Հեու. մաքուր երկրպագության ջատագով
ՀԵՈՒՆ մաքուր երկրպագության ջատագով էր։ Նա եռանդուն էր, հաստատակամ, նախանձախնդիր ու խիզախ և իր գործում չէր հապաղում։ Հեուի դրսևորած լավ հատկություններն արժանի են ընդօրինակման։
Իսրայել ազգը դժվար ժամանակներում էր ապրում, երբ Հեուն առաջադրանք ստացավ։ Աքաաբ թագավորի մահից հետո նրա որդի Հովրամն էր թագավոր դարձել, սակայն երկիրը գտնվում էր վերջինիս մայր Հեզաբելի վատ ազդեցության տակ։ Նա դրդում էր ժողովրդին Եհովայի փոխարեն Բահաղին երկրպագելու, նաև սպանել էր տվել Աստծու մարգարեներին և ապականել էր երկիրը՝ այն լցնելով «պոռնկությամբ ու կախարդությամբ» (2 Թագ. 9։22; 1 Թագ. 18։4, 13)։ Ուստի Եհովան վճռեց բնաջինջ անել Աքաաբի ողջ տունը, այդ թվում նաև Հովրամին ու Հեզաբելին և այդ առաջադրանքը տվեց Հեուին։
Աստվածաշնչի էջերում առաջին անգամ հանդիպում ենք Հեուին՝ զորագլուխների հետ նստած։ Այդ ժամանակ իսրայելացիները Ռամոթ-Գաղաադում պատերազմում էին ասորիների դեմ։ Հեուն բարձրաստիճան պաշտոնյա էր, հնարավոր է՝ նույնիսկ Իսրայելի զորքերի հրամանատարը։ Եղիսե մարգարեն նրա մոտ ուղարկեց մարգարեների որդիներից մեկին, որպեսզի նրան թագավոր օծի և հրահանգ տա սպանել հավատուրաց Աքաաբի տան բոլոր արուներին (2 Թագ. 8։28; 9։1–10)։
Հեուի հետ եղողները հարցրին նրան, թե ինչու էր այդ մարդը եկել, սակայն նա ոչինչ չուզեց ասել։ Բայց երբ ստիպեցին, հայտնեց ողջ եղելությունը և իր ընկերակիցների հետ սկսեց դավադրություն կազմակերպել Հովրամի դեմ (2 Թագ. 9։11–14)։ Հավանաբար թագավորի վարած քաղաքականությունը և Հեզաբելի ազդեցությունը դժգոհության և ընդդիմության ալիք էին բարձրացրել նրանց մեջ։ Ամեն դեպքում Հեուն սկսեց կշռադատել իր հետագա քայլերը, որպեսզի կարողանա լավագույնս կատարել իր առաջադրանքը։
Հովրամ թագավորը վիրավորվել էր մարտում և վերադարձել Հեզրայել, որպեսզի ապաքինվեր։ Հեուն հասկանում էր, որ եթե ուզում է՝ իր ծրագրերը հաջողությամբ պսակվեն, Հեզրայելում ոչինչ չպետք է իմանային այդ մասին։ Ուստի ասաց իր ընկերներին. «Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը դուրս գա այս քաղաքից, գնա ու այս մասին պատմի Հեզրայելում» (2 Թագ. 9։14, 15)։ Հնարավոր է՝ Հեուն մտածում էր, որ Հովրամին հավատարիմ ռազմիկները գուցե դիմադրություն ցույց տան։ Այդպես նա ուզում էր կանխել դիմադրության հավանականությունը։
ԿԱՏԱՂԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Աքաաբի տան անդամներին հանկարծակիի բերելու համար Հեուն Ռամոթ-Գաղաադից կառքով շտապեց դեպի Հեզրայել, որը գտնվում էր 72 կիլոմետր հեռավորության վրա։ Երբ նա սրընթաց մոտենում էր քաղաքին, աշտարակի վրա կանգնած դետը տեսավ Հեուի հետ եկող մարդկանց բազմությունը (2 Թագ. 9։17)։ Ամենայն հավանականությամբ, Հեուն իր հետ բավականաչափ զինվորներ էր վերցրել՝ վստահ լինելու, որ իր ծրագրերը հաջողությամբ կպսակվեն։
