ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ՀՈԲ
Եհովան ամոքեց նրա ցավը
Վերջապես մարդկանց այս փոքր խումբը լռում է։ Թերևս լսվում է միայն Արաբական անապատի տաք քամու սոսավյունը։ Երկար բանավեճից հետո ուժասպառ եղած՝ Հոբն այլևս ոչինչ չունի ասելու։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է նա վրդովված նայում իր երեք ծանոթներին՝ Եղիփազին, Բաղդատին ու Սոֆարին՝ ասես մարտահրավեր նետելով նրանց, որ շարունակեն խոսել։ Բայց նրանք չեն ուզում անգամ նայել նրա աչքերին՝ հուսախաբ եղած, որ իրենց խելացի փաստարկները, հախուռն խոսքերն ու խոցող ակնարկները չեն հասել իրենց նպատակին (Հոբ 16։3)։ Ընդհակառակը՝ Հոբը ավելի քան երբևէ մեծ վճռականությամբ է լցված պաշտպանելու իր անարատությունը։
Հնարավոր է՝ Հոբը մտածում է, որ անարատությունը միակ բանն է, որ ինքն այժմ ունի։ Նա կորցրել է իր ունեցվածքը, տասը երեխաներին, ընկերների և հարևանների աջակցությունն ու հարգանքը և ի վերջո՝ առողջությունը։ Նրա մաշկը հիվանդությունից սևացել է, պատվել է կեղանքներով ու որդերով։ Նույնիսկ շնչառությունն է նողկալի դարձել (Հոբ 7։5; 19։17; 30։30)։ Սակայն այդ երեք տղամարդկանց հարձակումները բորբոքել են Հոբի բարկությունը, և նա վճռել է փաստել, որ ինքը ապականված մեղսագործ չէ, ինչպես նրանք են ասում։ Հոբի եզրափակիչ խոսքերը պարզապես լռեցնում են այդ մարդկանց։ Նրանց անգութ խոսքերի տարափը դադարում է։ Սակայն Հոբի ցավը դեռ կեղեքում է իրեն։ Նա օգնության խիստ կարիք ունի։
Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու Հոբը չի կարողանում հավասարակշռված մտածելակերպ պահպանել։ Նա առաջնորդության և շտկվելու կարիք ունի, նաև՝ իսկական սփոփանքի և մխիթարության։ Այդ երեք տղամարդիկ հենց դա պետք է տային նրան, բայց չտվեցին։ Երբևէ առաջնորդության և մխիթարության խիստ կարիք զգացե՞լ ես։ Քեզ հուսախաբ արե՞լ են այն մարդիկ, ում ընկեր ես համարել։ Եթե այո, ապա դու կլցվես հույսով և գործնական խորհուրդներ կստանաս, երբ իմանաս, թե Եհովա Աստված ինչպես օգնեց իր ծառա Հոբին, և թե վերջինս ինչպես արձագանքեց։
Իմաստուն և բարի խորհրդատու
Հոբի մասին պատմության մեջ անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ։ Եղիուս անունով մի տղամարդ, որն այդ ողջ ընթացքում այնտեղ էր, լուռ լսել էր իրենից տարիքով ավելի մեծ տղամարդկանց վիճաբանությունը։ Եվ նրան ընդհանրապես դուր չէր եկել իր լսածը։
Եղիուսը բարկացած էր Հոբի խոսքերի պատճառով։ Նա ցավ էր ապրում՝ տեսնելով, որ արդար Հոբը, այդ երեք տղամարդկանց ճնշմանը տեղիք տալով, «իր հոգին Աստծուց ավելի արդար էր համարում»։ Այնուամենայնիվ, Եղիուսը սրտանց կարեկցում էր Հոբին. նա տեսնում էր այդ մարդու ցավը, տեսնում էր, որ նա անկեղծ է և բարի խորհրդի ու մխիթարության խիստ կարիք ունի։ Զարմանալի չէ, որ Եղիուսի համբերությունը հատեց, երբ նա լսեց այդ երեք կեղծ մխիթարիչներին։ Այդ ողջ ընթացքում նա լսում էր, թե ինչպես էին նրանք հարձակում գործում Հոբի վրա՝ փորձելով քայքայել նրա հավատը, տրորել արժանապատվությունը և կոտրել անարատությունը։ Բայց ամենավատն այն էր, որ նրանք իրենց աղավաղված խոսքերով Աստծուն ներկայացնում էին որպես հանցավորի։ Եղիուսի սիրտն այրվում էր. նա զգում էր, որ պետք է միջամտի ու խոսի (Հոբ 32։2–4, 18)։
