Ինչ ենք սովորում ղևտացիների աղոթքից
«Թող նրանք օրհնեն քո փառավոր անունը» (ՆԵԵՄ. 9։5)։
1. Աստծու ժողովրդի ի՞նչ հավաքույթի մասին կխոսենք, և ի՞նչ հարցերի շուրջ արժե մտածել։
«ՎԵ՛Ր կացեք, օրհնե՛ք ձեր Աստված Եհովային հավիտյանս հավիտենից»։ Այս խոսքերով ղևտացիները իրենց ազգակիցներին կոչ արեցին հավաքվել և աղոթել Եհովային։ Նրանց աղոթքը Աստվածաշնչում արձանագրված ամենաերկար աղոթքներից մեկն է (Նեեմ. 9։4, 5)։ Հավաքույթը տեղի ունեցավ մ.թ.ա. 455թ. հրեական օրացույցի յոթերորդ ամսվա՝ տիշրիի 24-ին։ Այս հոդվածում կքննենք այս հատուկ օրվան նախորդող դեպքերը, իսկ այդ ընթացքում մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «ի՞նչ լավ սովորություն ունեին ղևտացիները, որի շնորհիվ այս հավաքույթը ծառայեց իր նպատակին», «ի՞նչ կարող եմ սովորել այս լավ «պատրաստված» աղոթքից» (Սաղ. 141։2)։
ՀԱՏՈՒԿ ԱՄԻՍ
2. Ի՞նչ օրինակ են իսրայելացիները մեզ համար։
2 Վերոհիշյալ հավաքույթից մեկ ամիս առաջ հրեաները ավարտել էին Երուսաղեմի պարսպի շինարարությունը (Նեեմ. 6։15)։ Նրանք այն ավարտեցին ընդամենը 52 օրում։ Աստծու ժողովուրդը դրանից հետո հատուկ ուշադրություն դարձրեց իր հոգևոր կարիքներին։ Տիշրիի 1-ին նրանք հավաքվեցին հրապարակում՝ լսելու Եզրասին և մյուս ղևտացիներին, որոնք բարձրաձայն կարդալու և բացատրելու էին Աստծու Օրենքը ։ Ամբողջ ընտանիքներ, բոլոր նրանք, «ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ», «լուսաբացից մինչև կեսօր» կանգնած լսում էին։ Նրանք լավ օրինակ են մեզ համար։ Հնարավոր է՝ մենք ժողովի հանդիպումները անցկացնում ենք հարմարավետ Թագավորության սրահում։ Եղե՞լ է այնպես, որ հանդիպման ժամանակ միտքդ թափառել է, սկսել ես մտածել պակաս կարևոր բաների մասին։ Եթե այո, ապա իսրայելացիների այս օրինակը կարող է շատ օգտակար լինել քեզ համար։ Նրանք այնքան ուշադիր էին լսում, որ լսած խոսքը հասավ իրենց սրտին, և սկսեցին լաց լինել՝ հասկանալով, որ իրենց ազգը չի հնազանդվել Աստծու Օրենքին (Նեեմ. 8։1–9)։
3. Ո՞ր պատվերին իսրայելացիները հնազանդվեցին։
3 Մեղքերի հրապարակային խոստովանության ժամանակը չէր։ Դա տոնական օր էր, ինչը նշանակում էր, որ Եհովայի երկրպագուները պետք է ուրախանային (Թվեր 29։1)։ Ուստի Նեեմիան ասաց. «Գնացե՛ք, ճարպոտ բանե՛ր կերեք, քաղցր բանե՛ր խմեք և բաժի՛ն ուղարկեք նրանց, ովքեր ոչինչ չեն կարողացել պատրաստել, քանի որ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար։ Մի՛ տրտմեք, որովհետև Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»։ Ժողովուրդը հնազանդվեց ու «գնաց.... մեծ ուրախություն անելու» (Նեեմ. 8։10– 12)։
4. Ի՞նչ արեցին ազգատոհմերի գլուխները, և ի՞նչ նրանք հայտնաբերեցին, որը այս Տաղավարների տոնի կարևոր կողմերից մեկն էր։
4 Հաջորդ օրը ազգատոհմերի գլուխները հավաքվեցին, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող է ազգը լիարժեքորեն հնազանդվել Աստծու Օրենքին ։ Ուսումնասիրելով Սուրբ Գրքերը՝ նրանք հայտնաբերեցին, որ տիշրիի 15–22-ին իրենք պետք է նշեն Տաղավարների տոնը, ներառյալ եզրափակիչ հանդիսավոր հավաքույթը, ուստի սկսեցին պատրաստություններ տեսնել ։ Հեսուի օրերից մինչև այդ օրը իսրայելացիները այդքան հաջող չէին նշել Տաղավարների տոնը, և նրանք «մեծ ուրախություն ապրեցին»։ Այս տոնի կարևոր կողմերից մեկն այն էր, որ «առաջին օրվանից մինչև վերջին օրը՝ ամեն օր» Աստծու Օրենքը հրապարակավ ընթերցվում էր (Նեեմ. 8։13–18)։
