Նկատեցե՛ք հրաշքներ Գործողին
«Կեցի՛ր ու Աստուծոյ սքանչելիքներուն վրայ մտածէ՛» (Յոբ 37։14, Արևմտ. Աստ.)։
1, 2. 1922 թ.–ին ի՞նչ ուշագրավ հայտնագործություն կատարվեց, և այն ինչպիսի՞ արձագանք գտավ։
ՀՆԱԳԵՏՆ ու անգլիացի լորդը տարիներ շարունակ միասին գանձեր էին փնտրում։ Վերջապես, 1922 թ. նոյեմբերի 26–ին եգիպտական փարավոնների գերեզմանոցի տարածքում՝ համբավավոր Թագավորների հովտում, հնագետ Հովարդ Քարտերի և լորդ Քարնավոնի ջանքերը պսակվեցին հաջողությամբ. նրանք Թութանհամոն փարավոնի դամբարանը գտան։ Հասնելով մի կնքված դռան՝ անցք բացեցին։ Քարտերը մոմ անցկացրեց անցքով ու ներս նայեց։
2 Հետագայում Քարտերը պատմում է. «Երբ լորդ Քարնավոնը լարվածությունից այլևս չէր կարողանում սպասել և հուզված հարցրեց՝ ինչ–որ բան երևո՞ւմ է, ես կարողացա միայն երկու բառ արտաբերել. «Այո՛, սքանչելիքներ»»։ Դամբարանում հայտնաբերված հազարավոր գանձերի մեջ ամբողջությամբ ոսկուց պատրաստված մի դագաղ կար։ Դուք տեսած կլինեք այդ «սքանչելիքներից» լուսանկարներում կամ թանգարանում։ Այնուհանդերձ, ինչքան էլ որ այդ թանգարանային նմուշները սքանչելի թվան, երևի թե կապ չունեն ձեր առօրյայի հետ։ Ուստի, եկեք այնպիսի սքանչելիքների մասին խոսենք, որոնք, անտարակույս, առնչվում են մեզ և արժեք ունեն մեզ համար։
3. Որտե՞ղ ենք գտնում սքանչելի բաների վերաբերյալ ինֆորմացիա, որը կարող է արժեքավոր լինել մեզ համար։
3 Դարեր առաջ մի մարդ էր ապրում։ Այդ մարդը ավելի մեծ հռչակ ուներ, քան այսօրվա կինոյի և սպորտի որևէ աստղ կամ թագավորական ընտանիքի անդամ։ Նա արևելցիներից ամենամեծն էր համարվում։ Դուք կճանաչեք այդ մարդուն. դա Հոբն էր։ Մի ամբողջ աստվածաշնչյան գիրք է գրված նրա մասին։ Այդուհանդերձ, Հոբի ժամանակակիցներից մեկը՝ երիտասարդ Եղիուսը, իրեն պարտավորված զգաց ուղղել նրան։ Ըստ էության, Եղիուսն ասաց, որ Հոբը չափից դուրս ուշադրություն էր դարձնում իրեն ու շրջապատի մարդկանց։ «Յոբ» գրքի 37–րդ գլխում կան մի քանի յուրահատուկ, իմաստուն խորհուրդներ, որոնք կարող են մեծ արժեք ներկայացնել յուրաքանչյուրիս համար (Յոբ 1։1–3; 32։1–33։12)։
4. Ի՞նչը նախորդեց Յոբ 37։14–ում նշված Եղիուսի հորդորանքին։
4 Հոբի երեք կարծեցյալ ընկերները երկարաբանելով մատնանշում էին, թե ինչում է, ըստ իրենց, Հոբը մեղանչել խոսքով կամ գործով (Յոբ 15։1–6, 16; 22։5–10)։ Իսկ Եղիուսը համբերատարությամբ սպասում էր, մինչև որ նրանց խոսակցությունը վերջանար։ Դրանից հետո նա խոսեց՝ արտահայտվելով խորաթափանցությամբ և իմաստությամբ։ Եղիուսը բազմաթիվ արժեքավոր մտքեր ընդգծեց, բայց եկեք ուշադրություն դարձնենք դրանցից գլխավորի վրա. «Ո՛վ Յոբ, այս ըսածիս մտիկ ըրէ՛. կեցի՛ր ու Աստուծոյ սքանչելիքներուն վրայ մտածէ՛» (Յոբ 37։14, Արևմտ. Աստ.)։
