում, սակայն աշխատում էր Կարմեղոսիa մոտակայքում, որտեղ հավանաբար հողատարածք ուներ։ Այս քաղաքները գտնվում էին բարձրադիր գոտում և ունեին հարուստ արոտավայրեր, այդ պատճառով էլ դրանք հարմար էին ոչխար պահելու համար։ Այնտեղ էին արածում Նաբաղի 3000 ոչխարները։ Հետաքրքիր է, որ շրջակայքը անմարդաբնակ ու ամայի էր։ Հարավում Փառանի հսկա անապատն էր, իսկ արևելքում Աղի ծով տանող ճանապարհն էր, որը անցնում էր կիրճերի միջով և քարայրների կողքով։ Ինչ խոսք, այս շրջաններում Դավիթն ու իր մարդիկ շատ դժվարությունների էին բախվում և հավանաբար որսորդություն էին անում կերակուր հայթայթելու համար։ Այդ վայրերում նրանք հաճախ էին հանդիպում Նաբաղի հովիվներին։
10 Իսկ ինչպե՞ս էին Դավթի ռազմիկները վարվում Նաբաղի հովիվների հետ։ Ինչ խոսք, նրանք կարող էին գողանալ նրանց ոչխարները, բայց այդպես չէին անում։ Ընդհակառակը՝ պաշտպանում էին Նաբաղի ծառաներին և ոչխարներին (կարդա՛ 1 Սամուել 25։15, 16)։ Սովորաբար հովիվները շատ դժվարություններ էին դիմագրավում ոչխարների հոտը հսկելու ժամանակ, քանի որ ամենուր գիշատիչ կենդանիներ կային։ Բացի այդ, Իսրայելի հարավային սահմանը մոտ էր, և այդ պատճառով մյուս կողմից ավազակախմբերը հաճախ էին հարձակվումb։
11, 12. ա) Ինչպե՞ս Դավիթը հարգալից ու բարեհամբույր եղավ Նաբաղի հանդեպ։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Նաբաղը։
11 Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր 600 տղամարդկանց սննդով ապահովել անապատում։ Այդ պատճառով մի օր Դավիթը իր մարդկանցից տասը հոգու ուղարկեց Նաբաղի մոտ։ Նա ճիշտ ժամանակ էր ընտրել Նաբաղից օգնություն խնդրելու համար, քանի որ ոչխարներին խուզելու ժամանակն էր, երբ, համաձայն սովորության, մարդիկ առատաձեռնություն էին դրսևորում և խնջույքներ կազմակերպում։ Բացի դրանից, Դավիթը, հաշվի առնելով Նաբաղի տարիքը, պատվիրել էր իր մարդկանց, որ նրա հետ բարեհամբույր լինեն ու հարգալից խոսքերով ասեն. «Խնդրում եմ, ինչ որ ձեռքդ գտնի, տուր քո ծառաներին ու քո որդի Դավթին»։ Ինչպե՞ս արձագանքեց Նաբաղը (1 Սամ. 25։5–8)։
12 Նաբաղը կոպիտ ու անարգալից ձևով խոսեց։ Նա «կշտամբանքներ տեղաց» նրանց վրա։ Այդ ժլատ մարդը սկսեց բարձրաձայն դժգոհել և ասել, որ չի կարող իր հացը, ջուրը և մորթած անասունի միսը տալ անծանոթ մարդկանց։ Նույնիսկ ծաղրեց Դավթին որպես անարժեք մի մարդու և համեմատեց նրան իր տիրոջից փախած ծառայի հետ։ Սավուղի պես՝ այս մարդը նույնպես ատելություն ցույց տվեց Դավթի հանդեպ։ Ո՛չ Սավուղը, ո՛չ էլ Նաբաղը չունեին Եհովայի տեսակետը։ Եհովան սիրում էր Դավթին ու նրան համարում էր ոչ թե անհնազանդ ծառա, այլ Իսրայելի ապագա թագավոր (1 Սամ. 25։10, 11, 14)։
13. ա) Ինչպե՞ս սկզբում արձագանքեց Դավիթը Նաբաղի հասցրած վիրավորանքին։ բ) Ի՞նչ ենք սովորում Հակոբոս 1։20-ում գրված սկզբունքից։