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
5. Նախքան ղևտացիները կաղոթեին ողջ ժողովրդի համար, ի՞նչ արեցին իսրայելացիները։
5 Տոնից երկու օր անց մեղքերը հրապարակորեն խոստովանելու ժամանակն էր. իսրայելացիները խոստովանեցին, որ իրենք չեն պահել Աստծու Օրենքը։ Սա արդեն խնջույքի օր չէր։ Աստծու ժողովուրդը, ի նշան սգի, ծոմ պահեց և քուրձ հագավ։ Օրենքը առավոտյան մոտ երեք ժամ դարձյալ ընթերցվեց ժողովրդի համար։ Կեսօրից հետո նրանք «խոստովանում էին իրենց մեղքերն ու խոնարհվում իրենց Աստված Եհովայի առաջ» ։ Հետո ղևտացիները, լավ նախապատրաստված լինելով, սկսեցին աղոթել ողջ ժողովրդի համար (Նեեմ. 9։1–4)։
6. Ի՞նչը նպաստեց այն բանին, որ ղևտացիների աղոթքը իմաստալից լինի, և ի՞նչ ենք սովորում դրանից։
6 Ղևտացիները կանոնավորաբար ընթերցում էին Աստծու Օրենքը, և դա, անկասկած, նպաստեց այն բանին, որ նրանց աղոթքը իմաստալից լինի։ Աղոթքի առաջին մասը բացառապես Եհովայի գործերի և հատկությունների մասին է։ Մյուս մասում ղևտացիները բազմիցս ընդգծում են Աստծու «առատ ողորմությունը», նաև հստակորեն ընդունում են, որ իսրայելացիները արժանի չէին նման բարի վերաբերմունքի (Նեեմ. 9։19, 27, 28, 31)։ Ի՞նչ կարող ենք սովորել ղևտացիներից։ Մենք պետք է ամեն օր կարդանք Աստծու Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ։ Այդպես թույլ կտանք Եհովային խոսելու մեզ հետ։ Այդ դեպքում մեր աղոթքները նույնպես իմաստալից կլինեն, և մենք շատ բան կունենանք Եհովային ասելու (Սաղ. 1։1, 2)։
7. Ի՞նչ խնդրեցին ղևտացիները Աստծուց, և ի՞նչ ենք սովորում նրանցից։
7 Իրենց աղոթքում ղևտացիները միայն մեկ բան խնդրեցին Եհովայից։ 32-րդ համարում կարդում ենք նրանց համեստ խնդրանքի մասին. «Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, մե՛ծ, հզո՛ր և ահազդո՛ւ Աստված, որ ուխտ ես պահում և սիրառատ բարություն ցուցաբերում։ Այն բոլոր զրկանքները, որ Ասորեստանի թագավորի օրերից բաժին են ընկել մեզ, մեր թագավորներին, իշխաններին, քահանաներին, մարգարեներին, նախահայրերին և քո ամբողջ ժողովրդին, թող քո աչքին փոքր չերևան»։ Մենք ղևտացիներից սովորում ենք, որ մեր աղոթքներում նախ գովաբանենք ու շնորհակալություն հայտնենք Եհովային և հետո նոր անձնական խնդրանքներով դիմենք նրան։
ՆՐԱՆՔ ԳՈՎԱԲԱՆԵՑԻՆ ԱՍՏԾՈՒ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՈՒՆԸ
8, 9. ա) Խոնարհաբար ի՞նչ խնդրեցին ղևտացիները իրենց աղոթքի սկզբում։ բ) Երկնային ո՞ր երկու զորքերի մասին հիշատակեցին ղևտացիները։
8 Ղևտացիները լավ էին նախապատրաստվել Աստծուն աղոթքով գովաբանելուն։ Բայց նրանք խոնարհաբար հասկանում էին, որ իրենց խոսքերը բավարար չեն լիովին արտահայտելու այն գովասանքը, որին Եհովան արժանի է։ Ուստի սկսեցին աղոթքը՝ աղաչելով. «Թող նրանք [ժողովուրդը] օրհնեն քո փառավոր անունը, որը ցանկացած օրհնությունից ու գովաբանությունից վեր է» (Նեեմ. 9։5)։
