ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 32
Խոնարհությամբ և համեստությամբ քայլիր քո Աստծու հետ
«Քո Աստծու հետ համեստությամբ քայլիր» (ՄԻՔ. 6։8)։
ԵՐԳ 31 Քայլիր Աստծու հետ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ ասաց Դավիթը Եհովայի խոնարհության մասին։
ԿԱՐՈ՞Ղ ենք Եհովայի մասին ասել, որ նա խոնարհ է։ Այո՛, կարող ենք։ Մի անգամ Դավիթն ասաց. «Դու կտաս ինձ քո փրկության վահանը. քո խոնարհությունը բարձրացնում է ինձ» (2 Սամ. 22։36; Սաղ. 18։35)։ Այս խոսքերն ասելիս Դավիթը հավանաբար հիշել էր այն օրը, երբ Սամուել մարգարեն եկել էր իր հոր տուն, որպեսզի թագավոր օծեր Իսրայելի համար։ Հեսսեի ութ որդիներից Դավիթը ամենափոքրն էր, բայց Եհովան հենց նրան ընտրեց, որ Սավուղի փոխարեն թագավոր լինի (1 Սամ. 16։1, 10–13)։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Դավիթը, անշուշտ, կհամաձայնվեր 113-րդ սաղմոսը գրողի հետ, ով Եհովայի մասին ասել է. «Նա խոնարհվում է, որ նայի երկնքին ու երկրին, բարձրացնում է խեղճին փոշու միջից, մոխրի միջից հանում է չքավորին, որպեսզի իշխանավորների հետ նստեցնի նրան» (Սաղ. 113։6–8)։ Այս հոդվածում նախ կքննենք, թե ինչպես է Եհովան տարբեր իրավիճակներում խոնարհություն դրսևորել ու կարևոր դասեր կսովորենք նրա օրինակից։ Այնուհետև կիմանանք, թե ինչ կարող ենք սովորել համեստության մասին Սավուղ թագավորի, Դանիել մարգարեի և Հիսուս Քրիստոսի օրինակներից։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՑ
3. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում մեզ, և ի՞նչ է դա փաստում։
3 Եհովայի վերաբերմունքը իր անկատար ծառաների հանդեպ փաստում է, որ նա խոնարհ է։ Եհովան ոչ միայն ընդունում է մեր երկրպագությունը, այլ նաև մեզ իր ընկերն է համարում (Սաղ. 25։14)։ Նա զոհել է իր Որդուն, որպեսզի հիմք ստեղծի մեր մեղքերի ներման համար, ինչը մեզ իր հետ ընկերանալու հնարավորություն է տալիս։ Որքա՜ն ողորմած ու կարեկից է մեր Աստված Եհովան։
4. Ի՞նչ է Եհովան մեզ տվել և ինչո՞ւ։
4 Քննենք Եհովայի խոնարհության մեկ այլ դրսևորում։ Լինելով մեր Արարիչը՝ նա կարող էր մեզ այնպես ստեղծել, որ հնարավորություն չունենայինք ընտրելու մեր կյանքի ուղին։ Բայց այդպես չի վարվել։ Նա մեզ իր պատկերով է ստեղծել և օժտել է ազատ կամքով։ Թեև Աստծու համեմատ մենք շատ փոքր ու թույլ ենք, բայց նրա համար մեկ չէ, թե մենք ինչ որոշումներ կկայացնենք։ Եհովան ուզում է, որ ծառայենք իրեն սիրուց մղված և այն բանի գիտակցումով, որ նրան հնազանդվելը մեր օգտի համար է (2 Օրենք 10։12; Ես. 48։17, 18)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային խոնարհության նման դրսևորման համար։
5. Ինչպե՞ս է Եհովան մեզ սովորեցնում խոնարհ լինել (տես ամսագրի շապիկի նկարը)։