13 Երբ Դավթի մարդիկ վերադարձան ու ամեն բան պատմեցին նրան, վերջինս շատ բարկացավ։ «Ամեն մարդ իր սուրը մեջքին կապի»,— պատվիրեց Դավիթը։ 400 ռազմիկներով նա պատրաստվեց դուրս գալու Նաբաղի դեմ։ Դավիթը երդվեց սպանել Նաբաղի տան բոլոր տղամարդկանց (1 Սամ. 25։12, 13, 21, 22)։ Ինչ խոսք, նրա զայրույթը հասկանալի է, բայց այն Դավթին սխալ արարքների դրդեց։ Աստվածաշունչն ասում է. «Զայրացող մարդը Աստծու արդարության համաձայն չի վարվում» (Հակ. 1։20)։ Հետաքրքիր է, սակայն, ինչպե՞ս էր Աբիգեան փրկելու իր ընտանիքը։
«Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը»
14. ա) Ո՞րն էր իրավիճակը շտկելու համար Աբիգեայի կատարած առաջին քայլը։ բ) Ի՞նչ գործնական դաս ենք սովորում Աբիգեայի և Նաբաղի օրինակից (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
14 Կարելի է ասել, որ Աբիգեան ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին քայլն արեց. ի տարբերություն իր ամուսնու՝ նա մինչև վերջ ուշադիր լսեց ծառային։ Վերջինս Նաբաղի մասին նրան ասաց. «Նա այնքան անպիտան մարդ է, որ օգուտ չունի նրա հետ խոսելը»c (1 Սամ. 25։17)։ Ցավոք, Նաբաղի գոռոզությունը թույլ չէր տալիս, որ մարդկանց լսի։ Այս հատկությունը տարածված է նաև այսօր։ Ինչևէ, ծառան գիտեր, որ Աբիգեան այդպիսին չէ, այդ պատճառով մոտեցավ իր տիրուհուն։
Ի տարբերություն Նաբաղի՝ Աբիգեան ուշադիր լսեց
15, 16. ա) Ինչո՞վ էր Աբիգեան նման «Առակներ» գրքում նկարագրված առաքինի կնոջը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աբիգեան չոտնահարեց ամուսնու գլխավորությունը։
15 Աբիգեան մտածեց ու անմիջապես գործի անցավ։ Աստվածաշնչում կարդում ենք, որ «Աբիգեան իսկույն գնաց»։ Այս արձանագրության մեջ նրա մասին չորս անգամ նշվում է այն միտքը, որ նա արագորեն է գործել։ Նա շտապ առատ նվերներ պատրաստեց Դավթի և նրա մարդկանց համար. հաց, գինի, ոչխար, բոված ցորեն, չամիչի և չորացրած թզի բլիթներ։ Ինչ խոսք, Աբիգեան գիտեր, թե ինչ ուներ իր տանը և լավ տնային տնտեսուհի էր, ինչպես այն առաքինի կինը, որի մասին հետագայում խոսվեց «Առակներ» գրքում (Առակ. 31։10–31)։ Այս ամենը Աբիգեան իր ծառաների միջոցով ուղարկեց Դավթին, իսկ հետո ինքը ճանապարհ ընկավ, սակայն այդ մասին ոչինչ չասաց ամուսնուն (1 Սամ. 25։18, 19)։
16 Արդյո՞ք Աբիգեան ոտնահարեց իր ամուսնու գլխավորությունը։ Ո՛չ։ Նաբաղը Եհովայի օծյալի հանդեպ արհամարհական վերաբերմունք էր դրսևորել, ինչի արդյունքում մահանալու էին անմեղ մարդիկ։ Եթե Աբիգեան անմիջապես գործի չանցներ, գուցե մեղսակից դառնար։ Այդ խոհեմ կինը առավել հնազանդվեց Աստծուն, քան իր ամուսնուն։
17, 18. Ինչպե՞ս մոտեցավ Աբիգեան Դավթին, ի՞նչ ասաց, և ի՞նչը նրա խոսքը ազդեցիկ դարձրեց։
17 Շատ չանցած՝ ճանապարհին Աբիգեան հանդիպեց Դավթին ու նրա մարդկանց։ Նա շտապ իջավ ավանակի վրայից ու մինչև գետին խոնարհվեց նրա առաջ (1 Սամ. 25։20, 23)։ Ապա խոսեց նրա հետ ու աղաչեց, որ ողորմի իր ամուսնուն և ընտանիքին։ Ի՞նչը ազդեցիկ դարձրեց նրա խոսքը։
