ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ
Երբ ընտանիքում հիվանդ կա
1, 2. Ինչպե՞ս Սատանան օգտագործեց ողբերգական դեպքերն ու հիվանդությունը՝ Հոբի անարատությունը կոտրելու նպատակով։
ՀՈԲԻՆ արդարև կարելի է համարել մեկն այն մարդկանցից, ովքեր երջանիկ ընտանեկան կյանք են վայելել։ Աստվածաշնչում նա կոչվում է «բոլոր արեւելցիներից մեծ[ը]»։ Հոբն ուներ տասը երեխա՝ յոթ տղա և երեք աղջիկ։ Բացի դրանից, նա բավականաչափ կարողության տեր էր և ի վիճակի էր նյութապես ապահովելու իր ընտանիքը։ Սակայն ամենակարևորն այն էր, որ Հոբը նախաձեռնություն էր վերցնում հոգևոր հարցերում և մտահոգված էր, թե իր զավակներն ինչպես են իրենց դրսևորում Եհովայի առջև։ Այս ամենի շնորհիվ նրա ընտանիքն ամուր էր ու երջանիկ (Յոբ 1։1–5)։
2 Հոբի բարեկեցիկ կյանքը աննկատ չէր մնացել Եհովա Աստծո գլխավոր թշնամու՝ Սատանայի աչքից։ Այս անձնավորությունը, որ շարունակ հնարավորություններ էր փնտրում կոտրելու Աստծո ծառաների անարատությունը, հարձակում գործեց Հոբի վրա՝ կործանելով նրա երջանիկ ընտանիքը։ Վերջում Սատանան հարվածեց անձամբ Հոբին՝ «չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը»՝ նպատակ ունենալով այդ ողբերգական դեպքերի ու հիվանդության միջոցով կոտրել վերջինիս անարատությունը (Յոբ 2։6, 7)։
3. Ինչպիսի՞ն էին Հոբի հիվանդության ախտանիշները։
3 Աստվածաշունչը չի հիշատակում Հոբի հիվանդության ստույգ անվանումը, սակայն նշում է դրա ախտանիշները։ Հոբի ամբողջ մարմինը պատվել էր որդերով, մաշկը կեղևապատ էր դարձել ու փտում էր։ Նրա շունչը նողկանք էր առաջացնում, իսկ մարմնից գարշահոտություն էր փչում։ Հոբը չարչարվում էր անասելի ցավերից (Յոբ 7։5; 19։17; 30։17, 30)։ Այսպիսի սոսկալի տառապանքներ կրելով՝ նա նստել էր մոխրի մեջ ու մի խեցի առած՝ քերում էր իր մաշկը (Յոբ 2։8)։ Իրոք որ ցավալի տեսարան էր։
4. Ի՞նչ խնդրի հետ է ժամանակ առ ժամանակ բախվում ընտանիքը։
4 Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե անձամբ հայտնվեիք նման սարսափելի վիճակում։ Սատանան այսօր Աստծո ծառաներին չի հարվածում հիվանդություններով, ինչպես Հոբի պարագայում էր։ Այնուհանդերձ, հաշվի առնելով մարդկային անկատարությունը, ժամանակակից կյանքի լարվածությունն ու շրջապատող միջավայրի գնալով վատթարացող պայմանները՝ պետք է ակնկալել, որ ժամանակ առ ժամանակ ընտանիքում կարող է որևէ մեկը հիվանդանալ։ Եվ չնայած ձեռք առնվող կանխարգելիչ միջոցառումներին՝ ոչ մեկս էլ ապահովագրված չենք հիվանդություններից, թեպետև մեզանից քչերն են ստիպված լինում Հոբի պես տառապել։ Ընտանիքում որևէ մեկի հիվանդությունը կարող է իր հետ մեծ դժվարություններ առաջ բերել։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչն օգնում պայքարել մարդկության՝ հնուց ի վեր գոյություն ունեցող թշնամու՝ հիվանդության դեմ (Ժողովող 9։11; Բ Տիմոթէոս 3։16)։
ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
5. Ինչպե՞ս են սովորաբար ընտանիքի անդամներն արձագանքում, երբ նրանցից մեկը կարճ ժամանակով հիվանդանում է։
5 Երբ խախտվում է կյանքի սովորական տեմպը, ինչ էլ որ լինի դրա պատճառը, արդեն իսկ դժվար է հաշտվելը, առավել ևս այն պարագայում, երբ պատճառը երկարատև հիվանդությունն է։ Անգամ կարճատև հիվանդության դեպքում որոշակի փոփոխությունների, զիջումների ու զոհողությունների գնալու անհրաժեշտություն է առաջանում։ Ընտանիքի անդամները հիվանդի հանգիստն ապահովելու համար միգուցե ստիպված են լռություն պահպանել։ Թերևս ստիպված լինեն նաև հրաժարվել որոշակի գործերից։ Չնայած դրան՝ ընտանիքներում մեծ մասամբ նույնիսկ փոքր երեխաներն են կարեկցում իրենց հիվանդ եղբորը, քրոջը կամ ծնողին, թեպետև երբեմն հարկ է լինում նրանց հիշեցնել, որ ավելի հոգատար լինեն (Կողոսացիս 3։12)։ Եթե հիվանդությունը ժամանակավոր բնույթ է կրում, ընտանիքը սովորաբար պատրաստ է լինում հարկ եղած օգնությունը ցույց տալու։ Եվ բացի այդ, յուրաքանչյուրը կարող է ակնկալել, որ նման ուշադրություն կցուցաբերեն նաև իր նկատմամբ, եթե երբևիցե հիվանդանա (Մատթէոս 7։12)։
6. Ի՞նչ զգացումներ կարող են երբեմն ունենալ ընտանիքի անդամները, երբ հարազատներից որևէ մեկը տառապում է լուրջ ու երկարատև հիվանդությամբ։
6 Իսկ եթե հիվանդությունը երկարատև և լուրջ բնույթ է կրում, ու անհրաժեշտություն է առաջանում արմատական փոփոխություններ մտցնել ընտանիքի առօրյա կյանքում... Օրինակ՝ ինչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկը անդամալույծ է դարձել, տառապում է Ալցհեյմեր կոչվող կամ մեկ այլ հիվանդությամբ, կամ էլ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ասենք՝ մտագարությամբ (շիզոֆրենիա)։ Սովորաբար առաջին բանը, որ զգում ենք հարազատ մարդու կրած տառապանքների հանդեպ, վշտի զգացումն է ու կարեկցանքը։ Սակայն կարեկցանքին կարող են հաջորդել նաև այլ զգացումներ։ Հարազատները կարող են տրտնջալ՝ զգալով, թե մեկ հոգու հիվանդությունը ինչպես է ազդում իրենց կյանքի վրա և ինչպես է սահմանափակում իրենց ազատությունը։ Նրանք կարող են սրտնեղվել՝ ասելով. «Ինչո՞ւ հենց ես...»