5 Եհովան իր վարվելակերպով մեզ սովորեցնում է խոնարհ լինել։ Նա տիեզերքի ամենաիմաստուն Անձնավորությունն է։ Չնայած դրան՝ պատրաստ է ընդունելու ուրիշների առաջարկները։ Օրինակ, երբ նա արարում էր ամեն բան, թույլ տվեց իր Որդուն աջակցել իրեն (Առակ. 8։27–30; Կող. 1։15, 16)։ Եհովան նաև ամենակարող է, այդուհանդերձ, պատասխանատվություններ և իշխանություն է տալիս ուրիշներին։ Օրինակ՝ նա Հիսուսին Թագավոր է նշանակել և 144 000 մարդու հնարավորություն է տվել լինելու նրա թագավորակիցները (Ղուկ. 12։32)։ Ինչ խոսք, Եհովան պատրաստել է Հիսուսին Թագավոր և Քահանայապետ լինելու համար (Եբր. 5։8, 9)։ Նա նաև կրթում է Հիսուսի թագավորակիցներին, սակայն միևնույն ժամանակ չի փորձում վերահսկել նրանց ամեն մի քայլը, մինչ նրանք կատարում են իրենց հանձնարարությունները։ Եհովան վստահ է, որ նրանք իր կամքի համաձայն կգործեն (Հայտն. 5։10)։
6–7. Ի՞նչ կարող ենք սովորել մեր երկնային Հորից ուրիշներին պատասխանատվություններ վստահելու հարցում։
6 Եթե մեր երկնային Հայրը, ով ոչ մեկի աջակցության կարիքը չունի, պատասխանատվություններ է տալիս ուրիշներին, առավել ևս մենք պետք է այդպես վարվենք։ Լավ կլինի, որ ընտանիքի գլուխները և երեցները, Եհովային ընդօրինակելով, պատասխանատվություններ վստահեն ուրիշներին և ամեն ինչում չվերահսկեն նրանց աշխատանքը։ Եթե ընդօրինակես Եհովային, ոչ միայն գործն առաջ կգնա, այլև կկարողանաս կրթել ուրիշներին և թև տալ նրանց (Ես. 41։10)։ Իշխանություն ունեցողները ուրիշ ի՞նչ կարող են սովորել Եհովայից։
7 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովային հետաքրքրում է իր ոգեղեն որդիների կարծիքը (1 Թագ. 22։19–22)։ Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Եհովային այս հարցում։ Երբ տեղին է, հարցրեք ձեր երեխաներին, թե ինչպես կցանկանան կատարել այս կամ այն հանձնարարությունը, և եթե լավ առաջարկ են անում, ընդունեք այն։
8. Ինչպե՞ս Եհովան վարվեց Աբրահամի ու Սառայի հետ։
8 Եհովայի խոնարհությունը երևում է նաև այն բանից, որ նա համբերատար է։ Օրինակ՝ նա համբերությամբ է վարվում իր այն ծառաների հետ, ովքեր կասկածներ ունեն իր որոշումների առնչությամբ։ Եհովան լսեց Աբրահամին, երբ վերջինս արտահայտեց իր մտահոգությունները Սոդոմի ու Գոմորի կործանման հետ կապված (Ծննդ. 18։22–33)։ Հիշենք նաև, թե նա ինչպես վարվեց Աբրահամի կնոջ՝ Սառայի հետ, երբ վերջինս ծիծաղեց ծեր հասակում հղիանալու իր խոստման վրա։ Վիրավորվելու և բարկանալու փոխարեն՝ Եհովան արժանապատվությամբ վերաբերվեց նրան (Ծննդ. 18։10–14)։
9. Ծնողներն ու երեցները ի՞նչ կարող են սովորել Եհովայից։