18 Աբիգեան մեղքն իր վրա վերցրեց և ներողություն խնդրեց։ Նա ընդունեց, որ իր ամուսինը անմիտ է։ Այդպիսով Աբիգեան հավանաբար ուզում էր ասել, որ Դավթի արժանապատվությունից ցածր կլինի նման անհատին պատժել։ Նա նաև ցույց տվեց, որ վստահում է նրան՝ որպես Աստծու ներկայացուցչի, որը մղում է նրա պատերազմները։ Բացի այդ, Աբիգեան գիտեր Դավթի և նրա թագավորության վերաբերյալ Եհովայի խոստումների մասին, քանի որ ասաց. «Եհովան.... քեզ Իսրայելի վրա առաջնորդ կդնի»։ Դեռ ավելին, հորդորեց քայլեր չձեռնարկել և արյունապարտ չդառնալ, ինչը հետագայում կարող էր «գայթակղության քար» լինել, այսինքն՝ նրա խիղճը կտանջեր (կարդա՛ 1 Սամուել 25։24–31)։
19. Ինչպե՞ս Դավիթն արձագանքեց Աբիգեայի խոսքերին և ինչի՞ համար գովեց նրան։
19 Ինչպե՞ս արձագանքեց Դավիթը։ Նա ընդունեց Աբիգեայի նվերներն ու ասաց. «Օրհնյա՛լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։ Օրհնյա՛լ լինի քո խոհեմությունը, և օրհնյա՛լ լինես դու, որ այսօր ինձ ետ պահեցիր արյունապարտ լինելուց»։ Դավիթը գովեց նրան համարձակ և արագ գործելու համար ու ընդունեց, որ նա իրեն հետ պահեց արյունահեղություն անելուց։ Դավիթն ասաց. «Խաղաղությամբ քո տուն գնա։ Քո ձայնին լսեցի» (1 Սամ. 25։32–35)։
«Քո աղախինը պատրաստ է քեզ ծառայելու»
20, 21. ա) Ի՞նչ գովելի արարք կատարեց Աբիգեան։ բ) Ինչպե՞ս Աբիգեան քաջություն և խոհեմություն դրսևորեց՝ ընտրելով Նաբաղի հետ խոսելու ճիշտ ժամանակը։
20 Հետդարձի ճանապարհին Աբիգեան սկսեց մտածել այդ հանդիպման մասին։ Նա չէր կարող չնկատել հավատարիմ ու բարի Դավթի և իր կռվարար ու կոպիտ ամուսնու միջև տարբերությունը։ Ամեն դեպքում, նա չկենտրոնացավ այդ մտքի վրա։ Կարդում ենք. «Աբիգեան եկավ Նաբաղի մոտ»։ Այո՛, նա վճռել էր շարունակել լավագույն կերպով կատարել իր պարտականությունները, այդ պատճառով էլ վերադարձավ ամուսնու մոտ։ Վերջինս իրավունք ուներ իմանալու, որ իր կինը գնացել է Դավթի ու նրա մարդկանց մոտ, նվերներ է տարել, և որ իրենք մի մեծ վտանգից են փրկվել։ Աբիգեան պետք է պատմեր այդ մասին, քանի դեռ Նաբաղը մեկ ուրիշից չէր լսել։ Բայց անմիջապես չկարողացավ խոսել ամուսնու հետ, որովհետև նա թագավորի պես քեֆ էր անում ու հարբած էր (1 Սամ. 25։36)։
21 Խոհեմություն դրսևորելով՝ Աբիգեան սպասեց մինչև առավոտ, որպեսզի Նաբաղը սթափ լինի, թեև մյուս կողմից դա կարող էր վտանգավոր լինել, քանի որ վերջինս տաքարյուն մարդ էր։ Այդուհանդերձ նա քաջություն դրսևորեց և պատմեց նրան տեղի ունեցածը։ Անկասկած, Աբիգեան ակնկալում էր, որ Նաբաղը զայրույթից կպայթի ու բռնության կդիմի։ Բայց, ի զարմանս նրա, Նաբաղը անշարժացավ (1 Սամ. 25։37)։
22. Ի՞նչ եղավ Նաբաղին, և ի՞նչ ենք սովորում այդ դեպքից։
