Աստծու իմաստության մասին վկայում է բնությունը
«Մեզ երկրի անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն է անում» (ՅՈԲ 35։11)։
ԹՌՉՈՒՆՆԵՐԸ զարմանալի ունակություններ ունեն։ Նրանք օդում այնպիսի շարժումներ են անում, որ ինքնաթիռ նախագծողները հիանում են նրանցով։ Թռչունների որոշ տեսակներ թռչելով անցնում են հազարավոր կիլոմետրեր օվկիանոսների վրայով, որոնցում տարածության տարբերակիչ նշաններ չկան, և առանց սխալվելու հասնում են նշանակման վայր։
Թռչունների մեկ ուրիշ ունակություն էլ, որը վկայում է Արարչի իմաստության մասին, կանչերի և երգերի միջոցով հաղորդակցվելն է։ Քննենք մի քանի օրինակ։
Թռչունների «զրույցը»
Թռչունների որոշ տեսակներ սկսում են հաղորդակցվել նույնիսկ ձվից դուրս չեկած։ Օրինակ՝ էգ լորը ձվադրում է մինչև ութ ձու՝ օրական մեկ հատ։ Եթե բոլոր ութ ձվերը զարգանային միևնույն արագությամբ, ապա ճտերը ձվից դուրս կգային ութ օրվա ընթացքում։ Այդ դեպքում մայր լորը ստիպված կլիներ հոգ տանել մեկ շաբաթական աշխույժ ճտերի մասին և միևնույն ժամանակ թուխս նստել վերջին ձվի վրա, ինչը շատ դժվար կլիներ։ Սակայն լորի ութ ձագերը ձվից դուրս են գալիս վեց ժամվա ընթացքում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Հետազոտողները հայտնաբերել են, որ գլխավոր պատճառն այն է, որ լորի ձագերը, դեռ ձվից դուրս չեկած, հաղորդակցվում են իրար հետ և ինչ–որ ձևով «պլանավորում» են դուրս գալ միևնույն ժամանակ։
Երբ թռչունները մեծանում են, սովորաբար արուներն են սկսում երգել։ Նրանք երգում են հատկապես զուգավորման շրջանում՝ իրենց տարածքը նշելու կամ զույգ գտնելու համար։ Թռչունների հազարավոր տեսակներ կան։ Յուրաքանչյուր տեսակ ունի, այսպես ասած, իր սեփական լեզուն, և դա օգնում է էգերին ճանաչել իրենց տեսակին պատկանող արուներին։
Թռչունները երգում են հիմնականում վաղ առավոտյան ու մայրամուտին, և դրա համար պատճառներ կան։ Այդ ժամերին քիչ են լինում քամիները, և շատ աղմուկ չի լինում։ Գիտնականները հայտնաբերել են, որ թռչունների երգերը առավոտյան և երեկոյան ժամերին 20 անգամ ավելի լավ են լսվում, քան կեսօրին։
Թեև ավելի հաճախ երգում են արու թռչունները, սակայն թե՛ արուները, թե՛ էգերը արձակում են տարբեր ձայներ կամ կարճ ծլվլոցներ, որոնք տարբեր նշանակություն ունեն։ Օրինակ՝ սերինոսներն ինը տարբեր ձայն են հանում։ Երբ ցանկանում են զգուշացնել վերևից եկող վտանգի մասին, օրինակ՝ կերակուր փնտրող թռչնի մասին, նրանք մի ձայն են հանում, իսկ երբ ցանկանում են զգուշացնել ներքևից եկող վտանգի մասին, մեկ ուրիշ ձայն են արձակում։
Հրաշալի պարգև
Թռչունների բնազդային իմաստությունը իրոք տպավորիչ է։ Սակայն մարդկանց հաղորդակցվելու հմտությունը ավելի տպավորիչ է։ Աստված «անասուններից աւելի գիտուն եւ երկնքի թռչուններից աւելի իմաստուն» ստեղծեց մարդկանց (Յոբ 35։11)։ Միայն մարդը կարող է բարդ, ամփոփ մտքեր ու գաղափարներ արտահայտել ձայնալարերի և ժեստերի միջոցով։
Ի տարբերություն այլ արարածների՝ նորածին երեխաները ստեղծված են բարդ լեզուներ սովորելու ունակությամբ։ Էլեկտրոնային մի պարբերականում այսպիսի խոսքեր են գրված. «Մանուկները կարողանում են ինչ–որ լեզու սովորել նույնիսկ այն դեպքում, երբ ծնողները անմիջապես նրանց հետ չեն խոսում այդ լեզվով։ Իսկ որոշ խուլ երեխաներ նույնիսկ կարող են ժեստեր հորինել, եթե տանը իրենց չեն սովորեցնում ժեստերով խոսել» (American Scientist)։
Խոսքի և ժեստերի միջոցով մտքեր ու զգացումներ արտահայտելու կարողությունը իսկապես հրաշալի պարգև է Աստծուց։ Մինչդեռ Աստծու հետ աղոթքի միջոցով հաղորդակցվելը ավելի մեծ պարգև է, որ տրված է մարդկանց։ Այո, Եհովա Աստված հրավիրում է մեզ իր հետ զրուցելու։ «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք,— ասում է Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը,— այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)։
Եհովան ցանկանում է, որ մենք դժվար որոշումների առաջ կանգնելիս օգուտներ քաղենք այն բազմաթիվ իմաստուն խորհուրդներից, որոնք արձանագրված են Աստվածաշնչում։ Նա նաև կօգնի մեզ սովորել, թե ինչպես կարող ենք կիրառել դրանք։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, ասաց. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակի խնդրել Աստծուն, քանի որ նա ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակոբոս 1։5)։
Այս ամենը ի՞նչ ազդեցություն է թողնում ձեզ վրա
Ինչպիսի՞ զգացումներ եք ունենում, երբ լսում եք թռչունների դայլայլը կամ երեխայի առաջին խոսքերը։ Արդյոք տեսնո՞ւմ եք Աստծու իմաստությունը նրա ստեղծագործության մեջ։
Երբ սաղմոսերգու Դավիթը խորհրդածեց այն բանի շուրջ, թե ինչպես է ստեղծված, ասաց. «Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ։ Զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է» (Սաղմոս 139։14)։ Այսպիսով՝ Աստծու իմաստությունը քննելով, որը ակնհայտ է ստեղծագործության մեջ՝ ձեր հավատն անկասկած կամրանա այն բանի հանդեպ, որ նա կարող է ճիշտ առաջնորդություն տալ ձեզ։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Հաղորդակցվելու կարողությունը պարգև է Աստծու կողմից
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Dayton Wild/Visuals Unlimited