9 Սիրելի՛ ծնողներ ու երեցներ, ի՞նչ կարող եք սովորել Եհովայից։ Մի պահ մտածեք, թե ինչպես եք արձագանքում, երբ ձեր երեխաները կամ ժողովից ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում ձեր որոշումները։ Անմիջապես փորձում եք ուղղե՞լ նրանց, թե՞ ձգտում եք հասկանալ նրանց տեսակետը։ Ընտանիքներն ու ժողովները, անշուշտ, օգուտներ կքաղեն, եթե իշխանություն ունեցողները ընդօրինակեն Եհովային։ Մինչ այժմ խոսեցինք, թե խոնարհության վերաբերյալ ինչ կարող ենք սովորել Եհովայից։ Հիմա եկեք տեսնենք, թե Աստծու Խոսքում գրված օրինակներից ինչ կարող ենք սովորել համեստության մասին։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՑ
10. Ինչպե՞ս է Եհովան սովորեցնում մեզ։
10 Մեր «Մեծագույն Ուսուցիչը»՝ Եհովան, մեզ կրթելու համար իր Խոսքում գրել է տվել տարբեր մարդկանց օրինակներ (Ես. 30։20, 21)։ Մենք կարող ենք սովորել թե՛ այն մարդկանցից, ովքեր դրսևորել են աստվածահաճո հատկություններ, օրինակ՝ համեստություն, թե՛ նրանցից, ովքեր թերացել են այդ հարցում (Սաղ. 37։37; 1 Կորնթ. 10։11)։
11. Ի՞նչ դաս ենք քաղում Սավուղի օրինակից։
11 Ուշադրություն դարձնենք Սավուղ թագավորի օրինակին։ Սկզբում նա մի համեստ երիտասարդ էր, ով գիտակցում էր, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և վարանում էր ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել (1 Սամ. 9։21; 10։20–22)։ Սակայն թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց նա հանդուգն դարձավ։ Մի անգամ նա համբերություն չդրսևորեց, երբ Սամուել մարգարեն ուշանում էր։ Սավուղը համեստությամբ չվարվեց և չվստահեց Եհովային, որ նա հոգ կտանի ժողովրդի մասին։ Նա ողջակեզ մատուցեց, ինչն անելու իրավունքը չուներ։ Արդյունքում կորցրեց Եհովայի հավանությունը, իսկ հետագայում՝ նաև թագավորությունը (1 Սամ. 13։8–14)։ Եթե իմաստուն լինենք, դասեր կքաղենք այս նախազգուշական օրինակից և հանդգնորեն չենք վարվի։
12. Ինչպե՞ս Դանիելը համեստություն դրսևորեց։
12 Այժմ եկեք տեսնենք, թե ի տարբերություն Սավուղի՝ ինչ լավ օրինակ թողեց Դանիել մարգարեն։ Իր ողջ կյանքի ընթացքում Դանիելը մնաց համեստ ու խոնարհ և միշտ փնտրեց Եհովայի առաջնորդությունը։ Մի անգամ, երբ նա Եհովայի օգնությամբ մեկնեց Նաբուգոդոնոսորի երազը, փառքն իրեն չվերագրեց։ Փոխարենը՝ համեստորեն ողջ փառքն ու պատիվը ուղղեց Եհովային (Դան. 2։26–28)։ Ի՞նչ ենք սովորում։ Երբ մեր հավատակիցներին դուր են գալիս մեր ելույթները, կամ երբ ծառայության մեջ հաջողություններ ենք ունենում, լավ կլինի հիշենք, որ այդ ամենի համար ողջ փառքը պետք է ուղղենք Եհովային։ Պետք է համեստորեն ընդունենք, որ առանց նրա օգնության՝ չէինք կարողանա անել այդ ամենը (Փիլիպ. 4։13)։ Նման տրամադրվածություն դրսևորելով՝ կնմանվենք նաև Հիսուսին։
13. Հովհաննես 5։19 և 30 համարներում գրված Հիսուսի խոսքերից ի՞նչ ենք սովորում համեստության մասին։