«Ես օրերով երիտասարդ եմ,— ասաց նա,— իսկ դուք՝ տարիքն առած։ Այդ պատճառով էլ ինձ պահում էի ու վախենում էի իմ գիտելիքները ձեզ հայտնելուց»։ Եղիուսն այլևս չէր կարող լուռ մնալ։ Նա շարունակեց խոսել՝ ասելով. «Շատ օրերը չեն, որ իմաստություն են տալիս, ոչ էլ ծերությունն է, որ հասկանում է դատաստանը» (Հոբ 32։6, 9)։ Հետո Եղիուսը երկար խոսեց՝ այդպիսով փաստելով, որ իրականում տարիքը չէ, որ մարդուն իմաստուն է դարձնում։ Նա բոլորովին այլ կերպ խոսեց Հոբի հետ՝ ոչ այնպես, ինչպես Եղիփազը, Բաղդատը և Սոֆարն էին խոսել։ Եղիուսը Հոբին վստահեցրեց, որ չի նվաստացնի նրան կամ ճնշում չի բանեցնի նրա վրա։ Նա նաև Հոբին վերաբերվեց արժանապատվությամբ՝ անունով դիմելով նրան և ընդունելով, որ նրա հետ անհարգալից են վարվել։a Եղիուսը հարգալից կերպով ասաց. «Հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսի՛ր ինձ» (Հոբ 33։1, 7; 34։7)։
Եղիուսը Հոբին անկեղծ և ուղիղ խորհուրդ տվեց։ Նա ասաց. «Դու ասացիր իմ ականջին.... «Ես մաքուր եմ ու առանց հանցանքի, ես մաքուր եմ և սխալ չունեմ, բայց նա [Աստված] ինձ հակառակվելու առիթներ է փնտրում»»։ Եղիուսը ցույց տվեց, թե որն է խնդրի արմատը՝ հարցնելով. «Սա դու արդարությո՞ւն ես համարում։ Դու ասում ես. «Իմ արդարությունը ավելին է, քան Աստծունը»»։ Նա չէր կարող Հոբին թույլ տալ շարունակել նման կերպ տրամաբանել։ «Դրանում դու ճիշտ չես»,— ասաց երիտասարդ տղամարդը (Հոբ 33։8–12; 35։2)։ Եղիուսը գիտեր, որ Հոբը շատ բարկացած էր սոսկալի կորուստների և իր կեղծ ընկերների դաժան վերաբերմունքի պատճառով։ Բայց նա նախազգուշացրեց Հոբին. «Զգույշ եղիր, որ զայրույթը չհրապուրի քեզ, և դու չարակամորեն ծափ չտաս» (Հոբ 36։18)։
Եղիուսը ընդգծում է Եհովայի բարությունը
Եղիուսը նախևառաջ խոսեց՝ ի պաշտպանություն Եհովա Աստծու։ Պարզ, բայց զորեղ խոսքերով նա մի կարևոր ճշմարտություն բացատրեց. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի.... Ամենակարողը չի խեղաթյուրում արդարադատությունը» (Հոբ 34։10, 12)։ Ցույց տալու համար, որ Եհովան ողորմած և արդար է, Եղիուսը Հոբին հիշեցրեց, որ նա չի միջամտել և չի պատժել նրան անխոհեմ և անհարգալից խոսքերի համար (Հոբ 35։13–15)։ Եվ առանց ձևացնելու, թե գիտի բոլոր հարցերի պատասխանները, Եղիուսը խոնարհաբար ընդունեց. «Աստված մեր իմացածից ավելի մեծ է» (Հոբ 36։26)։