Նա, ով գործեր էր կատարել
5. Ի՞նչ է իր մեջ ներառում «Աստուծոյ սքանչելիքներ» արտահայտությունը, որին անդրադարձավ Եղիուսը։
5 Նկատեցեք. Եղիուսը չէր առաջարկում, որ Հոբը ուշադրություն դարձներ իր անձին, հենց իրեն՝ Եղիուսին, կամ այլ մարդու։ Նա իմաստնորեն հորդորեց Հոբին (դա վերաբերում է նաև մեզ) մտածել Եհովա Աստծո սքանչելի գործերի մասին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է իր մեջ ներառում «Աստուծոյ սքանչելիքներ» արտահայտությունը։ Ավելին, ինչո՞ւ ուշադրություն դարձնել Աստծո գործերին, երբ մտահոգվելու այնքա՜ն բան կա՝ առողջություն, ֆինանսներ, վաղվա օր, ընտանիք, գործընկերներ, հարևաններ։ Անվիճելի է, որ Եհովա Աստծո սքանչելի գործերի հետևում ընկած են նրա իմաստությունն ու իշխանությունը, որոնք արտացոլված են մեր շրջապատում գտնվող բոլոր ստեղծագործությունների մեջ (Նէեմիա 9։6; Սաղմոս 24։1; 104։24; 136։5, 6)։ Դա հստակորեն հասկանալու համար եկեք քննենք «Յեսու» գրքից մի համար։
6, 7. ա) Ի՞նչ հրաշքներ կատարեց Եհովան Մովսեսի և Հեսուի օրերում։ բ) Եթե դուք այդ իրադարձություններին ականատես լինեիք, ինչպե՞ս կարձագանքեիք։
6 Եհովան հին Եգիպտոսի վրա պատուհասներ բերեց, հետո բաժանեց Կարմիր ծովը, որպեսզի Մովսեսը կարողանար առաջնորդել իսրայելացիներին դեպի փրկություն (Ելից 7։1–14։31; Սաղմոս 106։7, 21, 22)։ Նման մի իրադարձության մասին էլ պատմվում է Յեսու 3–րդ գլխում։ Հեսուն՝ Մովսեսի հաջորդը, պետք է անցկացներ Աստծո ժողովրդին մեկ այլ ջրային տարածության միջով ու առաջնորդեր Ավետյաց երկիր։ Նա ասաց. «Սրբեցէք ձեր անձերը. որովհետեւ Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու» (Յեսու 3։5)։ Ի՞նչ հրաշքների մասին էր խոսքը։
7 Հաղորդագրությունից երևում է, որ Եհովան բացեց այդ ջրային խոչընդոտը՝ Հորդանան գետը, որպեսզի հազարավոր մարդիկ՝ տղամարդ, կին և երեխա, անցնեին գետի չոր հատակով (Յեսու 3։7–17)։ Եթե այնտեղ գտնվեինք և տեսնեինք, թե ինչպես են մարդիկ ապահով անցնում բացված գետի միջով, ապա անչափ կտպավորվեինք տեսածի հրաշալիությունից։ Այդ ամենից երևում էր, որ Աստված իշխանություն ունի ստեղծագործության վրա։ Այսօր՝ մեր օրերում, նույնպես սքանչելիքներ կան։ Որպեսզի իմանանք, թե որոնք են դրանք և ինչու պետք է ուշադրության արժանացնել, քննարկենք Յոբ 37։5–7 խոսքերը։
8, 9. Ի՞նչ սքանչելի գործերի մասին է խոսվում Յոբ 37։5–7-ում, և ինչո՞ւ պետք է խորհենք դրանց շուրջ։