7. Ինչպե՞ս էր Հոբի կինն արձագանքել ամուսնու հիվանդությանը և, հավանաբար, ինչի՞ մասին էր նա մոռացել։
7 Թերևս նման հարց ծագել էր նաև Հոբի կնոջ մտքում։ Հիշենք, որ Հոբը հիվանդանալուց առաջ արդեն կորցրել էր իր զավակներին։ Եվ իրար ետևից վրա հասնող այդ դժբախտ պատահարների պատճառով, ինչ խոսք, նրա կինը ինքն իրեն կորցրել էր։ Եվ վերջապես, տեսնելով, թե տանջալից ու խորշանք առաջացնող հիվանդությունը ինչպես է մորմոքում իր երբեմնի գործունյա ու եռանդուն ամուսնուն՝ նա, ըստ երևույթին, մոռացել էր ամենակարևոր հանգամանքը, որը պետք է ինչ–որ չափով ստվերում թողներ այդ ողջ եղելությունը. դա իր ու ամուսնու փոխհարաբերությունն էր Աստծո հետ։ Աստվածաշունչն ասում է. «Կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը. հայհոյիր Աստուծուն եւ մեռիր» (Յոբ 2։9)։
8. Երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը ծանր հիվանդանում է, աստվածաշնչյան ո՞ր համարը կարող է օգնել մնացածներին ճիշտ մոտեցում ունենալ ստեղծված նոր իրավիճակի հանդեպ։
8 Հաճախ մարդկանց հուսահատեցնում և անգամ զայրացնում է այն միտքը, որ ինչ–որ մեկի հիվանդության պատճառով իրենք ստիպված պետք է լինեն արմատական փոփոխություններ մտցնել իրենց կյանքում։ Սակայն եթե քրիստոնյան է հայտնվում նման հանգամանքներում, ապա խորհրդածելով ստեղծված նոր իրավիճակի շուրջ՝ նա պետք է հասկանա, որ իրականում հնարավորություն ունի ապացուցելու իր անկեղծ սերը այդ մարդու հանդեպ։ Հիրավի, «սէրը երկայնամիտ է՝ քաղցր է.... իրը չէ որոնում.... ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13։4–7)։ Պետք չէ թույլ տալ, որ բացասական հույզերը մեզ վրա իշխեն. փոխարենը՝ լավ կլինի ամեն ջանք գործադրել, որպեսզի մենք իշխենք դրանց վրա (Առակաց 3։21)։
9. Ո՞ր խոսքերը կարող են հոգևորապես և էմոցիոնալ առումով օգնել այն ընտանիքներին, որտեղ ծանր հիվանդ կա։
9 Ի՞նչ կարելի է անել պահպանելու համար ընտանիքի հոգևոր և էմոցիոնալ բարօրությունը, երբ տանը ծանր հիվանդ կա։ Իհարկե, ամեն մի հիվանդություն առանձնահատուկ խնամք ու բուժում է պահանջում, և ճիշտ չի լինի այս գրքում խոսել որևիցե բուժամիջոցի կամ տնային խնամքի մասին։ Սակայն Եհովան հոգևոր առումով «կանգնեցնում է ամեն կռացածներին» (Սաղմոս 145։14)։ Դավիթ թագավորը գրել է. «Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. նեղութեան օրումը Տէրը կ’փրկէ նորան։ Տէրը կ’փրկէ նորան եւ կ’ապրեցնէ նորան.... Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում» (Սաղմոս 41։1–3)։ Եհովան իր ծառաներին հոգևորապես ‘ապրեցնում է’ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք էմոցիոնալ առումով անասելի տառապանքներ են կրում (Բ Կորնթացիս 4։7)։ Շատերը, ովքեր իրենց ընտանիքում ծանր հիվանդ են ունեցել, համամիտ են սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Ես շատ խոնարհուեցայ. Տէր, ապրեցրու ինձ քո խօսքի պէս» (Սաղմոս 119։107)։
ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈԳԻ
10, 11. ա) Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ընտանիքն ի վիճակի լինի հաջողությամբ պայքարելու հիվանդության դեմ։ բ) Ինչպե՞ս է մի քրիստոնյա կին հաղթահարել ամուսնու հիվանդության հետ կապված դժվարությունները։