Թեև Եղիուսի խորհուրդն ուղիղ էր, նա շարունակում էր բարյացակամ լինել։ Նա խոսեց այն հրաշալի հույսի մասին, որ Եհովան մի օր վերականգնելու էր Հոբի առողջությունը։ Աստված իր նվիրված ծառայի մասին ասելու էր. «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ»։ Եղիուսը մեկ այլ կերպ էլ բարություն դրսևորեց Հոբի հանդեպ։ Հոբի գլխին քարոզ կարդալու փոխարեն՝ նա սիրալիր կերպով հորդորեց նրան խոսել, պատասխանել իրեն։ «Խոսի՛ր, քանի որ ինձ ուրախացնում է քո արդարությունը»,— ասաց նա (Հոբ 33։25, 32)։ Բայց Հոբը չպատասխանեց։ Գուցե նա կարիք չէր զգում պաշտպանվելու այդպիսի բարի ու քաջալերական խորհուրդ ստանալիս։ Հնարավոր է՝ թեթևացում զգալով՝ նա լաց եղավ։
Մենք կարող ենք կարևոր դասեր քաղել այս երկու հավատարիմ տղամարդկանց օրինակներից։ Եղիուսից սովորում ենք, թե ինչպես է հարկավոր խորհուրդ տալ և մխիթարել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկական ընկերը չի վարանի մեր ուշադրությունը հրավիրել լուրջ սխալի կամ վտանգավոր ընթացքի վրա (Առակներ 27։6)։ Մենք ուզում ենք այդպիսի ընկեր լինել՝ բարի լինելով և քաջալերական խոսքեր ասելով նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, նույնիսկ երբ վերջիններս անմտածված կերպով են խոսում։ Իսկ երբ ինքներս նման խորհրդի կարիք ունենանք, Հոբի օրինակը կարող է հիշեցնել մեզ, որ խորհուրդը պետք է խոնարհաբար լսենք և չպետք է մերժենք այն։ Բոլորս խորհրդի և շտկվելու կարիք ունենք։ Դա ընդունելը կարող է փրկել մեր կյանքը (Առակներ 4։13)։
«Փոթորկի միջից»
Եղիուսը խոսելիս հաճախ հիշատակում էր քամու, ամպերի, որոտի ու կայծակի մասին։ Եհովայի մասին նա ասաց. «Ուշադիր լսեք նրա ձայնի դղրդյունին»։ Շատ չանցած՝ նա նշեց «փոթորկալից քամու» մասին (Հոբ 37։2, 9)։ Հնարավոր է՝ մինչ նա խոսում էր, հորիզոնում սև ամպեր կուտակվեցին, և քամի բարձրացավ, որն ուժգնանալով՝ ի վերջո վերածվեց փոթորկի։ Իսկ հետո անհավանական մի բան տեղի ունեցավ. խոսեց հենց ինքը՝ Եհովան (Հոբ 38։1)։
Ի՜նչ մեծ պատիվ է ներկա լինել բնաշխարհի մասին դասախոսության, որը կարդում է անձամբ տիեզերքի Արարիչը
Մեծ թեթևացում ենք զգում՝ կարդալով «Հոբ» գրքի այն գլուխները, որոնցում գրված են Հոբին ուղղված Եհովայի խոսքերը։ Ասես ճշմարտության փոթորիկը քշում-տանում է Եղիփազի, Բաղդատի ու Սոֆարի ասած բոլոր դատարկ խոսքերը և սխալ դատողությունները։ Սկզբում Եհովան նույնիսկ չխոսեց այդ մարդկանց հետ։ Նա կենտրոնացավ միայն Հոբի վրա։ Եհովան ուղիղ խոսեց իր սիրելի ծառայի հետ՝ շտկելով նրա մտածելակերպն այնպես, ինչպես հայրն է շտկում որդու մտածելակերպը։