8 Եղիուսը հայտարարեց. «Աստուած իր ձայնովը սքանչելի կերպով կ’որոտայ ու այնպիսի մեծ բաներ կը հանէ, որոնք մենք չենք կրնար հասկնալ» (Արևմտ. Աստ.)։ Ի՞նչ նկատի ուներ նա՝ ասելով, որ Աստված «սքանչելի կերպով» է գործում։ Նա նկատի ուներ ձյունն ու անձրևը։ Այդ տեղումները ստիպում են գյուղացուն դադարեցնել դաշտային աշխատանքները։ Դրանով նա ժամանակ և հնարավորություն կունենար խորհել Աստծո գործերի մասին։ Անպայման չէ գյուղացի լինել, որպեսզի անձրևն ու ձյունը տեղան մեզ վրա։ Կախված նրանից, թե որտեղ ենք ապրում՝ ձյունն ու անձրևը կարող են մեր գործերին նույնպես խանգարել։ Ժամանակ տրամադրո՞ւմ ենք՝ խորհրդածելու, թե ով է կանգնած այդ հրաշքների ետևում, և ինչ է դա նշանակում։ Երբևէ խորհրդածե՞լ եք։
9 Հետաքրքիր է, որ, ինչպես կարդում ենք Յոբ 38–րդ գլխում, Եհովա Աստված ինքն է նման մտքեր արտահայտել, երբ Հոբին խորիմաստ հարցեր էր տալիս։ Թեև մեր Ստեղծիչն այս հարցերն ուղղել էր Հոբին, ակնհայտ է, որ դրանք վերաբերում են նաև մեր դիրքորոշմանը, գոյությանը, ապագային։ Ուրեմն, եկեք տեսնենք, թե Աստված ինչ հարցրեց, և խորհենք դրանց նշանակության մասին, այո՛, անենք այն, ինչ Յոբ 37։14–ն է հորդորում։
10. Յոբ 38–րդ գլուխը ի՞նչ ազդեցություն պետք է թողնի մեզ վրա, և ի՞նչ հարցեր են առաջ քաշվում։
10 38–րդ գլուխը այսպես է սկսվում. «Եհովան պատասխանեց Յոբին փոթորկի միջիցը եւ ասեց. Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։ Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու» (Յոբ 38։1–3)։ Այս հարցերը յուրօրինակ երանգ հաղորդեցին իրավիճակին։ Դրանք օգնեցին Հոբին համապատասխանեցնել իր մտածողությունը այն իրականության հետ, որ ինքը կանգնած է տիեզերքի Ստեղծիչի առաջ և հաշվետու է նրան։ Մենք և մեր ժամանակակիցները նույնպես պետք է նման կեցվածք ընդունենք։ Հետո Աստված ուշադրություն դարձրեց մի քանի բաների վրա, որոնց մասին հիշատակել էր Եղիուսը։ «Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս. իմացրու ինձ, եթէ իմաստութիւն գիտես։ Ո՞վ դրաւ նորա չափերը, եթէ գիտես, կամ թէ ո՞վ քաշեց լարը նորա վերայ։ Անոր հիմերը ինչի՞ վրայ հաստատուած են, կամ թէ անոր անկիւնին քարը ո՞վ դրաւ» (Յոբ 38։4, 5, [6, Արևմտ. Աստ.])։
11. Ի՞նչ ենք հասկանում Յոբ 38։4–6 համարներից։
11 Որտե՞ղ էր Հոբը և որտե՞ղ էինք մենք, երբ երկիրը ստեղծվեց։ Մե՞նք էինք այն ճարտարապետները, որոնք նախագծեցին մեր Երկիր մոլորակը և ասես քանոնի օգնությամբ որոշեցին նրա չափերը։ Անշուշտ, ո՛չ։ Մարդիկ նույնիսկ գոյություն չունեին այդ ժամանակ։ Նմանեցնելով մեր Երկիրը կառույցի՝ Աստված հարցրեց. «Անոր անկիւնին քարը ո՞վ դրաւ»։ Մենք գիտենք, որ Երկիրն Արեգակից այնպիսի ճշգրիտ հեռավորության վրա է գտնվում, որ բարգավաճ կյանքով ապրելու հնարավորություն է ստեղծվում։ Երկրի չափերն էլ են ճշգրիտ։ Եթե Երկիրն ավելի մեծ լիներ, ապա ջրածինը չէր հեռանա մթնոլորտից, և մեր մոլորակը անպիտան կլիներ ապրելու համար։ Պարզ է, որ ինչ–որ մեկը դրել էր «անոր անկիւնին քարը» ճիշտ տեղում։ Հո՞բն էր այդ պատվին արժանի։ Գուցե մե՞նք։ Թե՞ Եհովա Աստված (Առակաց 3։19; Երեմիա 10։12)։