10 «Մարդուն հոգին [«ոգին», ՆԱ] իր հիւանդութեանը կը համբերէ,— ասում է աստվածաշնչյան մի առակ,— բայց վիրաւորուած հոգին [«ոգին», ՆԱ] ո՞վ կրնայ մխիթարել» (Առակաց 18։14, ԱԱ)։ Հոգեկան ցնցումը կարող է անդրադառնալ ինչպես տվյալ մարդու, այնպես էլ նրա ընտանիքի «ոգու» վրա։ Այնուհանդերձ, «մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը» (Առակաց 14։30)։ Հաջողվում է արդյոք ընտանիքին պայքարել հարազատի լուրջ հիվանդության դեմ, թե՝ ոչ, մեծ մասամբ կախված է այն վերաբերմունքից, այսինքն՝ ոգուց, որ դրսևորում է ընտանիքի յուրաքանչյուր անդամ (համեմատի՛ր Առակաց 17։22)։
11 Մի քրիստոնյա կին ստիպված եղավ շատ դառնություններ կրել, երբ ամուսնությունից ընդամենը վեց տարի անց ամուսինը կաթվածահար եղավ։ «Ամուսինս խոսելու ունակությունից համարյա զրկվել էր, այնպես որ գրեթե հնարավոր չէր նրան հասկանալ,— հիշում է քույրը։— Ահռելի ու լարված ջանքեր էին պահանջվում հասկանալու համար, թե ինչ էր նա ուզում ասել»։ Իսկ պատկերացրեք, թե ինչպես էր տանջվում և ինչ հուսահատ վիճակում էր գտնվում նրա հիվանդ ամուսինը։ Ի՞նչ էին անում նրանք։ Չնայած որ բավական հեռու էին ապրում այն վայրից, որտեղ անց էին կացվում ժողովի հանդիպումները, այդ քույրն ամեն բան անում էր հոգևորապես ամուր մնալու համար՝ աշխատում էր միշտ տեղյակ լինել այն ամենից, ինչ տեղի էր ունենում կազմակերպության մեջ, և շարունակում էր հոգևոր կերակուր ստանալ «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի միջոցով։ Այս ամենը նրան ուժ էր տալիս՝ խնամելու իր սիրելի ամուսնուն չորս տարի շարունակ՝ մինչև նրա մահը։
12. Ինչպե՞ս կարող է հիվանդն ինքը երբեմն օգնել մյուսներին, ինչպես տեսնում ենք Հոբի օրինակից։
12 Հոբի դեպքում ամուր մնաց հենց ինքը՝ տուժողը։ «Միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք»,— հարցրեց նա իր կնոջը (Յոբ 2։10)։ Եվ զարմանալի չէ, որ ավելի ուշ Հակոբոս աշակերտը Հոբին ներկայացրեց որպես համբերության ու տոկունության հիանալի օրինակ։ Յակոբոս 5։11–ում կարդում ենք. «Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք, որ Տէրը բազմագութ է եւ ողորմած»։ Այսօր էլ կարելի է լսել, որ ընտանիքի հիվանդ անդամի ցուցաբերած տոկունությունը շատ դեպքերում օգնել է մյուսներին դրական տեսակետ պահպանել։
13. Ի՞նչ համեմատություն չպետք է կատարենք, երբ մեր ընտանիքում ծանր հիվանդ կա։
13 Այն մարդիկ, ովքեր ընտանիքում ծանր հիվանդ են ունեցել, մեծ մասամբ համաձայնում են այն մտքին, որ սկզբում ընտանիքի անդամների համար դժվար է եղել իրականության հետ հաշտվել։ Նրանք նաև նշում են, որ անչափ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես է մարդ վերաբերվում ստեղծված իրավիճակին։ Սկզբում գուցե դժվար է փոփոխություն կամ բարելավում մտցնել ընտանիքի առօրյայի մեջ։ Սակայն եթե անհատը իրոք ջանքեր է գործադրում, ապա կարո՛ղ է համակերպվել նոր իրավիճակին։ Միևնույն ժամանակ կարևոր է նաև, որ մեր հանգամանքները չհամեմատենք այն մարդկանց պայմանների հետ, որոնց ընտանիքներում հիվանդ չկա, և չմտածենք, որ նրանց համար կյանքը ավելի հեշտ է, և որ «այս ամենն արդար չէ»։ Իրականում, ոչ ոք ստույգ չգիտի, թե ինչ բեռ է ընկած ուրիշների ուսերին։ Բոլոր քրիստոնյաների համար էլ մխիթարական են հնչում Հիսուսի խոսքերը. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ» (Մատթէոս 11։28)։
ՃԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴՆԵԼ
14. Ինչպե՞ս կարելի է ճիշտ առաջնահերթություններ դնել։
14 Եթե ընտանիքում որևէ մեկը ծանր հիվանդացել է, օգտակար կլինի հիշել սուրբ ոգով ներշնչված հետևյալ խոսքերը. «Դիտաւորութիւնները.... խորհրդականների շատութիւնովը հաստատվում են» (Առակաց 15։22)։ Կարո՞ղ է արդյոք ընտանիքը հավաքվել ու միասին քննարկել հիվանդության պատճառով առաջացած իրավիճակը։ Եթե այո, ապա դա տեղին է անել աղոթքով ու առաջնորդության համար Աստծո Խոսքին դիմելով (Սաղմոս 25։4)։ Ինչի՞ մասին կարելի է խոսել. հարկավոր է բուժմանը, ֆինանսական ծախսերին և ընտանիքին առնչվող տարբեր որոշումներ կայացնել։ Ո՞վ է զբաղվելու հիվանդի հիմնական խնամքով։ Ինչո՞վ կարող են օգնել մյուսները։ Ինչպե՞ս կանդրադառնան այդ նոր որոշումները ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա։ Ինչպե՞ս հոգալ հիմնական խնամք տանողի հոգևոր և այլ կարիքները։
15. Ինչպե՞ս է Եհովան աջակցում այն ընտանիքներին, որտեղ ծանր հիվանդ կա։
15 Եթե Եհովային աղոթքով դիմենք առաջնորդության համար, խորհրդածենք նրա Խոսքի շուրջ և համարձակորեն քայլենք այն ճանապարհով, որ մատնացույց է անում Աստվածաշունչը, ապա շատ հաճախ այնպիսի օրհնություններ կստանանք, որոնք վեր են մեր բոլոր սպասելիքներից։ Միշտ չէ, որ հնարավոր է լինում հաղթահարել հիվանդությունը։ Սակայն նման իրավիճակում լավագույն ելքը Եհովային ապավինելն է (Սաղմոս 55։22)։ Սաղմոսերգուն գրել է. «Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։ Իմ հոգսերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։18, 19; տե՛ս նաև Սաղմոս 63։6–8)։
ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
16, 17. Ինչի՞ն արժե ուշադրություն դարձնել, երբ փոքրիկ երեխաներին փորձում եք բացատրել իրենց եղբոր կամ քրոջ հիվանդության մասին։
16 Ընտանիքի անդամներից մեկի լուրջ հիվանդությունը մեծ դժվարություններ կարող է պատճառել այդ տանն ապրող երեխաներին։ Կարևոր է, որ ծնողները նրանց բացատրեն, թե ինչ նոր պահանջներ են առաջ եկել, և երեխաները ինչ կարող են անել նրանց օգնելու համար։ Եթե ընտանիքում հիվանդացել է երեխան, ապա մյուս երեխաներին պետք է օգնել հասկանալու, որ եթե իրենց հիվանդ եղբոր կամ քրոջ հանդեպ լրացուցիչ հոգատարություն է դրսևորվում ու խնամք է տարվում, դա դեռ չի նշանակում, որ իրենց ավելի քիչ են սիրում։ Պետք չէ թույլ տալ, որ երեխաների մեջ վիրավորվածության զգացում կամ մրցակցության ոգի զարգանա. փոխարենը՝ ծնողները կարող են օգնել, որ երեխաների միջև ամուր կապվածություն ու անկեղծ սեր հաստատվի հատկապես այն ժամանակ, երբ բոլորը միասին փորձում են դուրս գալ հիվանդության պատճառով ստեղծված դժվարին իրավիճակից։
17 Սովորաբար փոքրերն ավելի պատրաստակամորեն են արձագանքում, երբ ծնողները դիմում են նրանց զգացումներին, քան թե երբ բարդ ու երկար մեկնաբանություններ են տալիս բժշկական գործողությունների մասին։ Այնպես որ կարելի է նրանց ինչ–որ չափով բացատրել, որպեսզի պատկերացում կազմեն, թե ինչ է զգում հիվանդը։ Եվ եթե առողջ երեխաները տեսնեն, որ հիվանդության պատճառով իրենց եղբայրը կամ քույրը չի կարողանում անել շատ բաներ, որոնք իրենց համար դժվարություն չեն ներկայացնում, ապա ամենայն հավանականությամբ նրանք ավելի «եղբայրասէր» ու «բարեսիրտ» կլինեն (Ա Պետրոս 3։8)։
