Ընդօրինակեք նրանց հավատը
Նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը
ԵՂԻԱՆ դիտում էր, թե ինչպես էր ժողովուրդը դժվարությամբ բարձրանում Կարմեղոս լեռը։ Նույնիսկ արևածագի լույսի տակ կարելի էր տեսնել, որ այդ մարդիկ աղքատ են ու քաղցած։ Երեք ու կես տարի տևած երաշտը իր ազդեցությունն էր ունեցել նրանց վրա։
Նրանց հետ ինքնավստահ քայլերով բարձրանում էին Բահաղի 450 գոռոզամիտ մարգարեները, որոնք մեծ ատելությամբ էին լցված Եղիայի՝ Եհովայի մարգարեի հանդեպ։ Հեզաբել թագուհին սպանել էր տվել Եհովայի ծառաներից շատերին, բայց այս մարգարեն դեռ շարունակում էր հակառակվել Բահաղի երկրպագությանը։ Իսկ որքա՞ն էր դա շարունակվելու։ Հավանաբար այդ քահանաները մտածում էին, որ միայնակ մարդը երբեք չի կարող իրենց բոլորին հակառակվել (Գ Թագաւորաց 18։3, 19, 20)։ Աքաաբ թագավորն էլ էր եկել իր արքայական կառքով։ Նա նույնպես չէր սիրում Եղիային։
Այդ միայնակ մարգարեին սպասում էին արտասովոր իրադարձություններ։ Մինչ Եղիան դիտում էր, բեմահարթակ էր պատրաստվում բարու և չարի միջև երբևիցե տեղի ունեցած ամենաազդեցիկ ընդհարումներից մեկի համար։ Ի՞նչ էր զգում նա այդ առավոտյան։ Նա պաշտպանված չէր վախից, քանի որ «մի մարդ էր, որն այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Մի բանում կարող ենք համոզված լինել. շրջապատված լինելով անհավատ մարդկանցով, որոնց հետ էին նաև նրանց հավատուրաց թագավորն ու դաժան քահանաները՝ Եղիան իրեն բոլորովին միայնակ էր զգում (Գ Թագաւորաց 18։22)։
Իսկ ի՞նչն էր եղել պատճառը, որ Իսրայելը հայտնվել էր այդպիսի ծանր վիճակում։ Եվ ի՞նչ կարող եք սովորել այդ դեպքից այսօր։ Աստվածաշունչը խրախուսում է մեզ քննել Աստծու նվիրված ծառաների օրինակը և «ընդօրինակել նրանց հավատը» (Եբրայեցիներ 13։7)։ Այժմ քննենք Եղիայի օրինակը։
Երկարատև պայքարը իր գագաթնակետին է հասնում
Իր կյանքի մեծ մասի ընթացքում Եղիան ցավով ականատես է եղել, թե ինչպես է իր հայրենիքի և իր ժողովրդի համար ամենակարևոր բանը հետին պլան մղվել և ոտնահարվել։ Իսրայելը երկար ժամանակ պայքար էր մղում՝ ճշմարիտ կրոնի ու կեղծ կրոնի միջև մղվող պայքար, Եհովա Աստծու երկրպագության և շրջապատող ազգերի կռապաշտության միջև մղվող պայքար։ Եղիայի օրերում այդ պայքարն ավելի էր սրվել։
Աքաաբ թագավորը ամուսնացել էր Հեզաբելի՝ Սիդոնի թագավորի աղջկա հետ։ Հեզաբելը վճռել էր Բահաղի երկրպագությունը տարածել ողջ Իսրայելով մեկ և վերացնել Եհովայի երկրպագությունը։ Աքաաբը շատ շուտ ընկավ իր կնոջ ազդեցության տակ։ Նա Բահաղի համար մի տաճար ու զոհասեղան կառուցեց և այս հեթանոսական աստծուն երկրպագելու հարցում առաջնորդություն վերցրեց։ Աքաաբը խորապես վիրավորեց Եհովային (Գ Թագաւորաց 16։30–32, 33 ՆԱ)a։
