Պայքարի՛ր սխալ մտածելակերպի դեմ
ԵՐԲ նահապետ Հոբը վշտի մեջ էր, իր երեք ընկերները՝ Եղիփազը, Բաղդատը և Սոփարը, այցելեցին իրեն։ Նրանք եկել էին մխիթարելու և սփոփելու նրան (Յոբ 2։11)։ Այդ երեքից ամենաազդեցիկը ու թերևս տարիքով ամենամեծը Եղիփազն էր։ Նա առաջինն էր, որ սկսեց խոսել և ամենաշատ բաներն ասաց։ Իսկ ինչպիսի՞ մտածելակերպ դրսևորեց Եղիփազն իր երեք ելույթների ժամանակ։
Վերհիշելով, թե ինչպիսի արտառոց դեպք էր տեղի ունեցել իր հետ՝ Եղիփազն ասաց. «Առաջովս մի ոգի էլ անցաւ, մարմնիս մազերը քստմնեցան։ Նա կանգնեց, եւ ես չ’ճանաչեցի նորա կերպարանքը, մի երեւոյթ կար աչքիս առաջին, սօսափիւն եղաւ եւ ես մի ձայն լսեցի» (Յոբ 4։15, 16)։ Ի՞նչ ոգի էր ազդել Եղիփազի մտածելակերպի վրա։ Այս մտքերին հաջորդող քննադատական խոսքերի երանգը պարզորոշ ցույց է տալիս, որ այդ ոգին Աստծու արդար հրեշտակներից չէր (Յոբ 4։17, 18)։ Դա չար ոգեղեն արարած էր։ Այլապես ինչո՞ւ պետք է Եհովան սուտ խոսելու համար հանդիմաներ Եղիփազին և նրա երկու ընկերներին (Յոբ 42։7)։ Այո՛, Եղիփազը դևային ազդեցությամբ էր խոսում։ Նրա դատողությունները հոգևոր մտածելակերպ չէին արտահայտում։
Ի՞նչ կարելի է եզրակացնել Եղիփազի խոսքերից։ Ինչո՞ւ է այդքան կարևոր զգուշանալ սխալ մտածելակերպից։ Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել՝ պայքարելու սխալ մտածելակերպի դեմ։
«Նա իր ծառաներին չէ հաւատում»
Իր երեք ելույթներում Եղիփազը առաջ էր քաշում այն գաղափարը, թե Աստված այնքան պահանջկոտ է, որ ինչ էլ անեն իր ծառաները, իր համար ոչ մի նշանակություն չունի։ «Ահա, Նա իր ծառաներին չէ հաւատում,— ասաց Եղիփազը Հոբին,— եւ իր հրեշտակների վերայ պակասութիւն է գտնում» (Յոբ 4։18, ծնթ.)։ Այդ զրույցի ժամանակ Եղիփազն Աստծու մասին ավելացրեց. «Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին» (Յոբ 15։15)։ Հետո նա հարցրեց. «Ամենակարողին հաճութի՞ւն կ’լինի, եթէ արդար լինիս» (Յոբ 22։3)։ Բաղդադը նույնպես համաձայնվեց այս տեսակետի հետ, քանի որ ասաց. «Մինչեւ անգամ լուսինն էլ լուսաւոր չէ, եւ աստղերը մաքուր չեն նորա [Աստծու] աչքի առաջին» (Յոբ 25։5)։
Մենք պետք է զգուշանանք, որպեսզի չընկնենք այսպիսի մտածելակերպի ազդեցության տակ։ Այն կարող է մղել մեզ մտածելու, թե Աստված չափազանց շատ բան է պահանջում մեզանից։ Այսպիսի մտածելակերպը վնասում է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Դեռ ավելին, եթե չպայքարենք այսպիսի մտածելակերպի դեմ, ապա ինչպե՞ս կարձագանքենք, երբ տեղին խրատ ստանանք։ Մեզ տրված խորհուրդները համեստորեն ընդունելու փոխարեն՝ մեր սիրտը կարող է ‘տրտնջալ Եհովայի դեմ’, և գուցե ընդվզենք նրա դեմ (Առակաց 19։3)։ Որքա՜ն մեծ հոգևոր վնաս այն կարող է հասցնել մեզ։
«Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է»
Այն գաղափարը, թե Աստված չափազանց խստապահանջ է, կապված է այն մտքի հետ, թե նա մարդ արարածին անպիտան է համարում։ Եղիփազի երրորդ ելույթն իր մեջ հարց է պարունակում. «Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. այլ միայն իրան է օգտակար խելացին» (Յոբ 22։2)։ Եղիփազն ի նկատի ուներ, թե մարդը օգուտ չի կարող տալ Աստծուն։ Բաղդատը նույնպես առարկեց. «Ի՞նչպէս կ’արդարանայ մարդ Աստուծոյ մօտ, կամ ի՞նչ մաքուր կ’լինի կնկանից ծնուածը» (Յոբ 25։4)։ Ելնելով նման դատողություններից՝ ինչպե՞ս կարող էր Հոբը՝ այդ հասարակ մահկանացու մարդը, երբևէ համարձակվել ինքն իրեն արդար համարել Աստծու առաջ։