Ո՞ր մարդը կարող է պատասխանել
12. Յոբ 38։6–ում հանդիպող հարցը դրդում է մեզ ինչի՞ մասին մտածել։
12 Աստված նաև հարցրեց. «Անոր հիմերը ինչի՞ վրայ հաստատուած են»։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Մեզ, հավանաբար, ծանոթ է «ձգողականություն» տերմինը, որին, սակայն, անտեղյակ էր Հոբը։ Մեծամասնությունս հասկանում ենք, որ ահռելի զանգված ունեցող Արեգակի ձգողականության ուժն է մեր Երկիրը պահում իր տեղում, այսպես ասած, նրա հիմքերը հաստատված են։ Բայց ո՞վ է, որ ամբողջությամբ հասկանում է, թե ինչ է ձգողականությունը։
13, 14. ա) Ի՞նչ է հարկավոր ընդունել ձգողականության վերաբերյալ։ բ) Ինչպե՞ս պետք է արձագանքենք Յոբ 38։6–ից բխող մտքերին։
13 Վերջերս հրատարակված մի գրքում ասվում էր, որ «ձգողականության ուժը բնության ուժերից ամենածանոթ, բայց և ամենաքիչ յուրացվածն է» («The Universe Explained»)։ Այնտեղ նաև գրվում է. «Ձգողականության ուժը կարծես մի ակնթարթում է անցնում ողջ դատարկ տարածությունը և առանց որևէ միջոցի։ Սակայն վերջին տարիներին ֆիզիկոսները սկսել են խորհել, թե ձգողականությունը կարող է հաղորդվել գրավիտոն մասնիկներից կազմված ալիքների միջոցով.... Բայց նրանցից ոչ մեկը լիովին համոզված չէ դրանում»։ Պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում։
14 Այն ժամանակվանից, ինչ Եհովան Հոբի առջև դրեց վերոհիշյալ հարցերը, 3 000 տարի է անցել, և այդ ընթացքում գիտությունը առաջընթաց է ապրել։ Սակայն մինչև հիմա ո՛չ մենք, ո՛չ էլ փորձառու ֆիզիկոսները չեն կարողանում ամբողջությամբ բացատրել, թե ինչպես է ձգողականության ուժը պահում Երկիրը ճիշտ այնպիսի ուղեծրում և դիրքում, որ մենք կարողանում ենք վայելել կյանքը (Յոբ 26։7; Եսայիա 45։18)։ Դա չի նշանակում, որ հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել ձգողականության գաղտնիքը բացահայտելու համար։ Դրա փոխարեն, Աստծո սքանչելի գործերից լոկ այս մեկին ուշադրություն դարձնելը պետք է որ ազդի նրա մասին ունեցած մեր տեսակետի վրա։ Արդյոք ձեզ պատկառանք ներշնչո՞ւմ են Աստծո իմաստությունն ու գիտելիքները, գիտակցո՞ւմ եք, թե ինչու է անհրաժեշտ ավելի շատ իմանալ նրա կամքի մասին։