Ինչո՞ւ էր Բահաղի երկրպագությունն այդքան նողկալի։ Այն հրապուրեց Իսրայելին և շատերին հեռացրեց ճշմարիտ Աստծուց։ Դա այլասերված ու դաժան կրոն էր։ Բահաղի երկրպագությունը ներառում էր տաճարային պոռնկություն, որով զբաղվում էին կանայք և տղամարդիկ, նաև սեռական այլասերվածությամբ ուղեկցվող սանձարձակ խնջույքներ և նույնիսկ երեխաների զոհաբերություն։ Եհովան քայլեր ձեռնարկեց՝ Եղիային Աքաաբի մոտ ուղարկելով, որն էլ պետք է տեղեկացներ, որ երաշտ է լինելու այնքան ժամանակ, մինչև որ մարգարեն հայտնի, թե երբ է վերջանալու երաշտը (Գ Թագաւորաց 17։1)։ Տարիներ անց Եղիան նորից եկավ Աքաաբի մոտ և ասաց, որ նա պետք է հավաքի ժողովրդին ու Բահաղի մարգարեներին Կարմեղոս լեռան մոտ։
Իսկ ի՞նչ նշանակություն ունի այդ պայքարը մեզ համար այսօր։ Ոմանք գուցե ասեն, որ Բահաղի երկրպագության մասին պատմությունը ժամանակահարմար չէ, քանի որ մեր շուրջը չկան Բահաղին նվիրված տաճարներ և զոհասեղաններ։ Բայց դա պարզապես հին պատմություն չէ (Հռոմեացիներ 15։4)։ «Բահաղ» բառը նշանակում է «տեր»։ Համաձայն չե՞ք, որ այսօր էլ մարդիկ ծառայում են շատ ուրիշ տերերի՝ փոխանակ Ամենակարող Աստծուն ծառայելու։ Եվ իրոք, եթե մարդիկ իրենց կյանքը նվիրում են գումար և կարիերա ձեռք բերելուն, զվարճություններին, սեռական հաճույքներին կամ շատ ուրիշ աստվածների, որոնց երկրպագում են այսօր՝ Եհովայի փոխարեն, այդպիսով նրանք իրենց համար տեր են ընտրում (Մատթեոս 6։24; Հռոմեացիներ 6։16)։ Հետևաբար ինչ–որ առումով Բահաղի երկրպագությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ շատ տարածված են այսօր։ Եհովայի և Բահաղի միջև տեղի ունեցած այդ պայքարի մասին արձանագրությունը քննելով՝ մենք կկարողանանք իմաստուն որոշում կայացնել այն հարցում, թե ում կծառայենք։
«Կաղում են». ինչպե՞ս
Կարմեղոս լեռան քամոտ բարձունքներից ընդարձակ տեսարան է բացվում Իսրայելի վրա՝ ներքևում գտնվող Կիսոն հեղեղատից դեպի Մեծ ծով (Միջերկրական ծով), դեպի հյուսիսային հեռավոր հորիզոնում գտնվող Լիբանանի լեռներըb։ Արևը բարձրանում էր հորիզոնում։ Վճռական օր էր լինելու։ Երկիրը ցավալի վիճակում էր։ Մահաբեր մի վարագույր էր կախվել երբեմնի ծաղկուն այս երկրի վրա, որը Եհովան տվել էր Աբրահամի սերունդներին։ Անգութ արևից խանձված այդ երկիրն այժմ կործանման եզրին էր կանգնած հենց Աստծու ժողովրդի անմտության պատճառով։ Երբ ժողովուրդը հավաքվեց մեկտեղ, Եղիան մոտեցավ ու ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք» (Գ Թագաւորաց 18։21)։
Ի՞նչ նկատի ուներ Եղիան, երբ ասաց «կաղալ երկու կողմի վերայ» խոսքերը։ Այդ մարդիկ չէին հասկանում, որ պետք է ընտրություն կատարեն Եհովայի երկրպագության և Բահաղի պաշտամունքի միջև։ Նրանք կարծում էին, թե կարող են երկուսին էլ երկրպագել. հանդարտեցնել Բահաղին իրենց նողկալի արարողություններով և, միևնույն ժամանակ, Եհովայի հաճությունը փնտրել։ Նրանք գուցե մտածում էին, որ Բահաղը կօրհնի իրենց բերքն ու հոտերը, իսկ «Զօրաց Տերը»՝ Եհովան, կպաշտպանի իրենց պատերազմի դաշտում (Ա Թագաւորաց 17։45)։ Նրանք մոռացել էին մի կարևոր ճշմարտության մասին, որն այսօր էլ շատերը չեն գիտակցում. Եհովան չի կիսում իր երկրպագությունը որևէ մեկի հետ։ Նա պահանջում է բացարձակ նվիրվածություն և արժանի է դրան։ Նրան մատուցվող ցանկացած երկրպագություն, որին միախառնված են երկրպագության այլ ձևեր, անընդունելի է և նույնիսկ վիրավորական (Ելից 20։5)։