Հասկանալով, որ կառքերից մեկում խիզախ Հեուն է՝ դետը բացականչեց. «Խելագարի պես է քշում» (2 Թագ. 9։20)։ Եթե Հեուն սովորաբար արագ էր քշում, ապա այս անգամ նա կատաղի արագությամբ էր սլանում, որ կատարի իր առաջադրանքը։
Հեուի մոտ երկու պատգամաբերներ ուղարկեցին, սակայն նա չպատասխանեց նրանց հարցին։ Այնուհետև Հովրամ թագավորն ու նրա դաշնակից Օքոզիան՝ Հուդայի թագավորը, իրենց մարտակառքերով դուրս եկան նրան ընդառաջ։ Երբ Հովրամը հարցրեց՝ «խաղաղությունո՞վ է, Հեո՛ւ», վերջինս պատասխանեց. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը պոռնկությամբ ու կախարդությամբ է զբաղվում»։ Հեուի պատասխանից տագնապած՝ Հովրամը շրջվեց, որ փախչի, բայց չհասցրեց։ Հեուն, քաշելով աղեղը, արձակեց այն։ Աղեղն անցավ Հովրամի սրտի միջով, և նա մեռած ընկավ իր կառքի մեջ։ Օքոզիային հաջողվեց փախչել, սակայն հետո Հեուն հետապնդեց նրան ու սպանեց (2 Թագ. 9։22–24, 27)։
Աքաաբի տան մյուս անդամը, որ պիտի մահվան մատնվեր, Հեզաբել չար թագուհին էր։ Տեղին էր, որ Հեուն նրան «անիծված» անվանեց։ Երբ նա մտավ Հեզրայել, տեսավ, որ Հեզաբելը պալատի պատուհանից դուրս է նայում։ Առանց ավելորդ խոսքերի՝ Հեուն կարգադրեց պալատականներին նրան պատուհանից ցած նետել։ Հետո նրա ձիերը կոխկռտեցին Հեզաբելին, որն ապականել էր ողջ Իսրայելը։ Այնուհետև Հեուն ոչնչացրեց չար Աքաաբի տան մնացած բոլոր անդամներին (2 Թագ. 9։30–34; 10։1–14)։
Թեպետ բռնության մասին մտածելն անգամ հաճելի չէ, սակայն պետք է հասկանանք, որ այն օրերում Եհովան իր ծառաների միջոցով իրագործում էր իր դատաստանները։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այն, որ Օքոզիան եկավ Հովրամի մոտ, Աստծուց էր, որպեսզի նրան կործաներ։ Երբ Օքոզիան Հովրամի մոտ եկավ, նրանք դուրս եկան Նամեսիի թոռ Հեուին դիմավորելու, որին Եհովան օծել էր Աքաաբի տունը բնաջինջ անելու համար» (2 Տար. 22։7)։ Երբ Հեուն հրամայեց Հովրամի մարմինը կառքի միջից գցել Նաբովթի արտը, հասկացավ, որ դրանով կատարվեց Եհովայի խոստումը՝ պատժել Աքաաբին Նաբովթին սպանելու համար։ Բացի այդ, Հեուն պատվեր էր ստացել առնելու Աստծու այն ծառաների արյան վրեժը, որոնց սպանել էր Հեզաբելը (2 Թագ. 9։7, 25, 26; 1 Թագ. 21։17–19)։
Այսօր Եհովայի ծառաները ֆիզիկական ուժ չեն գործադրում մաքուր երկրպագության հակառակորդների դեմ։ «Վրեժխնդրությունը իմն է»,— ասում է Աստված (Եբր. 10։30)։ Սակայն որպեսզի ժողովը զերծ լինի ապականիչ ազդեցություններից, երեցները պետք է Հեուի պես քաջությամբ գործեն (1 Կորնթ. 5։9–13)։ Ժողովի բոլոր անդամները պետք է վճռական լինեն, որ շփում չունենան ընկերակցությունից զրկված անհատների հետ (2 Հովհ. 9–11)։
ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ
Այն, թե ինչ մղումներով էր Հեուն կատարում իր առաջադրանքը, պարզ երևում է նրա խոսքերից, որ ասաց հավատարիմ Հովնադաբին. «Եկ ինձ հետ ու կտեսնես, որ ես Եհովայի հետ ոչ մի մրցակցություն չեմ հանդուրժի»։ Հովնադաբն ընդունեց այդ հրավերը, բարձրացավ Հեուի կառքը և նրա հետ գնաց Սամարիա։ Այնտեղ Հեուն «խորամանկություն արեց, որպեսզի Բահաղին երկրպագողներին բնաջինջ անի» (2 Թագ. 10։15–17, 19)։
Նա հայտարարեց, թե «մեծ զոհ ունի Բահաղի համար» (2 Թագ. 10։18, 19)։ Մի աստվածաշնչագետ ասում է. «Հեուն խորամանկորեն բառախաղ արեց»։ Թեպետ նրա օգտագործած բառը «սովորաբար նշանակում է «զոհ», սակայն օգտագործվում է նաև հավատուրացներին «կոտորելու» իմաստով»։ Քանի որ Հեուն չէր ուզում, որ Բահաղի երկրպագուներից որևէ մեկը բացակայի, նա բոլորին հավաքեց Բահաղի տանը և պատվիրեց, որ հատուկ հանդերձներ հագնեն, իսկ դրսում 80 զինված մարդ կանգնեցրեց։ Երբ ողջակեզը մատուցեցին, Հեուն անմիջապես հրամայեց այդ մարդկանց, և նրանք սրակոտոր արեցին Բահաղի երկրպագուներին, նաև քանդեցին Բահաղի տունը և այն արտաքնոց դարձրին, որպեսզի այլևս պիտանի չլինի երկրպագության համար (2 Թագ. 10։20–27)։
Ճիշտ է, Հեուն շատ արյուն թափեց, սակայն Աստվածաշունչը նրան ներկայացնում է որպես քաջ մարդու, որը ազատեց Իսրայելին Հեզաբելի և նրա ընտանիքի հարստահարող տիրապետությունից։ Այդ առաջադրանքն անելու համար խիզախություն, վճռականություն և նախանձախնդրություն էր պահանջվում։ Աստվածաշնչյան մի բառարանում բացատրվում է. «Դա բավականին բարդ առաջադրանք էր, և [Հեուն] այդ գործն արեց առանց զիջումների գնալու և հիմնավորապես։ Ավելի մեղմ միջոցներ ձեռնարկելու դեպքում նրան չէր հաջողվի Իսրայելից արմատախիլ անել Բահաղի երկրպագությունը»։
Այսօր էլ քրիստոնյաները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ հարկ է լինում դրսևորել Հեուին հատուկ հատկություններ։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվենք, եթե կանգնած լինենք այնպիսի բան անելու գայթակղության առաջ, որը դատապարտում է Եհովան։ Մենք պետք է լինենք քաջ, նախանձախնդիր և չհապաղենք մերժել այն։ Լինելով Աստծուն նվիրված մարդիկ՝ չենք հանդուրժի նրա հետ որևէ մրցակցություն։
ԶԳՈՒՇԱՑԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՅԻ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՔԱՅԼԵՍ
Այս պատմության ավարտը, սակայն, նախազգուշական է մեզ համար։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հեուն «հետ չկանգնեց.... ոսկե հորթերին երկրպագելուց, որոնցից մեկը Բեթելում էր, իսկ մյուսը՝ Դանում» (2 Թագ. 10։29)։ Ինչպե՞ս կարող էր այն մարդը, որը թվում էր՝ այդքան նախանձախնդիր էր ճշմարիտ երկրպագության հանդեպ, հանդուրժել կռապաշտությունը։
