Մոտեցեք Աստծուն
«Տերը սրտին է նայում»
ԱՐՏԱՔԻՆԸ կարող է խաբուսիկ լինել։ Մարդու արտաքին տեսքից դժվար է կռահել, թե ինչպիսին է նա իրականում, ինչ կա նրա սրտում։ Սովորաբար մարդիկ հակված են դատելու՝ անհատի արտաքին տեսքին նայելով։ Մինչդեռ Եհովա Աստված տեսնում է այն, ինչ կա մարդու արտաքին տեսքի հետևում։ Այս մասին է վկայում Ա Թագավորաց 16։1–12 համարներում արձանագրված պատմությունը։
Այժմ պատկերացրու. Եհովան ցանկանում է թագավոր օծել Իսրայել ազգի համար։ Ուստի Սամուել մարգարեին պատվիրում է. «Եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ» (համար 1)։ Եհովան չի ասում այդ մարդու անունը, բայց նշում է, որ նա լինելու է Հեսսեի որդիներից մեկը։ Ճանապարհին Սամուելը հավանաբար մտածում է. «Բայց ինչպե՞ս եմ իմանալու, թե Հեսսեի որդիներից որ մեկին է ընտրել Եհովան»։
Բեթլեհեմ հասնելուն պես Սամուելը Հեսսեին ու նրա որդիներին հրավիրում է, որ իր հետ զոհ մատուցեն։ Երբ Եղիաբը՝ ավագ որդին, ներս է մտնում, մարգարեն անմիջապես նկատում է, որ նա հաճելի արտաքինով տղամարդ է։ Նա մտածում է, որ Եղիաբը արքայավայել հասակ ունի, ուստի ասում է. «Ահա Տիրոջ օծեալը իր առաջին» (համար 6)։
Եհովան, սակայն, այլ կարծիք ունի։ Նա ասում է Սամուելին. «Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի» (համար 7)։ Այո՛, Եհովային չէր տպավորել Եղիաբի բարձր հասակն ու վայելչակազմ արտաքինը։ Աստծու ամենատես աչքերը կարող են նկատել այն իսկական գեղեցկությունը, որը թաքնված է անցողիկ արտաքինի տակ։
Եհովան բացատրում է մարգարեին. «Այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (համար 7)։ Եհովան կարևորում է մարդու սիրտը՝ նրա ներքին էությունը՝ մտքերը, տրամադրվածությունը, զգացմունքները։ Այդ պատճառով «սրտերը քննողը» մերժում է ինչպես Եղիաբին, այնպես էլ Հեսսեի մյուս վեց որդիներին, որոնք կանգնում են Սամուելի առաջ (Առակաց 17։3)։
Բայց Հեսսեն մի որդի էլ ունի. Դավիթն է՝ կրտսեր որդին, որը «ոչխարներն է արածեցնում» (համար 11)։ Ուստի մարդ են ուղարկում նրա հետևից և բերում են Սամուելի մոտ։ Այնուհետև Եհովան ասում է մարգարեին. «Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է» (համար 12)։ Դավիթը «գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ» պատանի է։ Սակայն Աստված նրա սրտին էր նայել ու այդ պատճառով էր նրան թագավոր ընտրել (Ա Թագավորաց 13։14)։
Ճիշտ է, թեև այս աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում արտաքին գեղեցկությանը, սակայն մխիթարական է իմանալ, որ Եհովա Աստծուն չի տպավորում մարդու արտաքին տեսքը։ Նրա համար նշանակություն չունի՝ բարձրահասա՞կ ես, թե՞ ոչ, ուրիշները քեզ հմայիչ ու գեղեցի՞կ են համարում։ Եհովան կարևորում է քո ներքին էությունը, քո սիրտը։ Մի՞թե չես մղվում մշակելու այնպիսի հատկություններ, որոնք քեզ գեղեցիկ կդարձնեն Աստծո՛ւ աչքում։