ԳԼՈՒԽ 12
Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
1, 2. Ի՞նչ հիշարժան իրադարձությունների մասին էր մտածում Եղիան։
ՄՈՒԹԸ վրա էր հասնում։ Եղիան վազում էր տեղատարափ անձրևի տակ։ Նա դեռ երկար ճանապարհ պետք է անցներ Հեզրայել հասնելու համար։ Եղիան երիտասարդ չէր, սակայն վազում էր ու չէր հոգնում, քանի որ «Եհովայի ձեռքը» նրա վրա էր։ Նա երբևէ այսպիսի գերբնական զորություն չէր զգացել իր վրա։ Մարգարեն նույնիսկ առաջ ընկավ Աքաաբ թագավորի արքայական կառքից, որին մի քանի ձի էր լծած (կարդա՛ 1 Թագավորներ 18։46)։
2 Աքաաբ թագավորը իր կառքով մնաց հետևում։ Մարգարեն ուշադրություն չէր դարձնում, թե ինչպես էր անձրևը ուժգին հարվածում իր դեմքին։ Նա հավանաբար խորհում էր իր կյանքի ամենահիշարժան օրվա մասին։ Դա իր Աստված Եհովայի և ճշմարիտ երկրպագության փառահեղ հաղթանակն էր։ Կարմեղոս լեռը մնաց հեռվում, նրա գագաթը գրեթե չէր երևում, քանի որ հորդառատ անձրևի պատճառով երկինքը մռայլ ու ամպամած էր։ Այդ նույն լեռան վրա էր, որ Եհովան Եղիայի միջոցով Բահաղի երկրպագուներին հրաշքով խայտառակ պարտության մատնեց։ Բահաղի հարյուրավոր մարգարեներ արդարացիորեն մահապատժի ենթարկվեցին, քանի որ փաստվեց նրանց կեղծ ու խաբեբա լինելը։ Հետո Եղիան աղոթեց, որ Եհովան վերջ դնի երեք ու կես տարի տևած երաշտին։ Եվ հորդառատ անձրև սկսվեց (1 Թագ. 18։18–45)։
3, 4. ա) Ի՞նչ հույսով էր լցվել Եղիան Հեզրայելի ճանապարհին։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
3 Եղիան շարունակում էր անձրևի տակ վազել Հեզրայելի ուղղությամբ, որը 30 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Նա թերևս հույս ուներ, որ այս ամենից հետո շրջադարձային փոփոխություններ տեղի կունենան. Աքաաբը այդ ամենի ականատեսը լինելուց հետո, անկասկած, կփոխվի ու վերջ կդնի Բահաղի երկրպագությանը, կսանձի իր թագուհուն՝ Հեզաբելին, և կդադարի Եհովայի ծառաներին հետապնդելուց։
4 Երբ ամեն բան կյանքում սկսում է ընթանալ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ուզում, մեր մեջ հույս է արթնանում, և մտածում ենք, որ մեր հանգամանքները կբարելավվեն, իսկ ամենածանր խնդիրները անցյալի գիրկը կանցնեն։ Եթե Եղիան այդպես էր մտածում, ապա դա զարմանալի չէ, քանի որ նա «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Իրականում, Եղիայի խնդիրները ամենևին էլ վերջ չէին գտել։ Ընդամենը մի քանի ժամ անց նա վախով էր լցվելու ու այն աստիճան էր հուսահատվելու, որ գերադասելու էր մահանալ։ Տեսնենք, թե ինչ պատահեց հետո, և ինչպես Եհովան օգնեց իր մարգարեին, որ նա ամրացնի իր հավատն ու արիանա։
Շրջադարձային փոփոխություն
5. Արդյո՞ք Աքաաբը փոխվեց Կարմեղոս լեռան վրա պատահած դեպքերից հետո։