13 Թեև Հիսուսը Աստծու կատարյալ Որդին էր, բայց գիտակցում էր, որ նրա օգնության կարիքն ունի (կարդա Հովհաննես 5։19, 30)։ Նա երբեք չփորձեց իշխանությունը խլել իր երկնային Հորից։ Փիլիպպեցիներ 2։6-ում կարդում ենք, որ Հիսուսը «չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին»։ Լինելով հնազանդ Որդի՝ նա գիտակցում էր, որ սահմանափակ հնարավորություններ ունի և հարգում էր իր Հոր իշխանությունը։
14. Ինչպե՞ս էր վարվում Հիսուսը, երբ իրեն խնդրում էին անել մի բան, ինչի իրավասությունը չուներ։
14 Ուշադրություն դարձնենք, թե ինչպես վարվեց Հիսուսը, երբ Հակոբոս և Հովհաննես աշակերտները իրենց մոր հետ եկան իր մոտ և խնդրեցին անել մի բան, ինչի իրավունքը նա չուներ։ Հիսուսը անմիջապես պատասխանեց, որ միայն իր երկնային Հայրը կարող է որոշել, թե Թագավորության մեջ ով է նստելու իր աջ ու ձախ կողմերը (Մատթ. 20։20–23)։ Նա ցույց տվեց, որ ընդունում է իր հնարավորությունների սահմանափակ լինելը։ Հիսուսը համեստ էր. նա երբեք չարեց մի բան, ինչի իրավունքը Եհովայից չէր ստացել (Հովհ. 12։49)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
15–16. Ինչպե՞ս կարող ենք կիրառել 1 Կորնթացիներ 4։6-ում գրված խորհուրդը։
15 Համեստության հարցում մենք կընդօրինակենք Հիսուսին, եթե կիրառենք 1 Կորնթացիներ 4։6-ում գրված խորհուրդը։ Այնտեղ ասվում է. «Գրվածից այն կողմ մի՛ անցեք»։ Երբ մեզնից խորհուրդ են հարցնում, չպետք է այն հիմնենք մեր անձնական կարծիքի վրա կամ էլ ասենք այն, ինչ առաջինը կգա մեր միտքը։ Փոխարենը՝ պետք է մարդու ուշադրությունը հրավիրենք Աստծու Խոսքի և դրա վրա հիմնված հրատարակությունների վրա։ Այդպիսով ցույց կտանք, որ գիտակցում ենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և ընդունում ենք, որ Ամենակարողի խորհուրդները՝ «արդար վճիռները», լավագույնն են (Հայտն. 15։3, 4)։
16 Փառքը Եհովային ուղղելուց բացի՝ համեստ լինելու այլ պատճառներ էլ կան։ Այժմ կիմանանք, թե խոնարհությունն ու համեստությունը ինչպես կարող են մեզ ուրախություն բերել և օգնել լավ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։
ԽՈՆԱՐՀ ՈՒ ՀԱՄԵՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
17. Ինչո՞ւ են խոնարհ ու համեստ մարդիկ ուրախ։
17 Խոնարհ ու համեստ մարդիկ սովորաբար ուրախ են։ Ինչո՞ւ։ Եթե գիտակցենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, ապա ուրախությամբ կընդունենք ուրիշների օգնությունը և շնորհակալ կլինենք դրա համար։ Հիշենք այն դեպքը, երբ Հիսուսը բուժեց տասը բորոտների։ Նրանցից միայն մեկը վերադարձավ, որ շնորհակալություն հայտնի։ Նա շատ լավ հասկանում էր, որ ինքնուրույն չէր կարողանա բուժվել այդ սարսափելի հիվանդությունից։ Այդ խոնարհ ու համեստ մարդը երախտագետ էր իր ստացած օգնության համար և մղվեց փառաբանելու Աստծուն (Ղուկ. 17։11–19)։