18. Ինչպե՞ս կարելի է ավելի մեծ տարիքի երեխաներին օգնել հասկանալու, թե ինչ խնդիրներ է իր հետ բերել հիվանդությունը, և ինչո՞ւմ կարող է դա նրանց համար օգտակար լինել։
18 Ավելի մեծ տարիքի երեխաներին պետք է օգնել հասկանալու, որ ընտանիքում բարդ իրավիճակ է ստեղծվել, և որ յուրաքանչյուրն իր հերթին պետք է որոշ զոհողությունների գնա։ Բուժման և դեղորայքի հետ կապված ծախսերի պատճառով ծնողները թերևս ի վիճակի չլինեն մնացած երեխաների համար գնումներ անել այնպես, ինչպես իրենք կցանկանային։ Արդյո՞ք նրանք կտրտնջան և իրենց զրկված կզգան, թե՞ կհասկանան իրավիճակի լրջությունը և պատրաստ կլինեն պետք եղած զոհողությունների գնալ։ Շատ բան կախված է այն բանից, թե ինչպե՛ս է խնդիրը քննարկվում, և թե ինչպիսի՛ մթնոլորտ է տիրում ընտանիքում։ Եվ իրոք, շատ դեպքերում տան անդամներից որևէ մեկի հիվանդությունը օգնել է, որ այդ ընտանիքներում երեխաները իրենց պահեն այնպես, ինչպես Պողոսն է խորհուրդ տալիս. «Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լաւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։ Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպպեցիս 2։3, 4, ԷԹ)։
ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԲՈՒԺՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ
19, 20. ա) Ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում ընտանիքի գլուխը, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը հիվանդանում է։ բ) Բժշկական ձեռնարկ չլինելով հանդերձ՝ ի՞նչ առումով է Աստվածաշունչը ուղեցույց հանդիսանում հիվանդության դեմ պայքարելու հարցում։
19 Հավասարակշռված քրիստոնյաները չեն առարկում, երբ խոսքն այնպիսի բուժման մասին է, որը չի խախտում Աստծո օրենքը։ Երբ ընտանիքում մեկը հիվանդանում է, քրիստոնյաները ջանում են որևէ ելք գտնել հիվանդի տառապանքները թեթևացնելու համար։ Այնուհանդերձ, բժիշկները երբեմն իրար հակասող կարծիքներ են հայտնում, որոնք հարկավոր է զգուշորեն կշռադատել։ Բացի այդ, վերջին տարիների ընթացքում անսպասելիորեն նոր հիվանդություններ և առողջական խնդիրներ են առաջ եկել, և դրանցից շատերի համար դեռևս չեն հայտնաբերվել բուժման համատարած մեթոդներ։ Երբեմն դժվար է լինում նույնիսկ ճիշտ ախտորոշում տալ։ Ինչպե՞ս վարվի քրիստոնյան այսպիսի դեպքերում։
20 Թեև Աստվածաշունչը գրողներից մեկը եղել է բժիշկ, իսկ Պողոս առաքյալը բժշկական տեսակետից օգտակար խորհուրդ է տվել իր բարեկամ Տիմոթեոսին, այնուհանդերձ Աստվածաշունչը մարդու բարոյական և հոգևոր կյանքի ուղեցույց է և ոչ թե բժշկական ձեռնարկ (Կողոսացիս 4։14; Ա Տիմոթէոս 5։23)։ Ուստի բուժման մեթոդների ընտրության հարցում քրիստոնյա ընտանիքներում տան գլուխը պետք է հավասարակշռված որոշում կայացնի։ Հնարավոր է՝ նրան չբավարարի միայն մեկ մասնագետի կարծիքը, և նա անհրաժեշտ համարի նաև մյուսների տեսակետն էլ իմանալ (համեմատի՛ր Առակաց 18։17)։ Ինչ խոսք, նա ցանկանում է լավագույն օգնությունը ցույց տալ իր ընտանիքի անդամին, և մեծամասնությունը նման դեպքերում