5 Երբ Աքաաբը հասավ Հեզրայելում գտնվող իր պալատ, պարզ դարձավ, որ ամենևին էլ չի փոխել իր մտածելակերպը։ Կարդում ենք. «Աքաաբը Հեզաբելին պատմեց այն ամենը, ինչ որ Եղիան արել էր, և թե ինչպես էր սրով սպանել բոլոր մարգարեներին» (1 Թագ. 19։1)։ Նկատի առ այն, որ երբ Աքաաբը սկսեց պատմել, թե ինչ էր տեղի ունեցել այդ օրը, նա չնշեց Եղիայի Աստված Եհովայի մասին։ Աքաաբը այդ օրվա հրաշքին նայեց միայն մարմնավոր աչքերով՝ այդ ամենը վերագրելով Եղիային։ Հստակ է, ուրեմն, որ նա շարունակում էր անհարգալից վերաբերմունք դրսևորել Եհովայի հանդեպ։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց նրա չար կինը՝ Հեզաբելը։
6. Ի՞նչ լուր ուղարկեց Հեզաբելը Եղիային, և ի՞նչ էր դա նշանակում։
6 Հեզաբելը կատաղեց և հետևյալ լուրը ուղարկեց Եղիային. «Թող աստվածները այսպես ու սրանից ավելին անեն, եթե վաղը այս ժամին ես քո հոգու հետ նույնը չանեմ, ինչ որ նրանցից ամեն մեկի հոգու հետ եղավ» (1 Թագ. 19։2)։ Սա մահվան ամենասարսափելի սպառնալիքն էր։ Փաստորեն Հեզաբելն իր կյանքով երդվեց վրեժ առնել Բահաղի մարգարեների համար և մեկ օրվա ընթացքում սպանել Եղիային։ Պատկերացրու, թե ինչ զգաց Եղիան, երբ գիշերով՝ այդ անձրևային եղանակին, պատգամաբերը մտավ նրա համեստ կացարանը և, քնից արթնացնելով, հայտնեց թագուհու այս սահմռկեցուցիչ խոսքերը։
Հուսալքված ու վախով համակված
7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հեզաբելի սպառնալիքը Եղիայի վրա, և ի՞նչ արեց նա։
7 Եթե Եղիան իր սրտում հույսեր էր փայփայում, թե Բահաղի երկրպագուների դեմ ուղղված պատերազմը ավարտվել է, ապա այդ պահին նրա սպասումներն ի դերև եղան։ Հեզաբելը բնավ չէր պատրաստվում զիջելու իր դիրքերը։ Բազմաթիվ հավատարիմ մարգարեներ արդեն սրի էին մատնվել թագուհու կարգադրությամբ. այժմ հերթը հասել էր Եղիային։ Հեզաբելի սպառնալիքը ի՞նչ ազդեցություն ունեցավ Եղիայի վրա։ Աստվածաշունչն ասում է, որ մարգարեն «վախեցավ»։ Գուցե նա մտովի պատկերացրեց այն սարսափելի մահը, որն իր համար նախատեսել էր Հեզաբելը։ Եթե մարգարեն շարունակ դրա մասին է մտածել, ապա պետք է որ կորցրած լիներ իր քաջությունը։ Ամեն դեպքում նրա մասին կարդում ենք, որ նա «իր հոգին փրկելու» համար փախավ (1 Թագ. 18։4; 19։3)։
Եթե ցանկանում ենք քաջ մնալ, չպետք է թույլ տանք, որ մեր միտքը կենտրոնանա մեզ վախեցնող վտանգների վրա
8. ա) Ո՞վ հետագայում Եղիայի պես վախով համակվեց և ինչպե՞ս։ բ) Ի՞նչ դաս ենք սովորում Եղիայի և Պետրոսի օրինակներից։