Եհովան հասկանում էր, թե ինչ ցավ էր զգում Հոբը։ Նա կարեկցում էր նրան, ինչպես որ միշտ կարեկցում է իր սիրելի երեխաներին, երբ նրանք տառապանքներ են կրում (Եսայիա 63։9; Զաքարիա 2։8)։ Սակայն Աստված նաև գիտեր, որ Հոբը ասել էր «այնպիսի խոսքեր, որոնցում գիտելիք չկա», ինչի պատճառով նրա խնդիրները ավելի էին խորացել։ Ուստի Եհովան շտկեց Հոբի մտածելակերպը՝ նրան տալով բազմաթիվ հարցեր։ Սկզբում նա հարցրեց. «Որտե՞ղ էիր, երբ ես գցում էի երկրի հիմքը, ասա՛ ինձ, եթե հասկացողությամբ ես օժտված»։ Արարչագործության արշալույսին «առավոտյան աստղերը»՝ հրեշտակներից բաղկացած Աստծու ընտանիքը, բարձրաձայն գովաբանություն էին անում՝ նայելով հրաշալի ստեղծագործություններին (Հոբ 38։2, 4, 7)։ Ինչ խոսք, Հոբը ոչինչ չգիտեր այդ մասին։
Եհովան շարունակեց խոսել իր ստեղծագործությունների մասին։ Նա Հոբին հակիրճ բացատրեց այնպիսի բաներ, որոնք այսօր բնական գիտությունների ուսումնասիրության առարկան են, օրինակ՝ շոշափեց աստղագիտությանը, կենսաբանությանը, երկրաբանությանն ու ֆիզիկային առնչվող թեմաներ։ Եհովան մասնավորապես նկարագրեց մի քանի կենդանիների, որոնք կային երկրի այն մասում, որտեղ բնակվում էր Հոբը։ Դրանցից էին, օրինակ, առյուծը, ագռավը, այծյամը, զեբրը, վայրի էշը, վայրի ցուլը, ջայլամը, ձին, բազեն, արծիվը, բեհեմոթը (ըստ ամենայնի, գետաձի) և լևիաթանը (ըստ երևույթին, կոկորդիլոս)։ Ի՜նչ մեծ պատիվ է ներկա լինել բնաշխարհի մասին դասախոսության, որը կարդում է անձամբ տիեզերքի Արարիչը։ b
Խոնարհության և սիրո դաս
Ո՞րն էր այս ամենի նպատակը։ Հոբն իսկապես ավելի խոնարհ լինելու կարիք ուներ։ Գանգատվելով, որ Եհովան, իր կարծիքով, անարդարացիորեն է վարվում իր հետ՝ նա միայն սաստկացնում էր իր ցավը և իրեն հեռացնում էր իր սիրառատ Հորից։ Ուստի Եհովան նորից ու նորից հարցնում էր Հոբին, թե որտեղ էր նա, երբ այդ հրաշալիքները արարվում էին, և թե արդյոք նա կարող էր կերակրել, իրեն ենթարկել և վերահսկողության տակ պահել իր ստեղծած արարածներին։ Եթե Հոբը չէր կարող իրեն ենթարկել Եհովայի ստեղծագործությունները, ապա ինչպե՞ս կարող էր մտածել, որ իրավասու է դատել Արարչին։ Մի՞թե Եհովայի ճանապարհներն ու մտքերը Հոբի սահմանափակ հասկացողությունից շատ ավելի գերազանց չէին։
Հոբը չվիճեց ու չարդարացրեց իրեն
Եհովայի բոլոր խոսքերում խոր սեր էր զգացվում։ Ասես նա Հոբի հետ տրամաբանում էր հետևյալ կերպ. «Որդի՛ս, եթե ես կարող եմ արարել այս ամենը և հոգ տանել դրանց մասին, կարծում ես՝ քո մասին հոգ չե՞մ տանի։ Մի՞թե ես կլքեմ քեզ, կխլեմ քեզանից քո երեխաներին, քո ապահովությունը և առողջությունը։ Մի՞թե ես միակը չեմ, ով կարող է վերադարձնել քեզ այն, ինչ կորցրել ես, և ամոքել քո սաստիկ ցավը»։
Հոբն ընդամենը երկու անգամ պատասխանեց Եհովայի՝ մտածելու տեղիք տվող հարցերին։ Նա չվիճեց ու չփորձեց արդարանալ։ Նա խոնարհաբար ընդունեց, թե իրականում որքան քիչ բան գիտի, և զղջաց, որ անմտածված խոսքեր է ասել (Հոբ 40։4, 5; 42։1–6)։ Այստեղ տեսնում ենք, թե Հոբը հավատի ինչ հրաշալի օրինակ է։ Իր կրած բոլոր դժվարություններից հետո նա շարունակեց մնալ ամուր հավատի տեր մարդ։ Հոբն ընդունեց Եհովայի խրատը և փոխեց իր տրամադրվածությունը։ Նրա օրինակը գուցե մղի մեզ հարցնելու ինքներս մեզ. «Բավականաչափ խոնա՞րհ եմ, որ խրատ և խորհուրդ ընդունեմ»։ Բոլորս էլ այդպիսի օգնության կարիք ունենք։ Երբ ընդունում ենք այն, ընդօրինակում ենք Հոբի հավատը։
«Ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին»
Այնուհետև Եհովան քայլեր ձեռնարկեց, որ ամոքի Հոբի ցավը։ Դիմելով Եղիփազին, որն ակներևաբար երեք կեղծ մխիթարիչներից տարիքով ամենամեծն էր՝ նա ասաց. «Բարկությունս բորբոքվել է քեզ վրա ու քո երկու ընկերների վրա, քանի որ իմ ծառա Հոբի պես ճշմարտությունը չխոսեցիք իմ մասին» (Հոբ 42։7)։ Մի պահ մտածենք այս խոսքերի մասին։ Արդյո՞ք Եհովան նկատի ուներ, թե այդ երեք տղամարդկանց բոլոր խոսքերը սուտ էին, իսկ Հոբի ասած ամեն մի բառը՝ ճիշտ։ Իհա՛րկե ոչ։c Սակայն մեծ տարբերություն կար Հոբի և նրան մեղադրողների միջև։ Հոբի սիրտը կոտրված էր, նա տոգորված էր վշտով և վհատված՝ կեղծ մեղադրանքների պատճառով։ Ուստի հասկանալի է, որ երբեմն անմտածված խոսքեր էր ասում։ Սակայն Եղիփազն ու նրա երկու ընկերները այդպիսի դժվար իրավիճակում չէին։ Նրանք միտումնավոր կերպով դաժան բաներ էին ասում, քանի որ ամբարտավան էին և թույլ հավատ ունեին։ Այդ մարդիկ ոչ միայն հարձակվեցին անմեղ մարդու վրա, այլև, որն ավելի վատ է, Եհովային ներկայացրին սխալ լույսի ներքո՝ որպես անզգա և նույնիսկ հանցավոր Աստծու։
Ուստի զարմանալի չէ, որ Եհովան այդ մարդկանցից պահանջեց թանկարժեք զոհ մատուցել։ Նրանք պետք է զոհաբերեին յոթ ցուլ և յոթ խոյ։ Դրանք իրոք շատ թանկ գին ունեին, քանի որ ավելի ուշ Մովսիսական օրենքում նշվեց, որ քահանայապետը պետք է ցուլ մատուցեր, եթե մեղք գործեր և ողջ ազգին հանցավոր դարձներ (Ղևտական 4։3)։ Ցուլը ամենաթանկ կենդանին էր, որը մատուցվում էր՝ ըստ Օրենքի։ Ավելին, Եհովան ասաց, որ կընդունի Հոբին մեղադրողների զոհաբերությունը միայն այն դեպքում, եթե Հոբը նախ աղոթի նրանց համարd (Հոբ 42:8)։ Որքա՜ն թերևս սփոփվեց Հոբի սիրտը, երբ նրա Աստվածը՝ Եհովան, արդարացրեց նրան, և Աստծու արդարությունը հաղթանակեց։
«Իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար» (Հոբ 42։8)
Եհովան վստահ էր, որ Հոբը կանի այն, ինչ ինքը խնդրել էր նրան։ Դա ցույց կտար, որ իր ծառան ներել է իրեն այդքան խոր ցավ պատճառած մարդկանց։ Եվ Հոբը չհիասթափեցրեց իր Հորը (Հոբ 42։9)։ Նրա հնազանդությունը իր անարատության մեծագույն ապացույցն էր, և այն շատ ավելի զորեղ էր, քան իր խոսքերը։ Դա ճանապարհ հարթեց Հոբի համար, որ ստանա իր կյանքի մեծագույն օրհնությունները։
«Անչափ գորովալից»