15-17. ա) Ինչի՞ վրա են կենտրոնանում Յոբ 38։8–11 համարները, և դրա հետ կապված ի՞նչ հարցեր են առաջանում։ բ) Ի՞նչ է հարկավոր ընդունել օվկիանոսների և երկրագնդի վրա դրանց դիրքի վերաբերյալ եղած գիտելիքների առնչությամբ։
15 Ստեղծիչը շարունակում է հարցեր տալ. «Ո՞վ կապեց ծովը դռներով, երբոր նա յորդահոսելով ելաւ արգանդից. երբոր ես ամպը նորա համար հանդերձ դրի, եւ մէգը՝ խանձարուր. եւ իմ սահմանը հաստատեցի նորա համար, եւ փականք ու դռներ դրի. եւ ասեցի. Մինչեւ այստեղ գաս, եւ էլ չ’անցնես. այստեղ կ’դադարեն քո փառահեղ ալիքները» (Յոբ 38։8–11)։
16 Ծովը կապելն իր մեջ ընդգրկում է մայրցամաքները, օվկիանոսները, մակընթացություներն ու տեղատվությունները։ Ինչքա՞ն ժամանակ է, որ մարդը դիտում և ուսումնասիրում է դրանք. հազարավոր տարիներ, և հատկապես՝ վերջին հարյուրամյակում։ Գուցե ձեզ թվում է, որ ինչ որ հիմնականում անհրաժեշտ է իմանալ դրանց մասին, հիմա իսկ արդեն հայտնի է։ Սակայն, այս 2001 թ.–ին եթե հետազոտեիք այդ հարցը հսկայական գրադարաններում կամ, օգտվելով Ինտերնետի վիթխարի հետազոտական հնարավորություններից, ամենավերջին փաստերը ձեռք բերեիք, արդյունքում ի՞նչ կհայտնաբերեիք։
17 Լայն տարածում գտած մի հանրագիտարանում կարելի է կարդալ հետևյալը. «Երկրագնդի մայրցամաքային պլատֆորմների ու օվկիանոսների դիրքը և ռելիեֆի առանձնահատկությունները երկար ժամանակ է, ինչ գիտական հետազոտությունների ու տեսականացման ասպարեզում ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներից են»։ Այնուհետև այդ գրքում բերվում են չորս ենթադրություն–բացատրություններ, բայց նաև ասվում է, որ դրանք ընդամենը հիպոթեզներ են «բազմաթիվ հիպոթեզների մեջ»։ Իսկ «հիպոթեզը», ինչպես, հավանաբար, գիտեք, նշանակում է՝ «ենթադրություն, որը դեռևս փորձով ապացուցման կարիք ունի»։
18. Ի՞նչ եզրակացության կարող եք հանգել՝ կարդալով Յոբ 38։8–11-ը։
18 Արդյոք սրանով չի՞ երևում այն հարցերի ժամանակահարմար լինելը, որոնք բերվում են Յոբ 38։8–11-ում։ Վստահաբար, մենք չէ, որ պիտի պատվի արժանանանք մեր մոլորակի վերը նշված առանձնահատկությունների համար։ Մենք չէ, որ լուսինն այնպես ենք տեղադրել, որ նրա ձգողական ուժի շնորհիվ տեղի են ունենում մակընթացություններ։ Իսկ դրանք սովորաբար չեն ողողում առափնյա շրջանները, որտեղ գուցե նաև մենք ենք ապրում։ Դուք գիտեք, թե ով է լուսնի արարիչը. դա հրաշքներ Գործողն է (Սաղմոս 33։7; 89։9; Առակաց 8։29; Գործք 4։24; Յայտնութիւն 14։7)։
Արժանի պատիվ տվեք Եհովային
19. Յոբ 38։12–14-ում նկարագրված բանաստեղծական խոսքերը ի՞նչ ֆիզիկական երևույթների վրա են մեր ուշադրությունը հրավիրում։