8 Իհարկե, նա միակ հավատարիմ անձնավորությունը չէր, որ վախով համակվեց։ Ավելի ուշ նման բան տեղի ունեցավ նաև Պետրոս առաքյալի հետ։ Օրինակ՝ երբ Հիսուսը այնպես արեց, որ նա կարողանա քայլել ջրի վրայով, վերջինս «փոթորկին նայեց», ապա կորցնելով իր քաջությունը՝ սկսեց սուզվել (կարդա՛ Մատթեոս 14։30)։ Եղիայի և Պետրոսի օրինակները մի արժեքավոր դաս են սովորեցնում մեզ. եթե ցանկանում ենք քաջ մնալ, չպետք է թույլ տանք, որ մեր միտքը կենտրոնանա մեզ վախեցնող վտանգների վրա։ Փոխարենը՝ պետք է մեր աչքերը հառենք մեր հույսի ու զորության Աղբյուրին։
«Բավակա՛ն է»
9. Ի՞նչ ճանապարհ անցավ Եղիան և ի՞նչ զգացումներով էր համակված։
9 Վախը սրտում՝ Եղիան փախավ դեպի հարավ-արևմուտք՝ մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերսաբեե քաղաք, որը Հուդայի հարավային սահմանի մոտ էր։ Այնտեղ նա թողեց իր սպասավորին, իսկ ինքը մենակ ճանապարհ ընկավ անապատի միջով։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «մեկ օրվա ճանապարհ գնաց», ուստի կարող ենք պատկերացնել, թե ինչպես մարգարեն լուսաբացին ճանապարհ ընկավ, ակներևաբար, իր հետ ոչինչ չվերցնելով։ Ճնշված ու ավելի քան երբևէ վախեցած՝ նա կիզիչ արևի տակ մի կերպ առաջ էր շարժվում՝ անցնելով անհարթ ու ամայի տեղանքով։ Երբ երկնքում շլացուցիչ հրե գունդը շառագունեց ու աստիճանաբար սուզվեց հորիզոնում, Եղիայի ուժերը դավաճանեցին նրան։ Ուժասպառ եղած՝ նա նստեց մի օրոճի տակ, որն այդ անբնակ տարածքի միակ ապաստարանն էր (1 Թագ. 19։4)։
10, 11. ա) Ի՞նչ է ցույց տալիս Եղիայի աղոթքը։ բ) Նկարագրիր, թե ինչ են զգացել այլ հավատարիմ մարդիկ, երբ վհատված են եղել (օգտվիր աստվածաշնչյան մեջբերումներից)։
10 Ծայրահեղ վհատության մեջ Եղիան աղոթեց Աստծուն ու սկսեց իր հոգու համար մահ խնդրել՝ ասելով. «Ես իմ հայրերից ավելի լավը չեմ»։ Նա գիտեր, որ իր նախահայրերը պարզապես հող են դարձել, և նրանց ոսկորներն են մնացել գերեզմանում. նրանք չեն կարող ինչ-որ բարիք անել որևէ մեկին (Ժող. 9։10)։ Եղիան իրեն այդ աստիճան անարժեք էր զգում։ Ուստի ամենևին էլ չենք զարմանում, երբ կարդում ենք, որ նա աղաղակեց՝ «բավակա՛ն է»։ Էլ ինչի՞ համար պետք է ապրեր։
11 Մի՞թե պետք է զարմանանք, եթե Աստծու ծառաներից որևէ մեկը ծայրահեղ վհատության մեջ ընկնի։ Ամենևի՛ն։ Աստվածաշնչում արձանագրված են բազմաթիվ հավատարիմ տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր այնքան են ընկճվել, որ նույնիսկ ցանկացել են մահանալ։ Նրանց թվում էին Ռեբեկան, Հակոբը, Մովսեսը և Հոբը (Ծննդ. 25։22; 37։35; Թվեր 11։13–15; Հոբ 14։13)։
12. Եթե երբևէ քեզ ընկճված զգաս, Եղիայի պես ի՞նչ պետք է անես։
