Մարդ, որը հաճելի էր Եհովայի սրտին
ԴԱՎԻԹ։ Ի՞նչ է գալիս միտքդ, երբ խորհում ես աստվածաշնչյան այս կերպարի մասին։ Գուցե այն, թե ինչպես նա հաղթեց փղշտացի հսկա Գողիաթին, կամ թե ինչպես նա անապատ փախավ Սավուղ թագավորի երեսից։ Հնարավոր է՝ մտաբերես Բերսաբեի հետ գործած մեղքը և այն դժվարությունները, որ նա ունեցավ դրա հետևանքով։ Կամ էլ նրա բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել Աստվածաշնչի «Սաղմոսներ» գրքում։
Դավիթը բուռն կյանք ունեցավ. մեծ առանձնաշնորհումներ, փառահեղ հաղթանակներ և ցավալի ողբերգություններ։ Սակայն նրա մեջ ամենից շատ մեզ ուրիշ բան է գրավում։ Ի՞նչ։ Այն, որ նա «հաճելի էր Եհովայի սրտին»։ Այս խոսքերը գրված են 1 Սամուել 13։14-ում, որտեղ Սամուելը մարգարեանում է Դավթի մասին։
Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Դավիթը դեռ պատանի էր։ Չէի՞ր ուզենա, որ քո մասին էլ ասեին. «Նա Եհովայի սրտին հաճելի մարդ է»։ Անշուշտ, կուզենայիր։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է Դավիթը, հատկապես պատանի Դավիթը օգնել քեզ դառնալու այդպիսի անձնավորություն։ Եկ տեսնենք։
Ընտանիքը և զբաղմունքը
Հեսսեն, որը Դավթի հայրն էր և Բոոսի ու Հռութի թոռը, Եհովային նվիրված մարդ էր։ Նա Դավթին, նրա յոթ եղբայրներին և երկու քույրերին Մովսիսական օրենքով էր դաստիարակել։ Դավիթը իր սաղմոսներից մեկում ասում է, որ ինքը Եհովայի «աղախնի որդին է» (Սաղմոս 86։16)։ Այստեղից ոմանք եզրակացնում են, որ Դավթի մայրը, որի անունը չի նշվում Աստվածաշնչում, նույնպես դրական ազդեցություն է թողել նրա հոգևորի վրա։ Մի մասնագետ ասում է. «Ըստ ամենայնի, Դավիթը իր մոր շուրթերից է առաջին անգամ լսել, թե ինչ զարմանալի գործեր է Աստված արել իր ժողովրդի համար»։ Անկասկած, մայրը պատմել է նաև Հռութի և Բոոսի մասին։
Դավիթը Աստվածաշնչում մեզ առաջին անգամ հանդիպում է իր հոր ոչխարներն արածեցնելիս։ Նա հովիվ էր և հավանաբար շատ օրեր ու գիշերներ մենակ էր անցկացնում բաց դաշտում։ Պատկերացնո՞ւմ ես։
Հեսսեի ընտանիքը ապրում էր Բեթլեհեմում։ Սա Հուդայի լեռներում ընկած փոքր քաղաք էր։ Բեթլեհեմի շուրջ փռված քարքարոտ դաշտերում հացահատիկը վատ չէր աճում։ Մրգատու ծառերի, ձիթապտղի և խաղողի այգիները ծածկում էին հովիտը և բլուրների հարթ լանջերը։ Դավթի օրերում չմշակվող սարավանդները, հավանաբար, արոտավայրեր էին։ Ավելի հեռու ընկած էր Հուդայի անապատը։
Հովիվ լինելը անվտանգ գործ չէր։ Այդ բլուրներում էր, որ Դավիթը հանդիպել էր առյուծի ու արջի, որոնք եկել էին ոչխար հափշտակելուa։ Այս համարձակ պատանին ընկնում էր գիշատիչների հետևից, բռնում էր նրանց ու սպանում՝ ազատելով ոչխարին նրանց բերանից (1Սամուել 17։34–36)։ Հավանաբար հենց պատանեկության տարիներին էր, որ Դավիթը հմտացավ պարսատիկով քար նետելու մեջ։ Նրա հայրենի քաղաքից ոչ հեռու սկսվում էր Բենիամինի տարածքը։ Այդ ցեղի նշանաձիգները կարող էին «առանց վրիպելու մազի վրա քար նետել»։ Դավիթը նույնպես կարող էր դա անել (Դատավորներ 20։14–16; 1 Սամուել 17։49)։
Դավիթը չէր ձանձրանում
Հովվությունը հիմնականում հանգիստ գործ էր, և հովիվները սովորաբար մենակ էին արածեցնում իրենց հոտերը։ Գուցե դա ձանձրացներ նրանց, բայց ոչ Դավթին։ Անդորրավետ պայմանները բազմաթիվ հնարավորություններ էին ստեղծում մտորելու համար։ Ըստ ամենայնի, Դավթի որոշ սաղմոսներում արձանագրված են նրա պատանեկան խորհրդածությունները։ Թերևս այդ տարիների՛ն նա խորհրդածեց, թե ինչ տեղ ունի մարդը այն կարգուկանոնի մեջ, որ տիրում է տիեզերքում և թե «Եհովայի մատների գործը»՝ երկնքի հրաշքները՝ արևը, լուսինը, աստղերը, որքան հիասքանչ են։ Հավանաբար Բեթլեհեմի շուրջ գտնվող դաշտերո՛ւմ նա խորհրդածեց երկրի ոչխարների, այծերի, եզների, թռչունների և «դաշտի գազանների» մասին (Սաղմոս 8։3–9; 19։1–6)։