Ուստի այն, որ այդ իսրայելացիները «կաղում» էին, նման է այն բանին, ասես ինչ–որ մեկը փորձում է միաժամանակ գնալ երկու ճանապարհներով։ Շատերն այսօր նույն սխալն են անում՝ թույլ տալով, որ ուրիշ «բահաղներ», այսինքն՝ տերեր, աննկատ կերպով մտնեն իրենց կյանք և իրենց կյանքից դուրս մղեն Աստծու երկրպագությունը։ Եղիայի կոչը, որ դադարենք կաղալուց, կմղի մեզ վերաքննելու մեր առաջնահերթությունները և մեր մատուցած երկրպագությունը։
Վճռական փորձ
Եղիան առաջարկում է փորձ կատարել։ Դա մի պարզ փորձ էր։ Բահաղի քահանաները պետք է մի զոհասեղան կանգնեցնեին և զոհ դնեին դրա վրա, ապա պետք է աղոթեին իրենց աստծուն, որ նա կրակ վառեր։ Նույնը պետք է Եղիան աներ։ Նա ասաց. «Այն աստուածը, որ կրակով պատասխան կ’տայ, նա է Աստուածը»։ Եղիան լավ գիտեր, թե ով է ճշմարիտ Աստվածը։ Նրա հավատն այնքան զորեղ էր, որ նա առանց վարանելու թույլ տվեց, որ Բահաղի երկրպագուները գործի անցնեն։ Նա հնարավորություն տվեց իր հակառակորդներին առաջինը ընտրելու ցուլին և աղոթելու Բահաղին (Գ Թագաւորաց 18։24, 25)c։
Այսօր հրաշքներ տեղի չեն ունենում։ Սակայն Եհովան չի փոխվել։ Մենք կարող ենք վստահել նրան, ինչպես որ Եղիան էր վստահում։ Օրինակ՝ երբ մարդիկ չեն ընդունում Աստվածաշնչի ուսուցումները, մենք չպետք է վախենանք թույլ տալ նրանց, որ սկզբում իրենք արտահայտեն իրենց կարծիքը։ Եղիայի նման՝ մենք կարող ենք թույլ տալ, որ ճշմարիտ Աստված լուծի հարցերը։ Դա կանենք՝ ապավինելով ոչ թե մեզ, այլ նրա ներշնչյալ Խոսքին, որն «ուղղելու» համար է գրված (2 Տիմոթեոս 3։16)։
Բահաղի մարգարեները իրենց զոհը դրեցին զոհասեղանին և աղոթեցին իրենց աստծուն։ «Ով Բահաղ, պատասխան տուր մեզ»,— նորից ու նորից կանչում էին նրանք։ Այդպես նրանք կանչում էին ժամեր շարունակ։ «Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող»,— ասում է Աստվածաշունչը։ Կեսօրին Եղիան սկսեց ծաղրել նրանց՝ հեգնանքով ասելով, թե Բահաղը հավանաբար չափազանց զբաղված է նրանց պատասխանելու համար, որ նա զուգարանում է կամ նիրհել է, և ինչ–որ մեկը պետք է արթնացնի նրան։ «Բարձր ձայնով կանչեցէք»,— ասաց Եղիան այդ խաբեբաներին։ Հստակ է, որ նա Բահաղի երկրպագությունը համարում էր ծիծաղելի խաբեություն և ուզում էր, որ Աստծու ժողովուրդը հասկանա դրա կեղծ լինելը (Գ Թագաւորաց 18։26, 27)։
Ի պատասխան՝ Բահաղի քահանաները ավելի կատաղեցին և «բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից»։ Սակայն ապարդյուն։ «Ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող» (Գ Թագաւորաց 18։28, 29)։ Իրականում Բահաղը գոյություն չուներ։ Նա Սատանայի կողմից էր հորինվել մարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Այսօր, ինչպեսև անցյալում, Եհովայի փոխարեն՝ ցանկացած ուրիշ տիրոջ ընտրելը հիասթափություն է առաջ բերում և նույնիսկ ամաչեցնում (Սաղմոս 25։3; 115։4–8)։