12 Այսօր մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», ուստի չպետք է անակնկալի գանք՝ տեսնելով, որ շատերը, այդ թվում նաև Աստծու հավատարիմ ծառաները երբեմն ընկճվում են (2 Տիմոթ. 3։1)։ Եթե դու էլ երբևէ նման իրավիճակում հայտնվես, ընդօրինակիր Եղիային. բա՛ց արա սիրտդ Աստծու առաջ։ Չէ՞ որ Եհովան «ամենայն մխիթարության Աստված է» (կարդա՛ 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Ի՞նչ ես կարծում, Աստված մխիթարե՞ց Եղիային։
Եհովան նեցուկ եղավ իր մարգարեին
13, 14. ա) Ինչպե՞ս Եհովան հրեշտակի միջոցով հոգ տարավ իր մարգարեի մասին։ բ) Ինչո՞ւ է մխիթարական, որ Եհովան ամեն բան գիտի յուրաքանչյուրիս մասին։
13 Քո կարծիքով՝ ի՞նչ էր զգում Եհովան, երբ երկնքից նայում էր իր սիրելի մարգարեին, որն անապատում, ծառի տակ նստած, իր հոգու համար մահ էր աղերսում։ Եկ տեսնենք։ Երբ Եղիան քուն մտավ, Եհովան նրա մոտ մի հրեշտակ ուղարկեց։ Այդ հրեշտակը, կամաց դիպչելով Եղիային, արթնացրեց նրան ու ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր»։ Մարգարեն լսեց նրան, վեր կացավ, կերավ նրա առաջ դրած մի կտոր տաք հացը և խմեց ջուրը։ Շնորհակալություն հայտնե՞ց նա հրեշտակին։ Արձանագրության մեջ միայն ասվում է, որ նա կերավ, խմեց ու նորից քնեց։ Արդյո՞ք մարգարեն այն աստիճան էր ընկճվել, որ չէր կարողանում խոսել։ Ինչևէ, հրեշտակը նրան երկրորդ անգամ արթնացրեց՝ հավանաբար մայրամուտին։ Մեկ անգամ ևս նա Եղիային ասաց՝ «վե՛ր կաց ու կե՛ր», ապա ավելացրեց. «Որովհետև ճանապարհդ երկար է լինելու» (1 Թագ. 19։5–7)։
14 Հրեշտակը գիտեր, թե ուր է Եղիան գնում, և որ այդ ճանապարհորդությունը մարգարեի ուժերից վեր է։ Ի՜նչ մխիթարական է ծառայել մի Աստծու, ով մեզնից լավ գիտի մեր նպատակների ու սահմանափակ հնարավորությունների մասին (կարդա՛ Սաղմոս 103։13, 14)։ Ի՞նչ տվեց Եղիային այդ կերակուրը։
15, 16. ա) Ինչպե՞ս Եհովայի տված կերակուրը զորացրեց Եղիային։ բ) Ինչպե՞ս է Եհովան այսօր զորացնում մեզ, և ինչո՞ւ պետք է թանկ գնահատենք դա։
15 Կարդում ենք. «Նա վեր կացավ, կերավ ու խմեց։ Ուժ ստանալով իր կերածից՝ նա քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Քորեբ՝ մինչև ճշմարիտ Աստծու լեռը» (1 Թագ. 19։8)։ Եղիան 40 օր ու 40 գիշեր հաց չկերավ ինչպես Մովսեսը, որը նրանից վեց դար առաջ էր ապրել, և ինչպես Հիսուսը, որը մոտ տասը դար հետո էր աշխարհ գալու (Ելք 34։28; Ղուկ. 4։1, 2)։ Ինչ խոսք, այդ կերակուրը չլուծեց նրա բոլոր խնդիրները, բայցևայնպես այն հրաշքով զորացրեց նրան։ Պատկերացրու, թե ինչպես էր տարիքն առած այս հավատարիմ ծառան օրեր ու շաբաթներ շարունակ՝ մոտ մեկ ու կես ամիս, անցնում ամայի վայրերով։