Անկասկած, Դավիթը, լինելով հովիվ, անձամբ զգաց, թե որքան քնքուշ և բարի է Եհովան իր հավատարիմ ծառաների նկատմամբ։ Դրա համար էլ նա երգեց. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա։ Խոտառատ արոտավայրերում է ինձ պառկեցնում և ջրառատ հանգստի վայրերն է ինձ տանում։ Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ» (Սաղմոս 23։1, 2, 4)։
Գուցե հարցնես. «Ի՞նչ կապ ունի այս ամենն ինձ հետ»։ Դավթի պես՝ դու էլ կարող ես մտերիմ փոխհարաբերություններ վայելել Եհովայի հետ և կոչվել «նրա սրտին հաճելի մարդ»։ Ինչպե՞ս։ Խորությամբ ու լրջորեն մտածելով Աստծու գործերի և նրա հետ փոխհարաբերություն ունենալու մասին։
Հավանաբար եղել է, որ խորությամբ մտածել ես Արարչի որևէ ստեղծագործության շուրջ։ Ի՞նչ ես զգացել. սիրտդ չի՞ մղել քեզ գովելու և փառաբանելու նրան։ Չե՞ս լցվել Եհովայի հանդեպ սիրով, երբ տեսել ես այն հրաշալի հատկությունները, որ նա դրսևորել է մարդկանց հանդեպ։ Բնականաբար, մարդը, որպեսզի երախտագիտության զգացումով լցվի Եհովայի հանդեպ, պետք է աղոթի նրան, ժամանակ տրամադրի խաղաղ ու հանգիստ պայմաններում նրա Խոսքի՝ Աստվածաշնչի, և արարչության շուրջ խորհրդածելուն։ Այդպիսի խորհրդածությունը կարող է օգնել քեզ Եհովային մոտիկից ճանաչելու և... սիրելու նրան։ Երիտասարդ թե տարեց՝ բոլորն էլ կարող են ճանաչել և սիրել Եհովային։ Ամենայն հավանականությամբ, Դավիթը Աստծու հետ մտերիմ էր մանկությունից։ Որտեղի՞ց գիտենք։
Դավիթն օծվում է
Երբ Սավուղ թագավորը իր մեղքով զրկվեց Աստծու ժողովրդին առաջնորդելու իրավունքից, Եհովան Սամուել մարգարեին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար, ես նրան մերժել եմ Իսրայելի վրա թագավոր լինելուց։ Եղջյուրդ յուղով լցրու և գնա։ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր եմ ընտրել» (1 Սամուել 16։1)։
Երբ Սամուել մարգարեն եկավ Բեթլեհեմ, նա Հեսսեին ասաց, որ կանչի որդիներին։ Նրանցից ո՞ւմ էր մարգարեն օծելու որպես ապագա թագավորի։ Տեսնելով գեղեցկադեմ և հաղթանդամ Եղիաբին, որն ավագ որդին էր՝ Սամուելը մտածեց. «Հաստատ սա է»։ Բայց Եհովան Սամուելին ասաց. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ նրա հասակի բարձրությանը, որովհետև ես մերժել եմ նրան։ Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում»։ Նույն ձևով Եհովան մերժեց Աբինադաբին, Սամմային և մյուս չորս եղբայրներին։ «Այդ ժամանակ Սամուելը հարցրեց Հեսսեին. «Սրա՞նք են քո բոլոր որդիները»։ Հեսսեն պատասխանեց. «Ամենակրտսերն է մնացել, բայց նա ոչխարներին է արածեցնում»» (1 Սամուել 16։7, 11)։
Հեսսեն կարծես ուզում էր ասել. «Դժվար թե Դավիթը լինի նա, ում դու փնտրում ես»։ Դավթին ուղարկում էին ոչխարներին արածեցնելու, քանի որ նա ամենակրտսեր որդին էր և ընտանիքում ամենից քիչը նրան էին ուշադրություն դարձնում։ Բայց Աստված նրան էր ընտրել։ Եհովան տեսնում է մարդու սիրտը և ակներևաբար մի շատ լավ բան տեսավ այդ պատանու մեջ։ Ուստի երբ Հեսսեն մարդ ուղարկեց Դավթի հետևից, Եհովան Սամուելին ասաց. ««Վեր կաց օծիր նրան, որովհետև սա է»։ Սամուելն էլ վերցրեց յուղով լի եղջյուրը և նրա եղբայրների մեջ օծեց նրան։ Այդ օրվանից Եհովայի ոգին սկսեց գործել Դավթի վրա» (1 Սամուել 16։12, 13)։