Ըստ երևույթին, Հեուն կարծում էր, որ Հուդայից անկախ լինելու համար Իսրայելը պետք է կրոնական առումով առնչություն չունենա նրա հետ։ Ուստի այդ նպատակով նա, Իսրայելի նախկին թագավորների պես, առաջ տարավ հորթի երկրպագությունը։ Այդպիսով Հեուն ցույց տվեց, որ չէր վստահում Եհովային՝ նրան, ով իրեն թագավոր էր դարձրել։
Եհովան գովեց Հեուին այն բանի համար, որ նա «լավ վարվեց և արեց այն, ինչը ճիշտ էր իր աչքում»։ Այնուհանդերձ, Հեուն «չզգուշացավ, որ ամբողջ սրտով Իսրայելի Աստված Եհովայի օրենքի մեջ քայլեր» (2 Թագ. 10։30, 31)։ Քննելով նրա արած բոլոր գործերը՝ գուցե զարմանանք ու ափսոսանք, որ նա չպահեց իր ճիշտ ընթացքը։ Բայց մենք կարող ենք սովորել նրա օրինակից. երբեք չպետք է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները սովորական բան համարենք։ Հարկավոր է ամեն օր նվիրվածություն զարգացնել մեր երկնային Հոր հանդեպ՝ ուսումնասիրելով նրա Խոսքը, դրա շուրջ խորհելով և սրտանց աղոթելով։ Ուստի եկեք առավելագույնս զգույշ լինենք, որ ամբողջ սրտով քայլենք Եհովայի օրենքի մեջ (1 Կորնթ. 10։12)։
[շրջանակ 4-րդ էջի վրա]
Պատմական փաստեր Հեուի վերաբերյալ
Քննադատները հաճախ կասկածի տակ են դնում այն, որ Աստվածաշնչում հիշատակված անձնավորությունները իրականում գոյություն են ունեցել։ Աստվածաշնչից բացի, Հեուի վերաբերյալ կա՞ն արդյոք այլ փաստեր։
Հին Ասորեստանում հայտնաբերված առնվազն երեք արձանագրություններում հիշատակվում է Իսրայելի այս թագավորի անունը։ Դրանցից մեկում ցույց է տրվում, որ Հեուն կամ նրա պատվիրակներից մեկը խոնարհվում է ասորիների Սալմանասար III թագավորի առաջ և տուրք է վճարում։ Մակագրության մեջ ասվում է. «Հեուի (Իաուա)՝ Ամրիի (Հուումրի) որդու տուրքը։ Ես նրանից ստացա արծաթ, ոսկի, ոսկե սափլու-գավաթ, ոսկե վազ, ոսկե ըմպանակներ, ոսկե դույլեր, անոթ, թագավորի համար գավազան և փայտե փուրուհթու [այս բառի նշանակությունը հայտնի չէ]»։ Հեուն «Ամրիի որդին» չէր, սակայն այս արտահայտությունն օգտագործվում էր Իսրայելի՝ իրար հաջորդող թագավորների վերաբերյալ հավանաբար այն պատճառով, որ Ամրին մեծ համբավ էր ձեռք բերել և կառուցել էր Իսրայելի մայրաքաղաք Սամարիան։
Հեուի վճարած տուրքի վերաբերյալ Ասորեստանի թագավորի խոսքերը ճշմարիտ են, թե ոչ, ոչ ոք չի կարող հաստատել։ Այդուհանդերձ, նա երեք անգամ հիշատակում է Հեուի անունը՝ մի կոթողի վրա, Սալմանասարի արձանի վրա և Ասորեստանի արքունական տարեգրություններում։ Պատմական այս արձանագրությունները կասկածի տեղ չեն թողնում, որ աստվածաշնչյան այս կերպարն իրականում գոյություն է ունեցել։