16 Եհովան այսօր նույնպես զորացնում է իր ծառաներին, սակայն նա անում է դա ոչ թե ֆիզիկական հրաշք-կերակուրի, այլ հոգևոր սննդի միջոցով (Մատթ. 4։4)։ Երբ Աստվածաշնչից և դրա վրա հիմնված հրատարակություններից սովորում ենք Աստծու մասին, հոգևորապես զորանում ենք։ Այսպիսի սննդարար հոգևոր կերակուրը գուցե չազատի մեզ խնդիրներից, սակայն կարող է օգնել դիմադրելու բոլոր այն դժվարություններին, որոնց դեմ այլ կերպ հնարավոր չէ պայքարել։ Բացի այդ, հոգևոր կերակուրը առաջնորդում է «հավիտենական կյանքի» (Հովհ. 17։3)։
17. Ո՞ւր գնաց Եղիան, և ի՞նչ նշանակալից դեպքեր էին եղել այնտեղ։
17 Եղիան քայլեց մոտ 320 կիլոմետր, մինչև որ վերջապես հասավ Քորեբ լեռը։ Այստեղ էր Եհովա Աստված հրեշտակի միջոցով Մովսեսի հետ խոսել այրվող թփի միջից և հետագայում Օրենքի ուխտը կապել իսրայելացիների հետ։ Եղիան ապաստան գտավ մի քարայրում։
Ինչպես Եհովան մխիթարեց ու զորացրեց իր մարգարեին
18, 19. ա) Եհովայի հրեշտակը ի՞նչ հարց տվեց, և ի՞նչ պատասխանեց Եղիան։ բ) Ո՞ր երեք պատճառներով էր Եղիան վհատված։
18 Քորեբի մոտ Եհովայի «խոսքը», որն ակներևաբար տրվեց հրեշտակի կողմից, հետևյալ պարզ հարցն էր. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»։ Հավանաբար հարցը մեղմ տոնով էր ասվել, քանի որ մարգարեն այն ընդունեց որպես առաջարկ՝ բաց անելու իր սիրտը։ Նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորքերի Աստված Եհովայի համար, որովհետև Իսրայելի որդիները քո ուխտը թողեցին, քո զոհասեղանները քանդեցին և քո մարգարեներին սրով սպանեցին, միայն ես եմ մնացել։ Եվ հիմա իմ հոգին են փնտրում, որ վերցնեն» (1 Թագ. 19։9, 10)։ Եղիայի խոսքերից երևում է, որ նա վհատված էր առնվազն երեք պատճառով։
19 Առաջին՝ նա մտածում էր, թե իր աշխատանքն իզուր է։ Թեպետ տարիներ շարունակ «մեծ նախանձախնդրություն» էր դրսևորել Եհովայի ծառայության մեջ, ամեն ինչից վեր էր դասել Աստծու սուրբ անունը և երկրպագությունը, սակայն տեսնում էր, որ հանգամանքները գնալով միայն վատթարանում են։ Մարդիկ դեռ անհավատ էին ու ըմբոստ, իսկ կեղծ երկրպագությունը լայն տարածում էր գտնում։ Երկրորդ՝ Եղիան իրեն միայնակ էր զգում։ «Միայն ես եմ մնացել»,— ասաց նա, կարծես իր ժողովրդի մեջ մենակ ինքն էր մնացել Եհովային ծառայող։ Երրորդ՝ Եղիան սաստիկ վախեցած էր։ Իր օրերում ապրող շատ մարգարեների արդեն սպանել էին, և նա համոզված էր, որ հաջորդը ինքն է լինելու։ Թերևս Եղիայի համար հեշտ չէր ընդունել, որ այդպիսի զգացական վիճակում է, սակայն նա թույլ չտվեց, որ հպարտությունը կամ ամոթը իրեն հետ պահի իր զգացմունքների մասին Եհովայի հետ խոսելուց։ Այն, որ նա իր սիրտը բաց արեց Եհովայի առաջ, հրաշալի օրինակ է բոլոր հավատարիմ մարդկանց համար (Սաղ. 62։8)։
20, 21. ա) Ի՞նչ տեսավ Եղիան Քորեբ լեռան մոտ։ բ) Ի՞նչ հասկացավ Եղիան՝ տեսնելով Եհովայի զորությունը բնության երևույթների մեջ։