19 Մարդիկ չեն կարող պատվի արժանանալ այն բանի համար, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջ, ինչի մասին գրված է Յոբ 38։12–14-ում։ Այդ պտույտն է պատճառը, որ տեսնում ենք այգաբացը՝ երբեմն շշմեցուցիչ կերպով գեղեցիկ։ Երբ արևը ծագում է, երկրագնդի ուրվագծերն ավելի հստակ են դառնում, ինչպես կավը, որը կնիքի տակ ձև է ստանում։ Եթե մի փոքր ուշադրություն դարձնենք Երկրի ընթացքին, ապա մենք կհիանանք, որ նա չափազանց արագ չի պտտվում։ Հակառակ դեպքում դա, ինչպես կարող ենք գլխի ընկնել, աղետալի հետևանքներ կունենար։ Իսկ եթե դանդաղ պտտվեր, ապա երկարատև ցերեկներն ու գիշերները ջերմաստիճանի մեծ տատանումներ կբերեին, ինչը անհնար կդարձներ կյանքի գոյությունը։ Երախտապարտության զգացումով լցված՝ մենք պետք է ուրախ լինենք, որ ոչ թե մարդկանց մի խումբ, այլ Աստված է սահմանել Երկրի իր առանցքի շուրջ պտտման արագությունը (Սաղմոս 148։1–5)։
20. Ինչպե՞ս կպատասխանեիք Յոբ 38։16, 18–ում առաջադրված հարցերին։
20 Իսկ այժմ պատկերացրեք, որ Աստված ձեզ է ուղղում հետևյալ հարցերը. «Արդեօք գնացե՞լ ես մինչեւ ծովի աղբիւրները, եւ անդունդի խորքումը ման եկե՞լ ես»։ Նույնիսկ օվկիանագետը չի կարող այդ հարցին սպառիչ պատասխան տալ։ «Արդեօք հասկացե՞լ ես մինչեւ երկրի լայնքերը. ասիր, եթէ գիտես ամենը» (Յոբ 38։16, 18)։ Այցելել և հետազոտե՞լ եք Երկրի բոլոր վայրերը, կամ գոնե դրանց մեծ մասը։ Քանի՞ կյանք է անհրաժեշտ, որպեսզի մարդը հասցնի Երկրի այդ հրաշալիքները դիտել։ Ի՜նչ սքանչելի ժամանակներ կլինեին դրանք։
21. ա) Ի՞նչ գիտական տեսակետներ կան Յոբ 38։19–ում առաջադրված հարցերի վերաբերյալ։ բ) Լույսի վերաբերյալ եղած իրողությունները ի՞նչ անելու պետք է մղեն մեզ։
21 Ուշադրություն դարձրեք նաև Յոբ 38։19–ում նշված հարցերին. «Ո՞րն է այնտեղի ճանապարհը, ուր բնակվում է լոյսը, եւ ո՞րն է խաւարի տեղը»։ Գուցե տեղյակ եք, որ երկար ժամանակ այն տեսակետն էր տիրապետում, թե լույսը տարածվում է ալիքի պես, այնպես, ինչպես ջուրն է տատանվում լճակում։ Այնուհետև՝ 1905թ.–ին, Ալբերտ Էյնշտեյնը բացատրեց, որ լույսը տարածվում է էներգիայի փոքրիկ փնջով, կամ մասնիկներով։ Արդյոք դրանով հարցը լուծվե՞ց։ Մի ժամանակակից հանրագիտարանում հետևյալ հարցն է տրվում. «Լույսը ալի՞ք է, թե՞ մասնիկ»։ Եվ հետևում է պատասխանը. «Ըստ երևույթին, [լույսը] չի կարող լինել և՛ մեկը, և՛ մյուսը, քանի որ երկուսի [ալիքների և մասնիկների] վերաբերյալ տրվող բացատրությունները խիստ տարբերվում են իրարից։ Ամենաճիշտ պատասխանն այն է, որ լույսը ո՛չ այն է, ո՛չ էլ մյուսը»։ Այսպես թե այնպես, մենք տաքանում ենք (ուղղակի կամ անուղղակի) արևի ճառագայթներով, նույնիսկ եթե ոչ մի մարդ դեռևս չի կարողանում լիովին գլուխ հանել Աստծո այս գործերից։ Քանի որ բույսերը լույս են կլանում, ապա, արդյունքում, մենք ստանում ենք սնունդ և թթվածին։ Լույսի շնորհիվ կարող ենք կարդալ, տեսնել մեր հարազատների դեմքերը, դիտել մայրամուտը և այլն և այլն։ Դե եթե այդպես է, չպե՞տք է ընդունենք, որ Աստծո գործերը հրաշալի են (Սաղմոս 104։1, 2; 145։5; Եսայիա 45։7; Երեմիա 31։35)։
