ԴԱՍ 10
Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
Երբևէ ներկա եղե՞լ ես Եհովայի վկաների հանդիպումներին։ Եթե ոչ, գուցե առաջին անգամ այցելելիս փոքր-ինչ կաշկանդվես։ Հնարավոր է՝ մտածես. «Ի՞նչ է տեղի ունենում այդ հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ են այդ հանդիպումները կարևոր։ Ես ինչո՞ւ պետք է մասնակցեմ այդ հանդիպումներին»։ Այս դասի ժամանակ կիմանաս, թե հանդիպումներն ինչով են օգտակար և ինչպես կարող են մտերմացնել քեզ Աստծու հետ։
1. Ո՞րն է հանդիպումներ անցկացնելու գլխավոր նպատակը
Աստծու Խոսքը գրի առնողներից մեկը նշել է, թե որն է իրար հետ հավաքվելու գլխավոր նպատակը։ Նա գրել է. «Ժողովված բազմության մեջ պիտի Եհովային օրհնեմ» (Սաղմոս 26։12)։ Եհովայի վկաները նույնպես հաճույքով հավաքվում են միասին։ Նրանք ամեն շաբաթ հավաքվում են, որ երգեն, աղոթեն ու գովաբանեն Աստծուն։ Եհովային երկրպագելու համար Վկաները նաև տարին մի քանի անգամ ավելի մեծ հավաքույթներ են կազմակերպում։
2. Ի՞նչ կարող ես սովորել մեր հանդիպումների ժամանակ
Ժողովի հանդիպումների ժամանակ մենք քննարկում ենք Աստծու Խոսքը՝ «բացատրելով ու պարզաբանելով դրա իմաստը» (կարդա Նեեմիա 8։8)։ Հաճախելով ժողովի հանդիպումներին՝ դու ավելի շատ բան կսովորես Եհովայի և նրա հրաշալի հատկությունների մասին։ Երբ իմանաս, թե Աստված որքան շատ է սիրում քեզ, կսկսես մտերմանալ նրա հետ։ Նաև կտեսնես, թե նա ինչպես կարող է օգնել, որ իմաստալից կյանք ունենաս (Եսայիա 48։17, 18)։
3. Ի՞նչ օգուտներ կարող ես քաղել հանդիպումների ժամանակ ուրիշների հետ շփվելուց
Եհովան հորդորում է, որ «ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մեր հանդիպումներին դու կծանոթանաս այնպիսի մարդկանց հետ, որոնք իսկապես սիրում են իրար և ուզում են ավելի շատ բան իմանալ Աստծու մասին, նաև Աստվածաշնչից քաջալերական մտքեր կլսես (կարդա Հռոմեացիներ 1։11, 12)։ Կհանդիպես տարբեր մարդկանց, որոնք հաջողությամբ դիմագրավում են իրենց կյանքում ծագած խնդիրները։ Սրանք այն պատճառներից մի քանիսն են, թե Եհովան ինչու է ցանկանում, որ կանոնավոր հավաքվենք միասին։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես են անցկացվում Եհովայի վկաների հանդիպումները, և ինչու արժե ներկա գտնվել դրանց։
4. Եհովայի վկաների հանդիպումները
Առաջին դարում քրիստոնյաները կանոնավոր հավաքվում էին, որպեսզի երկրպագեին Եհովային (Հռոմեացիներ 16։3–5)։ Կարդացեք Կողոսացիներ 3։16, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները երկրպագում Եհովային։
Այսօր Վկաները նույնպես կանոնավոր հավաքվում են իրենց երկրպագության վայրերում։ Տեսնելու համար, թե ինչպես են անցկացվում նրանց հանդիպումները, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև նայեք ժողովի հանդիպման նկարին և քննարկեք հաջորդող հարցերը։
Ի՞նչ նմանություններ ես տեսնում մեր հանդիպումների և Կողոսացիներ 3։16-ի միջև։
Ուրիշ էլ ի՞նչ դուր եկավ քեզ նկարում և տեսանյութում։