20 Ինչպե՞ս արձագանքեց Եհովան՝ տեսնելով իր ծառայի վախերն ու անհանգստությունները։ Հրեշտակն ասաց Եղիային, որ կանգնի քարայրի մուտքի մոտ։ Նա հնազանդվեց՝ չիմանալով, թե ինչ է սպասում իրեն։ Շուտով սաստիկ քամի բարձրացավ՝ հավանաբար խլացուցիչ ոռնոցով։ Քամին այնքան ուժգին էր, որ պատռեց լեռներն ու կոտրեց ժայռերը։ Պատկերացրու Եղիային, որը մի ձեռքով փորձում էր փակել երեսը, իսկ մյուսով բռնել քամուց քշվող հանդերձը։ Այնուհետև երկրաշարժը սկսեց ցնցել երկիրը։ Մարգարեն ջանում էր չկորցնել իր հավասարակշռությունը և պահել իրեն երերացող գետնի վրա։ Նա հազիվ էր ուշքի եկել տեղի ունեցածից, երբ անսպասելիորեն կրակ հայտնվեց։ Այրող տապից պաշտպանվելու համար նա իրեն քարայրի մեջ նետեց (1 Թագ. 19։11, 12)։
21 Արձանագրությունը մեզ հայտնում է, որ Եհովան չէր գտնվում բնության տարերային այս ահազդու երևույթների մեջ։ Եղիան գիտեր, որ Եհովան բնության առասպելական աստվածներից չէ, ինչպես օրինակ՝ Բահաղը, որին իր մոլորված երկրպագուները պաշտում էին որպես «ամպեր հեծնողի», այսինքն՝ անձրև բերողի։ Եհովան է բնության բոլոր ուժերի Աղբյուրը, և նա անհամեմատ մեծ է իր ստեղծագործություններից, անգամ երկինքները չեն կարող պարունակել նրան (1 Թագ. 8։27)։ Ինչպե՞ս այս ամենն օգնեց Եղիային։ Հիշիր, թե որքան էր վախեցել նա։ Իրականում մարգարեն ոչ մի հիմք չուներ վախենալու Աքաաբից ու Հեզաբելից, քանի որ իր կողքին Եհովան էր՝ մեկը, ով անգերազանցելի զորություն ունի (կարդա՛ Սաղմոս 118։6)։
22. ա) Ինչպե՞ս «մեղմ, ցածր ձայնը» վստահեցրեց Եղիային, որ նա ամենևին էլ անարժեք չէ։ բ) Թերևս ո՞վ էր խոսում Եղիայի հետ «մեղմ, ցածր ձայնով» (տե՛ս ծանոթագրությունը)։
22 Երբ կրակը չքացավ, լռություն տիրեց, և Եղիան լսեց «մի մեղմ, ցածր ձայն»։ Այն առաջարկում էր մարգարեին կրկին արտահայտվել՝ սիրտը բաց անել և իր անհանգստությունների մասին պատմել երկրորդ անգամa։ Հավանաբար դա թեթևացում բերեց նրան։ Եղիային մեծապես մխիթարեց այն, ինչ հետո ասաց այդ «մեղմ, ցածր ձայնը»։ Եհովան վստահեցրեց իր ծառային, որ նա ամենևին էլ անարժեք չէ իր աչքում։ Իսկ ինչի՞ց էր դա երևում. Աստված շատ մանրամասնություններ հայտնեց իր հետագա նպատակների մասին, որոնք վերաբերում էին Իսրայելում Բահաղի երկրպագության դեմ մղված պայքարին։ Հստակ է ուրեմն, որ Եղիայի աշխատանքը զուր չէր, քանի որ Աստծու նպատակը անշեղորեն առաջ էր ընթանում։ Ավելին, մարգարեն այդ նպատակի մեջ իր դերն էր ունենալու, քանի որ Եհովան նրան կրկին գործի դրեց՝ տալով որոշ հրահանգներ (1 Թագ. 19։12–17)։
23. Ի՞նչ արեց Եհովան Եղիայի միայնության զգացումը փարատելու համար։