22 Ի՞նչ պատահեց Նաբաղին։ «Նրա սիրտը իր միջում մեռավ, ու նա քարի պես եղավ»։ Հավանաբար նա կաթված ստացավ։ Տասը օրից նա մահացավ, բայց ոչ թե հիվանդության պատճառով, այլ որ «Եհովան հարվածեց» (1 Սամ. 25։38)։ Այսպիսով վերջ դրվեց Աբիգեայի մղձավանջային կյանքին։ Թեև այսօր Եհովան նման կերպով չի գործում, սակայն այս դեպքը ցույց է տալիս, որ նրա աչքից չի վրիպում ընտանիքներում տեղի ունեցող բռնությունն ու դաժանությունը։ Ճիշտ ժամանակին Եհովան արդարություն է հաստատում (կարդա՛ Ղուկաս 8։17)։
23. Ինչպե՞ս օրհնվեց Աբիգեան և ինչպե՞ս ցույց տվեց, որ դա նրան չմեծամտացրեց։
23 Աբիգեային օրհնություններ էին սպասում։ Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահվան լուրը, պատգամաբերներ ուղարկեց նրա ձեռքը խնդրելու։ «Քո աղախինը պատրաստ է քեզ ծառայելու և իմ տիրոջ ծառաների ոտքերը լվալու»,— ասաց Աբիգեան։ Այն, որ նա պետք է դառնար Դավթի կինը, պատճառ չդարձավ, որ մեծամտանա։ Աբիգեան նույնիսկ առաջարկեց լինել նրա ծառաների աղախինը։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա շտապ վեր կացավ ու գնաց Դավթի մոտ (1 Սամ. 25։39–42)։
24. Աբիգեան ի՞նչ դժվարություններ ունեցավ իր նոր ընտանիքում, և ինչպե՞ս էին նրա ամուսինը և Եհովա Աստված վերաբերվում նրան։
24 Ինչ խոսք, Աբիգեայի կյանքը զերծ չէր լինելու դժվարություններից։ Դավիթն արդեն ամուսնացած էր Աքինոամի հետ։ Ու թեև Աստված թույլատրում էր բազմակնություն, բայց այն առանձնահատուկ դժվարություններ էր ստեղծում աստվածավախ կանանց համար։ Բացի այդ, Դավիթը դեռ թագավոր չէր, ուստի շատ խոչընդոտներ ու դժվարություններ դեռ պետք է հաղթահարեր։ Այդուհանդերձ, Աբիգեան պատրաստակամորեն օգնեց ու աջակցեց իր կողակցին ողջ կյանքում։ Հետագայում նրանք մի որդի ունեցան։ Դավիթը գնահատում էր իր կնոջը և պաշտպանում։ Մի առիթով նա փրկեց Աբիգեային ամաղեկացիների ձեռքից (1 Սամ. 30։1–19)։ Դավիթը ընդօրինակեց Եհովա Աստծուն, որը սիրում և գնահատում է Աբիգեայի նման խոհեմ, քաջ և հավատարիմ կանանց։
a Սա հյուսիսում գտնվող հայտնի Կարմեղոս լեռը չէ, որտեղ Եղիա մարգարեն հավաքեց Բահաղի մարգարեներին (տե՛ս 10-րդ գլուխը)։ Սա քաղաք էր, որը գտնվում էր անապատի հարավում։
b Դավիթը հավանաբար մտածում էր, որ տեղի հողատերերին և նրանց հոտերը պաշտպանելով՝ ծառայություն է մատուցում Եհովա Աստծուն։ Նա գիտեր, որ Եհովայի նպատակի համաձայն՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի ժառանգները պետք է ապրեին այդ երկրում։ Ուստի օտար զավթիչներից ու ավազակախմբերից այն պաշտպանելը սուրբ ծառայության մի ձև էր։
c Ծառայի օգտագործած արտահայտությունը բառացի նշանակում է «բելիարի որդի (անպիտան)»։ Աստվածաշնչի այլ թարգմանությունների այս հատվածում Նաբաղը ներկայացվում է որպես մեկը, «ով չի լսում ոչ ոքի», ուստի կարելի էր ասել, որ «նրա հետ խոսելն օգուտ չունի»։