Այսօր որոշ մարդիկ հակված են իրենք իրենց նկատմամբ բացասական զգացումներ ունենալ։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ընտանեկան դաստիարակությունը, կյանքի ճնշումները դիմագրավելը, ռասայական կամ էթնիկական խտրականության զոհ դառնալը կարող են այդպիսի մտածելակերպի պատճառ լինել։ Բայց Սատանան և իր դևերը հաճույք են ստանում մարդկանց նվաստացնելուց։ Եթե նրանք կարողանան անհատի վրա այնպիսի ազդեցություն թողնել, որ վերջինս սկսի մտածել, թե ինչ բարի բան էլ անի, միևնույն է, ոչ մի նշանակություն չի ունենա Ամենակալ Աստծու համար, ապա այդ մարդը հեշտությամբ կարող է խոցելի դառնալ ու վհատության գիրկն ընկնել։ Ժամանակի ընթացքում այդպիսի անհատը կարող է շեղվել ճանապարհից և նույնիսկ հեռանալ կենդանի Աստծուց (Եբրայեցիս 2։1; 3։12)։
Ծերությունն ու առողջական խնդիրները նույնպես կարող են սահմանափակումներ դնել մեզ վրա։ Թագավորության ծառայության գործի մեջ մեր մասնակցությունը գուցե շատ փոքր թվա, համեմատած այն բանի հետ, թե ինչեր էինք մենք անում, երբ ավելի երիտասարդ էինք, ավելի առողջ և ավելի ուժեղ։ Որքա՜ն կարևոր է գիտակցել, որ Սատանան և իր դևերը ուզում են, որ մենք մտածենք, թե ինչ էլ անենք, չենք կարող Աստծուն գոհացնել։ Մենք պետք է պայքարենք նման մտածելակերպի դեմ։
Ինչպես պայքարել բացասական մտածելակերպի դեմ
Չնայած Սատանան այդքան տառապանք պատճառեց Հոբին, սակայն վերջինս ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը» (Յոբ 27։5)։ Քանի որ Հոբը սիրում էր Աստծուն, նա վճռել էր պահել իր անարատությունը՝ անկախ այն բանից, թե ինչ կպատահեր, և ոչինչ չէր կարող փոխել իր այդ վճիռը։ Սա կարևոր ազդակ է բացասական մտածելակերպի դեմ պայքար մղելու համար։ Մենք պետք է խորապես հասկանանք Աստծու սերը և անկեղծ գնահատանք զարգացնենք մեր մեջ։ Անհրաժեշտ է նաև խորացնել մեր սերը նրա նկատմամբ։ Դրան կարող ենք հասնել Աստծու Խոսքը կանոնավորաբար ընթերցելու և աղոթքի միջոցով սովորածի շուրջ խորհրդածելու շնորհիվ։
Օրինակ՝ Յովհաննէս 3։16–ում նշվում է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»։ Եհովան մարդկության հանդեպ խորը սեր է տածում, և դա է փաստում այն, թե ինչպես է նա պատմության ընթացքում վարվել մարդկանց հետ։ Անցյալում տեղի ունեցած դեպքերի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ մեծացնել մեր գնահատանքը Եհովայի հանդեպ և կխորացնի մեր սերը նրա նկատմամբ, ինչն էլ իր հերթին մեզ կմղի պայքարել սխալ կամ բացասական մտածելակերպի դեմ։
Ուշադրություն դարձնենք, օրինակ, թե Եհովան ինչպես վարվեց Աբրահամի հետ Սոդոմի և Գոմորի վերահաս կործանման ժամանակ։ Հարգելով Եհովայի դատելու իրավունքը՝ Աբրահամը ութ անգամ հարց տվեց նրան։ Եհովան ոչ մի վայրկյան զայրույթ կամ հիասթափություն չարտահայտեց։ Փոխարենը՝ իր պատասխաններով վստահեցրեց ու մխիթարեց Աբրահամին (Ծննդոց 18։22–33)։ Ավելի ուշ, երբ Աստված Սոդոմից փրկեց Ղովտին և նրա ընտանիքին, Ղովտը նախընտրեց փախչել մոտակա քաղաքը, ոչ թե սարերը։ Եհովան պատասխանեց. «Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չ’կործանեմ, որի համար խօսեցիր» (Ծննդոց 19։18–22)։ Արդյո՞ք այս փաստերից կարող ենք եզրակացնել, թե Եհովան խստապահանջ, անսիրալիր բռնապետ է։ Միանգամայն ո՛չ։ Դրանք ցույց են տալիս, թե նա՝ լինելով Գերիշխան, իրականում որքա՜ն սիրառատ, բարի, ողորմած և կարեկից անձնավորություն է։