23 Իսկ ի՞նչ արեց Եհովան Եղիայի միայնության զգացումը փարատելու համար։ Առաջին՝ նա պատվիրեց իր ծառային մարգարե օծել Եղիսեին, որը հաջորդելու էր նրան։ Այս երիտասարդը մի քանի տարի շարունակ պետք է լիներ Եղիայի համագործակիցն ու օգնականը։ Որքա՜ն սփոփիչ էր այս միտքը նրա համար։ Երկրորդ՝ Եհովան հայտնեց հետևյալ մխիթարական լուրը. «Իսրայելում յոթ հազար մարդ եմ թողել, ովքեր ծնկի չեկան Բահաղի առաջ, և ովքեր շրթունքներով չհամբուրեցին նրան» (1 Թագ. 19։18)։ Եղիան բնավ էլ մենակ չէր։ Ըստ ամենայնի, նրա սիրտը ջերմացավ՝ լսելով այդ հազարավոր հավատարիմ մարդկանց մասին, ովքեր հրաժարվել էին Բահաղին երկրպագելուց։ Նրանք ունեին Եղիայի կարիքը, որն այդ դժվարին ժամանակներում իր անձնվեր ծառայությամբ Աստծուն հավատարիմ մնալու հրաշալի օրինակ էր իրենց համար։ Հավանաբար նա խորապես հուզվեց, երբ Եհովայի՝ «մեղմ, ցածր ձայնով» ասված խոսքերը լսեց նրա պատգամաբերի միջոցով։
Եթե թույլ տանք, որ Աստվածաշունչը մեզ առաջնորդի, այն նման կլինի «մեղմ, ցածր ձայնի»
24, 25. ա) Ինչպե՞ս կարող ենք այսօր լսել Եհովայի «մեղմ, ցածր ձայնը»։ բ) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եղիան մխիթարություն գտավ։
24 Եղիայի նման՝ մենք գուցե սարսռանք՝ ականատես լինելով բնության տարերային ուժերին, և մեր արձագանքը բնական է։ Արարչագործության մեջ վառ կերպով արտացոլվում է Ստեղծչի զորությունը (Հռոմ. 1։20)։ Եհովան մինչ օրս իր անսահման զորությունը գործի է դնում հօգուտ իր հավատարիմ ծառաների (2 Տար. 16։9)։ Այնուամենայնիվ, Աստված մեզ հետ ավելի հանգամանալից խոսում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (կարդա՛ Եսայիա 30։21)։ Եթե թույլ տանք, որ Աստվածաշունչը մեզ առաջնորդի, այն նման կլինի «մեղմ, ցածր ձայնի»։ Այդ գրքի էջերի միջից Եհովան ուղղում է մեզ, քաջալերում և հավաստիացնում իր սիրո մեջ։
25 Մխիթարություն գտա՞վ Եղիան Եհովայի մոտ, երբ Քորեբ լեռան վրա էր։ Անկասկա՛ծ։ Շուտով այդ խիզախ, հավատարիմ մարգարեն կրկին գործի անցավ և սկսեց պայքարել կեղծ երկրպագության դեմ։ Եթե մենք էլ սրտանց ընդունենք Աստծու խոսքը՝ «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը», կկարողանանք ընդօրինակել Եղիայի հավատը (Հռոմ. 15։4)։
a Այդ «մեղմ, ցածր ձայնը» թերևս նրանն էր, ով փոխանցում էր «Եհովայի խոսքը», ինչպես նշված է 1 Թագավորներ 19։9-ում։ 15-րդ համարում այդ ոգեղեն անձնավորությունը անվանվում է «Եհովա»։ Կարող ենք նաև հիշել այն պատգամաբերի մասին, ում միջոցով Եհովան անապատում առաջնորդեց Իսրայել ազգին և ում մասին ասաց. «Նա իմ անունն է կրում» (Ելք 23։21)։ Թեև չենք կարող պնդել, սակայն արժե նշել, որ Հիսուսը մինչմարդկային գոյության ժամանակ ծառայել է որպես «Խոսք»՝ հատուկ Խոսնակ՝ Եհովայի խոսքը փոխանցող (Հովհ. 1։1)։