Կարդացեք 2 Կորնթացիներ 9։7, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ է Եհովայի վկաների հանդիպումների մուտքն անվճար։
Քեզ հետ ուսումնասիրություն անցկացնողի հետ տեսեք, թե ինչ է քննարկվելու այս շաբաթվա ժողովի հանդիպումներից մեկի ընթացքում։
Քո կարծիքով՝ հանդիպման հատկապես ո՞ր մասը հետաքրքիր կամ գործնական կլինի քեզ համար։
Գիտեի՞ր
jw.org կայքում կարող ես գտնել աշխարհի տարբեր մասերում անցկացվող ժողովների վայրն ու ժամը։
Ա) Մեր հանդիպումների ժամանակ լինում են ելույթներ, ցուցադրումներ և տեսանյութեր։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են երգով ու աղոթքով
Բ) Ծրագրի որոշ մասերում ունկնդիրները կարող են մեկնաբանություններ տալ
Գ) Մեր դռները բաց են բոլորի առջև՝ և՛ ընտանիքների, և՛ ամուրիների, և՛ տարեցների, և՛ երեխաների
Դ) Մեր հանդիպումների մուտքն անվճար է, հանգանակություն չի արվում
5. Հանդիպումներին հաճախելու համար ջանքեր են հարկավոր
Քննեք Հիսուսի ընտանիքի օրինակը։ Ամեն տարի նշվող տոնակատարություններին մասնակցելու համար նրանք պետք է Նազարեթից Երուսաղեմ հասնեին՝ ոտքով անցնելով մոտ 100 կմ (60 մղոն) լեռնային տարածքով։ Կարդացեք Ղուկաս 2։39–42, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը։
Քո կարծիքով՝ Երուսաղեմ հասնելը հե՞շտ էր։
Ինչո՞ւ գուցե քեզնից էլ ջանքեր պահանջվեն ժողովի հանդիպումներին ներկա գտնվելու համար։
Արժե՞ այդպիսի ջանքեր թափել։ Ինչո՞ւ։
Աստվածաշնչում ասվում է, որ երկրպագության համար հավաքվելը շատ կարևոր է։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչո՞ւ պետք է կանոնավոր հաճախենք հանդիպումներին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ի՞նչ կարիք կա գնալու ժողովի հանդիպումներին։ Տանն Աստվածաշունչն ուսումնասիրում ես, հերիք է»։
Աստվածաշնչյան ո՞ր համարը կամ օրինակն է ցույց տալիս, թե Եհովան ինչ է ակնկալում մեզնից։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հաճախելով հանդիպումներին՝ դու ավելի շատ բան կիմանաս Եհովայի մասին, կմտերմանաս նրա հետ և ուրիշների հետ կերկրպագես նրան։
Վերհիշենք
Եհովան ինչո՞ւ է հորդորում, որ միասին հավաքվենք։
Եհովայի վկաների հանդիպումներին հաճախելով՝ ի՞նչ կսովորես։
Էլ ի՞նչ օգուտներ կքաղես հանդիպումներից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Եթե կաշկանդվում ես և վարանում ես այցելել հանդիպումներին, այս տեսանյութը կօգնի քեզ։ Տես, թե մի մարդ, որն այդպիսի զգացումներ ուներ, ինչպես սկսեց հաճույքով գնալ հանդիպումներին։
Տես, թե մի երիտասարդ որքան էր սիրում հանդիպումներին ներկա գտնվել և ինչ արեց, որ դրանք բաց չթողնի։
Տես, թե ուրիշներն ինչպես են արտահայտվում հանդիպումների մասին։
«Ինչո՞ւ արժե հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին» (վեբ հոդված)
Տես, թե ինչպես փոխվեց հանցավոր բանդայի անդամներից մեկի կյանքը, երբ նա այցելեց Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։
«Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում» («Դիտարան», 2014 թ. հուլիսի 1)