Պատասխանը
Վաղ երեկոյան եկավ այն պահը, երբ Եղիան պետք է գործի անցներ։ Նա վերաշինեց Եհովային նվիրված զոհասեղանը, որն, անկասկած, քանդել էին մաքուր երկրպագության թշնամիները։ Եղիան օգտագործեց 12 քար, ինչը Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին թերևս հիշեցնում էր, որ 12 ցեղերին տրված Օրենքը դեռևս ուժի մեջ էր։ Այնուհետև նա զոհասեղանին դրեց իր զոհը, և ամեն ինչի վրա ջուր լցրեցին՝ բերելով այն, ըստ երևույթին, Միջերկրական ծովից, որը հեռու չէր այդ տեղից։ Նա նույնիսկ զոհասեղանի շուրջ մի փոս փորեց, և այն նույնպես ջրով լցրեց։ Ու չնայած նա ամեն հնարավորություն տվեց Բահաղի մարգարեներին, սակայն իր զոհը մատուցելիս պարզապես ապավինեց իր Եհովա Աստծուն (Գ Թագաւորաց 18։30–35)։
Երբ ամեն բան պատրաստ էր, Եղիան աղոթեց։ Պարզ խոսքերով ասված աղոթքը հստակ ցույց տվեց, թե ինչն էր Եղիայի համար առաջնահերթ։ Նրա համար առաջին և ամենակարևոր բանն այն էր, որ բոլորն իմանային, որ Եհովան է «Իսրայէլի Աստուածը» և ոչ թե Բահաղը։ Երկրորդ՝ նա ուզում էր, որ բոլորն իմանային, որ ինքը պարզապես Եհովայի ծառան է. ողջ փառքն ու պատիվը պետք է տրվի Աստծուն։ Եվ ի վերջո՝ նա ցույց տվեց, որ շարունակում է հոգ տանել իր ժողովրդի մասին, քանի որ ուզում էր տեսնել, թե ինչպես է Եհովան «ետ դարձնում նրանց սրտերը» (Գ Թագաւորաց 18։36, 37)։ Չնայած բոլոր ցավերին, որոնց պատճառը եղել էր նրանց անհավատությունը՝ Եղիան շարունակում էր սիրել նրանց։ Կարո՞ղ ենք Աստծուն ուղղած մեր աղոթքներում ցույց տալ, որ մտահոգված ենք նրա անվան սրբացմամբ, ինչպես նաև դրսևորում ենք խոնարհություն և կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն։
Նախքան Եղիայի աղոթելը ժողովուրդը հավանաբար մտածում էր, թե արդյոք Եհովան կհիասթափեցնի իրենց՝ Բահաղի նման։ Սակայն աղոթքից հետո երկար մտածելու ժամանակ չմնաց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց» (Գ Թագաւորաց 18։38)։ Ինչպիսի՜ ազդու պատասխան։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց ժողովուրդը։
«Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած»,— բացականչեցին նրանք բոլորը (Գ Թագաւորաց 18։39)։ Վերջապես նրանք իմացան ճշմարտությունը։ Սակայն նրանք դեռ իսկական հավատ չէին դրսևորել։ Իրականում հավատի մեծ դրսևորում չէր ընդունել, որ Եհովան է ճշմարիտ Աստված՝ տեսնելով երկնքից թափվող կրակը՝ որպես աղոթքի պատասխան։ Ուստի Եղիան ավելին պահանջեց։ Նա պատվիրեց, որ նրանք անեին այն, ինչը պետք է արած լինեին շատ տարիներ առաջ՝ հնազանդվեին Եհովայի Օրենքին։ Աստծու Օրենքում ասվում էր, որ կեղծ մարգարեները և կռապաշտները պետք է մահվան դատապարտվեին (Բ Օրինաց 13։5–9)։ Բահաղի այս քահանաները Եհովա Աստծու ոխերիմ թշնամիներն էին, որոնք միտումնավոր կերպով հակառակվում էին Աստծու նպատակներին։ Արդյոք նրանք արժանի՞ էին ողորմության։ Իսկ ի՞նչ ողորմություն էին նրանք ցույց տվել այն բոլոր անմեղ երեխաների հանդեպ, որոնց կենդանի զոհաբերել էին Բահաղին (Առակաց 21։13; Երեմիա 19։5)։ Ոչ, նրանք բոլորովին արժանի չէին ողորմության։ Ուստի Եղիան հրամայեց նրանց մահապատժի ենթարկել, և նրանց սպանեցին (Գ Թագաւորաց 18։40)։