9 Աղոթքը շարունակվում է այսպես. «Եհո՛վա, դու միակն ես։ Դո՛ւ ես ստեղծել երկինքը, երկինքների երկինքը և դրանց ողջ զորքը, երկիրն ու նրանում եղած բոլոր բաները, ծովերն ու դրանց միջի բոլոր բաները։ Դու պահպանում ես նրանց բոլորի կյանքը, և երկնքի զորքը խոնարհվում է քո առաջ» (Նեեմ. 9։6)։ Այո՛, Եհովա Աստված է ստեղծել «երկինքները» և «դրանց ողջ զորքը»՝ ամբողջ տիեզերքը՝ իր անթիվ-անհամար գալակտիկաներով։ Նա ստեղծել է նաև մեր գեղեցիկ մոլորակը՝ կյանքի ապշեցուցիչ բազմազանությամբ, կյանք, որը կարող է վերարտադրվել իր տեսակի մեջ։ Այս ամենի վկաներն են եղել Աստծու սուրբ հրեշտակները, որոնք նույնպես կոչվում են «երկնքի զորքեր» (1 Թագ. 22։19; Հոբ 38։4, 7)։ Նրանք խոնարհաբար անում են Աստծու կամքը՝ ծառայելով մեղավոր մարդկանց, «ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Այսօր մենք միասնաբար ծառայում ենք Եհովային, ինչպես լավ մարզված մի զորք։ Հրեշտակների պես՝ մենք պետք է խոնարհաբար կատարենք Աստծու կամքը (1 Կորնթ. 14։33, 40)։
10. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Եհովան վարվեց Աբրահամի հետ։
10 Հետո ղևտացիները խոսեցին այն մասին, թե ինչպես Աստված վարվեց Աբրամի հետ։ Եհովան նրա անունը փոխեց և «Աբրահամ» դրեց, որը նշանակում է «ազգերի հայր», չնայած այն բանին, որ վերջինս 99 տարեկան էր, չուներ ոչ մի երեխա, իսկ նրա կինը՝ Սարան, ամուլ էր։ Աստված խոստացավ, որ Աբրահամը «բազում ազգերի հայր» է դառնալու (Ծննդ. 17։1–6, 15, 16)։ Եհովան Աբրահամին նաև խոստացավ, որ նրա սերունդը ժառանգելու է Քանանի երկիրը։ Մարդիկ հաճախ մոռանում են կատարել իրենց խոստումները, բայց Եհովան այդպիսին չէ։ Իրենց աղոթքում ղևտացիները պատմում են, թե ինչպես Եհովան պահեց իր խոստումը. «Դու Եհովան ես՝ ճշմարիտ Աստվածը, որը ընտրեց Աբրամին, նրան հանեց քաղդեացիների Ուր քաղաքից ու նրա անունը Աբրահամ դրեց։ Նրա սիրտը հավատարիմ գտար քո հանդեպ, ուստի նրա հետ ուխտ կապեցիր, որպեսզի նրան և նրա սերնդին տաս քանանացիների.... երկիրը։ Եվ դու կատարեցիր քո խոսքերը, քանի որ արդար ես» (Նեեմ. 9։7, 8)։ Եկեք ձգտենք միշտ մեր խոսքի տերը լինել, ինչպես մեր արդար Աստվածը (Մատթ. 5։37)։
ԵՀՈՎԱՅԻ ԳՈՐԾԵՐԸ
11, 12. ա) Ո՞րն է «Եհովա» անվան նշանակությունը։ բ) Ի՞նչ արեց Աստված Աբրահամի սերունդների համար, ինչը ցույց տալիս, որ նա արժանի է կրելու «Եհովա» անունը։
11 «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում է», ինչը ցույց է տալիս, որ Աստված քայլ առ քայլ կատարում է իր խոստումները։ Սա վառ կերպով երևում է այն բանից, թե Աստված ինչ արեց Աբրահամի սերունդների համար, երբ նրանք ստրուկ էին Եգիպտոսում։ Այդ ժամանակ անհնարին էր թվում, որ մի ամբողջ ազգ կարող է ազատագրվել և բնակվել Ավետյաց երկրում։ Բայց Աստված քայլ առ քայլ կատարեց իր խոստումը՝ ցույց տալով, որ արժանի է կրելու իր անզուգական և փառավոր անունը։