Հին Իսրայելում ապրած Ահարոնի, Դավթի ու Մանասեի օրինակները ապացուցեցին, որ սխալ է այն կարծիքը, թե Աստված հանցանք փնտրող է, և ոչ ոք չի կարող հաճեցնել նրան։ Ահարոնը երեք լուրջ սխալներ գործեց։ Նա պատրաստեց ոսկե հորթը, Մովսեսին քննադատելու հարցում միացավ իր քրոջը՝ Մարիամին և Մերիբայում չփառաբանեց ու պատիվ չտվեց Աստծուն։ Այնուամենայնիվ, Եհովան նրա մեջ լավ հատկություններ տեսավ և թույլ տվեց, որ նա, որպես քահանայապետ մինչև մահ շարունակի իր ծառայությունը (Ելից 32։3, 4; Թուոց 12։1, 2; 20։9–13)։
Դավիթ թագավորն իր իշխանության ընթացքում լուրջ մեղքեր գործեց։ Օրինակ՝ նա շնություն արեց, դավադրություն կազմակերպեց անմեղ մի մարդու սպանության համար և անօրինական կերպով մարդահամար անցկացրեց։ Սակայն Եհովան տեսավ, որ Դավիթը զղջացել էր, և հավատարմորեն իրականացրեց Թագավորության ուխտը՝ թույլ տալով, որ նա մինչև իր մահը ծառայի որպես թագավոր (Բ Թագաւորաց 12։9; Ա Մնացորդաց 21։1–7)։
Հուդայի թագավոր Մանասեն զոհասեղան կառուցեց Բահաղի համար, իր որդուն անցկացրեց կրակի միջով, խորամուխ եղավ ոգեհարցության հետ կապված սովորությունների մեջ և տաճարի գավիթում կառուցեց կեղծ կրոնական զոհասեղաններ։ Այն բանից հետո, երբ նա անկեղծորեն զղջաց, Եհովան ներեց նրան, ազատեց գերությունից և վերադարձրեց իր թագավորական աթոռին (Բ Մնացորդաց 33։1–13)։ Արդյո՞ք Աստծու այս գործելակերպը ցույց է տալիս, թե նրան ոչ ոք չի կարող հաճեցնել։ Իհարկե ո՛չ։
Կեղծ մեղադրողն ինքն է մեղավոր
Մեզ չպետք է զարմացնի այն, որ Սատանան մարմնացումն է այն վատ հատկությունների, որոնք նա վերագրում է Եհովային։ Սատանան դաժան է և անգութ։ Սա հայտնի է դառնում անցյալում երեխաներին զոհաբերելու կեղծ կրոնական սովորությունից։ Ուխտադրուժ իսրայելացիները կրակով այրում էին իրենց որդիներին ու դուստրերին. մի բան, որ նույնիսկ Եհովայի մտքով չէր անցել (Երեմիա 7։31)։
Իրականում Սատանան է հանցանքներ փնտրողը, և ո՛չ թե Եհովան։ Յայտնութիւն 12։10–րդ համարից հստակ երևում է, որ Սատանան է իր «եղբայրների չարախօսը, որ չարախօսում էր նորանցից Աստուծոյ առաջին ցերեկ եւ գիշեր»։ Իսկ ինչ վերաբերում է Եհովային, սաղմոսերգուն գրել է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։ Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը» (Սաղմոս 130։3, 4)։
Երբ այլևս սխալ մտածելակերպ չի լինի
Պատկերացրեք, թե ինչպիսի՜ թեթևացում զգացին ոգեղեն արարածները, երբ Բանսարկու Սատանան և իր դևերը դուրս նետվեցին երկնքից (Յայտնութիւն 12։7–9)։ Այդ ժամանակվանից ի վեր չար ոգեղեն արարածները այլևս չեն կարողանում երկնքում որևէ ազդեցություն բանեցնել Եհովայի՝ հրեշտակներից բաղկացած ընտանիքի վրա (Դանիէլ 10։13)։
Մոտ ապագայում երկրի բնակիչները նույնպես կցնծան ուրախությունից։ Շուտով երկնքից իջնող հրեշտակը՝ անդունդի բանալիներն ու մեծ շղթան ձեռքին, կկապի Սատանային և իր դևերին ու կնետի անգործունեության անդունդը (Յայտնութիւն 20։1–3)։ Ինչպիսի՜ թեթևություն մենք կզգանք, երբ դա տեղի ունենա։
Սակայն մինչ այդ մենք պետք է պայքարենք սխալ մտածելակերպի դեմ։ Եթե հանկարծ նկատում ենք, որ այդպիսի սխալ կամ բացասական մտքեր են մտնում մեր ուղեղ, ապա անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ՝ կենտրոնացնելով մեր ուշադրությունը Եհովայի սիրո վրա։ Այդ ժամանակ ‘Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի մեր սրտերն ու միտքերը’ (Փիլիպպեցիս 4։6, 7)։
[նկար 26–րդ էջի վրա]
Հոբը պայքարեց բացասական մտածելակերպի դեմ
[նկար 28–րդ էջի վրա]
Ղովտը հասկացավ, որ Եհովան կարեկից Գերիշխան է