Այսօր որոշ քննադատներ չեն ընդունում այն, թե ինչով է ավարտվել Կարմեղոս լեռան վրա տեղի ունեցած այդ փորձությունը։ Մյուսները գուցե մտահոգվեն, որ կրոնական մոլեռանդները կօգտագործեն այս դեպքը՝ կրոնական անհանդուրժողականության բռնի գործերը արդարացնելու համար։ Եվ ցավոք, ներկայումս վայրագ կրոնական մոլեռանդներ շատ կան։ Սակայն Եղիան մոլեռանդ չէր։ Նա գործեց հօգուտ Եհովայի արդար դատավճռի։ Ավելին, ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ իրենք չեն կարող հետևել Եղիայի ընթացքին և չեն կարող սպանել չարագործներին։ Մեսիայի գալուց հետո նրա բոլոր աշակերտներին մի չափանիշ տրվեց, որը երևում է Պետրոսին ուղղած Հիսուսի խոսքերից. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։52)։ Եհովան իր Որդու միջոցով արդարություն կհաստատի ապագայում։
Ճշմարիտ քրիստոնյայի պատասխանատվությունն է՝ հավատով լի կյանքով ապրել (Հովհաննես 3։16)։ Դա անելու կերպերից մեկը Եղիայի պես հավատարիմ մարդկանց ընդօրինակելն է։ Նա երկրպագում էր միայն Եհովային և հորդորում էր, որ ուրիշներն էլ նույնը անեն։ Նա քաջաբար բացահայտեց, թե որքան կեղծ էր այն կրոնը, որ Սատանան օգտագործում էր մարդկանց Եհովայից հեռացնելու համար։ Խնդիրները լուծելու հարցում Եղիան Եհովային ապավինեց և ոչ թե իր կարողություններին ու իր կամքին։ Այո՛, Եղիան պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը ընդօրինակի նրա հավատը։
[ծանոթագրություններ]
a Այն մասին, թե ինչպես է նախկինում Եղիան առնչվել Աքաաբի հետ, տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարանի» 1992 թ. ապրիլի 1–ի համարի «Եղիայի պես հավատ ունե՞ս» վերնագրով հոդվածում (ռուս.)։
b Կարմեղոսը սովորաբար ծածկված է լինում փարթամ ու կանաչ բուսականությամբ, քանի որ ծովից նրա լանջերով խոնավ քամիներ են փչում, որոնք հաճախ իրենց հետ անձրևներ և առատ ցող են բերում։ Քանի որ Բահաղին երկրպագում էին որպես անձրևի աստծու, այս լեռն ակներևաբար Բահաղի պաշտամունքի կարևոր վայրերից էր։ Ուստի այն, որ Կարմեղոսը անբերրի էր ու չորացած, հարմար վայր էր Բահաղի երկրպագության կեղծ լինելը բացահայտելու համար։
c Հատկանշական են Եղիայի խոսքերը, որ ասաց նրանց, թե՝ «կրակ մի դնէք» ողջակեզի համար։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ այդպիսի կռապաշտները երբեմն օգտագործում էին այնպիսի զոհասեղաններ, որոնց տակ անցք կար, որտեղից կրակը բռնկվում էր կարծես գերբնական ձևով։
[մեջբերում 20–րդ էջի վրա]
Եհովայի փոխարեն՝ ցանկացած այլ տիրոջ ընտրելը հիասթափություն է առաջ բերում
[նկար 21–րդ էջի վրա]
«Եհովան է Աստուածը»