12 Ղևտացիները նշեցին, թե ինչ է Եհովան արել իր ժողովրդի համար. «Դու տեսար մեր նախահայրերի տառապանքը Եգիպտոսում և լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի մոտ։ Այդ ժամանակ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի դեմ, որովհետև գիտեիր, որ նրանք հանդգնությամբ են վարվում նրանց հետ։ Դու անուն ստեղծեցիր քեզ համար, ինչպես որ այսօր ես անում։ Նրանց առաջ բաժանեցիր ծովը, այնպես որ չոր հատակի վրայով անցան ծովի միջով, և նրանց հետապնդողներին խորքերը նետեցիր, ինչպես քարը՝ փոթորկոտ ջրերի մեջ»։ Աղոթքում նաև կարդում ենք. «Այդ երկրի բնակիչներին՝ քանանացիներին, դու հպատակեցրիր.... Նրանք [իսրայելացիները] գրավեցին բերդաքաղաքներ ու պարարտ հողեր, տիրացան ամեն տեսակ բարիքներով լի տների, տաշած ջրամբարների, խաղողի և ձիթենու այգիների և բազում պտղատու ծառերի։ Նրանք ուտում ու կշտանում էին, գիրանում ու վայելում էին քո մեծ բարությունը» (Նեեմ. 9։9–11, 24, 25)։
13. Եհովան ինչպե՞ս հոգաց իսրայելացիների հոգևոր կարիքները, և նրանք ինչպե՞ ս արձագանքեցին։
13 Եհովան այլ քայլեր էլ ձեռնարկեց իր նպատակի իրագործման համար։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, նա հոգաց նրանց հոգևոր կարիքները։ Ղևտացիները իրենց աղոթքում ասացին. «Դու իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ՝ նրանց տալով արդար դատավճիռներ, ճշմարտության օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ» (Նեեմ. 9։13)։ Եհովան մտադիր էր իր ընտրյալ ժողովրդին տալ Ավետյաց երկիրը։ Նա ուզում էր, որ իսրայելացիները համապատասխանեն իր սուրբ անունը կրելուն, ուստի սովորեցնում էր նրանց։ Մինչդեռ նրանք մոռացան իրենց սովորած լավ բաները (կարդա՛ Նեեմիա 9։16–18)։
ԽՐԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ
14, 15. ա) Ինչպե՞ս էր Եհովան ողորմածաբար հոգ տանում իր մեղավոր ժողովրդի մասին։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Աստված ինչպես վարվեց իր ընտրյալ ժողովրդի հետ։
14 Ղևտացիների աղոթքում նշվում է երկու մեղքի մասին, որ իսրայելացիները գործեցին շատ չանցած այն բանից, ինչ Սինա լեռան մոտ խոստացան պահել Աստծու Օրենքը։ Նրանք իրավամբ մահվան էին արժանի, բայց Եհովան ողորմած եղավ նրանց հանդեպ և շարունակեց հոգ տանել նրանց մասին։ Աղոթքում ղևտացիները Եհովային գովաբանում են. «Դու քո առատ ողորմությամբ չթողեցիր նրանց անապատում.... Քառասուն տարի.... նրանց կերակուր տվեցիր։ Նրանք ոչ մի բանի պակասություն չզգացին։ Ո՛չ նրանց հագուստը մաշվեց, ո՛չ էլ ոտքերը ուռան» (Նեեմ. 9։19, 21)։ Այսօր Եհովան մեզ էլ է տալիս այն ամենը, ինչի կարիքն ունենք իրեն հավատարմորեն ծառայելու համար։ Եկեք երբեք չլինենք այն հազարավոր իսրայելացիների պես, որոնք իրենց անհնազանդության և անհավատության պատճառով մեռան անապատում. չէ՞ որ այս բաները «գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (1 Կորնթ. 10։1–11)։
15 Ցավոք, Ավետյաց երկիր մտնելուց հետո իսրայելացիները սկսեցին երկրպագել քանանացիների աստվածներին, ինչը ներառում էր անբարոյություն անելը և նույնիսկ երեխաներ զոհաբերելը։ Դրա համար էլ Եհովան թույլ տվեց, որ հարևան ազգերը ճնշեն իր ընտրյալ ազգին։ Իսկ երբ իսրայելացիները զղջում էին, Եհովան ողորմածաբար ներում էր նրանց և փրկում թշնամիներից։ Այսպես լինում էր «նորից ու նորից» (կարդա՛ Նեեմիա 9։26–28, 31)։ «Դու երկար տարիներ հանդուրժում էիր նրանց և քո ոգով շարունակ վկայում էիր նրանց դեմ քո մարգարեների միջոցով, սակայն նրանք ականջ չէին դնում։ Ի վերջո, նրանց մատնեցիր երկրի ժողովուրդների ձեռքը»,— նշում են ղևտացիները (Նեեմ. 9։30)։