դիմում է որակյալ մասնագետների։ Ոմանք, սակայն, նախընտրում են բուժման ոչ ավանդական մեթոդները։ Սա ևս անձնական ընտրության հարց է։ Իսկ առողջության հետ կապված խնդիրների լուծումները փնտրելիս Աստծո խոսքը չի դադարում ‘ճրագ լինել իրենց ոտներին, և լույս՝ իրենց ճանապարհին’ (Սաղմոս 119։105)։ Այդ քրիստոնյաները շարունակում են հետևել Աստվածաշնչի տված առաջնորդությանը (Եսայիա 55։8, 9)։ Դա է պատճառը, որ նրանք խուսափում են ախտորոշման այն ձևերից, որոնք կապված են ոգեհարցության հետ, հրաժարվում են բուժման այնպիսի մեթոդներից, որոնք խախտում են աստվածաշնչյան սկզբունքները (Սաղմոս 36։9; Գործք 15։28, 29; Յայտնութիւն 21։8)։
21, 22. Ինչպե՞ս է ասիացի մի կին խորհրդածել աստվածաշնչյան սկզբունքի շուրջ, և ինչո՞ւ է նրա կայացրած որոշումը իր պարագայում ճիշտ եղել։
21 Ահա մի դեպք, որը տեղի է ունեցել ասիացի մի կնոջ հետ։ Եհովայի վկաների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց կարճ ժամանակ անց այդ կինը վաղաժամ ծննդաբերում է և աղջիկ է ունենում՝ ընդամենը 1,470 գրամ քաշով։ Ի՜նչ մեծ ցավ են պատճառում նրան բժշկի այն խոսքերը, որ երեխան ապագայում խիստ թերզարգացած է լինելու և երբեք չի քայլելու։ Նա խորհուրդ տվեց այդ կնոջը երեխային հանձնել մանկատուն։ Իսկ ամուսինը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում՝ ինչպես վարվել։ Ո՞ւմ կարող էր դիմել այդ կինը օգնության համար։
22 «Աստվածաշնչից հիշում էի, որ «որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը»»,— պատմում է նա (Սաղմոս 127։3)։ Ուստի նա որոշեց այդ «ժառանգութիւնը» տանել տուն և հոգ տանել երեխայի մասին։ Սկզբում կյանքը, ինչ խոսք, հեշտ չէր, սակայն Եհովայի վկաների տեղի ժողովի իր քրիստոնյա ընկերների աջակցությամբ այդ կինը կարողացել էր երեխային հատուկ խնամքով ապահովել։ Տասներկու տարի անց երեխան արդեն հաճախում էր Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին և ուրախանում հասակակիցների հաճելի ընկերակցությամբ։ «Որքա՜ն երախտապարտ եմ, որ աստվածաշնչյան սկզբունքները օգնեցին ինձ ճիշտ որոշում կայացնել,— ասում է մայրը։— Աստվածաշունչն օգնեց ինձ մաքուր խիղճ ունենալ Եհովա Աստծո առջև և ազատեց ինձ ողջ կյանքումս խղճի խայթից ու զղջումից տառապելուց»։
23. Ի՞նչ մխիթարական խոսքեր է պարունակում Աստվածաշունչը հիվանդ մարդկանց, ինչպես նաև նրանց խնամողների համար։
23 Հիվանդությունները միշտ չէ, որ մեզ հետապնդելու են։ Եսայիա մարգարեն գրել է այն ժամանակի մասին, երբ ոչ ոք «չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Այս խոստումն իր կատարումն է ունենալու մոտալուտ նոր աշխարհում։ Սակայն մինչ այդ, ստիպված ենք հաշտվել հիվանդության ու մահվան գոյության հետ։ Ուրախ ենք, որ Աստծո Խոսքը մեզ առաջնորդություն և աջակցություն է ցույց տալիս։ Աստվածաշնչում սահմանված վարքի հիմնական չափանիշներն անփոփոխ են և անհամեմատ վեր են անկատար մարդկանց շարունակաբար փոփոխվող կարծիքներից։ Ահա թե ինչու իմաստություն դրսևորող անհատը համամիտ է սաղմոսերգուի խոսքերին. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին.... Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար.... նորանց պահպանութիւնումը շատ հատուցում կայ» (Սաղմոս 19։7, 9, 11)։