Աստվածաշունչը չի ասում, թե այդ ժամանակ քանի տարեկան էր Դավիթը։ Սակայն կարող ենք հաշվի առնել, որ դրանից որոշ ժամանակ անց Դավթի երեք ավագ եղբայրները՝ Եղիաբը, Աբինադաբը և Սամման, ծառայում էին Սավուղի բանակում։ Հավանաբար մյուս հինգի տարիքը չէր համապատասխանում զինվորական ծառայության համար։ Նրանցից ոչ մեկը, ըստ ամենայնի, քսան տարեկան չկար (սա այն տարիքն է, երբ տղամարդկանց կանչում էին բանակ) (Թվեր 1։3; 1 Սամուել 17։13)։ Ամեն դեպքում, Դավիթը փոքր էր, երբ Եհովան ընտրեց նրան։ Սակայն այդ տարիքում նա արդեն հոգևոր անձնավորություն էր։ Ակներևաբար, նա մտերիմ էր Եհովայի հետ, քանի որ խորհրդածում էր այն ամենի շուրջ, ինչ իմանում էր Աստծու մասին։
Պատանիներին այսօր հարկավոր է հորդորել, որ նույն ձևով վարվեն։ Ծնողնե՛ր, խրախուսո՞ւմ եք ձեր երեխաներին խորհրդածել հոգևոր բաների շուրջ, երախտագիտությամբ լցվել Աստծու հանդեպ նրա ստեղծագործությունների համար և ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ ճանաչել Արարչին (2 Օրենք 6։4–9)։ Պատանինե՛ր, իսկ դուք ինքներդ դա անո՞ւմ եք։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերըb, որոնք հիմնված են Աստվածաշնչի վրա, նախատեսված են ձեզ օգնելու համար։
Հմուտ քնարահար
Դավթի շատ սաղմոսների տեքստեր մեզ որոշակի տեղեկություններ են հայտնում այն օրերի մասին, երբ նա հովիվ էր։ Նույնը կարելի է ասել այդ տեքստերի համար գրված երաժշտության մասին։ Իհարկե, այդ մեղեդիներից ոչ մեկը չի հասել մեզ։ Սակայն մենք հաստատ գիտենք, որ դրանց հեղինակը գերազանց երաժիշտ է եղել։ Դրա մի ապացույցն այն է, որ Սավուղ թագավորը արոտավայրից կանչեց Դավթին իր մոտ, որ սպասավորություն անի, քանի որ Հեսսեի որդին հմուտ քնարահար էրc (1 Սամուել 16։18–23)։
Որտե՞ղ և ե՞րբ էր Դավիթը զարգացրել այս ունակությունը։ Հավանաբար այն օրերին, երբ դաշտում ոչխար էր արածեցնում։ Տրամաբանական է ենթադրել, որ նա արդեն այդ ժամանակ երգով փառաբանում էր Աստծուն։ Դավիթը նվիրված և հոգևոր մարդ էր, և պատահական չէ, որ Եհովան նրա՛ն ընտրեց իր կամքը կատարելու համար։
Դավիթն իր ողջ կյանքում մտերիմ մնաց Եհովայի հետ։ Այն ոգին, որ նա ուներ, անտեսանելի թելերով գնում էր դեպի պատանեկություն, այն օրերը, որոնք նա անց էր կացնում Բեթլեհեմի դաշտերում։ Պատկերացրու, թե ինչպես էր Դավիթը գովերգում Եհովային. «Հիշում եմ վաղուցվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, հաճույքով խորհրդածում եմ քո ձեռքերի գործերի շուրջ» (Սաղմոս 143։5)։ Դավթի այս և շատ ուրիշ սաղմոսներում արտացոլված ջերմությունը ոգևորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Եհովայի սրտին հաճելի մարդ լինել։
[ծանոթագրություններ]
a Սիրիական գորշ արջը, որն այդ ժամանակներում Պաղեստինում հանդիպում էր, կշռում էր մոտ 140 կիլոգրամ և կարող էր իր հսկա թաթով կենդանի կամ մարդ սպանել։ Այս տարածքում առյուծներ նույնպես կային։ Եսայիա 31։4-ում ասվում է, որ նույնիսկ «բոլոր հովիվները» չէին կարող «զորեղ առյուծի» երախից ազատել զոհին։
b Հրատարակվում են Եհովայի վկաների կողմից։
c Այն պալատականը, որը երաշխավորեց Դավթին, նաև ասաց, որ նա «խիզախ և ուժեղ մարդ է, ռազմիկ է, ճարտասան, տեսքով գեղեցիկ, և Եհովան նրա հետ է» (1 Սամուել 16։18)։