16, 17. ա) Բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո ինչո՞վ էր իսրայելացիների վիճակը տարբերվում նախկինից, երբ նրանց նախահայրերը մտան Ավետյաց երկիր։ բ) Իսրայել ազգը ի՞նչ ընդունեց և ի՞նչ խոստացավ անել։
16 Նույնիսկ բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո իսրայելացիները նորից անհնազանդության ուղին բռնեցին։ Ինչո՞վ էր նրանց վիճակը տարբերվում նախկինից։ Ղևտացիները աղոթքում ասացին. «Ահա այսօր մենք ստրուկներ ենք, մենք ստրուկներ ենք այն երկրում, որը տվեցիր մեր նախահայրերին, որ ուտեն դրա պտուղներն ու բարիքները։ Դրա պտուղը առատ է այն թագավորների համար, որոնց դրեցիր մեզ վրա մեր մեղքերի պատճառով.... և մենք մեծ նեղության մեջ ենք» (Նեեմ. 9։36, 37)։
17 Արդյո՞ք ղևտացիներն ուզում էին ասել, որ Աստված իրենց հանդեպ արդար չի վարվել։ Անշուշտ, ո՛չ։ «Դու արդար ես այն ամենում, ինչ եկել է մեզ վրա, քանի որ դու հավատարմությամբ ես վարվել, իսկ մենք ամբարշտություն ենք արել»,— ընդունեցին ղևտացիները (Նեեմ. 9։33)։ Նրանք իրենց անեսասեր աղոթքն ավարտում են՝ հանդիսավոր կերպով խոստանալով, որ այսուհետ ազգը հնազանդվելու է Աստծու Օրենքին (կարդա՛ Նեեմիա 9։38; 10։29)։ Ղևտացիներն արձանագրեցին այս խոստումը, որը վավերացվեց 84 հրեա առաջնորդների կնիքներով (Նեեմ. 10։1–27)։
18, 19. ա) Ինչի՞ կարիք ունենք, եթե ուզում ենք անցնել մեծ նեղությունը և ապրել Աստծու արդար նոր աշխարհում։ բ) Ինչի՞ մասին չպետք է դադարենք աղոթելուց և ինչո՞ւ։
18 Մենք Եհովայից խրատվելու կարիք ունենք, եթե ուզում ենք անցնել մեծ նեղությունը և ապրել նրա արդար նոր աշխարհում։ «Կա՞ մի որդի, որի հայրը նրան չի խրատում»,— ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12։7)։ Մենք ցույց ենք տալիս, որ ընդունում ենք Աստծու առաջնորդությունը, երբ հավատարմորեն տոկում ենք ծառայության մեջ և թույլ ենք տալիս նրա ոգուն զտելու մեր անձնավորությունը։ Իսկ եթե լուրջ մեղք գործենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կների մեզ, եթե, ինչ խոսք, իսկապես զղջանք ու խոնարհաբար ընդունենք խրատը։
19 Շուտով Եհովան իր մեծ անունը է՛լ ավելի կմեծացնի. նա ավելի մեծ գործեր կանի, քան այն գործերը, որոնք արեց իսրայելացիներին Եգիպտոսից ազատագրելիս (Եզեկ. 38։23)։ Ինչպես որ նրա հին ժողովուրդը հաստատապես ժառանգեց Ավետյաց երկիրը, այնպես էլ բոլոր այն քրիստոնյաները, ովքեր հավատարիմ են մնում Եհովային, անպայման կժառանգեն կյանքը Աստծու արդար նոր աշխարհում (2 Պետ. 3։13)։ Առջևում ունենալով այսպիսի չքնաղ հեռանկար՝ եկեք չդադարենք Աստծու փառավոր անվան սրբացման համար աղոթելուց։ Հաջորդ հոդվածում կխոսենք մեկ այլ աղոթքի մասին։ Եթե վարվենք այդ աղոթքի համաձայն, ապա կվայելենք Աստծու օրհնությունները այժմ և հավիտյան։