22. Ժամանակին ինչպե՞ս արտահայտվեց Դավիթը Աստծո հրաշալի գործերի մասին։
22 Բայց արդյո՞ք Եհովայի սքանչելի գործերի մասին խորհելու նպատակը զուտ այն է, որ այդ ամենից տպավորվենք մինչև վախով համակվելու կամ ապշահար լինելու աստիճան։ Հազիվ թե։ Սաղմոսերգու Դավիթն ընդունում էր, որ անհնար է ըմբռնել ու մեկնաբանել Աստծո բոլոր գործերը։ Նա գրեց. «Շատ են սքանչելիքներդ, որոնք դուն ըրեր ես, ո՛վ իմ Տէր Աստուածս.... Պիտի պատմէի ու խօսէի, բայց համրանքէն աւելի շատ են» (Սաղմոս 40։5, Արևմտ. Աստ.)։ Անշուշտ, նա նկատի չուներ, թե լռելու է այդ մեծ գործերի մասին։ Դավթի վճռականությունը երևում է նրա հետևյալ խոսքերից. «Ես կ’գոհանամ քեզանից, Տէր, իմ բոլոր սրտովը. կ’պատմեմ քո ամեն հրաշքները» (Սաղմոս 9։1)։
23. Ինչպե՞ս եք դուք արձագանքում Աստծո հրաշալի գործերին, և ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին։
23 Չպե՞տք է մենք էլ նույնանման ցանկություն ունենանք։ Այն, որ հիանում ենք Աստծո մեծ գործերով, չպե՞տք է դրդի մեզ խոսել նրա մասին, նաև այն մասին, թե ինչ է նա արել և ինչ է դեռ անելու։ Պատասխանն ակնհայտ է. մենք պետք է ‘պատմենք հեթանոսների մեջ նրա փառքը, ամեն ազգերի մեջ նրա հրաշքները’ (Սաղմոս 96։3–5)։ Այո՛, մենք կարող ենք խոնարհաբար մեր գնահատանքը ցույց տալ Աստծո հրաշալի գործերի հանդեպ՝ խոսելով ուրիշների հետ մեր իմացածի մասին։ Նույնիսկ եթե այդ մարդիկ մեծացել են այնպիսի միջավայրում, որտեղ անտեսում են Արարչին, մեր դրական տրամադրվածությունն ու բովանդակալից զրույցները կարող են նրանց մեջ ցանկություն առաջացնել ճանաչելու Աստծուն։ Դեռ ավելին, նրանք, հնարավոր է, ցանկանան ավելի շատ իմանալ և ծառայել նրան, ով «ստեղծեց բոլորը»՝ Եհովային՝ հրաշքներ Գործողին (Յայտնութիւն 4։11)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Յոբ 37։14–ի հորդորը մղում է ձեզ մտածելու Աստծո ո՞ր գործերի մասին։
• Որո՞նք են Յոբ 37 և 38–րդ գլուխներում առաջ քաշված այն մի քանի հարցերը, որոնց գիտությունը լիովին չի կարողանում պատասխանել։
• Ի՞նչ զգացումներ ունեք Աստծո հրաշալի գործերի վերաբերյալ, և դա ի՞նչ անելու է մղում ձեզ։
[նկար 7–րդ էջի վրա]
Ո՞վ կապեց ծովը՝ պահելով նրան իր տեղում
[նկար 7–րդ էջի վրա]
Կա՞ մեկը, որ իր աչքով տեսել է մեր արարչակերտ Երկրի բոլոր տեսարժան վայրերը