Եհովան Հոբի նկատմամբ «անչափ գորովալից էր ու ողորմած» (Հակոբոս 5։11)։ Որտեղի՞ց դա գիտենք։ Եհովան վերականգնեց Հոբի առողջությունը։ Դժվար չէ պատկերացնել, թե վերջինս ինչ զգաց, երբ հասկացավ, որ իր «մարմինը ավելի թարմ» է դարձել, քան իր երիտասարդության ժամանակ, ինչպես և կանխագուշակել էր Եղիուսը։ Վերջապես Հոբի ընտանիքի անդամներն ու ընկերները նրա կողքին էին. նրանք աջակցում, մխիթարում և նվերներ էին բերում նրան։ Եհովան Հոբին նրա կորցրած հարստության կրկնակին տվեց։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրա ամենախոր վերքի՝ երեխաների կորստի մասին։ Հոբն ու նրա կինը որոշ չափով մխիթարվեցին, երբ ևս տասը երեխա ունեցան։ Եհովան նաև հրաշքով երկարացրեց Հոբի կյանքը։ Այդ ամենից հետո նա ապրեց 140 տարի և տեսավ իր հետնորդներին՝ չորս սերունդ։ «Հոբը մահացավ՝ ծերացած ու իր օրերից կշտացած»,— ասում է Աստվածաշունչը (Հոբ 42։10–17)։ Բացի այդ, դրախտում Հոբն ու իր սիրելի կինը կվերամիավորվեն իրենց ընտանիքի, այդ թվում՝ այն տասը երեխաների հետ, որոնց Սատանան խլել էր նրանցից (Հովհաննես 5։28, 29)։
Եհովան ինչո՞ւ այդքան առատորեն վարձատրեց Հոբին։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին՝ ասելով. «Դուք լսել եք Հոբի տոկունության մասին» (Հակոբոս 5։11)։ Մեզնից շատերը նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել, թե որքան շատ դժվարությունների միջով անցավ Հոբը։ «Տոկունություն» բառը ցույց է տալիս, որ նա այդ փորձություններին պարզապես դիմանալուց ավելին արեց։ Հոբը տոկաց այդ դժվարություններին՝ չկորցնելով Եհովայի հանդեպ իր հավատն ու սերը։ Բացի այդ, բարկանալու և դառնանալու փոխարեն՝ նա պատրաստակամորեն ներեց նրանց, ովքեր միտումնավոր կերպով ցավ էին պատճառել իրեն։ Եվ երբեք չկորցրեց ո՛չ իր թանկ հույսը և ո՛չ էլ իր ունեցած ամենաարժեքավոր բանը՝ անարատությունը (Հոբ 27։5)։
Մեզնից յուրաքանչյուրը տոկունության կարիք ունի։ Կարող ենք վստահ լինել, որ Սատանան կփորձի վհատեցնել մեզ, ինչպես որ փորձեց վհատեցնել Հոբին։ Բայց եթե հավատով տոկանք, խոնարհ մնանք, պատրաստակամորեն ներենք ուրիշներին և վճռենք պահպանել մեր անարատությունը, մենք նույնպես կկարողանանք վառ պահել հրաշալի ապագայի մեր հույսը (Եբրայեցիներ 10։36)։ Ընդօրինակելով Հոբի հավատը՝ մենք կբարկացնենք Սատանային և կուրախացնենք Եհովային, որը անչափ սիրում է մեզ։
a Եղիփազի, Բաղդատի և Սոֆարի՝ Հոբին ասած խոսքերն այնքան շատ էին, որ դրանք զբաղեցրին Աստվածաշնչի ինը գլուխ։ Սակայն ոչ մի տեղ չենք կարդում, որ նրանք Հոբին անունով են դիմել։
b Երբեմն Եհովան կոնկրետ և իրատեսական նկարագրություններից սահուն կերպով անցում էր կատարում փոխաբերական կամ պոետիկ արտահայտությունների (տես, օրինակ, Հոբ 41։1, 7, 8, 19–21-ը)։ Երկու դեպքում էլ Աստծու նպատակը նույնն էր՝ օգնել Հոբին խորացնելու ակնածանքը իր Արարչի նկատմամբ։
c Փաստն այն է, որ հետագայում Պողոս առաքյալը Եղիփազի ասածներից մեկը մեջբերեց որպես ճշմարտություն (Հոբ 5։13; 1 Կորնթացիներ 3։19)։ Եղիփազի ասածը ճշմարտություն էր, բայց նա սխալ կիրառեց այն Հոբի առնչությամբ։
d Ոչ մի տեղ չի նշվում, որ Հոբից պահանջվեց այդպիսի զոհ մատուցել իր կնոջ համար։