18. Համեստությունն ու խոնարհությունը ինչպե՞ս են օգնում մեզ, որ լավ փոխհարաբերություններ ունենանք ուրիշների հետ (Հռոմեացիներ 12։10)։
18 Խոնարհ ու համեստ մարդիկ ավելի հեշտ են լեզու գտնում ուրիշների հետ և մտերիմ ընկերներ ձեռք բերում։ Ինչո՞ւ։ Քանի որ գնահատում են մարդկանց լավ հատկությունները և վստահում են նրանց։ Նրանք ուրախանում են, երբ ուրիշները հաջողությամբ կատարում են իրենց հանձնարարությունները և գովում են նրանց դրա համար ու պատվի արժանացնում (կարդա Հռոմեացիներ 12։10)։
19. Ինչո՞ւ պետք է խուսափենք հպարտությունից։
19 Ի տարբերություն խոնարհ ու համեստ մարդու՝ հպարտ մարդը դժվարությամբ է գովում ուրիշներին։ Նա ավելի շատ սիրում է, երբ իրեն են գովում։ Սովորաբար հպարտ մարդիկ իրենց համեմատում են ուրիշների հետ և մրցակցության ոգի են հրահրում։ Ուրիշներին կրթելու և նրանց պատասխանատվություններ վստահելու փոխարեն՝ նրանք այսպես են մտածում. «Եթե ուզում ես մի բան ճիշտ արվի [այսինքն՝ իրենց ուզած ձևով], ապա ինքդ պետք է անես»։ Հաճախ հպարտ մարդիկ փառատենչ են ու նախանձ (Գաղ. 5։26)։ Նման մարդու հետ ընկերությունը հազվադեպ է երկար տևում։ Եթե մեր մեջ հպարտության նշույլներ ենք նկատում, պետք է աղերսենք Եհովային, որ օգնի մեզ «նորոգել [մեր] միտքը», որպեսզի ազատվենք այդ վատ հատկությունից և թույլ չտանք, որ այն խոր արմատներ գցի (Հռոմ. 12։2)։
20. Ինչո՞ւ պետք է խոնարհ ու համեստ լինենք։
20 Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային իր օրինակի համար։ Երբ տեսնում ենք, թե նա ինչպես է խոնարհություն դրսևորում, մղվում ենք ընդօրինակելու նրան։ Մենք ուզում ենք ընդօրինակել նաև նրանց, ովքեր Աստծու հետ համեստությամբ են քայլել։ Թող որ միշտ Եհովային տանք այն փառքն ու պատիվը, որին նա արժանի է (Հայտն. 4։11)։ Այդ դեպքում մենք էլ պատիվ կունենանք քայլելու մեր երկնային Հոր հետ, ով սիրում է խոնարհ ու համեստ մարդկանց։
ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը
a Խոնարհ անձնավորությունը ողորմած է ու կարեկից։ Հետևաբար իրավամբ կարող ենք ասել, որ Եհովան խոնարհ է։ Այս հոդվածում Եհովայից կսովորենք, թե ինչպես կարող ենք խոնարհ լինել։ Սավուղ թագավորի, Դանիել մարգարեի և Հիսուս Քրիստոսի օրինակներից էլ կտեսնենք, թե ինչ է նշանակում համեստ լինել։
b ՆԿԱՐ։ Երեցը կրթում է երիտասարդ եղբորը, որպեսզի վերջինս ստանձնի ժողովի տարածքների հետ կապված պատասխանատվությունը։ Հետո նա ամեն ինչում չի վերահսկում նրա աշխատանքը։
c ՆԿԱՐ։ Քույրը հարցնում է երեցին, թե արդյոք տեղին է ներկա լինել մի հարսանեկան արարողության, որը տեղի է ունենալու եկեղեցում։ Երեցը ոչ թե իր անձնական կարծիքն է հայտնում, այլ նրա հետ քննարկում է աստվածաշնչյան սկզբունքներ։